Կենսագրություն
Բիթլզ (անգլ.՝ The Beatles; խմբի առանձին անդամներին անվանում են «բիթլ»), բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Լիվերպուլ քաղաքից։ Ստեղծվել է 1960 թվականին։ Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, սոլո-կիթառ, բաս-կիթառ, ստեղնաշար, փողային գործիքներ, հարվածային գործիքներ, վոկալ), Փոլ Մաքքարթնին (բաս-կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, կիթառ, վոկալ), Ջորջ Հարրիսոնը (սոլո-կիթառ, ռիթմ-կիթառ, կիթառ, ստեղնաշար, հարվածային գործիքներ, վոկալ) և Ռինգո Սթարը (հարվածային գործիքներ, ստեղնաշար, վոկալ)։ Տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը (հարվածային գործիքներ, վոկալ), Ստյուարտ Սատկլիֆը (բաս-կիթառ, վոկալ) և Ջիմի Նիկոլը (հարվածային գործիքներ)։ 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը հետագայում հասավ իր սեփական ոճին և հնչողությանը։ Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։ Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձել են Բիթլզի երգերի ազդեցությամբ։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» սինգլի թողարկումից հետո և իր ստեղծարարությամբ սկիզբ դրեց գլոբալ մի երևույթի՝ «բիթլմանիա» անունով։ Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։ Խմբի երաժիշտներին, իրենց պրոդյուսերին և ձայնային ռեժիսոր Ջորջ Մարտինին են պատկանում ձայնագրության բնագավառի նորարարություններ. տարբեր ոճերի համադրությունը, այդ թվում սիմֆոնիկ և փսիխոդելիկ երաժշտությունը, ինչպես նաև տեսահոլովակների նկարահանումը։
Բիթլզի ստեղծագործությունների մեծամասնությունն ստեղծված են համահեղինակային ու ստորագրված Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով։ Rolling Stone 500 ցուցակում առաջին տեղն զբաղեցնում է Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (և ևս չորս ալբոմ առաջին տասնյակում)։ The Beatles ալբոմն ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե։ Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։
Խմբի հիմնադրումը (1957-1962)
Ջոն Լենոնը փոքր տարիքից ապրել է մորաքրոջ՝ Միմիի հետ (իսկական անունը՝ Մերի Էլիզաբեթ), քանզի նրա հայրը՝ Ալֆրեդ Լենոնը, թողել էր ընտանիքը, իսկ մայրը սեփական ուժերով չէր կարող մեծացնել Ջոնին։ Երբ Ջոնը հայտնաբերեց Էլվիսին և ռոքնռոլը, նրա մոտ մեծ ցանկություններ առաջացան դառնալ երաժիշտ։ Մայրը նրան կիթառ և բանջո նվիրեց, և Ջոնն ստեղծեց իր առաջին խումբը Քարիմեն անունով։
1957 թվականի հուլիսի 6-ին Ջոնն իր խմբի հետ համերգ տվեց Սուրբ Փիթեր եկեղեցու համար, իսկ համերգի վերջում Իվան Վոգանը նրան ծանոթացրեց Փոլ Մաքքարթնիի հետ։ Փոլը զարմացրեց Ջոնին՝ կիթառի վրա նվագելով Էդի Քոքրանի Twenty Flight Rock երգը։ Մի քանի օր անց Փոլն ընդունեց Փիթ Շոթոնի՝ Քերիմեն խմբի անդամներից մեկի առաջարկը՝ միանալ խմբին։
1958-ի փետրվարին, Փոլի համոզմամբ, խումբ ինտեգրվեց Ջորջ Հարրիսոնը, որպես սոլո կիթառիստ, չնայած որ Լենոնը դեմ էր նրան, տարիքային տարբերության պատճառով։ Այսպիսով նորաստեղծ խումբը սկսեց ելույթներ ունենալ Լիվերպուլի սրճարաններում և հետզհետե ճանաչում ձերք բերեց։ Նրանք հիմնականում նվագում էին ռոքնռոլի արքա՝ Էլվիս Փրեսլիի, ինչպես նաև Չակ Բերիի, Բադի Հոլիի և Լիթլ Ռիչարդի գործերը, սակայն Փոլը և Լենոնը սկսեցին գրել իրենց հեղինակային երգերը, որոնցից մի քանիսը հետագայում հայտնվեցին Բիթլզի ալբոմներից մեկում։ Վերջիններիս ընկերությունը զոդում է մի ընդհանուր ողբերգություն. 1956-ին Փոլի մայրը՝ Մերին, մահանում է կրծքի քաղցկեղից, իսկ 1958-ին Ջոնն է կորցնում իր մորը՝ Ջուլիային, որը մահանում է ավտովթարից։
Խմբի անդամները սկսում են նոր անուն մտածել խմբի համար։ Բազմաթիվ տարբերակներից՝ The Beetles, The Silver Beatles, Long John, նրանք ընտրում են The Beatles տարբերակը 1960-ին։ Անվանումը վերջնականապես փոխելուց հետո նրանք իրենց առաջին լուրջ հրավերն են ստանում Ալլան Ուիլյամսի կողմից, ելույթ ունենալ Համբուրգում, որտեղ նրանք կհանդիպեն Կլաուս Վորմանին և Աստրիդ Քիրչերին։
Ոչինչ ինձ չէր հուզել մինչ այն օրը, երբ ես լսեցի Էլվիսին. եթե չլիներ Էլվիսը, չէր լինի և Բիթլզը։
Ջոն Լենոն