Vard » 10 апр 2010, 13:33
ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ԲԱՆԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ
Հնչյունական կրկնությունները բանաստեղծական խոսքի մեջ դրսևորվում են բաղաձայնույթ, առձայնույթ բառադարձումների և հանգի ձևով
1. Բաղաձայնույթ
միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնություն.
Օրինակ`
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի զովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող` ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող` բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թե) բոց ունէր մորուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:
Բաղաձայնույթն օգտագործվում է`
ա. բնության երևույթների ձայնական տպավորություններ ստեղծելու նպատակով
բ. հնչյունախաղ է, և ուժեղացնում է բանաստեղծության երաժշտականությունը
Օրինակ`
Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
(Հ. Թումանյան, Ախթամար)
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն…
(Վ. Տերյան)
2. Առձայնույթ
միևնույն տողի, արտահայտության ներսում նույն կամ նման ձայնավոր հնչյունների կրկնություն, երաժշտականություն և բարեհնչություն հաղորդելու նպատակով
Օրինակ`
Ցրտահա՜ր, հողմավա՜ր
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներս աշնան –
Իմ խոհերը մոլար`
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
(Վ. Տերյան)
3. Հանգ
Երբ հնչյունները կրկնվում են կանոնավոր կերպով` որոշակի համակարգով, առաջանում է հանգ:
Հանգերը լինում են`
-կից ԱԱԲԲ
-խաչաձև ԱԲԱԲ
-օղակաձև ԱԲԲԱ
-արական (շեշտավոր)
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է մայրամուտ ու գիշեր…
(Ե. Չարենց)
-իգական (անշեշտ)
Եվ ինչ է տվել ինձ բնությունը, -
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
(Հ. Սահյան)
-ճշգրիտ`
Ծաղիկները թողած դեպի հուրն է թռչում,
Ու այրվում են, այրվում նրա թևերը նուրբ,
Բայց նորից ու նորից նա կրակ է տենչում
Ու բոցի մեջ փնտրում սիրո վայելքը սուրբ…
(Վ, Դավթյան)
-մոտավոր`
Այդ երբ էր… Անձրևն անցել էր արդեն,
Ու բուրում էին դաշտերը խաղաղ,
Երբ հանկարծ այգուց դու ելար իմ դեմ
Ոտքերով բոբիկ ու ցողաշաղախ…
(Վ. Դավթյան)
-միջնահանգեր`
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ` շուշաններ թառամած…
Մշուշներ են սահում… սոսափում է ուռին…
Իմ օրերն անհատնում, անհնդում և անտուն…
(Վ. Տերյան)
-գլխահանգեր`
Լուրթը մեզնից` երկինքը դու,
Շուրթը մեզնից` դու համբույրը,
Ցուրտը մեզնից, իսկ դու` կրակ,
Իսկ դու` օջախ,
Իսկ դու` թոնիր…
(Պ.Սևակ)
Անհանգ բանաստեղծությունները կոչվում են սպիտակ ոտանավորներ: