ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ
ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՂ ՊՈԵԶԻԱ
Միլա Հոգովան (ծնվ. 14.06.1942, Բուդապեշտ) Սլովակիայի ժամանակակից ամենահայտնի կին գրողն է: Հոգովայի հայրը հալածվել է քաղաքական այլակարծության պատճառով: Ավարտելով Նիտրայի գյուղատնտեսական քոլեջը` Հոգովան աշխատել է որպես գյուղատնտես, ապա դասավանդել է դպրոցում: 1968-ին քաղաքական դրդապատճառներով մեկ տարուց ավելի թաքնվել է Կանադայում: 1986-1996 թվականներին խմբագրել է «Ռեմբո» գրական ամսագիրը, որից հետո զբաղվում է միայն ստեղծագործական աշխատանքով և թարգմանությամբ: Բանաստեղծական 13 ժողովածուների հեղինակ է, հրատարակել է 10-ից ավելի թարգմանական գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, 3 ժողովածու տպագրվել է Գերմանիայում, 1-ը` Ֆրանսիայում:
Հոգովայի պոեզիան դիմակազերծող է: Նրա բանաստեղծությունները պատառոտում են այն դիմակը, որի ետևում մշտապես թաքնվել է մարդկության դեմքը: Նրա պոեզիայի իմաստավորումը հիմնվում է ոչ թե համակարգի փնտրտուքի, այլ` պատկերի որոնման վրա: Նրա բոլոր ստեղծագործություններում, կարծես, միևնույն կինն է, որ ողբում է իր սիրեցյալի կորուստը` արտահայտելով մարմնական և հոգևոր սիրո, ֆիզիկականի և մետաֆիզիկականի ձևափոխությունները:
Նրա պոեզիայում առկա են թե՛ Պենելոպեն և թե՛ Ոդիսևսը: Պենելոպեն է, որ ներամփոփվել է իր աշխարհում և միավորում է նախնական ալֆա-կնոջն իր ներսում եղած վերջին կնոջ` իր դստեր հետ: Իսկ Ոդիսևսը ձեռնարկում է մի այնպիսի ուղևորություն, որը ղեկավարվում է զգացմունքով:
Հոգովայի սիրեցյալը բնությունն է, նրա լեզուն նավն է և միավորման շնորհը, որ գերագույն հրաշք է մարմնավորում: Նա փորձում է արձանագրել սիրո էպոսը, և տարօրինակ տպավորություն է ստեղծվում, թե նա հատվածական է: Իր կրկնագրում նա միևնույն հաղորդագրությունն է ուղարկում. սիրեցեք զմիմեանս, ոչինչ ավելի գոյություն չունի: Միայն սիրո շնորհիվ կարող եք արգելքները հաղթահարել:
ՎԱՀԵ ԱՐՍԵՆ

