ՀԻՆԳ ՄԵՔԵՆԱ` ՃԱՄՓԵԶՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Աջ կողմում ձորն էր, ձախ ճամփեզրը կտրված էր լեռան գոգից, ու միայն ոլորանն անցնելիս բացվում էր մայրուղին, բայց հարյուր մետր էլ չանցած` տեսադաշտը նորից սեղմվում, դառնում էր ասֆալտի շերտ ու ձորաբերան:
Մարդը պառկած էր բարձրադիր ճամփեզրին, դեմքով` երկնքին, ձեռքերը` լայն տարածած: Պառկած դիրքն անհոգ, ամռան օրվան տրված մարդու հանգիստ էր հուշում, բայց սուրացող մեքենաներից նայողներին նրա բոբիկ ներբաններն անբնական զգացում էին առաջացնում: Մարդը տեսանելի էր այն հարյուր մետրի տարածքում, ու միայն վերևից իջնող մեքենաներին: Բայց մի քանի րոպեների ընթացքում տեսնողը հասցնում էր նկատել պառկածի լայն տարածած ձեռքերը, ուղիղ ձգված ոտքերն ու անբնական ճերմակ ներբանները, որոնց ճերմակության մեջ ամոթալի ինչ-որ բան կար: Վառ երևակայություն ունեցողին բարձրադիր ճամփեզրին պառկածը արևախանձ հողին տարածված խաչափայտ կարող էր հիշեցնել…
“””
«Խալաթս… զգում էի, չէ՞, որ բան եմ մոռացել… Բայց որտե՞ղ մնաց, որ աչքիս չընկավ… «: Կինը մեքենայի ապակին իջեցրեց, ծխախոտը դուրս շպրտեց:
- Մոխրամանը ո՞ւմ համար է,- աչքը չկտրելով ճանապարհից` տղամարդը թեքվեց, սեղմեց կոճակը. ապակին անաղմուկ բարձրացավ վերև:- Գիտես, ջղայնանում եմ, որ մեքենայից ինչ ասես դուրս են շպրտում ու…
- Իսկ եթե ինձ դուր է գալի՞ս,- կարծես ժպտաց կինը:
- Առավել ևս,- ասաց, սպասեց պատասխանին: Կինը իջեցրեց պատուհանը, դեմքը պահեց քամուն:
«Ինչ է ուզում դրանով հասկացնել… վիրավորվե՞ց: Չէ հա, գիշերվա քենն է քշում»- տղամարդու ձեռքն ինքնաբերաբար գնաց սիգարետի տուփին, մատները սովոր` ծխախոտ վերցրին ու մոտեցրին շուրթերին: Ու մինչ ձեռքը երկրորդ անգամ կգնար վառիչը վերցնելու, հիշեց, որ ծխելը թողել է: Սրտնեղությունն ավելացավ, ոտքը սեղմեց գազին` մեքենան ավելացրեց արագությունը:
«Հետաքրքիր է, որ խալաթը մոռացա: Միակ բանը, որ հատուկ գնել էի այս օրերի համար»,- տղամարդու շուրթերից պոկեց սիգարետը, դուրս շպրտեց:- Համբերիր, գոնե քառասունքը լրանա:
- Լրացել է, հինգ օր էլ` վրադիր:
- Չեղավ, եթե օրերն ես հաշվում, էլի կսկսես:
- Այս անգամ վերջնական է, չե՞ս հավատում:
- Հավատում եմ,- բարձրացրեց ապակին, սալոնում լռությունը թանձրացավ: - Հավատում եմ,- կրկնեց ավելի կամաց, թեքվեց, գլուխը դրեց տղամարդու ծնկին, ու ամեն անգամվա պես դիմահար ապակուց ներս լցվեց հուլիսյան արևախանձ երկինքը:
Տղամարդու աջ ձեռքը սովոր` իջավ կնոջ դեմքին: Կինը համբուրեց նրա տաք ափն ու փակեց աչքերը: Ու հանկարծ շատ կարևոր դարձավ հիշելը, թե քոթեջի որ անկյունում մնաց խալաթը: «Լոգարանում… չէ, հատակից առաստաղ սպիտակ էր, կապույտը աչքի կընկներ: Բազմոցին, թե՞ ննջասենյակում…»- մտովի վերհիշում էր սենյակները, իրերը, այն ամենը, որ չորս օրում դարձավ իրենցը, երկուսինը: Երեք տարիների մտերմությունը առաջին անգամ ընդհանուր սենյակ ու մահճակալ ունեցավ…
- Ե՞րբ անցավ երեք տարին,- ասաց ու զարմացավ, որ բարձրաձայն է մտածել:
- Էլ մի ասա,- տղամարդու ձայնը զարմանք չուներ:
«Երեք տարի գաղտնի ու կիսագաղտնի հանդիպումներ: Ու միայն օրը ցերեկով, լավագույն դեպքում` մինչև երեկո` ժամը յոթը, որովհետև յոթից հետո տուն գնալս բացատրություն պիտի պահանջեր: Երեք տարվա մեջ ոչ մի անգամ բացատրություն տալու կարիք չզգացվեց, ոչ մի անգամ չուշացա… դա լա՞վ է, թե՞ վատ: Ի՞նչ է մտածում… չեմ խոսելու: Թող մտածի, որ քնել եմ»:
«Քնե՞ց… Ի՞նչ իմանամ, սուտմեռուկի վարպետ է»,- տղամարդու ձեռքն իջավ, անշարժացավ նրա կրծքին: Ծխելու ցանկությունն անհաղթահարելի դարձավ: Ծնկի վրա մեքենայի ընթացքին համաչափ թեթևակի օրորվող կնոջ դեմքը նույն սիրելին ու հարազատն էր, բայց ներսում տագնապ կար… «Երեք տարվա մեջ առաջին անգամ միասին, գիշեր ու ցերեկ… ու այս ապուշ վիճակը…»:
- Ի՞նչ ես մտածում,- իր համար էլ սեփական ձայնը անսպասելի բարձր հնչեց:
- Խալաթս եմ մոռացել:
- Կապո՞ւյտը…
- Հա, ուզում եմ հիշել` որտեղ մնաց:
- Պատշգամբում,- ձայնը խլացավ:- Երեկ գիշեր…
«Պատշգամբում… հա, էլի... այնտեղ մնաց, հատակին… ոնց էլ հիշում է: Վատ չէ, ուրեմն մնացածն էլ կհիշի»,- կտրուկ նստեց տեղում:
- Ինչո՞ւ ելար, մի քիչ էլ քնեիր, քաղաք կհասնեինք,- ասաց համարյա անտարբեր:
- Քունս փախավ:
«Գիշերն էլ չքնեց: Ոնց որ երեխա լինեինք` իրար կողք պառկած` քնած էինք ձևանում»:
Կինը բացեց պայուսակը: Որքան խնամքով էր թարմացնում դեմքի շպարը, այնքան մեծանում էր տղամարդու սրտնեղությունը:
- Հարսանիքում ամենաահավորը զուռնայի ձայնն է: Այնպես է ծղրտում, ասես կանխագուշակում է նորապսակներին սպասվող ամուսնական սյուրպրիզները,-ասաց կինը. մյուս ափից հասնող երաժշտությունը չէր խլացնում անգամ գետի աղմուկը:
- Չէ, ինչի՞ որ,- ծույլ հակաճառեց ճոճաթոռին մեկնված տղամարդը:- Քավորի, թամադայի ու մնացածի կողքին հեչ էլ վատ չի նայվում:
- Քո հարսանիքին է՞լ զուռնա կար:- հարցրեց ու նույն պահին էլ մտածեց, որ իրենց մտերմության ընթացքում առաջին անգամ փորձեց ինչ-որ բան իմանալ նրա նախկին կյանքի մասին:
- Բա ո՞նց, քավորի, թամադայի…
- Կարմիր խնձորի հետ միասի՞ն,- չէր ուզում, հարցն ինքն իրեն դուրս թռավ բերանից:
- Կասկածո՞ւմ ես,- ինքնագոհ շեշտն ակամա ստացվեց:
- Իսկ հարսը գեղեցի՞կ էր,- արդեն անկատակ հարցրեց կինը:
- Շատ,- դիմադարձեց տղամարդը:
Ռեստորանում քեֆ անողների ձայներն ավելի պարզորոշ լսվեցին:
- Գեղեցի՞կ...- տղամարդն ինքն իրեն հարց տվեց: - Չգիտեմ… Վախեցած տեսք ուներ… Հիշողությանս մեջ այդպիսին է մնացել` սպիտակ զգեստով վախեցած աղջնակ,- ասաց ու լռվեց: Իրեն նայող աչքերի մեջ… ի՞նչ էր:
- Մի քիչ կամաց,- կինը նյարդային շարժումով մատիտը ետ տարավ դեմքից:
- Ինչի՞…
- Աչքերս եմ ներկում:
- Թե քո աչքերի ինչին է պետք ներկը… - արագությունն իջեցրեց:- Վերադառնա՞նք:
- Ո՞ւր:
- Խալաթդ…
- Ոչ,- կոպիտ ստացվեց:- Այդ խալաթը հենց սկզբից ինձ դուր չեկավ: Ի՞նչ է… այնտեղ…- կինն ուրախ էր, որ ասելիքը կարող է չշարունակել:
- Որտե՞ղ… - ու ինքն էլ տեսավ ճամփեզրին պառկած տղամարդուն:- Մարդ է:
- Պարզ է, որ գազան չէ:- Պառկածի բոբիկ ներբանները կարծես ծաղրում էին իրենց նկատողներին:- Մի տեսակ… էն չէ, ինչո՞ւ է պառկել արևի տակ:
- Պառկել է, որովհետև…- տղամարդը կտրուկ արգելակեց, դուռը բացեց:- Հիմա կիմանանք:
- Ի՞նչ ես անում,- ճանկեց թևքը:- Ի՞նչ ես անում,- հարցրեց արդեն հանգիստ:
- Ուզում եմ տեսնել…
- Ի՞նչ ես ուզում տեսնել…
- Գուցե օգնել է պետք…
- Փրկչիս տեսեք, գլխապատառ ոնց է իրեն դուրս գցում…
- Քեզ ի՞նչ եղավ,- ապշած նայում էր կնոջ ջղաձգվող դեմքին:
- Ուրեմն, դու կարող ես առաջին պատահածին օգնությա՞ն հասնել: Իսկ փորձե՞լ ես ինձ օգնել, կամ գոնե մեկ անգամ հարցնեիր, թե ինչպես եմ դիմանում այս ստին, վախին, որ մեկնումեկը չիմանա, չտեսնի… Ինչ է, փորձում ես հավատացնել, որ կարող ես կարեկցել անծանոթին, երբ թքած ունես իմ վրա՞… Ո՞ւր, ասացի վեր ընկի տեղդ…
- Քեզ ի՞նչ եղավ, ինչի՞ լրբացար:
- Վիրավորում ես,- ներքուստ զսպանակվեց ու կարողացավ շատ հանգիստ ասել.- Ինձ տուն տար:
- Այսինքն…
- Ինձ տուն տար:
- Էնպես ես ասում, կարծես գնալու ուրիշ տեղ էլ ունես:
- Դա չի նշանակում, որ կարող ես հեգնել:
Տղամարդը միացրեց շարժիչը, աչքի տակով նայեց` դեմքը թաքցրած ձեռքերի մեջ, կինը կարծես քարացել էր: «Էդպես էլ կնստի, կմնա: Մի բառ չի ասի, չի նայի… Կարծում էի` համառն է, հիմա եմ հասկանում` ինքնապաշտպանություն է… Անզոր ինքնապաշտպանություն է: Քարացել-մնացել է, կմեռնի` լաց չի լինի: Երեկ գիշեր ոնց էր ուզում լալ, իրեն պատեպատ տալ, իսկ ինչ արե՞ց… Կանգնեց պատշգամբի կենտրոնում, խալաթը գցեց վրայից: Մարմինը լույս էր արձակում, լիալուսնից էր, թե ուրիշ բան էր… Սպասում էի` կմոտենա, ոնց էի սպասում, որ մոտենա, իսկ նա…»:
- Ոնց ասի՞ր. «Առաջին ու վերջին անգամ ես տեսնում ինձ ու լուսնին միասի՞ն»: Վատ չէր, ո՞ր գրքում ես կարդացել- ձայնի անզորությունից ասածն ավելի վիրավորական հնչեց:
- Ինձ տուն տար,- իր մենակության միջից ասաց կինը:
...
Տունը տապլտկվում էր տոթի մեջ: Խոր շունչ քաշեց` տնեցիները չկային: Ճամպրուկը թողեց նախասրահում, միացրեց օդափոխիչը, մտավ լոգարան: Ջուրը բացեց, մի քանի րոպեից հայելին քրտնեց: Ափով մաքրեց` հայելու խորքից նայող դեմքն օտար էր, անհաղորդ: Հագուստը խնամքով կախեց, զգույշ ընկղմվեց ջրի մեջ` տանել չէր կարող, երբ մազերը թրջվում էին: Փակեց աչքերը` միակ ցանկությունը չմտածելն էր: Ու լաց չլինելը: Լռության մեջ միայն ջուրն էր ճողփում: Տհաճ խոնավություն զգաց` մազերը թրջվել էին: Նյարդային շարժումով դարակից վերցրեց ֆենը, միացրեց: Հաճելի էր` մարմինը տաք ջրի մեջ, գլուխը` պաղ քամու տակ: Փակեց աչքերը, ուզեց հիշել անցած երեք օրերի մեջ միայն իրեն պատկանած տղամարդուն: Չստացվեց: Կոպերն ամուր կկոցեց ու բացեց` աչքերի առաջ հայտնվեցին ոտքեր… բոբիկ ներբաններ: Լարվեց, փորձեց կենտրոնանալ, չզգաց` ինչպես սահեց ջրի մեջ` հոսանքին միացրած ֆենը ձեռքին…
***
- Ոչինչ, հաջորդ անգամ բախտդ կբերի,- ու մեկնեց ձեռքը:
Հետն էլ ժպտաց` դեղնած ատամների ժանգագույնով: Վստահ է, որ կսեղմեմ գարշահոտ թաթը, հետն էլ կժպտամ, անպայման կժպտամ, թեև շատ լավ գիտե, որ հիմա միակ ցանկությունս նրան խեղդելն է, բայց ոչ ձեռքերով: Ձեռքերս ափսոս են, մեղք են: Ատամներս` առողջ, ճերմակ, սուր ատամներս խրեմ կոկորդն ու… Աչքերիս առաջ կարմրում է, զգում եմ նրա արյան կեղտահամը… Սեղմում եմ ձեռքը, ժպտում եմ:
- Իմ բախտը միշտ է բերում, անգամ` էսօր,- գոհ եմ` ձայնս չի մատնում:- Դեռ կհասցնեմ բանկ զանգել:- Նայում եմ ժամացույցիս, հատուկ եմ նայում, թող այդ քոսոտը տեսնի` ժամացույցս էժաններից չէ, վերնաշապիկիս կոճակներն էլ թանկարժեք քարից են, ձեռքի աշխատանք: Հասցնում եմ բռնել հայացքը` տեսավ: Սիրտս թեթևանում է, թեև արածս տղայություն է, նա ինձնից լավ գիտե, որ գործերս վատ չեն: Գործերս շատ վատ են: Ես սնանկացման եզրին եմ:
- Հա, դեռ կհասցնես զանգել,- ի՞նձ է թվում, թե՞ ասածը երկիմաստ է…
Բայց չարժե սևեռվել, հիմա կարևորը դեմքս պահելն է այդ բառի ուղղակի և անուղղակի իմաստներով:
- Մինչև հաջորդ հանդիպում,- ձեռքս դուրս եմ քաշում քրտնած թաթի միջից ու ցուցադրաբար սրբում թաշկինակով: Դեմքը ջղաձգվում է, երևում է` ինքն էլ է զզվում իրենից: Շրջվում եմ դեպի դուռը:
- Սպասիր:
Նայում եմ ուսիս վրայից` տես, է’, դիմանում է հայացքիս:
- Հիշո՞ւմ ես, երկրորդ կուրսում…- չի շարունակում, սպասում է, որ ես հիշեմ:
Սրա՜ն տես: Հինգ տարի նույն կուրսում սովորեցինք, հինգ անգամ հետը խոսած չունեմ, մնում է` ասածները հիշեմ:
- Այվազյանի դասախոսությանը…- էլի է սպասում:
Սպասիր, դեռ շատ կսպասես, որովհետև դու ինձ համար գոյություն չես եղել. ճիճվին ո՞վ է նկատում:
- Դու ասիր…- ժպտո՞ւմ է, թե՞ ինձ է թվում:
Հետաքրքիր է, ի՞նչ եմ ասել…
- Մարդիկ բաժանվում են երկու խմբի` մարդ և գորշություն:- Լռությունը երկարում է, ստիպված շարունակում է:- Ու նայեցիր ինձ:
- Ո՞ր բառի վրա:
- Գորշության:
Օհո, մազոխիստ է՞լ է…
- Չլինի՞ դրա համար ես գործարքը տապալել…- Հիմա լռելու հերթն իրենն է:- Հա, վիճակս լուրջ է, բայց դու էլ գումար ես կորցնում:- Էլ չի ժպտում:- Ես կորչողը չեմ, բայց դու կզղջաս,-ասում եմ ու հասկանում` ինչքան ծիծաղելի եմ, ու ոչ միայն նրա աչքում: Ինձնից լավ գիտե գործերիս մասին… իսկ ավելի ճիշտ` ես ընկել եմ նրա լարած թակարդը:
Ինքնատիրապետումս կորցրած` դուրս եմ թռչում: Մեքենաս չկա: Աչքերիս առաջ կարմրում է` ռունգերիս մեջ արթնանում է արյան հոտը… Կարողանում եմ զսպել ձեռքերիս դողն ու բացում եմ աչքերս. մեքենան դիմացի մայթին է, որտեղ թողել էի: Նստելուց առաջ շրջվեցի` երկրորդ հարկի պատուհանից նայում էր, բայց դեմքը չտեսա: Ղեկը վերադարձրեց հավասարակշռությունս` թանկարժեք կաշվի տակից ինձ հասավ թանկարժեք մեքենայիս շնչառությունը: Ղեկը` մատներիս ամենաթեթև հպումին զգայուն` շարժիչին է փոխանցում արագ սլանալու ցանկությունս: Իմ բոլոր մեքենաներին շունչ եմ տվել, նրանց վերաբերվել եմ ինչպես ազնվացեղ արաբական նժույգի… Դուրս եմ գալիս քաղաքից:
«Լավ հիշողություն ունես, պոռնիկի ծնունդ, տես, ոնց է միտքը պահել: Մորթես` չեմ հիշում, բայց ասած կլինեմ: Էն օրերին սուրս աջ ու ձախ էր կտրում` հորս ահից ո՞վ դեմս կխոսեր: Քո վիժվածք մերը… մուռ ես հանում, հա՞… Տո, գորշություն ես, գորշ էլ կմնաս, այ, էս պահին միլիոններ ունես, հագածդ էդ չէ՞, նույն ճմռթված բիճը չե՞ս: Բայց ոնց է վառվել, որ մինչև հիմա հիշում է… Ու կհիշի, սատկելուց էլ կհիշի, որովհետև ես` ես եմ, ինքը` անտեր պոռնիկի լակոտ: Որովհետև ծնողներս մարդ են եղել, իսկ ինքը հոր անունը չգիտե ու ինչքան միլիոններն ավելացնի, էնքան շատ են հիշելու մոր իսկական անունը… Իրա մերն էլ` էնտեղ… բանկ հասնել է պետք: Ոչինչ, էսպե՞ս բաներ են գլխովս անցել, դիմանալ է պետք, մի երկու ամիս` ու ամեն ինչ տեղը կընկնի: Կորցրածս ետ կբերեմ, մի բան էլ` ավելի… Ուրիշ ձև չկա, ուրիշ ձև չի լինի, որովհետև ես լավ պիտի ապրեմ, ինձ նմաններն են էս կյանքի տերը, չունենալը իմ ցեղի համար չէ: Էս քանիսի՞ վրա եմ` 220… Լավ, հանգիստ… 150-ը լավ է, քո մեքենայի համար խաղ ու պար է: Խոր շունչ քաշիր, լուրջ բան չկա, ամեն ինչ լավ կլինի, միայն թե ժամանակին տեղ հասնեմ… Էն ո՞վ է: Լավ էլ պառկել է, այ, քո տիրոջ… ոտքերը տնկել պառկել է ու թքած ունի… այ, քո… բոբիկ ոտքերը ոնց է տնկել: Քնած է, բայց ոնց որ մեռած լինի: Երկու դեպքում էլ բախտը բերել է: Թե մեռած է` էս կյանքի կռվից պրծել է, թե քնած է, օղորմի հոր մեռելներին, որ կարող է էսքան անհոգ փռվել ու քնել… Բա չէ` ես, միլիոններդ ետ բեր, տղայիդ արտասահման ուղարկի սովորելու, աղջկադ փեսացու ապահովի, անաղուհաց կնոջդ պլաստիկ վիրահատությունները վճարի… Ինձ էլ է փող պետք, շատ փող է պետք, մեկ անգամ ենք ծնվում… Բայց ոնց կապտեց, ժամացույցս որ տեսավ: Իրենը հաստատ կոմսոմոլ ժամանակվանն է, մեկն էլ չկա` գրազ բռնեմ հետը, որ ասածս ճիշտ է… Էս էլ` բանկը… Վարկը վերցնեմ, զանգեմ Մոսկվա` ապրանքը ուղարկեն… Չէ, ամեն ինչ լավ է. էդ պոռնիկի ծնունդը դեռ ոտքերիս տակ սողալու է: Ես իրեն ասելու բան ունեմ, ու էս անգամ ինքն է գալու դուռս` ասածս լսելու համար»:
- Չէ, անհնար է…- բանկային անասունը փորձում է հանգիստ խոսել, բայց աչքերը ոնց են պտտվում բներում:- Վարկի մասին խոսք լինել չի կարող:
- Լսիր… լսեք…
- Իզուր ժամանակ չկորցնենք,- տես, ձայնն ամրացավ, էլ չի դողում:
- Նա՞ է…- ստիպում եմ, որ նայի աչքերիս մեջ:
- Հա,- աչքերի մեջ ոնց որ խղճահարություն եմ տեսնում: Ես քո…- Դու ոչինչ անել չես կարող:- Երևի պարզել է ձեռքը, անգամ ժպտում է, բայց աչքերիս առաջ միայն կարմիրն է, ռունգերիս մեջ` արյան աղահամը:
Օֆիսում մարդ չկա: Լավ է: Դուռը փակում եմ: Բանալիով: Միշտ մտածել եմ` վերջին պահին ի՞նչ եմ հիշելու: Կամ` ո՞ւմ: Ատրճանակի փողն անթարթ նայում է դեմքիս: Մատներս շոշափում են պաղ ու ծանր մետաղը, ես փակ աչքերով սպասում եմ: Կսպասեմ, մինչև վերջին միտքս կամ հիշողությունս երևա կոպերիս տակ:
Կարմիր է, արյան հոտով կարմիր, հետո կարմիրն աստիճանաբար բացվում է, դեղնում, դառնում է հուլիսյան արևախանձ օր, հետո ինչ-որ գծեր, կետեր են հայտնվում, անկանոն բախվում են իրար, ասես փորձում են ինչ-որ բան դառնալ: Ձեռքս ծանրացել է, ատրճանակի փողը տաքացել է: Ես սպասում եմ: Ահա… երևաց… ինչ-որ մեկը: Ով է, ես նրան չեմ ճանաչում… ի՞նչ է անում… Պառկած է, որտե՞ղ… ճամփեզրի՞ն… ու ոտքերը… բոբիկ: Ուրեմն, սա՞ էր վերջը…
***
- Հազար եմ ասել` մեքենայի մեջ չկարդաս, աչքերդ կփչացնես,- մայրն ասաց կամաց, առանց հույզի, ասաց` ասես հպանցիկ շոյեց գլուխը, բայց վերջին պահին թեթև, բայց նկատելի քաշեց աղջկա մազափունջը:- Ինձ թվաց, թե լսեցիր ասածս:
- Լսեց,- հայելու մեջ ետևում նստած տասնհինգամյա աղջկան հայելու միջից ժպտաց հայրն ու նրա փոխարեն էլ պատասխանեց:- Լսեց, բայց որ չկարդա` ի՞նչ անի:
- Շուրջը նայի: Վայրենացել ենք քաղաքում, քթից այն կողմ չենք տեսնում, ծառ, ծաղիկ, բնության գեղեցկություն` ոչինչ չենք տեսնում, բայց ոնց ենք նկատում ուրիշի կառուցած առանձնատունն ու հոթելը:
- Հյուրանոցը,- լավ իմանալով, որ մայրը կնեղվի, ուղղեց աղջիկը, ամսագիրը դրեց ծնկներին ու ցուցադրական քիթը հպեց ապակուն:- Սրա ի՞նչը նայես` խանձված բլուրներ…
- Ոչինչ, խանձված բլուրներին նայիր, գոնե աչքերդ չես փչացնի:- Դարձավ ամուսնուն:- Կամաց, առանց այդ էլ ճնշումս ընկել է… Ասենք, զարմանալու ի՞նչ կա, շաբաթը մեկ էս ճամփեքի վրա ենք:
- Ի՞նչ ես ուզում ասել,- հայացքը ճանապարհին` ձայնը չորացրեց, աչքի տակով նայեց` կինը խռովկան երեխայի տեսքն էր առել: Աննկատ ժպտաց` տասնյոթ տարի է` միասին են, շատ բան է փոխվել իրենց հարաբերությունների մեջ, իրենք են փոխվել, իսկ այս խռովկան դեմքը չի փոխվում: Ջերմացավ, թեթևակի սեղմեց կնոջ նուրբ մատները, նորից երկու ձեռքով կպավ ղեկին:- Հասկանում եմ, հոգնել ես…
- Դե, չէ,- փորձեց անհոգ ասել` չստացվեց,- ոնց որ հանցագործ լինեմ, հետն էլ մտածում եմ` ո՞րն է իմ մեղքը: Ինքն էլ կարող էր, չէ՞…- կիսատ թողեց ասելիքը, ավելի շատ զգալով, քան տեսնելով ամուսնու սաստող հայացքը:
- Մամ, բժիշկն ի՞նչ է ասում,- ծանրացող լռությունը խախտեց աղջիկը:- Պապիկն էսօր էլ ասաց, որ իրեն քիչ է մնացել:- Նայեց հայելուն` հոր դեմքը մռայլվել էր:- Պապիկը մի գլուխ դա է ասում, բժիշկն ամեն անգամ գլուխն է օրորում, իսկ մենք ամեն շաբաթ-կիրակի գյուղ, գյուղից` քաղաք… Գոնե մեկն ինձ կասի՞, թե սա ինչքան է տևելու:
- Արձակուրդի հույս չունեմ, բաժնում աշխատող չկա,- բարձրաձայն մտածեց տղամարդը:- Գուցե մի քանի օրով բյուլետեն վերցնեմ:
- Բյուլետենի համար բժշկին տալու փող ունե՞ս,- կնոջ ձայնը էլի անհույզ էր ու շատ հանգիստ:- Ամսվա վերջ ապառիկի տոկոսներն ենք վճարելու:
- Մամ, բա կոմպս...
- Պիտի սպասես, սառնարանի պարտքը տանք…
- Այս տարի էլ կոմպյու... համակարգիչ չունեցա,- աղջիկը ցուցադրական ամսագիրը մոտեցրեց աչքերին ու աղմուկով սկսեց թերթել էջերը:
- Գուցե դու արձակուրդ վերցնես,- առանց հարցականի հարցրեց տղամարդը:
- Ոչ,- շատ հանգիստ կտրեց կինը:- Ամբիոնում փոփոխություններ են սպասվում, ես կյանքից դեռ սպասելիք ունեմ: Թեկուզ և` աշխատանքային:
- Այդ ո՞ր օրվա կարիերիստը դարձար,- զգաց, որ կատակը տափակ ստացվեց:
- Այսօրվա,- կնոջ ձայնի մեջ մետաղ լսվեց:- Թույլ տուր գոնե հանգստիս հարցը ես որոշեմ:
- Միշտ էլ դու ես որոշել, և ոչ միայն հանգստիդ հարցը:
- Ի՞նչ ես ուզում ասել:
- Արի չշարունակենք:
- Կարծեմ քեզ ասացի, որ չկարդաս,- մայրը շրջվեց:- Չլսեցի՞ր:- Աղջիկը ձայն չհանեց:- Դու նույնիսկ չես բարեհաճում պատասխանել,- նույն հանգիստ, անհույզ ձայնով ասաց, հետո այնքան արագ, որ ոչ մեկը ոչինչ չհասկացավ, ամսագիրը պոկեց աղջկա ձեռքից, ոլորեց ու հարվածներ տեղաց նրա դեմքին:- Գուցե այսպե՞ս լսես, թե՞ լեզուդ կուլ ես տվել, դե, խոսիր…
- Գժվեցի՞ր,- տղամարդու ապտակից կնոջ դեմքն արյունոտվեց` ատամը խրվել էր շուրթի մեջ:
Մեքենան մեխվեց տեղում:
- Մամ, քեզ ի՞նչ եղավ,- այրվող դեմքը շփելով առաջ նետվեց աղջիկը:
- Տեղդ նստիր,- այնպես ասաց` նա քարացավ տեղում:- Անձեռոցիկ տուր,- ամուսնուց վերցրեց, մաքրեց արյունը: Անձեռոցիկը կարմրեց: Խնամքով դրեց դիմահար ապակու առջև: Երկրորդը կարմրեց: Դա էլ դրեց առաջինի կողքին: Հետո` երրորդը: Արյունոտ անձեռոցիկներն այնպիսի հանդիսավորությամբ էր շարում կողք-կողքի, ասես դրանք միայն իրեն հայտնի զոհաբերության վկայությունն էին: Ամուսինն ու աղջիկը հիպնոսված հետևում էին նրան: Արյունը կտրվեց: Չորրորդ անձեռոցիկը դրեց մյուսներին կողքը, շրջվեց ամուսնու կողմը:
- Ինչո՞ւ չես ստիպում հորդ, որ թողնի իր անտեր տունն ու գա քաղաք: Ուրիշ հարսների նման չեմ ասում` տանենք հիվանդանոց կամ ծերանոց, ասում եմ` տուն բերենք, պահենք: Սա կյա՞նք է` ամեն շաբաթ-կիրակի գնա գյուղ` արի քաղաք: Ուրիշ բան ու գործ չունե՞նք: Երեխա է` մի տեղ գնալ է ուզում, ընկերների հետ սրճարանում նստել է ուզում… Իսկ ե՞ս… Դու էլ մեղք ես, ոսկորդ ու կաշիդ է մնացել…- անզոր լռեց: Անձեռոցիկները հավաքեց, ճմռեց, պատուհանից դուրս շպրտեց: - Սա վերջին անգամն է, ուզում ես` գնա, ամիսներով մնա, բայց ինձ չստիպես, լսո՞ւմ ես, էլ եկողը չեմ:
- Բժիշկն ասաց` երկու ամսվա կյանք է մնացել,- տղամարդը զննում էր մանր դողով բռնված ձեռքերը:- Համբերիր, բան չմնաց,- բանալին պտտեց` ձեռքերի դողը փոխանցվեց ղեկին:
- Ըհը, ես սիրտ չունեմ, անհոգի եմ, բայց ինչո՞ւ չես ասում, որ հայրդ էլ պակասը չէ…
- Կարո՞ղ ես լռել,- համարյա խնդրեց տղամարդը:
- Միայն ինքն է ու իր թանկագին կյանքը…
- Ասացի` լռիր,- թախանձեց` սեփական խեղճացած ձայնից զզվելով:
- Մամ, նայիր… ինչ էլ լավ է պառկել… այ քեզ լոկշ կերպար…
- Լռե՞մ… դուրդ չի՞ գալիս, իսկ որ մայրդ նրա ձեռքից գնաց` հոգին ազատեց…
- Պա, կանգնիր, էդ տիպը ոնց որ քնած չէ...
- Քեզ ասացի` լռիր: Կարող ես գյուղ չգալ, կարող ես ընդհանրապես նրան մոռանալ, բայց քիթդ մեր ընտանիքի մեջ չխոթես:
- Մամ, հայրիկին ասա` կանգնի… արդեն անցանք… թող մեքենան ետ տա: Մա՜մ…
- Դե, իհարկե, տասնյոթ տարի կինդ եմ, բայց ձեր ընտանիքին այդպես էլ օտար մնացի…
- Լռե՜ք,- սուր ճչաց աղջիկը
- Քե՞զ ինչ պատահեց,- հայելու միջից նայող հոր աչքերում անծանոթ ստվեր տեսավ:
- Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել: Այնքան հորդ հետ վիճած չկամ, որ…- որքան վատ էր զգում իր պոռթկումից, այնքան անզիջում էր մայրը:- Ու չհամարձակվես խառնվել մեր խոսակցությանը: Ի դեպ, հենց հիմա պիտի ամսագիրդ կարդայիր:
- Ի՞նչ էիր ասում, ո՞վ էր պառկած,- հայելու միջից նայող հոր աչքերը նախկին գույնն էին ստացել:- Դե, ի՞նչ էիր ասում…
- Ոչինչ,- շուրթերն ուռեցրեց աղջիկն ու վախենալու աստիճան նմանվեց մորը: Ու երբ լռությունն այնքան երկարեց, որ հաշտության զգացողություն առաջացրեց, համարյա ատելությամբ շպրտեց:- Տատի կողքին էլ չէինք, երբ շունչը փչեց: Մի օր էլ պապիկին մեռած-չորացած կգտնենք դատարկ տան մեջ: Ու շաբաթ, կիրակիները նորից կդառնան մերը:
Մինչև քաղաք չխոսեցին: Առաջին խանութի մոտ մեքենան կանգնեց: Աղջիկն ամսագիրը տվեց մորը, հայելու մեջ ժպտաց հորը` աչքերը շլելով` միայն իր ու հոր խաղն էր, ու իջավ` սառը հյութ էր ուզում: Խանութի շեմին շրջվեց, ժպտաց, ձեռքը թափահարեց ու ներս մտավ: Ամուսինները լուռ սպասում էին:
Խանութում իրարանցում սկսվեց, կրակոցներ, կողոպտիչների գոռգոռոց, հիստերիկ լաց… Օրեր հետո հրաշքով ողջ մնացած խանութի վաճառողը հանկարծ պիտի հիշեր հյութի շիշն ամուր գրկած աղջկան վերջին խոսքերը. «Ինչո՞ւ չկանգնեցիք… իսկ եթե այդ տիպը մեռած չէ՞ր...»:
***
- Գյուղի շուկայի մոտ կկանգնես,- ասաց Սևահերը:
- Չէի կասկածում, ու դա ես ասելու,- քմծիծաղեց Շիկահերը:
- Ինչ անեմ, չորացած միրգը իմ թուլությունն է…
- Բայց ոչ միակը:
Ծիծաղեցին: Ջահել էին, գեղեցիկ, ինքնավստահ: Շատ ինքնավստահ:
- Լավ է, այսօր շուտ պրծանք,- փարթամ, սև ու երկար մազերը վարժ շարժումով հանգուցեց ծոծրակին, թեթև ժակետը հանեց, ծամոնը գցեց բերանն ու գոհ ճմլկոտաց:- Կհասցնեմ վարսավիրանոց մտնել, եղունգներս խայտառակ վիճակում են,- ու առաջ պարզեց խնամված ձեռքերը:- Կգա՞ս:
- Դժվար,- համարյա աննկատ դադարից հետո Շիկահերը վառեց սիգարետը:- Չէ,- ժպտալով ասաց:
- Զբաղվա՞ծ ես,- Սևահերը կենտրոնացած զննում էր եղունգներն ու հարցը համարյա անտարբեր հնչեց:
- Չէի ասի…- ծուխը ներս քաշեց` ապահովելով դադարը, հետո հարցրեց:- Օֆիս չմտնե՞նք:
- Էդ էր պակաս, լույսը չբացված հասնեմ գրողի ծոցը, մի երկու ժամ շուտ վերադառնամ ու օֆի՞ս գնամ: Հույս չունենան…
- Իսկ ես կգնամ… հիմա լիքը գործ է հավաքվել:
«Հա՜, բա ոնց, ուշքդ գնում է աշխատելու համար: Մի ամիս առաջ ասեիր` գուցե հավատայի, բայց, քաղցրիկս, այդքան ապուշ չեմ, ինչքան դու ես կարծում»,- նայեց` Շիկահերն այնպես է վարում մեքենան, ասես իսկապես հաճույք է ստանում, իսկ ինքն այդպես էլ չի կարողանում վախը հաղթահարել: «Ինչ փափլիկ, անվնաս տեսք ունես, բա ո՜նց ես քեզ պահում օֆիսում` կիրթ, խելացի, չափած-ձևած մամայի բալա… Էդպես չափել-ձևելով էլ մտար շեֆիդ անկողինը, չէ՞, անուշիկս»”:
- Ի՞նչ ես քեզ կոտորում, մի օր էլ քո հաճույքին ապրիր,- վերջին շաբաթների մաղձը թեթևակի շեշտեց «հաճույք» բառով:- Շեֆին կասենք, որ ճանապարհին մեքենայի անիվը ծակվեց, ուշ հասանք քաղաք:
- Շեֆին կասեմ` գլխացավդ բռնեց, տուն գնացիր,- կեսբերան ժպտաց ընկերուհուն ու հանգցրեց սիգարետը:- Վաղվա խորհրդակցության նյութերն էլ կիսատ են:
- Դու գիտես, իսկ իմ գլուխն սկսեց ցավել,- ու ծիծաղեց:
«Երանի քեզ… Մայրս կասեր` խելք չունի, հերիք չէ, բախտը կրկնակի է բերել` հոգս էլ չունի: Բայց չէ, այս անգամ կսխալվեր: Որովհետև սա այնքան խելք ունի, որ հոգս չունենա: Երկու տարի կանոնավոր պառկում է շեֆի հետ և ի՞նչ… վայելում է ուզածին պես: Իսկ ես…- նայեց` Սևահերը աչքերը փակել էր, կմտածեիր` քնած է, եթե ծամոնը չճտտացներ կրակոցի պես… Հետաքրքիր է, ի՞նչ կանի, եթե իմանա, որ տեղը ես եմ գրավել: Ասենք, այդ գրավելը շատ հարաբերական է… Սրա չափ էլ խելք չունեցա, երկու անգամ չպառկած` հղիացա: Ոնց որ անփորձ օրիորդ…»:
- Էյ, շուկան անցանք,- Սևահերը ձեռքը դրեց ղեկին:
- Ներիր, մտքով ընկա,- կտրուկ մեքենան ետ տվեց:- Դե, քեզ տեսնեմ:
- Սրանք էլ` շեֆին,- քիչ հետո Սևահերը մի բուռ չորացած միրգ անձեռոցիկի մեջ փաթաթեց, դրեց պայուսակը:- Վաղը սուրճի հետ կտամ: Խելքը գնում է… ինձ նման,- ուղիղ նայեց ընկերուհու աչքերի մեջ:
- Հա՜,- անորոշ ձգեց Շիկահերը, սև ակնոցով փակվեց, իջեցրեց ապակին: «Վաղը կասեմ… Բայց ինչո՞ւ վաղը, հենց այսօր էլ կասեմ: Ու կստիպեմ, որ ինքը որոշում ընդունի: Բայց` իմ ուզածով…»: Նայեց` Սևահերն ինքնամոռաց ծամում էր: «Հետաքրքիր է, սա չի՞ հղիացել: Թե՞ չի կարողացել: Հաստատ կուզենար երեխայով ուզածն ստանալ… Իմ պրոբլեմը թողած, ինչի՞ մասին եմ մտածում: Ուրեմն, որոշված է, այսօր… Ասաց` ռոմանտիկ երեկո է ինձ սպասում: Դե ինչ, սիրելիս, տեսնեմ, քո ռոմանտիզմից ինչ կմնա, երբ կիմանաս բալիկիդ մասին: Եթե ամեն ինչ ուզածովս գնա, առաջին պայմանը սրան օֆիսից քշելը կլինի, ներվերիս վրա արդեն ազդում է: Բա ուտելը… մատները լպստելը…»: - Ինչ հաճույքով ես ուտում, ինձ էլ տուր:
- Ես ամեն ինչից եմ հաճույք ստանում,- Սևահերն ընտրեց, մեկնեց չիրը:- Անգամ ամուսնացած տղամարդուց:
- Էլի սկսեցիր…
- Իսկ ես երբեք չեմ թաքցրել, սիրելիս,- թվա՞ց, թե՞ վերջին բառը զզվանքով ասաց:
«Չլինի՞ իմացել է… մենք զգույշ ենք, բայց սա էն տիպն է, որ… Չէ, դու հաստատ անգործ ես մնալու, սիրելիս, ըհը, ես էլ պակաս զզվանքով չասացի` սի-րե-…»:
- Կանգնիր,- ճչաց Սևահերը:- Քեզ հետ եմ, չե՞ս լսում:
- Գժվա՞ր,- հարցրեց արգելակելուց հետո:
- Այնտեղ, տեսնո՞ւմ ես… ընկած է…
- Ո՞ւր է,- Շիկահերը խնամքով թաքցնում էր կարճատեսությունը:
- Վերևում… պառկած է:
- Հետո՞ ինչ,- հեռվում ընդամենը տարտամ ուրվագիծ տեսավ:
- Գուցե բան է պատահել:
- Ի՞նչ պիտի պատահած լինի, մարդ է, իր քեֆին պառկել է:- Կուտակված ատելությունը պոռթկաց:- Ամեն տեղ քիթդ խոթում ես. զզվեցրիր, էլի… “Ուրեմն` լրտեսել է, ստոր քած է, սրանից ամեն ինչ կսպասվի”:
- Քեզ ի՞նչ եղավ, մարդ է, էս արևին պառկած է… գուցե վատ է զգում, գուցե…
- Այսքան մեքենա է անցնում, միայն դու ես օգնության վազում,- միացրեց շարժիչը, պոկվեց տեղից:- Մայր Թերեզայիս տեսեք…
- Սպասիր, ո՞ւմ հետ եմ, ստոպ, որ նայեինք, ի՞նչ կլիներ… չես ուզում, մնա, ես կգնայի, կնայեի… - վերջին բառերն ասաց անշեշտ, ասելիքը կիսատ թողած` զննում էր Շիկահերի անծանոթ դարձած դեմքը:
- Ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել, այդքան լա՞վն ես… Ի՞նչ ես աչքերդ չռել, հա, պետքս էլ չէ: Ինչ-որ մեկը ոտքերը տնկել-պառկել է, մեռած է թե քնած` թքած ունեմ, իմն ինձ հերիք է: Ո՞վ է ինձ օգնել, որ ես էլ նրանից օրինակ վերցնեմ: Ամեն ինչին ինքս եմ հասել, քեզ պես շեֆերի տակը պառկելով պաշտոն չեմ ստացել: Լռիր, տեսեք, տեսեք, ինչ հրեշտակ է հայտնվել…
- Ձայնդ, քանի բերանս չեմ բացել…
- Այսի՞նքն…- Շիկահերն ամբողջ մարմնով թեքվեց Սևահերի կողմը:- Բերանդ որ բացիր, ի՞նչ ես ասելու: Կարծում ես` չգիտե՞մ, որ ամեն քայլս լրտեսում ես, հասկացել ես, որ քո ժամանակը սպառվեց…
- Ճամփին նայիր… Աստված իմ, ո՜չ…
Շիկահերը հասցրեց տեսնել ուղիղ իր վրա սլացող մեքենան ու միայն սեղմելուց հետո հասցրեց հասկանալ, որ արգելակի փոխարեն գազն էր սեղմել…
***
- Էդ գնով տունը հա` ծախել, հա` չես ծախել: Թող մնա, ամառը քաղաքից փախչելու տեղ կունենաք:- Սառնարանից հանեց հյութի փոքրիկ շիշը, մեկնեց ետևում նստած կնոջը:- Չգիտեմ ինչու, բայց ինձ թվաց, թե ծարավ ես:- Ու ժպտաց ականջե-ականջ:
- Ծարավս ջրով հագեցնելու սովորություն ունեմ,- ասաց կինը, բայց վերցրեց արդեն քրտնած շիշը, պահեց ափերի մեջ ու զգաց, որ ափերն այրվում էին:
- Կինդ այդպես էլ բնավորությունը չփոխեց, նույն համառ այծիկն է,- ասաց կողքինին:
- Համառը` հասկացա, բայց նրա տարիքում ի՞նչ այծիկ, այծն էլ շատ է- իբր կատակի տվեց ամուսինը:
- Քեզ համար` գուցե,- կինն անթարթ նայում էր դիմացի հայելուն, ասես ոչ թե ամուսնուն, այլ հայելու մեջ իրեն նայող վարորդին էր պատասխանում:
Վարորդը, որ ամուսնու մանկության ընկերն էր, բռունցքով թեթև խփեց կողքինին ու նայեց հայելուն:- Ուզում է կրկնեմ, որ իր կինը ամենագեղեցիկն ու ամենաջահելն է: Հասավ իր ուզածին:
Մի քանի կիլոմետր անցան լուռ:
- Ասում ես` տունը պահենք, բայց ինչպե՞ս, ինչո՞վ:- կինը կարծես խոսում է շշի հետ:- Վերանորոգել է պետք, գնալ-գալու համար մեքենա է պետք, ամեն անգամ հո քեզ նեղություն չե՞նք տալու:
- Ձեզ համար ես միշտ պատրաստ եմ,- վարորդի ծիծաղն արձագանքվեց ամուսնու լռության մեջ:
«Զզվանք… Զզվանքից բացի, մեջս բան չի մնացել: Անգամ վրձիններից եմ զզվում, ներկերից… Ես, որ ժամերով կարող էի ներկեր ընտրել, տղերքն էլ ձեռ էին առնում… Ասում էի` ներկի հոտը հուշում ` ինչ պիտի իրենով նկարեմ, հռհռում էին, թե բոլոր հանճարեղ նկարիչներն էլ ցնդածներ են: Հանճարեղ… Եղած-չեղածը` անհաջողակ ներկ քսող: Կնոջս է ասում` համառ, համառը ես եմ, որ շարունակում եմ անիմաստ դարձած նկարելը: Հա, կյանքս չստացվեց, իսկ սա… Շուտ կողմնորոշվեց, ինստիտուտից դուրս եկավ, հիմա սեփական բիզնես ունի, իսկ ես պիտի իրեն բերան ծռեմ…»:
- Բիզնեսդ ո՞նց է,- հարցրեց, գիտենալով, որ նրա ասած ամեն մի բառը պիտի խոցի, չանգռի ինքնասիրությունը, փոքրացնի, մանրացնի իր գոյությունը սեփական, ու նաև կնոջ աչքում: Հերթական անգամ:
- Փառք Տիրոջը, չեմ բողոքում: Ախպեր, զարմանում եմ, հա՜ բողոքում են` գործ չկա, փող չկա: Այ ախպեր, գործն էլ, փողն էլ թափած է, պարապ խոսելու փոխարեն քեզ նեղություն տուր, մի քիչ աշխատի:
«Բա ո՞նց, քեզպեսների համար փողը թափած է, ու քո հաստաքամակ կինը հազարներդ է ծախսում` իմ կազմվածքի կեսն ունենալու համար: «Քո մարմինն ունենայի…» - ասում ու սև խավիարը գդալով ներս է տալիս: Բա որ չի՞ հարցնում` ինչ դիետա եմ պահում: Ասեմ` օր է լինում, որ տանը միայն հաց ու կարտոֆիլ է լինում` հաճույքից կոռնա: Իսկ եթե ուզենամ, իր սիրելի ամուսնուն ոտքերիս տակ կսողացնեմ, տեսնում եմ, չէ՞, ինչ սոված աչքերով է նայում: Բայց այդ մեկը չի լինի... որ մի օր նրա հաստաքամակն իմանա ու ինձ նայի որպես իր թերմացքն ուտողի՞: Ոչ, սիրելի բիզնեսմեն, ես քո հախից գալու ուրիշ ձև եմ գտել: Մինչև վերջ էլ էդ սոված աչքերովդ կնայես ու չես կշտանա: Ու պատճառը կողքիդ նստած փալասի պատիվը պահելը չէ: Դու պիտի իմանաս, որ փողերդ անզոր են, եթե կինը զզվում է քեզնից…»:
- Սովորական ջուր ունե՞ս,- կինը բացեց պատուհանը, շիշը նետեց դուրս:- Ես ջուր եմ ուզում:
Մի քանի րոպե անց մեքենան կանգնեց ճամփեզրի սրճարանի մոտ: Վարորդն իջավ, մտավ ներս:
- Այդքան որ խմե՞լ էիր ուզում, թե՞ մեկ անգամ էլ ստուգեցիր հմայքիդ ուժը:
- Լավ գիտես, որ զզվում եմ նրանից,- հանգիստ ասաց կինը:
- Զզվո՜ւմ…- երկրորդեց ամուսինը:- Այդ բառը լավ ծանոթ է ինձ:
Սրճարանից դուրս եկավ` ձեռքին ծիրանով լի պլաստիկե ափսե:
- Բուֆետպանն ասաց` լավ ծիրան է,- աչքը ճամփին, ընթացքի մեջ ասաց:- Ես էլ, թե` լավը լինել չի կարող, որովհետև առաջին բարը չէ: Էդ անասունն ի՞նչ ասի, որ լավ լինի. «Ոչինչ, առաջինը չէ, բայց քեզ համար վերջինը կլինի»:
- Է, հետո՞ ինչ,- կողքինը զննում էր ծիրանը` ոսկեդեղին գույնը նրա թուլությունն էր:
- Ոչինչ, երկու քաղցր խոսք ասի` հասկացավ:
- Բա էլ ի՞նչ…
- Արա, էդ անասունը մի ուրիշ ձևով ասաց “վերջին” բառը:
- Մտքովս չէր անցի, որ սնահավատ ես: Քեզպեսները ամեն ինչից ազատ են,- կինը լպստեց շիրայոտ շուրթերն ու լայն ժպտաց:- Կյանքը ձեզ համար է, որ կա:
«Կյանքը… Ի՞նչ եք հասկանում կյանքից: Օրը օրին, ծերը ծերին մի կերպ հասցնում, կարկատում եք, կարկատվածի հոգեբանությամբ էլ ապրում եք: Ինչ է, չե՞մ հասկանում, ինչի քարշ տվիք, հասցրիք գյուղ: Տիկինն ուզում է քեռուց մնացած կիսաքանդ ավերակը վրաս պարտակել, էն էլ ինչ գնով… Սովից զկռտում են, բայց երեսիդ ուղիղ նայեն, պարզ խոսեն` էդ մեկը չեն կարող: Վեր է ընկել կողքիս` ձախորդ Պիկասսո… Ժամանակին ի՜նչ ձևեր էր բանեցնում, գլխներիս հանճար էր խաղում: Տեսանք… Տեսնում ենք, տարվա մեջ մի նկար սաղացնես` գործդ էդ չի՞: Կինդ էլ պակասը չէ` անմատչելի է խաղում` իշխանուհուս տեսեք: Վրան խաբար չկա. թե օրը իրենից ջահել ու սիրուն քանիսն են ձեռքիս տակով անցնում: Ինչ ասա՞ց` կյանքը ինձ համա՞ր է: Ճիշտ է, որովհետև կյանքից դեռ առնելիք ունեմ, անավարտ գործեր կան, էն բճին էլ պիտի կզացնեմ, տոկոսով, բանով ծալեմ, տակս դնեմ: Էն ո՞վ է, ոնց որ քնած լինի… Անդարդ հայվան, ոնց էլ փռվել է` ոտուձեռը հյուսիս-հարավ դարձրած… Ի, կարո՞ղ է` և-ևս է եղել: Հոգուն օղորմի, ուրեմն` իրեն հասնում է: Սրան տեսա` հիշեցի… Էն լակոտը համը հանում է, տեղ հասա` տղերքին ասեմ, մի հատ մոտս բերեն: Վերջերս իրեն ճիշտ չի պահում: Արա, սրանց էլ պիտի տուն հասցնեմ… Ասենք, իրանց շատ կլինի, քաղաք մտանք` տաքսի բռնեմ, փողն էլ ես տամ, թե չէ մինչև ամսվա վերջ ծոմուպաս կմնան…»:
- Էս ինչ լավ արիք… Գործի մեջ խրված` նորմալ մարդկային շփումն էլ ենք մոռանում,- ականջե-ականջ ժպտաց հայելուն:- Մի հարմար օր ընտանիքներով հավաքվենք:- Նայեց կողքինին:- Մի ազատ օր գտնեմ, գամ արվեստանոց, գուցե մի բան մտածենք…
Մեքենան կանգնեցրեց բակում, իջավ, մտավ տուն: Երկրորդ հարկից կանացի ծլվլոց էր լսվում` էլի կինը հավաքել էր իր նմաններին: Սրտնեղած` դուռը շրխկացրեց, դուրս եկավ: Գարաժին մոտենալով` պատի տակ ստվեր տեսավ: Հետո ստվերը դուրս եկավ, լույսի տակ երևաց` էն լակոտն էր: «Թու, քո... տղերքին պիտի ասեի… Ինձնից առաջ ե՞ս ուզում անցնել, չի ստացվի…»:
Վերջինը, ինչ տեսավ` ատրճանակի փողն էր: Մեկ էլ հասցրեց մտածել` միայն թե ձեռքերն ու ոտքերը այնպես անճոռնի տարածված չլինեն, ինչպես ճամփեզրին պառկածինն էր…
Պառկածը մեկ անգամ էլ հաճույքով ձգվեց, ռունգերի մեջ քաշեց արևից խանձված հողի բույրն ու նստեց տեղում: Ներքևում սլանում էին մեքենաները, հեռվից լսվում էր ջրհան պոմպի միալար ձայնը… Հագավ գուլպաները, կոշիկների քուղերը խնամքով կապեց ու թեթև ցատկով ոտքի կանգնեց: Տասը րոպե էլ չպառկեց արևի տակ, բայց դեմքն արդեն մռմռում է, գիշերն այրոցք կլինի, բայց ոչինչ, այս մի քանի րոպեների անհոգությունը արժե այդ փոքրիկ տհաճությանը: Մինչև զառիվերով բարձրանալը շրջվեց. ներքևում խելագար արագությամբ սլանում էին մեքենաներ, որոնք ոչ մի կապ չունեին իր հետ…