Harutin » 19 июн 2011, 00:09
ԼԵՑՈՒՆՆ Է ՏԵՆՉՍ
Դատարկ չեմ մնա
Եվ օրս դատարկ չեմ տանի ի վերջ…
Ճամփիս մայթերին` խռիվների մեջ
Արևը դեղին գանգուրներն է իր
Խառնել խաշամի հուրհրան ոսկուն,
Ու ցոլանքներից այս շեկլիկ օրվա
Կտանեմ ինձ հետ ես մի քանի փունջ…
Մարդիկ բարևի սիրտ չունեն անգամ.
Գլխահակ, տրտում, անկյունների մեջ խռնված օրվա`
Ծածուկ - բացահայտ` ժպիտ են մուրում…
Իսկ ես կլինեմ ճարպիկ բոլորից.
Գողանա՞լ է պետք, խաբե՞լ, խարդախե՞լ...
Թող Տերը ների,-
Պատվիրաններից շեղվելը այսօր արդարացված է.
Չէ՞ որ ես ևս մեկ օր կսպանեմ,
Թե դարձը իմ տուն ձեռնունայն լինի…
Երկու դեպքում էլ խախտում է վերին,
Բայց սպանելը…. ծանր է ավելի…
Ու խաբկան դերով մի ծաղրածուի,
Եղածը` ի պահ, չեղածը` ի ցույց,
Կփորձեմ հմուտ մի կախարդի պես
Անհնարն անել.
Վշտից խինդ հյուսել ու ոչնչից` լույս…
Դատարկ չեմ մնա…
Լեցունն է տենչս,
Բայց և կաթիլի պաշտամունք ունեմ,
Ում փոքրիկ խորքում
Օվկիանի ոգին ու գաղտնիքը կան…
Մեկ կաթիլ, երկու, և ժամանակ անց –
Գավս` լեփլեցուն, իսկ ծարավ` չկա…
Դատարկ չեմ մնա…
Տենչող հայացքներ կկապեմ թեթև
Ճեմաքայլ երթիս
Ու էլ չեմ մրսի մթնշաղի պաղ, անարև միգում…
Եվ օրվա վերջում, թե աստղիկները երազներ սփռեն
Կապույտներն ի վար –
Ես հորիզոնի փեշն էլ կհասնեմ
Ու կհավաքեմ բոլորից էլ շատ…
Դատարկ չեմ մնա
Եվ օրս դատարկ չեմ տանի ի վերջ…