Harutin » 24 мар 2011, 22:36
***
Ետեւում թողած ծիծաղ ու արցունք,
Թռիչքներ մտքի, անավարտ գործեր,
Թողած ճամփաներ ու կիսաբարձունք`
Այս ո՞նց եմ արդեն ավարտված դարձել:
Իմ «Ես»-ն այնժամ էր ապրում պանծացում,
Երբ վառում էի ես աստղալույսեր,
Ու տիրոջ ձեռքով երբ ամենեցուն
Բաժանում էի հույս, հավատ ու սեր:
Ես ե՛ս չեմ արդեն, այնժամ էի ես
Բանակներ էի երբ որ ուղղորդում,
Երբ սենատ էի մտնում տիրոջ պես,
Եւ ամբիոն էին ինձ առաջնորդում:
Ես էլ թողեցի արժեքներ ինչ-ինչ,
Բայց մեկ է, ո՞վ եմ` մի մահկանացու,
Կեսարներին էլ չմնաց ոչինչ,
Նույնը գերհզոր Մակեդոնացուն:
Այնպես որ ինչ էլ ես եղած լինեմ-
Տիրոջը պիտի լոկ ապավինեմ,
Համարեք ինձ էլ մեծաց «հավասար»,
Համարեք ընկավ եւս մի Կեսար...