Harutin » 12 окт 2010, 19:01
ՀԱՅԸ
Արևելցու իմաստությամբ շռայլ
ափեափ լցրեցի հոգիս.
հյուսիսցու չափավոր սառնությամբ
դասդասեցի իղձերս, խոհերս բոլոր.
լեռնցու ջինջ հպարտությամբ
ու բարությամբ անհասցե
բեռս շալակած ես աշխարհ մտա:
Քայլեցի Արևի ու Լուսնի ներքո:
Հետո խաչի զորության ստվերում
ապրեցի առավոտներս.
բայց դեռ կեսօր չեղած
նմանվեցի խիղճը կորցրած գաղթականի:
Տոկացի մինչև կեսգիշեր`
ընկած կարոտի ծուղակի մեջ.
քաղցած ու հոգնած
ծանր բեռը ուսիս
հասա Բաբելոն:
Առավոտյան շուկայում
որոշեցի այն ծախել
մի պատառ հացով.
ասորացին գուխն օրորեց ու հեռացավ.
մի բնուզանդացի ուզում էր գնել,
սակայն ուսերը փոքր էին
բեռս շալակելու համար:
Հանկարծ բարեսիրտ մի պարսիկ
առանց գինը հարցնելու
իր շալակն առավ,
սակայն կես ճամփին վայր դրեց
ու հեռացավ սարսափած:
Որտեղից որտեղ մի թուրք հայտնվեց.
բեռս շալակն առավ, որպես ավար,
բայց ոչինչ չուներ դիմացն ինձ տալու:
Մարմինս այնքան էր հյուծել,
որ պատրաստ էի բեռս նվիրելու,
ուստի անհոգ ճանապարհ ընկա
դեպի լյառն Արարատ,
Ազատ Մասիսն ի վեր,
սակայն թուրքը իմ ետևից,-
բեռս պիտանի չէր նրան,
քանզի երբ վայր դրեց ոտքերիս մոտ,
այն ծանր մի տապանաքար էր`
առանց ծննդյան և մահվան թվերի: