Harutin » 28 июл 2011, 18:32
(վերջին գլուխ)
Հեռախոսիս ասացի՝
ի՞նչ է գրել։
Չպատասխանեց։
Չեմ կարդա։
Հեռու ինձնից։
Ի՞նչ է գրել։
Մութ է, ոչինչ չի երևում։
Քաղաքում։
Ջուր, գետ, գետաջուր։
Գետում, ջրում, ուղիղ քաղաքի կենտրոնում
ձկնորսություն։
Եկեղեցի։
Կանգնել եմ կենտրոնում՝ ձեռքերս վեր։
- Աաաաաաաաա։
Ականջներիս մեջ՝
աաաաաաաաաա,
ու վեր եմ նայում։
Օրորվում։
Ինչ-որ բան եմ ասես փնտրում այդպիսով։
Պաչիկների կամրջից օդային պաչիկներ ուղարկում ամենքին։
Ջհանդամը այս ամենը։
Վերադարձ։
Ուրախ մեղեդի,
շատ ուրախ։
- Գետի աջ կողմում իրենց դղյակները կառուցեցին…
Զուգահեռ՝
- Լեռան ստորոտին իրենց խրճիթը կառուցեցին…
- Արքաները։
- Տատս ու պապս։
- Հարուստ արվեստագետներ…
- Ե՞ս…
- Իրենց սիրեկանների…
- Իրենց հորթերի ու ձիերի…
- Իրենց բարեկամների…
- Հավերի ու շների…
- Համար։
- Համար։
Հստակ պատասխան բացառապես մթնշաղոտ հարցերի։ Գրել այն, ինչ իրապես տեղի է ունենում փողոցում։ Անձրևը մանրանում է։ Ժամը երեքից հետո մութն սկսում է տարածվել։ Ժամը հինգին մութ է։ Առավոտյան իննին լուսանում է։ Գնալ շուկա, անցնել փողոցն ու թարմ օդից պտտվել, պտտվել, շրջվել ու տեսնել միայն անծանոթ դեմքեր։
Կռացավ ու համբուրեց հողը։ Օտարությունը քունքը խուտուտ է տալիս։ Հանիր շապիկդ, հանիր ամեն ինչ։ Վերջ երազներին։ Որդնել են, թու։ Յախկ։ Բառն է խրտնել, հասիր նրան։ Իսկ հնդկական երգերը՝ պարզ ու երկինքոտ։ Տուր ձեռքդ, թող համբուրեմ։ Բաժակոտ ու կեղտոտ սեղանից վերցրու քո բաժինն ու մի տրտնջա։ Հացը։ Միշտ քո երեխան քեզնից լավն է, եթե անգամ վատն է, միևնույն է, նա քեզանից լավն է, նա միշտ քեզ գերազանցում է։ Միշտ դու քեզ գերազանցում ես։ Վազանցիր ինքդ քեզ։
Երկուշաբթի լուռ է։
Երեքշաբթի լուռ է։
Չորեքշաբթի լուռ է։
Հինգշաբթի լուռ է։
Ուրբաթ լուռ է։
Շաբաթ, կիրակի լուռ է։
Ձայն չկա, ամիս ամսաթիվ չկա։
Ու այս քաքը կյանքն է՝ բառոտ ու երազոտ։
Մենք միասին լռում ենք։
Ամեն ինչ քո հորինածն է։ Հրամցրու տեքստն ամենքին։
Հրամցրու տեքստը։
Իդեալական,
իդեալական,
իդեալական մարմնաձևություն։
Երակազարդ ու ներվային ջիղ։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ սիրում ես։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ չես սիրում, ես քեզ լավ եմ անում, որ սիրում եմ։ Խանդի տեսարաններ, որ նա պաշտում է։
Ծխախոտի ծուխը նստում է մազերիս։ Ծուլոտ մտնում անկողին, քամակը տնկում ինձ։ Ես խնդմնդում եմ, արձակում վարսերս։
Մեծանալ, մեծանալ, ցեցանալ։
Պատն անթափանց անոթի է նմանվում։
Այսօրվանից նոր շրթներկ ու նոր կյանք։ Կանացի ամենաճշգրիտ գիտությունը՝ շրթներկ։
Մահ իմացյալ չիմացություն, աննորմալ կերակուր, չմարսում։
Ես ուզում եմ տեսնել նրան կենցաղում, տանը, տեսնել նրան աշխատավայրում։ Շոշափել նրա ակնոցը, վերցնել դրանց փոշին, կեղտոտ նասկիներից հոտ քաշել, նետել դրանք լվալու։
Ինչի՞ ես քո մասին հիշում եմ,
թանկագինս,
ինչի՞ քնքշանքով եմ տալիս անունդ,
թանկագինս,
քո մասին լռում եմ,
տեսնում ու ծիծաղում քեզ,
թանկագինս,
թարթիչներով փակում քեզ,
թանկագինս,
քեզ լարում եմ,
հետո ջարդում եմ քեզ,
թանկագինս,
քսմսվում ես ոտքերիս,
բացում եմ աղբամանն
ու քեզ նետում այնտեղ,
թանկագինս,
աղմկեցնում քեզ,
քո մասին հիշում,
երկմտում ու լռում,
թանկագինս,
քեզ հետ ինչ-որ բան կարգին չէ՞,
քեզ հետ ինչ-որ բան այն չէ՞,
դու տաքությո՞ւն ունես,
դու է՞շ ես,
թանկագինս,
ցնդա՞ծ,
հարբա՞ծ,
ե՞րբ պիտի տեսնեմ քեզ, թանկագինս,
գտնեմ ու կորցնեմ քեզ,
գտնեմ ու կորցնեմ քեզ,
գտնեմ ու կորցնեմ քեզ…
Արի սեր խաղանք,
դու կհագցնես իմ կոշիկները,
ես իմ այրող աչքերով կնայեմ քեզ,
արի սեր խաղանք,
լողանք գետն ի վար,
գետն ի վեր,
ժպտանք իրար,
ես տորթ կթխեմ,
դու կարձակես իմ գոգնոցը,
արի, դե արի սեր խաղանք,
ես նայեմ քո այրող աչքերին,
որովհետև տորթը դու ես,
արձակ գրելը դու ես,
գետն ի վար, գետն ի վերը դու ես,
հետո տեսնենք մեր բալիկի
փսլնքոտ մռութն ու ժպտանք նրան։
Արի ծեծենք իրար,
արի բառախաղանք, ու ես ուտեմ քեզ,
թանկագինս…
պատմությունները հաջորդում են իրար,
ու ես հոնորար եմ ստանում,
թանկագինս։
Վայրկյան առ վայրկյան,
ժամ առ ժամ
զգում եմ մոտենալդ։
Գնա, սերս,
արի, սերս,
նա գլուխը հենում է պատին,
ցցում ատամներն ու ծիծաղում.
նրան չհաջողվեց իմ սերը լինել,
կրծում եմ շուրթերս ու
ըմբոշխնում նրանցից ցայտող արյունը։
Ներիր ինձ, իմ քաղաք,
ներիր անհավատիս,
բաց թող ինձ,
ես քեզ սիրում եմ։
Պետք է ուղղակի և կտրուկ հեռանալ,
դուռը…
Տեսնում եմ անթափանց աչքերդ,
ավելի հաճախ ես հայտնվում,
քսանչորս կադր վայրկյանում,
այսպես, շարունակվում են դեպքերը,
ու ես հոնորար եմ ստանում,
թանկագինս,
կարևոր շատ բաներ կան,
պիտի գնամ …
կարոտել եմ։
