СТАНЬ VIP
Глава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странМиграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатовВ Армении седьмой месяц подряд сокращается рождаемостьВ Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режима

ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:15

ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Tigran Avagyan.jpg
Tigran Avagyan.jpg (6.26 кб) Просмотров: 622
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Сообщение Harutin » 11 окт 2010, 07:16

ԻՄ ՏԱՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ


Տատս, հայրս, հորեղբայրս, հորաքույրս այնքան շատ են խոսել իմ նախնիների մասին, որ եթե քնից ինձ արթնացնեն ու հարցնեն, թե իմ անունը, եղբայրներիս անունները կամ հորեղբորս տղաների անունները ո՞ւմ անուններն են` անգիր կասեմ: Այդ անունները իմ պապ Աղասու, պապիս պապ Ավագի, պապիս հայր Հովակիմի, պապիս եղբայրներ Գալուստի ու Հակոբի անուններն են: Անուններից ամեն մեկը հիշվում է որպես ինչ-որ բանի խորհրդանիշ. Աղասին` լրջության ու հավասարակշռության, Հովա­կիմը` հարստության ու քցիպության, Գալուստը` լռակյացության ու աշխատասիրու­թյան, Հակոբը` խելառության, մեծ սրտի ու բարության:

Բոլորիս անունները կնքել է տատս ու, արարքներս որ սրտովը չի լինում, գլուխդ առ ru փախիր:

- Հողերս հալիդ,- կասի,- դու պիտի Խոյցոնց Հակոբի տեղը բռնես, խալխի խելառներից ախպորդ պաշտպանելու տեղը, դու ես գլխին տալիս:

Անունները հիշվում են տարբեր առիթներով: Ամենից շատ` հյուր ունենալիս: Իսկ ավելի շատ, երբ հյուր է գալիս հորս հորեղբայր Հակոբի տղա Միհրանը: Անունները հիշվում են տարբեր տրամադրություններով, ամենից շատ` ցավով: Ցավն ավելի շատ է լինում, երբ գալիս է Միհրան հորեղբայրը: Գալիս է ու բորբոքվում է տատիս հոգու, հորս հոգու, հորեղբորս ու հորքուրիս հոգու կրակը:

Հորեղբայր Միհրանը ուշ-ուշ է գալիս, շատ ուշ-ուշ, մի քանի տարին մի անգամ: Գալիս է ու զարմանում, թե ինչքան ենք մեծացել, ինչքան ենք շատացել և ինչ լավն ենք բոլորս էլ: Ու գրկում է բոլորիս մեկ-մեկ, համբուրում է, քիթը խրում մազերիս մեջ:

- Ինչ անուշ հոտ ունես,- ասում է,- մեր տան հոտն է...

Տխրությունն ու ցավը շատ է լինում, երբ Միհրան հորեղբայրն է գալիս, բայց այդ ցավը անուշ, լուսավոր, ցանկալի ցավ է լինում: Հայրս, մայրս, հորեղբայրս ու կինը խառնվում են իրար, հյուրասիրություն են պատրաստում, իսկ հորաքույրս գալիս է ու գրկում.

- Տնաշեն, գիտես, որ քու գալը ոնց-որ մատուռի ետևից ելնող արևը, շուտ-շուտ արի էլի...

Ու հորաքույրս էլ բաց չի թողնում Միհրան հորեղբորս: Ու բացվում են հիշո­ղու­թյան ծալքերը, ու թափվում է տաք արտասուքը, ու զնգում է անուշ թախիծը, կարմրում են հորաքրոջս թառամած թշերը, բացվում է տատիս լեզուն, ու ոնց է պատմում, ոնց է պատմում տատս: Հերիք է Միհրան հորեղբայրս բացի ինչ-որ հիշողու­թյան ծայր, ինչ-որ բան հուշի` բացվում է տատիս լեզուն, բռնկվում է երևակայությունը, կանչում են սեղանի մոտ` ուշադրություն դարձնող չկա, գալիս է հայրս, գալիս է հորեղբայրս` հուշերից չեն կարող կտրվել, վերջը գալիս է մայրս, շշպռում է տատիս, շշպռում է հորաքրոջս, շշպռում է հորեղբայր Միհրանին, նոր սրանք մի կերպ ազատվում են հուշերից, իրենց աշխարհից վերադառնում իրական աշխարհ: Բայց մի երկու բաժակ խմելուց հետո էլի սկսվում է հինը: Հայրս ու հորեղբայրս իմ տատին` իրենց մորը հեչ չեն քաշել, չորս բառ իրար ետևից չեն կարող կապել, իսկ հորեղբայր Միհրանի բերանից ոնց որ մարգարիտ թափվի` նա խոսի, մենք բերաններս բաց լսենք ու չուզենանք, որ կենացները վերջա­նան... Այ, ոնց կուզենայի խոսել, երբ մեծանայի ու սեղանի գլխին նստելու իրավունք ունենայի...

Բայց հարցնող լինի ինչի` ինչի՞ համար են այդ հիշողությունները, այդ ցավը, այդ արցունքները, արժե՞ն այդ ցավին այդ Հովակիմը, այդ Աղասին, այդ Ավագը, այդ Հակոբը: Բայց փորձի հարցրու` տատս այնպես շշպռի, որ ճամփադ մոռանաս.

- Ո՞վ պիտի դաստիարակի ձեր էս լակոտներին,- կասի հորս, մորս, կասի հորեղ­բորս, հորաքրոջս` ով ընկնի թափի տակ:- Թե՞ սրանք մենակ զխկտվելու ու նախիր քշե­լու համար են...

Ու կսկսի հիշեցնել, թե ովքեր էին Խոյցոնք, թե ինչ տղերք ունեին Խոյցոնք, ինչ պատիվ, հարգանք ու հարստություն ունեին Խոյցոնք, ինչ խելառ ու խելացի էին Խոյցոնք: Հետո կամաց-կամաց ինքն իր հիշողություններով մեղմացած` կպատմի, թե ինչպես է Խոյցոնց խելառ Հակոբը, այսինքն իմ հորեղբայր Միհրանի հայր Հակոբը, ինչպես է ուզել տատիս փախցնել իր պես խելառ մեկի համար, ինչպես է հետո ջարդել այդ խելառ ընկերոջ կողը, երբ իմացել է, որ դեռ շատ վաղուց, դեռ տատիս երեխա ժամանակ ինչ կրակ է թափվել տատիս գլխին: Այսպես է եղել, ուրեմն. իմ երեխա տատն ու տատիս պապը տանելիս են եղել անասունը ջրելու` պապը առաջից, իմ երեխա տատը` ետևից: Իսկ իմ երեխա պապ Աղասին, այսինքն տատիս ապագա ամուսինն ու իր պապը, երթիկի վրա ետ ու առաջ անելիս են եղել: Պապիս պապը ցույց է տվել երեխա տատիս ու ասել երեխա պապիս.

- Թռի մի էդ աղջկա թուշը պագե ու արի:

- Չմոտենաս, շան լակոտ,- ասել է երեխա տատիս պապը,- էս ճիպոտը վրադ կջարդեմ:

Հովհաննես,- ասել է պապիս պապը,- արի պայման կապենք, էս էրեխեքը մեծանան` թե ես կենդանի մնամ, քու թոռին ուզեմ իմ տղին, թե դու` քու թոռին տաս իմ տղին:

- Ոնց որ էդ տնաշենի սիրտը իմացել էր,- տատս ասում է պապիս պապի մասին,- ոնց որ գիտեր, թե տասնութ թիվ էր լինելու, որ իրա գերդաստանը անջուր խոտի պես թոշնելու էր:

- Բայց Խոյցոնց խոտն էլի ծաղկել է,- ասում է Միհրան հորեղբայրս ու օղու բաժակը շրխկացնում սեղանին.- Խոյցոնց խելառներ, մեծից-փոքր` շարվիր,- թռնում է տեղից ու կանգնում շարքի գլուխը:

Շարվում ենք: Երբ Միհրան հորեղբայրն է կարգադրում, չենք կարող չշարվել, նա մեր ցեղի սուրբն է, մեր ցեղի թափառականը, մեր մոլորված որդին:

- Մեկից վերջ հաշվիր,- կարգադրում է:

Մեծերս հաշվում ենք, փոքրերի փոխարեն հաշվում է ինքը.

- Տասներկու, տասներեք..., տասնինը, որից տասնմեկը տղա,- զեկուցում է տատիս:

- Միհրան ջան, քսաներորդը դու պիտի ունենաս, տղերքի դյուժինը պիտի լրացվի:

Հորեղբայրս մտքի մեջ է ընկնում.

- Կտեսնենք,- ասում է,- ժամանակը ցույց կտա...

Այս անգամ հորեղբայր Միհրանը եկել էր ընտանիքով: Տատս դռան մոտ գրկեց հորեղբորս, կնոջը, երեխաներին, նորից գրկեց հորեղբորս, նստեցրեց կողքին: Երկուսն էլ ոչ մի բառ չէին ասում, նայում էին իրար. տատս` հորեղբորս ճերմակած մազերին, հորեղբայրս` տատիս քթի տակ ու կզակին երկարած սև մազերին:

- Հո պինդ ես, մամ,- լսվեց հորեղբորս ձայնը:

- Ոչինչ, հլա ոտի վրա եմ, հլա էրեխանցս կառավարում եմ...

Եկավ հորաքույրս, առանձնապես գալու բան չկար էլ` դուրս եկավ իր տանից, մտավ մեր տունը` մենք դրկից ենք: Հորաքույրս դեռ չէր հասցրել փաթաթվել հորեղբորս, եկան հայրս, հորեղբայրս, փեսա Ժորան, ամենքը իր կնոջ ու երեխաների հետ:

- Քա Միհրան ջան, էս ինչ օրի ես,- ասաց հորաքույրս,- գլխիդ սև մազ չի մնացել...

- Ցեղական է, քույրս,- ասաց Միհրան հորեղբայրս:

- Ահան քու ցեղը,- հորաքույրս ցույց տվեց իր եղբայրներին,- գլխներին սպիտակ մազ կա՞:

- Քեռուս եմ քաշել...,- ասաց հորեղբայր Միհրանը:

- Քեռիդ խելոք մարդ էր,- ասաց տատս:

- Դե լավ,- ասաց հերս,- քեռու ժամանակը չէ, ճամփա եկած մարդիկ են, գնանք գառը մորթելու:

- Գառ ես մորթում, ինչ ես անում` ես պիտի գնամ գյուղ,- ասաց Միհրան հորեղբայրը:- Գնանք, գանք, ինչ ուզում ես արա:

Գյուղը, այսինքն ձորի մյուս կողմի ավերակները, որտեղ ծնվել է հորեղբայր Միհրանը, տատս, հերս, հորեղբայրս, հորաքույրս, նրանց հայրերն ու պապերը` հիմա ավերակ է: Ի՞նչ է կորցրել, ինչ փնտրում հորեղբայր Միհրանը, չգիտեմ...

- Մենք էլ ենք գալիս,- ասաց մայրս:

- Բոլորդ ավտոյի մեջ չեք տեղավորվի,- ասաց հայրս:

- Ինձ էլ տարեք,- խնդրեց տատս:

- Դու էդ ձորը կարա՞ս բարձրանաս,- ջղայնացավ մայրս,- մեծ կնիկ ես, ի՞նչ գործ ունես էդ ժայռ ու քռայի մեջ:

- Ճանգռելով մի կերպ կբարձրանամ,- խեղճացավ տատս:

- Մամային ես գրկած կբարձրացնեմ,- մորս ասաց հորեղբայր Միհրանը:- Եթե շատ եք ուզում, փեսա Ժորան ձեզ կբերի:

Մայրս ենթարկվեց: Եթե Միհրան հորեղբայրն է ասում, պիտի ենթարկվի, նա մեր ղարիբն է, նրա ասածն օրենք է, եթե ասում է, մի բան գիտի...

Հորեղբայր Միհրանը տատիս նստեցրեց հորս կողքը, խնամքով ծածկեց մեքե­նայի դուռը, ստուգեց` ամո՞ւր է ծածկված, նոր նստեց ետևի նստարանին իր կնոջ ու երեխաների մոտ: Հայրս ինձ կարգադրեց նստել բեռնախցիկը, որ ձորում մեքենային տիրություն անեմ, մինչև իրենք կգան: Հորեղբայր Միհրանը զայրացավ.

- Շուկա տանելու գառ հո չի՞: Արի նստի ծնկիս:

- Շալվարդ կկեղտոտվի,- ասաց հայրս:

- Թող կեղտոտվի: Նստի,- Միհրան հորեղբայրը բացեց դուռն ու ինձ առավ ծնկներին:- Հարմա՞ր է,- հարցրեց:

Հարմար թե անհարմար` չգիտեմ. նստեցի: Ու լավ էր...

Ճանապարհին հայրս որոշեց, որ ձորով չենք գնա, տատիս համար բարձրանալը դժվար կլինի: Կփորձենք հասնել վերի գյուղ ու ետ գալ: Ես կասկածում էի, թե դա հնարավոր է, այդ երկու գյուղերի արանքը հիմւս արտատեղի է, ճանապարհ չկա...

- Քու գործը չի,- ասաց հայրս:

Գործս չի` ուրեմն գործս չի, տեսնենք ոնց պիտի տեղ հասնեք:

«ժիգուլիի» տակը քարերին քսելով, մի կերպ հասանք վերի գյուղ: Բոլորս իջանք, տատիցս բացի: Բայց թեթևացած էլ մեքենան հեռու չգնաց: Հորեղբայր Միհրանը տատիս թևանցուկ գրկեց, ու հորս ասաց, որ գնա ձորի կողմը մեզ սպասի: Ոտով տեղ կհասնենք,- ասաց,- գյուղը կնայենք ու մի կերպ կիջնենք ձորը:

Հորեղբայրս ու տատս կամաց-կամաց գնում էին, երեխաներն ու կինը չտեսի պես պատահած ծաղիկով հիանալով ու քաղելով, գնում էին առաջից, ես բոլորից վերջը` եթե պետք լիներ հորեղբորս օգնելու:

Հասանք աղբյուրին: Տատս չոքեց, մի երկու բուռ ջուր խփեց երեսին:

- Ջուրն էլ է ցամաքել,- ասաց տատս:- Այ էսքան ջուր էր հոսում,- տատս երկու ձեռների բութ ու ցուցամատերը խողովակի պես միացրեց իրար,- լուծը չէինք իջեցնում ուսերիցս, ամեն վեդրոն մի րոպեում լցվում էր:

- Անտեր մնացած բան ինչ պիտի լինի,- որտեղից-որտեղ հայտնվեց կովեր արածացնող նախրապանը:

- Ո՞ւմն են,- հորեղբայրս հարցրեց նախրապանին,- ժողովրդի՞նն է, թե՞ մասնավոր մեկինը:

- Մասնավորը կարա էդպես անասուն պահի՞,- ասաց նախրապանը, հորեղբորս ոտից գլուխ չափելով:

- Խոյցոնց Հակոբի տղեն է,- նախրապանի միտքը պարզեց տատս:

Չհասկացա` հիշե՞ց, թե չհիշեց Խոյցոնց Հակոբին նախրապանը, բայց էլ կասկածանքով չէր նայում:

Աղբյուրից արդեն հեռու չէր իմ նախնիների գյուղը: Արդեն երևում էր, ինչպես հանրագիտարանում է գրած ու նկարը կպցրած, կիկլոպյան ամրոց-գյուղի հսկայական ժայռաքարերով շարած պարիսպն ու անդուռ դարպասը: Թե որտեղից են այդ քարերը բերել, ո՞նց են իրար վրա դարսել` առանց ցեխի, առանց շաղախի, որ աստված գիտի քանի՞ դար վրայից փոթորիկ էլ է անցել, տակից երկրաշարժն էլ է ցնցել ու ոչ մի քար ցած չի ընկել: Այդ պատերը ժայռի պես կանգնած են ժայռի վրա, հնացել, քարաքոսով ծածկվել ու ձուլվել են ժայռերին` չես տարբերի` որն է ժայռը, որը պատը...

Մինչև պատերին հասնելը հորեղբայրս որոշեց թեքվել դեպի ձորը, որտեղից հոսում է Ախուրյանը, ու ինձ համար անսպասելի ես զարմացա նրա զարմանքի վրա` ինչպե՞ս են մարդիկ սայլերով իջել մինչև Ախուրյանի ափը, մինչև ջրաղացը, որ հիմա ավերակ է և մինչև հիմա էլ այդ ավերակի վրա խշշում ու հով են անում երեք հաստաբուն ուռենիներ...

- Էն ժամանակ մարդիկ ուրիշ էին,- հորեղբորս ասաց տատս:- Հերդ մի ջվալ ցորենը խաղալիքի պես գցում էր ուսը:

Ձորաբերանով, տատիս համարյա գրկած, հասանք գյուղի մուտքին: Հորեղբայր Միհրանը նայեց իմ կողմը, ու ինչ մտածեց` դարձավ տատիս:

- Հարսդ հո շատ լեզվանի չի՞...

Ես հասկացա` նկատի ուներ մորս:

- Դու լեզվին մի նայի,- ասաց տատս:

Գնում էինք գյուղամիջյան ճանապարհով: Ճանապարհը սարքած էր գետաքա­րե­րով ու այդ քարերից ոչ մեկը տեղից ելած չէր: Նրանց արանքը լցված հողի վրա աճել էր սիզախոտը, իսկ մոլախոտը, երևում է, արմատ գցելու տեղ չէր գտել... Տատս հարցնում էր հորեղբայր Միհրանին, թե հիշո՞ւմ է այսինչ տունը ումն էր, այնինչը` ումն էր:

Հորեղբայրս մի մասին հիշում էր, մի մասին չէ: Նա փոքրուց էր գյուղից գնացել` հոր պատերազմից վիրավորված ետ գալուց, նորից գնալուց ու զոհվելուց հետո: Ու այդ քիչ հիշածը տատիս զարմացնում էր` ինքը հիշում էր բոլորը: Հասանք եկեղեցատեղին: Եկեղեցին չկար, կար միայն նրան կից գերեզմանոցը... Որոշ քարեր շուռ էին տված ու կողքերը ոսկորներ էին թափած: Տատս անիծում էր գերեզման քանդողներին: Հասանք իմ նախնիների տնատեղը: Այդ տանը ծնվել էին հայրս, հորեղբայրս, Միհրան հորեղբայրն ու իր քույրերը: Մի քար անգամ չէր մնացել իմ նախնիների տանից: Հիմքից քանդել ու տարել էին վերջին քարը: Հորեղբայրս բարձրաձայն հիշում էր, իսկ տատս հաստատում, թե որն է վերնատունը, որը մառանը, որտեղ էր դրած քրոջ օրորոցը, ինչքան սիրուն էր քույրը և ինչ ոսկեզօծ շեկ էին մազերը: Գյուղ մտնելիս արդեն տեսնում էի, որ հորեղբայրս մի տեսակ լցված ու լարված էր, ինչ-որ ցավ կրծում էր նրան: Իսկ հիմա լարված հայացքը կարծես փափկել էր, արցունքը հոսում էր աչքերից ու նա չէր սրբում, չէր ամաչում արցունքներից: Նստեց տատիս կողքը, ինչ-որ ծանր հառաչի հետ բերանից թռավ. «Ախ հայրենիք, ինչքան ցավ կա մեջդ» ու համարյա անձայն, ինքն իր համար երգեց ինչ-որ երգ: Տխուր երգ էր, ես այդ երգը չէի լսել: Տատս ձայնակցեց հորեղբայր Միհրանին, հետո կիսատ թողեց երգը.

- Էն էրկու քարերը տեսնում ե՞ս,- ցույց տվեց քարափը,- թուրքը որ հարձակվեց, Խոյցոնք Գառնիկ անունով մի ազգական ունեին, թաքնվել էր էդ էրկու քարերի արանքը: Որ ասկյարը մտնում էր ջուրը, որ էս ափն անցնի, էլ նրան փրկություն չկար: Ասկյարի դիակ էր, որ գետը քշում էր: Գառնիկի պատրոնները վերջանում են, վազելով հասնում է քեռու տունը: «Մի պատրոնդաշ տու»,- ասում է: Քեռին երդում-պատառ է ուտում, որ չունի: Գառնիկը թե. «Քեռի, հրացանիս մեջ մի գնդակ կա, իմ համար եմ պահել, թե պատրոնդաշ չտաս` գլուխդ ցիր ու ցան կանեմ»: Քեռին թոնրի ակից մի պատրոնդաշ է հանում: Մի հատ էլ Գառնիկն է թռցնում ու հասնում տեղը: Էս էրկու պատրոնդաշն էլ է մատաղ անում ասկյարին, գալիս է տուն: Մերը թե. «Արի քեզ կնկա շոր հագցնենք, մնա մեջերս»: «Այ մեր,- ասում է,- էսքան ասկյար սատկացնեմ, հետո կնկա անունով մեռնե՞մ: Չէ, էդ չեղավ»: Թուրքերը սրան գտան խոտի դեզի մեջ: Գառնիկն ասավ. «Թողեք էրկու խոսք ասեմ, ինչ կուզեք արեք»: Ասին` ասա: Ասավ. «Բա դուք տուն ու տեղ չունի՞ք, ասավ, բա դուք քուր ու հարազատ չունի՞ք, մեր ու կնիկ չունի՞ք, օրենք, կրոն չունի՞ք: Ինչ եք ուզում մեզնից, ի՞նչ եք տվել, որ չեք կարում առնեք»: Ասին` պրծա՞ր... Գառնիկը ասավ. «Տո ձեր էլ, ձեր օրենքն էլ, ձեր ուղարկողի էլ...»: Գառնիկին տարան թուրքի մեծավորի մոտ: Մեզ, կնանոցը, արին մարագը, շորերը նավթոտեցին, դրին դռան առաջը, որ հրաման գա` վառեն: Գուրգեն ախպերս գիշերը ծարավին չէր դիմանում: Ասի գնամ ջուր բերեմ: Աղբրի մոտ ընկած էր Գառնիկի դին: Ջուր չբերի: Էկա տատիս ասի: Ասավ. «Սուս, ձեն մի հանի, մերը չի դիմանա, դուրս կթռնի, շները կսպանեն»:

- Վայ միամիտ ժողովուրդ,- տատս ձեռները խփեց ծնկներին,- վայ անտեր ժողովուրդ, ախր որ գութանի մաճը բռնելու հետ հրացան բռնել էլ գիտենար, ո՞վ կարար էս ձորերով, էս ժեռ ու քարով, էս պատերով գյուղ մտնել: Քանի՞ տարի, քանի դար էիք ման էկել ու աստված էս տեղի ճամփեն էր ցույց տվել, այ անաստվածներ, այ անխիղճներ, գլուխներդ ուսերիդ վրա չէ՞ր, գիտեիք չէ՞ - եթե էսօր չէ, էգուց թուրքը վրա է տալու, ինչի՞ համար էին ձեր էդ առյուծի կուռն ու կռնակը, որ մենակ մաճ բռնեի՞ք, որ մենակ ջվալ գցեիք մեջքների՞դ: Այ անաստվածներ...

- Ռանչպար ժողովուրդ էր, մերս,- ես հասկացա` Միհրան հորեղբայրն ուզեց նախնիներին արդարացնի:

- Միաբանություն չկար,- տատս աչքերը ոլորեց հորեղբորս վրա,- որ միաբա­նություն էղնիր, էս զուլումը չէր գա: Վացուն տուն էին` ամեքը իրա թագավորը, իշխանը, կնյազն ու կուտուզովը...

- Զենք չունեին,- ասաց հորեղբայրս:

- Որ ուզեին, որ խելքերը հասներ, գլուխները քարին կտային, կճարեին: Խոյցոնց Գառնիկը իրա կաղ հալով որտեղի՞ց էր ճարել: Նստած սպասում էին, թե երկնքից ալլահի հրեշտակները կիջնեն. «Աման, կասեն ասկյարին, սրանք մեր քրիստոնյա ախպերներն են, սրանց ձեռ չտաս»: Դու քեզ տեր չկանգնեցիր` անտեր կմնաս: Ոնց որ մարդը իրա տերն էլ է, ծառան էլ, ժողովուրդն էլ էդպես...

Հորեղբայրս լուռ բռնեց տատիս թևը: Նայեց ինձ: Ես բռնեցի մյուս թևը:

- Չես ուզո՞ւմ հորանցդ կողմը գնանք,- հորեղբայրս ասաց տատիս:

Տատս, իր զայրույթի ու խռովքի հետ, անկամ գալիս էր մեզ հետ: Հոգնեց: Հորեղբայրս ասաց.

- Հանի ոտնամաններդ:

Տատս առանց կռանալու չստերը հանեց, ես առա ձեռս: Բայց այդպես էլ երկար չգնաց.

- Քիչ էլ նստի,- ասաց հորեղբայրս:

- Չէ, թեթև շունչ առնեմ` ու գնանք:

- Տատս բերանով խորը շունչ քաշեց: Էլի քաշեց, բայց դեռ շարժվելու միտք չուներ, մտամոլոր էր:

- Ես Խոյցոնց Գառնիկի մասին չձենձնեցի: Բայց մոր ականջը ընկել էր,- շունչը տեղը բերելուց հետո ասաց տատս: - Մազերն էր փետում, ինքն իրան ճանգռում էր, թուր­քերին էր անիծում, ուզում էր գնա տղի դիակը տեսնի, դռան վրա կանգնած ասկյարը չէր թողնում: Ասում էր` մեծավորիցս վախենում եմ: Ի՞նչ աներ խեղճ կնիկը, գլուխը ո՞ր քարին տար:

«Բան չկա, Խանում հորքուր, մենակ քեզնով չի, աշխարհով է,- հանգստացնում էր կողքի կնիկը,- ճակատագիր է, Խանում հորքուր...»: «Չէ, չէ, ճակատագիր չէ, ես բացել կարդացել էի... Ճակատագիր չէ...»: «Ճակատագիր կարդալը դժվար է...»,- ասում էր կող­քի կնիկը: «Չէ, չէ, ճակատագիր չէ..., ճակատագիր չէ...»,- ողբում ու ծնկներին էր խփում Գառնիկի մերը: Հիմի էլ էդ խոսքերը էրազիս են գալիս, չգիտեմ` ճակատագի՞ր էր, թե՞...,- տատիս սուր, քննող հայացքը մեխվել էր հորեղբայր Միհրանի աչքերի մեջ: Նրանք երկար այդպես իրար նայեցին: Չգիտեմ` ի՞նչ ասին իրար, տատս գոհ մնաց, թե չէ` չգիտեմ:

Միհրան հորեղբայրս էլ, տատս էլ լուռ էին մինչև ձորի բերանը, այնտեղ, ուր մինչև այսօր էլ մերոնց ամրոց-գյուղի մի կողմից հոսող արագընթաց ու խելառ գետը խառնվում է մյուս կողմից եկող նույնպես խելառ ու պղտոր Ախուրյանին...

Այստեղ ամրոց-գյուղի մյուս ելքն է` երկու ժեռ քարերի արանքում բացված է մի նեղ արահետ: Մինչ արահետին հասնելը տատս գտավ կռվի ժամանակ սովից մեռած իր որդիների ու հորեղբայր Միհրանի ոսկեմազ քրոջ գերեզմանները: Չոքեց, համբուրեց գետինը, հորեղբայրս գլուխը կախ քիչ կանգնեց տատիս կողքը, հետո գնաց մի կողմ, նստեց գերեզմանոցի ցածրիկ պարսպին: Տատս սկզբում լուռ, գլուխը կախ, ձեռները ծնկներին խոսում էր ինքն իր կամ իր աստծո հետ, հետո լուսավորված, շաղված, ասես ինչ-որ խորունկ ցավից ազատված աչքերով փնտրեց հորեղբորս, գտավ ու նորից խորասուզվեց իր մեջ: Այդպես կրկնվեց մի քանի անգամ, մինչև հորեղբայրս հավաքեց իրեն, ելավ, մի երկու անգամ ետ ու առաջ արեց, լուռ փնտրեց ինձ ու հասկացրեց, որ մոտենամ տատիս:

- Ելի մամ, հերիք է,- կռացավ հորեղբայրս, համբուրեց տատիս:

Տատս դեռ իր աստծո հետ էր, բացեց շշկռված, զուլալված աչքերը, իր հերթին գրկեց հորեղբորս գլուխը:

- Փառք քեզ աստված,- ասաց տատս,- էս էրեխեքը գոնե գերեզման ունին: Պարտք եմ դնում վրադ, Խոյցոնց Միհրան, ես կմեռնիմ, դու ողջ մնա` գտի մեռած հորդ ու հորեղբորդ գերեցմանները: - Կռիվ սարքող, թևերդ թափին,- ինքն իրեն խոսեց տատս:

Հորեղբայրս չպատասխանեց, իր մտքերի հետ էր: Գյուղի ելքի մոտ ինձ ասաց.

- Տատիդ թևը թող, գնա առաջից: - Իսկ տատիս, թե` ոտնամաններդ հագի, փուշը շատ է:

Տատս խոր ախ քաշեց, հագավ չստերը:

- Թուրքը որ էկավ, Խոյցոնք երեսուն տուն էին: - Հագնելուց հետո սկսեց տատս: - Թուրքի գնալուց հետո մի յոթ-ութ տուն հավաքվեցին: Առանց ցավ ու կսկիծի չէին: Ո՞վ էր մնացել անցավ, որ Խոյցոնք մնային. ցավը ելել լցվել էր Արազն ու կերթար, արունը ելել լցվել էր Արազն ու կերթար... Մենակ հերդ ու հորեղբայրդ չկային: Ոչ մեռածների մեջ, ոչ ողջերի: Հետո հորեղբայրդ որ էկավ պատմեց. թուրքը վրա է տալիս, սրանք պապի հետ վար անելիս են լինում: Պապը նստացնում է սելն ու ցույց տալիս քաղքի ճամփեն. «Դուք գնացեք գլուխներդ պրծացրեք, ես հասնիմ գյուղ»,- ասում է: Ջուրն էս կողմն անցնելիս պապին թուրքը խփում է:

- Հայրս ու հորեղբայրս ե՞րբ եկան գյուղ,- հարցրեց հորեղբայր Միհրանը:

- Կեցի` կասեմ: - Տատս կանգնեց, նայեց ցած, դեպի գետը: Գունավոր շորեր ու լաչակներ կապած կանայք բուրդ էին լվանում:

- Էդ կնանոց կտեսնի՞ս,- ասաց տատս: Հորեղբայրս գլխով արեց: - Հիմի է էդ ջուրը էդպես պղտոր... Առաջ մարդիկ ջուրը չէին պղտորե, կհասկանային, որ գետը արտաքնոց չէ: Էդ ջուրը կխմեինք: Տասներեք-տասնչորս տարեկան կլինեի: Իջել էի ջուր բերելու: Տեսնիմ մեկը սարից կիջնի իմ կողմը: Ես չտեսնելու տվի: Էկավ, մոտեցավ, ասավ. «Բարևքեզ»: Ասի «Բարև քեզ»: Գնացի տուն, պապիս ասի` Խոյցոնց Աղասին էկավ: «Շատ լավ էղավ, որ էկավ, բալես, քու բաժինն էկավ»: Տատս ասավ. «Էդ անհեր, անմեր անտերին ես աղջիկ չեմ տա»: Պապս ասավ. «Քու գործը չէ: Աղասին Խոյցոնց ցեղից է, տես էրկու տարի հետո ինչ տուն ու տեղ դնի»:

- Հայրս ե՞րբ եկավ,- հարցրեց Միհրան հորեղբայրը:

- Էդ նույն տարին: Աղասին գիտեր տեղը: Բերեց ասավ. «Իմ փոքր ախպեր, մեր տուն ու տեղը քանդվել է, մեր հորն ու մորը սպանել են, մեր ազգ ու երամից մենք ենք մնացել: Քեզ պտի կնիկ ուզեմ, մեր տուն ու տեղ պտի սարքենք»:

- Լավ, զուլալ մնացել է հիշողությանս մեջ,- ասաց տատս,- գնացինք մորդ ուզելու: Նշանդրեք արինք, պտի ետ գանք` թիփին բռնեց: Ոչ դուրս ելնել կլնի, ոչ ձի լծել, ոչ գելը կոռնա, ոչ թռչունը թևին կտա: Մենակ թիփին կփչե... Խոյցոնց Մուշեղը քավորն էր, խնամոց ասավ. «Մի եզ մորթեցինք, էկանք նշանդրեք արինք, մի եզ էլ հետո պտի մորթենք, գանք հարսանիք անենք: Դուք էլ եք գեղացի, մենք էլ` էկեք նշանդրեքը դարձնենք հարսանիք, մենք մեր հարսը առնենք տանենք»: Մորդ բարեկամները խոսեցին, վիճեցին, քեռիդ խելացի մարդ էր, ասավ. «Իմ քուրն է, ես կտամ...»: Համաձայնվեցին: Էդ ժամանակ էկան հորդ ու մորդ ասին, թե գյուղապետը կկանչե: Դու մի ասա, գեղում վարժապետ կար, մորդ կուզեր: Գյուղապետը ասել էր մորդ. «Էս տղին դու կուզե՞ս, թե զոռով կտան»: Մերդ ասել էր. «Ես կուզեմ»: Էդպես մորդ բերինք: Բերինք, գարունն էկավ, աշխարհը կանաչով ծածկվեց, սարերը խնդացին, դաշտերը ծոցվորցել էին, ջրերը գլգլալեն կվազեին, մերդ քեզնով էր ծոցվոր, ես` Գալուստովս: Ասին` կինո են բերել: Ժամի մեջ ցույց կտային: Հերդ ասավ. «Հագնվեք էրթանք»: Հագնվանք: Էրկուսս էլ ջահել հարս: Մերդ շատ սիրուն էր: Դռան առաջ մեկը ասավ. «Հրեք, հրեք, էրթանք լավերուն կպնինք»: Մերդ սիրուն, հերդ` Խոյցոնց խելառ Հակոբը` կդիմանա՞: Հարցրեց. «Ո՞վ էր»: Ձեն հանող չէղավ: Մակարենց Վաչո կար, հերդ ասավ. «Դո՞ւ էիր»: Ասավ. «Ասենք թե...»: Հերդ զինվորի գոտի կկապեր, էլ բան չասավ` քանդեց ու տվավ: Թափան իրար վրա Խոյցոնք մի կողմից, Մակարենք` մյուս: Ձենը հասավ հորեղբորդ` Աղասուն: Համ կհարգեին, համ ուժեղ էր` հորդ մի լավ հասցրեց, մեկ էլ Վաչոյին: Կռվողներին բաժանեց: Կինոն պրծավ, էկանք տուն: Հորդ ասավ. «Մեկ էլ չտեսնիմ»: Հերդ ախպորը կլսեր, միշտ կասեր` հա, բայց վատ բան համբերությունը չէր տանի, վատ բան լսեր` գոտին պտի քանդեր...

Տատս լռեց: Հորեղբայր Միհրանը սպասեց, տեսավ էլ բան չի ասում, իջավ դեպի գետը, մի երկու անգամ վար ու վեր արեց գետի բերանով: Ես նստել էի տատիս կողքը: Գետը անուշ թշշում էր, թեթև քամին կպնում էր մազերիս ու երեսիս, մի տեսակ թմրել էի, ու կարծեմ քնել: Ոնց որ մեկն ասեր. «Աչքերդ բաց»: Տեսնեմ` մերոնք - հերս, մերս, հորեղբայր Գալուստը, փեսա Ժորան, երեխեքով, ամաններով, ահագին հեռվից գալիս են մեր կողմը: Ուզում էի հորեղբայր Միհրանին ցույց տամ եկողների կողմը, լսում եմ` տատս ինքն իրեն խոսում է.

- Խեղճ կնիկ, խեղճ կնիկ.- ասաց,- էն էլ օր ու արև չտեսավ: Յոթ տարի ապրեց մարդու հետ: Չորս էրեխա, ջահել, անմարդ կնիկ, հազար շուն կհաչեր վրեն: Լույսը չբացված` կիջներ ձորը, քարափը ճանգռելով կբարձրանար շրջան, որ մի կտոր հաց գտներ, մի բուռ ալուր գտներ, էրեխանց փորը խսոտեր: Էրկու քուրերդ պզտիկ էին` չդիմացան, դու ճնճղապաշարով մարդ դարձար:

Հասկացա, որ հորեղբայր Միհրանի հետ էր խոսում, իսկ նա կողքին չէր, դեռ գետի մոտ էր:

- Չհանգստացա՞ր, մամ,- կանչեց տատիս:

- ՄԵրոնք գալիս են,- ասի հորեղբորս:

Եկան, ամենքի ձեռին աման, հացի կապոց, փայտ, խորովածի շշեր, օղու շշեր: Հայրս կրակը վառեց, հորեղբայր Գալուստը միսն էր շարում, մայրս կարգադրություններ էր անում: Երեխաներս լցվեցինք ջուրը: Մեր քաղաքացի հյուրերը, այսինքն Միհրան հորեղբոր կինն ու երեխաները, անմասնակից ուտելուն չէին սպասում, մենակ փոքր աղջիկը վախենում էր ջուրը մտնել: Հորեղբայր Միհրանը կոշիկները հանեց, շալվարը քշտեց ու աղջկան գրկած սկզբում մտցրեց ջուրը, հետո կանչեց «Ալե հոպ» ու շպրտեց ջրի խորունկ տեղը: Բոլորս սկսեցինք վազել դեպի հորեղբայր Միհրանը, իսկ նա մեզ բարձրացնում էր վեր, կանչում էր «Ալե հոպ» ու շպրտում գետը:

Հորաքույրս երկար չդիմացավ, սիրտը ցավեց եղբոր տղի համար:

- Հլա վրա գլխիդ նայի,- ասաց հորեղբայր Միհրանին,- էդ շորերով ոնց պտի տուն հասնես:

Տեսավ հորեղբայրս բանի տեղ չի դնում, իսկ մեր ճչոցը լցվել է ձորը, էլ չհամբերեց.

- Հլա դուրս էկեք ջրից,- գոռաց մեզ վրա:

Մենք դուրս էինք գալիս, իսկ հորեղբայրս բռնում ու նորից գցում էր ջուրը: Հորաքույրս տեսավ գլուխ չի հանում, ջղայնացավ.

- Խոյցոնց խելառներ...,- ու գնաց:

Իսկ մենք լողացինք, գոռացինք, ճչացինք այնքան, մինչև էլ չհամբերեց հորեղբայրս, շորերով ընկավ ջուրը, մենք ավելի բարձր ճչացինք, թռանք հորեղբորս շալակը: Մեկը ոտներն էր բռնում, մյուսը թևերից կախվում, չգիտեմ ինչու բոլորս ուզում էինք հորեղբորս պառկեցնել ջրի մեջ ու նստել վրան: Իսկ նա չէր ուզում, կռվում էր հետներս, ինչպես հավասարը հավասարի:

Մրսեցինք: Գնացինք տաք քարերի վրա պառկելու: Ինչ լավ էր, ինչ ուրախ էր, ո՞ւր է, թե մեծերը շուտ-շուտ կարողանային ազատվել իրենց չհատնող հոգսերից, շուտ-շուտ իջնեինք ձորը ու հորեղբայրս մեզ հետ լիներ ու գոռար. «Ալե հոպ...»: Թող ասեն` Խոյցոնք խելառ են: Թող ասեն` ինչ ուզում են: Մենք հենց խելառ ենք, որ կանք...

Մինչև ուշ երեկո, մինչև արևամուտ ու աստղերի երևալը, մինչև քամու ու ցրտի ուժեղանալը, մինչև թռչունների քնելն ու վերջին բաժակ օղին պարպելը, շնչեցինք մեր նախնիների շնչած օդը, լսեցինք նրանց լսած ձայները, ապրեցինք նրանց ապրածը, հագեցանք նրանց շնչով: Այսպես ասաց հորեղբայր Միհրանը վերջին բաժակը խմելիս:

- Մնաց մի բան,- ասաց տատս,- ես կմեռնեմ, դուք ողջ մնացեք, երկար ապրեք ու մտածեք ձեր հայրական տունը շինելու մասին: Գիտեմ` կհանդիպեմ անցյալներիս, կպատմեմ ձեր մասին, թող ձեզնից գոհ մնան...

Բոլորը լռեցին: Լսվում էր միայն գետի թշշոցն ու ծղրիդների միապաղաղ, հավերժական երգը...

- Ո՞նց սարքենք, ոչ ճանապարհ կա, ոչ ջուր: - Ասաց հայրս,- ո՞վ կթողնի, որ սարքենք:

- Ոչինչ չկա, բայց այստեղ է նախնիներիս շունչը, այստեղ են մեր թանկ հիշա­տակ­ները, այստեղ են մեր հարազատների գերեզմանները: Մաման ճիշտ է ասում: Պիտի սար­քենք: Թույլտվությունը թողեք ինձ: - Ասաց հորեղբայր Միհրանը: -Ես մի կերպ լեզու կգտնեմ: Մարդիկ դեռ այնքան անգութ չեն, մեզ կհասկանան: Մեզնից հետո ուրիշներն էլ կգան, ձեռներս քարի տակ չէ` ջուրը կհասցնենք գյուղ, ծառեր կտնկենք ու այդ մի թիզ անապատի փոխարեն, տնատեղերում աճած տատասկի ու եղինջի փոխարեն կշնկշնկա զովն ու նախնիներիս շունչը:

- Ասելուց հեշտ բան չկա,- ասաց հայրս:

- Չէ, Ռազմիկ ջան,- հորս ասաց հորաքույրս,- հոր տունն անուշ է, հոր տունը չի մոռացվի, հոր տունը պտի շինվի:

- Դու ինչո՞վ կարող ես օգնել,- հորս առարկությանն ու հորաքրոջս ցավին ուշադրություն չդարձրեց հորեղբայր Միհրանը, դիմեց Գալուստ հորեղբորս, որպես մեծի:

- Փայտն ու ցեմենտն ինձնից,- ասաց Գալուստ հորեղբայրը:

- Քարն ինձնից,- ասաց փեսա Ժորան: - Ոնց պիտի լինի, որ շաբաթը էրկու մեքենա չբերեմ, էլ ինչի են էդ տասը տոնանոցը վստահել: Քարափները քանդի ու լից: Մենակ էս ջահելներին տվեք ինձ: - Փեսա Ժորան ցույց տվեց Հովիկին, Աղասուն, Տիգրանին, Սամվելին ու ինձ:

- Իսկ դո՞ւ,- հորեղբայր Միհրանը դառավ հորս:

- Ես կողմնակից չեմ,- ասաց հայրս:

- Քեզ չեն հարցնում կողմնակից ես, թե չէ,- անսպասելի զայրացավ Միհրան հորեղբայրը,- ամեն մարդ պարտավոր է հոր տունը շինել...

- Ռազմիկիս ձեռները ոսկի են,- խոսակցությանը խառնվեց տատս,- թող բան չբերի, էրեխեքը շատ են, շարելու գործն իրան թողեք:

- Հարմա՞ր է: - Վառվող լույսն ընկել էր հորեղբայր Միհրանի դեմքին և այդ դեմքն այտահայտում էր կոշտ ու անառարկելի ենթակայություն ընդհանուր կամքին:

- Կտեսնենք,- կմկմաց հայրս:

Ես հասկացա, բոլորն էլ հասկացան, որ հայրս համաձայնվեց:

- Ձեր արևուն մեռնիմ...,- ասաց տատս:

Ելանք տուն գնալու: Մինչև շարժվելներս հորեղբայր Միհրանը գազի մի մեծ, չորացած թուփ գտավ, գցեց կրակի վրա, գազը բռնկվեց ու լուսավորում էր իմ հայ­րական տան ու նախնիներիս տան ճանապարհը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ