ԿԱՄՈՒՐՋԸ, ՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԱՆՑՆԵԼ
Իր վեպերից մեկում Միլան Կունդերան հարցն անվանում է մարդուց դեպի մարդը նետված ըմբռնման կամուրջ: Այդ համեմատությունը երկու ուղղությամբ էլ գործում է: Հարցը նման է կամուրջի, իսկ կամուրջը նման է հարցի՝ մարդու կողմից ուղղված ժամանակին և տարածությանը,– ի՞նչ է մյուս կողմում: Բայց լինում են կամուրջներ, որ ավելի շատ նման են պատասխանների:
Երբ տասներկու տարեկան էի, ամեն օր հեծանիվ էի նստում և մայրուղով քշում դեպի մի ժամանակ ԳՈՒԼԱԳ–ի կալանավորների կառուցած ջրանցքը: Ջրանցքին հասնելով՝ մայրուղին, կամուրջի վերածվելով, ցատկում էր նրա վրացով, իսկ կամուրջը իրենց վրա պահում էին երկու մետաղյա կորեր, և այն նման էր երկինք միտված աղեղի: Կամուրջի տակ դեղին ավազաշերտ էր, որն էլ հենց իմ նպատակակետն էր: Ես ավազից տներ էի շինում, որոնք, երբ ամեն անգամ ջրանցքով գետային շոգենավ էր անցնում, քանդվում էին: Ժամերով ափին պառկած՝ տեսնում էի արևի արտացոլանքը ջրանցքի մյուս ափի պատուհաններում, հեռավոր փայտե ցանկապատներին, պտղատու այգիների փոշոտ սաղարթներին: Տարօրինակ է, բայց կամուրջը ոչ մի անգամ չէի անցնում, չնայած երբեմն ուզում էի:
Տասնհինգ տարի անց ես նորից հայտնվեցի այդ մայրուղու վրա և նորից՝ հեծանվով: Հիշեցի կամուրջը, որ մի ժամանակ ուզում էի անցնել: Այն միտքը, որ հիմա անելու եմ դա, ինձ հանկարծակի ուրախացրեց: Ես հասկացա, որ այդ անելով՝ կհատեմ սահմանը իմ ներկայի ու անցյալի միջև, և դա կնշանակեր, որ այն տղան ու ես նայն մարդն ենք դա կլիներ ամենաճշմարիտ ալքիմիական գործողությունը: Կանխավ այն ճաշակելով՝ քշեցի դանդաղ: Արդեն համարյա նպատակիս հասած, մի տարօրինակ բան նկատեցի, մայրուղին լայնանում էր ու աջ թեքվում հենց այն տեղում, ուր նախկինում տանում էր առաջ: Հետո՝ տեսա նոր բետոնե կամուրջը, որի վրայով հիմա անցնում էր ճանապարհը: Հինը կանգնած էր հարյուր մետր ձախ. չէր փոխվել, միայն թե հարող ճանապարհահատվածներն էին քանդվել և նրա երկու կողմերում էլ ոչինչ չկար: Դա լավ պատասխան էր:
Բայց ես կասկածում եմ, որ Լեթան ոչ թե այն ջրերն են, ուր մենք մտնում ենք մահից հետո, այլ այն գետն է, որն անցնում ենք քանի դեռ ողջ ենք: Կամուրջը մեր ոտքերի տակ է, բայց կա՞ն արդյոք ափեր: Սահմանը, որից գալիս եմ, չեմ հիշում: Սահմանը, որին մոտենում եմ, չեմ տեսնում: Արդյոք կարելի՞ է ասել, որ ես որևէ տեղից գալիս եմ կամ որևէ տեղ եմ գնում: Բայց, այնուամենայնիվ, ինձ սփոփում է կյանքի նմանությունը իմ զբոսնելու հետ այն կամուրջով, որը հուսահատ փորձում էի անցնել: Երբեմն մտածում եմ, որ, ըստ էության, ես կյանքում ուրիշ ոչ մի բան էլ չեմ արել, այլ միայև քայլերով չափչփել եմ այս դատարկության մեջ կախված ճանապարհահատվածը՝ կամուրջը, որն այնքան ուզում էի անցնել:
Ռուսերենից թարգմանեց ԿԱՐեՆՏԱԻԹԱՐՑԱՆԸ