ԱՆՀԵԹԵԹ ՀԵՔԻԱԹ ԿԱՐՄԻՐ ՑՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Չկարդացողների մոտ կատարյալ թախիծ չի առաջացնում
I
Առավոտը խոստանում էր հոգեպարար և առանձնահատուկ լուսավոր լինել:
Նման առավոտները զրնգուն են լայնահուն գետի ափին: Այսօր դա առանձին սրությամբ է ակնկալում բառի սահմաններում տառը հարգող մարդը, որը անհաղորդ էր անցյալի հուշերին, իսկ ապագայի տեսիլներից որևէ կերպ չէր կարողանում ներդաշնակ համանկար կառուցել իր մտահայեցման կտավներում:
Մանրաքայլ ու բացահայտ դժգոհ քայլվածքով նա կտրեց անցավ գետնատարած, ալարկոտ շարժումներով ինքնաներթափանցվող արծաթափայլ ամպաքուլաների վերմակած բացատը և մխրճվեց անտառի գաղջ խնձորականաչի մեջ, համոզվածության մեծ պաշար պարունակող ակնկալիքով, որ անտառի մյուս կողմում` գետափին, իրեն անակնկալ է սպասում:
Ճանապարհի այս հատվածը, ամեն անգամ, բառի սահմաններում տառը հարգող մարդը, առանձին երանության և հանդարտության զգացողությամբ էր կտրում-անցնում: Նույնիսկ սովորություն էր դարձրել դանդաղեցնել իր նպատակասլաց մանրաքայլ-արագընթաց գնացքը: Այստեղ մշտապես հանդիպող թաղանթաթև միջատները, որոնց թևերից` թռիչքի պահին, արևի ճառագայթների բեկված ցոլքերը սառնակապույտ ծվենների թափվող բույլերի էին վերածվում, այսօր բացակայում էին:
Նա փորձեց չսևեռվել այս հանգամանքի վրա, սակայն` ապարդյուն: Առօրեական ներդաշնակությունից դուրս, առանց սառնակապույտ ծվենների թափվող բույլերի, խաթարված բնապատկերը խորացրեց այն զգացողությունը, որ գետափի իրեն սպասող անակնկալը մտքով անընդգրկելի մի բան է լինելու:
Ասենք` խնձորաբույր շիկացած ձյուն, կամ ոստայնների մեջ անվերջ զուգավորվող կայծակների սառած, հյութեղ ժպիտ:
Ժամանակային որոգայթում անվերջանալի, կրկնվող գործառույթներով բնութագրվող դեգերումների մարդը, որը հարգում էր տառը` միայն բառի սահմաններում, այնքան էր սովորել կանոնակարգված ու վաղուց կաղապարատիպ դարձած ապրելու այս ձևաչափին, որ սարսուռ զգաց:
Այն բանից հետո, երբ իսպառ զզվեց բերանային խոռոչից արտամղված օդի կանոնակարգված տատանումներն ունկնդրելուց և դադարեց խոսել,- սա հավանաբար նրա երկրորդ մեծ նյարդային ցնցումն էր տեսածից, լսածից և վերապրածից: Նա հնչյուն արտաբերեց: Կարևոր չէ արտաբերված հնչյունը այս պարագային անհոդաբախշ էր թե որոշակի իմաստային ներդաշնակություն, կամ ասենք գաղտնի ենթատեքստ ունեցող, մեկ անձի համար նախատեսված ծկլթոց:
Կարևորն այն էր, որ մարդը բացեց բերանը, կոկորդից մղված օդը որոշակի հաճախականություններով վարպետորեն մոդուլավորեց լեզվի, քիմքի և ատամների գործուն մասնակցությամբ և մթնոլորտում բազմաթիվ մետրեր տրամագծով տատանումներ առաջացրեց:
Մինչ այդ միջավայրը հախուռն ու անընդմեջ ձայնարկում ու ձայնասփռում էր: Այդպես էր միշտ, և այդ երևույթը իր անընդհատականության բնութագրերով սպառնում էր օրվա կարևորագույն հատկանիշն ու իմաստը դառնալ: Մարդու մեկ արտաբերած հնչյունը վերջնականապես խաթարեց, գուցե փխրուն, բայց միջավայրի տարրերի ներդաշնակությամբ արժևորված հավասարակշռությունը: Տառը բառի սահմաններում հարգող մարդը խուճապի մատնվեց: Ամեն անգամ դեպքերի հաջորդականությունն ընթանում էր առանց բարդությունների, և նա հստակ գիտեր իր դերակատարման առանցքային և երկրորդական պահերը: Այս անգամ ամեն ինչ խառնվեց, ինչ-որ բան փոխեց շրջապատող աշխարհը և, հնարավոր է, վերջնականապես ու անվերադարձ:
Նա խուճապահար անվտանգ տեղ էր փնտրում: Պետք էր տուն փախչել: Տուն: Այս միտքը ավելի քան արտառոց թվաց: Տու՞ն: Որտե՞ղ... ի՞նչ տուն: Ինքը տուն ունեցե՞լ է կամ, սպասիր, այստեղ կարծես տուն չի էլ եղել: Որևէ տուն, թեկուզ ուրիշի: Տուն չկա ու չի էլ կարող լինել:
II
Կապտականաչավուն տերևներով ծառը, որի պտուղները դեղնաթունավոր գույն և նախկինում անհայտ համ ունեին, իր սովորական տեղում էր, բայց կասկածելի ինչ-որ փոփոխություն այնուամենայնիվ կատարվել էր: Բառի սահմաններում տառը հարգող մարդը փորձեց իրենից վանել կասկածները, քանի որ հասունանում էր յուրահատուկ մի իրավիճակ, ամբողջությամբ տարբեր` պարբերաբար կրկնվող առօրեականից, որը շփոթություն էր առաջացնում իրերի և երևույթների բնականոն ընթացքին հարմարված նրա նյարդային համակարգում:
Մարդը կանգ առավ: Առաջին անգամ դեպքերի և իրադարձությունների անընդհատ կրկնվող և ի շրջանս յուր վերադարձող գործընթացներում ինչ-որ խորթ երևույթ կամ տարր էր սպրդել:
Կապտականաչավուն տերևներով ծառը մի փղոսկրագույն առկայծող թափանցիկությամբ մարմարի նմանվող ճյուղ ուներ, որին թառած ագռավը պարբերաբար մռլտում էր ննջող կատվի նման, իսկ սիրամարգն իրեն այն թութակի պես էր պահում, որը կարծես ողջ գիտակցական կյանքը անց էր կացրել հեռավոր նավարկության կետորսական նավի հարպունահարի հետ ու, յուրացնելով նրա հայհոյանքների ընտրանին, պարապ ականջ էր փնտրում իր բանասիրական հանճարեղ գիտելիքները դրսևորելու համար:
Ագռավն այս անգամ կռռում էր հարյուր տարվա ագռավին վայել արժանապատվությամբ, իսկ սիրամարգը, պոչի հովանին բացած, հպարտ ճեմում էր ծառի տակ:
Անսովոր երևույթների և դեպքերի շղթան շատ էր երկարում և սպառնում էր օրինաչափ դառնալ: Սկզբում տան մասին անհեթեթ միտքը, իսկ մինչև այդ` կորած բնապատկերները, հետո այս իրադարձությունը, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում կանոնակարգված դեպքերի ընթացակարգի համատեքստում:
Մարդը հոգոց հանեց, անմիջապես գրանցելով, որ իր շրջագայությունների ընթացքում երբեք նման բան չի անում և շարունակեց քայլել: Գետափի իրեն սպասող անակնկալի կանխազգացումը խորացավ ու, կարծրանալով, գրեթե համոզմունք դարձավ:
Երբ ծառերի բների արանքից երևացին կարճ խոտածածկույթով բացատի վրա ընկած արևցոլքերից կազմված խճանկարները, խուճապը սկսեց նահանջել: Մարդը ավելի հանգստացավ, երբ հեռվում երևաց գետի ոլորանը` մխրճված հրվանդանի գահավեժ լանջը, որի գագաթին իր դիտակետն էր:
Վերջ: Հիմա ինքը կմոտենա դիտակետին, կկանգնի իր սովորական տեղում, կհետևի վարդագույն ամպերի ընթացքին, որոնք հասնելով մի կետի, կսկսեն թանձրանալ մեղրամետաղի գունախաղով ու կշրջապատեն արևի հետ ոչ մի առնչություն չունեցող նարնջակրակագույն ցոլքերով բաբախող եթերային սկավառակը: Իսկ հետո, երբ վերադառնա անցած ճանապարհով, ագռավն իրեն կատվի պես կպահի, սիրամարգը` թութակի, թաղանթաթև միջատները, որոնց թռիչքի պահին թևերից արևի ճառագայթների բեկված ցոլքերը սառնակապույտ ծվենների թափվող բույլերի էին վերածվում, կշարունակեն իրենց կանոնակարգված խայտանքը, իսկ ինքը այլևս հոգոց չի հանի ու կշարունակի հարգել տառը միայն բառի սահմաններում:
Սպասիր: Բայց ո՞ր բառի: Մարդը փորձեց հիշել այն միակ բառը, որի սահմաններում էր հարգում տառը, ու չհիշեց: Չհիշեց նաև հիշելու հանգամանքը: Արդյոք ինքը պարտավո՞ր էր հիշել, թե՞ պարտավոր չէր: Աննյութական վախը նորից սկսեց սողոսկել սիրտն, ու թանձրացող խուճապի կանխանշանները գրեթե շոշափելի էին: Իրավիճակը խոստանում էր ավելի խճճված ու ճնշող դառնալ այն բանից հետո, երբ մարդը հանկարծ հասկացավ, որ բերանի խոռոչից արտամղվող օդի հոսանքով մթնոլորտում կանոնակարգված ալիքների տատանումներ ստեղծելու գրեթե անդիմադրելի ցանկություն է առաջանում ինքնաներհայեցողական ներաշխարհում:
Սկսված ճգնաժամը սպառնում էր մտածողական, զգայական և տեսողական բոլոր օրգանները տրոհել մանր հյուլեների, երբ մի նոր երևույթ գրավեց նրա ուշադրությունը:
Մեղրամետաղի գունախաղով լուսապսակի մեջ ներկալված նարնջակրակագույն ցոլքերով բաբախող եթերային սկավառակի եզրագծերն սկսեցին կորցնել կորությունը, լղոզվել ու տձևանալ: Այս տձևացող զանգվածից հալված ոսկու կաթիլների պես մասնիկներն սկսեցին դժկամությամբ պոկվել ու դանդաղ առանձնանալ ընդհանուր համապատկերից: Կաթիլներն իրենք իրենցով սկսեցին մի նոր չափագրություն ստեղծել, որը եռաչափական չէր: Այստեղ սկսված փոխակերպումների արդյունքում կաթիլներն սկսեցին գունաթափվել, անսովոր ու անկայուն ձևավորումներ ստանալ, ու խախտելով նոր չափագրության սահմանները, փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրների տեսք ստացած` դանդաղ թափվել գետի ուղղությամբ: Փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրները սկզբում փոքր էին, եղունգի չափ, սակայն գետին մոտենալուն զուգընթաց չափերն սկսեցին համամասնորեն մեծանալ` համապատասխանելով դասական թատրոնների բեմերում նշանավոր օրերի հպարտ մենության մեջ առանձնացող դաշնամուրների չափերին:
Փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրների թափվող հոսքը չնայած կանոնակարգված ու նպատակաուղղված էր, սակայն ամեն դաշնամուր թափվում էր, ինչպես ամառվա շոգին բարձրացած շիկացած օդի շերտերի միջով սահելով թափվող տերևը կամ թուղթը: Տարուբերվելով երևակայական կորի աճող կողմի ուղղությամբ` այն բարձրանում էր մինչև որոշակի մի կետ և ապա գահավիժում ավելի ցածր տեղադրված կորի նվազման ուղղությամբ, այնուհետ նորից դանդաղող ընթացքով բարձրանում երևակայական կորի աճման ուղղությամբ ու նորից անկում ապրում և` այսպես շարունակ: Փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրները, անկմանը զուգընթաց, ինչպես արդեն ասացինք, սկսում էին համամասնորեն մեծանալ:
Մարդը, որն արդեն սկսում էր մոռանալ, որ տառի նկատմամբ իր հարգանքը միայն բառի սահմաններում է, լարվեց անսովոր զգացմունքների մի նոր չափաբաժնից, որի ձևավորման գրգռիչը` ներդաշնակ ու նուրբ, գրեթե շշուկով լսելի երեք ջութակների և կլավեսինի ներդաշնակ համանվագն էր: Նվագը նրա զգայարաններին էր հասնում սրտի տրոփյունների հաճախականությամբ: Բայց դա նվագ չէր, ավելի շուտ բազմանվագ էր դաշնամուրի մասնակցությամբ, որի ձայնը ավելի անեղծ էր, քան հեռավոր դաշտերում նոր տարվա խաղաղ գիշերվա լուսնկա մութում տեղացող ձյունը:
Դյութված մարդը մոռացել էր իր տագնապները ու զմայլված ըմբոխշնում էր անկրկնելին:
Փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրները դանդաղ, կրնկակոխ հերթականությամբ ու հետևողականությամբ, մեծանալով սկսեցին հասնել գետին ու լուծվելով խորասուզվել ալիքների մեջ:
Մարդն այս դյութական համապատկերի մաս կազմելու և ենթագիտակցականի ծալքերից ալիքվելով բարձրացող մի մոռացված մեղեդի դաշնամուրով վերարտադրելու անհագ ցանկությունից դրդված` անառարկելի վստահությամբ առաջ, դեպի հերթական ընկնող դաշնամուրի ստեղները մեկնեց մատները: Ձեռքի մատները դաստակի հետ, կամրջվելով գետի վրա, սկսեցին ձգվել դեպի դաշնամուրը` իրենց ոչ բնորոշ առաձգականության հատկանիշներ դրսևորելով:
Փղոսկրագույն-սպիտակ դաշնամուրը վախեցած խույս տվեց ստեղնահալած մատներից և արագ-արագ փոխակերպվելով` տարալուծվեց գետում: Մյուս բոլոր դաշնամուրները վախեցած թռչունների երամի պես համախմբվեցին և հետևելով առաջին դաշնամուրին` փոխակերպվելով, արագ լցվեցին գետը: Այդքան մեծ քանակությամբ հավելանյութի հանկարծակի ներկալումից գետը ալիքվեց` ճիշտ և ճիշտ ճապոնական միջնադարի գծանկարների փրփրաշատ ալիքներ առաջացնելով: Ճապոնական փրփրացայտերով բնութագրվող ալիքները սկսեցին գետի հոսանքին հակառակ, սահելով հեռանալ` իրենց հետ տանելով դաշնամուրապատկերների հուշը, մեղրամետաղի գունախաղով լուսապսակի մեջ ներկալված նարնջակրակագույն ցոլքերով բաբախող եթերային սկավառակից պոկված կաթիլների ստեղծած նոր, բազմաչափ տիեզերքի կտորը, ներդաշնակ ու նուրբ, գրեթե շշուկով լսելի երեք ջութակների և կլավեսինի ներդաշնակ համանվագն ու դյութական համապատկերի բոլոր մանրամասները:
Կարկամած անհաջողությունից` մարդը հայացքով սկսեց հետևել գրեթե մտքի արագություն հավաքած հեռացող ալիքներին: Մարդու հայացքը չդիմացավ անմարդկային լարվածությանը` ձգվեց ու պոկվեց դեմքից` հետևելով հեռացող երազանման ամբողջությանը:
Հայացքը կորցրած մարդը, որը մի ժամանակ տառի նկատմամբ իր հարգանքը միայն բառի սահմաններում էր դրսևորում, որն ապրում էր անվերջ կրկնվող շարունակականության մեջ, հանկարծ հասկացավ, որ հայացքի հետ կորցնում է իր ամենաերազային երազից էլ թանկ մի բան, որի ո՛չ անունը գիտի, ո՛չ իմաստը, ո՛չ սեռն ու ձևը, սակայն այս չիմացական անորոշությունն անգամ անկարող էր նրան սփոփել:
Հայացքը կորցրած մարդը, կանգնած գետափի զառիթափի իր դիտակետում, արտասվում էր:
Մարդուց գողացել էին հենց նոր հայտնաբերած իր Երազը:
III
Հայացքը կորցրած մարդը կանգնել ու կարկամել էր անսփոփ:
Նրան շրջապատող վերացարկված ու հայեցական իրողությունները, և նույնիսկ ներհայեցական ամբողջ համակարգը, հնարավորությունների և ուժերի գերագույն լարումով ցանկանում էր կանխարգելակել մոտալուտ աղետը, պահպանել անվերջ վերարտադրվող ու կրկնվող իրադարձությունների շղթան, բայց ապարդյուն:
Հայացքը կորցրած մարդը իր կորցրած Երազն ուզում ու չէր սփոփվում:
Սովորության ուժը մի պահ նրա մտապատկերում ուրվագծեց ետադարձ ճանապարհը, որն անցնում էր ափամերձ մարգագետնով գետն ի վար, ապա կապտականաչավուն տերևներով ծառերի պուրակի մոտով դեպի հրակարմիր ծաղիկներով զարդարված զմրուխտե թփուտների ոլորապտույտ արահետը, հետո ... սակայն ի՞նչ հետո:
Հետո չկա:
Մի անսփոփ թախիծ կա, կորստի անհագ ցավ, որ թանձրանալով սպառնում է մածուցիկ ճահճազանգված դառնալ ու տարալուծել իր մեջ ամեն տեսանելին ու անտեսանելին...
Երազին հետամուտ իր Հայացքին արժանի Մարդը քայլ կատարեց գետի հոսանքն վեր, դեպի անհայտի հորիզոնները: Այդ քայլը անխորտակելի սահման գծեց նրա անհասկանալի-անիմաստ, բայց սովորական անցյալի և անորոշ ապագայի միջև:
Քանի որ նա կանգնած էր դիտակետում, զառիթափ լանջի քարափի գլխին, կատարած քայլի հետևանքում ոտքը մնաց օդում ու, հենարան չգտնելով, գահավիժեց գետը: Մարդու մարմինը հավատարիմ իր օրգանների միջև անկաքտելի կապվածությանը` հետևեց քայլին ու ոտքի հետ ընդհանուր անկմանը մասնակցելով` հայտնվեց զառիթափի ստորոտում` գետի մեջ: Ավելի ճիշտ գետի վրա: Գետը համառորեն հրաժարվում էր կլանել, լուծել, տարալուծել, ընդունել, քշել-տանել, խեղդել, կամ էլի ինչ-որ բան անել, հավանաբար նրա ծրագրում մարդու հետ անմիջական շփման առումով որևէ հրահանգ չկար:
Հայացքին հետամուտ երազին ձգտող մարդը առանց ոտքերը թրջելու քայլերը կամաց-կամաց արագացնելով` սկսեց վազել գետի առաձգական տատանումներով արձագանքող մակերևույթի վրայով, հոսանքին հակառակ, դեպի անվերջանալի հեռու թվացող հորիզոնների աղջամուղջների վարագուրած անհայտները: Իզուր էին թաղանթաթև միջատները, որոնց թռիչքի պահին թևերից արևի ճառագայթների բեկված ցոլքերը սառնակապույտ ծվենների թափվող բույլերի վերածվում, նրա չորս բոլոր շուրջպար բռնել: Իզուր էր անտառի խնձորականաչն անընդհատ գունափոխվում` ցուցադրելով իր երանգների անսպառ հնարավորությունները, իսկ մարմարասպիտակ ճյուղի ագռավը հնազանդորեն կատվային ամենատարբեր մլավոցներ ու ճղավոցներ արձակում:
Իր Երազին հետամուտ Մարդը հաստատակամ էր ու նպատակասլաց:
Երբ թվում էր, թե ուր որ է կհասնի հորիզոնին, այն շարունակաբար հեռանում էր: Ինչպես ընդունված է դասական իրականության և իհարկե գեղարվեստական գրականության մեջ: Հեռացող հորիզոնը հիասթափություն ու դատապարտվածության զգացում առաջացնելով հանդերձ` ավելի ցանկալի էր դառնում:
Հանկարծ, չգիտես որտեղից, լսվեց սիրամարգի ձայնը: Չէ, նա կարծես չէր հայհոյում, զազրախոսում և ընդհանրապես նրա ձայնը տրամադրող էր ու նույնիսկ անհավանական ծանոթ: Սիրամարգն ասում էր` վե՛ր կաց: Ոչ թե` ե՛տ դարձ, կանգ առ, կամ ետ արի, կամ դրա նման մի բան, այլ` «վե՛ր կաց»:
Վե՜ր կաց...
Վե՜ր ...
Վե՜ր կաց...
Ի՞նչ վերկաց: Ի՞նչ... վերկաց... Ի՞նչ ես ուզում. հայացքս. ու՞ր է... Երազս:
- Ի՞նչ Երազ, Երազ չունենք: Գյուտ ունենք, Մեր Գյուտ թոռնիկն է գալու, վեր կաց լվացվի: Թոռդ, աղջիկդ չտեսնի խումհարությունդ:
Կինն էր: Կարծես ուրիշ աշխարհից, ուրիշ չափագրությունից, ուրիշի կինը:
- Երազը...
- Հասկացանք: Երազ ես տեսել, իսկ հիմա Գյուտն է գալիս, վեր կաց:
Մարդը, որ արդեն չգիտեր, թե բառի սահմաններում ինչն էր հարգում, հայացքը իսկապե՞ս կորցրել էր, թե՞ անտառի ագռավն իր կատվային հատկությունները զարգացնելով` լիզելով իսպառ մաքրել-սրբել էր այն,- կողմնորոշումը կորցրած, նայում էր կնոջն ու չէր հասկանում, թե այսքան ծանոթ և միաժամանակ անհասկանալի ու ժամանակից բացարձակապես դուրս այս կինը ի՞նչ է ուզում:
- Երազս...- մի վերջին հուսահատությամբ քրթմնջաց Մարդը:
- Վերջ: Վեր կաց: Ասում եմ երազ չկա: Ասում եմ Գյուտն է գալիս...
Ուրեմն Երազ չկա՞:
Չկա: