Harutin » 29 окт 2011, 13:53
ՄՈԲԻ ԴԻԿ
1
Պարտավորեցնող որսա վայրկյանում,
ինձնից` քար կտրի ակնթարթը քո,
շուտ սպանի՛ր ինձ, սպանի՛ր մի քիչ,
առաջնակայմիս Սֆինքսի գլուխ:
Մահացուն այս է – կառանատեղում
առագաստ բացել ամեն առավոտ,
սակայն բաց ծովը մնում է երազ,
ու կետաձկներ – Քոֆին ու պանդոկ:
Կայմապարանից կախվել` փղձկում եմ,
որ անհողմ ծով է`ցնցումներ չկան,
սրընթացորեն ալեճեղքվում են
սպասումներս մեկնումից առաջ:
Ուսեր կթոթվես քամահարությամբ
առաջակայմիս Սֆինքսի գլուխ,
թե ես ի՞նչ ունեմ կետաձկան հետ,
որ երազում եմ կուլ գնալ նրան:
Տախտակամածին, ուր իմ ստվերն է,
առագաստները չեն պարզվի հետո,
եթե անհողմ է նավարկությունը,
նավեզրից կախված սրտխառնուք կզգամ:
Շուտ սպանի՛ր ինձ, սպանի՛ր մի քիչ,
առաջնակայմիս Սֆինքսի գլուխ,
ես մտմտանքի ժամ չթողնելով`
դեպի վտանգներ – աղետ եմ գնում:
Բաց ծովը գիտեմ` հողմից հետոն չէ,
ու խիզախելը` խարսխատեղում,
ի՜նչ զարմանալի նմանությամբ ենք`
դիմամկանիս քո դողն է դողում:
Վերադարձրու ինձ Լևիաթաններին,
և կամ շրջըվիր` որ ես քար կտրեմ,
միշտ նույն հասցեն է`Քոֆին ու պանդոկ,
ու կետաձկներ, որ տեսիլվում են:
Սպասումներս Վեր-անցման մեջ են
փախուստը փնտրում` ինձ ամփոփելու,
որովայնի մեջ կետաձկների
խորխորատ է մի – ինչ հոգին`մարմնում:
Սողոսկածն ի՞նչ է – Սֆինքսի գլուխ,
սարսափեցնող է, բայց և հմայող,
եթե ես պետք է անհողմ նավարկեմ`
առե՛ք մարմինս, որ մեռնեմ` հոգուս: