ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Երկու տղամարդ զրուցում են:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Թեև նյութական առումով կա այն ամենը, ինչով հնարավոր է երջանիկ լինել, սակայն պետք է խոստովանեմ, որ ես այնքան էլ գոհ չեմ իմ ամուսնական կյանքից…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Նյութականի առկայությունը բնավ կապ չունի ընտանեկան երջանկության հետ: Միակ պայմանը ամուսինների փոխադարձ վստահությունն է:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ ի՞նչ անել, որ անխախտ մնա այդ վստահությունը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Պետք է ամեն գնով, ամեն պահ հեռու մնալ ընտանեկան երջանկության գերեզմանափորը հադիսացող գարշելի խանդից:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Սակայն սիրելու դեպքում ինչպե՞ս կարող ես չխանդել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Եթե քո սիրո հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, ուրեմն խանդն այնտեղ անելիք չունի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Օրինակ, ես լիովին վստահում եմ կնոջս, սակայն երբեմն անկարող եմ չխանդել: Հաճախ խիղճս տանջում է, և անընդհատ ելք եմ որոնում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ձերբազատվել խանդ կոչվող այդ հրեշի ճիրաններից:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Եթե ուզում ես ազատվել` ուրեմն ամբողջովին վստահիր կնոջդ և վերջ: Հեռու չգնալու համար բերեմ իմ օրինակը: Արդեն երկու տասնյակ տարի կլինի, որ ամուսնացել ենք և այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում դեռ չեմ հիշում գեթ մի դեպք, որ խանդեմ նրան: Եվ վստահ եմ, որ հետագայում էլ նման բան տեղի չի ունենա, քանզի ես անմնացորդ վստահում եմ կնոջս:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Մեկուսի): Քիչ է մնում նախանձից խենթանամ: (բ) Տղամարդուն): Օրինակ, ասենք աշխատանքից վերադարձել ես տուն և տեսնում ես կինդ չկա ու մինչ այդ էլ չի բարեհաճել տեղեկացնել, թե ուր է գնալու…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անհեթեթ բան ես ասում: Իսկ ինչո՞ւ պետք է նախապես տեղյակ պահի: Քո այդ ցանկությունը պարզապես միջնադարյան է: Այո, կատարյալ միջնադարյան, քանզի մոռանում ես, որ նա քո կինն է և ոչ աղախինը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Լավ, մի պահ ընդունենք, որ պարտավոր չէր տեղյակ պահել, սակայն տուն վերադառնալուց հետո էլ չպետք է ասի, թե որտեղ է եղել…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, չպետք է ասի, որովհետև դու նրան լիովին վստահում ես:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ վստահում եմ, սակայն նույն այդ վստահության համար որևէ հիմնավոր երաշխիք պե՞տք է…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչի՞դ է պետք, երբ նախապես գիտես, որ կինդ անկեղծորեն սիրում է քեզ:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Ինչ ուզում ես ասա, սակայն ոչ մի կերպ գլուխս չի մտնում, ինչպե՞ս կարելի է անհայտ տեղից տուն վերադարձող կնոջդ չհարցնես, թե որտեղ էր…
բ) ՏՂԱՄԱՐԴ –(Վրդովված) Ախր, քո ի՞նչ գործն է, երբ լիովին ապավինում ես նրա հանդեպ ունեցածդ վստահությանը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ եթե չարաշահե՞լ է այդ վստահությունը…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Նման դեպքում քո ինչի՞ն է պետք, թե որտե՞ղ է եղել…
ա) ՏՂԱՄԱՐԴ – Պետք է, որպեսզի կասկածի հրեշը մինչև վերջ չխժռի հոգիս:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Այ, տեսնում ես, մի դեպքում եսասիրաբար ուզում ես հոգիդ փրկել կասկածի հրեշից, իսկ մյուս դեպքում, առանց խղճի խայթի, նույն այդ հրեշին բաց ես թողնում մերկ ու անպաշտպան ընտանեկան երջանկությանդ վրա:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Շփոթված): Ախր ուրիշ ճար չկա:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Կա: Պետք է զինվես անսպառ համբերությամբ, շռայլորեն օգտագործելով լավատեսությանդ ողջ ներուժը անընդհատ համոզես քեզ, որ կինդ երբեք ի զորու չէ դավաճանելու, քանզի դու նրա միակ անփոխարինելի սերն ես, հավիտյանս հավիտյանի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Ենթադրում եմ, որ կինդ անհայտ տեղից երբեք ուշ տուն չի եկել, այլապես…
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Ընդհատելով): Միանգամայն սխալ ենթադրություն, որովհետև նման բան հաճախ է եղել: Օրինակ, բոլորովին վերջերս տուն եկավ գրեթե լուսաբացին, սարսափելի գինովցած: Ոչ միայն չհարցրի, թե որտե՞ղ էիր, այլև չափազանց զգույշ հանեցի շրջազգեստը և ջերմ հոգատարությամբ պառկեցրի, որ քնի…
ա) ՏՂԱՄԱՐԴ –(Զարմացած ընդհատելով): Մի՞թե կինդ այնքան գինովցած էր, որ ինքնուրույն ի վիճակի չէր հանելու շրջազգեստը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Ծիծաղելով): Գինովցածն էլ խո՞սք է: Քամահար եղեգնի նման անընդհատ ճոճվում էր: Կատարյալ զավեշտ…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Եվ դա համարում ես զավե՞շտ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ոչ այնքան, քանզի իսկական զավեշտն այն էր, որ Բաքոսին անմնացորդ երկրպագելով հանդերձ` այլևս չէր ճանաչում իր քսան տարվա կողակցին: Ինձ շփոթել էր Շեքսպիրի հանրահայտ հերոսի հետ` տարփոտ համբուրում էր ու դյութիչ գեղգեղում. □Համլետ ջա՜ն, կյա՜նք, ես քեզ շա՜տ, շա՜տ եմ սիրում□…
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ հաջորդ օրը առավոտյան, երբ արթնացավ, չհարցրի՞ր, թե որտեղ և ում հետ էր հարբել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բայց ինչո՞ւ հարցնեի, եթե պետք լիներ` կասեր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ երբ չասեց, ոչինչ չենթադրեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ ենթադրեցի, որ մասնակցել է իր բազմաթիվ ընկեր–ընկերուհիներից որևէ մեկի ծնողների արծաթյա հարսանիքին…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Տարակուսած): Դու իրո՞ք սիրում ես կնոջդ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Սիրելն էլ խո՞սք է, պարզապես պաշտում եմ: Եթե չպաշտեի, ինչպե՞ս կարող էի լիովին վստահել: Օրինակ, վերջերս, կեսգիշերին, գզգզված մազերով, պատռտված շրջազգեստով, ճանկռոտված դեմքով եկավ տուն…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Ընդհատելով): Հետո՞:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ուժասպառ փռվեց բազմոցին…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Դարձյալ ընդհատելով): Եվ դու լռեցի՞ր…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչպե՞ս կարող էի լռել: Ասեցի. □Աղավնյակս, բավականին անհրապույր տեսք ունես, մտիր լոգարան ու կարգի բեր քեզ□:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Այդքանով էլ բավարարվեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե, ոչ: Օգնեցի պատռտված շրջազգեստը փոխեց, լոգանք ընդունեց, այնուհետև ճանկռոտված դեմքին վարդաթրջոց դնելուց հետո հնդկական թեյի, արգենտինական լիմոնի և մադակասկարյան ընկույզի միջուկի ոչ այնքան թանձր խառնուրդով սթափեցնող օշարակ պատրաստեցի և սիրատոչոր ասպետի ծնկաչոք կեցվածքով մատուցեցի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ հաջորդ օրը, առավոտյան կինդ չասա՞ց, թե ինչ էր տեղի ունեցել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Դրա հավեսն ունե՞ր: Խեղճը հազիվ բացեց աչքերը և սառցասուրճ խնդրեց:
ա) ՏՂԱՄԱՐԴ – Իսկ դու չզայրացա՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ պետք է զայրանայի, երբ ուզածն ընդամենը մեկ բաժակ սուրճ էր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Լավ, գոնե չհարցրի՞ր, թե անցյալ օրը որտեղ էր եղել…
բ) ՏՂԱՄԱՐԴ – Ինչու հարցնեի, եթե որևէ արտասովոր բան տեղի ունեցած լիներ, կասեր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհանգիստ): Նույնիսկ չկասկածեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Անշուշտ, կկասկածեի, եթե չվստահեի:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Հուզված): Եթե իմ կինը կեսգիշերին տուն վերադառնար գզգզված մազերով, պատռտված շրջազգեստով, էլ չեմ ասում ճանկռոտված դեմքով, ապա ամենայն հավանականությամբ կենթադրեի, որ սիրեկան է ունեցել և խանդի հողի վրա խեղդամահ է արել:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Եթե նույնիսկ այդպես է, դարձյալ հարկ չկա անհանգստանալու, քանզի այլևս գոյություն չունի կնոջդ սիրեկանը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Լսիր, նյարդերդ պողպատի՞ց են:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բնավ: Պարզապես անհրաժեշտ է բոլոր իրավիճակներում միշտ անսասան պահել լավատեսության պայծառ զգացողությունը:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Լսիր, իրո՞ք այդպես ես մտածում, թե՞ ծաղրում ես ինձ:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ծաղրել: Քա՜վ լիցի: Օրինակ, անցյալ տարի աշխատանքից տուն վերադարձա և տեսա, որ կինս չկա: Մեկ օր չկա, մեկ շաբաթ չկա, մեկ ամիս, երկու ամիս, չկա ու չկա… Եթե դու լինեիր իմ փոխարեն, ամենայն հավանականությամբ կդիմեիր ոստիկանությանը…
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զարմացած): Իսկ դու չդիմեցի՞ր:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Բնականաբար, ոչ, քանզի կնոջս նկատմամբ տածած անվերապահ վստահությունը թույլ չտվեց:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Անհամբեր): Հետո՞:
բ) ՏՂԱՄԱՐԴ – Հետո էլ ինն ամիս անց, հնամաշ ու փոշոտ հագուստով, մի նորածին գրկին, վերադարձավ տուն, համբուրեց ճակատս և միածնի անմեղությամբ երեխան մեկնեց ինձ ու ասաց. "Սիրելի ամուսնյակս, զգույշ գրկիր, որ լաց չլինի, մինչև լողանամ ու հագուստս փոխեմ":
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Զայրացած): Իսկ չհարցրիր, թե որտեղ էր այդքան ժամանակ, և ո՞վ է նորածնի հայրը:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Ինչպե՞ս կարող էի նման տհաճ հարց տալ, երբ դեռ անվերապահ վստահում էի նրան:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Հուզված): Իսկ նրա երկար բացակայությունը և նորածնի հետ հայտնվելը բնավ ստվեր չէի՞ն նետում քո, մեղմ ասած, անհեթեթ վստահության վրա: Ով ինչ ուզում է թող ասի, եթե նման բան տեղի ունենար կնոջս հետ, տեղնուտեղը կսպանեի:
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Քմծիծաղով): Բա անմեղ նորածնին ի՞նչ կանեիր:
ա) ՏՂԱՄԱՐԴ – (Շփոթված): Կհանձնեի մանկատուն և ապա ինքնասպան կլինեի…
բ) ՏՂԱՄԱՐԴ – (Հանգիստ): Նյարդերդ գերջղաձգված են, երկարատև ու հիմնավոր բուժման կարիք ունես: Անկեղծ ասած, եթե ես օրենսդիր մարմնում լինեի, հատուկ օրենք լույս աշխարհ կբերեի քեզ նմաններին ամուսնության իրավունքից զրկելու, որպեսզի մեր ազատ ու անկախ զարգացած երկրի առաջադեմ հասարակությունը զերծ մնա խանդակորույս օթելլոներից: