Կենսագրություն
1897- 1937
Եղիշե Չարենց
Текст:
1897, 01 մարտ (նոր տոմարով՝ 13 մարտ), Կարս - Ծնունդը՝ ըստ “Չափաբերական մատյանի”: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Դավանանքը՝ հայ լուսավորչական:
Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա եւս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ “Հայրենիքս է Խանի Մակուն”, “Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում”:
Հայրը պարսկահպատակ էր եւ զբաղվում էր առեւտրով: Եղիշեից բացի ուներ եւս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:
Սողոմոնյանների ընտանիքը 1883-ին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետեւ այնտեղից՝ Կարս: Չարենցի հայրը մահացել է 1918-ին, մայրը՝ 1932-ին:
Կարսը Ռուսաստանին միացվեց 1877թ. նոյեմբերի 6-ին: Ռուսական զորքերի հրամանատարը գեներալ Հ. Լազարեւն էր: Քաղաքը դարձավ Կարսի մարզի կենտրոն: 1913-ին ուներ 12.175 բնակիչ:
1908-1912 - Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Վերջինս բացվել էր 1906թ. հոկտեմբերի 15-ին: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է “Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն”: Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Գիտելիքների պակասը լրացրել է անհագուրդ ընթերցանությամբ:
1910 - Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է “Գարուն” ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:
1912, հուլիս - Թիֆլիսի “Պատանի” ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է “Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին” բանաստեղծությունը: Հեղինակը դժգոհ էր, քանի որ խմբագիրը 40-50 տող բանաստեղծությունից թողել էր 8 տող:
1914 - Կարսում, Շ. Կ. Սուրենյանի “Արեւագալ” տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ “Երեք երգ տխրադալուկ աղջկան” ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին:
Գրքի վրա արդեն գրված էր Չարենց գրական անունը: Ինքը Մահարուն հետագայում պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի “Չարենց” մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետեւ մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Զիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Պուշկինի “Անչար” ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետեւանքով:
1915, օգոստոս - Զինվորագրվում է հայ կամավորական 6-րդ գնդին, որը շուտով միավորվում է 7-րդ գնդին եւ վերակազմավորվում որպես 7-րդ գունդ: Հրամանատարը իշխան Հովսեփ Արղության Երկայնաբազուկն էր: Սեպտեմբերի 30-ին կազմվել է ճակատ մեկնող հայ կամավորականների գնդի ցուցակը: Գունդը հասել է Վան եւ մինչեւ դեկտեմբեր ամիսը ծավալել մարտական գործողություններ: Չարենցը մասնակցել է Թափառեզի, Սուլդուզի մարտերին: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց “Դանթեական առասպել” պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում: Պոեմը տեղագրված է՝ Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ”: Ուներ ձոն՝ “Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան եւ Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան եւ սիրուն Հայրենիքի համար”:
1915 - Առանձին գրքով Թիֆլիսում լույս է տեսնում “Կապուտաչյա հայրենիք” պոեմը:
1916 - Ընդունվում է Մոսկվայի Շանյավսկու համալսարան: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում գրում է, որ 2 տարի սովորել է Մոսկվայի ժողովրդ. (Շանյավսկոգո) համ.”:
1917, փետրվար - Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը:
1917-ին Մոսկվայում լույս է տեսնում “Բանաստեղծություններ. Ծիածանը” ժողովոծուն: Գիրքն ուներ ձոն՝ “Իրիկնային քրոջս - Կարինե Քոթանջյանին”:
1917 - Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող “Մի բաժակ թեյ” թեյարան - սրճարանում Չարենցը տեսնում է Վահան Տերյանին, որը նրա գրական կուռքն էր: 1912-ին Կարսում գնել էր նրա “Բանաստեղծություններ” գիրքը: Տերյանին Չարենցը համարում էր “Մի ամբողջ կուլտուրա”: Ամբողջ կյանքում Տերյանի գրական ու մարդկային ներկայությունը ուղեկցել է նրան: Իր հերթին Տերյանը եւս ճանաչել է Չարենցին: 1919թ. դեպքերի մտաբերումով Ա. Կարինյանը գրում է, որ Տերյանը “... համենայն դեպս գտնում է, որ նորագույն բոլոր հայ բանաստեղծների շարքում ամենից տաղանդավորը Եղիշե Չարենցն է:
- Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ”:
1918 - Տարեսկզբին, թուրքական հարձակումների ուժեղացման հետ, Սողոմոնյանների ընտանիքը տեղափոխվում է Մայկոպ: Նույն թվականին Չարենցն այցելել է ծնողներին եւ մասնակցել Հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:
1918, դեկտեմբեր - Թիֆլիսում լույս է տեսնում “Սոմա (Նոր վեդյան պոեմ)” գիրքը:
1919, սեպտեմբեր-նոյեմբեր - Կարսը եւ նահանգը թուրքերից ազատագրվելուց հետո՝ ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաչքյադիկլար գյուղի դպրոցում:
1919, 18 հոկտեմբեր - Հայաստանի գրական ընկերությունը Երեւանում կազմակերպում է Չարենցի ստեղծագործության քննարկում: “Մի նոր բանաստեղծ” նյութով խորհրդարանի դահլիճում զեկուցում է հանրային կրթության եւ արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը: Չարենցն այդ գրական միջոցառմանը ներկա չի եղել եւ այդ մասին տեղեկացել է մամուլից:
1919 - Թիֆլիսում լույս է տեսնում “Ամբոխները խելագարված” պոեմը:
1920, 1 հունվար - Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության եւ արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: Ըստ Նիկոլ Աղբալյանի “Եղիշե Չարենցն ու ես” հուշի՝ “մի պաշտոն “անձնական քարտուղար””: Նշանակման հրամանը ստորագրել է նախարար Նիկոլ Աղբալյանը: Այդ աշխատանքից իր դիմումի (“Խնդիր”) համաձայն ազատվել է նույն թվականի հունիսի 1-ին: Ազատման հրամաննն ստորագրել է նախարար Գ. Ղազարյանը:
1920 - Դիմել է ընդունվելու կոմունիստական կուսակցության շարքերը: Չարենցին տրվում է ՀԿ(բ)Կ 570 համարանիշի կուստոմսը՝ Խանջյանի ստորագրությամբ: ՀԿ(բ)Կ Երեւանի կոմիտեի որոշմամբ Չարենցը կուսակցությունից հեռացվել է 1926թ. սեպտեմբերի 7-ին՝ նախորդ օրը նրա նկատմամբ կալանավորման կանխարգել միջոց կիրառելուց հետո:
1920, 15 դեկտեմբեր - Աշխատում է որպես ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում մնացել է մինչեւ 1921թ. հունիսը: Եղել է նաեւ լուսժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ:
1920 - Երեւանում լույս է տեսնում “Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)” գիրքը, որի մեջ զետեղված էին “Նաիրի երկրից”, “Դեպի ապագան”, “Բրոնզե թեւերը կարմիր գալիքի” պոեմները:
1920 - 1921 - Ըստ “Համառոտ կենսագրության”՝ Երեւանում աշխատել է նաեւ որպես մանկատների ուսուցիչ:
1921, 21 փետրվար - 4 ապրիլ - Ղամարլուի (Արտաշատ) ճակատում ծառայել է Յանիչեւսկու գլխավորած զինվորական գործող ջոկատում՝ “շարքային կարմիրբանակային, վերջում “Ազատամարտ” զրահագնացի քաղղեկ”: 1932թ. ստանում է կարմիր պարտիզանի թիվ 382 վկայականը:
1921, հունիս - Ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Ծնվել է Նախիջեւանի Ազա գյուղում 1899թ., ավարտել Թիֆլիսի Գայանյան դպրոցը, գիմնազիա, իսկ 1921-1922-ին Չարենցի հետ մեկտեղ ուսանել Մոսկվայում: Նրան են նվիրված “Տաղարան”, “Ութնյակներ արեւին” շարքերը:
1921, օգոստոս - Մոսկվայի Արեւելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական - գեղարվեստական բաժնի ուսանող:
1922, փետրվար-մայիս - Մոսկվայում Ա. Մյասնիկյանի հանձնարարությամբ լույս են տեսնում “Երկերի ժողովածու”-ի Ա եւ Բ հատորները, որոնք ամփոփում են նրա տասնամյա ստեղծագործական վաստակը:
1922, 14 հունիս - “Խորհրդային Հայաստան” օրաթերթում լույս է տեսնում Ե. Չարենցի, Ա. Վշտունու եւ Գ. Աբովի ստորագրած “Երեքի” դեկլարացիան: Որպես նոր արվեստի պատգամախոսներ՝ նրանք պահանջում էին հայ գրականության արմատական բարեփոխում: Բոլոր ծայրահեղություններով հանդերձ՝ “Երեքը” խմակցության գործունեությամբ Չարենցը Հայաստանում սկզբնավորեց բուռն գրական շարժում: “Երեքը” գոյատեւեց մինչեւ օգոստոս:
1922, 1-3 օգոստոս - Գրում է “Ասպետական” ռապսոդիան, որը լույս է տեսնում “Նորք” հանդեսի 1923թ. 2-րդ գրքում:
1922, 5 հոկտեմբեր - Գործուղվում է ուսանելու Մոսկվայի Բրյուսովի անվան բարձրագույն գրական - գեղարվեստական ինստիտուտում: Ուսումը երկար չի տեւում:
1922, 1 դեկտեմբեր - Մոսկվայի “Մուրճ եւ մանգաղ” հրատարակչությանը կից հայկական բաժնի գրաքննիչ Վ. Տեր- Գրիգորյանը դիմում է ԽՍՀՄ գլավլիտի վարիչ Լեբեդեվ-Պոլյանսկուն եւ զեկուցում, որ Չարենցի Մոսկվայում տպագրված երկհատորյակն ունի “ջարդարարական - կղերական - նացիոնալիստական” բովանդակություն:
ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. փետրվարի 22-ի նիստում Վ. Տեր-Գրիգորյանի արարքը որակվում է որպես զրպարտություն, անհիմն եւ ակնհայտորեն սադրիչ: Հարց է հարուցվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ պատասխանատվության ենթարկելու մասին:
1922 - Մոսկվայում լույս են տեսնում “Պոեզոզուռնա” ժողովածուն եւ “Ռոմանս անսեր” պոեմը:
1923, 1 հունվար - Մոսկվայում Չարենցը նամակ է գրում նույն քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվող Հովհաննես Թումանյանին. “Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆյոդորովիչի (Մյասնիկյանի՝ կազմող) հետ մեկնում եմ Երեւան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, որը պետք է բխի ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից: Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երեւանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն եւ պիտի գամ Թիֆլիս՝ իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած եւ իմաստուն կյանքին, որը նվիրել է հայրենի եզերքին այնքան “շռայլ” ձեռքով հոգեկան բարիքներ եւ գանձեր”:
Իր հերթին Թումանյանը եւս բարձր է գնահատել Չարենցին. “Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ”:
1923, 10 ապրիլ - Երեւանում դասախոսել է “Ռուսական արդի պոեզիան” նյութով:
1923 - Երեւանի ժողովրդական համալսարանի ուսանող: Թոշակառու ուսանողների ցուցակում նրա անունը 35-րդն է:
1923 - Թիֆլիսում լույս է տեսնում “Կապկազ” թամաշան: Նկարիչ՝ Կարո Հալաբյան:
1923 - Կ. Պոլսում լույս է տեսնում “Պոեմներ” ժողովածուն: Խմբագիր՝ Պողոս Մակինցյան:
1923 - “Նորք” հանդեսում (թիվ 3) տպագրվում է Մ. Աբեղյանի “Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ” հոդվածը:
1924, մայիս - Ե. Չարենցի, Կ. Հալաբյանի եւ Մ. Մազմանյանի համագործաքցությամբ Մոսկվայում լույս է տեսնում “Standard” հանդեսի միակ համարը եւ Ա. Մյասնիկյանի հորդորով ոչնչացվում: Հանդեսը շարունակում եւ նոր պայմաններում փորձում էր իրականացնել “Երեքի” դեկլարացիայի հիմնադրույթները:
1924, 9 սեպտեմբեր - ՌԿ(բ)Կ անդրերկրկոմի քարտուղարության նիստում (քարտուղար՝ Մյասնիկյան) որոշվում է Չարենցին գործուղել արտասահման եւ հատկացնել անհրաժեշտ միջոցներ:
1924, 21 նոյեմբեր - Բաթումից մեկնում է արտասահմանյան շրջագայության: Լինում է Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925թ. հուլիսի 31-ին արտասահմանից վերադառնում է Երեւան: Ուղեւորության ընթացքում գրել է “Լենինն ու Ալին” (Տրապիզոն), “Ստամբոլ” (Կ. Պոլիս), “Պոեմ հերոսական” (Հռոմ), “Կոմունարների պատը Փարիզում” (Բեռլին) պոեմները, “Դեպի Ստամբոլ” (Բաթում-Կ. Պոլիս), “Բելգիա - Լիեժ” (Փարիզ, Բեռլին) բանաստեղծությունները:
1924 - Մոսկվայում լույս է տեսնում “Կոմալմանախ” ժողովածուն:
1924 - Երեւանում լույս է տեսնում “Մաճկալ Սաքոյի պատմությունը” պոեմը:
1924 - Չարենցի խմբագրությամբ Երեւանում լույս է տեսնում “Կորչի՛ պատերազմը” գրական - գեղարվեստական ժողովածուն:
1924 - Վենետիկում լույս է տեսնում Սիմոն Հակոբյանի “Եղիշե Չարենց” մենագրությունը՝ առաջին լուրջ ուսումնասիրությունը Չարենցի ստեղծագործության մասին: Մինչ այդ մամուլում տպագրվել էին հոդվածներ եւ գրախոսություններ:
1925, 17 հուլիս - Արտասհամանում եղած ժամանակ ընտրվում է “Հոկտեմբեր” (այնուհետեւ վերանվանվել է “Նոյեմբեր”) կազմակերպության պատվավոր նախագահ:
1925, 13 սեպտեմբեր - “Խորհրդային Հայաստան” օրաթերթում լույս է տեսնում Չարենցի գլխավորած “Նոյեմբեր” միության դեկլարացիան, որը բացի նրանից, ստորագրել էին նաեւ Գ. Մահարին, Մ. Արմենը, Վ. Նորենցը, Գ. Սարյանը, Ս. Տարոնցին եւ ուրիշներ: Սեպտեմբերի 27-ին Երեւանում բացվում է “Նոյեմբեր” միության համահայաստանյան ժողովը, որը քննարկում է կազմակերպչական հարցեր: “Նոյեմբեր” միությունը 1925թ. նոյեմբերի 6-ին հրատարակում է “Նոյեմբեր” մեկօրյա թերթը, որի մեջ նյութեր ունի նաեւ Չարենցը: 1926թ. դեկտեմբերի 6-ին կուսակցական պարտադրանքով “Նոյեմբերը” միավորվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հետ՝ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունը:
1926 - Երեւանում լույս է տեսնում “Երկիր Նաիրի” վեպը: Գրել է 1921-1924 թթ., Մոսկվայում եւ Երեւանում: Գրելուն զուգընթաց տպագրել է “Նորք” հանդեսում (1922, 1923, 1925): 1926-ին “Երկիր Նաիրին” Մ. Շահինյանի առաջաբանով ռուսերեն լույս է տեսնում նաեւ Մոսկվայում (թարգմանիչ՝ Հակոբ Խաչատրյան):
1926 - Երեւանում լույս է տեսնում Գ. Վանանդեցու “Մարտիրոս Սարյան”, Եղիշե Չարենց” գիրքը:
1926, 5 սեպտեմբեր - Երեւանում ատրճանակի կրակոցով թեթեւ վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր: Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ: Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման (խիստ մեկուսացումով): Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում է 3 տարի (առանց խիստ մեկուսացման եւ իրավունքների սահմանափակման): Պատիժը կրում է Երեւանի բանտում՝ “Ուղղիչ տանը”: Այս ընթացքում կնոջ վիճակի վատացման եւ մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը: 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել “հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը”:
1927, հունվարի 1-2-ի գիշեր - Արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ Երեւանի 1-ին հիվանդանոցում վախճանվում է կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը: Չարենցը շատ ծանր է տարել կնոջ մահը: Նրա հիշատակին են նվիրված ձոնված “Էպիկական լուսաբաց” ժողովածուն, “Նավզիկե” պոեմը, այլ բանաստեղծություններ:
1927 - Թիֆլիսում լույս են տեսնում “Ռուբայաթ”, “Ժողովածու պոեմների”, “Հիշողություններ Երեւանի ուղղիչ տնից” գրքերը:
1928, 1 հուլիս - Աշխատանքի է անցնում Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում որպես վարիչ: 1930թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվում նա: 1934թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր եւ այդ պաշտոնից ազատվում է 1935-ի մարտի 8-ին: Նույն օրն էլ Հայաստանի գրողների միություն է դիմում “Հայտարարությամբ” եւ պահանջում իրեն ազատել միության շարքերից:
1928, նոյեմբեր-դեկտեմբեր - Գրում է “Խմբապետ Շավարշը (Մի հատված “Ապստամբություն” չափածո վեպի առաջին գլխից)” պոեմը: Լույս է տեսնում “Նոր ուղի” ամսագրում (1929, թիվ 1):
1928 - Կազմում է “Գրականության դասընթաց” դասագիրքը: 1928-1933 թթ. կազմել եւ լույս է ընծաել 14 անուն դպրոցական դասագիրք եւ քրեստոմատիա: Իսկ 1936-ին մասնակցել է հայոց լեզվի եւ գրականության ծրագրերի կազմման աշխատանքներին:
1929 - Մոսկվայում լույս է տեսնում “Չորս բալլադ” ժողովածուն:
1929 - Մոսկվայի քաղաքային 2-րդ հիվանդանոցում երիկամի վիրահատությունից հետո (քարի հեռացում) սկսում եւ մինչեւ կյանքի վերջը շարունակում է օգտագործել թմրադեղեր:
1930 - Երեւանում լույս է տեսնում “Էպիքական լուսաբաց” ժողովածուն: Փետրվարի 2-ին գրողների տանը կազմակերպվում է գրքի քննարկումը: Զեկուցում է Հ. Գյուլիքեվխյանը:
1931, 19-21 փետրվար - Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է “Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները” նյութով:
1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում:
1931, 3 օգոստոս - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների: Չարենցը կցվում է Երեւանի ծխախոտի գործարանին:
1931, 29 սեպտեմբեր - Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց: Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից: Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) եւ Անահիտ (1935թ.): Մահացել է 1969-ին Երեւանում:
1932, 17 փետրվար - Դիմում է Կենտկոմ եւ առարկում այն որոշման դեմ, որով մի քանի գրողների, նաեւ իրեն, մեկ տարով ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի: Այդ կապակցությամբ գրում է. “Ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից եւ զբաղվել ստեղծագործությամբ: Պետհրատի աշխատանքը միակ պրակտիկ ասպարեզն է, որին կապված եմ ես,- ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ պետհրատի համար”:
1932, փետրվար - “Նոր ուղի” ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) “Խորհրդային Հայաստանի պոեզիան” հոդվածը, որի մեջ Չարենցի “Էպիքական լուսաբաց” ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են “իդեոլոգիական սխալներ”, “իդեալիստական երկվություն”, “ծայրահեղ ինդիվիդուալիստ”, “սուբյեկտիվ իդեալիստ”, “Չարենցը սայթաքել է”, “Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով” արտահայտությունները:
Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում:
1932, մարտ - “Գրական թերթում” (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի “Բաց նամակ Եղիշե Չարենցին” նյութը, որի մեջ գրում է. “Էպիքակակն լուսաբացում” ... դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: ... Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: ... Քո նահանջի եւ լռության պատճառն այն է... որ դու... մասսաների հետ թույլ ես կապված...”:
1932, 23 ապրիլ - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում “Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին”: Մայիսի 9-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը ընդունում է համանման որոշում՝ “Հայաստանի գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին”: Չարենցն ընդգրկվում է ՀԳՄ-ի վերակառուցման նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում:
1932, 4 դեկտեմբեր - Չարենցի գրական գործունեության 20-ամյա հոբելյանը նշելու նպատակով գրողների միությունում ստեղծվում է հանձնաժողով՝ Բակունց, Մահարի, Արմեն, Ալազան, Դաբաղյան: Սակայն հոբելյանը չի նշվում: 20-ամյակի կապակցությամբ լույս է տեսնում “Երկեր” մեծադիր հատորը, որն իմի է բերում նրա լավագույն էջերը:
1932 - Երեւանում լույս է տեսնում “Հոկտեմբեր-Նոյեմբեր” տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը եւ ժողովրդական տնտեսությանը:: Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը եւ Տ. Խաչվանքյանը, ձեւավորել էր Հ. Կոջոյանը: Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը եւ Եղիա Չուբարը: Գրքում զետեղված է նաեւ Չարենցի կենսագրությունն ու “Գովք խաղողի, գինու եւ գեղեցիկ դպրության” պոեմը:
1933, 21 ապրիլ - “Գրական թերթում” լույս է տեսնում Մ. Արմենի “Չարենցի եւ հարակից խնդիրների մասին” աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը: Արմենը գրում է, որ Չարենցի ուղին “շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում...”: Նրա ստեղծագործությունն ընթացել է “ազգային ինքնորոշման ճանապարհով”:
1933, 14 նոյեմբեր - ՀԿ(բ)Կ Կենտկոմը Ա. Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում “Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին”: Ըստ այդմ որոշվում է՝ “2. Արգելել Չարենցի “Գիրք ճանապարհիի” հրապարակումը: 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...”:Նոյեմբերի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. “Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատանքում, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը հանդիսանում է ոչ ճիշտ”: Սակայն աննպատակահարմար են գտնում “Գիրք ճանապարհիի” թողարկումը:
1933, 1 դեկտեմբեր - Հայ գրողների ընդանուր ժողովում զեկուցում է Վ. Կիրպոտինը, քննադատում է Արմենի “Չարենցի եւ հարակից խնդիրների մասին” հոդվածը եւ դատապարտում Չարենցի ու նրա համախոհների գրական դիրքորոշումը:
Նույն օրը Չարենցը զայրալից ու վրդովված նամակ է հղում Մ. Շահինյանին եւ խոսում այն ծանր կացության մասին, որի մեջ հայտնվել է ինքը “Գիրք ճանապարհին” արգելվելուց հետո: Տեղեկացնում է, որ համանման բովանդակության մի նամակ 2 օր առաջ օդային փոստով ուղարկել է Ստալինին:
1934, 7 ապրիլ - Դիմում է գրողների միության կազմկոմիտեին եւ ցանկություն հայտնում զեկուցելու հետեւյալ նյութերով՝ 1. Խորհրդային գրականության լեզուն, նրա նվաճումները, թերությունները, զարգացման ներկա հեռանկարները, 2. Հետհոկտեմբերյան հայ պոեզիայի տաղաչափությունը եւ նրա զարգացման տենդենցները եւ հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձեւական տենդենցներն ու հեռանկարները եւ ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա:
Հունիսի 28-ին բանախոսում է “Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները եւ Դ. Դեմիրճյանի լեզուն” նյութով:
1934, 6 մայիս - “Գիրք ճանապարհի” գրքի արգելքի պատճառով դիմում է “Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին”՝ “Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչեւ իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս”:
1934, հուլիսի վերջ - Երեւանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում “Գիրք ճանապարհի” ժողովածուն: Նկարիչ-ձեւավորող՝ Հակոբ Կոջոյան: Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին: Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա եւ Կենտկոմի կարգադրությամբ կալանվել: Չարենցն ստիպված գրքից հանում է “Աքիլլե՞ս, թե՞ Պյերո” պոեմը եւ դրա փոխարեն ավելացնում “Արվեստ քերթության” եւ “Գիրք իմացության” բաժինները:
1934, 1-5 օգոստոս - Երեւանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը: 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը: Նա ընտրվում է ՀԳՄ վարչության եւ ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում:
1934, օգոստոսի սկիզբ - Երեւանում Չարենցի թարգմանությամբ լույս է տեսնում Մ. Գորկու “Բանաստեղծություններ եւ լեգենդներ” գիրքը, որը նախատեսված էր խորհրդային գրողների առաջին համագումարի պատգամավորներին նվիրելու համար:
1934, 17 օգոստոսի - 1 սեպտեմբեր - Տեղի է ունենում ԽՍՀՄ գրողների առաջին համագումարը: Օգոստոսի 29-ին, համագումարի 20-րդ նիստում ելույթ է ունենում Չարենցը: Նրա ելույթը ժամանակին տպագրվել է “Հանուն սինթետիկ արվեստի” վերնագրով:
1934 - Չարենցի խմբագրությամբ լույս է տեսնում Մ. Մեծարենցի “Երկերի լիակատար ժողովածու” շքեղ հատորը:
1934 - Չարենցի խմբագրությամբ լույս են տեսնում Ջ. Սվիֆտի “Գուլիվերի ճանապարհորդությունները” (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան), Ֆիրդուսու “Ռուստամ եւ Սոհրաբ” (թարգմանիչ՝ Գեւորգ Ասատուր) գրքերը: Խմբագրում է Շեքսպիրի “Արքա Լիրի” Հ. Մասեհյանի թարգմանությունը:
1934-ից - Մասնակցում է “Անթոլոգիա հայ պոեզիայի” գրքի ստեղծման աշխատանքներին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի եւ բրյուսովյան հրատարակության 20-ամյակի կապակցությամբ այս նոր գիրքը պիտի գար շարունակելու սկսված գործը: Գիրքը լինելու էր Բրյուսովի ժողովածուի լրացված ու վերափոխված հրատարակությունը, որի խմբագիրը պետք է լիներ Գորկին: Չարենցին հանձնարարվում է գրքի միջնադարյան եւ ժողովրդական պոեզիայի բաժնի աշխատանքների ղեկավարությունը: Սակայն նա գրքի ստեղծման աշխատանքներին բազմակողմանի մասնակցություն է բերում: “Անթոլոգիան” լույս է տեսնում 1940-ին, Մոսկվայում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:
1934, 30 դեկտեմբեր - Հանդիպում է Երեւանի պետական համալսարանի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ: Լեփ-լեցուն դահլիճում նրան դիմավորում են հոտնկայս եւ խանդավառ ծափերով: Նստելու տեղ չլինելու պատճառով հանդիսականների մի մասը խռնվում է միջանցքում: Ներածական խոսք է ասում Ս. Հարությունյանը, զեկուցում է Ռ. Զարյանը, ելույթ են ունենում Ս. Հակոբյանը եւ ԱՄՆ-ից ժամանած Պ. Սելյանը: Ասմունքով հանդես է գալիս Ա. Ոսկանյանը: Ելույթ է ունենում նաեւ Չարենցը, որին, մամուլի վկայությամբ, “դահլիճը դիմավորեց բուռն ու երկարատեւ ծափահարությամբ”:
1935, 9 հունվար - Որպես պատգամավոր մասնակցել է խորհուրդների 8-րդ համագումարին եւ ընտրվել է ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:
1935, 25 փետրվար, 22 մարտ, 23 մարտ, 23 ապրիլ - ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունում հարցաքննվել է որպես ահաբեկիչ:
1935, 8 մարտ - Դիմում է գրողների միության վարչությանը եւ հայտարարում, որ այդ օրվանից “դուրս է գալիս գրողների կորպորացիայից”: Չարենցին ՀԳՄ շարքերից հեռացնելու կապակցությամբ տեղի է ունեցել երկու նիստ. մարտի 11-ին ՀԳՄ վարչության կուսակցական խմբակի, մարտի 13-ին, բանաստեղծի ծննդյան օրը, ՀԳՄ վարչության: Երկու նիստերն էլ “խստիվ դատապարտում են Չարենցի ըստ էության հակախորհրդային, հակահասարակական վերջին հայտարարությունը եւ գտնում անհրաժեշտ նրան հեռացնել Հայաստանի խորհրդային գրողների միությունից եւ վարչությունից”:
1935, 6 հունիս - վերականգնվում է Հայաստանի գրողների միության կազմում:
1935, հունիս - Մոսկվայում հանդիպում է Վիլյամ Սարոյանին: Այդ հանդիպման մասին հետագայում հիշարժան էջեր է գրել մեր մեծ հայրենակիցը, “Ես իմ անուշ հայաստանին” համարել մեր Տերունական աղոթքը՝ “Հայր մերը”:
1935, 9 հուլիս - Մոսկվայում հանդիպում է Ռոմեն Ռոլանին եւ բանակցում նրա “Ժան Քրիստոֆ” վեպը թարգմանելու մասին: Այդ կապակցությամբ 1935թ. սեպտեմբերի 30-ին նամակ է հասցեագրել Ռոլանին: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Ռոլանը պատասխանել է. “Ուրախ եմ, իմանալով, որ իմ “Ժան Քրիստոֆը” թարգմանվելու է հայերեն”: Ռոլանի նամակը “Առաջաբանի փոխարեն” վերնագրով տպագրվում է “Ժան Քրիստոֆի” 1937-ին տպագրված 1-ին հատորում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:
1935, հուլիս - Բնակարան է ստանում Երեւան, Սունդուկյան 6 հասցեյով: Ներկայումս՝ Մաշտոցի 17, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը:
1935, աշուն - Գրողների միությանը կից կազմակերպում է երկամյա երեկոյան գրական համալսարան: Մի կարճ ժամանակ Չարենցը դասավանդում է բանարվեստ եւ տաղաչափության հիմունքներ:
1935, 30 դեկտեմբեր - ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում, Կրեմլում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ս. Զորյանը, Ն. Զարյանը եւ Վ. Անանյանը: Ստալինը Զորյանի հետ վարում է այսպիսի զրույց.
“Ստալին - Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը:
Զորյան - Ոչինչ:
Ստալին - Նրան կարծեմ նեղացնում են:
Զորյան - Նա այժմ իրեն հրաշալի է զգում”:
Ստալինի այս վերաբերմունքից հետո Հայաստանի “Կոմունիստ” ռուսերեն թերթը 1936թ. հունվարի 20-ին տպագրում է հարցազրույց Չարենցի հետ, “Գրական թերթում” 1936թ. հունվարի 20-ին լույս է տեսնում Ալազանի “Օպերային թատրոն ունե՞ք... ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը”, իսկ 1936թ. փետրվարի 12-ին՝ Ս. Հարությունյանի “Չարենցը եւ կլասիկ պոեզիան” հոդվածները:
1936, 7 հունվար - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Չարենցը նշանակվում է Ա. Ս. Պուշկինի մահվան 100-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նախագահ: Նա կզմում է հոբելյանը կազմակերպելու եւ անցկացնելու արտակարգ հարուստ ծւագիր: Սակայն Խանջյանի սպանությունից հետո մեկուսացվում է այդ աշխատանքից, իսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1936թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվում է նոր նախագահ: Չարենցը չի ընդգրկվում անգամ հանձնաժողովի կազմում:
1936, 2 փետրվար - Անդրերկրկոմի բյուրոն բավարարում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի խնդրանքը՝ “Գրող Եղիշե Չարենցին հատուկ բուժման նպատակով արտասահման ուղարկելու կապակցությամբ: Հատկացվում է անհրաժեշտ տարադրամ: Իսկ 1936թ. հունիսի 29-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն որոշում է արտասահմանում գտնվելու ընթացքում Չարենցի ընտանիքին հատկացնել 800 ռուբլի: Խանջյանի սպանությունից հետո Չարենցի արտասահման մեկնելու գործը ձախողվում է: 1936թ. օգոստոսի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն որոշում է. “Նկատի ունենալով, որ Չարենցի արտասահման մեկնելը մոտիկ ժամանակներում չի իրականանա՝ չեղյալ համարել Կենտկոմի բյուրոյի 1936թ. հունիսի 29-ի որոշումը՝ Չարենցի ընտանիքին 800 ռուբլու չափով նպաստ տալու մասին”:
1936, 28 մայիս - Հայրենի հողին է հանձնվում Կոմիտասի աճյունը (մահ. 1935թ. հոկտ. 22-ին Փարիզում): Նրա մահվան ու հուղարկավորության տպավորություններով եւ հիշատակի ոգեկոչմամբ գրում է “Կոմիտաս”, “Կոմիտասի հիշատակին” պոեմները եւ մի քանի բանաստեղծություն:
1936, 9 հուլիս - Թիֆլիսում սպանվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Չարենցի “Դոֆինը նաիրական” սոնետների շարքը կուսակցական եւ ազգային այդ ծանր աղետի սուր եւ հուսահատ գիտակցումն է:
1936, հուլիս - օգոստոս - Ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ ու մտավորականներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաեւ Չարենցի մասին:
1936, օգոստոս - 1937 փետրվար - Գրում է “Որպես գորշ, դեղին տերեւներ” պոեմը եւ ուրվագծում վերահաս ողբերգությունը:
1936, 24 սեպտեմբեր - Ենթարկվում է տնային կալանքի: ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունը նրանից ստորագրություն է վերցնում՝ ըւտ որի “գտնվելով հետաքննության ենթակայության տակ, պարտավորվում է մինչեւ դատը չբացակայել քաղաքից”:
1936, 16 նոյեմբեր - ՀԽՍՀ ՆԳԺԿ կողմից ենթարկվում է հարցաքննության: Մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ:
1936 - Երեւանում լույս են տեսնում “Պոեմներ” եւ “Մաճկալ Սաքոյի պատմությունը” գրքերը:
1936-1937 - Գլավլիտի տարբեր “Գաղտնի” գրություններով Չարենցի գրքերը հանվում են գրադարաններից, գրախանութներում դադարեցվում է դրանց վաճառքը, ցրվում են տպագրության պատրաստ գրքերի շարվածքները:
1937, 17-21 ապրիլ - Տեղի է ունենում Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը: Չարենցի ժառանգությունն ուսումնասիրող Վ. Կիրպոտինը հայտարարում է. “Չարենցի ձեռքից բռնեց թշնամին”:
1937, 30 մայիս - Բաց նամակով դիմում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն՝ ապացուցելու, որ ինքն անմեղ է:
1937, 24 հուլիս - Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երեւան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն եւ վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:
1937, 26 հուլիս - ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու եւ բնակարանը խուզարկելու համար: Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: Նրան մեղադրանք է ներկայացվում ըստ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67, 68, 78 հոդվածների, նշվում, որ Չարենցը շարունակում է “ակտիվ պայքար մղել ընդդեմ խորհրդային իշխանության” եւ կալանավորում ՆԳԺԿ-ի ներքին բանտում: Չարենցի դեմ հարուցվում է նաեւ լրացուցիչ մեղադրանք՝ նախատեսված 17-65 հոդվածներով:
1937, 25 սեպտեմբեր - Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին եւ խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակն ու անմեղսունակությունը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից: Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլեւ այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, եւ 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան:
1937, 27 սեպտեմբեր - 6 հոկտեմբեր - Բանտում գիշերը նամակ է գրում Ա. Իսահակյանին եւ նրան ձոնում մի բանաստեղծություն: Նամակից. “Սիրելի Ավետիք, ներքեւում երգում էին քո երգը,- սիրտս լցվեց- եւ ես գրեցի հետեւյալ ստիխը. ընդունիր իբրեւ ձոն եւ ողջույն: ... Ոգով պայծառ եմ եւ առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում եւ հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին եւ հայ ժողովրդին”:
1937, 6 հոկտեմբեր - Բանտից նամակ է հղում կնոջը. “Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, իմչպես մենք ենք”:
1937, 27 նոյեմբեր - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երեւանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին “օրգանիզմի ընդհանուր հյուծման”, ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:
(Դավիթ Գասպարյան)

- Եղիշե Չարենց
- Կենսագրություն
- ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
- Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին
- Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ
- ՊԱՏԳԱՄ
- Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում
- ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ
- ՍՈՄԱ
- ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
- ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
- ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻՆ
- ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊՃՐՈՒՀԻՆ
- Հայաստանին
- Չարենցի Ձեռագրերի Հետ
- ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
- ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
- Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով
- Քույր, գուցե՜ չընկանք
- ՔԱՄԻՆ
- Մեր լեզուն
- ՊԱՏԳԱՄ
- ԸՆԿԵՐ
- ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ
- ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
- ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
- Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա
- Էլի գարուն կգա, կբացվի վարդը
- Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան
- Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով
- Չնչին, ինչպես Արարատին նետած քար
- Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
- Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք
- ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ
- Այրած երգեր
- Բալլադ սիրո