ԼԱՓՏՈՒՐ ԽՈԶԸ
Անտառի բամբասասերների կողմից անհավատալիորեն ծաղկեցրած այս պատմությունը դարավոր կաղնիներն արմատախիլ անող քամու բերանն ընկած, թռավ հասավ օդի այն շերտերը, ուր աստղերը ժամադրվում են հավերժահարսերի հետ և ուր ոսկեփորիկ մեղուները ճշմարտության նեկտար են ժողովում իրենց երկնագույն փեթակներում: Հենց այդ մեղուներից մեկն էլ պատմեց ինձ այս պատմությունը:
Դարավոր անտառում, ուր գիշերները կարելի էր հանդիպել սպիտակազգեստ ուրվականների և ուր հեռուստացույցը դեռ դուրս չէր մղել անտառային կախարդների տնայնագործական հրաշք-հայելուն, ապրում էր Լափտուր խոզը իր բազմանդամ ընտանիքով: Իր անհագ ախորժակի շնորհիվ Լափտուր խոզը խժռում էր ոչ միայն անտառի սովորական բարիքները, այլև համարյա լափել վերջացրել էր այն բոլոր ախոյաններին, ովքեր ինչ-որ ձևով խանգարում էին իրեն: Մեծ, շատ մեծ իշխանություն ուներ Լափտուրն անտառում: Միայն նրա գրավոր թույտվությամբ էին թուխս նստում ագռավները և իրենց ստորերկրյա թունելները փորում խլուրդները, նրա հրամանով էր քուն մտնում Արջը և գիշերային իր թախծոտ երգերը երգում միայնակ Գայլը:
Լափտուրի տղաներից նրանք, ովքեր արդեն գոճի չէին, գտել էին իրենց տեղը կյանքում: Ավագ որդին նույնիսկ գիտական աստիճան ուներ: Ճիշտ է, չար լեզուները պնդում էին, թե նրա` «Ծառերի վնասակար թրթուրները» թեմայով դիսերտացիան գրել է փայտփորիկը, բայց դե չար լեզուներ որտեղ չկան: Մյուս որդին անտառի հարկային տեսչության պետն էր` գիրանալու անսահման հնարավորություններով: Նույն չար լեզուները տարածել էին, թե նա կապված է աղվեսների ընդհատակյա մաֆիայի հետ: Հաջորդ որդին անտառի հաշտարար դատավորն էր, մյուսը` խանութպան և այլն:
Լափտուրի թոռները` նրանք, որոնք դեռ գոճի էին, երաժշտության դասեր էին ստանում Սոխակից, զբաղվում մարմնամարզությամբ և մաթեմատիկայի ուսուցչին խոստովանում, որ չորս կաղինին գումարած մեկ կաղին կլինի հինգ կաղին, որոնցով սակայն, ցավոք փոր չի կշտանա: Մինչ նրանք տնքում էին դասերի վրա, Լափտուրի կինը գետաձիու նազանքով սենյակից սենյակ ճեմելով, գեղանի եղնիկների հետ քննարկում էր մոդայի վերջին նորույթները:
Լափտուրի Վարազ նախապապը, որը դատելով հին լուսանկարներից, ցից-ցից մազերով մի գեղջուկ էր, չվող արագիլներից լսելով այն մասին, որ Աֆրիկայում բոլոր փղերին կոտորել են իրենց ժանիքների համար, այնպես էր վախեցել, որ բախվելով ժայռին, կոտրել էր իր ժանիքները և տափակեցրել քիթը, այդ պատճառով էլ նրա բոլոր սերունդները ծնվում էին առանց ժանիքների և տափակ քթով: Ընտանեկան այս ավանդույթը պատմվում էր բոլոր հարմար առիթներով, հնարավորություն տալով տարին երկու անգամ ամենաթանկարժեք առողջարաններում ցեխի վաննաներ ընդունող Լափտուրյաններին մեծամտորեն քմծիծաղելու իրենց ռամիկ ու դյուրահավատ նախնու վրա:
Ահա այսպիսին էին Լափտուր խոզը և իր ընտանիքը: Չմոռանամ ասել, որ Լափտուրն ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` առ այն, որ ինքը հուսալի ընտանիքի զավակ է, որ երբեք չի թավալվել մեղքի երերուն ճահիճներում, որ օտար անտառներում հարազատներ չունի, որ շատակերների համաանտառային մրցույթի դափնեկիր է և, նույնիսկ, որ հարազատ անտառի համար զոհված անհայտ հերոս է: Բա՛: Չկարծեք թե Լափտուրը սովորական խոզ էր, նրանցից, որոնց կոչումը միայն գիրանալն ու վերջում ապխտվելն է. նա ուրիշ խոզ էր…
Ասացինք, որ Լափտուրը մեծ իշխանություն ուներ անտառում: Նրա գրասենյակը գտնվում էր սոճիների մի գեղեցիկ պուրակում: Գրասենյակի ետևում գտնվում էր մի մեծ ճաշասենյակ, ուր և նա անցկացնում էր իր օրվա մեծ մասը և ահա թե ինչու:
Լափտուրի գրասենյակ էին գալիս շատ խնդրատուներ, իրենց հոգսերով, բողոքներով.
-Ուզում եմ թռչնաբուծական ֆերմայի վարիչ դառնալ,- խնդրում էր Աղվեսը:
-Պաշտպանեք ինձ ոչխարների ոտնձգություններից,- բողոքում էր Գայլը:
-Բարձր կաղնու երեքսենյականոց փչակը խնդրում եմ ինձ հատկացրեք,- ասում էր Սկյուռը:
-Թող ոչ ոք ինձ չհամարձակվի սողուն կոչել,- բորբոքվում էր Օձը:
Եվ նա նրանց պատասխանում էր միայն մեկ արտահայտությամբ.
-Լափ տո’ւր:
Եվ բերում էին, ով ինչ կարողանում էր:
Նապաստակը նրա համար բերում էր թարմ գազար ու վարունգ, Արջը` նոր քամած մեղր, նույնիսկ աղքատ այրի Կկուն, ոչինչ չունենալով, բերում էր իր ձագերին:
Ուրեմն զարմանալու ոչինչ չկա, որ Լափտուրը օրվա մեծ մասն անցկացնում էր գրասենյակին կից ճաշասենյակում:
Լափտուրը ի ծնե վախկոտ և փոքրոգի լինելով` միշտ շրջում էր Սափրագլուխ Շնագայլերի ոհմակով շրջապատված, որոնց պարտականությունն էր ծեծել լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին բողոքել իր իշխանության դեմ: Այդ հույժ անհրաժեշտ աշխատանքի դիմաց Լափտուրը մերթընդմերթ պարգևատրում էր նրանց կրծած ոսկորներով:
Մի անգամ Շնագայլը հևասպառ Լափտուրի գրասենյակն ընկավ հենց այն պահին, երբ նա ավարտելով իր փառահեղ ճաշը, բազմոցի վրա ատամները քչփորելով, պատրաստվում էր բժիշկների նշանակած առողջարար քունը մտնել:
-Հը, ի՞նչ կա,- դժգոհ մրթմրթաց Լափտուրը:
-Ձերդ խոզություն,- կմկմաց Շնագայլը,- անտառում ինչ-որ լուրեր են պտտվում…
-Էհ, անտառը դրա համար էլ անտառ է, որ լուրեր պտտվեն,- քնաթաթախ մրթմրթաց Լափտուրը,- լուրերով առայժմ ոչ ոք չի կշտացել:
Ճաշից հետո նա միշտ էլ փիլիսոփայաբար էր տրամաբանում:
-Բայց, ներեցեք, այդ լուրերը կպնում են ձեր արժանապատվությանը:
-Ի՞նչ,- ոտքի թռավ Լափտուրը:
-Եթե ցանկանում եք, ես կկանչեմ Կաչաղակին,- ետ-ետ գնալով, ամեն րոպե ծլկելու պատրաստ՝ ասաց Շնագայլը,- հիմար շատախոսը մի նամակ է բերել, մի շատ վատ, շատ վարկաբեկիչ նամակ: Անտառում խոսում են միայն այդ մասին:
-Տուր նամակը,- իրեն կորցրած խռնչաց Լափտուրը:
Նամակը գրել էր հեռավոր հարթավայրերի խոզաբուծարանում ապրող մեկը:
Ահա թե ինչ նամակ էր այդ:
«Մեծարգո և պատվարժան Լափտուրին, անտառի շատակերին, բոլոր խոզերից ամենաարժանավորին` ողջույն:
Հեռու-հեռվից լսելով Ձեր շատակերության համբավը, հետաքրքրվեցի Ձեզնով: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս և որտեղի՞ց եք սնունդ ստանում աղքատ անտառում, ո՞վ է Ձեզ ուտելիք մատակարարում: Երկար խորհելուց հետո եկա այն եզրակացության, որ Դուք օտարերկրյա վարկեր գրպանող, անտառային խղճուկ որկրամոլ եք և ոչ թե աշխարհահռչակ շատակեր: Այդ համոզմունքից ետ կկանգնեմ միայն այն ժամանակ, եթե բարեհաճեք մրցել ինձ հետ գալիք կիրակի վաղ առավոտյան: Նամակիս կից ուղարկում եմ ախորժակի դեղ` մրցությանը նախապատրաստվելու համար:
Խոզաբուծական ֆերմայի պարծանք, միջազգային մրցույթների դափնեկիր, ամենակեր ու ամենագեր` Գերխոզունի»:
Նամակի բովանդակությունը, իսկ առավել ևս կից ուղարկած ախորժակի դեղը մինչև հոգու խորքը վիրավորեցին Լափտուրին: Երկար ժամանակ նա ոչինչ չէր ասում: Մտովի նա տեսնում էր անտառի բնակիչների ծուռ քմծիծաղը, կեղծ կարեկցական հայացքները և ավելի էր կատաղում.
-Ես դրան ախորժակի դեղ ցույց կտամ,- վերջապես որոտաց նա այնպես բարձր, որ նույնիսկ կաղնու տերևները դողացին:
Նշանակված օրը Լափտուրն իր շքախմբով ներկայացավ խոզաբուծական ֆերմա:
Երկու հսկայական տաշտերի մեջ լցված կերը ախորժելի բուրում էր: Լափտուրը նույնիսկ ախոյանին չնայելով` վրա պրծավ տաշտերից մեկին: Գերխոզունին կպավ մյուս տաշտին: Մնացած խոզերը դունչներն էին լիզում և որպեսզի իրենց մխիթարեն, ձևացնում էին, թե սպորտային ազարտի մեջ են: Աներևակայելի խռնչոց էր բարձրացել: Ոչ ոք նույնիսկ չնկատեց ֆերմայի հրացանավոր պահակի մոտենալը: Նրան անհանգստացրել էր անսովոր աղմուկը:
-Օհո, ոհմակին նոր խոզ է խառնվել: Եվ ինչ էլ գերն է,- կամացուկ ասաց պահակը: -Սպասիր, սա ախր անտառի վայրենացած խոզերից է:
Եվ նույն պահին նա հանկարծ հիշեց, որ խոզաբույծի աշխատանքը շատ ծանր է, որ ահա ինչքան ժամանակ ինքը կարգին խորոված չի կերել, որ վատ չէր լինի.. և պահակը ինքն էլ չզգաց, թե ինչպես քաշեց ձգանը:
Կրակոցը փայլատակեց, Լափտուրը վայր ընկավ, և նույն ակնթարթին չքվեցին-չքացան և՛ կերակրատաշտը, և’ խոզերը, և’ պահակը, և՛ այն անտառը, ուր Լափտուրն
այնքան լափ էր լափել:
Խոզարածները մի լավ խորոված սարքեցին: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ճթճթում Լափտուրի կողերը թեժ կրակի վրա: Մնացած միսը վաճառեցին քաղաքում: Միայն թե մարդիկ, ովքեր ուտում էին Լափտուրի մսից, նրա բնավորության գծերից ինչ-որ բան էին ձեռք բերում:
Եթե հանդիպեք տգետ, կաշառակեր, որկրամոլ, երեսպաշտ և այլ արատներ ունեցող
մարդկանց, գիտցեք, որ նրանք Լափտուրի մսից են կերել: