III
Սմբատ Ալիմյանը որքան ևս նախապաշարումներից ու սնահավատությունից զերծ լիներ, ուներ նախազգացումներ, որոնց կամա-ակամա հավատում էր: Երբ նրան հանկարծ տիրում էր տխրություն, գիտեր, որ իրեն սպասում է որևէ ուրախալի լուր: Ընդհակառակն, երբ զգում էր հոգեկան թեթևություն, գուշակում էր, որ իրեն սպառնում է որևէ անախորժ բան:
Այն օրը հանկարծ նրան պաշարեց ուրախություն: Նա երգում էր, շվացնում, մոռացած մշտական վիշտը: Նա խմեց մի բաժակ սուրճ, հանդիմանեց մորը, որ միշտ, ձեռները կրծքին դարսած, տխուր ու մռայլ, ուրիշներին էլ տխրեցնում է: Նույն տրամադրությամբ իջավ գրասենյակ: Այնտեղ արդեն բոլոր ծառայողները հավաքվել էին, իսկ յուր սենյակում սպասում էին մի քանի այցելուներ: Նա կարդադրեց սովորական գործերը. ճանապարհ դրեց այցելուներին, ուրախացավ, երբ լսեց, որ նավթի գինը կես կոպեկ փթին ավելացել է: Նա հաշվեց, որ եթե գործերն այսպես ընթանան, կարող է հորերի թիվը կրկնապատկել, երեք միլիոնը դարձնել տասը-տասնհինգ միլիոն: Զգաց փողի արժեքն ավելի, քան երբևէ զգացել էր, ամաչեց յուր նախկին «երեխայական գաղափարներից»: Նա նույն տրամադրությամբ կամեցավ դուրս գալ, մի քիչ զբոսնել: Հանկարծ ներս մտավ Իսահակ Մարութխանյանը, այն մարդը, որ երեքչորս ամիս էր` երես էր դարձրել Ալիմյաններից:
— Ներեցեք, Սմբատ Մարկիչ, — լուրջ ու հանդիսավոր եղանակով ասաց անսպասելի հյուրը, — ես ձեզ հետ մի շատ կարևոր գործ ունիմ:
— «Մի շատ կարևոր գործ, — ուրիշ կերպ էլ չէր կարող կարծել Սմբատը: Անկասկած շարժառիթը շատ մեծ է, որ այդ մարդուն դրդել է գալու: Իսահակը նայեց շուրջը, հավաստիանալու համար, արդյոք, երրորդ անձ ներկա չէ՞: Մոտեցավ միջին դռներին, հարցնելով.
— Կարելի՞ է փակել բանալիով:
— Բայց ինչո՞ւ:
— Անհրաժեշտ է:
Սմբատը ձեռքով նշան արավ նրան նստելու: Ինքն էլ նստեց:
— Գիտե՞ք ինչ, Սմբատ Մարկիչ, — սկսեց հյուրը, ձեռնոցները հանելով, — դուք պետք է սառնասիրտ լինեք, համբերությամբ լսեք ինձ:
Որքան նա ինքը սառն լիներ, այնուամենայնիվ բարակ ու պաղ ձայնի մեջ զգացվում էր ինչ-որ անսովոր հուզում:
— Ի՞նչ եք կամենում, կարճ ասացեք, — գոչեց Սմբատը անհամբեր:
— Դուք դիտեք, որ Իսահակ Մարութխանյանը երկար խոսել չի սիրում: Եկել եմ իմանալու, ձեր եղբայրը Միխայիլ Մարկիչը ե՞րբ պիտի վճարի իմ փողերը:
— Ձեր փողե՞րը...
— Իմ հալալ փողերը: Հերիք է, որքան սպասեցի: Ասենք, մի բան չեմ կորցնում, տոկոսներն ավելանում են, բայց վերջապես, ե՞րբ պետք է տա պարտքը...
— Ի՞նչ պարտք, չեմ հասկանում:
— Չե՞ք հասկանամ, — զարմացավ Իսահակն այնքան ճարպիկ, որ դժվար էր կեղծիքը զգալ, — միթե ձեզ չի՞ էլ ասել, զարմանալի է, շատ զարմանալի, մարդ մոտ կես միլիոն պարտք ունենա և հարազատ եղբորից թաքցնի՞, այն էլ մեծ եղբորից: Իմ արևը, Միխայիլ Մարկիչը շատ բախտավոր մարդ է... Իսկ ես, խեղճ, երբ մի քանի ռուբլի պարտք եմ ունենում, գիշերները քունս չի տանում:
Կես միլիո՜ն... Սմբատը նայեց հյուրի կանաչ-դեղնագուչն աչքերին, որ ակնոցների տակից ժպտում էին անզսպելի չարախնդությամբ, արդյոք այդ մարդը չի՞ խելագարվել: Բայց խելագարության ոչ մի նշույլ. ընդհակառակը, երբեք Մարութխանյանի դեմքն այնքան խորամանկ չէր թվացել Սմբատին, որքան աչժմ:
— Կես միլիո՜ն, — կրկնեց Սմբատը, — գիտեք, մենք միմյանց հետ հանաք չենք կարող անել այն օրից հետո, երբ դուք...
— Աստված հեռու տանի, — ընդհատեց հյուրը, — ես իսկի հանաք չեմ անում: Միխաչիլ Մարկիչ Ալիմովը մասնավոր պարտաթղթերով ինձ, Իսահակ Սեմյոնովիչ Մարութխանովիս, պարտական է երեք հարյուր քսան հազար ռուբլի: Տոկոսներն էլ վրեն գանք, կանի մոտ կես միլիոն կամ մի բան էլ ավելի: — Ես հենց մտքումս ասում էի, Սմբատ Մարկիչը չի հավատալ խոսքիս, կզարմանա: Անունս վատ է դուրս եկել ձեզ մոտ, գիտեմ: Բայց խնդրեմ այս երեկո շնորհ բերեք չային մեր տուն, ցույց կտամ պարտաթղթերը;
— Երևի, էլի այնպիսի մի թուղթ, ինչպես ձեր խարդախած կոնտր-կտակը...
— Սմբատ Մարկիչ, այդ ձեր եղբոր գործն էր: Բայց այս երեկո, հենց այս երեկո, կտեսնեք ձեր աչքով: Միխայիլ Սարկիչին էլ բերեք — եթե ինքը յուր բերանով չխոստովանի, այն ժամանակ թեկուզ երեսիս թքեցեք: Սպասե՞մ այս երեկո:
— Բավական է, ես ժամանակ չունեմ կոմեդիա խաղալու...
Այս ասելով` Սմբատը ոտքի կանգնեց: Մարութխանյանը ձեռնոցը հանդարտ ձգեց գլխարկի մեջ, որ դրած էր սեղանի վրա, հանեց ծոցի գրպանից մի ծրար, դուրս բերեց այնտեղից մի քառածալ հասարակ թուղթ: Բաց արավ թուղթը, պահեց Սմբատի առջև` ասելով.
— Կարդացե՛ք...
Սմբատը կարդաց. զննեց եղբոր ստորագրությունը: Այս մեկ թղթով պարտքի գումարը երեսուն հազար էր առանց տոկոսների:
Նա որոնեց գրասեղանի դարանները, գտավ Միքայելի հին մուրհակներից մեկը, համեմատեց ստորագրությունը և ակամա արտասանեց.
— Այո՛, կարծես Միքայելի ձեռն է:
— Կարծելու բան չկա, հաստատ է, — ասաց Մարութխանյանը թուղթը հետ առնելով հանդարտ և դնելով ծոցի գրպանը:
— Բայց կեղծած է, — ավելացրեց Սմբատը, — Միքայելը ձեզ ոչինչ պարտ չէ:
— է՜հ, որ այդպես է, ուրեմն դատարանը ցույ կտա: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես են գոյացել այս պարտքերը:
— Պատմեցե՛ք, — ասաց Սմբատը, նստելով և թիկն տալով բազկաթոռին: -Սուտ պատմվածքն էլ ունի իր որոշ գեղեցկությունը:
— Սրանից վեց տարի առաջ Միքայելը հափշտակվում է մի ծովային սպայի գեղեցկուհի կնոջով: Այդ կինը գցում է նրան յուր ցանցերի մեջ: Միքայելն սկսում է պարտքեր անել գեղեցկուհուն հագցնելու համար: Դիմում է Մարութխանյանին: Ուրիշ «ո՞ր հիմարը» նրան պիտի հավատար այդքան փող: Գեղեցկուհին խոստանում է Միքայելին փախչել նրա հետ արտասահման: Մարութխանյանը նրանց տալիս է ճանապարհածախս և երկու տարվա ապրուստի փող: Այս բոլոր պարտքերը տալիս է, Մարկոս աղայի մահից հետո ստանալու պայմանով: Ի՜նչ անպիտանություն որդու կողմից, այնպես չէ՞: Գեղեցկուհին խաբում է Միքայելին, փողերն առնում ձեռքից ու... մի ուրիշի հետ փախչում Ֆինլանդիա: Այս մեկ... Հետո, մի տարի անցած, ասպարեզ է գալիս ուրիշ գեղեցկուհի — մի ինչ-որ կոմիսիոների կին: Դա նույնպես բավական «քամում է խելոքի գրպանը»: Իսկ խելոքը միշտ դիմում է փեսային: Տե՜ր աստված, այժմ էլ Իսահակը հիշում է, թե ինչպես էր աղաչում Միքայելը, ինչպես էր լալիս: Այնուհետև մեռնում է Մարկոս աղան, Միքայելը ձեռ չի քաչում փեսայից և հին պարտքերը տալու տեղ, նոր պարտքեր է անում... Ահա ամբողջ պատմությունը երեք հարյուր քսան հազար ռուբլու...
— Բավական է, — գոչեց Սմբատը, հուզված ոտքի կանգնելով, — դուք երևելի դարվիշ եք, ձեր ֆանտազիան խիստ հարուստ է: Այդ բոլորը, ինչ որ պատմեցիք, ինքներդ եք հնարել:
— Կարճ ասացեք, ուզո՞ւմ եք փողերս տալ, թե` չէ:
— Ո՛չ:
Մարութխանյանը վեր կացավ տեղից, հեգնական ժպիտը կարմրախայտ երեսին ու հաստլիկ շրթունքների վրա: Նա չկարողացավ Սմբատին համոզել խոսքով, կհամոզի դատարանի միջոցով: էքսպերտները չեն կարող չվավերացնել պարտաթղթերի իսկությունը. ինքը Միքայելը նույնպես չի հրաժարվում յուր ստորագրությունից. այս մասին նա ապահով էր: Բայց, այնուամենայնիվ, չէր կամենալ գործը դատարանը գցել: Ով գիտե, ինչ կարող է պատահել:
— Նեղություն քաշեք, տելեֆոնով հայտնեցեք Միքայել Մարկիչին, որ այս երեկո գա քաղաք: Կգաք մոտս — լավ, չեք գալ, դուք եք իմանում: Ց’տեսության:
Նա դուրս եկավ այնքան հանգիստ, որքան հանգիստ ներս էր մտել:
Երեկոյան նա նստած էր յուր առանձնասենյակում երկայն կանաչագույն մետաքսյա խալաթը հագին: Գրում էր, ջնջում, հաշիվներ անում, գումարում էր յուր հարստությունը, որ իմանա` որքան մեծ է ուժը տնտեսական աշխարհում: Որքա՜ն հետ է մնացել նա. եթե Ալիմյաններից լիովին ստանա բոլոր «պարտքերը», դարձյալ ամբողջ կարողությունը հազիվ կազմի մի միլիոն: Չնչի՜ն բան այնտեղ, ուր ուրիշները միլիոնը վաստակում են մի շատրվանից...
Դռները բացվեցին, ներս մտավ Մարթան փոքր երեխային գրկած, մեծի ձեռից բռնած: Երկուսն էլ դեղնած էին, արյունաքամ, հիվանդոտ: Մեծը, որի վեց տարին շուտով պիտի լրանար, դեռ չէր կարողանում կանոնավոր ման գալ և հազիվ հազ հետևում էր մորը:
— Էլի ինչո՞ւ բերեցիր դրանց, — գոչեց Իսահակը սրտմտությամբ:
— Բերեցի, որ տեսնես ու ուրախանաս, այս րոպեիս մեծի քթից էլի արյուն գնաց,
— էհ, ես ի՞նչ անեմ, բժիշկ կանչիր:
— Բժիշկ, բժիշկ, տեսնո՞ւմ ես, որ ոչ մի բժիշկ չի օգնում:
— Որ չի օգնում, ես ի՞նչ կարող եմ անել:
— Խորհուրդ են տալիս արտասահման տանել: Եկ այս տարի տանենք:
— Ի՞նչ, գործերի այս տաք ժամանակը վեր կենամ, արտասահմա՞ն գնամ: .
— Գործեր, գործեր: Չեմ իմանում` ո՞ւմ համար ես հավաքում այդ փողերը...
— Հա՜ հա՜ հա՜, — լսվեց Իսահակի չոր ծիծաղը, — ինչ խելոքացել ես, հա՜ հա՜ հա՜: Ո՞ւմ համար... փառքի համար, սիրելի՛ս, փառքի... Կապրեն երեխաներս, — կուտեն, չեն ապրիլ, աստծո կամքն է, բայց փո՜ղը, փողը միշտ հարկավոր է...
Լսվեց դռան զանգի ձայնը: Եկողը Սուլյանն էր, որ ներս մտավ ժպիտը երեսին, փոքրիկ աչքերն արագ-արագ ճպճպելով:
Մարութխանյանը նրա միջոցով բանակցություն էր սկսել մի թուրք հանքատիրոջ հետ, որի հանքերն ուզում էր գնել:
Էհ, նոր խաբա՞ր, — հարցրեց նա, ձեռով նշան անելով հյուրին, որ նստի:
— Պետք է շտապել: Ուրիշ գնողներ են հայտնվել: Թուրքը քիթը բարձրացնում է:
— Կշտապենք: Այսօր կվճռվի: Ինչ լավ եղավ, որ եկաք. դուք վկա կլինեք մի գործում... Մարթա՛, այ, իմ քեֆի մարդ, այ, իսկական ուսում առած երիտասարդ: Հասկանում է մեր ժամանակի ոգին: Հարցրու, նա քեզ կասի մարդիկ ինչու համար են ուզում հարստանալ:
— Միթե տիկինը հերքո՞ւմ է հարստության նշանակությունը:
Փոքր երեխան սկսեց լաց լինել:
— Տար, աստված սիրես, զուռնա լսելու ժամանակ չէ, — ասաց Իսահակը, — բայց սպասիր, թող համբուրեմ... Այսօր առավոտ չեմ համբուրել:
Ամեն առավոտ, տնից դուրս գալիս, նա համբուրում էր երկուսին էլ, և սրանով սահմանափակվում էր նրա ծնողական զգացումը: Մինչ նա, փոքրիկին գրկած ուզում էր հանգստացնել, որ դադարի լաց լինել, տիկինը ժպտում էրք նայելով Սուրյանին: Եվ նրա աչքերը արտահայտում էին ծաղր Իսահակի հայրական փաղաքշանքին դեպի զավակները:
Նա խլեց երեխային ամուսնուց, բռնեց մեծի ձեռից և տարավ նրանց դուրս:
Մի փոքր անցած, ներս մտան Սմբատն ու Միքայել Ալիմյաննսերը: Սուլյանը, որ դեռ ոչինչ չգիտեր և չէր սպասում յուր պարոններին այստեղ, շփոթվեց: Մարութխանյանը, թեթև գլուխ տալով, ձեռով նշան արավ հյուրերին նստել, ճիշտ այնպես, ինչպես առավոտը վարվեց նրա հետ Սմբատը: Թող հասկանան, որ Մարութխանյանն էլ գիտե արհամարհել, երբ կամենում է:
Սմբատն ամեն բան պատմել էր եղբորը: Ինչ որ Մարութխանյանն ասել էր ծովային սպայի և կոմիսիոների կանանց մասին, ճիշտ էր, Միքայելը հաստատեց: Բայց նա այդ մարդուց փող, մանավանդ այդքան մեծ գումար, չի վերցրել, այստեղ կա մի դավադրություն...
— Մարտիրո՛ս, — գոչեց Մարութխանյանը:
Ներս մտավ բեղերը ներկած ու երեսը սափրած մի մարդ կեսասիական և կես-եվրոպական հագուստով: Դա Մարութխանյանի հավատարիմ ծառան էր, որ շատ բան գիտեր յուր տիրոջ անցյալից.
— Չայ բեր աղաների համար:
— Աս սհաթիս, — ասաց Մարտիրոսը, շամախու բարբառով:
— Պարտաթղթերս, — գոչեց Միքայելն անհամբեր:
— Մ՛ի վռազիր, մի բաժակ չայ խմենք, հետո... Նստեցեք... Սմբատը նստեց. Միքայելը` ոչ:
— Պարտաթղթե՛րս, — կրկնեց նա:
— Հեր օրհնած, պարտք ունեցողներն արքունական բանակումն էլ են նստում, իսկ ես ազգականդ եմ, փեսադ:
Նա ավելացրեց լամպայի լույսը: Ձեռը տարավ խալաթի գրպանը, հանեց մի մեծ բանալի: Սուլյանը մեկ ուզում էր հրաժեշտ տալ, մեկ էլ այնքան հետաքրքրվել էր, որ տեղից չէր շարժվում:
— Այս մարդը, — ասաց Մարութխանյանը, — նոր եկավ, թողնենք, որ վկա լինի, հը՞մ...
— Կարող է մնալ, — պատասխանեց Սմբատը:
Միքայելը հազիվ զսպում էր իրան: Մարութխանյանի դանդաղության մեջ տեսնում էր եզվիտական միտում` տանջել իրան, որքան կարելի է երկար:
Վերջապես տանտերը հանդարտ մոտեցավ երկաթե սնդուկին, բաց արավ, հանեց մի մեծ ծրար և նորից նստեց յուր տեղը:
— Համեցեք, եղբայր, կարդացեք ու մեկ-մեկ միտներդ բերեք ձեր պարտքերը:
Նա հանեց չորս պարտաթուղթ, տվեց մեկ-մեկ Սմբատին: Միքայելը կարդաց բոլորը ծայրեծայր, զննեց յուր ստորագրությունները: Քանի խորն էր նայում, այնքան շնչառությունն արագանում էր, քթի պնչերի դողոցը սաստկանում: Նա չէր նկատում յուր հետևում կանգնած Մարտիրոսին, որ աչքերը սևեռել էր յուր տիրոջ երեսին, կարծես, պատրաստ` նրա դեմքի մի նշանով խեղդել Միքայելին, եթե հարկը պահանջի:
— Այս ստորագրությունները կեղծ չեն, — Գոչեց Միքայելն ակամա:
— Տեսա՛ր, — դարձավ Մարութխանյանը Սմբատին, առնելով նրանից վերջին պարտաթուղթը:
Մարտիրոսը տիրոջ նշանով դուրս գնաց: Միքայելը ձեռը սեղմեց ճակատին, սկսեց անցուդարձ անել: Հերքել անկարելի էր. այդ չորս թղթի տակ էլ ինքն էր ստորագրել: Բայց ե՞րբ, ի՞նչպես և ինչո՞ւ, ահա հարց: Նա կանգ առավ գրասեղանի առջև, բութ մատն անխնա սեղմելով ատամների մեջ: Սմբատն ու Սուլյանը լուռ հետևում էին նրա դեմքի արտահայտությանը: Թիկն թված բազկաթոռին, Մարութխանյանը ձեռների մեջ խաղացնում էր խալաթի դեղնագույն ծոպերը:
— Աա՛, — գոչեց Միքայելը հանկարծ, — հիմա քիչ-քիչ մտաբերում եմ...
— Ես կարծում եմ, — ասաց պարտատերը հեգնորեն, — երեք հարյուր հազարը հանաք բան չէ...
Նա կամացուկ վեր կացավ տեղից, պարտաթղթերը դրեց սնդուկը: Մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս, ինչ-որ շշնջաց Մարտիրոսին, որ դրսում սպասում էր, դարձյալ հետ եկավ, նստեց:
— Անազնի՛վ, — արտասանեց Միքայելը:
— Կամաց, քույրդ կլսի, ի՞նչ հարկավոր է գոռալ:
— Անազնի՛վ, — կրկնեց Միքայելը:
— Լսո՞ւմ եք, պարոն Սուլյան, այս է աշխարհս, ա՜յ: Փող տվողը ե՛ս, նեղությունից ազատողը ե՛ս, անազնիվը ե՛ս, էլ աստծու արդարությունը որտե՞ղ մնաց:
Սուլյանը, որ արդեն հասկացել էր բանի էությունը, աչքերը արագ-արագ ճպճպելով, նայում էր մերթ Մարութխանյանին, մերթ Ալիմյաններին չիմանալով, ինչպես պահպանել իր հավասարակշռությունը երկու կողմի մեջ:
— Հիմա լսիր, Սմբատ, ինչպես է պատահել բանը, — խոսեց Միքայելը, — միտքս պարզվում է, քիչ-քիչ հիշում եմ բոլորը:
Եվ նա պատմեց եղելությունը: Հայտնի է, թե ինչ ներգործություն ունեցավ նրա վրա հանգուցյալ հոր կտակը: Նրա բոլոր հույսերն օդը ցնդվեցին այդ կտակով: Նա կորցրեց բանականությունը, ենթարկվեց ինչ-որ չար ուժի զորության: Սկսեց այնպիսի բաներ անել, որ ուրիշ ժամանակ չէր անիլ: Թշնամացավ մեծ եղբոր հետ, դիմեց Մարութխանյանի խորհուրդներին: Միասին հնարեցին այն կեղծ կոնտր-կտակը: Նա այդ կտակով սպառնաց Սմբատին: Ըսպառնալիքը չազդեց: Նա ավելի կատաղեց: Ուղեղը մթնեց, չգիտեր ինչ էր անում: Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր հարազատ եղբոր դեմ: Հենց այդ ժամանակները պատահեց մի բան, որ ավելի մթագնեց նրա խելքը: Նա կրքերից հարբեց, գիշեր ու ցերեկ միացան նրա համար: Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր: Նա միշտ համոզում էր Միքայելին` դատ բանալ եղբոր դեմ: Մի օր, վերջապես, գլուխն ազատելու համար, Միքայելն ասաց նրան. «արա, ինչ որ ուզում ես, ես քեզ իրավունք եմ տալիս»: Ահա հենց այդ իրավունքը դեպի չարը գործ դրեց Մարութխանյանը: Այդ օրից նա ամեն օր բերում էր Միքայելի մոտ տեսակ-տեսակ թղթեր և ստորագրել տալիս: Շատ անգամ Միքայելը հարբած էր լինում, իսկ այդ մարդը հենց այդ միջոցներին էր գալիս նրա մոտ: Նա հիմար էր, չէր կարդում շատ թղթեր և միայն ստորագրում էր: Կարող էր մտածել, որ նրա թեթևամտությունից այդ մարդը պիտի օգտվի, բայց այդպես, այդ անամոթությամբ, այդ լրբությամբ — երբեք չէր կարող երևակայել:
— Ահա երբ եմ ստորագրել պարտաթղթերը...
Նա բորբոքված դեմքը դարձրեց փեսային և ատամները սաստիկ կրճտելով` արտասանեց.
— Անազնի՛վ, և դու ուզում ես այս տեսակ փողերով կերակրել իմ քրոջը...
— Եվ բժշկել նրա հիվանդ երեխաներին, — ավելացրեց Մարութխանյանը, տակավին սառնարյուն, — ինչո՞ւ արյուն քրտինքով աշխատած փողերովս չպիտի պահեմ ընտանիքս: Սիրելի՛ս, փառք աստծու, այստեղ երեխաներ չեն նստած, որ ասածներիդ հավատան: Մարդ հասարակ նամակն էլ գրելիս` կարդում է ու հետո ստորագրում: Դու չորս փաստաթուղթ ստորագրեցիր և ոչ մեկն էլ չկարդացի՞ր, հա — հա-հա, երեխա մի՛ համարիր այս ուսումնական մարդկանց: Ինքդ աչքերովդ կարդացիր, որ թղթերից երեքը ստորագրված են Մարկոս աղայի մահվանից շատ առաջ և միայն մեկն է հետո ստորագրված:
— Այո՛, բայց դու ժամանակն էլ ես խարդախել:
— Հա-հա-հա, ժամանակն էլ եմ խարդախել... Կարելի է ասել, որ ես ե՛ս չեմ դու դո՛ւ չես, որ այդ մարդու ազգանունը Սուլյան չէ, որ Սմբատ Մարկիչը եղբայրդ չէ... Միխայիլ Մարկիչ, ինչո՞ւ չես ուզում խոստովանել, որ փողի գինը չես իմացել, շպրտել ես աջ ու ձախ:
— Շպրտել եմ, բայց ոչ քո փողերը: Դատարանը թանաքը քիմիական անալիզի կենթարկի և կտեսնի, որ բոլոր թղթերը ստորագրված են մոտ ժամանակում:
Սուլյանը ներքուստ ծիծաղեց Միքայելի միամիտ սպառնալիքի վրա:
— էհ, — ասաց Մարութխանյանը, — ուրեմն կդիմենք դատարանին, ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում:
Միքայելին ավելի ու ավելի էր գրգռում նրա սառնությունը: Բայց վճռեց մեղմ խոսել, զգում էր, որ բարկանալը վնասում է գործին: Եվ, հակառակ հպարտության զգացմանը, սկսեց համոզել անողոք պարտատիրոջը` խնայել իրեն, խոստովանել ճշմարտությունը:
Խոսաովանել ճշմարտությունը — ահա մի բան, որ երբեք չէր կարող անել Մարութխանյանը: Գործի սկիզբը դրված էր, մի՞թե հնարավոր էր հետ կանգնել:
Միքայելը խոստացավ վճարել տասը, տասնուհինգ, քսան տոկոս, միայն թե Մարութխանյանը ասի, որ կատակ էր անում, որ ոչինչ ստանալիք չունի: Պարտատերը շարունակ ժպտում էր հեգնորեն, ուսերը վեր քաշելով:
Միքայելը հուսահատ նայեց եղբոր երեսին, կարծես, հարցնելով, արդյոք դեռ էլի՞ պարտավոր է իրեն զսպել: Սմբատի դեմքը մռայվել էր, ինչպես աշնանային գիշեր: Նա ոչինչ չասաց, հայացքը հառեց հատակի մի կետին:
Միքայելը շարունակեց խնդրել պարտատիրոջը, որ իրեն` չհուսահատեցնի: Ամենը գիտեն, որ նա եղել է շռայլ, բայց երեք հարյուր քսան հազա՜ր... ո՛չ, այդքան փող նա երբեք չի ունեցել:
— Լա՛վ, ես քեզ չեմ խեղդում, — ասաց պարտատերը, — ժամանակ կտամ, որ քիչ-քիչ վճարես պարտքդ, — մի, երկու, էհ, երեք տարի, հերի՞ք է:
— Իսահակ, — կրկնեց Միքայելը և ձայնը դավաճանեց կամքին:
— Բավական է. ազգականությունն իր տեղն ունի, հաշիվն իր տեղը: Պարոննե՛ր, խոսեցե՛ք, ինչո՞ւ եք լռում:
Սուլյանը տակավին չգիտեր` ում կողմը բոնի: Հոգով Միքայելին էր հավատում, բայց ինչո՞ւ չլռել. քանի որ խոսելը կարող է գրգռել կամ մեկին, կամ մյուսին: Ավելի խելացի էր միամիտ ձևանալ, նայել ապշած մերթ մեկին, մերթ մյուսին, ցույց տալ, թե դեռ ոչինչ չի հասկանում վեճից:
Սմբատն աշխատեց համոզել փեսային` լավ մտածել արածի մասին: Չէ՞ որ նա քրեական հանցանք է գործում, կարող է աքսորվել:
— էէ, թող աքսորվեմ, — ասաց պարտատերը, — եթե աշխարհի երեսին արդարադատություն չկա: Հավատացեք, ես ոչինչ չէի պահանջիլ, մի բան էլ գրպանիցս կբաշխեի , եթե Ալիմյանները միլիոններ չունենա էին: Ունեն, ուրեմն կստանամ հալալ փողերս, ինչպես արքունական բանկից:
— Որ այդպես է, — կատաղեց Միքայելը, չկարողանալով այլևս ստորանալ հակառակորդի առջև, — մի հատ ասեղ չես ստանալ, որ ագահ աչքդ կոխես: Դու մոռանում ես, որ ես հավասար ժառանդ չեմ և միայն այն ժամանակ կդառնամ, երբ կամուսնանամ: Իսկ ես երբեք չեմ ամուսնանալ: Գնա, տեսնեմ ումից կառնես փողերդ:
Մարութխանյանը հեգնորեն ժպտաց, ոտը ոտի վրա գցելով` հաստլիկ բեղերի ծայրերը ոլորելով: Նա ապահով է. Սմբատը երբեք չի թույլ տա, որ եղբայրն «անկարող պարտապան» հրապարակվի: Նա կտա եղբոր պարտքերը: Այս էր արտահայտում նրա դիվային ժպիտը, որ օձի պես խայթեց Միքայելին:
— Լի՛րբ, քանիսին ես կողոպտել, քանի՞ խեղճերի ես հացից զրկել...
— Օօ՜, շատ շատերին, մինչև անգամ հանգուցյալ հորդ:
— Խնդրեմ, մեր հոր մասին ոչ մի խոսք, — գոչեց Սմբատը խորին սրտմտությամբ:
— Գո՛ղ; ավազա՛կ, վախկո՛տ, — մռնչաց Միքայելը, ոտն ուժգին զարկելով հատակին, — գոնե տաքացիր, բարկացիր, վախկո՛տ...
Այս արդեն չափազանցություն էր: Մարութխանյանը վիրավորվեց, որովհետև կողմնակի անձ էր ներկա: Նա ասաց.
— Ես սկանդալիստ չեմ, վախկոտ եմ: Կռվել ես ուղում, գնա Գրիգոր Հաբեթյանի մոտ... Նա քեզ պատասխան կտա...
Ակնարկը պարզ էր: Նա սպառեց Միքայելի համբերության վերջին կաթիլը: Առանց այդ էլ, արդեն շատ էր զսպել իրեն: Արյունը խփեց գլխին: Վերջին ամիսներին կրած վիրավորանքներն ու դառն վշտերը մի վայրկյանում կուտակվեցին նրա սրտում: Առերևույթ մեղմացած հոգին բորբոքվեց նախկին կրակով, որ դեռ վառ էր: Դա այլևս այն Միքայելը չէր, որ սեփական հանցանքից ընկճված, այնպես կաշկանդվեց Գրիգոր Հաբեթյանի առջև: Այնտեղ նրան զսպողը խղճի սուր խայթոցն էր և այն հեզ կերպարանքը. այստեղ արդար էր, ոչ մի տարր չկար, որ զսպեր նրան:
Նա մի ակնթարթում վերցրեց մոմկալը սեղանի վրայից և շպրտեց այն մարդու վրա, որ այդ պահին պատկերացավ նրա աչքում կենդանի մարմնացում բոլոր թշնամիների թշնամության: Գործողությունը կատարվեց այնքան արագ, որ Մարութխանյանը ժամանակ չունեցավ դռների հետևում դրված Մարտիրոսին կանչելու: Մոմկալը մի պտույտ գործեց Սուլյանի գլխի վրա և տակի կողմով դիպավ տանտիրոջ ճակատին: Արյունը դուրս ցայտեց, թափվեց երեսի վրա, հոսաց ներքև, շաղախեց թանկագին խալաթը: Վիրավորվածը ձեռները սեղանին հենելով, կամեցավ վեր կենալ, չկարողացավ, նորից ընկղմվեց բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ:
Ներս վազեց Մարտիրոսը և հետևից բռնեց Միքայելի ձեռները: Սուլյանը մոտեցավ վիրավորվածին օգնելու: Ի՜նչ վայրենություն, տեր աստված, ահա ի՜նչ ասել է տգիտություն, անկրթություն:
Վերքը բավական մեծ էր, արյունը չէր դադարում:
Դռների մեջ երևաց տիկին Մարթան: Մի վայրկյան ապշած նայեց տեսարանին և տեսնելով ամուսնուն արյունաթաթախ, ճչաց ու հարձակվեց նրա վրա:
Միքայելը նայում էր տեսարանին, անշարժ կանգնած: Մարտիրոսը նրան բաց էր թողել, ուշքի էր բերում տիրոջը: Լսելով քրոջ հուսահատ ճիչը, ցնցվեց, արձակեց խուլ հառաչանք և ընկղմվեց աթոռի վրա ուժասպառ:
Սմբատը բռնեց նրա թևից, դուրս տարավ:
IV
Փողոցի սառն օդը սթափեցրեց Միքայելին: Անսահման զղջումից կրծոտում էր շրթունքները մինչև արյուն: Հարձակվեց մի մարդու վրա, որ որքան վատ, որքան ստոր և անխիղճ լիներ, իր քրոջ ամուսինն էր: Եվ մի՞թե ասպետություն էր վախկոտի վրա ձեռ բարձրացնելը:
Նրա ականջներին հնչում էր սարսափած քրոջ ճիչը, հետո — անեծքները, ինչո՞ւ, ի՞նչ մի մեծ բանի համար: Փողի՞: Ի՞նչ ստորություն, ի՜նչ հիմարություն անգամ: Չէ՞ որ նա ոչինչ չունի, ոչ մի կոպեկ, ի՞նչն էր պաշտպանում:
Բայց, զղջալով հանդերձ, արտաքուստ ցույց էր տալիս, թե դեռ կատաղած է հակառակորդի դեմ: Սմբատի լռությունը կրկնապատկում էր նրա տանջանքը: Նա չգիտեր` ինչպես արդարացներ իր վայրենի վարմունքը, բայց և չէր էլ ուզում խոստովանել զղջումը: Ուրախ կլիներ, եթե Սմբատը հանդիմաներ, պարսավեր, հայհոյեր, նույնիսկ ծեծեր իրեն ինչպես մի վատ, անպիտան երեխայի, միայն չլռեր:
Նա խլեց թևը եղբորից, կանգ առավ, գլուխը հենեց փողոցային լապտերի սյունին, մի ձեռով գրկելով սյունը: Լսվեց նրա խուլ հեկեկանքը: Երբեք իրեն այդչափ դժբախտ չէր զգացել: Նա ուրախ կլիներ մնալ քաղցած ու մերկ, միայն թե այդպես վայրենի վարված չլիներ նույնիսկ այն մարդու հեստ, որ բացարձակ կողոպտում էր նրան, ինչպես երդվյալ ավազակ:
— Գնա՛ իմացիր, ինչպես է վերքը, — գոչեց նա Սմբատին:
— Առաջ հարկավոր է քեզ տուն տանել: Անցնողներն ուշադրություն են դարձնում: Նստենք կառք:
— Թող ինձ այստեղ, գնա, ուր ուզում ես:
Նա քայլերն ուղղեց փողոցի մյուս մայթը, որ ծովափն էր: Սմբատը հետևեց նրան, գրեթե ուժով կառք նստեցրեց և բերեց տուն: Մինչև կես գիշեր չէր հեռանում նրանից: Միշտ լուռ էր և չգիտեր` որքան իր լռությամբ տանջում է եղբորը:
— Խոսելո՞ւ ես, թե չէ, — գոչեց, վերջապես, Միքայելը:
— Ի՞նչ խոսեմ: Այս կարճ միջոցում դու երկու անգամ ծեծվում ես, մի անգամ ծեծում: Մի՞թե միայն բռունցքն է ազդում մեզ վրա, մի՞թե դեռ այդքան վայրենի ենք:
Սուլյանը լար բերեց, թե հրավիրված բժիշկը Մարութխանյանի վերքր թեև մեծ, բայց անվտանգ է համարում: Եթե մոմկալը հատակի տափակ կողմով դիպած չլիներ, վիրավորը չէր ապրիլ:
Ամբողջ գիշեր Միքայելը չկարողացավ քնել: Մարութխանյանի արյունը հալածում էր նրան, բորբոքում երևակայությունը, ինչպես մի ժամանակ Հաբեթյանի ապտակը: Ա՜խ, ճշմարիտ, որքա՜ն դեռ վայրենի է: Եվ դեռ զարմանում էլ է, որ մի հեզ, հրեշտականման էակ ատում, արհամարհում է իրեն:
Հազիվ լույսը բացված, ուղևորվեց հանքերը: Մի քանի ժամ անցած եկավ Սմբատը: Առավոտը կանուխ Մարթան արտասուքն աչքերին եկել է, բոլորը պատմել մորը: Այժմ այրին մազերը փետրում է, կուրծքը ծեծում, ողբալով Ալիմյան գերդաստանի բարոյական անկումը:
— Ի՞նչ ես մտածում անել, — հարցրեց Սմբատը, այս բոլորը հաղորդելուց հետո:
— Վճարել նրա պարտքերը: Գիտեմ, ես ժառանգ չեմ, բայց պետք է վճարել:
Սմբատը զարմացավ. ի՞նչ, մի՞թե ուզում է օրը ցերեկով կողոպտվել:
— Այո՛:
Սմբատն ընկավ մտատանջության մեջ: Միքայելն ունի իրավունք այս կամ այն կերպ վարվել «պարտաթղթերի» հետ, վճարել, մերժել կամ դատարանին թողնել գործը, բայց առանց շեղվելու հոր կտակից:
— Եթե ուզում ես վճարել, պիտի ամուսնանաս:
— Այդ չեմ կարող անել:
— Ինչո՞ւ:
— Հենց այնպես, չեմ կարող ամուսնանալ:
— Հասկացա, — արտասանեց Սմբատը, — դու սիրում ես մեկին, որ քեզ չի սիրում:
— Իհարկե, կհասկանաս, որովհետև գիտես, որ այդ մեկը քեզ է սիրում:
— Միքայե՛լ...
— էհ, խորամանկությունը թող մի կողմ: Մի՛ փորձիր ինձ: Այո՛, դու ինձանից բարձր ես բարոյապես:
— Այդ աղջկան ես առիթ չեմ տվել ոչ ինձ սիրելու, ոչ մանավանդ քեզ ատելու:
— Հավատում եմ:
Միքայելը նստեց սեղանի քով, գլուխը դրեց ձեռների վրա:
— Կկամենա՞ս, որ ես խոսեմ այդ աղջկա հետ, — հարցրեց Սմբատը:
— Երևի, բարոյական կշիռս նրա աչքում բարձրացնելու համար, չէէ՞: Շնորհակալ եմ: Գիտեմ, որ վեհանձն ես, բայց ես ողորմություն չեմ ուզում: Բավական է, չեմ ուզում այս մասին երկար խոսել: Սիրում եմ, թե չեմ սիրում, իմ գործն է, իսկ ամուսնանալ չեմ կարող: Գրավ դիր ինձ, քանդիր հորս կտակը, ընդունիր ինձ քեզ մոտ ծառա, բայց վճարիր այդ փողերը:
— Ես հանգուցյալի կտակից մազու չափ չեմ շեղվի:
— Ինչո՞ւ միայն իմ վերաբերմամբ: Իսկ դու իրավունք ունե՞ս մեր հոր կամքն անկատար թողնելու:
— Միքայե՜լ...
— Մի՛ վիրավորվիր: Չէ՞ որ դեռ չես բաժանվել կնոջիցդ...
— Ես երեխաներ ունիմ, որոնց սիրում եմ:
— Եվ որոնք քո ժառանգներն են, էլի հակառակ հանգուցյալի կտակին:
— Երբե՛ք:
— Օրենքով, այո՛, բայց կողմնակի կերպով դու նրանց կդարձնես ժառանգ:
— Միքայել, դու դեռ իրավունք չունիս այդպես խոսելու:
— Դեռ չունիմ, բայց, երևի մի օր կունենամ, չէ՞: Ներիր, ես այսպես չէի խոսիլ, եթե դու առաջվա Սմբատը լինեիր: Վերջին ժա¬մանակ սկսել ես փողը հարգել... Ես կույր չեմ շատ էլ: Բավական է, վճարի՛ր իմ պարտքերը, եթե չես ուզում թշնամանալ ինձ հետ:
Եվ նա, գդակը վերցնելով, շտապեց դուրս: Սմբատն ընկավ խորին մտատանջության մեջ: Նա չէր կարողանում բացատրել Միքայելի համառությունը` վճարել անարդար, հնարովի պարտքերը: Չլինի՞ թե վախենում է, որ դատարանում բացվի մի կեղտոտ գաղտնիք... Եվ ի՞նչ կարող է լինել այդ գաղտնիքը:
Դրությունը տագնապալի էր: Նա իրավունք չուներ կես միլիոնի չափ մի գումար բաժանեք հայրական ժառանգությունից: Եվ եթե ունենար էլ, դյուրի՞ն է այդպես շուտով զրկվել ահագին գումարից: Այո՛, ճիշտ ասաց Միքայելը. նա այժմ զգում է փողի նշանակությունը, ավելի՜, նա սկսել է սիրել մետաղը: Գոնե այնչափ է սիրում, որ զգում է վեց-յոթ միլիոնից կես միլիոն դեն շպրտելու անկարելիությունը... Եվ ինչո՞ւ շպրտել, ի՞նչ հիմարության:
Նա փորձ՛եց համոզել Մարութխանյանին, որ հետ կանգնի անարդար պահանջից: Սակայն պարտատերն անողոք էր: Ի՞նչ, մի՞թե նա հիմար է, որ աչքերը բաց թողնի` «օրը ցերեկով իրեն կողոպտեն»: Նա զուտ փող է տվել Միքայել Ալիմյանին և պետք է ստանա: Առաջ նա դեռ կհամաձայնվեր «մի բան էլ դրամագլխից բաշխել», իսկ այժմ, Միքայելի վարմունքից հետո, տոկոսի տոկոսն էլ կառնի...
Սմբատն սպառնաց, թե ամեն ջանք գործ կդնի ապացուցելու, որ պարտաթղթերը խարդախ են. կհրավիրի Պետերբուրգից ամենաառաջին փաստաբանին, կծախսի կես միլիոն, բայց կապացուցի: Սակայն Մարութխանյանին այսպիսի սպառնալիքներով վախեցնելը դյուրին չէր: Նա ինքը հենց վճռել էր Պետերբուրգից փաստաբան հրավիրել: էհ, բոլորը գիտեն, որ Միքայելը եղել է շռայլ, փողը ծախսել է ջրի պես: Գիտեն նույնպես, որ Մարկոս աղան ժլատ էր: Որտեղի՞ց կարող էր Միքայելն այնքան փող ծախսել, եթե «բարեսիրտ ազգականը պարտք չտար»:
Վերջապես, Սմբատի համբերությունը սպառվեց: Նա ասաց, թե կվճարի եղբոր պարտքերը, բայց կհամոզի հասարակության, որ պարտատերը խարդախ էր: Այն ժամանակ տեսնենք` ինչ երեսով Մարութխանյանը կերևա հասարակության մեջ: Բայց ավելի երեխայական սպառնալիք չէր կարող լինել պարտատիրոջ համար: Նա բարձրաձայն ծիծաղեց: Թող Մարութխանյանը դառնա կլորիկ միլիոնի տեր, մարդիկ կարող են նրա մասին խոսել, ինչ ուզում են և որքան ուզում: Հասարակությո՞ւն, հա-հա-հա, հետաքրքրական է իմանալ, ո՞ր Սուլյանը, ո՞ր Սրաֆիոնը, ո՞ր Ղուլամյանը, ո՞ր Առաքելյանն այնուհետև մեջքը չի ծռիլ նրա առջև: նա մարդկանց շատ լավ է ճանաչում, մի ձեռով նրանց գրպանը ոսկի դիր, մյուսով խփիր գլխներին, էլի կժպտան: Ահա թե նա ինչ կարծիք ունի հասարակության մասին: Եվ մի՞թե քիչ կան քաղաքում խարդախներ, մաքսանենգներ, կեղծ սնանկությամբ հարստացածներ, նախկին գող գործակատարներ, որոնք այսօր պատիվ ու հարգանք են վայելում: Իսկ Մարութխանյանը գողություն չի անում, էէ՜ , նա իր «հալալ փողերն է» պահանջում:
— Սխալվում եք, — ասաց Սմբատը, — հասարակության մեջ ազնիվ մարդիկ էլ կան...
— Թող լինեն: Հետո նրանք էլ կբարեկամանան: Ահա, օրինակ, դուք, ազնիվ մարդ եք, չէ՞: Եթե փող չեք սիրում, ինչո՞ւ այդպես պինդ կպել եք ձեր հոր միլիոններին: Չէ՞ որ առաջ ասում էիք, թե Մարկոս աղան, չգիտեմ, տնտեսական այսինչ — այնինչ օրենքներով ուրիշների աշխատանքի վարձն է վայելում: Հիմա այդ միլիոնները հալալ են: Կարծում եք, ես ձեզ մեղադրո՞ւմ եմ: Աստված ոչ անի, ես հիմար չեմ: Բարեկա՛մ, աշխարհում գողերը երկու տեսակ են. ազնիվ և անազնիվ: Ազնիվն ինքն է գողանում, անազնիվն ուրիշի գողացածներն է ուտում: Ես այս ասում եմ հենց այնպես, չնեղանաք... Ուզում եմ ասել, որ բառի իսկական նշանակությամբ ազնիվ վաճառականն այնքան հազվագույտ է, որքան չգողացող խոհարարը:
Սմբատը տեսնում էր, որ այդ մարդը ոչ միայն չի մեղմանում, այլև հետզհետե ավելի ու ավելի հանդուգն ու աներես է դառնում: Մնում է մի ելք. թույլ տալ նրան, որ դիմի դատարանին: Այնտեղ թող գործը վճռվի նրա օգտին: Միքայելը կհրատարակվի «սնանկ» կամ «անկարող պարտապան», իբրև ոչ-ժառանգ Ալիմյան հարստության, այն ժամանակ Մարութխանյանն ումի՞ց կստանա կես միլիոնը: Սմբատի՞ց: Չի տալ և սրանով կպատժի նրան: Բայց այս միջոցը պիտի առմիշտ վայր գցեր Միքայելի առանց այն էլ արատավորված վարկը: Մի՞թե կարելի է այդչափ խիստ վարվել հարազատ եղբոր հետ:
Սմբատը հրամայեց գրասենյակում հաշիվ կազմել Ալիմյանների ընդհանուր կարողության մասին: Հայտնվեց, որ պարտքերը վճարել կարելի է միայն անշարժ կալվածներին ձեռնամուխ լինելով: Իսկ ծախել կամ գրավ դնել անշարժ կալվածները Մարկոսի կտակով արգելված էր: Բայց պարտքերը կարելի էր վճարել մաս-մաս մի քանի տարվա ընթացքում: Վճարե՞լ, արդյոք: Երբե՛ք: Սմբատը չի կարող և չի կամենում ենթարկվել պարզ խաբեբայության: Նա ծաղրի առարկա կդառնա, եթե խաբվելը հայտնվի հասարակության...
Նա սկսեց համոզել Միքայելին, թե միակ ելքը դարձյալ դատարանն է.
Միքայելը մի անգամ ևս դրականորեն հայտնեց, թե վճռել է պարտքերը վճարել: Թող նրա բաժինն անցնի քրոջ զավակներին, թող ինքն աղքատանա, բավական է որքան օգտվել է հայրական հարստությունից, այժմ ուզում է յուր աշխատանքով ապրել:
— Տեսնելով համառությունդ, — ասաց Սմբատը, — մարդ կամա-ակամա մտածում է, չլինի՞ թե դու իսկապես պարտական ես Մարութխանյանին:
— Մտածիր, ինչ որ ուզում ես, թող բոլորն այդպես մտածեն, բայց լսի՛ր, Սմբատ, ինձ ոչ միայն հարստությունը, այլ կյանքն էլ է ձանձրացրել... Վե՜րջ տուր այդ անտանելի գործին:
Նա չէր կեղծում, կյանքն այժմ, արդարև, դարձել էր նրա համար մի ծանր բեռ, որ կրում էր ավտոմատի պես: Բայց անցյալը տակավին հալածում էր նրան, և ոչ միայն յուր տխուր հիշողություններով, այլև կենդանի կապերով: Նա հանգստություն չուներ ընկերներից, որոնք դեռ հույս ունեին նրան վերադարձնել իրենց շրջանը: Այս կողմից առանձին ջանք էին ցույց տալիս իրավաբան Փեյքարյանը, իշխան Նիասամիձեն, մանավանդ «Պապաշան»:
— Կա՛ց, մի՛ փախչիր, — բռնեց նրան մի օր պատկառելի ամուրին հանքերի միջին ճանապարհում:
Նա ցած իջավ կառքից մի տափակ դեմքով, դժգույն այտերով, սև միրուքով, մեծ բերանով երիտասարդի հետ:
— Այ տղա, ըըը, գժվե՛լ ես, էդ հի՞նչ ճգնավորոթոն ա, վըեր, ըըը...
Նա հայտնեց, որ վաղն արդեն ուղևորվում է արտասահման երկար Ժամանակով:
— Ես, ըըը, սատանին նահլաթ ասի, ըըը, միասին քինանք Պարիժ, ըըը...
— Ո՛չ, Պապաշա, չեմ կարող, բարի ճանապարհ քեզ...
— Ըմբո... Յավաշ, ա տղա, մղդսի Սամսոնի չա՛փ էլ ըըը, չկաս, նա կյամ ա, ըըը, Պարիժ...
Մղդսի Սամսոնը տափակ դեմքով երիտասարդն էր, քաղաքի առաջին հարուստներից մեկը, հայտնի հանքատեր, նավատեր, կալվածատեր: «Մղդսի» ածականն ստացել էր մի քանի պառավական հատկությունների շնորհիվ, ժլատ էր, չէր խմում, չէր ծխում, ծաղրում էր բոլոր զվարճասերներին...
— Հա, բաս, քինում ըմ, քինում ըմ, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, լոխ էլ պիտի ման կյամ, — ավելացրեց Սամսոնը, բառերը միմյանց հետևից արագ-արագ դուրս տալով իր ձեռի «տերողորմյայի» հատիկների պես կլորիկ ու ամուր:
Միքայելը վաղուց էր ճանաչում այդ երիտասարդին, ատում էր նրան: Գա մի տեսակ Մարութխանյան էր և իր եղբայրների ու քույրերի վերաբերմամբ. զրկում ու կողոպտում էր նրանց հոր մահից հետո:
— Հա, հինչ ըմ ասըմ, — շարունակեց մղդսի Սամսոնը, համրիչը բռնելով Միքայելի կրծքի վրա, — երեկ փեսադ ասում էր կլուբում, վըեր հինչ-որ գենգատ ունի քեզ վրա... էդ ի՞նչ նաղլ ա...
— Չգիտեմ, — ասաց Միքայելը դժկամությամբ և, առանց ձեռ տալու, հեռացավ ձանձրալի խոսակիցներից:
— Պենըդ պյուրթ ա, մեր տղա, — արտասանեք նրա հետևից մղդսի Սամսոնը և, կառք նստելով, պատմեց Պապաշային Մարութխանյանի պահանջի մասին:
Այժմ Միքայելը Շուշանիկին հանդիպում էր հաճախ, բայց Անտոնինա Իվանովնայի ներկայությամբ և նրա բնակարանում: Օրը մի անգամ գալիս էր տիկնոջ մոտ այն ժամանակ, երբ սովորաբար օրիորդն այնտեղ էր լինում: Նրանք բարևում էին միմյանց սառն քաղաքավարությամբ, և ուրիշ ոչինչ: Միքայելը անցնում էր երեխաների սենյակը և նրանց հետ խաղում, Շուշանիկը շարունակում էր պարապել տիկնոջ հետ:
Մի օր Անտոնինա Իվանովնան Միքայելին հաղորդեց, թե Շուշանիկի հայրը գրեթե խելագարվել է: Նա այժմ տանջվում է սարսափի մանիայից, և սարսափի առարկան կրակն է: Ամեն օր քնից զարթնում է թե չէ, սկսում է գոռալ և լաց լինել երեխայի պես: Նա միշտ կրկնում է, թե Դավիթն ուզում է իրեն դուրս տանել, ձգել կրակի մեջ, այրել: Անտոնինա Իվանովնան խորհուրդ է տալիս տնեցիներին` հիվանդին տեղափոխել քաղաք, բայց հիվանդը չի ուզում սենյակից անգամ դուրս գալ, կարծելով, թե իրեն պիտի ձգեն խարույկի մեջ:
Շուշանիկը դադարեց այցելել տիկնոջը: Այժմ Անտոնինա Իվանովեան ինքն էր օրը մի կամ երկու անգամ գնում նրա մոտ, սիրտ տալիս, մխիթարում: Դեռ մի շաբաթ առաջ նրա սրտում կար մի թեթև կասկած Շուշանիկի և Սմբատի վերաբերմամբ: Այժմ կասկածը ջնջվել էր: Ա՜խ, այդ աղջիկն այնքան համեստ է և ամոթխած, որ երբեք չի կարող տածել հանդուգն զգացումներ դեպի մի ամուսնացած մարդ: Ինչո՞ւ չշարունակել կարծել, որ նրա տխրության պատճառը Միքայելն է: Ինչե՞ր չի կարող անել մի երիտասարդ այդպիսի անցյալով, և ո՞ր համեստ աղջիկն է մեր ժամանակում պատրանքներից ապահով: Վերջապես, այդ առանձնությունն այս ամայի տեղում...
Երբեմն նա փափագում էր թափանցել Շուշանիկի հոգեկան աշխարհի խորքերը, բայց զուր, այդ աղջիկն իր անհատական մտորումների վերաբերմամբ այնքան գաղտնապահ էր, որ ժամանակ-ժամանակ շարժում էր տիկնոջ զայրույթը: Եվ այս պատճառով տիկինը չէր կարողանում իմանալ նրա մռայլության հիմքը:
Գրադարան-ընթերցարանն արդեն բացվել էր: Տիկինը սպասում էր իրիկնային կուրսերի թույլտվության: Նա տեսնում էր, որ իր գործերը, առանց Շուշանիկի, շատ էլ հաջող չեն ընթանում: Միայն օրիորդը գիտեր մշակների հետ վարվելու եղանակը, և այժմ, երբ նա տնից դուրս չէր գալիս, շատ քչերն էին գրադարան մտնում գիրք վերցնելու: Տիկինն զգում էր, որ նրանց գրավելու ձևը դեռ չի սովորել, և սրա պատճառը բացատրում էր յուրովի: Նա գործում է խելքով, իսկ Շուշանիկը` զգացումներով: Այդ աղջիկը, որպես գթության քույր, խնամում է հիվանդներին ու վիրավորներին, կարում ու կարկատում անտուն-անտերների համար, գրում ու կարդում անգրագետների համար ոչ իբրև օգնող, այլ իբրև մերձավոր, արյունակից: Նա երբեք չի մտածումմ թե մի որևէ կարևոր գործ է կատարում: Անում է այն, ինչ որ թելադրում է սիրտը, և անում է այնքան հասարակ, այնքան անփույթ, որքան իր ծնողների, հորեղբոր ու հորաքրոջ համար: Այնինչ, իր` Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ կա սիստեմ, հաջորդականութւուն, հասուն և զարգացած մտքի ձգտում: Ո՛չ, այսքանը բավական չէ, պետք է գործի մեջ մտցնել ավելի զգացում, քան խելք, ավելի ցանկություն, քան կամքի ուժ: Բացի դրանից, չպիտի միշտ մտածել, արդյոք, արածդ կարևո՞ր է, թե՞ ջուր ծեծելով ես զբաղված:
Անտոնինա Իվանովնայի գործունեության մեջ չկար կեղծիքի նշույլ անգամ, բայց հենց այս անկեղծությունն էլ, անձնվեր դառնալու փափագն էլ խելքի և ոչ զգացումների ծնունդ էին: Նա չէր խորշում ամբոխի կեղտից ու մրից, ոչ էլ նրա անախորժ գռեհիկությունից, բայց և չէր էլ կարողանում առանց քննության մերձենալ նրան: Նա մտածում էր. մի՞թե այժմ արդեն այն հասակումն է, որ չի կարող այնպես շուտ ընտելանալ մի նոր շրջանի կամ գործի, որպես Շուշանիկը: Նա տեսնում էր, երբ օրիորդն է երևում, մշակների դեմքերը փայլում են ուրախ ժպիտով, երբ ինքն է երևում, միայն խորին հարգանքի և պատկառանքի է արժանանում: Եվ երբ այս տարբերությունը, հակառակ յուր կամքի, վերագրում էր Շուշանիկի և յուր հասակների մեջ եղած տարբերությանը, զգում էր նախանձ: Մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որի համար դատապարտում էր իրեն, որպես խելոք ու ազնիվ կին:
Բայց ինչ ևս լիներ, Անտոնինա Իվանովնան հոգով անհամեմատ հանգիստ էր քան քաղաքում: Նրան այլևս չէին հալածում սկեսրի անվերջ տրտունջները, տալոջ կոպիտ ակնարկները, ազգականուհիների արհամարհական ժպիտները: Սակայն միթե ա՞յս էր միայն նրա դժբախտության հիմքը: Չէ՞ որ նա մի քանի ամիս առաջ ավելի հեռու էր նոր շրջանից: Բախտավո՞ր էր այն ժամանակ... Երբե՛ք: Նա դժբախտ է իբրև կին — այս է գլխավորը: Եվ ահա գարնան մերձավորությունը նրա մեջ զարթեցնում է ինչ-որ փոթորիկ: Արյունը երակներոմ եռում է երբեմն այնպես, որպես քսան տարեկան հասակում: Տեր աստված, չէ՞ որ նա կին է և տակավին երիտասարդ կին: Պատահում է, որ նրան տիրում է հոգեկան թուլությունը, աշխարհը թվում է նրան այնքան ամայի, այնքան անհյուրընկալ, որ մտածում է. «արժե՞ արդյոք, էլի ապրել»: Մայրական զգացումները չեն լցնում այդ ամայությունը, նրա հոգին զգում է ուրիշ զգացումների պահանջ ևս: Նա փափագում է սիրել և սիրվել: Սակայն նրա աշխարհայացքը, նրա բարոյական էությունը չեն թույլ տալիս մտածել, թե կարող է սիրել ապօրինի սիրով: Ահա ինչու, զգալով հանդերձ սիրո փափագ, չի զգում ամուսնական Առագաստի դեմ մեղանչելու պահանջ: Եվ այստեղ մեծ դեր է խաղում անձնասիրությունը, սեփական պատվի զգացումը: Թող նրան մեղադրեն, որքան ուզում են, և ինչ բանում ուզում են, նա պիտի արդար մնա յուր խղճի առջև: Բարոյական անարատություն — ահա այն զենքը, որ խելացի կինը չպիտի զոհի որևէ մոլորեցուցիչ զգացման: Այս զենքով և միայն այս զենքով նա պիտի մաքառի յուր հակառակորդների դեմ...
Մի երեկո նա քաղաքից սպասում էր երեխաներին: Այժմ նրանց աղախինն էր տանում Ոսկեհատի մոտ և հետ բերում. Սմբատը չէր գալիս հանքերը: Աղախինը վերադարձավ մենակ: Անտոնինա Իվանովնան վախեցավ: Արդեն նա այնքան կասկածամիտ էր դարձել սկեսրի վերաբերմամբ, որ միշտ երկյուղով էր երեխաներին քաղաք ուղարկում:
— Ինչո՞ւ մենակ եկար, — հարցրեց նա, վազելով պատշգամբ:
— Պարոնը հրամայեց թողնել երեխաներին քաղաքում: Վաղը ինքը կբերի: Ա՜, տիրուհի, եթե տեսնեիք, պարոնը ինչքան տխուր էր... Ես իսկի նրան այդպես չէի տեսել...
Հասարակ կնոջ պարզ խոսքերը գործեցին անսովոր տպավորություն տիրուհու վրա: Նրա դեմքը մռայլվեց, կապտագույն աչքերի մեջ երևաց տարօրինակ թախիծ:
Երեկոն նա անցկացրեց Շուշանիկի մոտ: Նա տխրում էր առանց երեխաների — այսպես էր ասում ինքը: Բայց տխրության պատճառը միայն մայրական կարոտը չէր: Նա հուզված էր և շարունակ խոսում էր յուր ձեռնարկությունների մասին, կարծես, աշխատելով մոռանալ մի միտք, խեղդել սրտում մի զգացում: Վերջն սկսեց արտահայտել յուր համակրանքը Շուշանիկին: Խոստովանեց պարզ, թե իսկապես նոր է ճանաչում նրան, թե երբեմն սխալմամբ նրա վերաբերմամբ ունեցել է անտեղի կասկածներ: Չասաց, թե ինչ կասկածներ է ունեցել, բայց Շուշանիկը գուշակեց և այլայլվեց:
Հրաժեշտ տալիս, տիկինն ուղիղ նայեց նրա աչքերին և արտասանեց.
— Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամությունը...
Նրա ձայնի մեջ զգացվեց խորին հուզում...
V
Դարձյալ մի անքուն գիշեր Շուշանիկի համար: Նրա ականջներին շարունակ հնչում էին Անտոնինա Իվանովնայի խոսքերը. «Ես համոզված եմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խափանել մեր բարեկամութկունը»: Անշուշտ դա մի կծու ակնարկ էր, անշուշտ, տիկինը գիտե, ինչ է կատարվում նրա սրտում: Օ՜օ, ամոթալի՜ դրություն: Եվ նա, համեստ համարված մի աղջիկ, դեռ կարողանո՞ւմ է նայել այդ անբախտ կնոջ երեսին: Նա՞, որ կրում է սրտում մեղսալի զգացումներ, թեկուզ ակամա, թեկուզ հակառակ յուր ամբողջ էության. տեր աստված, մի՞թե երբեք չի ունենալ ուժ սպանելու յուր սրտում այդ որդը: Ահա լսեց, որ վաղը նա հանքերումն է լինելու, և այժմվանից արդեն սիրտը թրթռում է: Երևի, նա կգա հիվանդին տեսնելու. նա միշտ գալիս է, այնքան բարի է դեպի Զարգարյանները: Պետք է փախչել տնից, չլսել նրա բարեհնչյուն ձայնը, չտեսնել նրա թախծալի աչքերը...
Բայց ոչ. ինչո՞ւ փախչել և գեթ մի անգամ չխոսել նրա հետ պարզ: Մի՞թե միշտ լուռ ու մունջ պիտի կրի վիշտը և, չկարողանալով հաղթել, ընկճվի ու ոչնչանա նրա ծանրության տակ: Հարկավ, նա չի հայտնիլ այդ մարդուն յուր զգացումները: Օ՜օ, ոչ, այդ կլիներ հիմարություն. մի՞թե նա կորցրել է ամոթի վերջին կաթիլը: Բայց ինչո՞ւ չփորձել երես առ երես կանգնել իրականության հետ: Ով գիտե, գուցե այդ մարդը նրան ասի մի դառն ճշմարտություն, որից նա սթափվի, ուղիղ ճանապարհի գա: Պետք է լինել մի փոքր համարձակ, հենց փորձի համար, հենց ինքն իրան համոզելու համար, թե կարող է Սմբատ Ալիմյանի հետ խոսել աներկյուղ, նույնիսկ անտարբեր: Նա ոչինչ ակնկալություն չունի յուր սիրուց. հափշտակվել է անշահ, այնպես, ինքն էլ չգիտե ինչո՞ւ: Եվ երբեք, երբեք չի ունեցել հանդուգն փափագ` տիրանալ մի անձի, որ օրենքով ուրիշին է պատկանում, այն էլ մի խելոք, բարի, առաքինի կնոջ: Մի կնոջ, որ ուզում է նրա անկեղծ բարեկամուհին դառնալ: Ոչ, նրա համեստությունը, աշխարհայացքը, նրա ամբողջ բարոյական կազմը դեմ են այս հանցավոր մտքին:
Հոր առավոտյան աղաղակը սթափեցրեց նրան: Մի՞թե արդեն լուսացել է, և նա դեռ անքուն է: Այս արդեն խելագարություն է: Ախ, հիվանդի այդ սոսկալի մրմունջներն անգամ չեն խլացնում նրա սրտի վիշտը գեթ մի քանի րոպե: Ախ, այս տանը երկու հիվանդ կա. մեկին հալածում է կրակի սարսափը, մյուսին` հանցավոր սիրո ահը: Տարբերությունն այն է, որ մեկը յուր կսկիծն արտահայտում է աղաղակներով, մյուսն այրվում է ներքուստ և ստիպված է լռել, միշտ լռել: Այլևս բավական է. թող նա կործանվի, բայց կործանվի գեթ մի անգամ տանջված կրծքից սուր ճիչ արձակելով.
— Մամա, հանգիստ թող ինձ, մամա, ես հիվանդ չեմ:
— Երանի միայն հիվանդ լինեիր, որդի, դու ուրիշ ցավ ունիս...
Շուշանիկը բաց արավ լուսամուտները. նայեց դեպի դուրս:
Մի շաբաթ էր անձրևները դադարել էին, գետինը չորացել էր: Տեղ-տեղ երևում էին օազիսների պես կանաչ տարածություններ, ուր չկային սև նավթի հետքեր, երկիրը ծածկվել էր նոսր խոտով: Փույթ չէ, որ բնությունն այստեղ խղճուկ է — մթնոլորտը տոգորվել էր գարնան արբեցուցիչ ոգով:
Շուշանիկն ուղղեց ճակատի վրա սփռված մազերը, անցավ հոր սենյակը: Հիվանդը դեռ մրմնջում էր, երկյուղած աչքերը դռներին հառած: Ամեն րոպե սպասում էր, թե ահա, ահա պիտի գան «անաստվածները» և իրեն տանեն դուրս, ձգեն կրակի մեջ:
Նա առողջ ձեռը փաթաթեց աղջկա պարանոցին, սկսեց հեկեկալ առանց արտասուքի, մի տեսակ մեքենայի պես: Ազատի՛ր նրան, Շուշան, էլի միայն դու սիրտ ունես, ազատի՛ր:
Հիմա նա առողջ է, բայց մայրդ, հորաքույրդ և այն «չար սատանա Դավիթն» ուզում են նրան կենդանի-կենդանի խորովել, ասում են ավելորդ բերան է: Այ, դրսում կրակ են պատրաստել: է՜է, բայց զուր են սպասում: Սարգսի խելքը դեռ գլխին է, երբեք ոտը տնից դուրս չի դնիլ, թեկուզ ամբողջ աշխարհը գա:
Բառերը դուրս էին գալիս հիվանդի կոկորդից ուժով: Նա հազից կապտում էր, խեղդվում: Նա կատաղեց ինքն յուր դեմ և սկսեց երեսը ճանկռտել, մազերը փետտել: Շուշանիկը չոքեց նրա առջև, բռնեց ձեռը, սեղմեց յուր ձեռների մեջ և սկսեց աղերսել, որ հանգստանա: Փոքր առ փոքր նրա մեղմիկ հորդորների ազդեցությամբ հիվանդը լռեց, հանդարտվեց, թեյ պահանջեց:
Այդ միջոցին կից բնակարանում կատարվում էր ուրիշ տեսարան: Սմբատը երեխաների հետ քաղաքից եկավ բավական կանուխ: Անտոնինա Իվանովնան վազեց առաջ, գրկեց Վասյային ու Ալյոշային այնպես, որ կարծես մի ամիս չէր տեսել նրանց:
Սմբատը դիտում էր սրտաշարժ տեսարանը և զսպում հառաչանքը, չէ՞ որ կարող էր բախտավոր ընտանետեր լինել, եթե սիրեր այդ կնոջը և սիրվեր նրանից, մեկ էլ` չլինեին այն «նախապաշարումները»: Անտոնինա Իվանովնայի լուրջ ու մտախոհ ճակատի վրա այսօր նշմարում էր մի նոր մռայլ: Նրան թվում էր, որ վերջին օրերը կինը տանջվեք է բոլորովին մի նոր վշտից, որ, վերջապես, այժմ նա այն չէ, ինչ որ մի ամիս առաջ: Նա զգաց կարեկցության պես մի բան: Ախ, այդ կինը մենակ է այստեղ, յուր ծննդավայրից հեռու, մի՞թե վայրենություն չէ նրա հետ այնքան խիստ վարվելը: Թող նա լինի համառ, բայց ինչո՞ւ չխնայել նրան թեկուզ սոսկ մարդասիրական զգացումներից շարժված:
Մի վայրկյան նա քիչ էր մնում ենթարկվեր սրտի տկարությանը և հաշտության մի խոսք ասել: Բայց զսպեց իրան. ինչո՞ւ ինքը պիտի ասի և ոչ նա. չէ՞ որ նրանք հավասար միմյանց վշտացրել են և միմյանց կյանքը թունավորել: Թող նա մի թույլ ակնարկ անի, թե զղջում է, ինքն առաջինը ներում կխնդրի:
Անտոնինա Իվանովնան, աղախնի խոսքերից դրդված մի ակնթարթ նայեց Սմբատին, նկատեց նրա դեմքի վրա խիստ փոփոխություն: Նրան թվաց, որ վերջին ժամանակ ամուսինը բավական գիրացել է, առողջացել: Թվաց նույնպես, որ նրա աչքերն այժմ արտահայտում են մի տեսակ կենսասիրություն, որ նրա ճակատի վրա չկա այլևս առաջվա մռայլը:
Աղախինը ներս բերեց մի քանի կապոցներ, որ Սմբատը թողել էր կառքում:
— Սպասիր, — վազեց առաջ Վասյան և, խլելով կապոցները, սկսեց արագ-արագ բաց անել, — չխառնե՛ք, պապան մեզ համար ջոկ-ջոկ նվերներ է գնել: Ալյոշա, այս քոնն է. այս իմն է, այս էլ քոնն է, վերցրու, չէ, չէ, այդ մեկն իմն է:
Սմբատը միջամտեց. իրերը բաժանեց, որ մանուկները չկռվեն:
Մեջտեղ մնաց ամենից մեծ կապոցը:
Այդ քոնն է, մամա, — ասաց Ալյոշան, կապոցը տալով մորը:
Տիկինը զարմացավ:
— Ձեզ համար ուսնոց է, — բացատրեց Սմբատը, երեսը մի կողմ դարձնելով:
— Ես գարնանային ուսնոց ունիմ:
— Հավանեցի, գնեցի. կամենա՛ք, վերցրեք, չկամենաք, թողեք...
Նվեր, ի՞նչ է նշանակում այդ:
— Մամա, վերցրո՛ւ, լավն է, — ասաց Վասյան:
— Մամա, վերցրո՛ւ, լավն է, — կրկնեց Ալյոշան:
Անտոնինա Իվանովնան, լուռ, ճեռով նշան արավ աղախնին, որ կապոցը տանի մյուս սենյակ:
Երկուսն էլ զգում էին անհարմարություն, երկուսն էլ ուզում էին այսօր ուղիղ նայել միմյանց երեսին և չէին նայում: Իսկ երեխաները զբաղված էին իրենց խաղալիքներով, նայում էին մեկ-մեկ, հրճվում, բացականչում: Նրանց մանկական մետաղահնչյուն ձայների մեջ ծնողները զգում էին սուր կշտամբանք: Անտոնինա Իվանովնան մտածում էր. արդյոք անիրավ չի՞ վարվում այդ մարդու հետ, արդյոք մշտական դժբախտությունների գլխավոր պատճառն ի՞նքը չէ: Մի՞թե չէր կարող լինել ավելի զիջող, քան հակաճառող: Ինչո՞վ են մեղավոր այդ մանուկները, որոնց քաշքշում են հանքերից քաղաք և քաղաքից հանքերը, ստիպում վարել ինչ-որ անապատային կյանք: Ինչո՞վ պիտի, վերջապես, պսակվի այս անորոշ կացությունը: Նրանք սխալվել են, էհ, ի՞նչ արած, մի՞թե համառությամբ պիտի բարդացնեն այդ սխալի հետևանքները:
— Ասում են` անդամալույծը խելագարվել է, ճի՞շտ է, — հարցրեց Սմբատը:
— Համարյա թե:
— Հարմար կլինի իմ այցելությունը:
— Չգիտեմ, միայն վաղ է, դեռ նոր է զարթնել:
Սմբատը դուրս եկավ, գնաց Միքայելի բնակարանը: Բակով անցնելիս, մի անգամ հետ նայեց և լուսամատի առջև տեսավ Շուշանիկի գլուխը:
Օրիորդը նրան չնկատեց: Նա զբաղված էր գրասեղանի քով: Մի քանի քայլ հեռու կանգնած էր հաղթանդամ Չուպրովը, և ֆուրաժկան ձեռների մեջ պտտացնելով, թելադրում էր նամակ «տան» վրա: Ծննդավայրի հիշողությունները վառվել էին նրա մեջ, առանց հուզման չէր կարողանում թելադրել նամակը: Երբ հերթը հասավ «բարևներին», նա հիշեց բոլոր տնեցիների, բոլոր ազգականների, նույնիսկ հարևանների անունները:
Նամակն ավարտեց. Շուշանիկը գրեց հասցեն` Սարատովի նահանգի այսինչ գավառի, այնինչ Շրջանի, այնինչ գյուղը: Չուպրովն առավ ծրարը, փաթաթեց թաշկինակի մեջ և դուրս գնաց, խոր գլուխ տալով: ՇՈւշանիկը վերցրեց սեղանի վրայից գիրքը, շարունակեց կարդալ: Կես ժամ անցած, հոգնեց, սկսեց անցուդարձ անել: Հետո դարձյալ նստեց սեղանի քով և անորոշ հայացքը դարձրեց դեպի կանաչ դաշտերը:
Նա աշխատում էր համոզել իրեն, թե չպիտի իր համար լինի ավելի մեծ վիշտ, քան հարազատ հոր հուսահատական վիճակը: Նա վեր կացավ, որ անցնի հիվանդի սենյակը, բայց դռների մոտ լսեց Սմբատի ձայնը: Ձեռները թուլացան, գլուխն անզոր թեքվեց կրծքին, այնքա՜ն այդ ձայնն ազդեց նրա վրա: Ո՛չ, նա իր սենյակից չի դուրս գալ, թեկուզ հայրն էլ կանչի: Նա կփակի ականջները, որ չլսի վտանգավոր ձայնը, կգոցի աչքերը, որ չտեսնի առնական կերպարանքը:
Պատերազմն անտանելի էր: Նա չէր ուզում լսել այդ ձայնը, բայց ականջ էր դնում, որ լսի: Այս վատ է, շատ վատ, պետք է տնից փախչել: Նա դուրս եկավ պատշգամբ: Չգնա՞լ արդյոք, Անտոնինա Իվանովնայի մոտ: Այնտեղ խղճի խայթը կսթափեցնի նրան: Ցույց տալով սառնասրտություն, տիկնոջ սրտից կջնջի կասկածը: Թող ենթարկի իրեն դառն փորձի, բայց փորձը կմաքրի, կզտի նրա սիրտը:
Սակայն տիկինը տանը չէր, գնացել էր գրադարան-ընթերցարան: Իսկ երեխաներն աղախնի հետ դրսում, մի կանաչ տափարակի վրա սերսո էին խաղում:
— Բարև ձեզ, օրիորդ, — լսեց Շուշանիկն այն մարդու ձայնը, որից փախչում էր: — Ներեցեք, կարծես վախեցրի ձեզ: Բայց լավ բռնեցի, ձեզ հետ խոսելիք ունեմ...
Նա շտապեց ներս, բերեց երկու աթոռ, դրեց պատշգամբի մի խուլ անկյունում, որ ավելի ապահով էր օտար աչքերից: Շուշանիկը չկարողացավ հակառակել. միշտ Սմբատի ձայնը կաշկանդում էր նրա կամքը:
— Օրիորդ, — սկսեց Սմբատը ռուսերեն լեզվով, — դուք խելոք և զարգացած եք, հուսով եմ, որ թույլ կտաք ինձ եղբայրաբար մի հարց առաջարկել ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարծիք ունեք իմ եղբոր, Միքայելի մասին:
Հարցը միանգամայն անսպասելի էր, Շաշանիկը նեղն ընկավ: Բայց չէ՞ որ Սմբատ Ալիմյանը նրան համարում է «խելոք ու զարգացած», պետք է ուրեմն չշփոթվել:
— Ինչո՞ւ համար եք հարցնում, — ասաց նա:
— Զեր պատասխանից շատ բան է կախված: Ուզում եմ իմանալ արդյոք իմ եղբոր մեջ որևէ արժանավորություն գտնո՞ւմ եք:
— Արժանավորությո՞ւն, — կրկնեց Շուշանիկը, — իմ կարծիքով չկա մի մարդ առանց որևէ արժանավորության:
— Բոլորովին ճիշտ է, բայց ես կկամենայի, որ դուք Միքայելին ինչպե՜ս ասեմ, ըըը... ավելի արժանավոր մարդ համարեիք, քան ում ևէ...
Արդեն այս խոսքերը բավական էին, որպեսզի Շուշանիկն իմանար, թե ինչ է Սմբատի նպատակը: Նա վճռեց լինել պարզ, աներկյուղ: Նա հարցրեց, արդյոք, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ իմ կարծիքը մի «օտար» մարդու մասին:
Սմբատը աններելի համարեց խոսել մութ ակնարկներով: Նա խնդիրը դրեց պարզ հողի վրա: Կես ժամ առաջ նա Միքայելին թողեց հուսահատ դրության մեջ, պետք է այսպես թե այնպես խնդիրը լուծել: Նա ասաց, թե գիտե, որ օրիորդը Միքայելին համարում է անարժան, նույնիսկ անբարոյական մարդ: Այո՛, թող չշփոթվի. նա ասում է այն, ինչ որ վաղուց գիտե: Եվ այդ բոլորովին չի վիրավորում նրա եղբայրական զգացումը: Մի «վերին աստիճանի համեստ ու մաքուր էակ» ուրիշ կարծիք չէր կարող ունենալ այն մարդու մասին, որ կյանքն անց է կացրել աննպատակ, շռայլ ու զեխ:
— Երբ ես Ռուսաստանից եկա, Միքայելը քաղաքի ամենաապականված երիտասարդներից մեկն էր: Հայրս ինձ կտակեց ուղիղ ճանապարհի բերել մոլորված եղբորս: Ես պարտավոր էի կատարել հանգուցյալի կամքը, թեև ինքս շատ էլ հնազանդ որդի չէի եղել... Աստծուն է հայտնի, թե որքան աշխատեցի համոզել Միքայելին, որ իր կյանքը փոխի: Բայց իմ բոլոր ջանքերն անցան զուր: Միքայելն ուղղվելու փոխարեն, ավելի ու ավելի փչացավ: Ձեզ էլ հայտնի է, որ թե ինչ վիրավորանքներ ստացավ նա, որչափ անպատվվեց ու խայտառակվեց: Ես չկարողացա ազատել նրան բարոյական անկումից, որովհետև այդ իմ ուժերից բարձր էր: Բայց այն, ինչ որ ինձ համար դժվար էր, մի ուրիշի համար դարձավ շատ դյուրին բան... Ծայրահեղ ապականված մարդը, մի մարդ, որին բոլորը կորած էին համարում, հանկարծ, կարծես, մի գերբնական ուժով սկսեց փոխվել: Նա թողեց անբարոյական շրջանները, հեռացավ բոլորից և ամփոփվեց ինքն իր մեջ: Առաջվա Միքայելին տեսնողը չի ճանաչիլ այժմյան Միքայելին: Այժմ նա բոլորովին ուրիշ մարդ է: Սկզբում, օրիորդ, այս ինձ համար մի առեղծված էր... Այդպիսի արմատական փոփոխություն կյանքումս չէի տեսել ոչ մի մարդու մեջ, շատ-շատ կարդացել էի միայն վեպերում: Այժմ գործն ինձ համար պարզվում է: Խոսելով Միքայելի հետ, դիտելով հեռվից հեռու, ես այժմ գտնում եմ նրա անսպասելի, կարող եմ ասել, գերբնական փոփոխության հեղինակին... Արդ դո՛ւք եք...
Նա կանգ առավ, որովհետև նկատեց, որ իր խոսքերը խորը ներգործություն են անում օրիորդի վրա:
— Բավակա՜ն է, — արտասանեց Շուշանիկը երերուն ձայնով:
— Ինչո՞ւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ ինքներդ էլ զգում եք: Օրիորդ, դուք ազատեցիք իմ եղբորը, և ես պարտավոր եմ հայտնել շնորհակալություն: Բայց մի բան. մի՛ թողեք նրան կես ճանապարհի վրա, շարունակեցեք ձեր բարերար ազդեցությունը... Սիրեցեք նրան...
Շուշանիկը ցնցվեց և, կիսով չափ տեղից վեր կենալով, խորին սրտմտությամբ արտասանեց.
— Պարոն, ի՞նչ իրավունքով եք ինձ վիրավորում...
— Ա՜խ, օրիորդ, ի սեր աստծու, իմ խոսքերը մի՛ ընդունեք վատ մտքով: Այդ ձեզ չի սազամ: Սիրեցեք Միքայելին, որովհետև նա ձեզ սիրում է խելագարի պես:
Ա՜խ, նրան առաջարկում են սիրել մի մարդու, որի վերաբերմամբ դեռ չի հաղթել սրտում բոլոր զզվանքը: Եվ ո՞վ է առաջարկում... Մի՞թե այս էր նրա սրտի իղձը: Ի՞նչ պատասխանել, երբ քո անհուն տենչանքների միակ առարկան, քո երազների կենտրոնը, քո գաղտնի պաշտեցյալը, այժմ, դեմուդեմ նստած, ուրիշի զգացումների թարգման և պաշտպան է հանդիսանում: Մի՞թե այդ մարդը ոչինչ չգիտե...
Չգիտե՞: Ո՛չ, Սմբատը կույր չէ: Եթե չհավատար Միքայելի նախանձին, եթե չհավատար իր նկատածներին և զգացածներին իսկ, այժմ բավական էին Շուշանիկի ակամա ցնցումները, որպեսզի զգար, թե ում համար է բաբախում օրիորդի սիրտը:
Ա՜խ, նա կարող էր արձագանք տալ այդ աղջկա զգացումներին, նա ինքը շատ անգամ էր մտածել նրա մասին: Բայց ի՞Բնչ իրավանքով և ի՞նչ նպատակով: Նա կաշկանդված է. հավիտյան և հենց այս պատճառով ժամանակին խեղդեց իր մեջ հղացած համակրության առաջին զգացումները, որպեսզի հետո խեղդելը դժվար չլինի: Այժմ, իբրև ազնիվ մարդ, պարտավոր է սթափեցնել մոլորված աղջկան:
Եմ նա սկսեց նրբորեն մերձենալ խնդրի այս ամենաէական կողմին: Նա վճռեց զոհել անձնականը, պաշտպանել; Միքայելին: Միակ միջոցն էր համեմատությունը: Գովելով եղբորը, նա պիտի նսեմացներ իրեն: Այսպես էլ արավ: Հարկավ, թաքցրեց իրեն նսեմացնելու պատճառը, բայց գիտեր, որ իր խոսքերը կունենան ցանկալի հետևանք: Միքայելն ընդունակ է սիրել կրակոտ սիրով, չնայելով վատ անցյալին, սիրել ու տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով: Դա մի հազվագույտ հատկություն է, որով այժմ շատ քիչ երիտասարդներ կարող են պարծենալ: Նրա հոգու մեջ կա մի չապականված անկյուն: Այնտեղ թաքնված են ավելի խոր զգացումներ, քան մի ուրիշի ամբողջ հոգում: Հաճախ Սմբատը համեմատում էր իրեն Միքայելի հետ և միշտ նրան է գերազանցություն տալիս: Ո՛չ, թող չկարծի Շուշանիկը, թե նա կեղծ համեստությունից է ասում այս բոլորը: Մի մարդ, որ ընդունակ է ծայրահեղ զգացումների, միշտ գերադասելի է մի ուրիշից, որի զգացումները «սառել են վաղուց»: Նա, որ զգում է — ապրում է և տանջվում. նա, որ մտածում է — նիրհում է: Բարվոք է վատ անցյալ ունենալ և մաքրել այդ անցյալը ներկայի տանջանքներով, քան ապրել հարթ ու հավասար կյանքով: Հաճախ պատահում է, որ «լավ սկսողը վատ է վերջացնում, վատ սկսողը — լավ»:
Շուշանիկը լսում էր լուռ, աչքերը հառած դեպի անորոշ տարածութտուն: Նա գուշակում էր Սմբատի միտքը: Նա չէր հավատում այդ մարդու կողմնակի ինքնաստորացման անկեղծությանը, բայց զգում էր նրա խոսքերի նպատակը: Նա ուզում էր ասել, թե չի կարող սիրել, ուզում է սառը ջուր ածել դիմացինի կրած տանջանքների վրա: Ահա թե որքան դժբախտ է Շուշանիկը: Բայց ինչո՞ւ, մի՞թե Շուշանիկը երբևէ հանդգնել է կարծել, թե Սմբատ Ալիմյանը կարող է սիրել իրեն, «տանջվել, նույնիսկ զոհվել սիրո անունով»: Նա ինքը և միայն ինքն է սիրել և սիրել է գաղտնի, երկյուղով: Այժմ... նրան հասկացնում են, թե խաբված է:
— Ասացեք, ի՞նչ եք պահանջում ինձանից, — արտասանեց նա, ոտքի կանգնելով:
— Ազատեցեք եղբորս... Նա առանց ձեր սիրո չի կարող երկար ապրել:
— Ա՜հ, պարոն Սմբատ, առասպելներ մի՛ հնարեք, — գոչեց հանկարծ Շուշանիկն այնպիսի տոնով, որ դժվար էր իմանալ, ո՛րն է ավելի զորեղ նրա մեջ` ամոթի՞, թե՞ բարկության ձայնը: — Ձեր եղբոր համար աշխարհն ամայի չէ, որ իմ մասին մտածի... Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ... իսկ ես ո՞վ եմ...
— Դուք նա եք, որի նման երկրորդը չկա մեր քաղաքում: Դուք, երևի, ինքներդ չգիտեք` ո՛վ եք...
Շուշանիկը դողում էր տերևի պես:
— Ներեցե՛ք, ես լսսւմ եմ հորս աղաղակը... Ներեցե՛ք, չեմ կարող այստեղ մնալ... Կտեսնեն... բավական է, որքան ծաղրեցիք ինձ...
Նա հեռացավ հաստատ քայլերով, գլուխը հպարտ բարձր պահած:
Սմբատը նայեց նրա հետևից: Որքա՜ն հպարտ է այդ աղջիկը, որքա՜ն գաղտնապահ և որքա՜ն համեստ իր արժանավորությունների վերաբերմամբ: «Ինչո՞ւ մի տասը տարի առաջ չպատահեցի մի այդպիսի աղջկա». անցավ Սմբատի մտքով: