Պախմել
- Էս պախմել ասածը շատ զոռ բան ա, ընգեր, թե ճիշտ ժամանակին ու իրա չափով չարիր՝ պրծ, կարա տա՝ սպանի,- խոսեց Նապոն՝ լույսը հազիվ բացված. անկողնուց վեր չէր կացել, ոնց կար՝ էդպես մնում էր՝ մեջքի վրա պառկած, աչքերն առաստաղին արած ու երեւի՝ դեռ փակ։- Այ իմ հերը, ախպեր, գիդա՞ս ինչից մեռավ… Կարծում ես` ծերությունից կամ ցիռոզի՞ց… Չէ, էնի էրկաթի պես առողջ մարդ էր, էնի սխալ պախմելից զոհվավ. ամեն ասծու օր, հենց լուսը բացվըմ էր, սֆթից պախմել էր անում, հետո նոր գնում մանումենտի այգին պրաբեժկի։ Էդ անգամ թե ինչ սատանա մտավ մեջը, ասեց՝ գնամ ֆռֆռամ, հետո պախմել կանեմ։ Ու էդ էր, ախպեր, խփեց տարավ, սիրտը աբշիրնի տրաքցրել էր։ Բա, իսկ դու ասըմ ես…
Ես բան չէի ասում, ի՞նչ ասեի… Ցավում էի Նապոյի հոր ճակատագրական վրիպումի համար, բայց ոչ այնքան, որ վայ-վույս գցեմ. մարդ էր, մեռավ-գնաց, ցավալի է՝ բայց մարդիկ առհասարակ ունեն էդ հատկությունը։
- Ձեն չես հանում, ընգեր,- համառեց Նապոն։- Մի բան արա, պախմել՝ սատկեցի։- Էս անգամ նա կտրուկ վեր կացավ անկողնուց՝ քրտնահոտ ալիքելով շուրջը։
- Հո չասիր, Նապո՛, քեզ թվում ա՝ ես չեմ սատկո՞ւմ։ Փող հանի՝ անեմ, մի բան էլ, էրկուս էլ։ Տենց մի նայի, ես չունեմ, էրեգ քոքը տվինք։
Ճմրթված հագուստի գրպաններն է փորփրում՝ տաբատի, բաճկոնի, վերնաշապկի… Սեղանի դարակը քաշեց-հրեց ճռռացնելով, նույնիսկ գլխարկը վերցրեց սեղանի վրայից՝ նայեց. թե դրա տակ փողն ինչ էր անելու…
- Չկա,- ձայնը դահճի կացնի պես կախվեց օդում։
Նապոն,- լրիվը՝ Նապոլեոն,- «Կույրերի կոմբինատի» պահակն էր։ Իննսունականների էն դժվար տարիներին նրա պահակատանը միշտ տաք էր ու լուսավոր. հոսանքը երեք կայանից էր «կպցնում» Նապոն՝ մեկն անջատում էին, միանում էր մյուսին, սա էին անջատում՝ էն մյուսին։ Դե պարզ է, նրա պահակատանը միշտ մարդաշատ էր, հատկապես՝ ձմեռով, հավաքվում էին տղերքը՝ Գռնոն, Մխոն, Համոն, Ժոռը, Գոգոլը, Սեռին… ու մինչեւ ուշ գիշեր՝ գինարբուք, թղթախաղ, նարդի… Հետո մեկը-երկուսը տուն գնալու տրամադրություն չէին ունենում կամ էլ` ի վիճակի չէին լինում, մնում էին գիշերելու «Նապոյի բուդկեն», այն է՝ երկու ճռճռան «կոյկա», պստիկ սեղան, սեղանի վերում՝ պատից կախ՝ թեք զիգզագով ճաքած հայելի, որի ետեւում արծաթի շերտը տեղ-տեղ քերված էր՝ դեմքդ սպիավոր էր ցուցանում, ինքնաշեն էլեկտրական վառարան՝ «կազյոլ» տիպի, «տմբուշկա»՝ Նապոյի մահճակալի գլխամասին մերձ, մաշած տախտակներով հատակ, որի տակ, հատկապես «կազյոլի» մոտակայքում, ճստճստում էին առնետները, էլ ի՞նչ… Կարծես՝ վերջ… Հա, պատի ժամացույց, որի կկուն դուրս ցցված՝ լռվել էր, շղթան էլ չկար, ինչ-որ մեկին պետք էր եղել՝ տարել էր։ Ճռռան դուռը բակ էր տանում, մեծ բակ էր, բակում՝ առանց ունիտազի, դասական «չոքած» տիպի զուգարան, բնականաբար՝ կեղտոտ, բազմաթիվ կատուներ՝ աղբակույտերին, թեք ծառի միակ հաստ ճյուղին, պատերի տակ, նրանցից մեկը՝ անպոչ, երեքոտանի, միշտ կասկածով էր նայում գնացող-եկողին, մի փրչոտ շուն էլ՝ հեռավոր պատի տակ կապած, կապը հաճախ արձակվում էր, բայց շունը չէր հեռանում կապաչափ տարածքից, համարձակությունը չէր հերիքում, եթե բան է՝ հանկարծ սխալմամբ հեռացավ, պոչը քամակն էր կոխում ու հաչալը մոռացած՝ կլանչում։ Կատուները չէին վախենում շնից, պատահում էր՝ թաթով խփում էին քթին, ֆշշացնում սպառնալի, որ երես չառնի հանկարծ։
Նապոն կեղծանուն ուներ՝ Քառակուսի, Քառակուսի Նապո, էդ անունը «Նալբանդյանի» Համոն էր դրել. մի անգամ,- «Կոպեկանոց» կաֆեում խմում էին,- նայեց, նայեց ու՝ «Արա, էս Նապոյի գլուխը՝ ոնց որ Կիեւսկի տորթը կարոբկով դնես վզին, քառակուսի ա»։ «Ես իրա ջահել վախտի նկարը տեսել եմ, էսպես չէր, խմելուց ա էղել։ Բայց վախենամ՝ Էլ չդզվի»,- նկատեց Բաբայան Յուրան։ Նապոն տխուր ժպտաց ու ծանր հոգոց հանեց միայն. հանդուրժող էր։
Հո միշտ պահակ չի՞ եղել Նապոն… Չէ, սովետի օրոք մատակարար էր աշխատում մի մեծ գործարանում, նույնիսկ նկարն է փակցված եղել պատվո տախտակին, մեկ եռամսյակ, հետո բացահայտվել է նրա սերը խմիչքի նկատմամբ ու նկարը հանել են։ Բայց լավ է` չհիշի իր էդ փառապանծ անցյալը. ժամերով կպատմի-կհոգնացնի, վերջում էլ արցունքի կաթիլը կգլորվի մսեղ քթով, կհասնի ծայրին, կծանրանա ու կլթոցով կընկնի գինու մեջ, Նապոն կսթափվի, գինին կքաշի գլուխն ու կտնքա՝ «Ուրիշ երկիր էր անտերը»…
- Լավ չի,- ասաց՝ երկար լռելուց հետո։
- Հատկապես ո՞րը։
- Տանը հետս կռիվ են անում, ախպեր։
- Երեւի խմած գնում՝ ավել-պակաս խոսում ես…
- Չէ, վաբշե ձեն չեմ հանում, բայց՝ էլի։ Խմած մարդուն չեն հարգում մերոնք, ապեր, չէ։
- Որդե են սիրում որ… Գիդաս իմ տանը ինձ համար խելքներն էթում ա՞։
- Հա՞,- սփոփվեց Նապոն։- Բայց դե Ռուսաստան ըտենց չի, ախպեր, ընդե խմածը տրանսպրտ մտավ՝ վռազ հելնում են, տեղ են տալիս… Հաստատ, իմ աչքով եմ տեսել։ Բա։ Էն գյոզալական «Կոպեկանոցն» էլ փագին, խի՞… Ասա էդ կաֆեն ոնց ես փագըմ, ես հըլա հեչ, բայց ըտե Հրաչն ա նստե, ըտե Շիրազն ա նստե, Քոչարն ա նստե, ըտե Ֆրունզն ա նստե, ըտե Շերենցն ա նստե… Չենք հարգում մեր մեծերին, չէ։ Մի բան ասա, այ ախպեր, հո սենց չե՞նք մնալու, գլոխս ճաքավ։
Ակամայից նայեցի նրա քառակուսի գլխին, փորձեցի ճաքած պատկերացնել այն, չստացվեց. որեւէ բան պատկերացնել առհասարակ դժվարանում էի, ինձ թվում էր՝ իմ գլուխն էլ հիմա քառակուսի է։
- Սենց չենք մնա, Նապո ջան, մի վախի։
- Հա՞ որ…
- Հա։ Մտածենք։
- Էէ՜, մեր մտածելուց խեր չկա, ընգեր։ Կայնի զանգեմ Մխոյին, էրեգ ահագին թռփոշ էր ապերը։
- Կքրֆի, էնի մինչեւ տասերկուսը քնող ա։
- Բայց հո չե՞նք մեռնելու… Թող քրֆի, զանգում եմ։- Նապոն պտտում է հեռախոսի ժանգոտ ֆռիկը, տագնապով սպասում։- Մխո՞… Չքրֆես, ընգեր, վատ եմ։ Հա, էլի, ջոգում ես։ Ի՞նչ… Որդե՞… Վայ քու ցավը տանեմ… Քնի՛, քնի՛ ախպերս, հրեշտակները քեզ պահակ։
- Հը՞,- հարցնում եմ։
- Էրեգ, թաքուն, մի հատ բոմբ շիշ պահել ա, սեւ օրվա, ասում ա՝ լավ չեմ հիշում, էրկուսից մեկը՝ կամ կոյկի տակ ա, կամ զուգարանում, բաչոկի մեջ։ Դու կոյկի տակ նայի, ես թռա զուգարան։
- Սպասի, կարող ա գտնում եմ, մեկ էլ չգնաս…- ասացի։ Բայց Նապոն արդեն չքվել էր։ Գլուխս կախեցի՝ չկա, էն մյուսի տակ… էլի չկա։- Ստեղ չկա,- գոռացի Նապոյի հետեւից։
- Հես ա, բերիմ,- դողացող ձեռքով շիշը գրկած՝ ներս ընկավ Նապոն։- Վայ, Մխո ջան, մեռնեմ կյանքիդ, ախպերս, մեռնեմ էն կախ պռոշիդ, էն լոշտ ականջիդ, էն…
Նապոն մեջտեղ բերեց թեյի մեծ, հաստ պատերով բաժակները,- մեկի պռոշը կրծած էր,- բացեց շիշը, լիքը լցրեց, խմեցինք… Նայեցինք իրար՝ չէ, քիչ էր, էլի լցրեց՝ կես-կես, դա էլ խմեցինք։ Ահագին ժամանակ լուռ էինք, ջանում էինք մեզանով անել ներառած գինին, որը համառորեն օտարի պես էր պահում իրեն։ Ահա, կարծես նույնացանք վերջապես…
- Ճիշտ չենք անում, չէ,- հանկարծ եզրակացրեց Նապոն. անկռահելի էր՝ ինչ էր անցել մտքով։
Պախմելի կարմիր գիծը հատել էինք, լավ էր, այսինքն` էնքան վատ չէր, ուրեմն՝ լավ էր ու դեպի ավելի լավն էր գնում. կես շիշ էլ դեռ կար, իսկ շիշը լիտրանոց էր՝ բոմբ, մինչեւ դա խմեինք՝ աստված ոնց էլ լինի՝ մի դուռ կբացեր։
- Պորթվեյնը ցենտր խմիչք ա, ընգեր, ով ինչ ուզում ա ասի… Ոնց որ զակուսկեն էլ հետն ըլնի, ըտենց չի՞։
- Տենց ա,- համաձայնեցի. մեղք կլիներ չհամաձայնելը։
- Բայց դե` ճիշտ չենք անում, էլի,- դարձյալ դառնացավ Նապոն։
- Էդ ո՞րը, է։
- Էս էլ ձգենք, ասեմ։
Ձգեցինք, Նապոն լայնբերան հու՛ արեց, շունչ քաշեց, պահեց, կուլ տվեց ու խոսեց.
- Ասում եմ, մի էրկու նանար բերեինք, ընգեր, կամ էլ գոնե մեկին, հեչ որ ուրիշ բան չէ՝ մի քիչ սիրունություն կմտներ օրվա մեջ, թե չէ ըհը՝ վեչնի էս ա՝ տղերքով իրար դեմ նստած, ոնց որ գոմիկ ըլնենք, ախպեր… Բայց մենք հո գոմիկ չենք, չէ՞…
- Դե չէ, դու էլ, հանգստացի։ Բայց ո՞ւր ա մեզ նանար, զապոյի մեջ մտած՝ սաղին ցրում, կորցնում ենք։
- Մեկը կա ստե։
- Ստե՝ որդե՞։
- Ստե, էլի։
- Կույրերի կոմբինատո՞ւմ։
- Հա։
- Չհասկացա… Քյոռ ա՞…
- Դե ոնց ասեմ… էնքան էլ չէ…Մի աչքից։ Գիդա՞ս ինչ կա, մենք էլ կարծես մի ընենց տենալու բան ենք…
- Հա, բայց…
- Էլ ի՞նչ բայց, քեզ ասում եմ՝ մի աչքից… Էն մյուսն էլ՝ կեսով։ Պրոստը աչքերին չպտի նայես, մնացածը տեղն ա՝ քիթը-միթը, ոտերը-բանը… Ապեր, մեզ էտի իսկն ա։ Հետո, պակասավորի մեջ իրա կայֆը կա, բա ո՞նց… Ֆրեյդ չես կարդո՞ւմ, չեմ հասկանում… Չէ, արխային, կարգին նանար ա։ Ընկերուհի էլ կունենա…
- Իրա կրուգից։
- Բա չէ, կոնսերվատորիայից։
- Ինչ ասեմ… Կանչի, լավն էղան՝ էղան, չեղան՝ խմիչքը կա ու կա։
- Դե մի չրթ էլ խմենք՝ էթամ։
- Բայց էս ժամին ի՞նչ են անում կոմբինատում։
- Ի՛… Հո չասիր…Դրանք լուսը չբացված՝ ստե են, ախպեր։
- Որ ի՞նչ…
- Զբաղվըմ են, տունը մնան՝ ի՞նչ անեն. խմբակ-մմբակ ունեն՝ ասմունքում են, երգըմ… Մարդ կա՝ երգըմ-երգըմ ա, հետո էլ հավես չի ունենում տուն գնա, հենց ստե էլ մնում, քնում ա, հա՛, էս կոմբինատի մեջ կալդավսկոյ բան կա, մի աչքով չնայես։ Դե ես գնամ… Չգնա՞մ…
- Գնա։ Բայց դուխդ տեղն ա՞։
- Հեչի պես։ Առանց ինձ չխմես, ընգեր։
- Արխային։ Բայց շատ չուշանաս։
Նապոյի բացակայությամբ զանգ եղավ, պախմելային խռպոտ ձայնով մեկը հարցրեց՝ Նապոն ըտեյա՞, ասացի՝ չէ, շատ զարմացավ, թե՝ ոնց… բա ո՞ւր ա, ասացի՝ մոտերքում ա, շուտով կգա, բայց խմելու բան չունի, ասաց՝ ես ունեմ, կես ժամից ըտեյեմ, իրան ասա կազյոլը տժցնի, մի էրկու կարտոլ-մարտոլ դնի վրեն, Ժոռը գալիս ա։
- Նապո, քեզ Ժոռը զանգեց,- հայտնեցի, երբ Նապոն եկավ։- Ասեց՝ խմիչքը վերցրած գալիս եմ։
- Թող գա, իսկը վախտով ա։
- Հը՞, ախպեր, բան չես ասում, ընդե չե՞ն հուրի-փերիներդ։
- Խի չեն, լավ էլ՝ են։
- Բա հետո՞։
- Ա դե եսիմ, է՜։- Նապոն «տմբուշկից» կարտոլ էր ջոգում՝ շարում սեղանին։- Ասին՝ մենք խմողների հետ գործ չունենք։ Բա, ընգեր։ Թե քյոռ աչքով ոնց էլ ջոգեց՝ խմող ենք։
- Խի քիթ էլ չունի՞։
- Էէ, մեր մոտ խմողին չեն հարգըմ, ընգեր, չէ։
- Լավ, նստի, քեզ մի սպանի։
- Քաձի հմա՞ր… Էս ինչ ես ասըմ, ախպեր, էդ էր պակաս։ Լից։ Այսինքս, թող ես լցեմ, դու սխալ ես լցում։
Նապոն լցրեց բաժակները. ձեռքերն արդեն չէին դողում, վե՛րջ՝ դաժան պախմելին, նոր օր էր սկսվել։ Ճիշտ է, վաղն էլի առավոտ էր լինելու ու ըստ ամենայնի՝ էլի դաժան, բայց դե հիմա ո՞վ էր էդ մասին հիշում, հիմիկվա վիճակը հավերժություն էր թվում, էլ ոչ մթնելու էր, ոչ լուսանալու… Ժամանակն էլ խնդիրներ չէր առաջադրելու, կանգ էր առել ժամանակը դեղին-կանաչ-կարմիր տաքի մեջ…