ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Իսկական պոեզիան հոգևոր հայտնություն է:
Պ. Սևակ
Սիրում եմ Քո ձեռքերով տնկած, աճեցրած այգում լինել: Խորհրդավոր է աշնանը միայնակ նստել շիրիմիդ հարևանությամբ, ծանրութեթև անել Հույսուսպասման ճամփաները: Մեր դիմաց Շեկ սարն է ու հորիզոնը` արևելք: Մտորումներիս սենյակներում Քեզ հորեղբայր կամ ամի եմ կոչում. անչափելի տարածության մեջ, երկինքների կայացած բարձունքներում Դու անուն չունես, 20-րդ դարակեսից հետայդ` հայ պոեզիայի Մայրաքաղաքն ես: Հավերժությանը աշխարհը մի պահ Քո աչքերով է նայել. հոգուդ աչքերով և այն, ինչ տեսել է, բա՛վ է ժամանակի որդիներին - դարերից անդին:
Տարիներ առաջ, 2001-ի սեպտեմբերի 29-ին, պատեհ առիթով ինձ հաջողվեց լինել Խոր Վիրապում: Լեռը մռայլվել, թիկնոցվել էր մշուշով: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդն էր այցելել Խոր Վիրապ: Նրան տեսա շատ մոտիկ, հակված գլխով, ճեփճերմակ այնքան, որ խղճացի:
Ափիս մեջ ամուր սեղմած ունեի զարմիկիս` Արսենի ձեռքով պատրաստած ոսկյա խաչը, որը հաջորդ օրը նվիրելու էի զարմուհուս` Նարեին, մկրտության առիթով (մկրտության արարողությունը կատարվեց Խոր Վիրապում):
Հովհաննես Պողոս 2-րդը խաչակնքեց իմ ուղղությամբ: Պահը զորավոր էր, կարծես թե Կյանքի շիվն էր ափիս մեջ, որը գտել էի Խոր Վիրապի աստվածային լռության մեջ ու պատրաստվում էի Լեռն ի վեր թռիչքի...
Երթուղային տաքսին կանգ առավ Չանախչիի դարպասի մոտ, քայլերս ինձ բերեցին մինչև այգիդ: Այնպե՜ս թեթև ստացվեց (խնդրո՜ւմ եմ, Տե՛ր) աղոթքս` Քո՛ բառերով.
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ...
Եվ ո՛չ թե լույս երեկոյի,
Ի մտանել արեգական,
այլ լույս զվարթ արդար գոյի`
Շաղաոտըն առավոտի...
Լույս երգեցի՜կ ու նվագո՜ւն:
Դու` առաքյալ ամենօրյա,
որ բերում է միայն հավատ...
Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ...
Աղոթքդ դարձավ իմը, սփռվեց աշնանային գյուղի վրա, բարձրացա՜վ, իր հետ վեր տանելով արցունքներս, որոնք մաքուր էին հավատի պես:
***
Ի սկզբանե, դեռ 1924 թ. հունվարի 24-ի լուսեղեն օրը, Չանախչիի ձմեռային երկնքում խնկելի տեքստ է հայտնվել, ծնված մանուկն իր մաքուր շուրթերով հանգերգել է Աստըծու խոսքը. «Եղիցի՛ լոյս»...
Այս աշխարհ եկավ մարդը, քաղաքացին, պոետը ու սարսռաց Աստըծու պակասից: Շուրջն ամայի էր, օդը` դատարկ, ոգեղենը` խեղված ու գիշե՛ր էր, գիշե՜ր, խավա՜ր...
Մարդուն հեռացրել էին բնականից, բնությունից, Աստծուց: Մարդը խավարի մեջ էր ու անտեր: Շրջադարձ էր մեռած: Բացական Աստվածն էր` այսինքն` Լույսը...
Պոետն օտար էր այդ գիշերում, բայց առաքելության ուժն արյան մեջ էր, պիտի կրակի տար արյունը, որ երկրային մի պտղունց լույսը տեսներ Աստված ու երկնային Լույսն ուղարկելով, վիթխարի ու անչափելի դարձներ այն, որ պարտվեր խավարը...
Պարույր Սևակի շուրջն աղմուկը շատ էր, շատ ու բութ, բանաստեղծի հոգում վախ կար.
Ուր որ է կրկին կիջնի գիշերը
Եվ մեր վրայով կանցնի ծանրորեն`
Մամլիչի՜ նման...
(Եղիցի լույս, 1992 թ. էջ 23)
Ոգու շրջադարձն այստեղ է, որ փրկում է բանաստեղծին, և նա փորձում է փրկել մարդու բոլոր որդիներին` ամենին, ինքն իր վրա փորձելով իր ստեղծածը:
Բանաստեղծը զարթնել է, բայց դեռ չի լվացվել, Կենաց Ջրի կարիքը կա, նրա կանչը հասել է Աստծուն: Աստված պատրաստ է Լույսն ուղարկելու, սակայն բանաստեղծը դանդաղում է դեռևս, ժամանակի մեջ փորձելով պատրաստել իրեն և ամենին` Լույսն ընդունելու:
Նո՛ր ոգի է անհրաժեշտ` նո՛ր կեցության` ոգեղե՜ն կեցության համար: Հանձնառությունը քիչ է, որպեսզի պարտվի գիշերը, հուսազենությունն է, որ պետք է դատարկը լցնի հավատով ու Տիրոջ առջև առաջին վերասովորած բառերն ասվեն, այսինքն` «Արեգակ» կամ` «Եղիցի լույս»...
Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես...ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ` նաև անօդ:
Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա`
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,
Որպեսզի նախ ե՛ս
Եվ հենց ի՛նձ վրա
Բժշկի նման փորձարկեմ կարգին,
Ու եթե լինի այս անգամ սարքին`
Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Եվ ապրեք այնտեղ դուք մարդավայել:
(Ե.Լ. էջ 9)
Բանաստեղծն այստեղ սոսկ քերթողը չէ, նա միջնորդն է, հաղորդիչը` Աստըծու և մարդու միջև...
Լույսն աստիճանաբար նա ծավալում է.
Արշալույսն է շարունակում ածել փողը իր ծիրանի,
Որի բոլոր նեղ ծակերից լայն շաղվում է
Ինքը Արդար Արեգակը...
Բանաստեղծը բացարձակ ներկան է Լույսի հայտնության:
Լույսը - Աստծու Խոսք, Լույսը - Կենդանի Ջուր, Լույսը - դեպի ոգեղենը շրջադարձ, Լույսը - համաներկայություն` գոյի եղելությունների, ներկայի հաղթած գոյության, ապագայի հավերժ արարվող ոգու և Էության: Լույսի համապատկերում Ցերեկի հաջորդումն է գիշերին, կայացում - ծնունդը, դրական հերթագայությունը:
Պարույր Սևակ մարդու բջիջներում հստակ ապրում է նախասկիզբը, գենետիկ հիշողությունը և հաստատում է, որ ինքը վաղո՜ւց է սիրում մարդ արարածին, դեռ նախաստեղծ Լույսի գոյում: Սևակը հավատում է Լույսի բերած նոր նվագին, որը կեղանակվի աստվածների ծննդյան ժամանակաշրջանի նվագի հանգույն:
Բանաստեղծը Լույսը միայն չի տարածում, նաև խորացնում, մաքրում է ջուրը.
Որ քո հմուտ - ամենամուտ շողերի տակ
Ծածկամիտ ջուրն անգամ դառնա անկեղծ - հստակ:
(Ե. Լ. էջ 12)
Տարածությունն արդեն անչափելի է, բանաստեղծի խոսքի արժեքը մեծանում է մետաֆորային մտածողության հետ անընդհատ փոփոխվելով ու հաստատելով առաջնեկ - պոետի իմացության անեզրությունը: Աստված նրան ամեն վայրկյան է առաջնորդում իմացության, բանաստեղծի մեջ կուտակվում է վիթխարի չափի հոգևոր և մտավոր իմացություն, որն ի վերջո տանում է դեպի հոգու Լեռան գագաթը, իսկ Սուրբ Գիրքն ավետում է. «Շատ իմացության մեջ շատ տրտմություն կա ու իր գիտությունը ավելացնողը իր վիշտը կավելացնի (Ժողովող 1,18)»:
Հզորացած կամքով իր բարձունքում կանգնած բանաստեղծը նոր ձայնով է ասպարեզ մտնում ու ապսպրանք հղում Տիրոջը.
Թողություն տուր, Տե՛ր, ծանըր Խավարին,
Միայն թե թող Նա թողնի, հեռանա:
...Իսկ թե հա՛րկ լինի, նամանավանդ պետք,
Ես Խավարի հետ կմեկնեմ Ինքըս...
Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը Արշալո՜ւյսը,
Գա՛...
(Ե.Լ. էջ 14)
Ոգեղեն վեհ ակունքը - Լույսն է, միևնույն ժամանակ այն սարսուռը, որը կապում է ներաշխարհը Աստծու հետ:
Բանաստեղծը պատրաստ է ինքնակործանմամբ կործանել` ոչինչ - ունայնություն - խավարը, բայց իր կործանմանը պետք է հաջորդի արշալույս - լույսը, որի հետ նա կապված է արյան հիշողությամբ ու այդ վիճակի մեջ է հարաբերվում աստվածների և համաշխարհային ջրերի հետ: Կործանում է իրեն, որպեսզի կայանան մյուսները: (Ինչպես կասեր գերմանացի հանճարեղ բանաստեղծ Ֆ. Հյոլդեռլինը. ,,Das Werden im Vergehn’’.):
***
2010 թ. աշունն է...
Նստած եմ այգուդ ծիրանենու տերևաթափի ներքո: Լռություն է: Խորհում եմ, որ Պարույր Սևակ մտածողի համար որքա՜ն դժվար է եղել իր ապրած ժամանակում մասնակցելն աշխարհի ոգու ձևավորմանը: Բանաստեղծն ինքն իրեն և իրերը ճանաչել է իր կատարելության սահմանում և հենց այս այգուց է զգացել անհունը, տեսել իր ինքնագիտակցության բարձրագույն ձևը` նկարված արևելյան հորիզոնին:
Ենթագիտակցակա՛նը չի մղել առաջ, որակի և քանակի օրգանական միասնությունը և՛ ամեն ինչ է եղել, և՛ միտք, և՛ գոյի ճանաչողություն:
Խորո՜ւնկ - ազգայի՜ն - հանճարե՜ղ - փիլիսոփայորեն տրոփելով ինքնըստինքյան, իմաստնացած ի՛ր առավելի ափերում: Նման` միայն ինքն իրեն ու բարձր ինքն իրենից:
Հունիսի 17-ին, պոեզիայի օրը, բոլոր արթուն հոգիներն են շտապում դեպի Զանգակատուն:
Այգու լռությունը խախտում է բանաստեղծի հրաշալի ձայնը, տերևների պարով ձայնն իջնում, գրկում է ուսերս ու ստիպում նայել երկնքի չքնաղ լազուրին.
Դո՛ւ,
Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,
Արի՛,
Ապրիր հոգուս մեջ,
Որ չունի պատեր, որոնց դու խփվես:
Ապրի՛ր հոգուս մեջ,
Ուր չես դեգերի նաև մտովին,
Ուր դու կնստես ու կիշխե՜ս անգամ`
Ա՛յն զարմանալի առատության հետ,
Որ այնտեղ տե՜ր է, արքայից արքա՛:
Պարույր Սևակը գերզգայական, անմիջական ըմբռնումով է տեսել իր մեջ մարմնավորված վեհը:
Ուրիշներին անշահախնդրորեն ծառայելու բարոյական սկզբունքը նրանում բացարձակ բարձրության վրա է ապրել,- դրանով է նա ջրել կեցության, մտածողության, ճանաչողության ծառերը: Ազա՜տ ինքն իր հետ ապրել է գիտակցության, իմացության սահմաններից ներս և դուրս: Նրապեսները նախապես են անցնում ներքին իրազեկության գիտակցման միջով: Նրապեսների լինելությունը կանխորոշված է, ամեն ինչ կատարվում է տիեզերական ոգու օրենքով: Աստըծու տվածն է գոյատևում:
Բանաստեղծը ծնվեց ու արդեն գիտեր տիեզերքի այբուբենը: Այդ այբուբենով մտքի, ոգու Տաճար կառուցեց և քանի որ ընկալման ու ընդունման ժամանակները տարբեր են, նա ապացուցեց ի՛ր դարում աստ-լինելությունը: Ժամանակը մեկիկ - մեկիկ կնքված ծրարները կբացի ու կամրագրի մշտատեվությունը:
Նախահնչույթը միշտ կզնգա Քրոնոսի տրոհումներում, մաքուրի բխումը իրեղենությունը կցուցադրի վերացական երևույթների և երևակայությունների աշխարհում: Նրա ոգու Տաճարի ներքին հզորությունը անսկիզբ - անվերջ է, էներգիան լույս է արձակում ու լույսի ճառագման երկարակեցությունը մեկնաբանված չէ:
Աստված սիրել է Պարույր Սևակին, ում թողել էր Երկրի վրա ու երկնքից տեսել իր ստեղծածի առավելը - երկնից անդին: Բանաստեղծը դեռ աստղերի արգանդում խմորվելիս առնչվել է տիեզերքի բացարձակ գաղափարին և այդ բացառիկությունն է կատարելության ճամփին երկնել «Եղիցի լույս» բանաստեղծությունների ժողովածուն, որը դժվար ուղի անցավ, ապա թռավ հանց աղավնի` ճյուղն կտուցին:
Պարույր Սևակի Էության էզոթերիկ բացարձակությունը երևում է նրա բոլոր քերթվածքներում:
Բախտը տրված էր, ինքնահայեցման վայրկյանները հոգեթով. առանց հայելու էլ Սևակը տեսնում է իրեն, քանզի հայելին ի՛ր մեջ է, իր հոգևո՛ր իրողության ու այդ ծավալի տիրույթներում այնքա՜ն է ոգեղեն, որ ապրում, մեռնում, սիրում, զարմանում, հրավիրում, խոստանում, վիճում, փառաբանում, հպարտանում է բոլորի փոխարեն և փորձում մարդուն տանել դեպի բացարձակ նպատակը: Ինչքան շատ են հորձանուտները, այնքան թեթևորեն են հաղթահարվում, որովհետև պոետը և՛ հարցնողն է, և՛ պատասխանողը, և՛ խաղաղվողը.
Եվ փա՜ռք Աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:
Միայն ցավից ետ մղված մակընթաց ուժն է, որ կարող է մաքրել հոգու ափերը, դարձնել մարդուն - մանուկի պես մաքուր: «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.3),- ասում է Սուրբ Գիրքը:
***
2011 թ. հունվարի 24-ն է:
Շիրիմիդ շուրջբոլորը մանուկներ են` հայրենի գյուղիդ մանուկները: Այգիդ ճեփ - ճերմակ ձյան տակ է ու լույս է ճառագում մանուկների մաքուր աչքերից:
Ակամա հիշեցի 2005 թ. հունվարի 24-ը: Ձյան շերտը մետրաչափ էր, իսկ ձյունը տեղում էր անընդհատ: (Ինձ մոտ պահպանված են այդ հրաշք օրվա լուսանկարները):
Շիրիմդ շրջապատող մանուկներն սկսեցին անձեռնոց թաթիկներով սրբել շիրմաքարիդ կուտակվող ձյունը, ու ես հավատացի քո հավատին.
Աշխարհին...մանկա՜ն մաքրություն է պետք...
Մանուկների կատարյալ մաքուր հոգին հուզել էր Երևանից ժամանած ՀՀ ժող. արտիստուհի Վերա Հակոբյանին, ուսուցչուհի Նինա Հարությունյանին, գրող - հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանին:
Ձյունը գալիս էր, մաքրում մեր հոգիները, որ արթուն մնանք ու ճամփա ընկնենք Լույսի առաջնորդությամբ...