Harutin » 05 окт 2010, 20:37
Դորիան Գրեյի դիմանկարը
Դու իմ Դորիան Գրեյն ես,
ես` քո դիմանկարը, քաղա՛ք.
տարիները խորշեր են թողնում ու կնճիռներ դեմքիս,
իսկ դու մնում ես միշտ նույնը ու ջահել:
Մեր մանկության բարի կախարդով հեքիաթն էինք մենք նկարում
նրբանցքներում ու այգիների ճեմուղիներին, հենց մարդկանց ոտքերի տակ,
մինչև պատանեկության մեր երազի ժամանակը եկավ
և այն սկսեցինք նկարել քո ձեռնահաս երկնքում.
մի ոսկե քաղաք էր, մի բարակ աղջիկ,
և մեր սիրտը` բերնեբերան սիրով լցված,
ու հանկարծ մի գիշեր հեքիաթի չար դևը գողացավ աղջկան:
Հետո դափդատարկ իջանք փողոց ու իրականություն,
ի~նչ հեշտ էր բռնվում պահը ու ամեն փախչող բան,
գարեջրի դատարկ շշերն էինք համբույրների հետ նետում գետը,
երիտասարդ, անհագ կյանքը շուրջօրյա էր ու անգիշեր:
Այդպես մեր սերերն էինք փափուկ օրորում` սիզամարգի կանաչին պառկած,
ու երբեմն էլ հիշում անցյալի երազը, որ ամպերի մեջ է քնել,
և աստղերի վրա ինքնագրեր թողնում
չար դևի գողացած աղջկա համար:
Քանի դեռ կա այս հեքիաթը` էլ մեր ի՞նչ ցավն է,
երբ հին մարդիկ ծեր ու հոգնած թնկթնկում են,
թե սա մեր քաղաքը չէ,
մերը մնաց երեսպատման սալիկների տակ
ու հիշողության սարդոստայնում է խճճվել.
համոզված էինք, որ ես ու դու համաչափ հասակով ենք բարձրանում
և իջնելու ենք նույն կորագծով` ձեռք-ձեռքի տված:
Հիմա, երբ ցնդել է տեսիլքը պոետական,
տարիները ծերություն են գծում քո տեսքով իմ դեմքին,
իսկ դու` իմ ոգին կրծքիդ տակ` մնում ես միշտ ջահել.
ես քո դիմանկարն եմ,
դու իմ Դորիան Գրեյը, քաղաք: