СТАНЬ VIP
Зеленский подчеркнул, что не признает мирное соглашение, достигнутое США и Россией без участия УкраиныЕвропа на фоне переговоров о мире задумалась о возобновлении закупок российского газаЕвропа рассматривает вариант размещения на Украине 25-30 тыс. военныхВ давке на вокзале Нью-Дели погибли 18 человек, еще 10 получили раненияМексика намерена судиться с Google из-за переименования заливаЗападный бизнес готовится к возвращению в Россию - решающую роль сыграет победа сторонников Трампа

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 сен 2010, 21:20

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Mher Beyleryan.jpg
Mher Beyleryan.jpg (6.61 кб) Просмотров: 873
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 сен 2010, 21:21

Գվարդիական Ժան-Բատիստ Բերտյեի սխրանքը (մաս 1-ին)


1. Շարասյուներով առա՜ջ

Ես ծնվեցի 150 տարի անց այն բանից հետո, երբ Վոբանը ստիպեց բոլոր եվրոպական բանակներին հրաժարվել նիզակներից: Մինչ այդ, հռոմեականների օրինակով, եվրոպական բանակների հետևակները բաժանվում էին երկու մասի` ծանր ու թեթև: Թեթևն արկեբուզիռներն էին, որոնք հետախուզությամբ էին զբաղվում և անհանգստացնում հակառակորդի առաջավոր գծերը, իսկ ծանրը` պիկիներները, որոնք փոխարինում էին հռոմեական ծանր հետևակը: Ես երազում էի ծառայել ծանր հետևակում, քաջաբար գրոհել թշնամու վրա և իմ քաջությամբ ու նիզակով խառնաշփոթ մտցնել նրա շարքերում: Այո, նախանձում էի հին հույների, հին հռոմեացիների փառքին, բայց իմ ծառայության ժամանակ բանակում ծանր հետևակ արդեն գոյություն չուներ: Գրենադյորների փոխարեն եգերական գումարտակներ էին, որոնցից ամեն մեկը` ինը վաշտից բաղկացած: Բացի այդ, կայսրը ստեղծեց բոլտիժերների գումարտակներ, որոնք բաղկացած էին հինգ ֆուտից ցածր հասակ ունեցող մարդկանցից` զինված դրագունական հրացաններով: Մինչ այդ ցածրահասակները չէին զորակոչվում: Դա յուրահատուկ մրցակցության սկիզբ դրեց կարճահասակների ու հաղթանդամների միջև: Եթե Նապոլեոնի բանակում ծառայելիս լինեին նաև սևամորթներ, նա անպայման կստեղծեր սևամորթների և սպիտակամորթների առանձին գումարտակներ: Եթե մի երկրում ապրելիս լինեին միայն միաչքանիներ ու կուզիկներ, մեծ օգուտ կարելի էր քաղել կուզիկների ու միաչքանիների գումարտակներ ստեղծելով: Եգերների գումարտակներում հավաքագրում էին լեռնային շրջաներում բնակվող անտառապահների տղաներին. սրանք ալպիական և պիրինեյան լեռների լավագույն սահմանապահներն էին: Այդպիսի ընտանիքից էի նաև ես` Ժան-Բատիստ Բերտյես: Ես անվանակիցն էի Մեծ բանակի շտաբի պետի, և ծառայող տղաները հաճախ ընկերաբար կատակում էին, թե իրականում Բերտյեն է քո անվանակիցը: Ընդհանուր առմամբ, ծառայությունն ինձ դուր էր գալիս: Տղաները շատ բարյացակամ էին ու ընկերասեր. դժվար է ընկերասեր չլինել, երբ ժամերով կառեի (քառակուսի զինվորական շարաձև) մեջ ընկերներիդ հետ կանգնած ես մնում թշնամու անդադար հրետակոծման տակ: Դա միակ բանն է, որ ատում եմ ծառայության մեջ. ոչինչ չանել, այն ժամանակ, երբ թշնամին ոչնչացնում է քեզ. կամ կառեյով առաջ քայլելու հրաման ստանալ և աղոթել, որ թշնամու արկերը քեզ կտոր-կտոր չանեն նախքան կրակելու հեռավորությանը հասնելը: Բանակում ազատ ժամանակ ես կարդում էի հին հույն հերոսների մասին և, ինչպես ասացի, նախանձում էի նրանց փառքին. որքան կուզենայի սրով նետվել թշնամական շարքերի վրա, զոհվել մարտի բովում, այլ ոչ պատահական արկից` ճակատամարտի գծից հարյուրավոր ոտնաչափ հեռավորության վրա: Ամենավտանգավորը համարվում էր փոքր հետևակային խմբերով հետախուզության գնալը. հետախուզությունը հիմնականում հեծելազորի գործն էր, բայց երբեմն ստիպված էինք լինում ինքներս գնալ առաջին գիծ, քանի որ հեծելազորը չափազանց հեռու էր լինում: Նման դեպքերում բոլորն ընկճվում էին, իսկ ես ուրախանում էի, միշտ առաջ էի նետվում և իմ խիզախությամբ վարակում շատերին: Հիմնականում հակառակորդի հետ շփման գծին չէինք հասնում. թշնամու հետախույզ հեծյալները մեզ նկատում էին ու հարձակվում: Նման պահերին ամենակարևորը արագորեն ազատ շարային քայլից փոքր շարքեր կազմելն էր. դա ողջ մնալու միակ հույսն էր: Ըստ զինվորական կանոնակարգի նախ անհրաժեշտ էր 4 հոգիանոց շարք ստեղծել, ապա` 7, ապա` 16: Տասնվեց հոգիանոց կառեները, շախմատաձև շարվելով, նահանջում էին դեմքով դեպի հակառակորդը: Հասնելով հիմնական ուժերին` մտնում հիմնական գումարտակային կառեների մեջ և, եթե հակառակորդը շարունակում էր նեղել, նահանջում էր արդեն ողջ գումարտակը` ՙԿես-շրջադարձ դեպի աջ, կրա՜կ՚ հրամանով: Դրանից հետո նահանջում էինք առանձին շարքերով, ըստ դասակների: Քիչ անց հետևում էր հրամանը. ՙԿանգ ա՜ռ: Ըստ դասակների աջ և ձա՜խ: Շարքերով կրա՜կ՚: Մեր կրակոցները հնձում էին հակառակորդի հեծելազորը, բայց եթե նա շարունակում էր հարձակումը, նորից կառե էինք կազմում` հակառակորդի համար վերածվելով հսկայական մի ոզնու. որ կողմից էլ մեզ վրա հարձակվեին, թշնամուն կդիմավորեին մեր սվիններն ու հրացանների փողերը: ՙՆահանջը շարունակե՜լ՚ հրամանով նորից շարքերով էինք շարվում ու նահանջում` դեմքով դեպի հակառակորդը: Գուցե այս ամենը ձեզ հետաքրքիր չի, բայց դա իմ կյանքն է, ավելի շուտ իմ կյանքն էր, նախքան Վաթերլոոյում զոհվելս: Շատ ճակատամարտերի եմ մասնակցել մեր ՙփոքրիկ կապրալի՚ հետ (զինվորներս մեր մեջ այդ քնքշական մականունով էինք խոսում կայսեր մասին)` իտալական արշավանքից մինչև Վաթերլոո: Ես տեսա, թե, ինչպես կայսրը (Իտալիայում նա դեռ գեներալ էր) դրոշը ձեռքին երկու անգամ նետվեց գրոհի, երբ արդեն պատրաստ էինք նահանջել և երկու անգամ էլ մենք հաղթող դուրս եկանք: Առհասարակ կայսրը առանց ծայր աստիճան անհրաժեշտության կյանքը չէր վտանգում` համարելով, որ հրամանատարը իրավունք չունի մահանալ, եթե դա կարող է հանգեցնել պարտության: Նա մահվանն ընդառաջ էր նետվում միայն այն դեպքերում, երբ իր մահով կարող էր ապահովել հաղթանակը: Վերոնշյալ երկու դեպքերում էլ նրա անձնական օրինակի շնորհիվ մենք գրավեցինք կարևոր կամուրջներ, ինչի շնորհիվ զորքը կարողացավ արագորեն ներխուժել հարավային Իտալիա: Բայց վերջին ժամանակներում նա հաճախ էր առանց ծայր աստիճան անհրաժեշտության վտանգում կյանքը: Բոլորս տեսնում էինք, որ նա զինվորին արժանի մահ է փնտրում: Մի անգամ, երբ մարտի տանելուց առաջ կայսրը ստուգում էր մեր շարքերը, արկերից մեկն ընկավ առջևի գծում կանգնածների դիմաց: Տղաները իրար հրմշտելով` ետ-ետ գնացին: Կայսրը որոշեց անձնական օրինակով քաջալերել զինվորներին: Նա իր ձին քշեց ուղիղ արկի վրա և սկսեց սպասել պայթյունին: Երբ պայթյունը որոտաց, ձին տապալվեց, կայսրը ընկավ, ամեն ինչ կորավ ծխի մեջ: Մեկ վայրկյան անց կայսրն անվնաս դուրս եկավ ծխի միջից և հրամայեց իրեն նոր ձի բերել: Հին ձիուց քիչ բան էր մնացել: Մեկ ուրիշ անգամ, երբ արկը սուրացել էր նրա գլխավերևով, կողքին կանգնած զինվորը կռացել էր. կայսրը քամահրանքով նայել էր նրան և ասել. ՙԵթե այդ արկը ձեզ համար էր նախասահմանված, դուք նրանից չէիք փրկվի, եթե անգամ հարյուր ոտնաչափ փոս փորեիք ու թաղվեիք մեջը՚: Այդպիսին էր նա: Նրան հնարավոր չէր չսիրել. շատերիս նա անունով գիտեր, հաճախ էր զրուցում մեզ հետ, ոլորում մեր բեղերը, թփթփացնում ուսներիս: Հրամանատարներից շատերը հարբած ժամանակ ասում էին, որ Նապոլեոնը թքած ունի բոլորիս վրա, որ մենք նրա համար ֆիգուրներ ենք շախմատային իր պարտիայում, բայց զինվորները միշտ էլ նրան սիրել են ու պատրաստ են եղել մահանալ նրա համար: Մենք պատրաստ էինք մահանալ նրա համար նաև 1814-ին, երբ թշնամին, ձեռք գցելով Նապոլեոնի նամակները, տեղեկացել էր, որ Փարիզի ճանապարհը բաց է, որ կայսրը շրջանցում է կոալիցիոն ուժերին, և նրանք առանց ճակատամարտի մտել էին մայրաքաղաք: Մենք պատրաստ էինք, բայց ոչ գեներալներն ու մարշալները, որոնք արդեն անասելի հարստության տեր էին և հոգում էին նախևառաջ իրենց կալվածքների մասին: Նախքան թշնամին կմոտենար Փարիզին, կայսրը փայլուն հաղթանակներ տարավ 15-16 տարեկան երեխաներից կազմված նորաստեղծ զորամիավորումներով, հաղթանակներ, որ հիացնում էին նույնիսկ թշնամիներին: Կայսրը չէր կարող ամեն ինչ ինքնուրույն անել. նա ջարդում էր մեկը և շտապում պատերազմել երկրորդ բանակի դեմ: Փախչող բանակների ետևից ուղարկում էր իր գեներալներին ու մարշալներին` տալով նրանց ամենալավ զորամիավորումները, բայց նրանք գրեթե միշտ բաց էին թողնում թշնամուն վերջնականապես ջախջախելու հնարավորությունը: Կայսրի գրագիրներից մեկը մի անգամ ինձ պատմեց, թե ինչպես էր կայսրը 1814-ին տարած հերթական փայլուն հաղթանակից հետո գոռում մարշալ Օժերոյի վրա. ՙԻնչ խղճուկ արդարացումներ եք բերում, Օժերո: Ես ոչնչացրի 80 հազար թշնամի մի կերպ հագնված նորակոչիկներով… եթե ձեր 60 տարիները բեռ են ձեզ համար` հանձնեք հրամանատարությունը՚: Գրագրի ասելով, այդ պահին սենյակի հեռավոր անկյունում կանգնած գեներալներից մեկը շշնջացել է. ՙԿայսրը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ իր ենթականերից և ոչ մեկը Նապոլեոն չէ՚: Երբ թշնամին արդեն Փարիզում էր, կայսրը հավաքեց 40 հազարանոց բանակ, և նա էլի կհաղթեր, եթե չընդդիմանային մարշալներն ու գեներալները. կհաղթեր, չնայած որ Փարիզին մոտեցող զորքերի հետ միասին կոալիցիոն ուժերի ընդհանուր թիվը անցնում էր մեկ միլիոնից: Նա դեռևս պարտություն չէր կրել: 59 ճակատամարտ և 59 հաղթանակ (ես մասնակցել եմ դրանցից 21-ին, վերջինն, ինչպես ասացի, Վաթերլոոն է): Դա ավելի շատ է, քան Ալեքսանդրի, Կեսարի ու Հաննիբալի բոլոր հաղթանակները միասին վերցրած: Որքան էլ նողկալի լինի պատերազմը, մեր կայսրը կարողանում էր մեզ վարակել մեծ իրադարձությունների մասնակիցն ու կերտողը լինելու պատվախնդրությամբ: ՙԶինվորնե՜ր, այս բուրգերի գագաթներից ձեզ են նայում 40 հարյուրամյակներ՚. նման խոսքերից հետո մենք չէինք կարող չջարդել թուրք-անգլիական բանակները: Աբուքիրի ճակատամարտում մի քանի ժամում մամլուքները կորցրին ողջ բանակը: Մարշալներ Նեյն ու Մյուրատը կայսեր հրամանով անսպասելի հեծելազորային ու հրետանային շրջանցով հայտնվեցին հակառակորդի երկու թևերի թիկունքում ու սկսեցին հրետակոծել բլուրների վրա ամրացած առաջին գծի նրա հրետանին: Խուսափելով վերջնական շրջապատումից` հակառակորդը լքեց առաջին գիծը: Երկրորդն ավելի ամրացված էր, երկու կողմերից պաշտպանված ծովով ու 18 հրանոթներով, բայց կայսրը նկատեց (նա միշտ ճակատամարտի ընթացքում փոխում էր նախնական առաջադրանքները), որ հակառակորդի երկրորդ բանակային գծի ետևում գտնվող փոքր թերակղզին լավ պաշտպանված չէ և քիչ առաջ գրավված բլուրների վրա ամրանալու փոխարեն, հեծելազորային ուժեր ուղարկեց այդ թերակղզի: Մեր` 18-րդ գծային գումարտակը ժամանակից շուտ նետվեց մարտի և, երբ արդեն թվում էր, թե կենտրոնում գտնվող բլրի հրետանին արդեն մեր ձեռքում է, թշնամու տեղատարափ կրակը կանգնեցրեց մեզ ու տրվեց նահանջի հրաման: Որքան էլ չուզենայինք ենթարկվել այդ հրամանին, ստիպված էինք նահանջել` թողնելով մարտի դաշտում 50 վիրավորների: Թուրքերն ըստ իրենց սովորության նետվեցին այդ տարաբախտ զինվորների վրա ու սկսեցին կտրել նրանց գլուխները` գլխագին ստանալու համար: 69-րդ գումարտակը, այդ նողկալի արարքից զարհուրած, նետվեց հրետանու վրա և հընթացս գրավեց այն: Այդ ընթացքում մարշալ Լանն ամրացավ գյուղում: Շրջապատումից խուսափելու համար, թշնամին փախավ: Դա խուճապային փախուստ էր: ՙԱնհավատների՚ ձեռքը չընկնելու համար մամլուքները հազարներով ջրահեղձ էին լինում ծովում: Ժամանակ չտալով հակառակորդին ուշքի գալ, մեր ՙփոքրիկ կապրալը՚ առաջ ուղարկեց գվարդիան: Երրորդ` վերջին պաշտպանական գիծը ճեղքվեց այնքան արագ, որ սըր Սիդնեյ Սմիթը հազիվ կարողացավ ճողոպրել ու հասնել իր նավին: Վեզիր Մուսթաֆան իր մերձավորների հետ գերի ընկավ: Երբեք չեմ մոռանա այդ ճակատամարտը, այդ փառահեղ հաղթանակը: Մենք կորցրինք 200 զինվոր, 550-ը վիրավորվեցին: Թուրքերից ճակատամարտում զոհվեցին երկու հազարը, երեք հազարը գերի ընկան, 11 հազար հոգի խեղդամահ եղավ ծովում, Անգլիայի արքայի կողմից սուլթան Սելիմին նվիրված երկու հրանոթները տրվեցին հեծելազորային բրիգադին. նրանց վրա փորագրվեցին Մյուրատի ու Դյուվիվյեյի անունները և հեծելազորային գնդերի համարները: Կայսրն ասում էր, որ երկու արաբ զինվորն ավելի լավ է կռվում, քան երեք ֆրանսիացին, տասը արաբն ավելի լավ ռազմիկ են, քան տասնհինգ ֆրանսիացին, բայց 1000 ֆրանսիացի զինվորներ կջախջախեն 1500 արաբների: Մենք ավելի կազմակերպված էինք և դրա համար էլ հաղթում էինք: Եգիպտոսում կայսեր մարտավարությունը պարզ էր. երբ մամլուքների հեծելազորը գրոհում էր, շախմատաձև կանգնած մեր հետևակի կենտրոնը նահանջում էր, իսկ թևերն` առաջանում: Շրջապատման մեջ չընկնելու համար մամլուքները նահանջում էին և հենց այդ պահին կենտրոնը գրոհի էր անցնում, փախուստի մատնելով հակառակորդին: Մենք միշտ անձնվիրաբար ծառայել էինք կայսերն, իսկ հիմա, երբ մեր մայրաքաղաքը թշնամու ձեռքում էր, ավելի քան երբեք պատրաստ էինք ծառայել նրան և հայրենիքին: Կայսրը Կոլենկուրին Փարիզ ուղարկեց խաղաղության բանակցությունների, իսկ ինքը ողջ եռանդով լծվեց հերթական պատերազմի պատրաստության գործին: Գումարտակների ստուգայցից հետո նա հայտարարեց. ՙԶինվորնե՜ր, հակառակորդը մեզանից առաջ անցավ երեք անցումով և զավթեց Փարիզը: Պետք է նրան վռնդել այնտեղից: Անարժան ֆրանսիացիները, վտարանդիները, որոնց մենք ժամանակին անզգուշորեն ներեցինք, միանալով հակառակորդին, ճերմակ գլխարկներ են հագել: Սրիկանե՜ր: Նրանք արժանի անվանում կստանան այդ արարքի համար: Երդվենք հաղթել կամ մահանալ, պատասխանել մեր հայրենիքին ու զենքին հասցված վիրավորանքին՚: ՙԵրդվում ենք՚,- գոռացինք միաբերան, գոռացինք ու դրժեցինք մեր խոստումը, բայց ոչ մեր մեղքով, այլ` մարշալների: Գրագիրներից հետագայում իմացանք կատարվածի մասին: Երբ կայսրը մտել էր Ֆոնտենբլո, մարշալները դիմավորել էին նրան քար լռությամբ: Բոլորը ճնշված տեսք էին ունեցել: Ներկա էին ողջ մնացած և կայսերն չլքած գրեթե բոլոր հրամանատարները` Ուդինոն, Նեյը, Մակդոնալդը, Բերտյեն, հերցոգ Բասսանոն: Կայսրը բացատրություն է պահանջել, և նրանք ասել են, որ հաղթանակի հույս չունեն, որ մայրաքաղաքը սարսափի մեջ է` սպասելով կայսեր հարձակմանը դաշնակիցների դեմ, որ մայրաքաղաքի բնակչությունը կործանման եզրին է, և եթե կայսրը հարձակվի, դաշնակիցները կայրեն Փարիզը` լուծելով Մոսկվայի վրեժը, որ դժվար կլինի զինվորներին ստիպել մայրաքաղաքի փլատակների վրա կռվել: ՙՀեռացեք. ես ձեզ կկանչեմ և կհայտնեմ իմ պատասխանը՚,- ասել էր կայսրը: Քիչ անց նա ընթերցել է տեղում գրված հղումը, որտեղ ասվում էր, որ եթե Եվրոպայում խաղաղության համար միակ արգելքը ինքն է` կայսր Նապոլեոնը, ուստի նա պատրաստ է հեռանալ Ֆրանսիայից և անգամ կյանքից` հանուն հայրենիքի, նա հրաժարվում է գահից հօգուտ իր երեքամյա որդու: Մարշալները ջերմորեն ողջունեցին այդ քայլը: Ստորագրելուց առաջ կայսրը հանկարծ հարցրել է. ՙԻսկ գուցե գնա՞նք նրանց դեմ: Մենք կջախջախենք նրանց՚: Մարշալների լռությունը վճռեց Եվրոպայի ճակատագիրը: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե նրանցից գեթ մեկը իր զինակցությունը հայտներ կայսերն, որին պարտական էր ամեն ինչով: Մի բանում մենք` շարքային զինվորներս, վստահ էինք. եթե կայսրը ջախջախում էր հակառակորդին նրա հողի վրա, նա կաներ այդ նաև Ֆրանսիայում, երկիր, որի ողջ բնակչությունը պատրաստ էր ապստամբել և որտեղ աշխարհի ամենահզոր ամրոցներն էին: Բայց կայսրը ատում էր ամենայն հեղափոխություն, և նա ժողովրդին կոչով չդիմեց: Նա նույնիսկ հեղափոխության կոչ չարեց հակառակորդ ժողովրդին` ռուսներին, երբ Մոսկվան գրավելուց հետո մի քանի շաբաթ մտածում էր իր հետագա անելիքների մասին: Նրա մեկ կոչը բավական կլիներ, որպեսզի ստրկության մեջ դարերով տառապող ռուս ժողովուրդը ոտքի ելներ: Բայց կայսրը նախընտրեց նահանջել` կորցնելով անծայրածիր տափաստաններում ողջ բանակը: 450 հազարից միայն 30 հազարիս հաջովեց դուրս գալ այդ դժոխային երկրից: Ասում են, թե հետագայում կայսրը խոստովանել էր, որ երեք սխալ է արել Ռուսաստանում. նախ պիտի Սմոլենսկից առաջ չանցներ, չպետք է այդքան երկար մնար Մոսկվայում և նահանջելու փոխարեն պետք է հետապնդեր Կուտուզովին ու պարտադրեր նրան ևս մեկ` վերջին ճակատամարտ: Զինվորներն ավելի պարզ պատճառներով էին բացատրում այդչափ խոշոր կորուստները: Մոսկվայից դուրս գալիս հետներս տաք հագուստ չվերցրինք, իսկ այդ տարի ձմեռն ավելի շուտ սկսվեց և նույնիսկ տեղացիների համար աննախադեպ խստաշունչ եղավ: Բացի այդ, մենք քարշ էինք տալիս ավարով լի սայլերը, այն դեպքում, երբ հրետանին տեղափոխելու համար ձիեր չկային, երբ հեծելազորն օրեցօր քայքայվում էր: Ի վերջո, կայսրը հրամայեց այրել ողջ ավարը և ձիերին օգտագործել միայն հրետանին տեղափոխելու համար: Թշնամին կարողացավ ստիպել, որ նահանջենք մեր եկած ճանապարհով, ուր բոլոր բնակավայրերն այրված էին, ուր մեզ էին սպասում տուն-տեղ կորցրած գյուղացիների կամավորական խմբերը, կոզակները: Սակայն քաղցից ու ցրտից ավելի սարսափելի էր Բորոդինոյով վերադարձը: Կայսրը հրամայեց արագ անցնել այդ վայրը, բայց ճակատամարտի դաշտի կողմը նետված մեկ հայացքն էլ բավական էր, որպեսզի կոտրվեր մեր մարտական ոգին: Դիակները չէին հավաքել, և տեսարանը հիշեցնում էր Դանտեի դժոխքը: Այստեղ առաջին անգամ ամբողջ հստակությամբ տեսանք պատերազմի հակառակ կողմը: Այն, ինչը մեզ համար փառքի ու հպարտության առիթ էր դեռ մի քանի օր առաջ, հիմա սարսափեցնում էր իր գարշելիությամբ: Մեր առջև սփռված դիակները իսկական հերոսներ էին. կայսրը հիացած էր ռուսների դիմադրությամբ, իսկ Բագրատիոնը, որին կայսրը համարում էր միակ ռուս բանիմաց զորավարը, երբ տեսել էր իր հրետանու վրա սվինամարտի նետվող ֆրանսիացի լեգեոներներին, որոնք չնայած մաղվում էին հրետանու արկերից, բայց վայրկյան իսկ կանգ չէին առնում անգամ կրակելու համար, չէր կարողացել զսպել հիացմունքը և բարձր գոչել էր. ՙԲրավո, բրավո՚: Հենց այդ բառերը շուրթերին զոհվել էր Բագրատիոնը: Ինչպիսի արժանի մահ, ինչպիսի սխրանք մահվանից առաջ փառաբանել հակառակորդի քաջությունը: Այո, դա սխրանքի օր էր. մեր ջոկատը մի քանի անգամ ձեռնամարտի նետվեց: Ճակատամարտի այդ դրվագները ինձ հիշեցնում էին հին մարտերը, և ես իմ տարերքի մեջ էի: Ինձ համար չկա ավելի փառահեղ մահ, քան ձեռնամարտում սպանվելն է և չկա ավելի անհեթեթ վախճան, քան հրետանու արձակած արկից զոհվելը: Նայելով այդ անթաղ դիակներին` մենք հասկացանք, որ հաղթանակների փառքը արքաներինն է. սովորական զինվորներին բաժին են ընկնում միայն տառապանքներն ու մոռացությունը: Բայցևայնպես Հին գվարդիան չբարոյալքվեց: Մենք պահպանեցինք շարքը, նույնիսկ այն պահերին, երբ ստիպված էինք լինում անցնել հակառակորդի հրետանու հարվածների տարափի տակ. նրանց արձակած արկերը միջանցքներ էին բացում մեր կառեներում, և կոզակները փորձում էին թափանցել ներս, բայց ողջ մնացածներն արագ զբաղեցնում էին ընկած ընկերների տեղը և քառակուսին նորից փակվում էր: Ամենածանրը նման պահերին ընկերների դիակները թողնելն էր: Մի քանի րոպե առաջ ընկերդ ողջ էր, խոսում էիք իրար հետ, իսկ հիմա ստիպված ես քայլել-անցնել նրա այլանդակված դիակի վրայով: Ինչ-որ հրաշքով կայսերն հաջողվեց խաբել ռուս հրամանատարներին ու դուրս բերել Մեծ բանակի մնացորդները: Նա գաղտնի մեկնեց Փարիզ, որպեսզի նոր բանակ հավաքի, հավաքեց բանակը, փայլուն հաղթանակներ տարավ և հիմա, երբ պիտի վճռական հարվածը հասցներ, Մարմոնը 6-րդ կորպուսով անցավ հակառակորդի կողմը, մարշալները դավաճանեցին: Ի՞նչ իմաստ ուներ քսան տարի մարտնչել, եթե պիտի մեկ միլիոնից ավելի զոհ տայինք ու վերադառնայինք այն սահմաններին, որոնք կային հեղափոխությունից առաջ: Թշնամուն հանձնվելուց առաջ, ապրիլի 20-ին, կայսրը ցանկացավ հրաժեշտ տալ իր գվարդիային Ֆոնտենբլոյի պալատի մեծ բակում, որն այդ օրվանից ստացավ ՙՀրաժեշտի բակ՚ անվանումը: Դա շատերիս համար մեր կյանքի ամենահուզիչ օրն էր: Առջևում կանգնած էինք մենք` Հին գվարդիայի զինվորներս, ետևում երիտասարդներն էին` Նոր գվարդիան: Երբ կայսրը դուրս եկավ, մենք պատվի առանք: Դրոշակակիրը կայսեր ոտքերի մոտ իջեցրեց Հին գվարդիայի դրոշը, դրոշ, որ երբեք չէր խոնարհվել և հավերժ փառքով էր պսակել ֆրանսիացի զինվորին: ՙԶինվորնե՜ր,- խոսեց կայսրը,- դուք` իմ հին զինակիցներ, որոնց հետ ես միշտ քայլել եմ պատվի ճանապարհով, հիմա մենք պետք է բաժանվենք: Ես կարող էի մնալ ձեզ հետ, բայց ստիպված կլինեինք շարունակել դաժան պայքարը, օտարների դեմ պատերազմին գուցե գումարել քաղաքացիականը, և ես չէի կարող շարունակել կեղեքել Ֆրանսիայի կուրծքը: Վայելեք հանգիստը, որը արժանիորեն վաստակել եք և երջանիկ եղեք: Իմ մասին մի՜ տագնապեք: Ես առաքելություն ունեմ և, որպեսզի այն կատարեմ, համաձայնում եմ ապրել. ես պիտի պատմեմ սերունդներին ձեզ հետ միասին կատարած մեր մեծ գործերի մասին: Ես կուզենայի բոլորիդ սեղմել իմ գրկում, բայց թույլ տվեք ինձ համբուրել այս դրոշը, որը ներկայացնում է բոլորիդ…՚: Կայսրի ձայնը խզվեց: Նա գրկեց ու համբուրեց դրշակակրին, դրոշը, հետո արագ հեռացավ: Մենք երկու անգամ էինք տեսել նրան արտասվելիս. մի անգամ գեներալ Դեզեի մահվանից հետո, երկրորդ անգամ, երբ նրա ձեռքերում մահանում էր երկու ոտքը կորցրած մարշալ Լաննը: ՙԿեցցե կայսրը՚,- գոռում էինք հեռացող կառքերի ետևից և երեխայի նման արտասվում էինք: Հին գվարդիայի զինվորները հեկեկում էին, զինվորներ, որոնց աչքերում ո՜չ թշնամին և ո՜չ անգամ մահը երբեք արցունք չէր տեսել: Երկրորդ անգամ մեզ պատում էր անհուսության զգացումը: Առաջին անգամ մեր մեջ ինչ-որ բան կոտրվեց, երբ նահանջում էինք Մոսկվայից ու անցնում Բորոդինոյի դաշտով: Բայց այն ժամանակ մեզ հետ էր կայսրը և նրա շնորհիվ, նոր փառահեղ հաղթանակների շնորհիվ, մենք կարողացանք վերագտնել մեր պատիվն ու մարտական ոգին: Իսկ հիմա գնում էր նա` նվիրելով մեզ այնքան բաղձալի խաղաղությունը, բայց ինչ-որ բան մեր մեջ կոտրվեց. մենք կորցրինք ամենակարևորը, որ այսքան տարիներ ուղեկցել ու զորություն էր տվել մեր ոգուն, հաղթանակ` մեր զենքին, մենք կորցրինք սխրանքի զգացումը: Կայսրի կողքը գտնվողների համար օդը քաջությամբ էր լեցուն, ամեն մանրուք պատմական իրադարձություն էր, ամեն զինվոր` պատմության կերտող: Հիմա, երբ մարտական շարքերով կանգնած էինք Ֆոնտենբլոյի առջև, ամեն ինչ անիմաստ էր թվում, իրականությունն անհեթեթ էր: Իմաստ ուներ միայն մեր անցյալը, այն ամենն, ինչ կապված էր մեր ՙփոքրիկ կապրալի՚ հետ: Երբեք, ոչ մի ճակատամարտում շարքի մեջ մեզ այդքան խոցելի չէինք զգացել: Հիմա մենք կհամաձայնեինք երկրորդ Բորոդինոյին, միայն թե կայսրը չլքեր մեզ: Մենք հետո պիտի իմանայինք, որ հրաժեշտին նախորդող գիշերը կայսրը խմել էր դեռևս Ռուսաստանում իր բժշկից վերցված մկնդեղը: Նա սարսափելի տառապանքներ էր կրել, բայց թույնը ժամանակի հետ կորցրել էր իր ուժը և կամ ճակատագիրը նախընտրել էր փրկել այդ մարդուն ևս մեկ` վերջին սխրանքի համար: Մենք դեռ չգիտեինք, որ մեկ տարի անց կայսրը փախչելու է Էլբա կղզուց և առանց մեկ կրակոցի զավթելու է Ֆրանսիան, չգիտեինք, որ նրա ղեկավարությամբ ևս մեկ անգամ պիտի պատերազմենք դեռևս ոչ մեկին ոչինչ չասող բելգիական Վաթերլոո գյուղի մոտ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 сен 2010, 21:24

Գվարդիական Ժան-Բատիստ Բերտյեի սխրանքը (մաս 2-րդ)



2. Շարքը չխախտե՜լ

Երբ կայսրը քաղաքներն ազատագրելով վերջապես հասավ Փարիզ, մենք նրան ձեռքից–ձեռք փոխանցելով մտցրինք Ֆոնտենբլո: Երբեք նա այդքան սիրելի չէր եղել, որքան այդ օրերին. նույնիսկ Աուստերլիցի հաղթանակից հետո: Ֆրանսիայի դեմ նորից կոալիցիա ստեղծվեց, և արդեն վերադարձից հարյուր օր անց կայսրը ստիպված էր նորից ճակատամարտել: Ընդամենը հարյուր օրվա ընթացքում նա 120 հազարանոց բանակ հավաքեց` հիմնականում 15 տարեկան տղաներից: Եթե չլիներ կայսրը, նման բանակը կարող էր առավելագույնը զինավարժություն անել որևէ հարթավայրային տեղանքում` ոչ ավելի: Բայց հենց այդպիսի մի բանակով կայսրը մեկ տարի առաջ փայլուն հաղթանակներ տարավ` կործանելով հին, փորձված զինվորներից բաղկացած ամբողջ բանակներ: Եվ դա այն ժամանակ, երբ շատերը բարոյալքված ու հոգնած էին: Հիմա մենք կազդուրվել էինք, ճաշակել հանգիստը, որը մեր սրտովը չէր, ճաշակել օտարի լուծը, օտարի կողմից նորից մեզ պարտադրված Բուրբոնների իշխանությունը. այդ ամենը մեզ դուր չէր եկել, այդ ամենը չափազանց տարբերվում էր Ֆրանսիայի փառքի օրերից: Հիմա մենք, առավել քան երբևէ, պատրաստ էինք կռվել մեր կայսեր հրամանատարությամբ: Այդ տրամադրությամբ մենք մտանք Բելգիա (կայսրն այս անգամ էլ չցանկացավ, որ պատերազմի բեմը Ֆրանսիան լինի) և մասնակցեցինք մեր բանակի վերջին` Վաթելոոյի ճակատամարտին:
Հունիսի 17-ին` ճակատամարտի նախորդ օրը, մենք ջարդեցինք պրուսական զորքի գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի բանակը: Վերջնական ջախջախումից նրան փրկեց մարշալ Նեյի դանդաղկոտությունը: Նեյը, անսալով կայսեր հրամանին, նախ դրանից երկու օր առաջ դանդաղեց գրավել Կատր-Բրա գյուղը, ինչը կկաշկանդեր անգլիացի ֆելդմարշալ Վելլինգտոնի բանակի մանևրելու հնարավորությունները, իսկ հաջորդ օրը զլացավ կատարել նաև նրա երկրորդ հրամանը` արագ վերադառնալ ու փակել Բլյուխերի նահանջի ուղին: Եթե Նեյը հեծելազորային առաջին կորպուսը զբոսանքի չհաներ Կատր-Բրայից մինչև Լանյի, եթե գար ժամանակին, պրուսական բանակից ոչինչ չէր մնա, և Վաթերլոոն մերը կլիներ: Նեյն անշուշտ քաջարի մարշալ էր. կայսրը նրան անվանում էր ՙքաջերի քաջ՚, ինքը` Նեյը, սիրում էր կրկնել, որ ֆրանսիական բանակի մարշալը պետք է մահանա 30 տարեկանում, այլապես նա մարշալ չէ: Հիմա նա 36 տարեկան էր, և չնայած բոլոր ճակատամարտերում նետվել էր մահվանն ընդառաջ, մահը կարծես խուսափում էր նրանից: Նա չորս ձի էր կորցրել իր տակ, բազմիցս վիրավորվել էր, բայց ողջ էր մնացել: Նեյը քաջ էր, բայց դա դեռ քիչ է լավ հրամանատար լինելու համար: Համենայն դեպս, մենք` զինվորներս, այդպես էինք կարծում: Բացի այդ, բանակում շշուկ տարածվեց, որ նա մտածված էր այդպես գործում, որպեսզի Նապոլեոնը պարտվի և Ֆրանսիայում նորից խաղաղություն լինի: Այդ շշուկները հավանաբար Նեյին էլ էին հասել, որովհետև հաջորդ օրը նա գործեց նույնիսկ իր համար արտառոց քաջությամբ` ճշգրտորեն կատարելով կայսեր բոլոր հրամանները:
Բլյուխերը ճակատամարտում 100 հազարից կորցրեց 20 հազար զինվոր: Մեր բանակը երկու անգամ քիչ կորուստ տվեց: Ողջ մնացած 80 հազարից նա մեկ օրում կկարողանար հավաքել ու կազմակերպել առավելագույնը կեսին: Կայսրը 33 հազարանոց բանակով մարշալ Գրուշիին ուղարկեց հետապնդելու և վերջնականապես ջախջախելու Բլյուխերի կազմալուծված բանակը: Գրուշին նրա լավագույն մարշալներից չէր, բայց լավագույններն արդեն մահացել էին կամ լքել էին նրան: Չկար Դեզեն, չկար Լաննը, մեզ հետ չէր Մյուրատը: Գիշերը հորդառատ անձրև տեղաց. մենք դժվարությամբ էինք կրակը վառ պահում, ծածկվում էինք խոտով կամ ճյուղերով: Դա մեր բանակի առանձնահատկություններից մեկն էր. նապոլեոնյան բանակը վրաններում չէր քնում, և թշնամին երբեք չէր կարողանում ճակատամարտին նախորդող գիշերը հստակ պատկերացում կազմել նրա թվաքանակի մասին: Կրակները հնարավոր չէր հաշվել. բացի այդ, մենք կարող էինք մոլորության մեջ գցել հակառակորդին և չափից շատ կամ քիչ կրակներ վառել: Ըստ կանոնակարգի` քնում էինք ոտքերով դեպի կրակը. մեր տակ փռած խոտն արագ չորանում էր: Բայց այդ գիշեր մենք թրջվեցինք. բացի այդ, կայծակն ու որոտն անդադար հարվածում էին և դժվար էր քնել: Քնեցին միայն ամենափորձված մարտիկները, Հին գվարդիայի զինվորները, որոնք, եթե հարկ լիներ, թվում է կարող էին քնել անգամ արկերի կարկուտի տակ: Հաջորդ առավոտյան ասում էին, թե կայսրը կայծակին նայելիս շշնջացել է. ՙԵս և դուք նույնն ենք՚: Դժվարանում եմ ասել, թե ում է նա դիմել, Զևսի՞ն, թե՞ Արեսին, բայց այդպիսին էր նա. նրա ներկայությամբ հին հունական դիցաբանությունն իրականություն էր դառնում, նրա կողքին մենք Աքիլլեսներ ու Ոդիսևսներ էինք: Կայսրը հավանաբար վստահ էր, որ Գրուշին կհասնի Բլյուխերին և չէր շտապում սկսել ճակատամարտը: Նա սպասում էր, որ հողը չորանա, որպեսզի հնարավոր լինի արագ տեղաշարժել հրետանին և ձիերը չխրվեն ցեխի մեջ: Ախ, եթե մենք մեկ ժամ շուտ սկսեինք: 73 հազարանոց ֆրանսիական բանակը 243 հրանոթներով սպասում էր կայսեր հրամանին: Վելլինգտոնի բանակում ավելի քիչ զինվոր կար և հրետանին էլ էր քիչ, բայց նրանց դիրքերը լավն էին: Սովորաբար մենք ճակատամարտը սկսում էինք արևի առաջին շողերով, բայց այդ օրը սկսեցինք 11-ին, երբ, ինչպես հետո պարզվեց, Բլյուխերի առաջապահ գնդերը խուսափելով Գրուշիից, արդեն մոտենում էին ճակատամարտի դաշտին: Կայսրը նախ գրոհեց Վելլինգտոնի ձախ թևը, որպեսզի թույլ չտա նրան միանալու Բլյուխերի բանակին. աջ թևում Ռեյլի կորպուսը ցուցադրական զորաշարժ էր անում` շեղելու համար Վելլինգտոնի ուշադրությունը: Բայց մեր բանակը հզոր դիմադրության հանդիպեց, ինչի հետևանքով կայսրը ստիպված էր փոխել իր ծրագիրը: Հանդիպելով կատաղի դիմադրության, Ռեյլը հետզհետե ողջ կորպուսը ներքաշեց ճակատամարտի մեջ, բայց մինչև օրվա վերջ այդպես էլ հաջողության չհասավ: Նա պիտի բառացիորեն կատարեր կայսեր հրամանը և չկաշկանդեր բոլոր ուժերը հակառակորդի աջ թևում. դա նույնիսկ մեզ` զինվորներիս էր պարզ: Հին գվարդիան ճակատամարտին դեռ չէր միացել, բայց մենք տեսնում էինք գրեթե այն ամենն, ինչ կատարվում էր ճակատամարտի դաշտում: Ժամը 14-ին Վելլինգտոնի ձախ թևը գրոհեցին Էրլոնի չորս դիվիզիաները, որոնցից յուրաքանչյուրը հարձակվում էր առանձին շարասյուներով` ըստ գումարտակների: Նման դիրքով ճակատամարտին մասնակցում էր գրոհողների միայն փոքր մասը, միայն առջևում գտնվողները, որոնց հնձում էին թշնամու արկերն ու փամփուշտները: Այդպիսի սխալներ կայսրն առաջ թույլ չէր տալիս: Նա առաջվանը չէր. չնայած համաժողովրդական սիրուն, մռայլ էր, ներամփոփ: Նրան դուր չէր գալիս հեղափոխություն հիշեցնող ամեն բան. ժողովրդի և բանակի սերը, որը նրա վերադարձից հետո հաճախ հիստերիայի էր հասնում, նրան ամենևին չէր ոգևորում. ինչ-որ վատ բան էր նա տեսնում այդ ամբոխային սիրո մեջ, մեզ` սովորական զինվորներիս համար անտեսանելի ու անհասկանալի մի չափազանց վտանգավոր բան: Նա չէր ուզում լինել հեղափոխական առաջնորդ. նա ծնված էր կայսր լինելու համար:
Այդ ճակատամարտում մեր հրետանին ևս վատ էր դասավորված, զարմանալի փաստ, եթե նկատի ունենանք, որ կայսրը նախկինում հրետանային կապրալ էր եղել: Վաթերլոոյի ճակատամարտի ժամանակ մեր հրետանին տեղակայված էր հարձակվող սյունաշարերից չափազանց հեռու և ճակատամարտին մասնակցում էր իր ուժերի փոքր մասով միայն: Վերջապես հորիզոնում երևաց պրուսական ավանգարդը: Սկզբում մենք կարծեցինք, թե Գրուշին է, բայց մեզ դառը հիասթափություն էր սպասում: Այդ պահից սկսած` ամեն ինչ վճռում էին րոպեները: Կայսրը մոտեցող պրուսների վրա նետեց Լոբաույի 10 հազարանոց կորպուսը` հնարավորինս կասեցնելու համար պրուսների առաջխաղացումը և ուշացնելու նրանց միացումը Վելլինգտոնին: Միևնույն ժամանակ նա փոխեց մեր հարձակման հիմնական ուղղությունը` հարվածելով Վելլինգտոնի բանակի կենտրոնին: Մի քանի անգամ մեր զինվորները քաջաբար առաջ նետվեցին, բայց հաջողության չհասան: Բոլորիս հուզում էր միայն մեկ հարց. ու՞ր է Գրուշին: ՙԵրևի ֆերմերի մոտ ելակ է ճաշակում՚,- քամահրանքով ասում էր կայսրը: ՙԵրևի թարմ խոտ է գտել ու արածում է՚,- բարձր ասաց զինվորներից մեկը: Բոլորս ծիծաղեցինք. անգամ սպաները փռթկացրին: Դեռ մի քանի ժամ առաջ ֆրանսիական բանակի մարշալին նման վիրավորանք հասցնողը կգնդակահարվեր, բայց հիմա բոլորի համար պարզ էր, որ ճակատամարտը տանուլ է տրվում Գրուշիի բթության պատճառով: Ի՞նչ էր նա անում 33 հազարանոց բանակով. նա չէր կարող չլսել հրանոթների համազարկերը. արդյո՞ք Բլյուխերը նրան երեխայի պես խաբել էր ու փոքր զորագունդ ուղարկելով` տարել Գրուշիին լրիվ այլ ուղղությամբ: Մենք արդեն հասկանում էինք, որ այդ հարցերի պատասխանն այլևս չենք իմանա, հասկանում էինք, որ սա մեր վերջին ճակատամարտն է, բայց միևնույն է անհամբեր նայում էինք հորիզոնին, այն հույսով, թե Գրուշիի գեներալներից մի քանիսը չեն ենթարկվի նրա հրամանին և ուժերի մի մասով կգան մեզ օգնության: Օգնության եկած 10 հազար զիվորներ հիմա կարող էին վճռել ճակատամարտի ելքը: 15.30-ին Էլոնի կորպուսը գրավեց Լա-Խե-Սենտ ֆերման, բայց կորպուսն արդեն արնաքամ էր եղել և չկարողացավ զարգացնել հաջողությունը: Անգլիացիների կորուստներն էլ էին մեծ: Գեներալ Միլյոյի կիրասիրները ջախջախել էին շոտլանդական հեծելազորը: Ծանր էին նաև անգլիական հետևակի կորուստները, որոնք անընդհատ ենթարկվում էին մեր հեծելազորի ու հրետանու հարվածներին: Կայսրըը Նեյին հանձնեց Միլյոյի և Լեֆևր-Դենուետի հեծելազորերի 40 էսկադրոններ և նետեց հակառակորդի աջ թևի վրա: Մենք գրավեցինք Ուգումոն ամրությունը, բայց անգլիացիները չնահանջեցին: Նրանք հարյուրներով ընկնում էին, բայց դիրքերը չէին լքում: Այդ գրոհի ժամանակ ֆրանսիական հեծելազորն ընկավ անգլիացիների հրետանու կրակի տակ, բայց չնահանջեց: Կայսրը մարտի նետեց Կելլերմանի 37 էսկադրոնները: Մեր հեծելազորն այդ օրը գերազանցեց իրեն: Նեյն անզուգական էր: Նրա ծանր հեծելազորը երկու անգամ հայտնվեց հակառակորդի առաջավոր գծում, բայց երկու անգամ էլ մեր հետևակը չհասցրեց մոտենալ նրանց, և հեծելազորը նահանջեց: Նեյի տակ այդ օրը սպանվեց նրա հինգերորդ ձին: Միլոյի կիրասիրները ոչնչացրել էին իրենց հարձակման գծի վրա գտնվող անգլիական տասներեք կառեներից յոթը, գրավել 60 թնդանոթներ, մեկը մյուսի հետևից կայսեր ոտքերի մոտ են նետվում անգլիական գումարտակների դրոշները: Անգլիական կառեները սեղմվում են, բայց չեն զիջում: Վելլինգտոնը մարտի նետեց Սոմերսեթի 1400-անոց հեծելազորը. դա դեռևս մարտի չնետված նրա վերջին զինվորներն էին, վերջին թարմ ուժերը: Հենց առաջին բախման ժամանակ Սոմերսեթը կորցնում է անձնակազմի կեսը: ՙՀետևա՞կ. որտեղի՞ց ձեզ տամ հետևակ,- գոռում էր կայսրը Նեյի ուղարկած մարդկանց վրա,- ձեզ համար հետևա՞կ ծնեմ՚: Նա չէր շտապում մարտի նետել Հին գվարդիան: Ֆրանսիական կիրասիրների մեկ երրորդը ոչնչացվել էր նախքան առաջին գծին հասնելը, հիմա կիրասիրների կեսն էր մնացել: Անգլիացիները ցլի համառությամբ դիմադրում էին: Նրանք դիմացան քսան գրոհների. վերջին` քսանմեկերորդ գրոհը տևում էր արդեն երկու ժամ: Կայսրի այն հարցին, թե. ՙՄարդ ուղարկեցի՞ք Գրուշիի հետևից՚, մարշալ Սուլտը պատասխանեց. ՙՀա, ուղարկեցի մեկին՚: Կայսրը բռնեց գլուխն ու ճչաց. ՙԱստված իմ, Բերտյեն հարյուրին կուղարկեր՚: Այդպես էլ չիմացանք Գրուշիի մոտ ուղարկված պատգամաբերի ճակատագիրը: Հավանաբար, նա կորցրել էր ճանապարհը, կամ գուցե ընկել էր ձիուց և վնասվել. ամեն դեպքում այդ մի հեծյալը որոշեց Եվրոպայի հետագա ճակատագիրը: Բայց դա միակ սխալը չէր: Այդ օրն առաջին անգամ մենք տեսանք, որ ֆրանսիական բանակի հրետանին, հեծելազորն ու հետևակը գործում են վատ համաձայնեցված: Նման սխալներ առաջ կայսրն իրեն թույլ չէր տալիս: Նեյն անընդհատ օգնություն էր խնդրում, բայց կայսրը չէր շտապում մեզ մարտի նետել: Երբ հեծելազորի վերջին գրոհը խեղդվեց, կայսրը վերջապես հրամայեց մեզ գրոհել հակառակորդի կենտրոնը: Ինը գվարդիական հետևակային գնդեր համաչափ քայլով առաջ շարժվեցին: Կայսրը մեր կառեների կենտրոնում էր և մեզ հետ միասին խրվում ճակատամարտի ամենաթեժ վայրը: Մենք նախ իջանք մեր զբաղեցրած ֆերմայից, ապա սկսեցինք բարձրանալ առջևի բլուրը և ընկանք հրետանային կրկնակի համազարկի տակ: Օուենյան ճանապարհի տակ խոր քարայր կա (մեր հետախույզները այն չէին նկատել), և գվարդիականներից շատերը, հրվելով ետևից քայլողներից, ընկան այնտեղ: Հանկարծ հասկերի միջից դուրս ցատկեցին անգլիացի հետևակայինները ու դիմահար կրակով տապալեցին շուրջ 300 գվարդիականների (մեր հետախույզների ևս մեկ բացթողում): Անհրաժեշտ էր նետվել սվինամարտի, բայց հրամանատարները հրահանգում են կանգնել և մահասփյուռ կրակի տակ վերաշարում են գվարդիականներին: Ամենավատ բաներից մեկը, որ կարող է պատահել շարքում գտնվող զինվորի հետ, ճակատամարտի բովում կանգ առնելու հրաման ստանալն է: Դրանից վատ միայն խուճապային փախուստը կարող է լինել: Կայսրը մեզանից լավ գիտեր դա և բոլոր ճակատամարտերում մեզ անընդհատ շարժման մեջ էր պահում. նա գտնում էր, որ շարժումը քաջություն է ներշնչում հետևակայինին, իսկ անշարժությունը բարոյալքում է նրան: Կայսրը չորս դասակ է ուղարկում Մոն-Սեն-ժանի` կիրասիրներին օգնության: Մենք տեսանք, թե ինչպես անգլիական մի քանի էսկադրոններ հարվածեցին նրանց կողքից, և թե ինչպես մեր զինվորները սկսեցին նահանջել: Տեսնելով գվարդիական հագուստ կրող այդ զինվորների նահանջը, բանակում խուճապ տարածվեց, սկսեցին աղաղակել, թե ՙԱմեն ինչ կորած է: Գվարդիան նահանջում է՚: Դա էր այն ճիչը, որը վերջ դրեց մեր հույսերին: Հիմա Հին գվարդիան ստիպված էր նաև դիմակայել անկանոն փախուստի մատնված ֆրանսիացի զինվորների անզուսպ հոսանքին: Շարքը պահպանելն ավելի դժվար դարձավ: Տարբեր զորամասերի զինվորներ իրար խառնվեցին և այլևս հնարավոր չէր կանխել նրանց փախուստը. կիսախավարի մեջ հնարավոր չէր կանգնեցնել նրանց և հայտնել կատարված սխալի մասին: Գվարդիականներից շատերը միացան այդ հոսանքին ու նահանջեցին: Բլյուխերի հեծելազորն արդեն մխրճվել էր գվարդիայի աջ թևը, իսկ նրա հետևակն արդեն գրավել էր Բել-Ալյանս ֆերման, որտեղից մենք կայսեր հետ միասին առաջ շարժվեցինք: Վելլինգտոնը, որ ողջ օրը ցլի համառությամբ դիմանում էր ֆրանսիական հեծելազորի ու հրետանու հարվածներին, կրելով ծանր կորուստներ, նկատելով մեր զորքերում տիրող տարօրինակ խուճապը` համընդհանուր գրոհի հրաման արձակեց: Ամեն ինչ ավարտված էր: Հին գվարդիան կառեներով նահանջում էր` ճեղքելով հակառակորդի ուժերը: Կառեների կենտրոնում, ձեռքերը թիկունքին դրած, մտախոհ քայլում է կայսրը: Ֆրանսիական բանակի վերջնական ջախջախմանը խանգարում է միայն Հին գվարդիայի քաջ, անհուսալի դիմադրությունը: Կայսրի հույսերն այդ օրն էլ չարդարացան, և նա չընկավ մարտի դաշտում, այդ պատիվը թողնելով մեզ: Նա հեռացավ Փարիզ, հավանաբար ևս մեկ անգամ թագից ու իր երազանքի Եվրոպայից հրաժարվելու: ՙՔաջ ֆրանսիացիներ, հանձնվեք՚,- գոռաց անգլիացի գեներալներից մեկը: ՙԿղա՜նք՚,- ի պատասխան գոռաց գեներալ Կամբրոնը: ՙԳվարդիան մահանում է, բայց չի հանձնվում՚,- աղաղակեց սպաներից մեկը: Հակառակորդի փամփուշտների կարկուտի տակ կանգնած ես մտածում էի, որ հավանաբար պատմության մեջ կմնա Կամբրոնի զինվորականների համար սովորական, բայց դասագրքերի համար չափազանց կոպիտ պատասխանը, այնինչ, եթե նա ճչար` ՙԳվարդիան մահանում է, բայց չի մեռնում՚, դա ավելի մեծ փառք կբերեր մեզ: Այն, որ Հին գվարդիան դատապարտված է, պարզ էր թե՜ մեզ, թե՜ հակառակորդին: Բայց հակառակորդը կարծում էր, թե մենք դատապարտված ենք անփառունակ վախճանի, իսկ մենք վստահ էինք, որ դատապարտված ենք հավերժ փառքի: Դրանից մեկ ժամ առաջ ՙքաջերի քաջը՚` Նեյը, նախքան վերջին գրոհի նետվելը գոռացել էր. ՙՆայեք, թե ինչպես է մահանում Ֆրանսիայի մարշալը՚: Հիմա, այդ մահաբեր կարկուտի տակ կանգնած, մենք միայն մի ցանկություն ունեինք` ցույց տալ, թե ինչպես է մահանում ֆրանսիական բանակի հետևակի շարքային գվարդիականը: Կայսրն արդեն հեռացել էր, բայց նրա սկսած ճակատամարտը դեռ չէր ավարտվել, և դիցաբանական քաջությունը դեռևս թևածում էր Եվրոպայում, ֆրանսիական զենքը պետք է աշխարհին ցույց տար ևս մեկ անօրինակ սխրանք: Ի՞նչ կլինի Վաթերլոոյից հետո, ինչպիսի՞ն կլինի աշխարհն առանց նապոլեոնյան պատերազմների, ի՞նչ կլինի Ֆրանսիայի հետ, մեր հարազատների հետ, ի՞նչ կլինի կայսեր հետ: Արդյո՞ք նա ինքնասպան կլինի, թե՞ գոնե այս անգամ հեղափոխության կոչ կանի և ոտքի կհանի խաղաղ բնակչությանը: Ինչպիսի՞ն կլինի ապագայի մարդկությունը, ապագայի պատերազմները. արդյո՞ք դրանք նույնքան քաջություն կպահանջեն, որքան պահանջել են նապոլեոնյան պատերազմները: Ու՞մն է ապագան` նեյերի՞նը, թե՞ գրուշիներինը: Կարծում եմ կայսրը չի դիմի բնակչությանը դիմադրության կոչով, որովհետև կայսեր գերագույն հոգսը միշտ եղել է ֆրանսիայի բարեկեցությունն ու փառքը. նա մեկ անգամ չէ, որ պատրաստ է եղել զոհել իր կյանքը հանուն այդ իդեալների: Նրա սխրանքի և չիրագործված երազանքների վերջին բեկորը մենք էինք` Հին գվարդիայի զինվորներս, որ միշտ հավատարիմ էինք եղել նրան: Դա մեր առաջին պարտությունն էր ճակատամարտում, և մենք վճռել էինք վերջին անգամ արհամարհել մահը և ցույց տալ աշխարհին, թե ինչ արժե ֆրանսիացի զինվորը: Եվ ահա այդ պահին, մահվանից մի քանի վայրկյան առաջ, ես հանկարծ հասկացա, որ մեր վարած պատերազմները ավելի շատ սխրանք են պահանջել, քան հին ժամանակներում տեղի ունեցած ճակատամարտերը. դա իմ կյանքի ամենամեծ հայտնագործությունն էր, ափսոս, որ այն արեցի մահվան շեմին: Ողջ կյանքում ես նախանձել էի հին հերոսներին, Ալեքսանդրի ու Հաննիբալի զինվորների փառքին, բայց հիմա ես հասկացա, որ շատ ավելի մեծ քաջություն է պահանջում շարքի մեջ անշարժ կանգնելը, քան վայրենի ճիչերով կատաղի գրոհի նետվելը: Հին բանակների հետևակայինները պաշտպանվում էին հակառակորդի նետերից վահաններով, իսկ մենք անպաշտպան ենք. մենք պատրաստ ենք մահանալ դեռ նախքան ճակատամարտի մեջ մտնելը` շարքում անշարժ կանգնած: Հակառակորդի կրակի տակ ժամերով կանգնած` հաճախ մտածում ես, որ քո կառեի մասին մոռացել են, և գուցե իսկապես նույնիսկ կայսեր պես հանճարեղ մարդը մի ժամով կարող էր մոռանալ տվյալ զորամիավորմանը տրված հրամանը, կամ մոռանալ նոր հրաման տալ, իսկ այդ ընթացքում զորամասն անշարժ կանգնած, արնաքամ էր լինում: Դժվար է պահպանել քաջությունը, երբ քեզ այցելում են նման մտքեր: Պատահել է, որ մեզ, ինչ-ինչ ռազմավարական նկատառումներից ելնելով, հրամայվել է կանգնել հակառակորդի կրակային գծի հենց առջևում, հետո հրամայվել է գրոհել, և երբ մենք արդեն մոտեցել ենք թշնամուն մեկ կրակոցի հեռավորության վրա, նորից հրամայվել է նահանջել: Արդյունքում մենք միշտ հաղթել ենք ճակատամարտերում, թշնամին միշտ ավելի շատ զոհ է տվել, բայց ճակատամարտի բովում մոռանում ես հաղթանակների մասին և սկսում ես մտածել, որ քեզ մոռացել են: Մարդկության պատմության մեջ երբեք որևէ պատերազմ այնքան քաջություն չի պահանջել, որքան նապոլեոնյան պատերազմները: Ինչպիսի՞ն կլինեն ապագայի պատերազմները, արդյո՞ք գալիք դարերի զինվորները կկարողանան ժամերով կանգնած մնալ հրետանու հարվածների տակ, կանգնել ու համբերել: ՙԱրիությունը համբերությունն է վտանգի պահին՚,- ասել է Լենկ-Թեմուրը: Էլ ե՞րբ է զինվորից ավելի շատ համբերություն պահանջվել վտանգի պահին:
…Գնդակներից մեկը խոցեց կուրծքս. ես խուլ տնքացի: Աջից ու ձախից կանգնած ընկերներս սեղմեցին ինձ, որպեսզի չընկնեմ, որովհետև այլևս փոխարինողներ չունեինք. մեկ շարք էր մնացել: Ես հանեցի սվինը, հրացանիս կոթը հենեցի հողին ու հենվեցի փողին, որպեսզի չընկնեմ: Նախքան մահանալս ևս մի ուշագրավ միտք այցելեց ինձ: Ես մտածեցի, որ յուրաքանչյուր մարդ կառե է` բաղկացած հարյուրավոր զգացմունքներից, մտքերից, ցանկություններից, և իսկական սխրանքը ճակատագրի հարվածներին համբերելն է, փոքր անհաջողությունների ու մեծ բոթերի կարկուտի տակ կանգնած մնալը, չնահանջելը, չփախչելը, որովհետև, եթե ընկրկես, քո ներսի բոլոր զինվորները կհետևեն քո օրինակին ու կփախչեն, բայց եթե համբերես, եթե գոռաս. ՙՇարքը չխախտել՚, ի վերջո կհաղթես, որովհետև միշտ հաղթում է նա, ով ավելի երկար է դիմանում:
Այդ օրը Վելլինգտոնն ավելի երկար դիմացավ և պսակեց իրեն Նապոլեոնին հաղթած զորավարի փառքով: Հաղթանակների փառքը արքաներինն է ու զորավարներինը. սովորական զինվորներին բաժին են ընկնում միայն տառապանքներն ու մոռացությունը: Պարտությունը միշտ անպատվաբեր է հրամանատարի համար, բայց չկա զինվորին ավելի մեծ փառք բերող բան, քան մեծ պարտությունը: ՙՇարքը չխախտել՚,- շշնջացի ես` կայսրական Մեծ բանակի Հին գվարդիայի 18-րդ գծային գումարտակի երրորդ վաշտի երկրորդ գծի ձախից երրորդ զինվորս` անտառապահ Բատիստ Բերտյեի որդին` Ժան-Բատիստ Բերտյեն, որ մահվան շեմին հանդգնեց մարտահրավեր նետել Նապոլեոն Բոնապարտի փառքին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 сен 2010, 21:28

ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ



ՄԱՅՈՐԸ

Մայորի աչքերը հազվադեպ են երևում հաստ հոնքերի տակից: Ընկերները նրան Ուղտ են ասում, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա կոտրատվելով քայլելը և մշտապես որոճալը, անկախ այն բանից` բերանը լի՞քն է, թե՞ դատարկ: Ընդհանուր առմամբ մայորը չափազանց անհետաքրքիր է` նրա մասին գրելու համար, բայց կա մի առանձնահատկություն, որը նրան տարբ երում է մյուսներից: Երբ մայորը խոսում է, ունկնդիրները հանկարծ արտասվելու ցանկություն են ունենում ` անկախ նրա ասածի
բովանդակությունից...
-Դու ինձ մի օր հասցնելու ես,-հեկեկալով ասաց վերադասը, այն բանից հետո, երբ մայորը զեկուցեց, որ հերթապահությունն անցել է առանց միջադեպերի:
-Հոգիս հանեցիր,-լացելով խոստովանեց կինը, երբ մայորը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով,-էլ ինձ հետ մի՛ խոսիր: Լացելուց հոգնել եմ:
Մայորը միայն թոթվեց ուսերը և հեռացավ: Աշխարհի բոլոր մայորների նման նա ևս թուլություն ուներ ամենայն խմիչքի և ուտելիքի նկատմամբ, և ես որոշեցի օգտագործել այդ թուլությունը և վերջապես բացահայտել նրա գաղտնիքը:
-Էսօր ի՞նչ ես անում. արի գնանք` մի քիչ նստենք:
Նա միայն թոթվեց ուսերն ու շարունակեց որոճալ, չնայած բերանում ոչինչ չկար:
Երբ զգացի, որ քեֆը տեղն է, առանց նախաբանի հարցրի.
-Լսիր, ինչի՞ց է, որ հետդ խոսելիս մի տեսակ հուզվում եմ:
Նա հոնքերն ավելի կիտեց, կոնծեց ու ասաց.
-Գիտե՞ս, պատերազմի ժամանակ ինչեր եմ տեսել: Կամ պիտի գժվես, կամ հոնգուրհոն
գուր լաց լինես: Բայց ո՞նց լացես, երբ զինվորներդ քեզ են նայում:
Նա երկար լռեց, հետո խմեց վերջին բաժակը, թոթվեց ուսերն ու հեռացավ:
Քիչ անց ինձ մոտեցավ մատուցողը: Նա բութ մատով մաքրեց աչքից ծորացող արցունքն ու ասաց.
-Ախպերս, մայորն ասավ հաշիվը դու ես փակելու:
Ես վճարեցի ու դուրս եկա: Մայորն արդեն հասել էր խաչմերուկին և հիմա փորձում էր անցնել փողոցը: Անցորդները չէին կռահում, որ նա խելագար է: Այդ մասին գիտեր միայն ինքը և ես: Նա չէր կարող արտասվել իր զինվորների մոտ և նախընտրել էր խելագարվել: Նա այնքան արցունք էր կուլ տվել, որ հիմա բոլորը լացում էին նրա փոխարեն: Բայց ոչ ոք չէր կռահում, որ նա խելագար է, քանի որ մայորը թաքցնում էր աչքերի ցնորքը թավ հոնքերի տակ:

ԽՈՒԱՆ ՄՈՐՏԵՍԻ ՍԽԱԼԸ

Պատմվածքի նկարագրված դեպքը տեղի է ունեցել իրականում: Խուան Մորտեսը ներկայումս պատիժ է կրում լատինամերիկյան բանտերից մեկում:

Կինը շարունակում էր խոսել: Նայելով նրա ճերմակ մազերին ու անատամ ժպիտին` Խուան Մորտեսը թերևս իր մորն էր հիշում կամ գուցե տատիկին: Ամեն դեպքում նրան սկզբում հաճելի էր լսել այդ կնոջը, որն անընդհատ ավելացնում էր իր բաժակի թեյը, որպեսզի զրուցակիցը չձանձրանա և մինչև վերջ լսի իրեն: Խուան Մորտեսն արդեն հորանջում էր, որովհետև կնոջ պատմությունների վերջը չէր երևում: Կինը մերթ պատմում էր Սուրբ Կատերինայի, մերթ հարբեցող տղայի մասին, որին արդեն հոգնել էր հանել տարբեր պատմություններից: Երբ կինն ասաց, որ տղան տարբեր կանանցից չորս զավակ ունի, Մորտեսը հենվեց բազմոցին` հասկանալով, որ պատմությունը միայն նոր է սկսվում: Նա արդեն մոռացել էր, թե ինչու էր եկել, տարեց կնոջ միալար ձայնը նրան արդեն թմրեցրել էր: Թմբիրի մեջ ինչ-որ ոստիկան մահակով հարվածում էր նրա երիկամ ներին ու կրկնում© «Ինչպե՞ս համարձակվեցիր մտնել այդ սուրբ կնոջ տունը»: Եվ Մորտեսը կռահեց, որ այդ կինը հենց Սուրբ Կատերինան է: Ուրիշ էլ ո՞վ կհյուրասիրեր իր տուն մտած գողին, կզրուցեր նրա հետ, կպատմեր իր մասին: Երբեք Խուան Մորտեսը նման ջերմություն չէր զգացել: Մայրը շուտ մահացավ, իսկ լուսահոգի տատը, երբ հարբում էր, սկսում էր ծեծել նրան ձեռնափայտով: Ժիր տատիկ էր, իսկը վհուկ: Մի օր փոքրիկ Խուանը դանակով սպառնաց տատին, և տանը նրան այլևս չէին հարվածում: Փոխարենը շան ծեծ էին տալիս բակում: Արդեն 15 տարեկանում հայտնի գող էր, հասցրել էր երեք անգամ դատապարտվել: Նույնիսկ ընկերներն էին նրանից վախենում, իսկ ոստիկանները պարզապես հրեշ էին համարում: Ճիշտ է դաժանություններ էլ է արել, բայց մի՞թե ստիպված չի եղել, մի՞թե երբևէ առաջինն է հարձակվել: Խուան Մորտեսի թշնամիները երկար չէին ապրում, և դա նրա ընտրությունը չէր: Եվ ահա տանից փախչելուց հետո առաջին անգամ նրան դիմավորում են հարազատի պես: Տարեց կինն, իհարկե, սկզբում վախեցավ, բայց երբ Մորտեսն ասաց, որ նրան ձեռք չի տա, կինը
միանգամից հավատաց: Նա չփորձեց փախչել կամ ճչալ, այլ երկար նայեց Խուանի հյուծված դեմքին և առաջարկեց իր հետ ճաշել: Կնոջը հավանաբար ոչ ոք չէր այցելում: Նա այնքան միայնակ էր, որ ուրախ էր նույնիսկ գողին: Նախքան ննջելը, Մորտեսը որոշեց, որ մի լավ կքոթակի այդ պառավի տղային, իսկ հետո պառավին կպահի, ինչպես ժամանակին իր տատիկին էր պահում...
Նա արթնացավ երիկամ ների սուր ցավից: Ոստիկանը մահակով հարվածում էր ու կրկնում. «Ինչո՞ւ մտար այդ սուրբ կնոջ տունը, այ...»: Նրան նստեցրին ոստիկանության մեքենան: Դեռ լրիվ չէր արթնացել և լավ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում: «Քո մասին է»,-ասաց ոստիկանը և բարձրացրեց ռադիոյի ձայնը:
«...Երբ նա հասել է թոռներին, գողը վերջապես քնել է, և հնարամիտ տատիկը զանգել է ոստիկանություն: Գողի անունն է Խուան Մորտես»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 сен 2010, 21:30

ՄՈՂԵՍԻ ՊՈ՞ՉԸ, ԹԵ՞ ՄՈՂԵՍԸ ՊՈՉԻ...


Սամվել Մկրտչյանի «Imegine» գիրքը դժվար է դասել այս կամ այն ոճին: Դժվար է կռահել, թե ի՞նչ է ուզում ասել ընթերցողին Սամվել Մկրտչյանն այս գրքով: Կարծում եմ այդ հարցը հեղինակին հետաքրքրում է ոչ պակաս, և նա երախտապարտ կլիներ այն ընթերցողին, ով կկարողանար բացահայտել իր ասելիքը: Գիրքն ավելի շատ հարցադրում է, քան պատասխան: Այլ հարց, թե ինչպես է Ներկայացված այդ հարցադրումը, որքանով է դա լավ գրականություն: Երբ Չապլինը դժգոհ էր լինում դերասանի խաղից, ասում էր. «Հիմա նույն բանը փորձիր խաղալ վատ»: Չապլինյան իմաստով «Imegine»-ը անշուշտ լավ գրականություն է, այն տարբերությամբ, որ հեղինակը նույնիսկ չի փորձում վատ գրել, էլ ուր մնաց՝ լավ: «Անհավատալի ազատության», այս բառերը թերևս լավա­գույնս են բնորոշում այն զգացումը, որ ամեն անգամ ունենում եմ գիրքն ընթերցելիս: Գրականությունը հեղինակին կարծես ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ գրքի ֆաբուլայի մասին խոսելը պարզապես ավելորդ է: «Չմոռանաք փակել ծորակը»,– թերևս սա գրքում զետեղված միակ օգտակար նախադասությունն է, որը կարող է թեկուզև փոքր, բայց դրական ազդեցություն ունենալ մատաղ սերնդի վրա ուսումնադաստիարակչական առումով: Մկրտչյանի գիրն ուրվագծում է «գրականության սահմանները», միայն դրանք խախտելու ազնիվ ցանկությունից դրդված: Նրա գիրը ոչ թե անսահման է, այլ՝ սահմանախախտ: Հանդգնության և ազատության տեսակետից Սամվել Մկրտչյանը կարծում եմ ժամանակակից ամենաերիտասարդ հայ գրողն է: Նրա գիրն այնքան սահմանախախտ ու անկաշկանդ է, որ ակամայից քեզ հարց ես տալիս, մի՞թե հնարավոր չէ որևէ հստակ բան ասել «Imegine»-ի մասին: Եթե ոչ գրականագիտական խրթնաբանությամբ, ապա գոնե ընթերցողի անկաշկանդությամբ գիրքն անշուշտ հնարավոր է բնորոշել: Գրքի հիմնական զգացմունքային ֆոնը մարդու մենությանն է: Բազմաթիվ գործող անձինք և մեն-միակ հերոս: Մեկուսարանը, գժանոցը, քննիչը, դատապարտյալը, Մարգոն, դիակը, հաշվապահը, գիրքը... սրանք բոլորը հերոսի տարբեր դրսևորումներն են, ինքը՝ հերոսն է և միևնույն ժամանակ՝ այն ամենը, ինչից նա ուզում է ազատվել: Մկրտչյանական իրականությունը պայմանական է, նրա հերոսն ինքն իրեն ճանաչում է բոլորի մեջ, բայց դեռ չի զորում ճանաչել ինքն իրեն: Գրքի ամեն էջում ավելի հստակ ու սարսափելի է հնչում կեցության գլխավոր հարցադրումներից մեկը՝ ինչ է իրականությունը: Գրքի քնարական հերոսը ձգտում է հասնել իրականությանը՝ անտեսելով իր քնարական և նույնիսկ հերոս լինելու հանգա­մանքները: Գրքում նկարագրվող դեպքերը կարելի է կամայականորեն փոխել, գործող անձանց՝ նույնպես: Դրանից գիրքն իհարկե չի շահի, բայց նաև չի տուժի: Հեղինակը ազատ է, թե՛ սյուժեից, թե՛ հերոսից և գործող ու չգործող անձանցից, ինքն իրենից: Երբ ընթերցում-ավարտում ես գիրքը, ազատվում ես նաև գրքից: Մնում է միայն ազատության զգացումը, որն ամենևին ինքնանպատակ չէ և անխուսափելիորեն տանում է դեպի սերը:

Հեղինակի ասելիքը չի սահմանափակվում նույնիսկ տհքստայիև շրջանակով և հաճախ ձևավորումը (որը ևս հեղինակինն է) գալիս է հերքելու աստիճան լրացնելու տեքստային մասը: Տեքստի ու ձևավորման նման ներդաշնություն թերևս կարելի է գտնել մեր միջնադարյան գրիչների մոտ: Այս իմաստով «Imegine»-ը արդի հայերենով գրված առաջին բառի թուն իմաստով հեղինակային գիրքն է:

«Imegine»-ը ոչինչ չի պարտադրում, այն գրված է ընթերցելու և հաղթահարելու համար: Գիրքը նման է պատահմամբ ականջդ ընկած մեղեդու, որը հուզում է, արթնաց­նում քո մեջ վաղուց մոռացված մի զգացում և... անհետանում: Արդեն մոռացել ես թե՛ մեղեդին, թե՛ արթնությանդ, բայց դեռ կլանված ես այն ներքին շարժով, որ կոչվում է «ազատություն»: Գիրքը ազատագրման մարտահրավեր է, և հեղինակը օգնում է քեզ նախ և առաջ հաղթահարել հենց իրեն՝ Սամվել Մկրտչյանին (տես՝ «Գրական զեղ­ծարարությունը «Սրտխառնուք» պատմվածքում կամ ինչպես է կերտվում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը»): Նա նույնիսկ օգնում է ընթերցողին՝ ազատագրվել հե­ղինակին հաղթահարելու ժամանակատար գործընթացից, և մի ամբողջ գլուխ նվիրում է սեփական գրականության հիմնավոր և ջախջախիչ քննադատաթյանը: Հնարավորինս օգնելով ընթերցողին, ի վերջո հեղինակը նահանջում է՝ չպարտադրելով նրան ոչինչ, նույնիսկ իր օգնությունը: Ընթերցողին մնում է մոռանալ Սամվել Մկրտչյանին, նրա գիրքը, հաղթահարել, դեն նետել (այլապես նրա ընթերցողը չէ), և վերհիշել վա­ղուց ընդհատված, կամ գուցե չընդհատված սեփական պայքարը, կռիվը հանուն ներ­քին ազատության, որն ընթանում է մեր ներսում նույնիսկ այն ժամանակ, երբ չենք գի­տակցում:

Ու երբ մենակ ես մնամ ինքդ քեզ հետ, գրքում նկրարագրված մետրոյից ելնող դեմքերի պես, քո անդունդի միջից, մեկը մյուսի ետևից սկսում են ելնել ուրվականներդ՝ ցանկություններ, հիասթափություններ, սիրահարություն, կիրք, կյանք, մահ: Այն ամենն, ինչի համույթն ըստ մեզ կազմում է մեր ես-ը, բայց ինչն իրականում որևէ առնչություն չունի իրական ես-ի հետ: Յոգայում ես-ին հասնե­լու երկու հիմնական ուղղություն կա՝ ընդունման և մերժման: «Imegine»-ը երկրորդ ուղղության հիանալի օրինակ է, երբ մարդը հանդգնում է նայել իր ուրվականների աչքերին և ասել. «Սա ես չեմ»: Նայել քո աչքերի մեջ ու ասել. «Սա ես չեմ»,– մի՞թե դա չէ դժոխքը և մի՞թե այդ ցավից չի ծնվում գրքում զետեղված թերևս ամենատպավորիչ նախադասությունը, որը մտրակում է Բլեյքյան ոգեղենությամբ. «Դրախտը միշտ ուրիշներինն է»: Սամվել Մկրտչյանը նման է այն մողեսին, որն ազատվելով պոչից, փորձում է հասկանալ՝ ինքը պոչն է, թե՝ մողեսը, մողեսի պոչը, թե՛ մողեսը պոչի...

«Imegine»-ը պարզապես հոգեվերլուծություն չէ: Ավելի շուտ՝ հոգեհերձում է, որը նույնքան առնչության ունի մազոխիզմի հետ, որ­քան վիրահատաթյունը՝ սադիզմի: Հեղինակը հոգևոր վիրահատության միջոցով կտրում, դեն է նետում ամեն ինչ՝ հասնելու համար նրան, ինչն այլևս հնարավոր չէ կտրել, ինչից հնարավոր չէ ազատվել, հենց դա է հավանաբար Ես-ը, իրականությունը: Անգամ նման ծանր հոգևոր վիրահատությունից հետո, հեղինակը չի հենվում ըն­թերցողի վրա, չնայած անշուշտ ունի այդ իրավունքը, առավել քան որևէ մեկը: Նա բացարձակապես չի ազդում, հատկություն, որը հա­տուկ է միայն տկարներին և հզորներին: Դժվար է պատկերացնել մեկ այլ գիրք, որից այդքան հեշտ լինի ազատագրվելը, և գուցե հենց դա է «Imegine»-ի խորհրդավոր հմայքի գաղտնիքը: Հեղի­նակն ինքն ասես ազատագրման կամքի մարմնացումը լինի: Ոչ երանի նման մարդկանց, նրանք բոլորից լավ գիտեն, որ այդ կամ­քը հնարավոր է միայն ազատության անհնարինության պարագա­յում: Ներքին ազատագրումը անհուսալի պատերազմ է, որտեղ գեր­մարդկային արիություն է պահանջվում արժանապատիվ... պարտ­վելու համար: Եվ իսկական քաջը ասպետ Ռոլանդը չէ, որը մենակ ջարդում է անհավատների բանակները, այլ՝ Դոն Քիշոտը, որ հանդգնում է մենամարտել հողմաղացների դեմ՝ ինքն իր դեմ: Գի­տակցելով ներքին հրեշների և արգելքների պատրանքայնությունը՝ Սամվել Մկրտչյանը, միևնույն է, մենամարտում է նրանց հետ, որովհետև միայն կռվի մեջ կարող է նա արտահայտել իր ողջ սե­րը, կիրքը, ատելությունը:

P.S. Կան բյուրավոր աստղեր. մեկի փայլը շատ է, մեկինը՝ քիչ: Բոլորն ունեն իրենց տեղը երկնքում: Բայց պատահում են աստղեր, որոնք իրենց նախասահմանված տեղից գերադասում են ազատ անկումը և այն, ինչը մեզ համար անկում է, աստղի համար թռիչք է, քանզի աստղի փառքն անկումն է: Որքան էլ կարճատև թվա աստղի անկամը, այն վերջ չունի մեր հայացքում և հավերժ ապրում է մեր աչքերի փայլի մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ