Harutin » 16 апр 2011, 18:03
Նկարիր այս վայրկյանը
Նկարիր այս վայրկյանը աչքերիդ մեջ`
Ջղաձիգ գծերով քաղաքի,
Նկարիր մինչեւ թարթումը աչքի,
Նկարիր վայրկյանը հին ու նոր շենքերի,
Որոնց ներսում մարդիկ են`
Հիմնականում հոգնած ու անկիրք,
Հոգսից կքված ու ջղաձիգ,
Հիմնականում ապրելը մոռացած,
Անհանդես, անտոն ու պարզապես տխուր:
Նկարիր սուրացող վայրկյանի մեջ
Մարդկանց, ում հաջողվում է ապրել մեկ-մեկ
Եւ հիշել կյանքի մոռացված համը:
Անխնա մաշվող փողոցները այս,
Որոնցով ակամա դեպի վերջն են շտապում
Մարդիկ, մեքենաներ,
Եւ հարսանիքի շարասյանն ուրախ`
Նորածինների կենացով արբուն,
Մահվան թափորից պահն է բաժանում,
Որ կոչվում է կյանք:
Նկարիր հենց այս վայրկյանին,
Երբ աննկատ գունաթափվում ու խամրում են
Խրատա-փիլիսոփայական-սարսափազդու
Վահանակների գույները`
«Ստրկությունն էլ կյանք է: Համենայնդեպս»,
«Ամեն օր օրհնեք մեզ, երջանիկ եղեք,
Որ նույն օդն եք շնչում»,
«Ամեն ամիս կարող է «մարտի 1»-ով սկսվել»,
«Փողը եւ փառքը տառապանք են ինքնին.
Որից ազատ եք հենց մեր շնորհիվ»,
«Դու անզեն ես այսօր եւ հավիտյանս հավիտենից»,
«Խելոք մնացեք` իմ զենքը եւ մեր զենքերը…»:
Նկարիր` ջնջելով քաղաքականությունը
Հայրենական եւ համաշխարհային`
Որպես տեղական կամ այլածին
Ազնիվ կամ խարդախ զուր ջանքեր`
Վերափոխելու խոտոր մարդուն
Եւ մարդկանց խոտոր աշխարհը:
Նկարիր այս վայրկյանը աչքերիդ մեջ,
Որովհետեւ ունայնության քամին
Ջնջում է կյանքը վայրկյան առ վայրկյան,
Որ դժոխքի պատվաստում է երեւի,
Ծանուցում կամ նախավարժանք,
Եւ ոչ ոք չգիտե դրախտի ճամփան:
Նկարիր, քանի դեռ գույներ կան ջինջ,
Եւ քանի դեռ կարող ես լինել երջանիկ
Ինչից հնարավոր եւ անհնար է նույնիսկ`
Քամու հազարաձեռն շոյանքից,
Անձկությունները լվացող անձրեւից,
Մոտեցող եղանակի ոտնաձայներից
Եւ հեռացողի վերջին քնքշանքից,
Հրճվիր ճերմակ ապշանքներով ձյան
Եւ շոգից, որտեղ հալչում է ձայնը:
Սակայն մանավանդ երջանիկ եղիր
Վաղուց սպասված սիրո խոսքերից`
Ջղաձիգ օրվա կամ երազի մեջ:
Ամեն ինչ սուտ է եւ անցողիկ,
Ու միայն Սիրո թմբիրն է քաղցր:
Սրտի եւ մարմնի թրթիռով
Ես կջնջեի նախընթաց բոլոր
Քո վայրկյանները,
Իմ վայրկյանները,
Կնկարեի ես մեր վայրկյանը
Քո աչքերի մեջ,
Եւ դրախտն իրեն կգտներ հանկարծ
Մեր մի սիրտ-մի գիրկ հափշտակության,
Մեր ցնորքի մեջ:
Սակայն վաղուց է`
Որ անհարազատ քո հայացքներից
Ինձ իմ կոպերն են փրկում ջղաձիգ:
Վայրկյանն այս հավերժ
Կամ հավերժությունն այս վայրկենական
Գուցե երազ է քնի մեջ մեկի: