ՄԵՐՁՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Հարատև առատաթյունը մարդկանց նույնքան շփոթության մեջ է գցում, որքան հարատև կարիքը: Առատության դեպքում՝ ձանձրույթն է, կարիքի դեպքում՝ գերհոգնածությունը: Եվ այս, և այն պարագայում անձնասպանությունների տոկոսը բարձրանում է: Կոմունիստներն իմաստուն էին, որ չիրականացրին կոմունիստական հասարակարգի կառուցման ավարտը:
Քեզ հաղթելու ցանկությամբ հիմարը հույսը դնում է հիմարություններ անելու քո հավանականությունների վրա և երբեմն չի սխալվում: Քաղքենիությունը քաղաքակրթական նորմալ պտուղն է: Պատահական չէ, որ այդ երկուսի բառարմատը նույնն է: Միայն թե պտուղը ճաշակելուց առաջ, հեգնալի հանդուրժողականությամբ կեղևել է հարկավոր:
Ինքնարդարացվող հանցագործը պոտենցիալ կրկնահանցագործ է: Նրանց հասանելիք պատժի չափի նվազեցումը՝ նույնպես դրդիչ է կրկնահանցագործության, բացի այն, որ զեղչված պատիժը հետաձգվում է ապագայի անկանխատեսելի ձևերի մեջ:
Բնության երևույթների մեջ ծվարած են բոլոր հասարակական երևույթների պատասխանները: Ահա թե ինչու դարեր շարունակ հասարակական մարդը կենցաղային թե խոհական, բանաստեղծական թե առակատիպ համեմատաթյուններին է դիմել՝ մակերեսային թե խորագիտորեն, նրբամիտ ու դեռևս ոչ լիովին բացահայտված: Ո՛չ ժողովուրդն է իմաստուն, ո՛չ էլ անհատը: Աթեիստի համար բնությունն է իմաստուն, հավատացյալի համար՝ այն ստեղծող Արարիչը: Եթե մարդն ինքնին իմաստուն լիներ, ապա լուծած պիտի լիներ բոլոր հասարակական հարցերը, առավել ևս առանց դիմելու բնության օրինաչափություններին՝ այդ հավերժական «շպարգալկային»:
Մայրամուտը տխրում է քո փոխարեն, արևը ծագում է քեզ համար: Երբ բառն զգում ես իբրև կենդանի էակի, նա կենդանաթյուն է տալիս քո մտքին: Երբ կենդանություն է տալիս քո մտքին, հույզերդ մի առ մի արթնանում են: Երբ հույզերդ արթնանում են, զգում ես քո ողջ լինելը լիարժեք: Երբ քեզ այդպես ես գզում, հասկանում ես, որ դա մի բանի համար է... դու փրկվում ես տարակուսանքից... քեզ սիրում է նա, ում սիրո կարիքն ես զգում... քեզ ատում է նա, ում ատելության կարիքն ես զգում: Եվ ահա սիրո և ատելության արանքում նորից ապավինում ես բառի կենսանակությանը, մինչև որ քեզ հետ մեկնում է քո վերջին բառը, որով կայացնում ես քո դատավճիռը: Եթե բառը լեզու ունենար, ինչ պիտի խնդրեր քեզանից:
Հաղթահարում ես ընտելանալուց... օրինաչափությանները հայտնաբերելուց... քո բախտավոր աստղին կամ ժամին հավատալուց... Տիրոջը ապավինելուց,.. քո ուժերի օպտիմալ կիրառումից... ինքդ քեզ վրա հույս դնելուց... ուրիշների հաղթահարման փորձը հաշվի առնելուց... այդ ընթացքում մեղսագործելիս հատուցումն արիաբար տանելուց... հաղթահարած լինելու ձևացումներից հրաժարվելուց... Իզուր մի՛ ճշգրտիր. ճշգրտելիքդ փոփոխական է: Երկդիմի, փոփոխական ճշմարտությունների լաբիրինթոսում միակ ուղեկցին՝ ինքն անկեղծությանը հաճախ ես թմրեցնում պարտադրված քնի մեջ: Հավատացյալներն են ավելի շատ հանդարժում անհավատների չհավատալու իրավունքը, թե՞ ընդհակառակը: Ճշգրիտ գիտությունների մասնագետները (բժիշկ, քիմիկոս և այլն) հաճախ աթեիստներ են:
Ամեն մի երկրային բացատրություն ունի իր միստիկ վերնաշերտը: Մարդն Աստծո աստիճանավորված արարչագործաթյանն է, ինչպես պահանջարկն ու առաջարկը միմյանց առաջացնում են, այնպես էլ գոյանում են առաքինություններն ու արատները:
Դռան կարծիքը հարցրին, երբ մեջը կողպեք էր խցկվում: Համախոհների մեծաքանակություն նվաճելով՝ ջանում են ամրանալ իրենց համոզմունքների իրավասության մեջ: Ինչքան քիչ ես քավել քո մեղքերը, այնքան շատ ես վախենում մեռնելուց: Իմաստուն դառնալու համար քեզանից տարրական խելք է պահանջվում, որ իմաստությունն ավելի լավ է, քան տխմարությունը: Մարդն իրեն զրկում է իմաստությունից՝ սկսած այն պահից, երբ հրաժարվում է բարեխղճությունից: Խոսք կա, որ սնայպեր է, խոսք կա, որ համազարկ է:
Վայելում են այն, ինչից հետագայում պիտի զզվեն: Զզվում են այն բանից, ինչը հետագայում պիտի վայելեն: Ես սիրում եմ, որ մարդիկ իրար սիրում են: Քեզ ոչ թե կին է պետք, այլ քեզ պետք է այն կինը, որ քեզ է պետք: Եթե քեզ ծեծում են, ուրեմն դարձել ես այն ծեծը, որին արժանի էիր դու, թեկուզ ոչ այդ պարագայի համար:
Ծխելը վնաս է, բայց ոչ առողջապահության ցանցի աշխատակիցների եկամուտի համար: Կինն իրեն պատվանդանի վրա է զգում, երբ հզորը նվաստացնում է նաև ուրիշներին: Բոլոր արվեստագետները ենթակա են քաղքենիացվելու վտանգին, քանի որ քաղքենիաթյունը քաղաքակրթական փոխկապն է: Շրթունքների խաղը ավելի դյուրընթեռնելի է, քան ականջներինը, որոնք զգուշորեն. անշարժ են մնում, այնքան են նրանց քաշել մանկաթյան առաջին իսկ տարիներից:
Պետք է մաքրություն լինի, որպեսզի այն պահպանելու խնդիրն առաջանա: Կանացի ճակատին ու դեմքին իջած մազափնջերը սեքսուալ կիսադիմակներ են, մոտավորապես ինչպես մահմեդական կնոջ երեսին քաշած քողը, որը շեշտում է աչքերի գայթակղիչ խոսունակությունը: Սեքսուալ փորձի պակասը և անճարակ հետախուզությունը հանգեցնում են լքված լինելու զարմանքին, որ բաց պատուհան է դեպի հմտությունը: Կարևորն այն չէ, որ ցուրտ է լինելու, այլ այն, որ դու մրսելու ես: Այս հմտությունը երբեմն առեղծվածորեն անհետանում է:
Երբ մազերդ տնկվում են սատանայի պոչի նման, ուրեմն մեջդ սատանայություն է մտել: Այն, ինչ անցնում է քո մտքով, դա դու չես. քո սատանան կամ քո հրեշտակն է, որոնք քեզ հուշում են: Կյանքն ի՞նչ է, Եթե ոչ մինչև մեռնելը հասնելու մի ժամանակամիջոց, խնդիրն այն է, թե հանուն ինչի՞... Ժամը 11-ն անց է 18 ժամ: Գեղեցկուհին առեղծված է, քանի դեռ չես բացահայտել նրա բարոյաքիմիական բաղադրությունը. հայտնաբերելը պայթյունավտանգ է: Փոխադարձ սիրո համար սպառնալի երկրաշարժ է սեփական շահագրգռությունների ճեղքվածքը: Պարտությունդ քեզնից երես կթեքի քմահաճորեն, երբ դու նրան սիրահարվես թեկուզ հետաքրքրությունից դրդված:
Ղեկավարել՝ նշանակում է ցավ պատճառել, երբեմն իմաստալից: Ձեռքերը երկար են, խելքը կարճ: Փոքր խաղի մեջ հասունանում ես մեծ խաղի համար, որի մեջ թերևս բորբոսնես... նրա հատակին: Կինը նախանձում է կնոջը, երբ նրա բացված պայուսակի մեջ տեսնում է նրա ստինքներին ու կոնքերին համապատասխանող մեծ գումարը: Քիթը բնավորության ուղեցույցն է, ինչպես որ աչքերը բնավորության ուղենիշներն են: Երջանկությունը շփոթում են կոմֆորտի հետ, և անհասկանալի է մնում նրանց համար երանության առեղծվածը: Երանությունը պարգևատրվում է եսասիրությունից հրաժարվելու արիության դիմաց: Ես չեմ քարոզում. ես իմ շալակած քարն եմ օծանում: Որքան շատ են քարերը Հայաստանում, ու մեկ քարն անգամ կամովին շալակողների թիվն առեղծվածային է: Մտավորականությունը ազգի ծաղիկն է թափվում է, որպեսզի ազգը պտղավորվի, մինչդեռ հասուն կանայք գրկում են չպտղավորած ծաղիկների փնջերը, և պտուղներից կոմպոտ են պատրաստում՝ օր ծերության վայելելու համար: Ժողովրդից շատ բան մի՛ պահանջիր. նա կորցրել է իր անձնագիրը, թեև քո անձնագիրը քո անձը չէ: Մեկը կարող ես կորցնել, մյուսը չի կարելի: Նույն հայն ենք, հարբում ենք տարբեր խմիչքներից, բայց մի՞թե մեզ վիճակված չէ նորից դառնալ խաղողի ողկույզ: Գարեջուրը օղու մխիթարությունը դարձավ: Ստրկությունը կուզիկացնում է: Կուզիկացողի վրա ծանրանում է մի վաղաժամ ծերություն: Քո առաքելությունը ճառագայթում է քո մահից այն կողմ՝ կենդանությանդ օրոք քո ծավալած մագնիսականության համապատասխան: Աղմկարարությունը պատառոտվող խոնարհությունն է: Քո ցավերի հետ դու մենակ ես, մահվան դեմ-հանդիման, նույնիսկ եթե կողքիդ կան բժիշկ, քահանա, հարազատներ, որոնք րնդամենը քո ժամանակավոր սեկունդանտներն են, հավուր պատշաճի, բազմերեսանի ու նաև իրենց մարմնի կալանավորը: Քո թվացյալ վերջնական պարտության միջից որոնում ես անդրաշխարհային պարզված մի ձեռք, մինչդեռ անտարբերաթյան փակ դուռը համազոր է թշնամիների: Հավերժաթյունը քեզ այնքան համբերությամբ է սպասում, որ սպասելիս անհամբերություն պիտի չցուցաբերես:
Համբավը գերգովազդ է իր գերներգործությամբ կնոջ և հասարակության վրա, և համբավի հասած մարդն ինքը իր ապրանքն է և ապրանքի տերը: Ովքե՞ր են հիվանդացնում ու վաղաժամ մեռցնում պետության մարդկային ռեսուրսները: Հասարակությունը եղել է և մնում է ատելության դպրոց: Երբ կղկղանքը լցվում է գանգը, աղեստամոքսային համակարգն իրեն լավ է զգում: Այս է մեր ճակատանկարագիրը. խորհրդայինից խորհրդարան, ժողովրդի դիկտատուրայից՝ ագգային ժողովրդավարություն: Խոսափողն անջատվեց: