***
Պահարանիս մեջ տեղավորեցի
Տոնի հանդերձներ, որպես հնոտի,
Նրանք եղել են երկինքներ տանող
Ծիածանագույն կրծկալ ու գոտի...
Փակեցի դուռը առանց բանալու,
Ցած իջա բեմից, էլ արտիստ չեմ ես,
Ինձ են լուռ նայում` պիտակը վրան
Զույգ հողաթափեր շնիկների պես...
Վառ ծաղիկներով գլխարկս կանեմ
Լայնեզր զամբյուղ ծաղկունքի համար,
Ես մոմ եմ դարձել առանց այրումի,
Ներիր, ուղեկից, այծեղջյուր համառ...
Երկու կին իմ մեջ արտասվում են լուռ,
Մի նոր երկաթե դարպաս է իմ դեմ,
Մեկը ասում է. - դրախտը միֆ էր,
Երկրորդը գիտի` կա ուրիշ եդեմ։
Իսկ պահարանից դուրս է մնացել
Հագուստիս փեշը` թաշկինակ որպես,
Օծանելիքի բուրմունք է վրան,
Մի նոր աշխարհի բացիկ է կարծես...