ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Apple после Тима Кука: Джон Тернус возглавит компанию, обещая новую эруМалхас Амоян поборется за свою 5-ю золотую медаль чемпионата ЕвропыВенеции угрожает затопление: ученые предлагают перенести городВэнс отправится в Пакистан для переговоров с Ираном: Трамп обвиняет Тегеран в несоблюдении договоренностейОкеан превращается в катализатор глобального потепления: обнаружена новая угроза«Майкл»: Биографический фильм о Короле поп-музыки выходит с серьезными изменениямиИранский конфликт увеличивает инфляционные риски для АрменииЛевон Зурабян: Армении нужен доступ к портам Индийского океана через одну странуВодители «Ереван Автобус» угрожают уволиться из-за невыносимых условий труда
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 7
• Страница 1 из 1
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Հարահոս
Ավարտեց վերջին էջը, փակեց գիրքն ու հաստատեց.ՙԱյլևս գրիչ չեմ վերցնի ձեռքս: Վե՜րջ: Ի՞նչ իմաստ ունի գրելը, թե իմացության նոր խորքեր չպիտի բացի, ճանաչողության նոր շերտեր չթափանցի, չպիտի տանի դեպի գոյի սահմանները, ինչպես նա’ է կարողացել անել դա... Թե չէ՝ կինը ցավ զգաց հոգու խորքում կամ ձյունը ծածկեց փողոցի մայթերը... Ի՛նչ հասարակաբանություն... Եվ առհասարակ, ինչու՞ են գրում գրողները, թե տիեզերքի խորքերը չեն բացահայտելու, թե վերին ոլորտները չեն հասնելու, գոնե մոտենալու... Ստացվում է ի՞նչ՝ արտանկա՞ր, գրել այն, ինչը որ արդեն կա՞, գոյություն ունի, կրկնել ու արտատպել եղածը, ապա բարձրագոչել, թե կյա՛նքն ենք պատկերում... Ինչպիսի՛ զուր տքնանք. այն առանց այդ էլ պատկերվում է ամեն րոպե, ամեն վայրկյան, մեր աչքերում ու մեր շուրջ: Թե կա մի բան, որ շարունակաբար գոյություն ունի տիեզերքի հարահոսում, հենց կյանքն է... Իսկ նրան հաջողվել է անել այդ: Նա ունակ է ընդգրկելու վիթխարածավալ տիրույթներ, բնակեցնել այդ ամենը սեփական հոգում, անցկացնել իր միջով ու հայացքը պահել տիեզերքի վրա: Դա հրաշալի է, կատարելություն է, բոլորովին այլ թռիչք է, այլ մակարդակ ու ոլորտ է ներառում... Նման ընդգրկումների ու չափումների առջև քեզ զգում ես մի հյուլե, մի կետիկ, գիտակցում մարդ լինելու փոքրությունը: Նրան տրված է ի վերուստ, նա մեկն է հազարներից և հենց այդ մեկն էլ ուրեմն թող լինի գրողը կամ բանաստեղծը... Ու՞մ է պետք գրելը, թե չպիտի շոշափի անիմանալին, անսահմանի հեռաստանները չպիտի մոտեցնի, չմեկնի գոյի իմաստը: Բայց ի՞նչ է առհասարակ գոյը, ո՞րն է նրա իմաստը՝ նյութեղեն, թե աննյութ՚...
Ուղեղն ասես բորբոքվում էր՝ մտքերը վերածելով տենդի ու ինքնայրման: Նա տանջվում էր ու սպառվում՝ մոլորվելով անընդգրկելիի սահմաններում: Մտքերը ձգտում էին անցնել կարելիության սահմանները՝ լափելով սեփական հոգու բնակության սահմանված եզրերը...
ՙԲայց ո՞վ է որոշել կարելիության սահմանները: Որտե՞ղ է սկիզբը, որտեղ՝ վերջը: Արարչությունը չի նախանշել սահմանումներ: Հավերժությունը իշխում է ամեն ինչի վրա, անգամ հարափոփոխության մեջ: Ողջ տիեզերքն է հավերժություն շնչում: Ծնունդն ու վախճանն էլ նույնանում են անսահմանի մեջ: Ամեն ինչ ծնունդ է մի մեծ ընդհանրության ու ավարտվում, նույնանում է այդ նույն ընդհանրության մեջ: Բայց որտե՞ղ են այդ ընդհանրության եզրերը: Որտե՞ղ են դրանք հատվում մարդկային մտքի սահմանների հետ... Ոչի’նչ է գրողը, թե չպիտի ունենա իր սեփական հայտնությունները անսահմանի տիրույթներում, թե չպիտի առնի երկրագունդն իր ողջ շնչով, թե իր ներհայեցող մտքի ուժգնությամբ չպիտի շոշափի արարչության հիմքերը ու մեկնի դրանք՚...
Ողջ գիշերն անցավ տարածության ու ժամանակի չափումների ճիգերով ու որոնումներով: Տանջված ու հոգնաբեկ՝ գլուխը հակել էր սեփական մտքերի վրա՝ մատնելով դրանք քաոսի ու նիրհի տիրույթներին՝ որպես ավար... Այլևս ուժասպառ էր եղել: Այլևս հալածվել էր տիեզերքի անվերջի մեջ սեփական մտքի ոգորումերից ու բախումներից: Միտքն արդեն մարմրում էր մթի ու այգի միջև: Շուտով լույսը բացվելու էր:
...Լուսաբացն ավետող առաջին շողերը սահեցին դեմքի վրայով: Ծանրությունից կաղապարված աչքերը բացվեցին, գլուխը բարձրացրեց: Քնե՞լ էր արդյոք, չգիտեր: Սենյակ թափանցող լույսը արթնություն էր խոստանում: Հանկարծ աչքն ընկավ պատուհանից դուրս: Ինչ-որ բան նկատեց, մոտեցավ պատուհանին ու... մաքրության մի դող ելևէջվեց ողջ մարմնով. մի ճերմակ աղավնի՝ ջրափոսի մեջ, թևը թաթախում էր ջրի մեջ ու դրանով ցողում մյուսը: Հետո նույնը կատարում մյուս թևով... Այնքան պարզորե՛ն, անշտա՛պ, բայց այնքան կենսական ու օրինաչափ... Ոչինչ չէր կարող բեկել նրա այնքան կարևոր գործողության կարևորությունը... Դա նույնն էր թե՝ խախտել տիեզերական կառույցի ամրությունը, սասանել փոքրիկ մի մասնիկ ու կխեղվեր ամբողջի հիմերը... Նախաստեղծ մաքրությունն էր այդ հրաշք տեսիլի մեջ... Նայում էր տեսարանին, ու սիրտը ծավալվում էր անափ պարզությամբ... Նրա հեռահար մտքերի ուժգին թափն ընկրկեց պատկերի հրաշքի առջև: Հուզվեց պարզության զորությունից ու փլվեց ինքն իր մեջ... Հետո ձեռքը գնաց դեպի գրիչը, ու բառերը սկսեցին սահել թղթի վրա՝ պարզության անշղարշ հոսքով...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Լույսը բարի է
- Գոնե մի ծածկ տրամադրեիք, մի լքված անկյուն, գիշերը լուսացնեի, հետո հեռանայի այստեղից…
- Փասափուսադ հավաքի՜ր ու քանի ծեծելով չեն հանել, փախի՜ր այս վայրերից:
- Ծեծելո՞վ, բայց ինչու՞, ինչի՞ համար,- կուչ եկավ կինը:
- Ինքդ գիտես, կեղծավորի՜ մեկը, ուզում ես մարդկանց խելքը ուտել, հա՞, բոլորն էլ գիտեն քո Աստծո տեղը, դո՜ւ չպիտի ասես: Մեր գյուղի բնակիչներն օրինավոր մարդիկ են, կանայք՝ նամուս-աբուռով, տղամարդիկ՝ աշխատասեր, չփորձե՜ս այլասերել…
- Վռնդե՛ք էդ անբարոյականին…
- Գիտե՜նք, գիտե՜նք դրա պես հավատացյալներին…
- Կարգին կնիկն ի՞նչ գործ ունի մենակ, օտար տեղերում…
- Անառա՜կ, կորի՜ էստեղից…
Վրդովմունքը ծավալվեց, աճեց, ապա դարձավ աղմուկ ու վերածվեց խառնաշփոթի: Շատերը չգիտեին անգամ պատճառը: Կրակին տված հարդի նման հուզումն աճում էր, տարածվում ավելի ու ավելի ու շուտով բռնկվեց՝ ընդգրկելով ողջ տարածքը: Ամբոխը կատաղել էր: Իսկ կինը այլայլված էր: Ամենևին պատրաստ չէր նման ընթացքի: Նրա սրտում ապրող սերը թելադրում էր բացատրել իր առջև կանգնածերին, որ իրենք սխալվում են, որ ինքը բոլորովին այն չէ, ինչ կարծում են, սակայն բնազդը մղում էր ինքնապաշտպանության, որովհետև իր առջև ահագնացող կատաղության մի զանգված էր ծավալվում: Շրջվեց՝ հեռանալու: Կանանցից մեկը սառը ջրով լի դույլը շփեց վրան: Սարսռաց, ճչաց, բայց ոչինչ չասաց: Երեխաներից մեկը միացավ դույլով կնոջն օգնելու ու ձեռքի փայտը հրճվալի ոգևորությամբ իջեցրեց կնոջ մեջքին: Կինը ծառս եղավ, մի երկու քայլ գցեց առաջ ու սկսեց վազել: Սուրացող քարերը խփվում էին գլխին, ոտք ու ձեռքին, ընկնում իրենից առաջ՝ հռհռալով իր անզորության վրա: Վազում էր շնչակտուր ու հեծկլտում: Գլուխն ու մեջքը չէ, սիրտն էր ցավում: Սիրտն էր վիրավորանքից ու անարդարությունից հեղձվում, իր քայլքից առաջ ընկնում ու ճզմվում վազքի տակ:Գոռում-գոչյունները քարերից ավելի առաջ էին հասնում ու ծեփում ականջները կեղտի շաղախով: Փակեց ականջներն ու խելակորույս սկսեց փախչել: Ո՞ւր՝ չգիտեր, միայն հեռու՜ հեռու՜, հեռու՜…
… Երբ վայր ընկավ, գլխի մեջ ինչ-որ բան ուժգին դղրդաց: Հետապնդման վախը դեռ աղմկում էր ականջներում: Ականջները փակած ափերը զգուշորեն ցած սահեցին. լռություն էր: Մի՞թե իսկապես լռություն է… Շունչը պահեց, վախվորած նայեց շուրջը ու… լռության պարապի մեջ գլորվեց մի հեկեկանք: Հետո մյուսը, հաջորդը, ապա լռությունը լցվեց աղեկտուր հեկեկանքով՝ վայրի, ցնորող, ընդդեմ սեփական միայնության, վախի, անարդարության… Ոչ միայն չկամեցան լսել իրեն, այլև անարգեցին, ստորացրեցին ու վռնդեցին: Ցավը գալարվում էր ուղեղում ու փորձում դուրս ժայթքել: Օ՛, մեծ է Աստված, որ ունակ է հանդուրժել այսօրինակ անարդարությունը, իսկ ո՞վ է ինքը, որ կարողանա տանել այս ցավի մեծությունը: Հոգին կեղեքվում էր անարդարությունից: Կրծքից փերթ-փերթ դուրս էին պրծնում տարերային, չկապակցված ձայնարկումներ, հետո աստիճանաբար դարձան ավելի խուլ, մարմրող, ու շուտով քունը հաղթահարեց տանջահար միտքը:
Լուսաբացին արևի շողերը մտերմորեն հպվում էին նրա դեմքին: Չէր արթնանում: Կենսաբեր շողիկները չէին հրաժարվում նրան արթնացնելու մտադրությունից, համառորեն խտղտում էին աչքերին ու շոյում այտերը: Վերջապես արթնություն բերեցին:
… Դիմացը համատարած ճերմակ էր՝ խիտ, շռայլ: Մի՞թե ծառեր են: Նստեց, տրորեց աչքերը. ծառե՜ր են, այո՜, ծաղկած բալենիներ: Ծաղկունքի ճերմակը ծփում էր իր առջև, ու կյանքում առաջին անգամ նրա արթնությունն ու աչքաբացը դիմավորում էր ծաղկունքի լիությունն ու բույրը… Հրա՞շք է, ծաղիկների հանդե՞ս, բնության դաշի՞նք… Կարծես իր առջև երկնքից նվեր էր պարզված՝ անընդգրկելի, անակնկալ… Սիրտը տրոփում էր հուզմունքից, ու յուրաքանչյուր զարկի հետ զգում էր նոր բողբոջի ծաղկելու տրոփը… Ասես ինքն էր մասնակցում ծաղկունքին, ու ծաղկունքն արարվում էր հանուն իրեն… Զգում էր իրեն արարչության մասնակից, տարերքի ու ազատության մի մասնիկ, ու սիրտը լցվում էր ազատության բերկրանքով… Հոգին հրճվում էր սեփական գոյության շնորհով ու երջանկութjամբ… Արևի լույսի զգացողությունը հոսում էր իր մեջ, խլրտում երակներում ու վերածվում անհատնելի զվարթության… Լույսը բարի է ու բարին լույս է, և օրհնություն է բարի լույսի ավետումը… Ի՛նչ երջանկություն է Արևի լույսով ուրախանալը, ի՛նչ պարգև է ըմբոշխնել Ազատությունը, որ լցված է սիրով՝ հանդեպ ամենայն գոյություն ու զմայլվել կյանքի ծննդի գեղեցկությամբ… Նրա առջև բացվում էր մի նոր շնչառություն՝ լույսի, զարթոնքի առջև ու ծավալում սե՛ր, սե՛ր, սե՛ր… Բալենիների ճերմակը լցվում էր իր մեջ ու ողողում ճերմակ սիրով երկինք ու երկիր… Ծաղիկների հորձանքից սեր էր բխում, ու նա՝ կանգնած երկնի ու երկրի միջև որպես միջնորդ, ծփում էր մի անափ սիրով… Շարժվեց առաջ, ապա նայեց ետ, ուր թողել էր իր ցավը, վիրավորանքն ու ատելությունը և աշխարհի հետ հաշտված՝ ժպտաց… Ժպտաց չարությունից անմասն ժպիտով, քանզի շնորհակալ էր իրեն անարգողներից, այլապես կկարողանա՞ր արդյոք հաղորդակցվել արարչական մեծ խորհրդի հետ… Արդարև շնորհակալ էր…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
ԾՈՎԱՅԻՆ ՔԱՄԻ
Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս... Հնարավո՞ր բան է։ Ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը։ Ավելին, ես լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում։ Աստված իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ։ Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ես ոչ մի կապ չունեմ։ Զարմանալիորեն դրանք ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը ուր ես տեսնում եմ ինքս ինձ։ Հնարավո՞ր բան է... Որտեղ եմ այս ամենը տեսել, զգացել ու ապրել։ Գուցե շրջվեմ, այլևս կորչի՞ այս քամին ու նրանից ծնվող զգացողությունը։ Կտրուկ շրջվում եմ՝ չտրվելու համար ինձ կլանող հալյուցինացիային։ Սակայն թիկունքիս զգում եմ քամու վետվետալը վարսերիս արանքում ու նրա՝ մազերս մտերմիկ խառնշտորելը... Հիշողությունից քամված մի կաթիլ լուծվեց ուղեղիս խորքի մոռացված ծալքերից մեկում, ու մի մտապատկեր երիզվեց աչքերիս առջև, դու նույնպիսի քնքշանքով, ինչպես այս քամին, խառնշտորեցիր մազերս ու ասացիր. «Աստվածային գեղեցիկ ես»...
Ասացիր, այո, բայց ո՞վ ես դու, որտեղի՞ց եմ հիշում քեզ։ Կամ այդ որտե՞ղ էի ես և առհասարակ, ի՞նչ առնչություն ունեմ քեզ հետ... Ուղեղս ասես բաժանվում է երկու մասի՝ ինձ էլ իր հետ կիսելով։ Հիմա ես մի այլ բույր եմ զգում, դա շատ ծանոթ, ինձ հաճելի բույր է, ու ես սերն եմ ճանաչում այդ բույրի մեջ։ Այո, այո, դա քո բույրն է, ու ես սիրում եմ քեզ։ Ւ՛նչ Աստվածային պարգև։ Սերը ափեափ լցրել է ինձ իրենով, ու ես ամբողջովին սիրով եմ ներծծված։
Հիմա ես պարզորոշ զգում եմ, որ ընդարմանում եմ այս քամու տիրապետությունից ինձ վրա ու կամովին գնում եմ նրան ընդառաջ։ Ես արդեն ուզում եմ հիշել ավելին, բաց չթողնել ոչ մի աննշան դրվագ, որովհետև չկա ավելի հրաշալի վիճակ, քան սիրահարված լինելը (գուցե ես այդպես եմ մտածում, ոոովհետե մենակ եմ), ու անդիմադրելի է ցանկությունս վերապրել յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր պահ։ Ու քանի որ ես այդ շատ եմ ցանկանում, հիշողություններն անարգել հոսում են իմ մեջ, ու այժմ ինձ համար միևնույն է՝ անցյալ է դա, ներկա, թե՝ ապագա։ Կարևորը մեկն է՝ զգում եմ, որ ոչ միայն սիրում եմ, այլև սիրված եմ, ահա թե ինչու եմ երջանիկ...
Ավազներին ձուլված՝ մենք համբուրվում ենք։ Համբուրվում ենք երկար, և ոչ մի համբույր չի կրկնում նախորդին։ Մենք ասես արարում ենք աշխարհը, հետո քանդում, ստեղծում ենք ավելի գեղեցիկը ու կատարելագործում այն։ Մեր համբույրները երկար են, իմաստալից։ Մենք ասես քնքշություն ենք արարում ու երկինք։ Մեր ենք պեղում Երկրի ընդերքից ու լցնում երկրոլորտը մեր սիրո շնչով։ Մենք սեր ենք քամում մեկս մյուսից ու դարձյալ փոխանցում իրար՝ նորացված ու հուժկու ավիշով, որպես կյանքի հավերժական շարժման շրջապտույտ։ Ավազները շնչում են սիրո հևքով ու մեր տաք, իրական սիրուց փափկել ու նվաղել է ավազը մեր ոտքերի տակ։ Դու ասում ես ինձ քնքուշ խոսքեր, իրականում դրանք ավելի քնքուշ են, քան խոսքը կարող է լինել։ Քո առնական բազուկները քնքշանք են արարում, ու ես լուծվում, դառնում եմ անծավալ մի հեղուկ քո տված քնքշանքից... Սիրո ներկայությունը հասցնում է մեզ երկնային դարպասներին՝ տեղափոխելով այնտեղ մեր երկրային սերը, իսկ մեր երկնային ներշնչանքը տեղափոխում ներքև՝ միախառնելով մեր աշխարհիկ սիրուն։ Մենք պարզապես երկնայինի ու երկրայինի համաձույլն ենք՝ սիրով հաստատված։ Սիրո գոյության ապացույցն ենք, նրա լինելության պատճառն ու կրողները։
Եր՞բ է եղել այս ամենը՝ 50, 100, 200 կամ 300 տարի առաջ... Զգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ քամին այս ամենը հասցրեց ինձ, ու ես երջանիկ եմ, որ կրողն եմ այդ ամենի՝ հստակ տեսնելով ամեն ինչ՝ որպես ինձ հետ եղածի վերապրում։
Բայց աստիճանաբար անէանում է իմ սիրած բույրը։ Ես սկսում եմ զգալ մի այլ ծանոթ բույր, ավելի ճիշտ՝ համ։ Այո, ճիշտ է, դա ալիքների համն է, հետո արդեն՝ ջրիմուռների։ Այդ գարշելի համը պատում է ողջ իմ քիմքը, հետո տարածվում ուղեղովս մեկ։ Օ՛, ինչ ցավալի է, ես խեղդվում եմ։ Թեպետ այն ժամանակ ես այդքան չտանջվեցի, սակայն տանջալին ինձ համար հիմա է՝ հիշելով, տեսնելով կատարվածը։ Ինչպե՛ս կարելի էր կորցնել այդ ամենը։ Ես չգիտեմ՝ երբ կամ ինչպես է կատարվել դա ինձ հետ, բայց դա կատարվել է, ու սա եղելություն է։
Այնքան որոշակի հիշեցի ամեն բան, որ հիմա կասկածի եմ առնում այս պահի եղածը, գուցե իրական չէ, որ ես հիմա կամ, գտնվում եմ փողոցում ու պատրաստվում եմ անցնել խաչմերուկը։ Ի վերջո՝ որն եմ ես. այն, ինչ կատարվել է ինձ հետ երե՞կ, թե՞ հենց այս պահը, ուր ես՝ ընդամենը մի հետիոտն, հենց նոր բաց թողեցի կանաչ լույսը ու նորից պիտի սպասեմ մինչև լուսակիրը նորից թարթի ջրիմուռ հիշեցնող այդ գույնը։ Ինչպե՞ս գլխի չընկա հենց սկզբից, այս ներկան նույնպես ինձ է պատկանում, իսկ իմ վերհիշածը, փաստորեն, ես արդեն ապրել եմ մեկ անգամ, ստացվամ է՝ դա իմ նախորդ կյանքն է եղել...
Ժամանակագրությունը հետզհետե ենթարկվում է երկփեղկված բանականությանս, ու ամեն բան իր տեղն է ընկնում։ Այս քամին հիմա ինձ դավաճան է թվում։ Թեև նա փորձում է հաճոյանալ ինձ, սակայն ես այլևս անհաղորդ եմ նրա հպումներին։ Ի՞նչ կարիք կար մեկ րոպեի ընթացքում նախորդ կյանքս բացապարզել իմ առջև, հետո թողնել ինձ որպես մի խղճուկ հետիոտն, որն սպասում է իր քայլն առաջ գցել թույլատրող ինչ-որ անշունչ ու անկյանք կանաչ ազդակի։ Սկսում եմ ատել այն, որովհետև նրա մեջ տեսնում եմ ոտքերս կապող ջրիմուռների կանաչ գույնը։ Ատում եմ նաև այս խաչմերուկը, որովհետև կուզեի այս կյանքում անցնել իմ խաչմերուկը սիրո հետ միասին, այն, որ լիիրավ ինձ էր պատկանում, առանց որի չեմ ուզի անցնել և ոչ մի ճանապարհ ու խաչմերուկ...
Տխրությունը խեղդում է ինձ։ Խեղդում է ոչ պակաս, քան երբ ծովի ահռելի գիրկը խեղդեց իմ երջանիկ գոյությունը։ Տխուր եմ ոչ այն բանի համար, որ իմ շունչը կորսվեց ալիքների մեջ, ոչ, այլ, որովհետև ես թողել եմ այնտեղ՝ ավազների վրա` այն աշխարհաստեղծ սերը, առանց որի ինձ կատարյալ թշվառ եմ զգում ու դատարկ... Ես ունեմ ամեն ինչ՝ աշխատանք, ընտանիք, դիրք հասարակության մեջ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ պահանջվում է այս կյանքում քիչ թե շատ երջանիկ լինելու համար։ Բայց ես կարոտում եմ, կարոտում եմ սերը։ Ու թե այս կյանքում չխեղդեն ինձ ծովի ալիքները, ապա կխեղդի ինձ կարոտը։ Ահա թե որտեղից է գալիս այն մշտարթուն տխրությանը, որը բնակվում է իմ սրտում։ Թե չլիներ այս քամին, ես երևի չէի պարզի սա ինձ համար։
Չգիտեմ՝ ուրախ եմ, որ Աստծո կամոք ինձ կրկին կյանք է շնորհվել այս Երկրի վրա, ուր ես, հավանաբար, ունեմ իմ անելիքները։ Սակայն այս կարոտախտը, որ ժառանգել եմ իմ նախորդ կյանքից, չեմ կարող կորցնել ուղեղիս ոչ մի մոռացված խորշակում։ Սիրո կարոտը կենսաբանորեն իմ մեջ է, ու ես կփնտրեմ քեզ, սե´ր, թեպետ չգիտեմ՝ ով ես դու, որտե՞ղ ես կամ ինչպե՞ս գտնեմ ես քեզ։ Պիտի գտնեմ քեզ՝ վերագտնելու համար այն, ինչ ինձ է պատկանում ու ժառանգելու համար իմ օրինական ունեցածը։
Գալիս եմ քեզ ընդառաջ։ Սպասիր ինձ, սեր, որովհետև մի օր ես գտնելու եմ քեզ։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ
- Հոգնել եմ պտտվելուց, շատ եմ հոգնել, գուցե բավական է, արդեն կանգ աոնեմ,- մտածեց երկրագունդը։
Լույսը շոյեց նրան իր թևերով ապա մատնացույց արեց շատ հեռվում աճող մի ծաղկի.
- Նայի՛ր,- ասաց,– տես, ինչ գեղեցիկ է...
- Ճիշտ ես,- հիացավ երկրագունդը։
- Նա նման չէ մյուսներին...
- Բայց նա ապրում է ճահճի վրա,- ապշեց երկրագունդը։
- Ամենագեղեցիկ ծաղիկներն ապրում են ճահճում,- բացահայտեց լույսը,- սակայն դա դեռ բոլորը չէ. նա ցանկանում է իրենով գեղեցկացնել շուրջը... Նա ձգտում է մաքրություն տարածել ու հենց դրանով գեղեցկացնել աշխարհը...
Երկրագունդը ծանր-ծանր մի պտույտ գործեց ու ասաց.
- Իսկ դու գիտե՞ս, որ ապականությունն է դժվարացնում իմ պտույտները, ու ես դրանից եմ հոգնում։
- Անշուշտ, գիտեմ։
- Ուրեմն՝ նա ուզում է օգնել ինձ...
- Այո՛, հենց դրանով էլ տարբերվում է մյուս գեղեցիկներից, իսկ եթե դու հոգնես, նա այլևս ոչինչ չի կարող անել, ճահիճը կկլանի նրան, և ինքդ էլ ապականությունից չես կարող պտտվել այլևս։
- Ինչ գեղեցիկ է նա, - ոգևորվեց երկրագունդը։
- Նայի´ր ծաղկին և ուժեղացի´ր նրանով։ Պտտվի´ր նրա համար, ով հավատում է քեզ։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան արթնացա, որովհետև զգացի, թե ինչպես Է հեռանում ինձնից աշխարհընկալումս, ամեն ինչ հանկարծ պայծառ երևաց։ Հետո շուրջս զգացի արարչության ուժն ու ողջ հմայքը։ Ապա, ձեռքս ակամա տարա դեպի իմ աշնանային ներկապնակը, որը միշտ գտնվում Էր կողքիս և որի թախծագույն երանգները երբևէ չէին պակասում տարվա ոչ մի եղանակի։ Վերցրի այն անտարբեր ու պատահանից դուրս նետեցի՝ ամենևին չանհանգստանալով, որ կարող էր մեկնումեկի գլխին ընկնել։ Հետո մոտեցա պատուհանին ու տեսա, որ հեռվում ինչ-որ մեկը երկու ձեռքով ճեղքում էր ամպերը՝ որպեսզի արևն ավելի լավ երևար այդ ճեղքից։ Դա ինձ անչափ դուր եկավ ու որոշեցի հաջորդ անգամ ինքս էլ անպայման նույնն անել։
Երբ նորից շրջվեցի դեմքով դեպի իմ սենյակը, հասկացա ամեն ինչ. փոխվել էր իմ գունաշխարհը...


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
ՍԵՐԻԱԼԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ
Դժվարը շաբաթվա երկու օրերն են՝ շաբաթ, կիրակի՝ դատարկ, անիմաստ օրեր՝ առանց սերիալների: Կարելի է մտածել՝ սերիալները կարիք ունեն շաբաթ-կիրակի օրերին հանգստանալու, որովհետև սերիալ նայողը հաստատ դրա կարիքը չունի, ընդհակառակը, անսերիալ օրը դառնում է մի տեսակ թերի, դատարկ ճեղքվածքով: Ֆիլմի ժամերին, վարժեցվածի բնազդով, Սիրուշը մեքենայորեն մոտենում է էկրանին, բայց հիշելով, որ շաբաթ-կիրակի է, հիասթափված փոխեփոխ է անում ալիքները կամ դատարկության զգացումով հեռանում որևէ այլ գործի՝ փորձելով կարճել բաժանման երկու օրը: Հակառակի պես ֆիլմը միշտ վերջանում է խիստ կարևոր տեղում: Թե դա՞ ով է հնարել: Չի՞ կարելի հասկանալ, որ մարդիկ անհանգիստ են մնում, կարող է գիշերը քունը կորցնեն, նրանց մեջ ճնշման հիվանդություն ունեցողներ կան, իսկ առջևում դեռ երկու օր կա: Խելքը գլխին մեկը չկա՞՝ զգուշացնի, որ այդպես չի կարելի: Չեն խնայում մարդկանց, չէ՛: Առաջներում այդպես չէին անի: Ժողովրդի մասին մտահոգվել կար, բան կար, հիմա ո՞ւմ շատ պետքն է, թե մարդն ապրումների մեջ է, անհանգիստ է մնացել: Մարդկանց սրտերը քարացել են, անտարբեր են դարձել: Հենց մեկը՝ իր սեփական տղան: Իր սրտից արյուն էր կաթում, անհանգիստ մեռնում էր. էն երեխային գողացել-տարել էին, իսկ տղան վերցրեց ու հեռուստացույցի ալիքը փոխեց. ֆուտբոլ կար: Հենց այդպես, սառնասրտորեն, առանց անհանգստանալու: Հա՛, հասկանալի է, ընդամենը կինո է, բայց կինոն էլ է չէ՞ կյանքից, հո օդի՞ց չի, ամեն ինչ կյանքից է վերցված: Ինքը՝ Սիրուշը, հո տեսել է, թե ինչեր կան կյանքում, այնքա՜ն բաներ է տեսել, կինոն ի՞նչ է, որ: Այն ժամանակ որ այս խելքին լիներ, ինչե՜ր կաներ: Կյանքը լրիվ ուրիշ ձևով կընթանար: Շատ սխալներ է թույլ տվել, շա՛տ: Կարելի է ասել՝ ծայրից ծայր սխալ է ապրել: Էն «Կորուսյալ երազների» միջի Լուսիայի չափ էլ չկա, որ ամուսնուն սիրուհու հետ բռնացնելուց հետո հրապարակով, բոլորի մոտ ապտակեց, հետո էլ տնից վռնդեց: Լա՛վ արեց, դրան տեղն էր, էշին մեյդանում կծեծեն: Բա չէ՛, իր նման: Տարիներ առաջ էր. մի օր գործից շուտ տուն էր եկել, բանալիով դուռը բացեց, մտավ, տեսավ՝ ամուսինը մենակ չէ անկողնում, սուսուփուս դուռը ծածկեց, դուրս եկավ: Էշի՛ մեկը: Առաջներում այդպես չէին անի: Ժողովրդի մասին մտահոգվել կար, բան կար, Հիմա չգիտի էլ՝ վախեցա՞վ, ամաչե՞ց, թե՞ նամուսը թույլ չտվեց՝ հարևանները չլսեն, չիմանան… Երկուսին էլ պիտի տկլոր դուրս շպրտած լիներ տնից: Բա «Կյանքի բույրի» միջի կանայք այդպես կվարվեի՞ն՝ չէ մի չէ՛: Ինքն է հիմար եղել, ի՛նքը: Երկու տեղ աշխատում էր, հետո շուկա գնում, ծանր-ծանր բերում տուն, ճաշ, լվացք, երեխաների հոգս: Ինչի՞ համար, հանուն ինչի՞: Երեխաները հիմա մեծացել են, ամուսնացել, իրենց ընտանիքներն ունեն, ո՞վ պիտի ասի՝ շնորհակալությու՛ն, ապրե՛ս, որ մեզ համար այդքան արել ես: Ոչ ո՛ք: Մարիա Լուսիան շատ էլ ճիշտ արեց, որ ամուսնուց վրեժ լուծեց՝ դավաճանեց նրան: Էդ ինչի նրան կարելի էր, իրեն՝ ո՞չ, ինքը կին է՞: Էդ որտե՞ղ է գրված, որ դավաճանությունը տղամարդու համար է, էշությունը՝ կնոջ: Հենց լավ էլ հախից եկավ, մրմռացրեց էդ անասունին: Բա չէ, իր պես:
- Տա՛տ, կինոդ սկսվեց,- հյուրասենյակից ձայն տվեց թոռը:
- Հա՞, գալիս եմ,- օճառոտ ամանը իսկույն շպրտեց լվացարանի մեջ, փրփրոտ ձեռքերն առանց լվանալու չորացրեց ձեռքի տակ ընկած պատահական շորով ու իրեն գցեց հեռուստացույցի մոտ:
- Ո՞ւր ես շուտ կանչում,-մտահոգ ձայնով հանդիմանեց հարսը: -Դեռ մի երեք րոպե ռեկլամ կա, մի այդքան էլ երգը պիտի գնա, տողերը գրվի: Տատդ ծանր գրաֆիկով չորսից հինգ ֆիլմ է նայում օրվա մեջ, մեղք չի՞, թող գոնե մի հինգ րոպե էլ հանգստանար:
Ի պատասխան՝ աղջնակը փռթկացրեց: Ֆիլմերի միջև ընկած կարճ ժամանակահատվածում կամ ավելի ճիշտ՝ ռեկլամների ընթացքում, Սիրուշը հասցնում էր գցել իրեն բաղնիք, զուգարան, խոհանոց, ինչ-որ բան անում, պարտադիր կիսատ թողնում ու էլի իրեն նետում բազկաթոռի գիրկը, որն իրեն անդավաճան սպասում էր: Երբեմն հացի մեծ կտորը մի ձեռքն առած, մյուսին՝ ուրիշ ինչ-որ մի բան, աչքը էկրանից չկտրելով, ախորժակով ուտում էր: Թե չկշտանար, ոչ մի դեպքում տեղից չէր շարժվի մինչև հաջորդ ռեկլամը, որի ընթացքում միայն կգնար խոհանոց՝ պատառի շարունակությունը բերելու: Ֆիլմի ընթացքը սուրբ գործ է, ընդհատել չի կարելի: Բայց եթե ամուսինը սովածանա՜ր այդ ընթացքում… Ա՛յ թե աղետը երբ էր լինում: Քթի տակ փնթփնթալով, իր բախտն անիծելով՝ գնում էր խոհանոց, ուտելիքը, սեփական լուտանքն էլ հետը լիքը աման լցնում ափսեի մեջ, դնում սեղանին ու նորից թողնում, գալիս իր սիրելի բազկաթոռի գիրկը: Ամուսինն արդեն սովորել էր, թեպետ նա էլ իր հերթին էր դժգոհություն շաղ տալիս քթի տակ: Կնոջ սերիալներ նայելու առաջին յոթ տարիներին ընդդիմանում էր, ելույթներ ունենում բրազիլական ու մեքսիկական աղբ ու թափոնի մասին, որոնք հասարակության վրա ունեցած արշավանքների ավերիչ ներգործության առումով չեն զիջում մոնղոլ-թաթարական արշավանքներին: Սա առնվազն մշակութային եղեռն է, օտար բարքերի արհեստական ու բռնի ներմուծում, ազգի համար այլասերության քարոզ է ու անհարիր մեր ավանդապաշտ բարքերին ու էլի նման բաներ: Բացատրում էր ու ճառում, ցույց տալիս թերթի հոդվածը, թերթին նայելով` վերարտադրում հոդվածագրի գրածը, վկայաբերում ռադիոյով լսածը: Բայց լսո՞ղն ով էր: Օրվա համարյա մեծ մասը հեռուստացույցն ազդարարում էր Ռոդրիգոների ու Մարիաների սերերի, դավաճանությունների ու հիասթափությունների մասին, ու Սիրուշն անհագորեն կլանում էր դրանք՝ ականջը խուլ ամուսնու ելույթներին: Լավագույն դեպքում ամուսինը սերիալի ցուցադրման ընթացքում թերթ էր կարդում կամ բազմոցին պառկած ննջում, մինչ Սիրուշը հուզմունքից չորանում էր կամ հիացմունքից խանդավառվում:
- Վախենում է՝ կինը փչանա վաթսունից հետո,- հումորի ծայրը բացում էր հարսը, որն ինքն էլ երբեմն միանում էր ընտանեկան դիտմանը: Դե, եթե անգամ չուզես էլ նայել, ամբողջ ժամանակ լսում ես նրանց սիրահետումները, կռիվները, անցուդարձը ու ակամա հետաքրքրվում, թե ինչ եղավ հետո: Հակառակի պես, հենց սկեսրայրը մտնում էր հյուրասենյակ, էկրանը մեծ պլանով ցուցադրում էր շրթունքների փոխձգումներ ու հպումներ, որին հետևում էր նրա հանդիմանանքը.
- Չի էլ ամաչում, հարսին էլ նստեցնում է կողքին ու ստիպում իր հետ սեքսուալ ֆիլմեր նայել, զուլու՛մ է, զուլու՛մ, էս ո՛ւր հասանք…
Հարսը ծիծաղում էր, իսկ Սիրուշը քթի տակ պատասխանում, թե ամուսինը ժամանակին սերիալ է նայե՞լ, որ փչացած էր, ուրեմն հիմա ինքը ինչ կուզի՝ կանի: Ու որքան շատ էր ամուսինը քննադատում սերիալները, այնքան ավելի բուռն էր դառնում ոչ մի դետալ բաց չթողնելու, դեռ կրկնությունն էլ հետը նայելու ցանկությունը…
Սիրուշն այդ օրն արթնացել էր տարօրինակ զգացողություններով: Երազում տեսել էր, որ Լուիս Ալբերտոն իրեն ամուսնության առաջարկություն էր արել, ինքն էլ ընկել էր հոգեկան հակասական ապրումների մեջ. բա էս տարիքում, բա իր տղաները, հարևաններն ինչ կասեն… «Թո՛ղ էդ գեշբողազ էգոիստին,- ասել էր Լուիս Ալբերտոն,- դա քեզ երբեք էլ օր ու արև չի տվել, գիտե՛մ: Թքի՛ր ընտանեկան բոլոր տեսակի պարտականություններիդ վրա ու արի՛ ինձ հետ: Բոլորն էլ անշնորհակալ արարածներ են: Ես քեզ կերջանկացնեմ»: Ասել էր ու ծոցից հանել մի շողշողուն մատանի Սիրուշի համար: Սիրուշը շփոթվել էր, խունջիկ-մունջիկ եկել. ախր ո՞նց կլինի, ինքն արդեն թոռնատեր, հարևաններն ի՞նչ կասեն: Լուիս Ալբերտոն էլ է թոռնատեր, կինն էլ թողել- գնացել է, բայց ի՞նչ անենք, ասում է, ուրեմն, եթե թոռներ ունեն, իրենց կյանքը պիտի թոռներին նվիրեն, իրենք էլ` վե՞րջ, էլ չապրե՞ն, սաղ-սաղ թաղվե՞ն: Մեկը հարցնող լինի, իսկ թոռներին հետաքրքրու՞մ է իրենց կյանքը, որ էդպես ջանասիրաբար իրենք փորձում են մատուցել նրանց: Չէ՛, շատ խելոք է Լուիս Ալբերտոն` քթածակով, ձեռքից ամեն գործ գալիս է, իսկական տղամարդ, իր երազների չիրականացած տղամարդը… Մտատանջության մեջ չգիտեր՝ ինչ պատասխան տար, արդեն ուզում էր խնդրել՝ իրեն մի քիչ ժամանակ տար մտածելու, ամուսինը կողքի շրջվելով՝ արմունկով ուժգին բոթեց Սիրուշին: Սիրուշը վեր թռավ՝ երազն էլ հետը թռցնելով: Ֆշշացնելով նայեց ամուսնուն, որ երազն էլ չի թողնում հանգիստ նայել ու տեղավորվելով մահճակալի եզրին՝ նրանից հեռու, աչքերը պինդ փակեց՝ երազը կրկին վերադարձնելու հույսով: Ո՜նց չէ, ամուսնու խռռոցը կթողնե՞ր, որ ինքը նորից քներ: Ստիպված վեր կացավ՝ երազն իր հետ տանելով բաղնիք, խոհանոց, խանութ… Գոնե լավ է՝ ամեն ինչ դեռ կորած չէ. ժամը տասնյոթն անց քառասունին նորից կհանդիպի իր Լուիս Ալբերտոյին հանրայինի ալիքով: Գոնե նորից կտեսնի նրան, թեև արդեն իրենը չի լինի… Ախր, կարելի՞ է ամբողջ կյանքը սխալ ապրել: Լա՛վ, հասկացանք, ջահել էիր, խաբվեցիր նրա սիրուն տեսքին, ամուսնացար: Բա հետո՞, տեսա՞ր, որ պիտանի չէ, թո՛ղ, գնա՛, ո՞վ էր ստիպում կողքին տանջվել: Այն ժամանակ ուրիշ էր, բաժանված կանանց ուրիշ ձևով էին կոչում, հետո այն ժամանակ ո՞վ էր բաժանվում. կանայք ատամները սեղմած, ճակատագրին հլու-հնազանդ՝ պահում էին իրենց տուն-տեղը, ընտանիքը: Չէ՛, միևնույնն է, ինքը առանձնահատուկ հիմար է եղել, ամեն բան լուռ տարել է: Տասնհինգերորդ աբորտից հետո թիվն արդեն խառնեց ու դադարեց հաշվել աբորտների քանակը: Ամուսինն իսկի տեղյակ լինու՞մ էր: Բա Լուիս Ալբերտոն այդպես կանե՞ր, ո՜նց էր ցավում, որ Ռաքելը կորցրել էր երեխային… Չէ՛, դա կյանք չէ, որ ինքն է ապրել: Լավ, բայց ինչպե՞ս կարելի էր չտեսնել այդ ամենը, հիմա ո՞վ հետ կբերի իր սխալ ապրած տարիները, ո՞վ: Գոնե ժամանակին մի սիրեկան ունեցած լիներ, որ սիրտն այսպես չմրմռար, մի բանով էլ ինքը նրա հախից եկած լիներ: Երբ ամուսինը կանանց հետ քարշ գալուց հետո քեֆը տնգոզ գալիս էր տուն, ինքը նրա առաջ հաց էր դնում ու սուսուփուս քաշվում մի կողմ: Գիտեր, որ ամուսինը կատաղում էր, ուզում էր, որ հետը նստեր, ասեր-խոսեր… Իսկ ինքը լուռ, խոնարհ կատարում էր իր պարտականությունները. եփում-դնում էր ամուսնու առաջ ու գնում իր գործին: Հետը երբեք հաց չէր կիսում: Բայց դա ի՞նչ էր որ էդ դուրս ընկածի արածների դիմաց: Ամուսինը լավ էլ նեղվում էր, լարվում ու չարանում. կինը համարյա չի շփվում իր հետ, բացի կենցաղային-ընտանեկան մի երկու կարևոր հարցերից: Լա՛վ էր անում, շատ քի՛չ էր դա, հիմա լիներ՝ ինչե՜ր կաներ, պա՜հ, ո՜նց հախից կգար… Կարող է Էմանուելլայի չափ չկա՞ իր խելքով… Այդպիսի մի հերթական անգամ, երբ խմած ամուսնու առջև սուրճը դնելուց հետո շրջվեց, որ գնա, ամուսինը ֆշշացրեց հետևից՝»օ՛ձ»: Սիրուշն ինչ-որ բան պատասխանեց նրա հասցեին, հարբածին էլ դա էր պետք. դանակն առավ ու շպրտեց Սիրուշի վրա: Դանակի շեղբը կպավ թևի երակին: Սիրուշը գիտեր նրա թույլ տեղը, ինքն էլ իր զենքով նրա դեմն ելավ. կանգնեց ամուսնու դիմաց, թևը պարզեց դեպի նա, մի ձեռքով սեղմեց վնասված երակի ծայրը, արյունը բլթալով դուրս պրծավ, ինքն էլ առանց ծպտուն հանելու, լուռ համառությամբ նայեց ուղիղ նրա երեսին: Սա ավելի կատաղեց: Ոտքով խփեց վառարանին, վրայի տաք թեյնիկը շուռ եկավ Սիրուշի վրա ու թողեց-դուրս եկավ: Ա՛յ թե ինչ կյանք է ունեցել: Հիմա «հերոսը» կարդացած մարդ է, բարոյախրատական քարոզներ է գլխին կարդում հարսի ու թոռների ներկայությամբ…
- Էսօր «Սիրո բույրը» չի լինելու,- ինչ-որ մեկը կաթ ու մածունի բաժնում ասաց իր ծանոթին:
- Ո՞նց թե չի լինելու, ինչի՞,- հանկարծակի եկած կանայք շրջվեցին դեպի լուրը հայտնողը:
- Ընտրությունների պատճառով երկուշաբթին աշխատանքային օր չի լինելու, դրա հետ կապված, որոշ հեռուստատեսային ծրագրեր փոփոխվել են:
Ասողն իրենց երկրորդ հարկի հարևաններից մեկն է, շատ սահմանափակ կին է՝ ոչ մի սերիալ չի նայում:
- Թաղե՛մ դրանց, շատ պետքս է՝ ում կընտրեն, ուրեմն պիտի կինոն չնայե՞նք,-պոռթկաց մեկը:
- Մի օր էլ քիչ բան սովորեք: Էդ ձեր ուսումնական ֆիլմերը մեր ազգի հերն անիծեցին,-վրա բերեց ակնոցավոր տղամարդը:
Կանանցից մեկը, որ վերջերս էր թոռ ունեցել, անունն էլ դրել էին Ռոսիտա՝ ի պատիվ սերիալի գլխավոր հերոսուհու, վիրավորված միջամտեց.
- Բայց ինչու՞ եք այդպես ասում, որ նայած լինեիք, այդպես չէիք ասի, բոլորովին էլ վատը չեն, օրինակ՝ «Սիրո թևերը» նայու՞մ եք, ամբողջը կյանքից է:
- Չէ-չէ՛, ի՞նչ եք ասում, կյա՛նքն է կինոյից, ինչի՞ մասին է խոսքը: Քառասուն տարի կնոջս հետ ապրել ենք, լավից-վատից ընտանիք ստեղծել, տուն-տեղ դրել: Ես գիտեմ, որ ամեն ինչ էդ սերիալներն արեցին: Հետս աչքով աչք չունի, ամեն ինչից դժգոհ է ու ամեն ինչում ինձ է մեղադրում: Թե ի՞նչ են մտածում վերևներում, սա դավաճանություն է ազգի դեմ, խարխլվու՛մ են ավանդական ընտանիքի հիմքերը:
Մի կերպ շունչը հասցրեց մինչև նախադասության վերջն, ու ինքն էլ զարմացավ իր հռետորական վարպետության վրա: Ժամանակ առ ժամանակ գումարվող իրենց միտինգներում արժի այս հարցը բարձրացնել, առաջարկել է պետք:
- Դու էլ մի՛ թող նայի, մի կնկա վրա չես կարու՞մ,- միջամտեց մյուս տարեցն ու դանդաղ բերանից դուրս մղեց ծխախոտի ծուխը: Էստեղ ոչ ոք էլ չգիտի, որ իր հեռուստացույցը փչացել է, նորն էլ առնելու փող չունի: Սիրուշը ոտքից գլուխ մի լավ չափեց դրան: Իսկ միտինգայինը նույն պաթետիկ ոճով շարունակեց.
- Ախր կորչում են մեր ազգային արժեքները, հայ կնոջ կերպարը խեղաթյուրվում է, փոխվում է նրա բարոյահոգեբանական նկարագիրը…
- Գիտե՞ս ինչ կա, ջահելները, թե ուզում ես իմանալ, չեն էլ նայում սերիալները, բա ու՞ր մնաց քո էդ «հոգեբանականը», տղամարդուն հնազանդությունն ու համեստությունը, հը՞…
- Ասե՛մ. նրանք արդեն նայել են դրանք, երբ փոքր էին, էլի ձեզ հետ միասին ու տեղը տեղին դաստիարակվել են այդ ոգով:
Սիրուշն իր լուռ զենքով մի լավ խեթեց միտինգայինին: Հենց ակունքներից՝ կլինի մի քսան տարի, ինչ ցուցադրվում են բրազիլական-մեքսիկական սերիալները, ինքը նայում է՝ բան չի եղել, բայց ազգը հանկարծ փչացա՞վ: Ամենաիսկական փչացածները հենց էդ ասողներն են, սա էլ երևի, իր տան ուսյալ փչացածի նման է փրթում:
- Գիտե՞ք ինչքան բաժանություններ են եղել այդ նույն հողի վրա: Ընկերոջս կինն ասում է, թե ամուսինը մուսուլման Ալիի չափ էլ չկա, որ ամուսնության առաջին գիշերը կնոջ՝ Զորաիդեի ոտքերը վարդի թերթիկների ջրով լվաց…
«Հաստատ իր կնոջ մասին է ասում, ու հաստատ ինքը իր կնոջը մի հատիկ ծաղիկ նվիրած չկա»:-… հիմա էլ ուզում են մուսուլման դառնանք…
Սիրուշի հերթը հասավ, վերցրեց իր թթվասեր-մածունն ու առանց որևէ բան ասելու՝ դուրս եկավ խանութից: Վարդաջու՛ր, չէ մի չէ՛: Իր առաջին գիշերն իսկի մահճակալ չկար, կոտրած թախտն էր երկուսի համար, դռան տեղ՝ կտոր քաշած «վարագույրի» ետևում էլ սկեսուր-սկեսրայրն էին քնելու՝ հասունացած տղայի ու աղջկա հետ: Ոտքերը լվանա՞ր… Հազիվ սկեսրայրն էր երազում, որ հարսն իր ոտքերը լվանար: Անշնո՛րհք անտեր, զզվում է դրանից ու միշտ է ատել. հլը տե՛ս՝ ինչ ակնկալիքներ է ունեցել: Երկու անգամ ջրով լի տաշտը դրել էր ոտքերի առջև ու սպասել.
- Կնի՛կ, բա էդ հարսը ոտքերս չի լվանալու՞ ...
Երկու անգամն էլ ինքը թողել-փախել է տնից, ուշ ներս մտել: Դրանից հետո հասկացել է, երևի, ու էլ չի ասել, փոխարենը լուռ թշնամանքը միշտ ապրել է իրենց միջև: Ի՞նչ նշանակություն ունի, թե գյուղ տեղ է եղել, բա իրենց գյուղում նման բան կանեի՞ն, թուրքի՛ մեկը:
Գնումների ծանր տոպրակը ձեռքին, ճակատագրի առավել ծանր բեռն ուսերին՝ Սիրուշը քայլերն արագացրեց՝ «Վրեժի ծարավի» կրկնությունն առավոտյան դիտելու: Արագ-արագ քայլելիս հևում է. բժիշկները «սրտի անբավարար սնուցում» են ախտորոշել: Հետո քայլերը դանդաղեցրեց. հիշեց, որ այսօր ընտրություններ են, երկիրը փոխել է գրաֆիկը: Սիրտը սկսեց առավել ուժգին խփել: Երկիրը երկիր չի՛: Ընտրությո՛ւն՝ շատ իրեն պետք է՝ ով կընտրվի, դրա համար կարելի՞ էր փոխել սերիալի օրը: Ոչ էլ կգնա ընտրության: Ինքը ժամանակին իր ընտրությունն արել-պրծել է ու սխալվել: Ո՛չ լիներ էդ օրը: Քիչ մնաց հետ դառնար, բայց ու՞ր: Ա՜խ, գոնե կարողանար, շատ չէ, գոնե մի քսան տարով հետ դառնալ…Հիշեց երազը, Լուիս Ալբերտոյի՝ իրեն պարզած շողշողուն մատանին, ու ժպիտը սահեց դեմքով, սրտում ջերմություն ալիքվեց: անդաղատանքով հանեց բանալին, բացեց բնակարանի դուռը, ուր դեռ քնած էին տան անդամները, փայփայած երազը բանալու հետ դրեց գրպանն ու ժպիտն երեսին՝ անցավ խոհանոց, թեև այդ օրն ընտրություններ էին, աշխատանքային օր չէր, ու ոչ էլ սերիալ կար…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 7
• Страница 1 из 1