ԲԱՐԻՔ ԳՈՐԾՈՂԸ
Գիշերաժամ էր, և միայնակ էր Նա:
Եվ հեռու-հեռվում տեսավ քաղաքը շրջանակող պարիսպները և քայլեց դեպի քաղաք:
Եվ երբ մոտ էր արդեն, քաղաքի ներսում լսեց ուրախ ոտնաձայն և ծիծաղ և վիների աղմկոտ նվագ: Եվ Նա թակեց դարպասը, և դռնապանները բացեցին այն:
Եվ Նա տեսավ մարմարակերտ մի պալատ՝ առջևում գեղեցիկ մարմարակերտ սյուներով: Սյուներից դրասանգներ էին կախված, իսկ ներս ու դրսից մայրու փայտից պատրաստած ջահեր էին դրված: Եվ Նա մտավ պալատ:
Եվ երբ անցնելով քաղկեդոնաքարե ու հասպիսե դահլիճներով՝ Նա հասավ խնջույքի երկար սրահին, տեսավ ծովագույն-ծիրանի մահճին ընկողմանած մի երիտասարդի, ում վարսերը վարդերով էին պսակված, իսկ շուրթերը գինուց կարմիր էին:
Եվ Նա ետևի կողմից մոտենալով, ձեռքը դրեց երիտասարդի ուսին և ասաց. «Ինչո՞ւ ես նման կյանքով ապրում»:
Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ պատասխան տալով ասաց. «Բայց ես բորոտ էի մի ժամանակ, և դու բժշկեցիր ինձ: Ուրիշ էլ ի՞նչ կերպ պետք է ապրեի»:
Եվ Նա անցավ պալատի միջով և կրկին փողոց ելավ: Եվ փոքր-ինչ անց Նա տեսավ մի կնոջ, ում դեմքը ներկված էր և զգեստը գունագեղ և ոտքերին սադափե ոտնամաններ էին: Իսկ կնոջ ետևից, դանդաղընթաց, ինչպես որսորդը, քայլում էր մի երիտասարդ, որ երկգույն թիկնոց էր կրում: Եվ կնոջ դեմքն ասես կուռքի գեղեցիկ դեմք լիներ, իսկ երիտասարդի աչքերը փայլում էին տարփանքից:
Եվ Նա արագ հասավ նրանց և բռնեց երիտասարդի ձեռքը՝ ասելով. «Ինչո՞ւ ես նայում այդ կնոջն այդպիսի հայացքով»:
Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ասաց. «Բայց ես կույր էի մի ժամանակ, և դու իմ աչքերին լույս պարգևեցիր: Ուրիշ էլ ինչի՞ն պետք է նայեի»:
Եվ Նա առաջ նետվեց և դիպավ կնոջ գունագեղ զգեստին և ասաց նրան. «Մի՞թե չկա անցնելու մեկ այլ ճանապարհ՝ մեղքի ճանապարհից բացի»:
Եվ կինը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ծիծաղեց և ասաց. «Բայց դու ներեցիր իմ մեղքերը, իսկ այս ճանապարհը հաճելի ճանապարհ է»:
Եվ Նա դուրս ելավ քաղաքից:
Եվ երբ դուրս էր ելել քաղաքից, տեսավ ճամփեզրին նստած մի երիտասարդի, որ արտասվում էր:
Եվ քայլեց նրա կողմը և ձեռքով դիպավ նրա երկար գիսակներին և ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս»:
Եվ երիտասարդը վեր նայեց և ճանաչեց Նրան և պատասխանեց. «Բայց ես մեռած էի մի ժամանակ, և դու ինձ հարություն տվեցիր ի մեռելոց: Ուրիշ էլ ի՞նչ էր մնում ինձ, եթե ոչ լաց լինել»: