ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ - Երկսենյականոց բնակարան մտնելիս ամենուր խառնաշփոթ ես տեսնում: Տիկին Ժաննան տանը չէ, երեխաների խնամքով նրա երկրորդ ամուսնինն է զբաղվում: Նա առաջին անգամ հայտնվեց Արտաշատում Արցախյան պատերազմի ծանրությունն ուսերին: Երկրորդ անգամ արդեն նրա գրկում էր նորածին Աննան, որի հայրը, Ժաննայի խոսքերով, մոռացել էր նրա գոյության մասին: Այսօր նա 5 անչափահաս երեխաների հետ ապրում է իրեն երկու անգամ կացարան տված կնոջ՝ տիկին Եղսապետի տանը: Ժաննան ու նրա ընտանիքն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց ոչ մի կերպ չեն կարողանում լուծում տալ: Սահմանից այս կողմ էլ նրանց օրը լի է հոգսերով ու ապահով կյանքի մասին երազանքներով: