Մոսկվայում կցուցադրվի “Ախթամար” գեղարվեստական ֆիլմը
Նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կարմիր Պրեսնիայի “Կինոկենտրոնում” կկայանա Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյան եղբայրների “Ախթամար” կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի փակ ցուցադրությունը, որը նկարահանվել է “ԱրԱրԱտ” կոնյակի աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է “Կոմերսանտը”, փակ ցուցադրությանը հրավիրված են “Ռոսգոսստրախ” ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը, “Տրոյկա Դիալոգ”-ի նախագահ Ռուբեն Վարդանյանը, Իրինա Խակամադան, ռեժիսոր Պավել Լունգինը, ռեժիսոր եւ դերասանուհի Ռենատա Լիտվինովան, դերասանուհիներ Ինգեբորգա Դապկունայտեն, Տատյանա Դրուբիչը, հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շեւարդնաձեն, Վլադիմիր եւ Սաթի Սպիվակովները եւ այլք:
“Լեգենդն այսօր” շարքի “Ախթամար” ֆիլմի օն-լայն պրեմիերան կկայանա 2010 թվականի հունվարին` Ararat-legends.com հատուկ պրոմո-կայքում:
Ֆիլմի հիմքում ընկած է Թամար արքայադստեր եւ հասարակ պատանու նկատմամբ նրա սիրո մասին լեգենդը: Ռեժիսոր-բեմադրիչ Շամմասյան եղբայրների մեկնաբանությամբ ժամանակակից լեգենդը պատմություն է ժամանակակից Երեւանի եւ Մոսկվայի մասին, իմաստության եւ պատանեկան խանդավառության մասին: Հին լեգենդը գլխավոր հերոսին պատմում է տաքսու ծեր վարորդը, ում դերակատարը Արմեն Ջիգարխանյանն է: Ժապավենի լեյտմոտիվը ձեւակերպում է հենց նա, ասելով` “Միշտ լսեք ձեր սրտին…”:
Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է դուդուկ` Ջիվան Գասպարյանի կատարմամբ:
Նոյեմբերի 19-ին մեկնարկել է “Ախթամար” ֆիլմի գովազդային արշավը մամուլում եւ ինտերնետում: Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ, արծաթյա “Կաննի առյուծ”-ի արժանացած Էրվին Օլաֆն է:
“Ախթամար” ֆիլմի սցենարիստներ ու ռեժիսորներ Պոլ եւ Լյուդվիգ Շամմասյանները շարքի առաջին ֆիլմը մեկնաբանել են հետեւյալ կերպ. ՙԴա հիանալի գաղափար է եւ հանդիսատեսի ուշադրությանն արժանանալու գործուն եղանակ: Մենք կարծում ենք, որ լսարանին հետաքրքիր են գեղարվեստական ֆիլմի հերոսները, պատմությունը եւ ողբերգական ուժը, որոնք գրեթե անտեսանելի են գովազդային հոլովակի շրջանակներում: Դա միավորելով մշտական լեգենդների թեմայի հետ` մենք հույս ենք ունեցել ստեղծել անկեղծ, խորաթափանց կարճամետրաժ ֆիլմ, որը արձագանք կգտնի լայն լսարանի մոտ եւ կհաղթահարի ժամանակի փորձությունը”: