Meriko » 21 ноя 2010, 21:10
ԹՌՉՈՒՆՆԵՐ
Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
Մի պառավ եկեղեցուց տուն գալիս, իր Պողոս անունով մինուճար որդուն մեռած է գտնում։ Ծանր վշտից սկսում է ողբալ, ձեռները գլխին խփել և աստծուն խնդրել, որ իրեն թռչուն դարձնի։ Պառավը բու է դառնում և այդ օրվանից ոչ հանգիստ ունի, ոչ քուն, գիշերները շարունակ աղիողորմ կանչում է որդուն՝ Պողոս, Պողոս...
Քույր ու եղբայր մի խորթ մայր են ունենում։ Ամեն օր իրենց եզը տանում են արածեցնելու։ Մի օր խոսքով են ընկնում, եզը կորցնում։ Շատ են փնտրում, չեն գտնում, վերադառնում են տուն, խորթ մորը պատմում եղածի մասին։ Մայրը զայրանում, անիծում է նրանց, տանից դուրս անում, պատվիրում, որ առանց եզի չվերադառնան։ Երկար ու զուր որոնումներից հետո քույր ու եղբայր հուսահատված դիմում են աստծուն, թևեր խնդրում։ Աստված խղճում է նրանց, թևեր է տալիս, դարձնում բու։ Մինչև հիմա էլ խեղճ քույր ու եղրայրը փնտրում են իրենց կորած եզը, ձայն տալիս իրար, հարցնում.
— Սհա՜կ...
— Հ՜եյ...
— Գտա՞ր...
— Չէ՜...
Տատրակը ժամանակին աղջիկ է եղել։ Մի անգամ հայրը քաղաքից նրա համար շորացու կտոր է րերում, աղջիկը չի հավանում և շոր չի կարում։ Հայրը բարկանում է, անիծում, ասում.
— Որ իմ բերած կտորը չես հավանում, գնա, թող աստված քեզ բմբուլից շորեր տա։ Աստծո հրամանով աղջիկն իսկույն տատրակ է դառնում, թռչում և շարունակ կրկնում.
— Գուքը կու-գու, ամին էկել ա,
Գուքը կու-գու, ինչ բերել ա.
Գուքը կու-գու, թոփով շիլա.
Գուքը կու-գու, էրեսն ի՞նչ ա.
Գուքը կու-գու, ես ուզում չեմ։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Խռպոտ ձայն ունեցող թռչունները նախանձում են կաքավներին, գնում են արծվին բողոքում, որ կաքավներն անբան ու անգործ օրնիբուն երգում են և իրենց հանգիստը խանգարում։ Արծիվը, որ ինքն էլ երգ չէր սիրում, հրամայում է կաքավներին այլևս չերգել։ Կաքավները հնազանդվում են և մնում լուռ ու մունջ։ Ժամանակ անց արծիվը զղջում է իր արարքի համար, կաքավներին թույլ է տալիս երգել։ Բայց նրանք այլևս երգել չեն կարողանում, միայն «կըղ-կըղա» են ասում։
Կռապաշտ Սուրեն իշխանի որդին, հոր կամքին հակառակ, քրիստոնեություն է ընդունում և հոր հալածանքներից թաքնվում։ Սուրեն իշխանը, երբ ելնում է որդուն փնտրելու, կաքավները մատնում են նրա տեղը։ Սուրենը գտնում է որդուն, սպանում։ Կաքավները իրենց կտուցներն ու ոտները թաթախում են նահատակված որդու արյան մեջ, և այդ օրվանից նրանք դառնում են կարմրակտուց, կարմրաոտիկ։ Ժամանակ անց նրանք զղջում են իրենց արարքի համար։ Եվ երբ Գրիգոր Լուսավորիչը գալիս է, նահատակված տղայի տեղը վանք շինում, կաքավները գալիս են Լուսավորչից ներում խնդրում։ Գրիգոր Լուսավորիչը թեպետ նրանց ներում է շնորհում, բայց արյան հետքը մնում է կտուցներին։ Դրա համար էլ նրանք ամրողջ օրը իրենց կտուցները քսում են հողին ու քարին, որպեսզի վրայի արյան հետքերը ջնջեն։ Բայց արյան հետքը միշտ մնում է նրանց կտուցներին, որպեսզի միշտ հիշեն իրենց կատարած սխալը։
Ծիծեռնակը ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում, թոչում ու երգում.
Ծիծեռն եմ, հա, ծիծեռն եմ,
Հորը մորթած ծիծեռն եմ,
Մորը կերած ծիծեռն եմ.
Թռել, ծիծեռնակ եմ դառել։
Մի անգամ խայթող սողունները հավաքվում են խորհրդի՝ որոշելու համար, թե որ կենդանու արյունն է ամենից քաղցր։ Շատ վիճելուց հետո տեսնում են, որ համաձայնության չեն գալիս, մոծակին են կանչում։ Մոծակին պատվիրում են գնալ, բոլոր կենդանիների արյունը համտես անել և գալ, իրենց հայտնել։ Մոծակը գնում, խայթում է բոլոր կենդանիներին և գտնում, որ ամենաքաղցրը մարդու արյունն է։ Երբ մոծակը վերադառնում է սողուններին հայտնելու իր եզրակացությունը, ծիծեռնակը հարձակվում է նրա վրա, սպանում։
Արագիլներն իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին աստծուն մատաղ անելու համար։
Մի կին լվացվելիս ապարանջանը մոռանում, թողնում է աղբյուրի մոտ։ Հետո հիշելով՝ վերադառնում է ապարանջանը վերցնելու, տեսնում է՝ չկա։ Ընկնում է երկրից երկիր ապարանջանը փնտրելու։ Մի տեղ հանդիպում է վար անող մի գյուղացու։ Սա մտերմաբար խոսում է կնոջ հետ, տալիս նրա անունը։ Կինը զարմանում է։ Պարզվում է, որ վար անող գյուղացին կնոջ բակի ծառին բույն դրած արագիլն է, որ հասնելով իրենց երկիրը, նորից հողագործ է դարձել։
— Մի փնտրիր ապարանջանդ, — ասում է գյուղացին, — ես եմ վերցրել, որ ուրիշները չգողանային, թաքցրել եմ բնիս տակ, հանգիստ կաց։
Երբ գարունը սկսում է բացվել, արագիլների երկրի հողագործները գալիս են գետափ, լողանում, թևեր հագնում, ապարանջանի տեր կնոջն էլ մի զույգ թևեր պարգևում, բոլորն էլ դառնում են արագիլներ, երամ կազմած վերադառնում են մեր երկիրը։
Կռունկ սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։
Հոպոպը գեղեցիկ աղջիկ է եղել՝ սիրահարված մի կտրիճ երիտասարդի։ Ծնողները, հակառակ աղջկա կամքին, նրան ամուսնացնում են ուրիշի հետ։ Հարսնաբաղնիքի ժամանակ աղջիկը հիշում է իր սիրածին և կարոտով ինքն իրեն ասում. «Ախ, երանի թոչուն լինեի, սար ու ձոր ընկնեի, սիրածիս գտնեի»: Աստված անմիջապես կատարում է նրա բաղձանքը։ Աղջիկը դառնում է թոչուն՝ սանրը գլխին, և բաղնիքից դուրս թոչում։ Մինչև հիմա էլ նա հառաչելով թռչում է սար ու ձոր, փնտրում սիրածին, կանչում «Իպի՛պ... կուկո՛ւ...» ։
Հարսը խմոր հունցելիս գործը կիսատ է թողնում, սկսում մազերը սանրել։ Հանկարծ ներս է մտնում կեսուրը, տեսնում հարսը գործը թողած, մազերն է սանրում, ասում է.
— Հո, պո, պո, պո, էդ ինչ ես անում։
Հարսը ամոթից ու վախից դառնում է հոպոպ՝ սանրը գլխին, տանից դուրս թռչում։ Մինչև հիմա էլ նա կրկնում է սկեսրոջ խոսքերը՝ «Հո, պո, պո, պո»։
Սհակ թոչուն։ Երկու որբեր են լինում՝ քույր ու եղբայր, եղբոր անունը Սահակ է լինում։ Մի երեկո Սահակը քրոջ մազերն է սանրում, հանկարծ նրան հափշտակում, տանում են։ Քույրը եղբոր կսկիծից խնդրում է աստծուն՝ իրեն հավքի թևեր տալ, որ գնա, եղբորը գտնի։ Աստված անմիջապես կատարում է նրա փափագը։ Քույրը դառնում է թռչուն՝ սանրը գլխին, թռչում լեռներն ու անտառները, ամաչկոտ ու ողբալի ձայնով կանչում եղբորը՝ «Սըհա՜կ, Սըհա՜կ, Սըհա՜կ...»
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։
Խորթ մայրը տղային ու աղջկան ուղարկում է անտառ փայտ բերելու։ Անտառում սև օձը խայթում է եղբորը, սպանում։ Քույրը շատ է ողբում եղբոր դիակի վրա, հետո ինքն իրեն ասում. «Եղբորիցս հետո ի՞նչ պիտի անեմ, ավելի լավ է կկու դառնամ, ընկնեմ սարերը»։ Խոսքը դեռ չավարտած՝ աստծո հրամանով կկու է դառնում, ընկնում սարերը, «կո՛ւ-կո՛ւ, պո՛ւ-պո՛ւ» կանչում։
Բեբուկ թռչուն։ Բեբուկ անունով մի որբ ու տանջված աղջիկ է եղել, ունեցել է մի եղբայր։ Վաղ գարնանը, ձնհալը հազիվ սկսած, երբ տեղ-տեղ սարերում նոր էր ծլում բանջարը, խորթ մայրը ստիպում է քրոջն ու եղբորը, որ ման գան սարերը ու առաջինն իրենք տուն բերեն գարնան նորաբույս բանջարը։ Թշվառ որբուկները՝ բոբիկ ու կիսամերկ, ընկնում են սար ու ձոր բանջար հավաքելու։ Բեբուկի տոպրակի տակը ծակ է լինում, քույր ու եղբայր ինչքան բանջար են հավաքում, լցնում տոպրակը, տեսնում են՝ տոպրակը դատարկ։ Եղբայրը զայրանում է քրոջ վրա, բանջար հանելու բութ դանակը խրում է քրոջ կողը։ Տեսնելով, որ քրոջ կողից արյուն է հոսում, սկսում է լալ ու ողբալ, վերցնում է նույն դանակը, խփում իրեն, վիրավորում ու հուսահատ կանչում.
— Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, խղճա եղբորդ, արթնացիր...
Այնքան է աղեկտուր ձայնով քրոջը կանչում, ծնկի գալիս, համբուրում, աղերսում, որ Բեբուկը դառնում է թռչուն, թառում եղբոր ուսին և նրա նման ողբում ու կանչում.
— Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ...
Անտառի սուրբ ոգին խղճում է նրանց, եղբորն էլ է թռչուն դարձնում։ Այդ օրվանից քույր ու եղբայր սկսում են Բեբուկ կոչվել, թռչում են սար ու ձոր, « Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ» կանչում։
Հավալասան։ Մի կին իր ամուսնուն շատ-շատ էր սիրում։ Ամուսինը գնում է պանդխտություն և այլևս չի վերադառնում։ Կինն իր ամրողջ սերը տալիս է իր նորածին որդուն։ Մի օր էլ արծիվը օրորոցից հափշտակում, փախցնում է երեխային։ Ահավոր վշտից ճնշված, խեղճ կինը դառնում է հավալասան թռչուն։ Թռչում է շարունակ, ողբագին կանչում և դադարում է միայն այն ժամանակ, երբ սրտից երեք կաթիլ արյուն է կաթում։
Կաչաղակը մարդուն բարեկամ է եղել, հասկացել նրա լեզուն, նրա տանը բնակվել։ Նա միշտ բարի լուր է բերել մարդուն։ Մի անգամ կաչաղակը միամտորեն երեխայի աչքն է հանում։ Մարդը զայրանում է, կաչաղակին տանից դուրս անում։ Կաչաղակն ընկնում է սար ու դաշտ, բայց չի մոռանում հին բարեկամությունը։ Երբ մի նորություն է իմանում, գալիս նստում է մարդու տան պատին կամ ծառի ճյուղին, կչկչում, մինչև որ մեկը տանից դուրս է գալիս, շնորհակալություն հայտնում բերած լուրի համար։ Դրանից հետո նոր միայն կաչաղակը թռչում, գնում է։
Մի անգամ կաչաղակը գալիս նստում է մի պառավի տան կտուրին, ավետում նրան, որ որդին վերադառնալու է օտարությունից։ Պառավն առանց հասկանալու կաչաղակի բերած բարի լուրը, մի կտոր հաց է նետում նրան։ Կաչաղակն իսկույն կտուցն է առնում հացը, տանում, տալիս է պառավի տղային, որը խիստ քաղցած է լինում։ Նորից է վերադառնում պառավի մոտ, դարձյալ նույն լուրն ավետում, էլի մի կտոր հաց ստանալով, տանում է պառավի որդուն։
Կաչաղակը նույն բանը մի քանի անգամ էլ է անում, մինչև որ պառավը ձանձրանում է, քար է նետում կաչաղակին։ Սա առնում է քարը, տանում գցում պառավի տղայի գլխին, սպանում։ Պառավը գալիս է մեռած որդու մոտ և իսկույն ճանաչում իր նետած քարը։ Դրանից հետո այլևս քար չեն նետում կաչադակին, միայն հաց են տալիս ու ասում.
— Բարին՝ մեզ, չարը՝ թշնամուն։
Չափարծիտ։ Աստված թռչուններին հայտնում է, թե ով որ ամենից շուտ հասնի իր մոտ, թագավոր կնշանակի։ Արծիվն իսկույն թևերը bարձրացնում է և թռչում դեպի երկինք, bայց ճանապարհին հոգնելով, նստում է մի տեղ հանգստանալու։ Չափարծիտը, որ թաքուն մտել էր արծվի թևի տակ և հանգիստ վեր բարձրացել, այդ ժամանակ դուրս է թռչում արծվի թևի տակից և առաջինն ինքը ներկայանում աստծուն։
— Ինչո՞ւ ես եկել, — հարցնում է աստված այդ փոքր թռչունին։
— Եկել եմ, որ ինձ թռչունների թագավոր նշանակես, — պատասխանում է չափարծիտը։
— Դե որ այդպես է, — ասում է աստված, — գնա մի ճիպոտ բեր, որ ոչ կարճ լինի, ոչ երկար, ոչ ծուռ, ոչ ուղիղ։
Այդ օրից ի վեր փոքրիկ ծիտը չափարների (ցանկապատներ) տակ ճիպոտներ է փնտրում և երբ գտնում է, ասում.
— Չի, չի, էս չի, էն չի...
Հավ։ Բոլոր թռչունները հավաքվում են և որոշում, որ եթե աստված հաջողի, միասին թռչեն մի տեղ։ Հավը վեր է կենում տեղից և ամբարտավան-ամբարտավան ասում.
— Ուզում է աստված հաջողի, ուզում է չհաջողի, միևնույն է, ես թռչելու եմ։
Լուսաբացին բոլոր թռչունները թևերին տալով օդ են բարձրանում։ Հավը ինչքան թափահարում է թևերը, չի կարողանում գետնից կտրվել։ Այդ օրից մինչև հիմա հավը չի կարողանում թռչել, թեպետ առաջ նա էլ բոլոր թռչունների նման թռչել է իմացել։
Աքաղաղը օրվա լույսի ավետաբերն է։ Երբ սկսում է լուսանալ, նախ կանչում է երկնային աքաղաղը։ Նրա ձայնը լսում է երկրային աքաղաղը, ձայն տալիս, արթնացնում մարդկանց խոր քնից, որը ժամանակավոր մահ է գիտակցվում։ Դրա համար էլ աքաղաղը համարվում է «գիշերվա մեռելհարույց», այսինքն՝ քնած մարդկանց հարություն տվող, արթնացնող։
Ամեն առավոտ աքաղաղը տեսնում է, թե ինչպես են բացվում երկնքի դռները, դրա համար էլ արևածագի ժամանակ նա ավելի հաճախ է կանչում։ Նա այդ պահին տեսնում է մարդկանց պահապան հրեշտակներին, որոնք մարդկանց քնած ժամանակ երկինք են բարձրանում և լուսադեմին վերադառնում։ Նա տեսնում է նաև հոգեառ հրեշտակին և բոլոր չար ոգիներին։
Մոկսում գտնվող Փութկու սուրբ Գևորգի վանքի վանահայրը միշտ աքաղաղ է եղել, որը կառավարել է վանքն ու նրա տնտեսությունը։ Առանց այդ աքաղաղի կանչի վանքում իջևանած կարավանները երբեք ճանապարհ չեն ընկել։ Երբ վախճանվում է այդ աքաղաղը, ժողովուրդը նրա փոխարեն վանահայր է կարգում այն աքաղաղին, որը երազում երևացել է որևէ բարեպաշտ մարդու։
Թիթեռը գնում է սատանայի մոտ, նրա աղջկան կին ուզելու։ Սատանան ասում է.
— Գնա ինձ համար ճրագ բեր, աղջիկս տամ քեզ։
Թիթեռը գնում է, ճրագի շուրջը պտտվում, ընկնում է ճրագի մեջ, այրվում։ Դրա համար էլ թիթեռները շարունակ ճրագի շուրջն են պտտվում։
Մի թագավոր շատ սիրուն աղջիկ է ունենում, երբ աղջկա ամուսնության ժամանակը հասնում է, հայրն ասում է.
— Քեզ կտամ այն կտրիճին, որը կկարողանա անհանգչելի կրակ բերել։
Շատ կտրիճներ են գալիս թագավորի պայմանը կատարելու, բայց ոչ ոքի չի հաջողվում անմար հուր բերել։ Գնացողները բոլորն էլ ընկնում են կրակի մեջ, այրվում։ Կրակի շուրջը պտտվող թիթեռները, որ փարվանա են կոչվում, թագավորի աղջկան ուզող փեսացուներն են։
Կարիճը աստված չի ստեղծել։ Կարիճները գոյացել են հետագայում՝ դավաճանների և ազգուրացների գերեզմաններից։ Սրանք մեռնելուց հետո ժառանգություն են թողել կարիճներին, որոնք խայթելով ոչնչացնում են մարդկանց։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.