Պատառիկներ մեր փուչ կյանքից
Այնպես պատահեց, որ միաժամանակ իմ տեսադաշտն ընկան միմյանց հետ առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու հայ կանայք` Շուշանիկ Հախնազարյանն ու Եղիսաբեթ տատը: Նրանց` նույն օրը, նույն ժամին մահացած լինելու հանգամանքն էր երևի, որ ինձ հուշեց ճշտել ծննդյան տարեթվերը... Նույն թվին էին ծնվել` 1935-ին... նույն օրը` հունվարի 19-ին... Իսկ երբ հաջողվեց պարզել, որ նաև նույն ժամին են ծնվել, հետքրրությունս գրգռվեց... շարունակեցի պրպտումներս... Փորձեցի համադրել նրանց կյանքի որոշ ամսաթվեր ու տարեթվեր... Գրի առա միայն այն թվականներն ու օրերը, որոնց ճշգրտությունը կասկած չէր հարուցում...
Մտադիր եմ շարունակել այս խաղ հիշեցնող զբաղմունքը, գտնել ու կողք կողքի դնել նույն թվին, նույն ամսին, նույն օրը ծնված և մահացած ուրիշ հայ կանանց կենսագրական պատառիկները... Գուցե սա մի բան կտա մեր գրականությանը, պատմությանը, ազգի հոգեբանությանը... կերևա հետո...
2000 թվականի փետրվարի 9-ի առավոտյան Երևանի անվանի ներվապաթոլոգ Շուշանիկ Հախնազարյանը Լաս Վեգասի Venetia հյուրանոցի 47-րդ հարկի 332 սենյակի պատուհանից կամ ապակեպատ պատից (ինչպես որ կուզեք) նայում էր դուրս ու զարմանում, որ ահա իրեն՝ կյանքում միշտ անհաջողակին այսպիսի բախտ է վիճակվել, որ ահա ինքը նայում է տափաստաններում ծլած այս հռչակավոր քաղաքի վրա ծագող արևի վարդագույն լույսին՝ հանդիպակաց սարերի վրա և դրա արտացոլումը տեսնում Rio, Mirage, Cesars palace, Harrahs և տարօրինակ սնկերի պես կողք-կողքի բուսած այլ հյուրանոցների, նրանց գույնզգույն ապակիների մեջ:
Այն պահից, երբ ոտք դրեց այս շքեղափայլ քաղաքը, նրա մի աչքը ուզում էր նայել մի կողմ, մյուսը՝ ուրիշ` վերև - ներքև, ձախ - աջ: Թվում էր, թե բնությունն իրեն ոչ թե երկու, այլ բազմաթիվ աչքեր է տվել (այստեղ թերևս վաղ չի լինի նշել, որ Շ.Հ.-ն երդվյալ աթեիստ էր, և նրան ոչ թե Աստված էր երկու աչք տվել, այլ մայր բնությունը), բայց ինքն է այնքան անդյուրաթեք, ինչպես միշտ է եղել կյանքում, որ չի կարողանում ճիշտ ղեկավարել դրանց: Ի վերջո համաձայնեց, որ այս քաղաքը հենց հազարաչքանի մարդկանց համար է և մի տեսակ չի հանդուրժում, որ իր վրա նայես բնությունից քեզ տրված մի զույգ աչքով: Կոպերը իջան, հանգցրին Լաս Վեգասի անմար լույսերը... քնեց:
Համենայն դեպս անչափ ու անսահման գոհ ու շնորհակալ էր Վալենտինայից: Ուսանողության տարիներից էլ իր ուկրաինուհի մտերմուհին ու ինքը փրկօղակ էին մեկմեկու համար: Շուշանիկին հանիրավի՝ ծերության նկատառումով (ինքն ընդամենը 65 տարեկան էր), աշխատանքից ազատելու լուրն առնելուն պես, շտապել էր ամերիկյան դեսպանատան հարցազրույցին ներկայանալու համար 50 դոլլար ուղարկել, որից հետո ուղարկեց իր մոտ՝ Սան Դիեգո թռչելու տոմսը:
Բազում ուղևորությունների ընթացքում, Կալիֆոռնիական թերակղզու բոլոր հյուրանոցներում, մանր ու մեծ քաղաքների ռեստորաններում ու սրճարաններում, մեքենան վարելիս՝ խոսողը միայն Վալենտինան էր, իսկ Շուշանիկը, որ այդ ամենի դիմաց ոչինչ չէր գտնում պատմելու իր կյանքից, լսում էր համակ ուշադրությամբ, աշխատելով ոչ մի մանրուք բաց չթողնել, արձանագրել հիշողության մեջ, ինչպես ուսանող ժամանակ ամենայն բարեխղճությամբ դասախոսություններն էր գրի առնում Կիևի բժշկական ինստիտուտում, ինչպես լսում էր իր հիվանդ այցելուներին ու հիշում: Բոլորին՝ մոտ 200-ի, գիտեր անուն-ազգանունով, նրանց վերաբերող կենցաղայինից մինչև կենսագրական բոլոր մանրամասներով:
Աշխատանքային 40-ամյա անբասիր գործունեության և աշխատանքից ազատվելու առիթով կազմակերպված ցերեկույթից վերադարձավ պատվոգրերով, առողջապահության նախարարության մեդալով ու նաև իր ամբողջ քարտարանը տեղափոխեց տուն, քանի որ չէր կարելի առանց հսկողության թողնել տարիներով իրեն ապավինած մարդկանց: Մի տեսակ, կարծես նրանց առնում էր իր մեկսենյականոց բնակարանի հովանու տակ:
Ճաշեցին Mandelay bay հյուրանոցում, որտեղ Լենինի անգլուխ արձանն էր՝ բազմաթիվ թռչունների ծերտը վրան, հետո Վալենտինայի տված ժետոնները լցրեց խաղային ավտոմատների մեջ՝ առանց հասկանալու, թե որտեղից ինչ է շարժվում ու թափվում և ուր է անհետանում: Ոչինչ չշահեց և կրկնեց միլիոն անգամ ասած իր խոսքը. «ծպՉպջցփՍՈ ÿ»: Բայց Վալենտինան բանի տեղ չդրեց Շուշանիկի՝ ինքն իր վրա վաղ երիտասարդությունից դրած այս պիտակը ու այնքան ժետոններ տվեց՝ մինչև Շուշանիկը 200 դոլլար շահեց ու այնքան սիրեց Black Jack-ը, որ ուզեց էլի խաղալ, բայց վախեցավ: Վալենտինան թքած ուներ տանուլ տալու համար իր նախատեսած 1000 դոլլարի վրա, և խաղաց այնքան՝ մինչև Շուշանիկի շահածն էլ տանուլ տվեց: Որից հետո վերադարձան Venetia: Սկսեց նայել շուրջը՝ ծանոթ թվացող այս անծայր տարածություններն ընդգրկելու համար ջանք չխնայելով, բայց դժվարանում էր հասցնել: Միայն մի պահ աչքերը կենտրոնացան բարձր առաստաղի որմնանկարի` նետը դեպի ներքևում ճեմողները լարած ամուրներից մեկի պուպուլիկի վրա, որ եթե չիշիկ աներ, ուղիղ Շուշանիկի աչքի մեջ էր լցվելու: Խաժամուժի մեջ Շուշանիկը պատահաբար ցած գցեց ակնոցը, և իբր թե դրանից հետո ջարդվեց ակնոցի մի բռնակը: Վալենտինան ասաց. «իՈՉՑՐՈ ՍցտՌՎ վՏՉօպ»: Շուշանիկը չէր էլ կարող պատկերացնել, թե 15 տարի կոտրած պոչով ակնոցից հետո ինչ շքեղ ակնոց է սպասում իրեն վաղը:
***
Նույն այդ օրը` 2000-ի փետրվարի 9-ին, Լոս Անջելեսից իր աղջկա, փեսայի հետ Լաս Վեգաս էր ուղևորվում նաև Ելիզավետա, Եղիսաբեթ, Եղսո տատը: Նրա անուշ ժպիտը այս երկու տարիների ընթացքում երբեք չէր հեռանում դեմքից, որովհետև ժանգոտած ու ծակ տանիքով, բայց անձնական սեփականություն հանդիսացող կոնտեյներից, որտեղ անցկացրել էր իր կյանքի մայրամուտի տարիներից 10-ը, ցրտաշունչ ձմռանը՝ փետրվարի 9-ի առավոտյան, երբ հարևանը մոռացել էր իր համար հաց գնել, առանց նախաճաշելու ճամփա էր ընկել ու 20 ժամում հայտնվել այս ծաղկառատ, այս պայծառ, այս հացառատ քաղաքում՝ իր սիրառատ արյունակիցների գրկում: Արևիկը hay ccol-ից տուն գալուն պես, երկար իրանը տեղավորվում էր տատի գոգի մեջ ու սկսում հարցեր տալ իր մանկությունից: Տատը նորից ու նորից, ժպիտը դեմքից չպակասեցնելով, պատմում էր երկրաշարժի օրվա մանրամասները, թե ոնց էր ինքը երկրաշարժի պահին քայլում փողոցով. մի ձեռքով մեկ ամսեկան Արևիկին գրկած, մյուս ձեռքին՝ տոպրակով 10 շիշ կաթ: Նորից ու նորից զարմանում ու զարմացնում էր թոռնուհուն, թե ինչո՞ւ էր այդ օրը խելքին բրդել այդքան շատ կաթ գնել: «Երևի մտքիս կար մածուն մերել, քամել»,- եզրակացնում էր նա: Այդ 10 շիշ կաթը հետագա օրերին ոչ միայն Արևիկը, այլև Եղիսաբեթ տատի փրկած նորածին երկվորյակներն էին խմել, որոնց մանկական երկտեղանի սայլակը ինչ-որ հրաշքով հայտնվել էր հենց Եղսիկի ու Արևիկի կողքին. սրանց հորն ու մորը չկարողացան փրկել փլատակներից: Երկուսն էլ հիմա ապրում են Ադիս Աբեբայում` մի հարուստ եթովպուհու խնամակալության տակ: «Քեզի գցեցի կալասկի մեջ, հենց իդի ջուխտակների վրա ու վազա ինչքան օր ուժ կար ոտներուս մեջ, կալասկեն վազըցրի, մե կերպըմ պրծանք, շենքը ուղիղ վրեքս կբլիր, վազա էնքան, օր փոշի չկար, շուրջս պարզավ, հըմը հըլը բա~ն չէի հասկընա»: «Ես բախտավոր եմ,- եզրափակում էր Եղսիկը,- իմ մեծ տնեն ոչ մեկը չպակսավ, փա~ռք էն Զորավորին»: «Տա՛տ, մածուն կքամե՞ս»,- ասում էր Արևիկը:
Եղսիկը նայում էր դեպի Լաս Վեգաս տանող ճանապարհի երկու կողմերում անվերջ ձգվող չոլերին ու անուշ ժպտում.»Աշխարհում ամեն տեղ չոլեր էլ կան ծաղկող այգեստաններ էլ»:
***
2001-ի մարտի 23-ին սիրով ու կարոտով Շուշանիկին Ֆրանսիա հրավիրեց Անահիտը: Մանկության ընկերուհու հետ Փարիզում միասին քայլելու երիտասարդական տարիների երազանքներից մեկը իրականացնելուց հետո` միասին եկան Անահիտի՝ Մարսելի տունը: Իր գիտնական, հին ձեռագրերի անզուգական վերծանող ընկերուհուն օրվա ընթացքում Շուշանիկը տեսավ օծանելիքի խանութում՝ որպես վաճառողուհի աշխատելիս: Անկարելի է, որ սա լինի նրա ամենօրյա աշխատանքը,- եզրակացրեց Շուշանիկը և ստուգելուց հետո, որ երազի մեջ չէ, ինքն իրեն վստահեցրեց, որ սա Ֆրանսիայում իր ընկերուհու կատարած գործերից ամենաանկարևորն ու ամենաժամանակավորն է. ահա ուր որ է՝ ականատես կլինի այն բան ու գործին, հանուն ինչի նա թողեց իրեն վստահված ձեռագրերը չվերծանված:
***
Նույն 2001-ի նույն մարտի 23-ին Եղսիկը Եվպատորիայում էր՝ իր մեծ որդու ընտանիքի հետ: Անուշ ժպիտը դեմքին՝ հենց այն նույն պահին, որ Մարսելում ծովափի բացօթյա սրճարանում մարոկոցի Ահմադը՝ հայացքը ծովի վրա իջնող վերջալույսին շոյում էր Շուշանիկի ծունկը, Եղսիկը փորձում էր տրամաբանություն փնտրել այս ամենի մեջ, թե ոնց ինքը իր ծակ առաստաղով, բայց անձնական սեփականություն հանդիսացող կոնտեյներից բառացիորեն 5 ժամվա ընթացքում կտրեց, անցավ նախ՝ Երևանի օդանավակայան, ապա Սիմֆերոպոլ տանող ճանապարհը, որտեղ իրեն դիմավորեցին որդին ու երկու թոռները, իսկ հիմա արդեն, ահա որդու ամբողջապես ողջ-առողջ ընտանիքի հետ նստած՝ թեյ է խմում ու պատմում թոռներին երկրաշարժի օրվա մասին: Հիմա Եվան 20 տարեկան է, իսկ Արտոն՝ 23: Սրանք նույնպես, կարելի է ասել, Եղսիկի փրկածներն են: «Ես չիդեմ, թե ինչըղ հայտնվա ձեր դպրոցին քով. կալասկեն էլ ձեռիցս բաց չեմ թողե: Հասա, կալասկեն թողի, շիշըմ կաթն առա ու վազա, ես էլ չիդեմ, թե ընչի, չիդեմ, թե ուր: Մեկ մ՛ել տեսնիմ, ջահել տղա՛ըմ, բերեց, ուղիղ ոտներիս քով դրեց Եվայիս՝ ուշաթափված: Գիտեմ, թե մեռաձ ես, Եվա՛ ջան, ձա՛գ ջան, հըմը ծնկներուս խփելու վախտ չկար: Խելռած վազա էս տղու էդևից: Արտո՛ ջան, գիտես թե ո՞ւժ ունեի, օր քեզի ինքս պդի հանեի քարերու տըգեն: Մեկ մ՛էլ էն տեսա, օր մէ ուրիշ ջահելըմ քաշեքաշ բերե գը քեզի, Արտո ջան: Ինքը նվազ, ճլորած, դու, Արտո ջան, իրենեն ջանով: Էրկուսով մէ կերբըմ քեզի տարանք, պառկցուցինք քվորդ քով: Հըմի գիտեմ, թե երկուսդ էլ մեռած եք; Դու մի ըսե, ուշքերդ է անցե: Ես չիդեմ, թե ինչըղ հասկցա, օր սաղ եք: Կաթի շիշը, ընչի էր ձեռիս, չիդեմ, չեմ կըռնա ըսե: Շիշը բացի ու ջրի տեղ շաղ տվի մեկ մեկիդ, մեկ մյուսիդ էրեսին: Առաջ դու բացիր աչքերդ, Եվա ջան: Հըմի օր կհիշեմ, ծիծաղըս գուքա: Էրեսդ կաթոտ, լեզուդ հանեցիր ու լպստեցիր պռոշիդ կաթը: Գլուխդ վեր հանեցի ու սկսա խմցցնել կաթը: Ընբես կխմեիր օր, Եվա ջան: Հեդո Արտոս բաց էրավ մե աչքը, եդև՝ մյուսը, ու ըսպես կըսես.»Ծո տատ, դու հոս ի՞նչ կենես»: Հըբը՞, ձագ ջան, քեզի էլ կաթ խմեցուցի: Գիտցա թե՝ մեռած էիք, աչքիս առաջ սաղցաք, ձագ ջան, հըբը՞»: Ժպտում էր Եղսո տատը, ու բոլորը վստահ էին, որ տատը իրենցն է, էլ ուրիշ տեղ չունի գնալու այսուհետև: Բայց այդպես չէր...
***
2001-ի ապրիլի մեկին, երբ վերադարձավ Երևան, Շուշանիկը շատ բան էր հասկացել, շատ բան էլ չէր հասկացել Անահիտի վարած կյանքից, թեև ընկերուհին ոչ մի բան թաքցնելու միտում չուներ, ամեն ինչ ասում ու անում էր պարզորոշ: Երեկոյան ժամը 8-ից հետո նրա մարոկոցի ընկերը՝ Ահմադը, որ Անահիտի տարիքի երևի ուղիղ կեսն ուներ, գալիս էր տուն: Նրանք մի երկու ժամ առանձնանում էին ննջարանում: Շուշանիկի համար այդ երկու ժամը ամենատաժանելին էին: Այնտեղ երկու ժամ շարունակ խոսում, ավելի ճիշտ՝ արագախոսում էին ֆրանսերեն: Եթե երկու մարդ երկու ժամ շարունակ խոսում, խոսում ու չեն հագենում, ուրեմն միմյանց համար են ստեղծված: Ի~նչ նշանակություն կարող է ունենալ տարիքը, ազգությունը, հավատը: Երբ Անահիտն իմացավ Շուշանիկի դրական կարծիքը Ահմադի ու իր հարաբերությունների մասին, մի երկու օր կարծես թե սկսել էր Շուշանիկին ու Ահմադին մենակ թողնել, գնալ ուրիշ գործերով: Ահմադն էլ սկսել էր ազատորեն ձեռքը գցել Շուշանիկի մեջքով, շոյել պարանոցը: 66-ամյա Շուշանիկը պարզապես ունակ չէր հավատալու, որ իր հյուրընկալները կյանքը մի այլ կողմից դիտելու ու վայելելու հրավերք են կազմակերպել իր համար: Ահմադի հուժկու գրկից Շուշանիկը փախավ ջահելացած: Բայց համոզված էր, որ վիրավորված արժանապատվությունն է եռացնում իր վաղուց հանդարտության վարժված երակների արյունը: Ընկերուհին նրան մի կերպ գլխի գցեց, որ ինքը ոչ միայն խանդելու միտք չունի, այլև՝ ճիշտ հակառակը՝ ուրախ է ընկերուհուն ջահելացած տեսնելով: Նույնիսկ սիրտը բացեց ու ասաց, որ երկու օր առաջ, երբ երեքով՝ ինքը, Շուշանիկն ու Ահմադը նստած էին ծովափի սրճարանում, տեսել է իր նախկին սեր՝ իտալացի նավաստուն: Երևի հենց այդ պահին էր, որ Ահմադի ձեռքը սահում էր Շուշանիկի ազդրի վրայով, և Շուշանիկին մի պահ թվացել էր, թե ինքը մսից ու արյունից է: Զարմացել էր: «Հիմա այդ հասարակ նավաստու հե՞տ ես հանդիպում»,-հարցրել էր Շուշանիկը: «Քո կարծիքով պարտադի՞ր է, որ ծովակալ լինի»,-ասել էր Անահիտը: «Չե՞ս վախենում սպիդից»,- հարցը կուլ էր տվել Շուշանիկը ու դրանից հետո մի տեսակ զզվում էր Անահիտի ձեռքը բռնելուց:
***
Նույն 2001-ի ապրիլի 1-ին Եղիսաբեթը նորից Գյումրիում էր, իր ծակ տանիքով կոնտեյների դռան առաջ մի քիչ հող էր գտել, փորել էր ու ծաղիկ էր ցանում: Նայեց հեռվից պայուսակները գլխի վերևում ճոճող Նադյային ու Թորգոմին` հարևանուհու մեկը մեկից սիրուն երեխեքին, որ տուն հասնելուց քիչ հետո պետք է դաշնամուրի դասի գնային: Մայրը այս ժամին տանը չի լինում, աշխատում է: Նրանց կոնտեյներում դաշնամուրի տեղ չկա, նրանց դաշնամուրը դրված է Եղսիկի կոնտեյներում: Հիմա կմտնեն տուն, պայուսակները կգցեն, դպրոցական շորերը կփոխեն, կհագնեն օգնությունից ստացած նոր-նոր շորերն ու կգան Եղսիկի «տուն» պարապելու: Եղսիկը նրանց սոված չի թողնի, հատուկ նրանց համար բլիթներ է տապակել նավթավառի վրա: Հենց նրանք սկսում են հերթով տնկտնկացնել դաշնամուրը, Եղսիկը չի դիմանում ղալմաղալին, իր երեք գդալ սուրճն ու շաքարը դնում է անձեռոցիկի մեջ, գլուխն առնում, մտնում է Դոնարենց տուն...
***
2003 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ արդեն հիշողության կորուստներն ավելի հաճախակի ու ակներև էին, հարևանուհու նախաձեռնությամբ Շուշանիկին պառկեցրին նույն այն հիվանդանոցի սիրտ-անոթային բաժնում, որտեղ աշխատել էր 40 տարի: Հին գործընկերների ընդգծված հարգանքն ու ամեն գնով իր կյանքին սպառնացող վտանգը հեռացնելու ջանքերը թեև անկեղծ էին, բայց ինքը խիստ կասկած ուներ կյանքը շարունակելու իմաստի վերաբերյալ: Մշտապես, վայրկյան առ վայրկյան ուրիշներին նվիրված իր կյանքը՝ որպես մի չար կատակ, տրամադրել էին իրեն: Շուշանիկը չգիտեր, թե իր ինչի՞ն է պետք սեփական կյանքը: Սկսեց ուշադիր լսել նույն հիվանդասենյակում պառկած հիվանդ կանանց խնամող ազգականների զրույցները: Բնավորությա՞ն, թե՞ տարիների ընթացքում հիվանդության վերածված սովորության համաձայն, փորձում էր ուշադիր լսել ու հիշել տալոջը խնամելու համար երեք գիշեր նրա ոտների տակ կուչ եկած քնող կնոջ պատմության բոլոր մանրամասները: Նրան թվում էր, թե ամեն ինչ լսելուց հետո պարտավոր է ճիշտ գնահատական տալ նրա կյանքը դառնացնող բոլոր խնդիրներին և հարկ եղած նշանակումները կատարել: Այլապես ի՞նչն էր ստիպում նրան իր առջև այսպես բացվել: Շուշանիկին զարմացրեց այս կանանց կարևորությունն աշխարհում: Նրանցից ոչ մեկին չէին ուզում կորցնել, խնամում, պահում կերցնում էին, ռուս հարսը իր սկեսրոջից բացի Շուշանիկին էլ էր օգնում, ծածկում էր, իրեն էլ էին հարցուփորձ անում, բայց նա ոչ մի անգամ չասաց, թե ինքը հարյուրավոր մարդկանց է փրկել նյարդային այլևայլ հիվանդություններից, չէր էլ հիշում, եթե չհիշեցնեին համայցի ընթացքում ներս մտնող նախկին գործընկերները: Երբ նրանք մի քանի նախադասությամբ մեկը մյուսին կամ հիվանդներին ներկայացնում էին Շուշանիկի ով լինելը, նրա մեծ վաստակը, նա ուշադիր լսում էր ու հիանում այնպես, որպես թե այդ խոսքերը ոչ թե իրեն, այլ իր շատ սիրելի, իսկապես արժանավոր վաղեմի ընկերոջ մասին էին ասվում: Շուշանիկն այդ օրվանից սկսեց իր կյանքի մասին հարցուփորձ անողներին պատմել իր հռչակավոր բժիշկ, պրոֆեսոր հոր, իր հիանալի տնային տնտեսուհի մոր ուտելիքների, իր արխիվում աշխատող քրոջ, նրա երեխաների և իր բանաստեղծ զարմիկի մասին, ինչ որ հիշում էր: Երբ ուշքի եկավ, հասկացավ, որ բազում տարիներ իր նշանակումներին սրբորեն հետևող, իրեն հրաշագործ կախարդ համարող հիվանդները կամ մեռնում են մեկը մյուսի ետևից կամ նոր հրաշագործ կախարդների են հանձնել իրենց կյանքը: Սարսափեց: Բայց ինքը մեղավո՞ր էր, որ իրենից խլել ու ուրիշ կախարդների էին հանձնել նրանց: Իսկ այս միամիտներն էլ հավատացել էին: Գուցե այդ նոր կախարդների՞ն դիմի ու նրանց հանձնի տարիներով կազմած իր քարտարանները: Այդպես էլ արեց ու հանգստացավ: Մենք էլ, իհարկե, գլխի ընկանք, թե ոնց վարվեցին նոր կախարդները այդ դեղնած թղթի կտորտանքի հետ: Դրանից հետո Շուշանիկի՝ իր կյանքից ամեն ինչ կամ գոնե որևէ բան հիշելու ջանքերը գրեթե արդյունք չէին տալիս: Իսկ երբ հարցնում էին՝ երեխաներ ունի՞ , նա ոչ թե պատասխանում էր՝ ունեմ կամ չունեմ, այլ ասում էր.»Ես ոչ հայր ունեմ, ոչ մայր»: Հիվանդները ծիծաղում էին, կարծում էին՝ հումորով է ասում: Ինքն էլ էր ծիծաղում, թեև արդեն գլխի էր ընկել, որ սկսել է սխալ բաներ խոսել, որ ոչ միայն մտքերը հավաքել չի կարողանում, այլև մոռանում է թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն բառերը, որ հարմար են տվյալ իրադրությանը::
***
2003թ. հոկտեմբերի 6-ից Եղիսաբեթին Գյումրիում ավելի ու ավելի հաճախ էր այցելում Ապարանում ապրող նրա մյուս աղջիկը՝ Նելլին: Նելլին գալիս, փնթփնթում էր, որ մայրը աղջկա դրության մեջ չի մտնում, չի տեղափոխվում մոտը, որ ինքը ստիպված գործ ու բանից, տուն ու տեղից կտրվում, գալիս է էսքան ճանապարհը: Եղսոն ժպտում էր առեղծվածային իր ժպիտով, որ Նելլին միշտ որակում էր որպես խորամանակ ժպիտ. ոչ մի կերպ չէր հասկանում, թե մոր վարմունքի մեջ երբվանի՞ց ի հայտ եկավ խորամանկությունը, և ինչպես ամեն մի գյումրեցի, ինքն էլ խելքը չկտրածը վերագրում էր երկրաշարժին: Բայցևայնպես, ի՞նչ կարիք կա խորամանկելու հարազատ աղջկա հետ: Նելլին համոզված էր, թե մայրը իր հեռանալուն է սպասում, որ հենց ոտքը այս ծակ կոնտեյներից դուրս դնի, իր բերած, սառնարանում լիքը թխմածը, տեղնուտեղը բաժանի հարևաններին:
***
1965 թվականի նոյեմբերի 7-ին Շուշանիկը Պրագայից վերադարձավ Երևան: Նա ափսոսանքով էր թողնում Յարոսլավին: 5 տարի ապրել էր այդ շքեղ չեխ տղամարդու հետ: Լավ էր ապրել: Տղամարդը խելագարվում էր իր համար, պահում էր նրան երեխայի պես, կատարում էր բոլոր քմահաճույքները, բայց Շուշանիկը դրա համար չէր ստեղծված, նրան բնությունը, բայց ոչ թե՝ Աստված, ստեղծել էր ուրիշներին, միմիայն ուրիշներին ծառայելու համար: Ուրեմն նոյեմբերի 7-ին, նա արդեն տանն էր, ագահությամբ ուտում էր մոր պատրաստած տոլման, դիտում էր Մոսկվայից հեռարձակվող զորահանդեսը, պատասխանում էր ընկերուհիների բազում հեռախոսազանգերին, որոնք բոլորն էլ միաձայն ասում էին.»Դու գիժ ես, ո՞նց թողեցիր էդ տեսակ մարդուն, էդ տեսակ երկիրը: Չէ, դու գիժ ես»: Յարոսլավը համոզված հավատացյալ էր. բաժանվելու վերջին պահին ասել էր.»Աստված քեզ պահի»: Շուշանիկը քմծիծաղել էր. եթե բժշկությունը չլինի, Աստաված ոչինչ չի կարող անել այն հարյուրավոր մարդկանց համար, որ հիմա Երևանում սպասում են իր վերադարձին:
***
Նույն 1965-ի նոյեմբերի 7-ին Եղսիկը, օգտվելով տոնական օրվա ազատությունից, գնաց Լենինականի գերեզմանատուն, ծաղիկներ դնելու Եղիշի՝ իր ամուսնու շիրիմին, նորից ու նորից հանդիմանելու, թե ի՞նչ էր մտածում 4 երեխաներով իրեն մենակ թողնել, գնալուց առաջ: Հետո նայեց շուրջը, ինչպես միշտ էր արել, դեռ Եղիշի մեռնելուց էլ շատ առաջ, տեսավ՝ ոչ ոք չկա, հպարտ, ոչ մեկից իր կախում չունենալը շեշտող քայլերով գնաց ու առանձնացրած մի քանի ամենալավ ծաղիկները դրեց Հովսեփի շիրիմին: Հետո սկսեց հոնգուր-հոնգուր լացել իր կյանքի միակ սիրո համար.»Հեչ դարդ չենես,- հանգստացնում էր նա Հովսեփին,-ինձ ու քեզ ըդպես նամարդ ձևով բաժնող հերն ու մերդ պըդի գըտնին իրենցը,-ու արդեն քանիհարյուրերորդ անգամ՝ երազում, թե հարթմնի խոստանում էր,-Հեչ դարդ չենես, ես ու դու ընդեղ կըհանդըպինք»,- այս ասելիս՝ Եղիսաբեթը ներողամիտ նախատինքով ձեռքն ուղղում էր դեպի երկինք:
***
2005-ի հունվարին դեռ շատերը ՝ արվեստագետներ, ջահել լրագրողներ, գեղեցիկ ատամնաբույժուհիներ, ընտիր մտավորականներ, չէին նկատել Շուշանիկի հիշողության անկումները և նրան այցելելիս կամ նրան իրենց տուն հրավիրելիս, երկար, բարակ խոսում էին կյանքից, իրենց նոր ստեղծագործություններն էին ցույց տալիս, կարդում էին իրենց բանաստեղծությունները և հաճույք էին զգում լավ պահպանված, ամենայն գեղեցիկի սիրահար պառավ ազնվականուհու տեսադաշտն ընկնելով: Բայց շատ չանցած` բոլորն էլ հենց սկզբից էին հասկանում, որ նրա գնահատականներից ու ճշգրիտ դատողություններից իրենց ոչ մի օգուտ չկա: Նա ոչ մի ուժ չունի ազդեցիկ մարդկանց վրա, որոնց կարիքն էլ զգում էին... Շուշանիկն արդեն սկսեց իր պահարանի բոլոր թանկարժեք (իր կարծիքով թանկարժեք) շորերը բաժանել իր սրտին դուր եկող մարդկանց, քանի որ էլ ուրիշ ոչինչ չէր կարող անել նրանց համար: Մարդիկ քաղաքավարության համար ընդունում էին նվերները, հետո դրանց ձեռքը կրակն էին ընկնում: Եթե իմանար, որ իր ուսանողական տարիների ամենասքանչելի բոմբարխետից զգեստը ի վերջո ընկել է եզդի կաթնավաճառուհու ձեռքը, ու սա էլ ուրիշ կտորտանքի հետ համադրելով, դրանից մութաքաներ է կարել, որոնցից մեկի վրա գլուխը, մյուսի վրա ոտներն է դնում ընտանիքի ոչխարապահ գլխավորը, Շուշանիկն ամբողջ ձայնով կբողոքեր աշխարհի, բայց ոչ Աստծո այս աստիճան անարդարության դեմ:
Նրան հատուկենտ զանգող ընկերուհիներն էլ հիշողության զարմանալի անկումներ էին դրսևորում: Մինչև սկսեցին միմյանց հազիվ ճանաչել և այն էլ՝ հին հիշատակների անկապ, անժամանակ, անպետք հայտածումներով:
Նրան միակ լսողը, խնամողը, իր հետ խոսողը մնաց դրկից հարևանուհին, որին ինքը միշտ օգնել էր՝ որպես բժիշկ, որպես մարդ, բայց միշտ էլ վերևից էր նայել՝ որպես հասարակ, տգետ, անճաշակ մեկի: Հենց սա էլ հիանալի թիրախ դարձավ Շուշանիկի բոլոր չհասկացվածություններից, անպետքության զգացումից, կորուստներից անտեսանելիորեն կուտակված մաղձի համար: Շուշանիկի վրա հատկապես քայքայիչ ներգործություն էին ունենում նրա ու նրա քրոջ շատախոսությունները, հանաքները, մանավանդ կատաղում էր, երբ նրանք կատակում էին իրեն լողացնելուց, մազերը ներկելուց հետո, թե՝»Ըհը, հիմա արդեն քեզ մարդի ենք տալու»: Հիշողության ծալքերում պահպանված դեպքերի փշուրներով նա մեծ վիրավորանք էր ապրում , որ կյանքում իր ազնվազարմ շրջապատից ոչ ոքի չէր հաջողվել երկրորդ անգամ ամուսնացնել իրեն և այն էլ ի~նչ նշանավոր այրիների հետ, իսկ սրանք կատակի վերածելով, կասկածի տակ են դնում իր անդրդվելիությունը:
«Ի~նչ անեմ,- ասում էր բարի հարևանուհին,- ի~նչ կարըմ եմ, անըմ եմ, հագցընըմ, կերցընըմ, խմցընըմ, մեկ-մեկ տանըմ, ման եմ ածըմ, էլ ի՞նչ կարամ անեմ: Քվորս հետ գնըմ, ասըմ, խոսըմ, հանաքներ անըմ, ծածաղացնըմ ենք, որ չզգա իր մենակությունը: Էտե~նց հարգված, պատված կինը, ընչի մի երեխա չունենար, որ էս օրը չընկներ»:
Շուշանիկին երբեմն հուսահատության էր հասցնում իր բարի հարևանուհին: Նա դեմ չէր իր ծերությանը, իր որբությանը, իր մենակությանը, ուրիշներից կախվածությանն այնքան, որքան այն բանին, որ հենց ամեն նեղության մեջ իր մոտ վազող, միշտ իր խղճահարության առարկա այս մարդուց պետք է լիներ այսքան կախված:
«Սա ո՞վ է»,- մի անգամ հարցրեց հարևանուհին՝ ցույց տալով Յարոսլավի ու Շուշանիկի` պատից կախված միակ մեծադիր նկարը, թեև գիտեր: «Ի՞նչ հիմար հարցեր ես տալիս,- պատասխանեց Շուշանիկը,- ես ի՞նչ գիտեմ ով է: Քաղաքի կեսը իմ հիվանդներն էին, հո չե՞մ կարող բոլորին մեկ-մեկ հիշել»:
***
2005-ի հունվարին Եղիսաբեթի բոլոր 4 զավակները աշխարհի տարբեր ծայրերից համոզում էին նրան իրենց մոտ գնալ: Թոռները հեռախոսով խնդրում էին, պաչիկներ էին դրոշմում խոսափողին չփփոցով, որ տատիկը լսի: Եղսիկը լսում էր, լուռ, խորհրդավոր ժպիտով ժպտում ու ասում.»Չէ, ես իմ Եղիշիս քով եմ, իմ ըմեն մեռելներս հոս են: Չեմ կըռնա բացակայի»:
***
2005-ի մայիսի 26-ին ժամը 4-ին հարևանուհին Շուշանիկին տարավ իրենց գյուղ, որտեղ թութը ամենաշուտն էր հասնում: Բայց ազգականներին չասաց, որ իրենց հյուրը ճամփին արդեն մոռացել է, թե ինչի համար էին գալիս այստեղ, որ նորից ու նորից բացատրել է, թե այս հյուրընկալներից որը իրեն ինչ հարազատ է գալիս, անուններն էր ասել նորից ու նորից, թեև գիտեր, որ զուր է հարցնում, ճշտում, երբ հենց իր՝ մոտիկ հարևանուհու անունն էլ չէր հիշում, դրա փոխարեն ասում էր.»Էդը, էնը»:
Երբ ազգականները նրան մինչև թութ թափ տալը գառան մսի տաք խորոված հյուրասիրեցին, բարեբախտաբար միայն հարևանուհին անդրադարձավ, թե ախորժակով միսը կծելիս, ինչ էր հարցնում: «Սա ինչի՞ց է պատրաստված»,- հարցրեց նա միանգամայն լուրջ ու մեծապես հետաքրքրված, խոհուն դեմքով: «Գառան մսից»,- սրտագին արձագանքեցին գյուղացի պարզ մարդիկ: «Ես ուզում եմ ասել,- ավելի պարզաբանեց Շուշանիկը,- սրա ներսում ի՞նչ եք դրել,- նա ցույց էր տալիս մսի այն կտորը, որից արդեն կերել էր»: Այս նույն հարցը նա հարևանուհուն տալիս էր գաթա, տոլմա կամ բանան ուտելիս: Մեկը լիներ, միասին, առանց հիվանդի նկատմամբ չարության նշույլի, ծիծաղեին այս խոսքերի վրա, բայց հարևանուհին ոչ մեկին թույլ չէր տա առանց մարդու ամբողջ կյանքն ու նրա թանկագին անձն իմանալու, ծիծաղի առարկա դարձնել նրան: Հեշտությամբ կոծկեց առաջացող բոլոր թյուրիմացությունները:
Միայն մի բան եղավ այդ օրը, երբ արդեն մեկ ժամ էր մնացել վերադարձին, երբ Շուշանիկը կերել էր թութը ու մոռացել, որ կերել է, երբ վաղուց արդեն հավաքված էր խորովածի սեղանը, նրա սիրտը հանկարծ «էլի այն բանից» էր ուզել: Հարևանուհին իսկույն գլխի էր ընկել, որ նրա ուզածը ոչ թե զուգարանն է, դեպի ուր նրան թևանցուկ արած ուզում էր ուղեկցել տան ջահել հարսը, այլ խորովածի մի կտոր: Եվ հենց այդ կտորն էլ որոշեց Շուշանիկի մնացած կյանքի ողջ ընթացքը: Հարևանուհին հետո հազար անգամ ինքն իրեն նեղսրտեց, թե ինչու անհասկացող ձևանալու փոխարեն, վազեց-բերեց խորովածի սառած կտորն ու ասաց.»Շուտ կերեք, որ գնալու ենք. ավտոբուսից չուշանանք»:
Այստեղ երկու կտոր եղավ Շուշանիկի հրաշալի կեղծատամի վերին շարքը: Շուշանիկը նայեց շուրջը, ծաղկած-կանաչած այգուն և չասաց իր սիրած բառերը.»Էհ, ես Ձախորդ Փանոսն եմ»,- այլ հիշեց իր ատամնաբույժին ու մխիթարեց հարևանուհուն.»Ոչինչ, վաղը կգնանք, ըըըը»: «Արտյոմի մոտ»,- հիշեցրեց հարևանուհին: «Արտյոմի մոտ»,- կրկնեց Շուշանիկը, ու նրանք գոհ, ուրախ սրտով վերադարձան տուն:
***
Նույն այդ օրը հերթական անգամ Նելլիի՝ իր մոտ Ապարան տեղափոխվելու աղաչանքը մերժելուց, նրան մինչև ավտոկայան ճանապարհելուց, Նադյային ու Թորգոմին դաշնամուրի դասից հետո լավ, համեղ կերակրելուց հետո, Եղսոն գնաց գերեզմանատուն, վառեց մոմերը նախ Եղիշի գերեզմանին, ապա այսքան տարիների մեջ առաջին անգամ առանց շուրջը նայելու, առանց նկատվելու վախի նշույլի, մոտեցավ, փլվեց Հովսեփի շիրիմի վրա, բաց թողեց երկա~ր, ճերմակած մազերը, լացեց ու խոստացավ.»Հեչ դարդ չենես, ես Գյումրուց տեղ էրթըցողը չեմ, հենց որ օրերս վերջանան, կուգամ, քովըդ կպառգիմ»: Հետո մի անգամ էլ նայեց Եղիշի կողմը, համեմատեց նրա ու Հովսեփի վրա իր փողերով կանգնեցրած քարերը, որ արտաքուստ հար և նման էին մեկմեկու, խորամանկ ժպիտն ինքն իրեն հայտածվեց երեսին: Իր համար տեղադրած փոքրիկ շիրմաքարը ոչ թե Եղիշի, այլ Հովսեփի կողքին էր, վրան գրված՝ «Իմ մի հատիկ, պստիկ սիրտս ո~նց հերիքեց աշխարհքին ու քեզ»: Գնաց դեպի տուն:
Այդ օրը ոտները մի տեսակ ծանր էին քաշում:
Իսկ քարագործ վարպետը կարիք չուներ Եղսոյի գաղտնիքն իր հետ էն աշխարհ տանելու համար երդվելու, քանի որ սրանից էլ ավելի մեծ գաղտնիքներ գիտեր իր տաշած քարերի ու նրանց տակ հանգչողների մասին:
***
2005-ի մայիսի 27-ին հարևանուհին չկարողացավ Շուշանիկին տանել Արտյոմի մոտ, 28-ին էլ չկարողացավ, իսկ 29-ին ատամնաբուժարանում Արտյոմի փոխարեն Արշակ անունով մի շեկ, կապուտաչ, բարձրահասակ երիտասարդ էր աշխատում: Արշակը շատ սիրալիր էր Շուշանիկի հանդեպ: Երկրորդ անգամից հետո Շուշանիկը առանց հարևանուհու էր գտնում Արշակի մոտ տանող ճանապարհները: Այդ օրերին հարևանուհին հասցրեց ավարտել իր բուրդ լվալու գործը, ու չէր հավատում, թե թեթևացել է Շուշանիկի հանդեպ ստանձնած իր պարտականության բեռը: Այդ և հաջորդ օրերին Արշակը կպցրեց
Շուշանիկի կեղծատամը, բուժեց 1- 2 ատամ, որոնք նրան էլ գրեթե պետք չէին գալու: Բուժումն ավարտվեց, հարևանուհին վճարեց Շուշանիկի երկու ամսվա թոշակը: Բայց Շուշանիկի այցելությունները դեռ շարունակվում էին: Նա որպես շնորհակալության նշան դեռ պետք է գնար Արշակի մոտ: Հարկ էր համարել մի անգամ էլ Արշակի մոտ գնալ շոկոլադե կոնֆետների տուփով, հետո իմացավ , որ շատ մոտ է նրա ծննդյան օրը: Իր հորից մնացած մի շատ թանկարժեք փողկապ հարյուր անգամ պես-պես բաներ մտածելուց հետո, դրեց մի տուփի մեջ, որի վրա սիրունիկ մերկ մի երեխա էր պատկերված. հենց այդ նկարի համար էլ վաղուց պահել էր դարակում: Հետո սկսեց իր բոլոր ընկերուհիներին զանգել ու հարցնել, թե ատամները չե՞ն ցավում: Բոլորին համոզեց, տարավ Արշակի մոտ, և բոլորն էլ շատ կարևոր էին համարում այցելություններին իր այնտեղ՝ ընկերուհիների կողքին ներկա գտնվելը: Իսկ ինքը նստում էր քիչ այն կողմ, որ հմայված հետևի Արշակի աշխատելու ընթացքին:
***
2005-ի մայիսի 29-ին, երբ Նելլիին հայտնել էին, որ մորը գտել են գերեզմանոցում՝ ինքն իր համար պատրաստած քարի կողքին, մի անհայտ մարդու մահարձանի առաջ անգիտակից պառկած, աղջիկը վերջապես նրան այդպես անգիտակից-անգիտակից տեղափոխեց Ապարան:
Եղսոն կիսով չափ գիտակցության եկավ, բայց չիմացավ ու չուզեց իմանալ, որ ոչ թե Գյումրիում է, այլ Ապարանում, քանի որ իրականում իր ամբողջ գոյությամբ Գյումրիում էր, իր ծակ առաստաղով կոնտեյներում՝ աչքը հին գերեզմանատան կողմը:
***
2005-ի հուլիսի 1-ին, երբ Շուշանիկի բոլոր ընկերուհիների բոլոր ատամներն արդեն բուժված էին, Շուշանիկը չգիտեր, թե էլ ինչ հորինի, որ գնա Արշակի մոտ, հանկարծ պարզվեց, որ ներքին ծնոտի ամենահետին խորշում վաղուց փչացել, մնացել է իմաստության ատամը: Հարևանուհուն խնդրեց, որ ներկի մազերը, երկար մտածեց, թե իր թանկարժեք շորերից որն է հագնելու, և թե ինչ պայուսակ է վերցնելու հետը: Ժամերով փնտրեց մի սպիտակ պայուսակ, չգտավ: Խեթ նայեց հարևանուհու վրա, կասկածեց՝ նա՞ է վերցրել իր սիրած սպիտակ պայուսակը, թե՞ սոցապ գրասենյակից ուղարկված աղջիկը, որ շաբաթը մեկ մաքրում է տունը: Հարևանուհին վաղուց արդեն որոշել էր թեկուզև մտքի մեջ չնեղանալ իր բացառիկ նվիրվածության դիմաց անշնորհակալություն տեսնելով. շատ հեռու էր դրանից: Բախտի բերմամբ հիշեց, թե որ ընկերուհուն ու երբ էր Շուշանիկը նվիրել այդ պայուսակը, զանգեցին, ընկերուհին տաքսի նստեց, բերեց պայուսակը՝ խիստ նեղացած:
***
2005-ի հուլիսի սկզբին Եղսոն Նելլիին շփոթում էր բժշկուհու հետ, Ամերիկայից ժամանած աղջկան ու թոռնիկին չէր տարբերում Եվպատորիայից տատին վերջին հրաժեշտը տալու համար ժամանած հարսից ու թոռնուհուց: Տեսնում էր դեռ՝ շրջապատված է բոլոր այն մարդկանց սիրով, որոնք ինչ-որ պատճառով և՛ շտապում են վերադառնալ իրենց գործերին, տուն ու տեղին և՛ չեն շտապում իրեն թաղել Հովսեփի կողքին:
***
Եվ ահա, երբ հուլիսի 6-ին Շուշանիկը ցնծագին տրամադրության մեջ, փոքրիկ աղջկա վերագտնված թեթևությամբ սլացավ Արշակի մոտ, պարզվեց, որ այդ օրը ոչ թե Արշակի, այլ Արտյոմի հերթապահության օրն է: Շուշանիկը տեղնուտեղը կորցրեց խոսելու վերջին ունակությունը: Նա կաթվածահար փլվեց ատամնաբույժի բազմոցին: Բայց դեռ մի քանի օր էլ ուներ ապրելու և հավաքելու ուժերը, որ մեկ հատիկ անգամ հարևանուհու ականջին շշնջար «Արշակ» անունը:
Հարևանուհին առանց ժամանակ կորցնելու գտավ Արշակին, բերեց, կանգնեցրեց Շուշանիկի մահճակալի մոտ: Շուշանիկը ձեռքը մեկնեց Արշակին: Արշակը երկու ափերի մեջ առավ Շուշանիկի ձեռքը, և երանելի ժպիտը ողողեց մեռնողի դեմքը:
Նրա հոգին առնելու եկած հրեշտակին շատ բան հուշեցին հարևանուհու շփոթահար դեմքը, Արշակի տարակուսած հայացքն ու Շուշանիկի ժպիտը, այնպես որ որոշեց չչարչարել նրան իր անհավատության համար, ավելին՝ չզեկուցել այդ մասին ուր որ հարկն է... Քանի որ ուզեր թե չուզեր Աստծո ստեղծած այս էակն ընդունելու էր Գոյարարին...
***
Նույն օրը նույն ժամին Ելիզավետա, Եղիսաբեթ, Եղսիկի ետևից եկավ նրա անձնական հրեշտակը, նրան ջահելացած, սիրունացած( քանի որ Հովսեփը շատ ջահել էր, երբ մեռավ նրա դարդից), հանձնեց Հովսեփին, ճանապարհի այն հատվածում, որտեղ տղան մի քարի նստած՝ համբերությամբ սպասել էր... Վեր կացավ, ձեռք-ձեռքի տվին, քայլեցին առաջ...