ԵՐԲ ԱՐԵՎԸ ՄԱՅՐ Է ՄՏՆՈՒՄ
Երկաթե մուգ կանաչ դարպասի փոքր դուռը կիսով չափ բացեց Էսմաթի՝ սև չադրա գցած մայրը:
- Էսմաթը տանը չէ,- ասաց նա սովորական «սալամ-ալեյք»-ից հետո:
- Լավ, ես գնամ, Ժիլա՛ խանում, կգամ ավելի ուշ կամ վաղը,-ասաց Ռեզան՝ փոքր-ինչ քաշվելով ու գլուխը կախ:
- Չէ, արի՛, արի՛ ներս, կարծում եմ՝ չի ուշանա:
- Ո՞ւր է գնացել:
- Հոր ծնողները տարան. էս առաջին անգամն է հոր շեհադաթից* հետո:
- Իսկ դուք ինչո՞ւ չգնացիք,-հարցրեց Ռեզան ու զղջաց հարցնելու համար. Էսմաթի հոր հավատացյալ, ավանդապահ ծնողները այնքան էլ չէին համակրում ազատախոհ Ժիլային:
Կինը շեղակի նայեց նրան ու լուռ մնաց: «Ի՞նչ է, այդքանն է՞լ չես հասկանում»,-ասում էր նրա հայացքը:
Ռեզան չգիտեր՝ մնա՞, թե՞ գնա:
- Արի՛, արի՛ ներս,-ասաց Ժիլան և չսպասելով տղային՝ շրջվեց ու քայլեց դեպի առանձնատուն տանող աստիճանները:
Ռեզան ներս մտավ՝ ետևից ծածկելով դուռը:
Բակում թագավորում էր մահվան շունչը:
Առանձնատան առջև շարված էին Էսմաթի հոր մահվան յոթնօրյակին նվիրված մեծ ծաղկեպսակներ՝ սև ժապավեններով: Ավելի վերևում փակցված էին Ղուրանի այեներով** զարդարված սև պաստառներ. պետական ու զինվորական զանազան կառույցներ շնորհավորանքի ու ցավակցության խոսք էին հղել հերոս սարդարի շեհադաթի և դրախտին արժանանալու առթիվ: Բակի պարսպի երկայնքով դասված էին ծալովի աթոռների ու սեղանների կույտեր, որոնք վկայում էին, թե նախորդ օրն այս տանը որքան մեծ էր սգակիր հյուրերի թիվը:
Ռեզան հանեց կոշիկներն ու ներս մտավ Ժիլայի ետևից:
Հյուրասենյակի կենտրոնում գտնվող թախչայի վրա հանգած մոմերով երկու արծաթե մոմակալների միջև զետեղված էր Էսմաթի հոր մեծադիր լուսանկարը՝ սև երիզներով շրջանակած:
- Նստի՛ր, նստի՛ր,- ուղղելով պատին հենած մութաքան՝ ասաց Ժիլան ու ինքն էլ նստեց գորգին՝ Ռեզայից քիչ հեռու:
- Ամեն բան ավարտվեց, բոլորը գնացին- ասաց նա,- առաջվա պես էլի մենակ մնացինք:
Ռեզան լուռ նայում էր Էսմաթի հոր նկարին:
- Ասես ոչինչ չի փոխվել մեր կյանքում,-կարճ դադարից հետո շարունակեց կինը՝ թեթև հառաչելով:
Ռեզային զարմացնում էին Էսմաթի մոր հանգիստ տոնն ու ամուսնու նկարին հառած անարցունք աչքերի անտարբեր նայվածքը: Սովորաբար ամուսին կորցրած կանայք առաջին օրերին լարված ու զգայուն են լինում: Ասենք, Ժիլա խանումի պահվածքը հասկանալի էր. ոչ այնքան փոքր առանձնատանը մայր ու աղջիկ գրեթե միշտ մենակ էին: Երրորդն աղախինն էր: Ինքը՝ Ռեզան, համարյա ամեն օր գալիս էր էսմաթին տեսության, սակայն միայն մեկ անգամ էր հանդիպել Էսմաթի հորը, այն էլ՝ ամիսներ առաջ: Երբեմն այցելում էին նաև Էսմաթի հոր հարազատները: Բայց, ախր, գրողը տանի, սա չի նշանակում, որ կինը չպետք է հուզվի, չպետք է սգա. մի՞թե կատակ բան է ամուսին կորցնելը:
- Նա ինձ չէր պատկանում,-ասես ինքն իր հետ խոսելով ու նկարին նայելով՝ արտաբերեց Ժիլան,- միշտ բացակա է եղել իմ կյանքից, պատկանում էր իր գաղափարին, իր հավատքին…
- Նա ընկավ հերոսի մահով, խանո՛ւմ,- ասաց Ռեզան:
Ամառային երկար օրն իրիկնանում էր, կիսամութ սենյակի պատերին խաղում էին մեղմ քամուց օրորվող ծառերի ստվերները:
- Ի՛նձ ինչ,- երկար ու ճնշիչ դադարից հետո մարտահրավերի նման նետեց Ժիլան,- այրիացա ջահել հասակում, հիմա ի՞նչ պիտի անեմ... Չկար, հիմա էլ չկա... Թող անիծված լինի էս պատերազմը… Աստվա՛ծ իմ, ախր, ի՞նչ հասկացա ես կյանքից...
Կնոջ սև չադրան իջել էր ուսերին. Ռեզան կարծես առաջին անգամ էր նշմարում Ժիլայի աչքերի արևելյան գեղեցկությունը, նուրբ դիմագծերը, ճերմակ պարանոցը, երկար սև մազերը: Անցյալում ինքն ուշադիր չէր նայել, բայց նրան միշտ համարել էր հմայիչ կին: Ժիլան առհասարակ լռակյաց էր, միայնակ. հազվադեպ էր մասնակցում իր և Էսմաթի անվերջանալի խոսակցություններին ու զանազան թեմաների շուրջ ծագած վեճերին, ընդ որում արտահայտվելիս խոսում էր կարճ, բայց տրամաբանական ու առարկություն չվերցնող տոնով: Ռեզան որտեղից որտեղ հիշեց, թե ինչպես Ձմռան մի օր երեքով գնացել էին գնումներ կատարելու. տուն վերադառնալիս Ժիլայի ոտքը սայթաքեց, ու փոքրիկ աղջկա չարաճճի ծիծաղով նա ամուր կառչեց իր թևից: Ռեզան երկար ժամանակ չէր մոռանում կնոջ պինդ կրծքի հպումը...
Ժիլան շարունակում էր խոսել, ասես կարիք ուներ՝ մեկի առաջ սիրտը բացելու, կուտակված մաղձը դուրս թափելու: Պատմում էր իր ամուսնության մասին: Կարճ ժամանակ էին նշանված մնացել, ինքը միջնակարգը նոր էր ավարտել: Չէր ամուսնացել, ամուսնացրե՛լ էին... հիմա նա նույնիսկ նախանձում է իր դստերը, որ ընտրություն կատարելու իրավունք ունի: Ինքն ի՜նչ հույսեր էր փայփայել, ինչ դուրս եկավ: Էսմաթի տասը տարին նոր էր լրացել, երբ սկսվեց պատերազմը, և արդեն յոթերորդ տարին է, որ շարունակվում է: Ամուսինն առաջիններից էր, որ թողնելով իրեն ու մինուճար աղջկան՝ նետվեց պատերազմի բոցերի մեջ... Դրանից հետո նա շատ քիչ էր տեսել ամուսնուն...
- Կյանքիս լավագույն օրերն անիմաստ անցան…
- Ինչո՞ւ, չէ՞ որ դուստր ունեք:
Ժիլան մի պահ լռեց:
- Իսկ էսմաթը մազաչափ մտածո՞ւմ է իմ մասին,- խոսեց նա բողոքի շեշտով՝ երեխայի պես ուռեցնելով շուրթերը ,-Էսմաթն էլ հոր նման տարված է իր գաղափարներով: Գիտե՞ս, ես այնքան փոքր տարիքում եմ ունեցել նրան, որ հիմա նա ինձ համար ավելի ընկերուհի է, քան դուստր: Ես նրան եմ նվիրել իմ երիտասարդության օրերը, հասկանո՞ւմ ես...
Ժիլան մասամբ ճիշտ էր. Էսմաթը ժառանգել էր հոր չոր ու սառը բնավորությունը: Ռեզան հաճախ էր նախատում նրան, էգոիստ անվանում, և եթե չլիներ Ժիլան, որ սովորական դարձած վիճաբանությունների ժամանակ միշտ հակառակվում էր դստերը, գուցե ինքն ընդմիշտ հեռանար Էսմաթից: Ռեզան գիտեր, որ իր պատճառով մայր ու աղջիկ հաճախ բախումներ են ունենում:
Չադրայի տակից երևում էր ծալապատիկ նստած կնոջ փոքրիկ, մերկ ոտնաթաթը, որից Ռեզան հայացքը չէր կարողանում կտրել: «Ինչո՞ւ է այս բոլորն ինձ ասում,-մտածեց,- նա երբեք այսքան անկեղծ չի եղել ինձ հետ»:
Երկար խոսելո՞ւց, թե՞ տանջող ապրումներից Ժիլան շոգեց ու տեղից բարձրանալիս թողեց, որ մետաքսե չադրան վրայից մեղմ շրշյունով ցած սահի: Դա անսովոր չէր. Ռեզայի ներկայությամբ նա չադրա էր գցում միայն այն օրերին, երբ տանը ուրիշ մարդիկ էին լինում: Բայց այս անգամ Ռեզային տարօրինակ թվաց կնոջ ազատ կեցվածքը:
- Գնամ՝ թեյ դնեմ,- ասաց նա ու մոտենալով բաց խոհանոցի գազօջախին՝ մեջքով կանգնեց դեպի տղան:
- Էսմաթն ուշացավ,- ասաց Ռեզան:
Կինը լուռ թեյ էր լցնում:
- Գիտե՞ս, մարդիկ տարբերվում են իրարից, երբ կենդանի են, ու գանգի վրա միս ու կաշի կա,- առանց շրջվելու՝ անսպասելիորեն ասաց նա:
- Այսի՞նքն:
- Ինձ ասացին, որ նրա դեմքն աղավաղվել էր թշնամու քիմիական ռմբակոծումից: Ես չտեսա, թույլ չտվին... Բայց դա ի՞նչ կարևոր է. որոշ ժամանակ անց... կմնան միայն գանգն ու կմախքը, իսկ գանգերն ու կմախքները շատ են նման իրար... Դժվար է տարբերել, չէ՞, սիրունին տգեղից, հարուստին աղքատից, հերոսին վախկոտից... Նույնիսկ սեռերը... Իսկապես, ի վերջո, ի՞նչ է մնում մարդուց… Մնում է դատարկ խոռոչներով մի գանգ ու տձև ոսկորների կույտ... Մարդը պիտի ապրի ու կյանքը վայելի, քանի դեռ կա...
Ռեզան սարսուռ զգաց ողնաշարում:
Կինը կռացավ, թեյով ու քաղցրավենիքով սկուտեղը դրեց գորգին:
Տնային սև հագուստի մեջ Ժիլայից կանացիություն էր բուրում, ինչից զուրկ էր առավոտից իրիկուն գրքերի մեջ թաղված դուստրը:
- Էսմաթն ուշացավ,- կրկնեց Ռեզան ու քրտնեց:
Կինը տարօրինակ հայացքով նայեց տղային ու դալուկ ժպտաց:
- Շա՞տ ես կարոտում:
- Ըհը, երևի... Չգիտեմ...
- Կգա, մի՛ երկմտիր, թեյդ խմիր:
Սենյակում թանձրանում էր մութը. միացված էր միայն բաց խոհանոցի պատին տեղադրված կաթնագույն լույսը:
- Լույսը վառե՞մ,- հարցրեց տղան:
Հեռախոսը զանգեց. Ժիլան վերցրեց ընկալուչը: Էսմաթն էր: Ռեզան հայացքով հետևում էր կնոջ յուրաքանչյուր շարժումին ու նոր բարեմասնություններ հայտնաբերում...
- Մա, ես կուշանամ, ինձ պահեցին ընթրիքի:
- Շատ լավ, էդպես էլ գիտեի...
- Ռեզան եկա՞վ:
- Հա, եկավ,- Ռեզայի կողմը նայելով՝ ասաց Ժիլան,- ու... գնաց...
«Ուրեմն գիտեր, որ Էսմաթը ուշանալու է. հիմա էլ նորից ստեց»,-արագ մտածեց Ռեզան և դողաց ողջ մարմնով:
Ժիլան ցած դրեց ընկալուչը, շրջվեց ու դավադիր հայացքով նայեց նրան:
- Լույսը վառե՞մ,- կերկերուն ձայնով հարցը կրկնեց Ռեզան:
- Ո՛չ, կարիք չկա,- տիրական ասաց կինը, գետնից վերցրեց չադրան ու գցեց ամուսնու լուսանկարի վրա: Հետո դանդաղ, բայց հաստատուն, վճռական քայլերով մոտեցավ տղային...
- Ժիլա...Ժիլա, պետք չէ,- մրմնջաց տղան ու օձից խայթվածի պես ծառս եղավ տեղից, բայց երբ կինն իր ողջ քնքշությամբ փարվեց նրան, հասկացավ, որ անկարող է մերժել սիրո ծարավ կնոջ ցանկությունը...
* Նահատակություն՝ հանուն սրբազան նպատակի:
** Ղուրանի յուրաքանչյուր առանձին հատված (Ծ. Հ.):