Վթար
Բորբոսնած ժամացույցի սլաքների աղմուկից, շների վնգստոցից, կեսգիշերային լացիցս նյարդայնացած` դուրս եմ գալիս փողոց` նրան օգնելու, որ փրկի մարմինս։ Մթությունից օգտվելով` ըմպում էր առողջ աչքերս, մատները մտցրել էր բիբերիս մեջ ու ուժով սեղմում էր ետ, ավելի խորը` գլխիս մեջ... մի աչքս կպավ զավեշտի բջջին. հիշեցի, թե ինչպես իմ ներկայությամբ երկու սիրահարված կին հայհոյում էին իրար` իմ համակարգչոտ սիրածի համար...
Հետապնդումներիցս հասկացավ, որ դատարկության ետեւում եմ, ուր ոտնահետքեր չկան, բայց ծաղիկները տրորված են... Մինչեւ ինքս իմ մեջ մտնելն արդեն կարդացել էի Աստվածաշունչը, իսկ ձիուց ընկա շատ տաք գրկի մեջ...
Հետո փոքրացա, խեղճացա, երբ հասկացա, որ միայն ցանկալի եմ, ու կիրքն էլ դիմագծեր ունի... թեեւ ես էլ եմ երազել մի պահ լինել աղջկա պարանոցին թափված ջրի կաթիլ... Եւ հետո` եկեղեցին ի՞նչ մեղք ունի, որ իր պատերի տակ կամազուրկ եմ դառնում, որ թույլ եմ տալիս հենց մարիամների ոտքերի տակ քամել շուրթերս... ու մեծամիտ հույսիս գլուխը շոյելով մնում ենք միայնակ... Այս անգամ էլ ստվերիս մեջ ինչ-որ մեկին եմ փնտրում, ով վերադարձի ժամանակ անպայման կմահանա... Ինձ կարեկցող հայացքները հասկացնում էին, որ խելագարվել եմ... իսկ ես ընդամենը փողոցից սատկած շանը գրկել, դրել էի մանկասայլակի մեջ, ու վազում էինք մեծ մայրուղով, որտեղ կիսամերկ կանգնած կին-պոռնիկները ոչ մեկին չէին վստահում... Նրանք էլ էին կարծում խելագարվել եմ, բայց ինձ ժպտացին, երբ մանկասայլակի մեջ իրենց ծանոթ դեմք տեսան... էլի գլուխս կախ, առանց բանաստեղծության տուն եմ գնում... հետո զգում եմ, որ կոկորդիցս ներքեւ շղթաս սեղմում է, որովհետեւ քայլում եմ տանիքից թափվող սառույցների միջով, որովհետեւ չեմ անցնում գետնանցումներով, որտեղ սովածներն ուտելիք են խժռում եւ ձեռնաշարժությամբ են զբաղված... որովհետեւ փողոցում մահն ավելի մոտ է, որովհետեւ մանկասայլակի ճռճռոց եմ լսում, որովհետեւ երբեք չէի տեսել, որ գիշերվա մեջ արեւը վախից արթնանա, որովհետեւ գերեզմանոցներում շիրմաքարերի ողորկ փայլունի վրա ալիքաձեւ արտացոլքս եմ տեսնում ու... որովհետեւ ինքս եմ տրորված ծաղիկներ դնում հողաթմբերի վրա... թեեւ ոտքերիս տակ երերում է աթոռը...
Իրեն մեքենայի տակ գցող աղջկա վրա վարորդը բարկանում է, ազդանշան տալիս, ձայնը սողալով մտնում է համբուրվող շուրթերի արանքն ու գոռում. «...դեմդ նայի»... Նույն աղջիկը ծննդյան օրը բալիկի ծնունդ է տեսնում... Այդ օրն առաջին ձյունն է գալիս, իսկ ինքն իրենց պատշգամբի վրայից պստիկ ափով վաղուց էր ձյան կուսության համն առել...
Մյուս աչքս սեղմվեց ոռնոցի բջջին, երբ տողերիցս ինձ հարազատ շնչառություն զգացի... ամուսնուն երբեք չդավաճանած կույսի ճիչ լսեցի... օդում բռնեցի սաղմի հոտը... քայլերս մարագ տարան... ծննդաբերելու...