ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԼՈՒԽ
Վառվում է վիթխարի մի մայրամուտ
Հեռու հորիզոնից մինչև անտառ.
Խոնարհ թեքվում էին մի թեթև քամուց
Եղևնիները սեգ, վեհակատար:
Պարում էին ճկուն ճյուղ ու տերև
Իրիկնային քամու նվագի տակ:
Միայն կաղնին կանգնած էր աներեր՝
Գլուխն անշարժ և իրանով շիտակ:
Եվ այդ պահին այդ անտառի մոտով
Դանդաղաճեմ նրանք անցնում էին.
Ոսկեզօծված անհուն մայրամուտով,
Իրենց հանճարներով արևային:
Մեկը բարձրահասակ և գեղիրան՝
Որպես նոճին արքայական այգու,
Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝
Խռիվ գանգուրներով և ահարկու:
Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված
Շքանշաններով իրեն դարի,
Վսեմ, որպես օլիմպիական աստված,
Տիպար հզորության ու հանճարի:
Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,
Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.
Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝
Ճանապարհով քայլում էր վեհորեն:
Մեկը նայում էր լայն շրջապատին
Ու նշմարում ամեն հակասություն,
Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,
Կուռքերն էր տապալում և աղոթում:
Մյուսը խորասուզված իր խոհերում՝
Չէր նկատում կյանքի «չարն ու բարին»,
Հուժկու իր աչքերով չէր նշմարում
Մանրուքն առօրեական ճանապարհին:
Հայացքը լեռներին արևաներկ՝
Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,
Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ
Նրա հոգու հուզված օվկիանոսում:
Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը,
Խոսքի արքան ու հնչյունի արքան,
Որ զբոսնում էին դանդաղորեն
Որսի անտառներում արքայական:
Երգի, իմաստության երկու պետեր՝
Նրանք վիճում էին մեղմ ու հանդարտ,
Մերթ մռայլվում, մերթ ծիծաղում թեթև՝
Քրքրելով կյանքի կծիկը բարդ:
Եվ երազում էին երկու արքան՝
Մարդու, կյանքի և ապագայի մասին,
Ծաղրում կարգերը հին ֆեոդալական,
Գիտությունները կեղծ, խավարածին:
Ծաղրում էին նրանք և՛ հոգևոր
Ե՛վ աշխարհիկ ապուշ արքաներին,
Որոնք որպես դևեր խավարամոլ
Կյանքի ելքերը լույս՝ փակել էին:
Ծաղրում էին կեղծիքը, ճորտությունն
Ու շողոքորթությունն իրենց դարի
Եվ այն մարդկանց, որոնք իրենց լեզուն
Շինել էին սրբիչ գարշապարի:
Որոնք հացից՝ ազնիվ գործով առած,
Գերադասում էին ձրի ոսկոր.
Հեզ կատուներ տխմար տիրոջ առաջ,
Իսկ արտաքուշտ՝ վագրեր ամպագորգոռ:
Նրանք խոսում էին՝ հոգեկորով,
Հպարտ, ինքնավայել մարդու մասին,
Ու իր ազնիվ բազկով, իր հանճարով
Տիրում էր իր փառքին և իր հացին:
Որ պիտի գար, քայլեր այս անտառում,
Կյանքում հավերժական այս արևի տակ՝
Առանց ապուշներին գլուխ տալու,
Հոգով ազատ և իրանով շիտակ:
Որ խոնարհվեր հիացմունքով հպարտ
Միայն հանճարների փայլի առաջ,
Անցներ առանց վախի. ճակատը պարզ,
Չզգար հոգում ստորության արատ:
Երկու մրրկահույզ երազողներ՝
Նրանք անցել էին եզր ու սահման,
Խոհերն անհուն իրար էին խառնել
Երկու ծովի կամ երկնքի նման:
Վառվում էր հորիզոնն արևաներկ
Նրանց հոգում նման լուսաբացին…
Թվում էր կյանքը հանճարեղ մի երգ՝
Մահվան, կյանքի, ապագայի մասին:
Անցնում էին նրանք, երկու տիտան
Արքայական որսի ճամփաներով,
Հպարտ իրենց անխառն ընկերությամբ
Ու երջանիկ իրենց վսեմ սիրով:
Եվ նոճիները հեզ ու հնազանդ՝
Ուժեղացող քամուց թեքվում էին.
Միայն կաղնին խշշում էր անսասան
Կռվի, հպարտության իր երգը հին:
Եվ այդ պահին հանկարծակի լսվեց
Նժույգների խրխինջ, շների հաչ,
Եվ արձագանք տվին անտառի մեջ
Հրացանի զարկերը հողմաշաչ:
Արքան էր այդ վերադառնում որսից
Իր արքունի փայլուն շքախմբով,
Ծառս էր լինում նրա ահավոր ձին
Եվ արշավում արքայական ճամփով:
Այն ժամանակ Գյոթեն՝ խոսքի արքան,
Ճանապարհից ելավ ակնածանքով,
Կանգնեց հեռու, որպես վսեմ արձան՝
Խոնարհելով գլուխը գանգրաթով:
Եվ սպասեց այդպես նա գլխահակ,
Ինչպես վայել էր հեզ հպատակին,
Մինչև անցավ իշխողն այս ստահակ՝
Գոռոզության կնճիռը ճակատին:
Իսկ Բեթհովենն ինքնավայել ու լուռ,
Դանդաղ շարունակեց իր ճամփան,
Մինչև անգամ առանց մտիկ տալու
Մեծաժխոր երթին արքայական:
Եվ երբ վերջին ձիավորներն անցան
Ու փարատվեց նրանց փոշին օդում,
Կանգնեց հզոր հնչյունների արքան
Որպես կաղնի, տիտանաբար տրտում:
Ու գլխահակ այդպես մնաց կանգնած,
Մինչև հասավ Գյոթեն մռայլ ու հեզ,
Իրար հանդիպեցին երկու հայացք
Երկու կայծակնալից ամպերի պես:
-Ինչպե՞ս չամաչեցի՛ր,-գոչեց ահեղ
Հնչյունների արքան արդեն սառած,-
Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ
Այն թագակիր տխմար գլխի առաջ:
Ու լռություն տիրեց այնուհետև,
Երկարատև, դաժան մի լռություն,
Մի լռություն, որ կտիրեր, եթե
Հանկարծ անէանար անտառն արթուն:
Խոր նայեցին նրանք իրար մի պահ,
Որպես երկու վշտաքանդակ արձան,
Ոչ ոք չարտասանեց էլ ոչ մի բառ,
Եվ ծանրաճեմ քաղաք վերադարձան:
Իսկ անտառում մարում էր մայրամուտը
Նման հանգչող սիրո գունատ բոցին:
Խոնարհ թեքվում էին գոռոզ քամուց
Եղևնիներն ու գեղիրան նոճին:
Հեծում էին անհույս ուռենիներ,
Պարում էր սոսկահար խարտյաշ հացին,
Միայն կաղնին խշշում էր խուլ՝ մի երգ
Գալիք հպարտ սերունդների մասին…