ԼՈՒՍԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ. ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ
Գաղտնիք չէ, որ մենք ազգովին դարձյալ հայտնվել ենք լինելության մազե կամրջի վրա, և մեզ մեր երթը անխաթար պահելու համար, քաղաքական, տնտեսական, վարկային (շատ հաճախ կասկածելի) ծրագրերից զերծ առավել մշակութային լուրջ ու հիմնարար ձեռնարկներ են պետք: Հոգևոր-մշակութային կապերի ու խզման այս ժամանակներում գերակա է դառնում նույն այդ կապերը վերահաստատելու հրամայականը: Մենք տանուլ ենք տվել այն ժամանակներում, երբ հապաղել ենք, և անհրաժեշտ, կենսական կամուրջը չի կառուցվել, չի կառուցվել բերդն ու բացակայել է բերդակալը: Եվ այդ առումով «Նարցիս» ամսագիրն ու «Գրական էտալոն» հրատարակչությունը աննախադեպ մշակութային ծրագրեր են իրականացնում: Ամսագրի տնօրեն Սոնա Վանը և գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանը հավատավոր բանաստեղծի և գրական գործչի իրենց անձանձիր ջանքի մեջ համոզված են, որ չի անցել ու չի անցնելու բարձր գրականության և գեղարվեստական բարձրագույն արժեքների գնահատման ժամանակը: Եվ Անդրեյ Բիտով ռուս երևելի գրողի հետ հանդիպումը վերը հիշատակված մշակութային հեռահար ծրագրերի կարևորագույն հանգրվաններից մեկը պետք է համարել: Եվ վստահաբար կարելի է ասել, որ սա ընդամենը գրական հանդիպում չէ սիրելի գրողի հետ. պարզապես մշակութային իրադարձություն է մեծանուն գրողի սքանչելի ներկայությամբ կանխորոշված: Հայ ընթերցողը հասցրել է ճանաչել, գնահատել «Պուշկինյան տուն», «Կովկասի գերին» և բազում այլ անկորնչելի գրքերի հեղինակին` արձակագիր Անդրեյ Բիտովին, և ահա առիթը Բիտով բանաստեղծի ներկայությունն է մեր մշակութային դաշտում: Դժվար, շատ դժվար է հղկել բանաստեղծական այն ապառաժը, որ ճեղքվել է ձեռամբ Բլոկի և Ախմատովայի, Մանդելշտամի և Ցվետաևայի, Պաստեռնակի և Բրոդսկու, Ռուբցովի և Ախմադուլինայի: Ի վերուստ իրեն լիուլի տրված շնորհին ապավինած, ունկնդիր ներքին ձայնին, Անդրեյ Բիտովը կարեցել է և կայացրել է իր հյուսածո, խորն ու բազմաշերտ պոեզիան: Եվ այսօր «Գրական էտալոն» հրատարակչությունը ընթերցողի սեղանին է դրել Անդրեյ Բիտովի «Ծառը» խորհրդանշական խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն: Բիտովյան բանաստեղծությունը հայերեն հնչեցնելու գործին են առնչվել հայ նորագույն գրականության տաղանդավոր բանաստեղծների և հմուտ թարգմանիչների մի ամբողջ փաղանգ` Սոնա Վան, Գագիկ Դավթյան, Ներսես Աթաբեկյան, Շանթ Մկրտչյան, Ֆրունզիկ Կիրակոսյան:
Անցա ես ճամփան առ Աստված,
երևի, ճամփա էր դժվարանց:
համարյա դեպի շեմը հենց -
ճամփան երկար էր:
Թարգմանությունը` Շանթ Մկրտչյանի
Կյանքի վայրահակ երթի մեջ մենք հաճախ ենք մեզ կորցնում և հարկ է լինում կրկին ու կրկին ճշտել մեր կրծքի տեղը կրծքավանդակում, պարզել, թե ինչու է հաճախ անառիթ սիրտը, այդ փխրուն ու ծիծաղելի խխունջը անկանոն զարկում: Գրքի հայ թարգմանիչներն իրենց բռնած գործին նվիրվել են անմնացորդ և փորձել են պահպանել Բիտովյան բնագրի սլացքն ու վեհությունը.
Ջահելների համար այս թերթը շա՜տ է ծեր...
Եվ մի պատկեր ահա - օտարոտի -
իմ զառամյալ բարդին ո՜նց է ջահելացել,
դա սիրո՞ւց է շրշում, թե՞ կարոտից...
Թարգմանությունը` Գագիկ Դավթյանի
Աշխարհում կա ավելի գեղեցիկ բան, քան երկրից-երկիր բանաստեղծական ներշնչանքի փոխկանչը, մանավանդ երբ այն տեղ է հասնում բանաստեղծական կուռ ու ամբողջական պատկերների շնորհիվ.
Այդպես է կարծես: Բայց կա սահմանը մենություններիդ,
Որոնց նմանը քեզանից բացի ոչ ոք չգիտի,
Թեկուզև այն պարզ պատճառով միայն, որ դրանք պիտի
ճաշակել կյանքում: Դա է խնդիրը, որի գաղտնիքը անիմանալի
պարունակում է շարունակության հնարը միակ, և մնացորդը -
որքան էլ փոքրիկ - վաղվա օրն է քո:
Եվ ի՞նչ հնարքով պիտի ուղղորդեր Փրկիչն Արարչին
Ուրիշ մի ձևով շարունակելու սխալը ցեղի: Սատանա՜ն տանի,
Արարչության մեջ ո՞ւր է հատիկը տրամաբանության –
Այն ինքն իրեն է հավասար, այնինչ
Ավելի հեշտ է մեզ գայթակղել դեպի մեր ներսը,
քան հողին պահ տալ հատիկը սերմի... Եվ սերմն ինքնե՜րս ենք:
Թարգմանությունը` Սոնա Վանի
Եվ Բիտովյան բանաստեղծությունը մեզ տանում է դեպի բնապատկերի խորքը, դեպի խորհրդավորն ու անեղծելին, դեպի ոգին, դեպի ազնվագույն ռուսականը.
Նեղ պատուհանից Նա ներս է նայում,
Եվ լացն է լսում ներսերից մանկան:
Այդպես կինոն է իրականանում,
Ու ժապավենն է կտրվում հանկարծ...
Թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի
Մինչև այս պահը մեզ համար բացակայում էր Բիտովյան բարձրարժեք գրականության կարևորագույն մի էջ` պոեզիան: Եվ ահա այդ էջը լրվեց, ամբողջացավ.
Ընկերոջ նման, եղբոր կամ տան,
Փոշոտ մախաղը քո կշտկես...
Եվ էլ չես ուզի դու ետ դառնալ,
Էլ մենակ չես, ծառն ընկեր է քեզ...
Թարգմանությունը` Ֆրունզիկ Կիրակոսյանի
Բանաստեղծական ընծան վեր է խոյանում պարույրաձև, ցուցանելով ոգեղենի նոր տարածքներ: Այդպես խավարի ծանր քողն է ետ քաշվում, և ցոլում է հորիզոնի գիծը: Լուսավորի, բարձրի և հեռանկարի բացարձակ զգացողություն: Ավերիչ ժամանակի դեմ արարումի անսպառ ձիրք, բարդ ու դժվարին էպոխայի դեմքը վերակերտելու խիզախ ջանք:
Անկասկած, ո՛չ տիեզերքում, ո՛չ հողի վրա ոչինչ պատահական չի լինում: Պատահական չէր նաև Հրանտ Մաթևոսյանի և Անդրեյ Բիտովի հանդիպումը մոսկովյան սցենարական դասընթացներում: Դա գրական երկու երևելիների հանդիպում չէր սոսկ: Նորին մեծություն ճակատագրի կամոք դա հանդիպում էր երկու հնագույն և պատկառելի քաղաքակրթությունների: Ավելորդ չեմ համարում ձեզ ներկայացնել Անդրեյ Բիտովի վկայությունն այդ հիշարժան օրերի մասին. «Մեր ողջ կուրսը հավաքվում էր Հրանտի սենյակում: Ասել է, թե գնում էինք Հրանտին խանգարելու: Բայց Հրանտը համառորեն ձևացնում էր, որ ինքը չի խանգարվում: Այցելություններից մեկի ժամանակ Հրանտին գտա գրասեղանին հակված: Աշխատում էր: Հայացքս ընկավ նրա առջև դրված թղթին, և ես տեսա, թե ինչպես է Հրանտը ճերմակ թղթին քշում հայոց գրերի խուճուճ հոտը»: Սա մեծ գրողի, մեծ տեսանողի դիտարկում է: Հրանտ Մաթևոսյանի ներկայությունը Անդրեյ Բիտովի դեպի հայ մշակույթը ուղևորվելու ճանապարհին ուղեկից աստղի նման եղավ: Եվ դա մեծ բարեբախտություն էր, ճակատագրական բարեբախտություն: Ոչ այնքան հեռավոր 70-ականներին «Գարուն» ամսագրում տպագրվեց Անդրեյ Բիտովի «Վերջին արջը» սքանչելի պատմվածքը` Հովհաննես Մելքոնյանի թարգմանությամբ, որից մի հատված ուզում եմ քաղբերել. «Բանը գուցեև այն է, որ արջը արդեն հանձնվել էր մահվան` ընդ որում հանձնվել էր ոչ թե հատկապես, անհատապես այս արջը, նրա մեջ հանձնվել էր արջը, ընդհանրապես արջը, նրա մեջ չէր մնացել արջ լինելու ավյուն: Եվ, իրոք, եթե, ի տարբերություն արարող ու արարչագործ մարդու, դեռևս չանհետացած գազանային բնազդների մեջ կորած չլիներ վերահաս մահվան ճշմարիտ զգացումը, երբ գազանը թաքնվում է, սողում է, և այլն, ապա նա ինչու ձևից, ծագումից և հենց կյանքից չի զգում մահը և ավելի գլոբալային մահը: Նոյան տապանի գազանները տարերքի սարսափներին դիմագրավելու ավելի մեծ հնարավորություն ունեին, քան` սրանք կենդանաբանական այգու բացարձակ անվտանգության մեջ, ինչպես գոյություն ունի մահապարտների համար` վճռից մինչև ի կատար ածվելը: Այստեղ չկա պարզ և ոչ պարզ` նրանք բոլորը վերջիններն են հրաժեշտի կապույտ ծխի մեջ... Մինչև կեսօր անագե խելացնորությունը բռնել էր արջի աչքերը: Ո՛չ սարսափ և ո՛չ էլ կատաղություն, ո՛չ վախ և ո՛չ էլ դաժանություն, ո՛չ էլ թախիծ: Դա խելքը թռցրած արջ էր»: Ես ուզում եմ զուգահեռներ տանել դեպի մաթևոսյանական արձակը. «Ո՛չ պարտությունը, ո՛չ էլ մահն ինքը սարսափելի չեն, սարսափելին ցնորվելն է: Խելագար սահում ես վիճակների ու մարդկանց միջով, որ երբևէ քո կյանքն են եղել, քիչ է մնում ընկալես ու կապվես, բայց չի լինում, իմացության սայթաքուն լանջերից վիժում ես ներքև` խելագարի քո ստորոտները...»: Սա այն արջն է, որը հեղաշրջմամբ սկսված և հեղաբեկումներով շարունակվող մի ողջ ժամանակաշրջանում դարձավ մաքառումի, սեփական տեսակն ու ինքնությունը պահպանելու, ժամանակների փորձություններին դիմակայելու ոգի ու ոգու խորհրդանիշ: Սա ուրբանիզացիայի աղետներից փախչող, հալածական այն արջն էր, որն այնպես գեղեցկորեն մարդեղացավ ֆոլքներյան արձակում: Սա մաթևոսյանական արձակի ահնիձորյան իր վերջին գոյակռիվը մղող արջն է: Եվ վերջապես սա այն արջն էր, որ տոտալիտար այն թանձր մառախուղների մեջ պիտի քարկոծվեր և ամբաստանվեր իբրև այլախոհ: Եվ ամենակարևորը` դիմակայելու ոգին, բռնությանը, կեղծիքին, սադրանքին, քծնանքին ու երեսպաշտությանը դիմակայելու այդ ազատակամ ոգին, ոգու վճռականությունը: Կամյուն գտնում էր, որ Դոստոևսկու ստեղծագործության կիսախավարն ավելի զորավոր է, քան օրվա լույսը: Եվ փառք ու պատիվ Անդրեյ Բիտովին և իր քանքարավոր սերնդին, որ կորուսյալ ու սև մոգությամբ կալանված ժամանակներում խիզախեցին և զանգվածային կիսախավարից դուրս կորզեցին խիզախության, արժանապատվության, ճշմարտության լույսը: Լույս, որը հետագայում ցոլաց ու տարածվեց: Գոյություն ունի ֆոտոտրոպիզմ հասկացությունը, երբ ծանր խավարից ահաբեկված բույսերն ու կենդանի արարածները տենդագին մի ուժով մղվում են դեպի լույսը: Ինչպես Դանիել Վարուժանը կասեր` Դեպի աղբյուրը լույսին: Փառք ու պատիվ նաև հեղինակի հետ հրաշալի հանդիպման կազմակերպիչներին, քանզի Անդրեյ Բիտով եզակի գրողի և պարականոն մտածողի ներկայությունը մեզանում նույնպես մի հրաշալի առիթ է, որ օդ ու ջրի պես պահանջվող, փնտրված, սպասված լույսը ծփա, ծավալվի և արձագանքվի մարդկանց հոգիներում: