Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Հովհաննես Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:
Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը:
1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում:
1943 թ-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին:
Պատերազմից հետո՝ 1945–54 թթ-ին, Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թթ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:
Համազասպ Բաբաջանյանը 1925 թ-ին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, գերազանցությամբ ավարտել է 1929 թ-ին, երբ այն արդեն տեղափոխվել էր Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց:
1942 թ-ին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, 1948 թ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: 1939-40 թթ-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին:
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) սկզբին մայոր Բաբաջանյանը նշանակվել է հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Մոսկվայի ուղղությամբ Սմոլենսկի շրջանում մղված մարտերին, Ելնյայի ազատագրմանը, Օրյոլի պաշտպանությանը:
Նրա գունդն առաջիններից է արժանացել գվարդիականի կոչման: 1942 թ-ի սեպտեմբերից, որպես մեքենայացված բրիգադի հրամանատար, Կալինինյան ռազմաճակատում մասնակցել է Ռժևի շրջանի ռազմական գործողություններին, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին՝ Կուրսկի ճակատամարտին:
1943 թ-ի վերջին, Կիևի ազատագրումից հետո, նրա բրիգադը կարևոր դեր է խաղացել Կազատին երկաթուղային հանգույցը ազատագրելիս, 1944 թ-ի հունվարին մասնակցել է Պրոսկուրով-Չեռնովցիի ռազմական գործողությանը, Տեռնոպոլի շրջանից հաղթական երթով հասել է Դեսնա և գետանցել: 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը:
1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելոռուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա-Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: 1945 թ-ի հունիսին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գեներալ-մայորի, իսկ 1967 թ-ի հոկտեմբերին՝ մարշալի կոչումներ:
Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում 1902 թ.-ի հունվարի 7-ին:
Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թ-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում:
1917 թ-ի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թ-ին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918-20 թթ-ին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին:
Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը: Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից:
Խանփերյանցը 1922 թ-ին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–36 թթ-ին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան:
1936-41 թթ-ին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-40-ին՝ Բելառուսի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ:
1940 թ-ին մասնակցել է Արևմտյան Բելառուսի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին:
Հայրենական մեծ պատերազմի (1941-45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թ-ի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից` խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թ-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ:
Կարդացեք նաև՝
Հովհաննես Բաղրամյան (կենսագրություններ)