Harutin » 12 апр 2011, 00:05
ՀՈՒՆԻՍՅԱՆ ԾԱՌԸ
Տաք էր լինելու այս գիշեր,
բայց ցուրտը բարձրացավ գետնի տակից
ոտքերովս վեր,
և ձեռքերն իմ ծաղիկներ են մեռած,
որոնց թոշնեցնում է այդ գույնը վերջին:
Բոլոր տները հիմա հեռվում են, ներքևում
ու թե լույս կա անգամ վառված,
ես այն չեմ տարբերի մի գորշ կատվից,
ու թե կային ձայներ իմ թիկունքում,
երբ բաց վարդագույն էր երկինքը դեռ
փոխակերպվել են արդեն տերևների բլբլոցի
ու որդերով դանդաղ շարժվող մղոնների:
Ամբողջ շաբաթ տեղաց անձրևը այդ
ու անձրևեց այնքան առատորեն,
որ զգացի, թե ջրով որքան լցված պիտի լինեն
հիմա մեռյալները:
Սկսեցի զգալ իմ աչքերով
ու ասացին, որ երբ փշրվում է ցուրտը
ոնց օվկիանոս,
հողը բաժանվում է շուրթերի պես,
ու մի բան է սահում այնտեղից դուրս:
Այս գիշեր չորանում է դաշտն այդ
ու ամեն բան մահանում է նորից
ամեն բան բաց ջիղ է այս գիշեր:
Ու լսում եմ
շնչառությունն օձի՝ կանաչի մեջ
սվվոցն արմատների ու կեղևի ճեղքերի մեջ,
պատատուկներն այն, որ մագլցում են վեր ու չես տեսնում
նրանց արնահոսումը հիմա օդի միջից
և մի խռռոց կա այնտեղ – շատ թույլ
որն ավելին է, քան թե քամին
իմ քնած հոր խռռոցն է թույլ
իր գորշավուն անկողնու մեջ
քթածակի միջով հանկարծ փչող քամին
կեղևի տակ ծառի ու թմբերով բացված ծաղիկների
ու որոնող դնչով անոտ մի գազան է շարժվում
ոտքերովս վեր
բարձրացնելով գլուխն իր կրծոսկրիս տակ
ու լսում եմ –
քանի որ դադարել է անձրևն արդեն
լսում եմ շնչելը ականջներիս
ու ծառերի ամփոփվելը կեղևի մեջ
գազանն այս իր մազերով արձակում է մի ձայն,
որ ինձ ծանոթ է շատ,
ու կգտնի այն երկու հետքերն իր
ու կկրի ցեխը տոննայանոց
արմատների, ձվերի ու փայլուն կարիճների հետ,
ու կկրի այն ոտքերը զարմիկներիս
ու կոշիկները կկրի իմ տատիկի
կելնի ոտքի նա հորս երակներով
ու քարերով փայլուն հազարագույն
ու աչքերով նաև սկյուռների
մաքուր ինչպես ջուրը:
Անգլերենից թարգմանեց ՍՈՆԱ ՎԱՆԸ
