ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈԻՆ
(ԹԱԿԱՐԴԸ)
Ամեն մի նոր գործ սկսելուց միշտ նույն հարցերն եմ ինքս ինձ տալիս` ու՞մ համար եմ գրում, ինչի՞ եմ գրում... Ու՞մ է հարկավոր իմ ձկնորսությունը, ինձ հետ կատարվածներն ու պատահածները. իմ մտածումներն ու մտահերձումները:
Մի՞թե բավականին գրված չէ, ամեն ինչ գրված չէ, ասված չէ:
Գուցե գրում եմ, որովհետև պարտավոր եմ գրել-ասելու` հուշում-ստիպումով վերին։ Թե՞ ուղղակի մտքերս են երկսեռ ու երկմտում են անդադար:
Կամ գուցե հենց գրերն են եկամուտն Աստծո... Ոչինչ անքննվող չեմ կարող ասել, բայց ճշմարիտ եմ կարծում այն միտքը, որ ոչինչ հենց այնպես չի լինում, որ ոչինչ հենց այնպես չի գրվում:
***
Օրվա ձկնորսությունից գոհ, կարթը ձեռքիս, ձկները ցանցիս մեջ, մյուս ձեռքիս բեռ արած, վերադառնում էի տուն։
Օգոստոսի կեսին էր, արևն արդեն մայր էր մտնում, արևմուտքը բոցերի մեջ էր: Արևն իջել էր, բայց դեռ չէր մտել, փակվել էր սպիտակ ամպերով, իսկ ամպերից վեր բաց էր, բոց էր:
Ամպերի ետևից դեղնակարմրագույն լույսը ուղղակի հրաշք էր գործում` ամպերի կատարները վառել-շիկացնելով վեր էր ելնում ու տարածվում: Չնայել, չխաբվել, չկախարդվել` հնարավոր չէր:
Այսօրվա նման հիշում եմ` այնպես էի տարվել արևամուտի այդ շողերի խաղով, որ քայլելիս ոտքս կպավ հողաթմբի, և ես տապալվեցի հողին` դեռ ճանապարհիցս էլ բավականին շեղվել էի։
Ճշմարիտն ասած` ընկած տեղս նստեցի ու մի կուշտ նայեցի: Հետո նոր միայն շարունակեցի ճանապարհս:
Աշխարհի մի կեսը` թիկունքիս կողմում, մյուս կեսը` աչքերիս աոաջ, քայլում էի ու մինչև գյուղ դեռ պիտի քայլեի ու քայլեի...
Ճանապարհս կարճացնելու համար քայլում էի ուղիղ գծով` դաշտերով, անհարմարություններով, փշատերև խոտերի միջով։ Ես գիտեի, որ ճանապարհս հատելու է, մի բավականին մեծ ջրառատ ջրանցք, իսկ կամուրջը շատ հեռու է մնալու։ Բայց կամրջի հեռու լինելը խնդիր չէր լինելու ինձ համար, դրա ճարն էլ կար` անցնելու էի իմ ձևով։
Մի խոսքով` մի քիչ անհարմարություն և ճանապարհս` մեկ երրորդ մասով կարճանում էր։ Ես հեռու էի գնացել և գալիս էի հարևան գյուղի տարածքներով, իսկ ջրանցքից այն կողմ, արդեն ծննդավայրիս տարածքներն էին: Եվ հետաքրքիրն այն էր, որ, երբ կանգնեցի ջրանցքի ափին, թեպետ աննշան, բայց զգացվում էր` տարբերությունը եփ էր գալիս իմ ներսում։ Մի քանի քայլ և արմատներ էի զգալու ոտքերիս տակ` հողի մեջ ձգվող, խորացող: Ինչևիցե, կամուրջը հեռու էր, իսկ ջրանցքը անցնել էր պետք։
Աչքերով շրջեցի, մոտերքում ոչ ոք չկար, ես, որ ոչ մեկին չտեսա։
Հանեցի շորերս, լրիվ մերկացա, հետո, բոլորը հարմարեցրի մեկի մեջ, կապեցի ու նետեցի մյուս ափ։ Կարթը ձկների հետ պահեցի մի ձեռքով, մյուս ձեռքիս օգնությամբ սկսեցի իջնել։
Ես շատ անգամ էի այսպես անցել և ոչ մի խնդիր չէր առաջացել։ Այնպես որ, այս անգամն էլ պիտի հաշվվեր շարքային, պիտի դասվեր անցած բոլոր անցումների կողքին, բայց դարձավ փորձություն, դաս ու պատմություն:
Ես սկսեցի իջնել, և միակ անհարմարությունը, որի առաջ ամեն անգամ խեղճանում էի, այս անգամ էլ բացառություն չեղավ` ջուրն իրենն էր ուզում...
Ձգված, շնչառությունս պահած, ոտքս մտցրի ջուրը և թույլ տվեցի, որ ջուրը նվաճեր ինձ: Եվ ջուրը նվաճեց, իրենն արեց` պաղությունը բջիջ առ բջիջ հաղորդվեց ամբողջ կենդանությունովս մեկ` ավելորդ անգամ կենդանացնելով ինձ...
Եվ այսպես` ամեն անգամ ջուրը մտնելն ինձ համար դառնում էր մի անդուր արարողակարգ և կյանքից ուզում էր իր պահերը։
Ինչևիցե, այս անգամն էլ ջրի պաղ հուրը` նյարդերս փայփայելով անցավ իմ միջով։ Մտա ջուրն ու շտապողի նման սկսեցի առաջանալ։ Ջրանցքի կենտրոնական մասում, ոտքերս մինչև ծնկներս տիղմի մեջ, ջուրը կրծքավանդակիս հետ, թևերս վեր պարզած, հերթական քայլը անելիս (քայլում էի ոտքերիս թաթերին), զզացի, որ աջ ոտքս քերծվելով, ուղղակի մխրճվեց ինչ-որ անցքի մեջ: Ետ հանելու փորձերից հասկացա, որ անցքը, ուր մարմնիս ծանրության օգնությամբ մխրճվել էր ոտքս, ունի դեպի ներս ծռված, կատարները ցցված շուրթեր: Թակարդի նման, մտնելուն չեն խանգարում` մուտքն ազատ է, ելքին են դեմ լինում:
Մի քանի անգամ, տարբեր ձևերով, շուռումուռ տալով, ետուառաջ անելով, ուժով` վեր ձգելով, փորձեցի, բայց ոչինչ չստացվեց։ Սուր–սուր ծայրամասերը ուղղակի խրվում էին ոտքիս մեջ. դուրս քաշելու դեպքում ոսկորներս քերելով պիտի անցնեին։ Միայն պատկերացնելուց արդեն նյարդերս նվվում էին, հոգիս բերանս էր գալիս, ինքս ինձ անկեղծ խղճում էի, ինքս ինձ ասում էի` ինչ մեղք եմ լինելու ես:
Բռնված ոտքիս թաթի շոշափումներով հասկացա, որ գործ ունեմ մետաղյա խողովակի հետ, և խողովակն ընկած էր ջրանցքի լայնությամբ։ Ոտքիս թաթը հազիվ հասնում էր հատակին, էլ չէր իջնում` անցքը նեղ էր։ Ուռուցիկ, բլուրաձև ոսկորիցս վեր` բարակ մասում, անցքը հաստատվել մնացել էր։ Շատ ուզելուց կկարողանայի միայն պտտվել երևի, այն էլ` դանդաղ, սեղմումներով, որ չքերծվեր ոտքս, ու վերջ` ոչ ետ, ոչ առաջ։
Մի խոսքով` ստացվել էր այնպես, որ ընկել էի թակարդն ու մնացել, մնացել մի ոտքի վրա։ Բռնված ոտքիս վրա շատ չէի կարողանում հենվել` անհարմար էր ու ցավում էր... «էս ի՞նչ եղավ… Ինչի՞ եղավ...», հարցնում էի ու չգիտեի ինչ պատասխանեի:
Սիրտս պայթում էր, հավատս չէր գալիս, չգիտեի լացեի, թե ծիծաղեի:
Ջրանցքն ամեն տարի մաքրվում էր տիղմից։ Անցքը բացվել էր երևի մաքրման ժամանակ` հսկա ինքնաշարժի ժանիքավոր շերեփի հզոր հարվածից: Թեպետ, անցքի ծագումնաբանությունն ավելի էր կատաղեցնում ինձ, սկսել էի ամեն ինչում դիտավորություն տեսնել` հենց ի՞մ համար պիտի բացվեր անցքը: Միշտ նույն դիրքով, նույն ոտքի վրա, երկար չկարողացա կանգնել։ Ստիպված, դժվարությունով, քերծելով, մի քիչ էլ ոտքս սեղմեցի ներքև, այնքան, որ գոնե կարողանամ թաթի վրա կանգնել։
Ազատ ոտքս ինչ որ չափով ազատվեց` միայնակ ինձ ունենալուց, բայց դա շատ չնչին հարմարություն էր։ Ջուրը էլի հոսում էր, էլի իրենն էր պարտադրում, ես էլ պարտադրվում էի` միշտ ճշտում էի դիրքս, ամրանում տեղում։ Հոգիս էլ հետզհետե տիղմո՞վ էր լցվում, այնպես որ, այս ամենը երկար շարունակվել չէր կարող: Եվ ես մինչև տակ գիտակցում էի, անգամ վախենում էի պատկերացնել... Երբեմն, որ դադարեցնում էի ինքս ինձ խոսելը, զզում էի, որ մրսում եմ, բայց դա տևում էր շատ կարճ, շուտ մոռանում էի, որովհետև համակերպվել չէր ստացվում: Չէի կարողանում պատկերացնել, հասկանալ, գրել` պատահականության տակ։
«Հենց այնպես, գալ ու ընկնել, ու մնալ ընկած... Լինել նժարին միայնակ, իսկ նժարի մյուս կողմում լինի միայն` բախտի քմծիծաղը, հռհռոցը, դատարկությունը…»։
Անտանելի էր, չէր տարվում, բայց պահ առ պահ` ժամանակից պոկելով, թեթևացնելով տանում էի:
Ոտքերիս շուրջը ուսումնասիրելիս հայտնաբերեցի, որ խողովակը, աննշան, բայց ինչ որ չափով` ջրվեժ էր առաջացրել։ Եկող կողմի համար, որ հանդիսանում էր արգելք, տիղմը լցվել, ծածկել էր խողովակը, իսկ խողովակից հետո, անդունդ էր: Ոտքով տակին չէի հասնում` զզույշ լինել էր պետք։
Ոտքերս օգնում էին իրար, ձեռքերս էլ` իրար, կարթն ու ձուկն էի ձեռքից ձեռք տեղափոխելով պահում ու չէի մտածում, որ կարելի է նետել ափ։ Մի պահ նայեցի ձկներին, դեռ թպրտացողներ կային, մտածեցի, որ ես էլ եմ դեռ թպրտում. լացելու նման ծիծաղեցի:
Ուզեցի ջուրը նետել, ընդհանրապես վերջ տալ` Ձկնորսություն կոչվածին, բայց վերջին պահին կանգ առա, մտածելով, որ ուշ է, շատ եմ ուշացել: Ու ձկներն էլ, կարթն էլ շպրտեցի ափ։
Ես, որ ամեն տեսակի դեպքերի ու պատահումների համար կարող էի բացատրություններ գտնել, խորհուրդներ տալ և գիտեի այնպես, որ չկա անելանելի վիճակ, կա միայն իմաստության պակաս։ Այդ պահին անիծված, անվերադարձ մոլորյալ էի ինձ զգում։ Ինչ որ մեկի օգնության ոչ մի ձև չէի պատկերացնում։ Ով էլ գար, ամենավերջում պիտի նստեր ափին ու նայեր ինձ, երբեմն էլ ծիծաղեր, ասելով` աշխարհը թողեցիր, եկար ընկար էս ծակի մեջ, էլ ումի՞ց ինչ ես ուզում:
Կամ էլ շատ-շատ ուզելուց, կարող էր գալ-կանգնել կողքիս...
Ուղեղս անկանգ աշխատացնելով, մտմտալով, դանդաղ, երկար նայում էի շուրջ բոլորս: Ջուրը գալիս էր, ջուրը գնում էր, իր հետ բերում էր, իր հետ տանում էր, կյանքը խոսում էր, իսկ ես` թշվառս, կանգնած չգիտեի ի՞նչ անեի:
Մտածեցի` գոնե սուզվեմ, մի անգամ էլ ձեռքերով տեսնեմ, տեսնեմ, իրականում ինչ կարելի է անել։
Մի քիչ թևերս տարուբերեցի օդի մեջ, հետո` ջրի մեջ` կենդանությանս թարմություն տալու համար։ Հետո, թաց ձեռքերով, օծելու նման թրջեցի դեմքս, Աստծուց խնդրեցի, որ իմ նկատմամբ ողորմած լինի, ու առանց որևէ ոգևորության` սուզվեցի ջրի տակ:
Ոտքս ուղղակի մեխվել էր անցքի մեջ, մի քիչ վեր, կարողանում էի ձգել, բայց հենց հասնում էր ուռուցիկ ոսկորիս, էլ չէր գալիս, ներս բացված շուրթերիս կատարները դեմ էին առնում ու ուզում էին խրվել ոտքիս մեջ: Չէի հասկանում` ինչպես կարող էր այսքան նեղ անցքից ոտքս անցնել...
«Ո՞ր մեղքիս համար...»,- հարցնում էի ինձ ու ոչ մի պատասխան:
Երբ ձեռքերով շոշափեցի, ստուգեցի, տեսա` գործ ունեմ երկաթյա խողովակի հետ, և արդեն կեղև տված, կլպվող: Իսկ դա նշանակում էր, որ երկար ժամանակ է գտնվում եմ ջրի մեջ, որ ամեն քերծվածք կարող է վարակի աղբյուր լինել: Մի քանի անգամ սուզվեցի, և ամեն անգամ օդը վերջանում էր նույն մտքի վրա` պետք է դուրս քաշել, ինչ գնով էլ լինի, ուրիշ ելք ուղղակի չկա...
Ժամանակն ինձ քսվելով էր անցնում, գնալով նյարդերս բզկտվում էին: Չարորակ մտքեր էին գալիս ու թառում ուղեղիս: Ես` ինձանից էի վախենում: Երկնքի խորքերում նշմարվում էին արդեն ամենահեռու աստղերը։ Իմ աստղախումբը, որ միշտ երևում է ինձ` գլխաշորով խաչի տեսքով, գտնվում էր համարյա գլխիս վերևում` քիչ հարավում։ Նայեցի ու ինքս ինձ համար, այդ ողբալի վիճակում կատակաբանեցի. «Ուզո՞ւմ եմ գնամ, բայց բռնված եմ, չեմ կարա»:
Լուսինը չկար, չէր երևում, երևի իր օրը չէր: Ջրանցքի ափերի բարձրությունը թույլ չէր տալիս ինչ-որ բան տեսնել. տեսնում էի միայն հունի երկարություններով։ Այն էլ, որ ոչինչ էլ չէի տեսնում, միայն հեռվում վառվող էլեկտրական լույսեր:
Մութն ասես հետաքրքրասիրությունից հազարապատկվել էր իմ շուրջբոլորը, երկար նայելիս, աչքերիս առաջ խմորվում էր խավարը, սահմռկեցուցիչ պատկերների վերածվում ու պատկերները ոգի առած` այլակերպվելով գալիս էին վրա:
Ես գիտեի, աչքերիս սովորական թարթումներով անմիջապես ոչնչացնում էի դրանց, բայց այսպես թե այնպես, նստվածք մնում էր:
Ջրի լորերը, երբեմն, այնքան էին մոտենում ինձ, որ, եթե ուզենայի, կարող էի ձեռքով բռնել։ Խեղճ երջանիկները, որ հանկարծ տեսնում էին ինձ, ասես քարից ընկնեին` ծվվոց-թպրտոցով սուզվում էին:
Իսկ իմ սիրտը պայթում էր... Կես քայլ ետ կամ առաջ, կես քայլ աջ կամ ձախ, կես պահ սխալ կամ ճիշտ, մի չնչին շեղում ու ոչինչ էլ չէր պատահի: Հաստատ, աշխարհն էլ իր ուղեծիրից չէր ընկնի, ես էլ տանը կլինեի: Ուղիղ գծով եկա ու ընկա թակարդը, հաշվածի, գրվածի նման։ Զայրույթից շրմփացնում էի ջրին, հոգիս բերանս էր գալիս, բայց, ասես բնազդով, մի տեսակ թաքուն, անձայն, մտքիս մեջ շարունակում էի ինքս ինձ նախապատրաստել, կաթիլ-կաթիլ լցվել, հասունանալ` մոտեցող պահի համար։ Ինձ հետ պատահել են դեպքեր, երբ հանձնված եմ եղել մարդկանց ձեռքը, մարդկանց, որոնց կյանքը երերացել է` ոչինչի ու ամեն ինչի արանքում, որոնց փառասիրությունը եզրեր չի ճանաչել, ագահությունն անտակ է եղել, անտարբերությունը` անդունդ: Զգացել եմ ինձ մենակ, մատնված, խաչիս գամված, բայց միշտ էլ, օդի վերջանալու հետ, հոգուս ամենաճզմված պահին մտաձայն դիմել եմ Աստծուն` օգնություն եմ խնդրել, ինչպես երեխան է իր հորը կանչում` դժվարին ժամի, ակնթարթ անգամ չերկմտելով, որ կարող եմ մերժվել։ Եվ զգացել եմ շունչը Աստծո, զգացել եմ` ինչպես են պահերը հեշտանում, ինչպես է հոգիս նորոգվում, ինչպես է ափը երևում...
Բայց այս դեպքում, ուղղակի չգիտեի, թե ինչ անեի: Թեպետ, անկախ այն բանից, որ սառնությունը հասել էր ոսկորներիս, որ փրկության միակ ձևի մասին վախենում էի մտածել անգամ: Միայն պատկերացնելուց արդեն գանգամաշկս սկսում էր ծակծկվել: Զգում էի, զգում էի, որ ինչ-որ հուսադրող բան հոգուս խորքում կուտակվում է, կաթիլ-կաթիլ, բայց գոյանում է: Ճշմարիտն ասած, իրականում ես չգիտեմ, չեմ հասկանում, որտեղից է հանկարծ բխում, ներմուծվում, ի հայտ գալիս մարդու հոգում` Բանը, որ կայծը բոց է դառնում, կաթիլը` ծով...
Մարդը լցվում է, մեծանում, հուսադրվում, վեր բարձրանում զարմանալի արագությամբ։ Նույն հրաշքը պատահեց ինձ հետ, մի պահ մտածեցի, որ մարդիկ այսպես են խելագարվում, որ հանկարծ վիճակը դադարում է հրամայելուց, սկսում են հրամայել իրենք` անհասկանալիից բխող տրամաբանությամբ։ Բայց դա պահ էր, հետո մտածեցի, որ ինձ ոչինչ էլ չի պատահել: Այլ, պատահել է այն, որ ես անտեր չեմ, որ ես տեր ունեմ: Որ մարդ եմ` բարձրագույն արարչություն, և հավատ ունեմ, որ ես կարող եմ հանկարծ ընկնել, բայց կարող եմ և իմացյալ ելնել: Ես գիտակցում էի, որ արդեն մաշկս թուլացած, ծաղկած կլինի: Որ սկսել էի քիչ մրսել, դա էլ էի հասկանում։ Եվ հասկանում էի ամենակարևորը` եթե այս պահին ոտքս դուրս չքաշեմ, էլ երբեք չեմ քաշի: Ու Աստված ոչ անի, որ հանկարծ սկսեմ ինքս ինձնից զզվել: Թեպետ, ամեն անգամ կանգնելաձևս փոխելուց, զգում էի, որ արդեն հոգնել ու զզվել եմ իմ բան ու գործից: Մկաններս էլ արդեն այն չէին, երբեմն չէին էլ ենթարկվում: Ես, մի վերջին անգամ էլ մտքիս մեջ, մտաձայն հուշեցի ինքս ինձ, որ եթե ո՛չ հիմա, ուրեմն` էլ երբեք: Ու գործի անցա: Խողովակի վրա ճշտեցի ամրությունս` դեմքով դեպի հոսում, գնում, տանում (այդ դիրքով ոտքս մի քիչ շատ էր վեր բարձրանում, ներս պատռվածքի կատարների դասավորությունը թույլ էր տալիս), ձեռքերս բռունցք արեցի, սեղմեցի ատամներս, փակեցի աչքերս, պահեցի շունչս ու սկսեցի` ոտքս վեր ձգել…
Չգիտեմ ինչի, Աստծուց միայն ներում էի խնդրում:
Դանդաղ, բայց անկանգ ձգում էի, գիտեի, որ ոտքիս մաշկը թուլացած, ծաղկած կլինի, ոչինչ չեմ զգա։ Կզգա՞մ, երբ հասնի մսիս: Սրտի դողով, ահով, սպասումով ձգում էի: Չգիտեմ ինչպես բացատրել այն, որ պատահեց հետո: Որքան էլ մտածում եմ, որ պատահածը զուտ պատահականություն էր` սովորական, առօրեական լուծում, ստացվում է, որ այն կարելի է գրել հասկացվածների շարքում։ Բայց էլի ինչ-որ չի տեղավորվում, ինչ-որ բան մնում է անհաս, անըմբռնելի, հազիվ զգալի:
Այն, որ պատահականությունը` դա հսկա սառցաբեկորի երևացող մասն է միայն, իրական ծավալը, մեծությունը` տակն է` չի երևում։
Ես, իհարկե, հանեցի ոտքս, բայց սխալ կլինի ասել, որ ես հանեցի, որովհետև, այդ դեպքում պիտի ասեմ, որ ես էի մտցրել: Մի խոսքով, ոտքս դուրս եկավ այնպես, ինչպես մտել էր, այսինքն` անկախ ինձանից: Ես միայն թպրտացել եմ` ցամաք ընկած ձկան պես, ոտքիս մտնելու և դուրս պրծնելու արանքում։
Հենց այդ սրտի դողով, ահով, սպասումով ձգելու պահին հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեցի սուր ցավից. պահող ոտքս սայթաքեց, ես, բերանքսիվայր ընկա: Ընկա ու մի պահ սուզվեցի, օդի փոխարեն ջուր շնչեցի, ջուրը` լցվեց ու գնաց շնչափողս:
Թեպետ կարողացա թպրտալով, թևերս թափահարելով գլուխս վեր պահել ջրից, բայց հազը խեղդում էր, կծկում էր ինձ, անդամալուծում էր, չէր թողնում կենտրոնանայի, գործողություններս ճշտեի։ Մի կողմից` ջրի հոսքն էր խանգարում, մի կողմից` ազատ ոտքիս անհարմար դրությունը, մի կողմից այն, որ քիչ էր մնում թակարդված ոտքս կոտրվեր... Վեր ձգված, լռված մասը, մնում էր այնպես ինչպես կար, իսկ ամբողջ մարմինս գալարվում էր` կախված այդ մասից:
Վիճակս իրականում ողբալի էր:
Դեռ կոկորդս չմաքրած, դեռ ես` խառնված, ետ կանգնելու փորձեր էի անում: Բարձրացած ալիքներից մեկը եկավ ու շնչելուս պահին խփեց դեմքիս։ Օդի հետ նորից ջուր գնաց բերանս, նորից կծկող, անդամալուծող հազն սկսվեց: Թևերի թափահարումներն էլ չօգնեցին` թույլ էին, անկանոն, անկառավարելի: Զգացի, որ ջրի տակ եմ, ջուրն էլ կոկորդիս է լռված ու բերանս բացվում է` ուզում եմ հազալ: Միայն մի ակնթարթ մտածեցի, որ խեղդվում եմ, որ արդեն վերջ: Ու այնքան մեծ էր ահը, այնպես մի անգամից ահագնացող, պայթող, որ մի պահ ես էլ ոչինչ չզգացի, միայն այն, որ բաժանվում եմ մանր հատիկների: Այդ վախից էր երևի, որ ես էլ չիմացա, թե ինչպես, ջրի տակ, հոսքի հետ պառկած վիճակում, ազատ ոտքով հենվեցի խողովակին ու անասելի ուժով, անասունի նման բառաչելով, բռնված ոտքս ձգեցի:
Իհարկե զգացի, ինչպես պատռվածքի` ներս թեքված կատարները, որ արդեն խրված էին ոտքիս մեջ, գութանի խոփերի նման փորել-ակոսելով անցան ոտքիս միջով, մինչև որ ոտքս դուրս պրծավ:
Ճշմարիտն ասած, չիմացա էլ ինչպես հասա ափ: Հիշում եմ, որ ինձ գտա ափին ընկած, ձեռքերս ափի տիղմի մեջ խրած, կեսս ջրի մեջ` հազում էի ու թքում: Թքում էի ոչ այնքան բերանս մաքրելու համար, որքան պատահածի համար` պատահածի վրա, ինձ վրա: Լողանալ-մաքրվելու էլ ուժ չէր մնացել, ամբողջ մարմինս դողում էր, հոդերս սառել էին, մկաններս դժվարությամբ էին գործում, ոսկորներս հատիկ-հատիկ զգում էի:
Այդպես տիղմոտ, ցեխոտ էլ վեր սողացի: Հողի մակերեսը` ուղղահայաց կտրվածքով, բավականին բարձր էր ջրից, ձեռքերս էլ մրսած էին, լավ չէին բռնում, ստիպված` ամբողջ մարմնով էի աշխատում, որ կարողանայի բարձրանալ:
Այդպես տիղմոտ, ցեխոտ էլ հագնվեցի։ Մի քիչ երկմտեցի... կարթի ու ձկների հարցում, չգիտեի` վերցնեի, թե՞ թողնեի... Բայց վերցրի, մտածելով, որ շատ-շատ եմ ուշացել:
Վիրավոր ոտքիս ուշադրություն չդարձրի, նախ, որ չէր ցավում, հետո էլ, գիտեի` ինչ էի տեսնելու:
Սկզբում` քայլեցի, հազիվ ոտքերս փոխելով` մկաններս մրսել, փայտացել էին։ Եթե երբևիցե մեռելները քայլել կարողանան, կքայլեն երևի ինձ նման, ինչպես ես` այդ օրը։ Ճանապարհի կեսից զգացի, որ բացվում եմ, իսկ աջ ոտքս ուղղակի ճպճպում է հողաթափի մեջ. արյունն էր հոսում...
Ամբողջ ճանապարհին անցա` ինքս ինձ մեղադրելով, դատել-դատապարտելով: Ի ցույց էի հանել ամբողջ անցածս, ապրածս, գործածս ու խարազանում էի: Անգամ կանգ առա մի տեղ. չարությունից` օդի պակաս էի զգացել: Միայն, երբ տուն հասա, կարելի է ասել` սիրտս դատարկել, թափել էի արդեն։ Ու, ինչպես միշտ եմ անում, տուն մտնելուց առաջ` շնչաձայն` Աստծուց ներում խնդրեցի ու մտա տուն:
***
Տանն արդեն, խաղաղված, կշիռի եկած, մաքրված, կատակի տված վիճակում, առաջին գործս` վերքերի ուսումնասիրությունն ու մշակումն էր:
Երեք բավականին խոր ակոսներ էին բացվել ոտքիս վրա։ Արեցի ինչ հարկավոր համարեցի, մնացածը` մնաց, թողեցի կենսականությանս հույսին:
Ճշմարիտն ասած` ես միշտ եմ այդպես անում, վստահում եմ տեսանելի գոյությունս` անտեսանելի գոյությանս: Ես ինձ նայում եմ տիրոջ հեռավորությունից, և նայում եմ մեծ հավատով, որ անտեր չեմ, ես Տեր ունեմ...
***
Ամեն ինչ անցավ ու անցավ այնպես, ինչպես պիտի անցներ` անհետևանք։ Հետևանքներ մնացին միայն մտածումներիս, խոհերիս մեջ:
Երբեմն նստում ու մտածում եմ. «Թակարդները կան ու լինելու են, ու լինելու են մշտապես... Կյանքի ու ժամանակի հետ, գալիքի ու առնելիքի նման»...
Մենք թակարդված ենք ի սկզբանե, մտքի համար չկա անկշռելի վիճակ։ Փնտրողները պատժվում են անբեկանելի խստությամբ։ Տեսեք երջանիկ մտագարներին:
Ազատվել մի թակարդից, նշանակում է` ընկնել մեկ այլ թակարդի մեջ: Եվ այսպես շինվում է կյանքը... լույսից` մութը, մութից` լույս...
Հատիկ–հատիկ, խնամքով պատրաստված, ճշտված, հանճարեղ շարադրված, ու մատուցվում են իրենք-իրենց, ամեն մեկն իր ժամանակին, ակնկարթ անգամ` առաջ ու ետ չընկնելով։ Իսկ կյանքն ամբողջությամբ արդեն մի մեծ թակարդ է, ուր մտնում ենք համեմատաբար հեշտ, անկախ մեր կամքից։ Ու սկսվում են` իրար միջով, իրար զիջող մութ ու լույսեր... Եվ մենք ապրելով, իրար հրելով պատրաստվում ենք դուրս գալուն` պատռվածքի կատարները ահով մեր մեջ տեղավորած։
Եվ պահը գալիս է, և պահող ցցերը մեր մեջ խրված, գութանի խոփերի նման անցնում են մեր միջով` փորելով, ակոսելով, հոգիներս հանելով: Եվ դա պիտի զգա մեր մարմինը, մենք թպրտալու ենք` ցամաք ընկած ձկան պես, մենք ձգելու ենք, որքան ուժ ունենք, որ փրկենք մեր հոգիները: