СТАНЬ VIP
Сфабрикованное Азербайджаном «дело» против Рубена Варданяна направлено в судТрамп после инаугурации хочет посетить КитайМемкоин Трампа подорожал на 660% менее чем за суткиФидан и Блинкен обсудили по телефону ситуацию с курдскими силами и вопросы стабильности в СирииЛавров и Байрамов обсудили ситуацию вокруг крушения самолета «Азербайджанских авиалиний»В МВД России сообщили, кто из иностранцев лишится водительских прав

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:28

ՀԱՌԱՋԱԲԱՆ


Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտ»ի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած` փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, պարսիկը ետևիցը հասավ: Սուրը գլխին պսպղաց, աչքերը սևացավ, դեռ գլուխը չտված՝ հենց իմացավ, թե մահն, Էն ա, հոգին առավ: Հենց ուզում էր, որ ի՛ր թուրը իր սիրտը կոխի, որ թշնամին իրան չսպանի, զորականը որ թուրը չի՛ բարձրացրեց, թագավորի միամոր որդին, որ հոր մահը չտեսավ առաջին, քսան տարվա փակ լեզուն իսկույն կապը կտրեց, բաց էլավ, ու քսան տարվա լուռ սիրտը իր առաջին ձենը տվեց.

— Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՛ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տե՞րն ա:

Զորականի ձեռները թուլացան. թագավորն իր գլուխն ազատեց, քսան տարեկան լալ (մունջ) որդին իր հորը պրծացրեց:

Էսքան տարի ողորմելի թագավորազն իր կյանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սերը, էնքան գութն ու փափագը, որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանա, ոչ Էն փառքն ու մեծությունը, ո՛չ էն պատիվն ու իշխանությունը, ո՛չ էն գանձն ու հարստությունը, ո՛չ աշխարքիս սերն ու վայելչությունը, ո՛չ էնքան սիրելյաց ու բարեկամաց սերն ու քաղցր զրիցը, ո՛չ ամպի ձենը, ո՛չ գետի ու թռչնոց էն անուշ եղանակը էնքան վախտ նրա սրտին է՛ն ներգործությունը չէին տվել, որ մեկ ծպտա էլա, ու իր հոր, իր ազիզ հոր մահը որ առաջին տեսավ, սիրտն էլ իր խուփը ետ քցեց, պապանձած լեզուն էլ իր կապը կտրեց, փակ բերանը իր կսկիծը հայտնեց, կարոտ, վերջին թելն ընկած հերը իր որդու ձենը լսեց, որ լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թե որդիական սէրն էր, որ բնության գրած զնջիլը էսպես ջարդեց ու փշրեց:

Ո՛չ քսան, երեսուն տարուց ավելի ա, իմ ազիզ հե՛ր, իմ սիրելի ա՛զգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր-ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ո՜խը իմ բերնիցս չի՛ պակսում, ա՜յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի: Ամեն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամեն սհաթ մահվան հրեղեն սարը գլխիս պտտում էր, ամեն րոպեի ձեր սիրտն ու դարդը հոգիս էրում, մաշում էր. լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիվ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծությունը, մեր առաջին, է՛ն հիանալի թագավորաց, իշխանաց գործքն ու կյանքը, մեր Հայրենյաց, մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազզի աննման բնությունը ու արած քաջությունները: Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես. Դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ, երազում թե լուրջ, միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ` քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի` բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազզի ոտը կոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ, — բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ. գանձ չունեի, որ գործով ցույց տայի ուզածս, անունս մեծ չէր, որ ասածս տեղ հասնի, մեր գրքերն էլ՝ գրաբառ , մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի, հրամայել չէ՛ի կարող, խնդրեի, աղաչեի էլ լեզուս մարդ չէ՛ր իմանալ, չունքի ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղին, չասեն՝ կոպիտ ա, հիմար ա, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես էլ էի ազում, որ ասեն. «Օ՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանեն էլ միջիցը մեկ բառ չի՛ կարող իմանալ, հասկանալ» Ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն, թե հայերեն շատ խոր տեղակ եմ: Ով մեկ լեզու գիտի, ես մեկ քանիսը գիտեմ, ի՞նչ գիրք ասես, որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ, ոտանավոր, շարադրություն հո՛, Էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել, որ մեկ մեծ գիրք էլ է՛ն կդառնա:

Էս միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի: Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի, լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ: Ո՞վ չի՛ ուզիլ լսիլ, թե սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը ի՞նչ զատ են, բայց մեր լեզվումը թե էսպես բաներ ըլին, թո՛ղ աչքս հանեն: էլ ընչո՞վ էրեխին քո լեզուն սիրիլ տաս, գեղըցու վրա ջավահիր ծախիր, հա՛, շատ լավ բան ա, ամա որ կարողություն չունի, մեկ կտոր ճաթի հետ էլ չի՛ փոխիլ քո տված անգին քարը: է՛ս հո էս. Եվրոպիումն էլ որ չէի կարդում բազի, գրքերում, թե հայ ազգը պետք է որ սիրտ չի՛ ունեցած ըլի, որ էնքան բաները գլխովն անց են կացել, մեկ մարդ էլա չի՛ դուս էկել, որ մեկ սրտի բան գրի, ինչ կա՝ եկեղեցու, վրա ա, աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը էրեխեքն էլ գլխատակներին ունեին, չունքի բոլոր աշխարհի բաներ են: Թե ասեի՝ բոլոր եվրոպացիք են անխելք անհավատ, որ աստծու բանը թողած էսպես ծռտի-մռտի բաների հետ էին ընկել, հիմարություն կըլեր: Թե չէ, մեր Նարեկը թողած՝ ախր ինչպե՛ս էին նրանք էն գրքերին հավանում, լավ գիտում էի, որ մեր ազգը էնպես չէ՛ր, ինչպես նրանք ասում էին, ամա ի՞նչ անես. անաղուն շաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես:

Միտք էի անում, որ թե կտրիճ մարդ ասես, մեր միջումը հազարավորն են էլել ու էսօր էլ կան. Թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն: Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք ասես, մեր գեղըցոնց սիրտն էլ ա լիքը էսպես մտքերով: Առակ, մասալա, սուր-սուր խոսքեր որ ուզենաս, հո էն հետին ռամիկ մարդը մեկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պետք էր արած, որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային. մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե օսմանցվի, թե ղզլբաշի երկրումը ինչքան էնպես երևելի, խելոք, հունարով մարդ են էլել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել: Մենակ Քեշիշ օղլին, Քյոռ օղլին բավական են, որ ասածս սուտ չի՛ դուս գա: Թո՛ղ էսօր էլ մեկ մարդ Գրիգոր Թաբխանովի հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարդի ու ազգի լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը Էնպես ցույց կտա, որ քոռանամ, թե Եվրոպիո Էն ընտիր թեատրներումն էլ տեսած ըլիմ, ու վարժատան երես հո իր օրումը, կարելի ա, Էն ժամանակն ըլի տեսած, որ այբբենը մեր միջումը գաբով էին բռնում, գյուլլով վեր քցում, էն ժամանակը կիմանա, թե հայոց միջումը ի՜նչ հունար կա:

Էսպես բաները մտածելով՝ օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ: Չէի իմանում, թե սրա չարեն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս: Հենց է՛ս էր պատճառը, որ մեկ օր էլ, ամառվան գաստուրի ժամանակին, աշակերտներս որ առավոտը թողի, ճաշիցը ետ ընկա էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի նեմեցի Կոլոնիեն, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով` իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն իմ սիրելի աշակերտները ու ծանոթ-բարեկամք իմ սուգս վաղուց էին արել: Հենց իմացել էին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում էի, լողանում: էլի իմ, ի՛մ ազիզ, ի՛մ սիրելի աշակերտներն էին ընկել ետևիցս, որ բալքի մեկ բան էլա իմանան: Մեկ առավոտ փանջարումը նստած՝ էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Օր չտեսա նրանց, հոգիս տեղըհան էլավ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը ո՞վ կարա պատմիլ. ով սիրտ ունի, ինքը կիմանա: Բալքի թե գերեզմանումը էս ձեր սերը մտքիցս գնա, ա՜յ իմ սիրելի՛, իմ ազի՛զ բարեկամք, թե չէ, որքան էս կապուտ երկինքը գլխիս ա, շունչս բերանումս, ձե՛զ, ձե՛զ սուրբ պետք է համարեմ ինձ համար, ձեր արևի՛ն մեռնիմ: Բայց ա՜խ, ե՞րբ ա երկինքը մեկ կերպի մնացել, որ մարդի սիրտը մնա: Հենց մի փոքր մտքիս արևը երևաց թե չէ, էլի սև-սև ամպերը գլխնե՛ րը բարձրացրին, էլի կայծակ ու որոտումն սրտումս մեյդան բաց արին: Ջուրն ընկնիլ էլ չէի կարող, չունքի աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկայումս էր, սերն ու ծնողական գութը՝ ջիգյարումս. ես դինջանայի, էթըմին ո՞վ պահեր: Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ու՞մ համար գրեմ, որ ազգը լեզուս չի հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբառ, տասը՝ կըլի որ հասկանային, բայց Հարիր հազարի համար` թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը Էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ օսկի վեր ածի՛ր, ու՞մ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում:

Ում հետ էլ որ խոսում էի, Էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի՛, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում: Էս էլ լավ գիտեի, որ ինչ երևելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունին՝ հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն էլ պետք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ, նշան, պատիվ ու՞ր են տալիս դիլբանդին: Էն լեզվագետ իմաստունը թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թո՛ղ ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցավ:

Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: էլի Էսպես, մտքիս հետ ընկած՝ շատ անգամ որ ղոնաղ էի գնում յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում էի, թե տեսնիմ` խալխը խոսալիս, քեֆ անելիս ի՞նչ բանից ա ավելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի է՛նպես են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Մեջլիս ու հարսանիք հո, առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէ՛ր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի, մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛, քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մեկ աշըղ էլ դու դա՛ռ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի՞ ընկնիլ, զառ վարաղդ հո չի՞ գնալ: Մեկ օր էլ դու վեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ: Մեկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի, ինչ որ երեխաթյունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ արի վերջը իմ Ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ: Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք աստուծո, Աղասին՝ աղքատ ու մեռած, նրա սո՛ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի` կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս Էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. Երեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց: Մեկ երես բան դեո չէի գրել, որ իմ մանկական սիրելի բարեկամ ազնիվ հայազգի պարոն դոքտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ: Ուզում էի թուղթս ծածկեմ, էլ չկարացի: Ինձ համար աստված էր նրան էն սհաթին ղրկել, նրա ջանին մեռնիմ: Զոռ արեց, որ կարդամ. Բարեկամիցը ի՞նչ պետք է թաքցրած: Սիրտս դողում էր կարդալիս, մտքումս ասում էի, թե հենց հմիկ, որդե որ ա, գլուխը կպտտի, ունքերը կկիտի մյուսների նման ու իմ ախմախության վրա մտքումն էլա հո կծիծաղի, որ երեսիս չասի: Բայց փիսը ես էի, որ նրա ազնվական հոգին դեռ լավ չէի ճանաչել: Վերջացնելիս, որ հենց էն ա, թուրն էկել էր, ոսկորին դեմ առել, որ չասեց՝ «Թե էդպես կշարունակեք, շատ հիանալի բան կդաոնա», — ուզում էի վրա թռչիմ, բերանը, է՛ն քաղցր բերանը համբուրեմ:

Նրա սուրբ բարեկամությանն եմ պարտական, որ մունջ լեզուս բաց արեց: Նա գնաց թե չէ, կրակը ջանս առավ: Սհաթի տասն էր աոավոտի: էլ հաց, կերակուր միտքս չէկան: Ճանճը առաջովս անց կենալիս ուզում էի սպանեմ, էնպես էի վառվել: Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնել, ինձ թև էր տալիս: Ծնող, տուն, երեխայություն, ասած, լսած բաներ` էնպես էին կենդանացել, որ էլ աշխարքը միտքս չէ՛ր գալիս: Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլոր բացվել, ետ էին եկել: Նոր էի իմանում, որ գրաբառ ու ուրիշ լեզվներ մինչև էն սհաթը միտքս փակել, բխովել էին: Ինչ որ ասում էի կամ գրում մինչև էն հադաղը, գողացած կամ հնարած բաներ էին, էնդուր համար հենց մեկ երես բան գրում էի թե չէ, յա քունս էր տանում, յա ձեռս բեզարում: Գիշերվան մինչև սհաթի հինգը ո՛չ հացի մտիկ արի, ո՛չ չայի, չիբուխն էր իմ կերակուրը, գրիլը՝ իմ հացը: Տանցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն էլ չէ՛ի մտիկ անում: Երեսուն թաբաղեն, էն ա. լցվելով էր, որ բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց: Սաղ գիշերր ինձ էնպես էր երևում, թե նստած գրում եմ. երանի՜ կըլեր ինձ, թե էն մտքերը ցերեկն էին միտս ընկել:

Սիրելի կարդացող, չնեղանաս, որ բանն էսքան երկարացրի: էնդուր համար եմ էստոնք հիշում, որ իմանաս, թե ազգի սերը ի՜նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն: էն առավոտը իմ դուշմանի տանը ո՛չ ետ գա, ինչ որ ես տեսա: Աչքս բաց եմ անում՝ իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս: Տեսնիմ, իմ միայնակ որդին դոշին առած՝ էն արտասունքն ա վեր ածում, որ քարեր կմղկտան, Ծառա ու ղարավաշ էլ մեկ պուճախում են փետացել, կանգնել ինձ ցավելով մտիկ անում: Ու՞մ սիրտը էս սհաթին չէ՛ր ճաքիր: Գժվածի պես վեր թռա, երեխիս եմ նայում. Փառք աստուծո, սաղ ա. կողակցիս եմ աղաչում, սիրտը չի՛ կարում ետ բերիլ: Ի՞նչ էր պատահել, չէի իմանում: Անաստված, ինձ սպանեցիր հո, էս ի՞նչ բան բերիր գլխիս,— վերջապես լսեցի: Ծառեքն էլ մեկ կողմից են ինձ ղնամիշ անում, վերջապես իմանամ, սր սաղ գիշերը անդադար դելն եմ տվել, գոռացել, ա՜խ քաշել, խոսացել, ու ինչ որ հարցրել են տանըցիք, միշտ էլ գերմաներեն ո՛չ, հայերեն պատասխան տվել ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, էլ ետ իմ կռիվն սկսել: Մինչև սհաթի ինը, էս հալումն ընկած՝ ես իմ քեֆն եմ արել, նրանք` իրանց սուգն, ու ինձանից ձեռք վերցրել: Էն առավոտը, սաղ շաբաթ ու ամիս, Էսօր էլ մուրազս հենց Էն ա էլել, որ գնամ, ընկնիմ մեկ իշխանի ոտք, ասեմ, ինձ մեկ կտոր հաց տա, ու ես՝ գիշեր-ցերեկ ընկնիմ գեղեգեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ, գրեմ:

Թո՛ղ ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա էլել, ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ: Թո՛ղ տրամաբանություն գիտեցողը իրան համքյարի համար գրի, ես՝ քո կորած, շվարած որդին, քեզ համար:

*
* *


Ո՛վ թուր, ունի, առաջ ի՛մ գլխիս խփի, ի՛մ սիրտս խրի, ապա թե ո՛չ` քանի բերնումս լեզու կա, փորումս՝ սիրտ, ես լեղապատառ ձեն կտամ. — էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում: Թաք ըլի դու՛, դու՛, իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի՛ փոխիլ: Երբ որ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք, Աղասին քո փոքր որդին ա, սրանից դհա մեծ, դհա անվանիքը շատ ունիս. ինձ մի սիրտ տո՛ւր, արևիդ մատաղ գնամ, տե՛ս, թե ի՞նչ ձևով եմ գնում, նրանց բերում, առաջիդ կանգնացնում, որ դու էլ զարմանաս, թե էնպես որդիք ունեցողը աշխարքումն էլ ի՞նչ դարդ կանի: Ե՛րեսս ոտիդ տակը: Տու՛ր էդ սուրբ ձեռդ էլ մի համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ:

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ


Բարիկենդան էր: Ձինն էկել, դիզվել, սար ու ձոր բռնել էր: Պարզըկա գիշերը է՛նպես էր գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտը կոխելիս հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում էր ու մարդի ջանը սրսռացնում, ձեն տալիս: Ամեն մեկ ծառի ճղքներից, ամեն մեկ տան բաշից հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա կախ էր էլել ու բիզ-բիզ իրար վրա սառել: Հենց գիտես` սար ու ձոր կամ նո՛ր էր ծաղկել, կամ նո՛ր ծերացել, մահվան դուռն ընկել շունչն էր մնացել, որ տա ու աշխարքիս բարով մնա ասի: Ղուշ, գազան, անասուն, սողուն` որը փետացել, էստեղ-էնտեղ վեր էր ընկել, որն էլ վաղուց, ամսով առաջ բունը մտել, ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն սպասում: Գետերի, առվըների երեսները սառիցը մեկ գազ էկել, հաստացել, իրար վրա դիզվել, էնպես էր ջրի, աղբրի բերնին հուպ տվել, որ մոտըներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն էր լսում, որ սառցի տակին տխուր, տրտում քլքլում էր ու էլ ետ էստեղ-էնտեղ կամաց-կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում:

Արեգակը էս առավոտ որ գլուխը քնի տեղիցը ու աղոթարանիցը չի՛ բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին է՛նպես էր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս, որ հենց իմանաս, թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ-տեսակ անգին քարեր ըլեին դաշտերի, սարերի գլխին, երեսին, դոշին փռած: Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին է՛նպես էր մեյդան բաց արել, գոռում, փչում, հոսան անում, ձնի թեփը իրար գլխով տալիս, որ ճամփորդի քիթ ու պռունկը կպցնում, ճաքացնում, երեսը պատռում, գլխին, երեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն էր քցում, խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ ոտ ու գլուխ փետացրած` ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում կամ քարեքար տալիս: էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլավ, քանաքռցիք քնից վեր կացան, տան երդիկները բաց արին, երեսները լվացին, մեկ-երկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը: Մեծ մարդիկը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին` կամաց-կամաց տանիցը դուս էլան ու տերողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, հրաժարիմքը կամ հավատով խոստովանիմը քթըների տակին փնթփնթացնելով, իրար ողջույն տալով, շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած, քիթ-քթի տված` գնացին ժամ, դուոը պաչեցին, Էն վախտին վրա հասան, որ տերտերը դեռ չէ՛ր էկել, ժամկոչին ասեցին, որ զանգակը քաշի, ու իրանք մեկ-քանի ծունր դնելուցը հետո` մարդիկը սեղանի առաջին կամ տների տակին, կնանիքը ետի դասումը իրանց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ-գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն Էկավ, ճրագները, կանթեղները վառեցին, որտեղ ձեթ չկար, մղդսին ածեց, տերտերի փիլոնը քցեց, ու ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա էլ մեկ-քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասաց, աղոթք արեց, էկողներին լավ վարավուրդ արեց, որի քեֆը հարցրեց, որի հետ էլ էնքան զրից արեց կամ աչքերը ճմբռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն էկավ, հրաժարիմքն ասեցին գդակը գլխներին, երեսները դեպի Արևմուտը դարձրին, ու հետո էլ ետ շուռ էկան, հավատամքն ու մեղեն սկսեցին, զանգակն մեկ անգամ էլ քաշեցին, որտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց, կտրների, աղբսների վրա ձեն տվեց, ու ժամն սկսեց կանգնիլ: Տերտեր, տիրացու ժամն էին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում կամ չոքում, նստում, ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չէ՝ միրուքը քորելով, կոնդալ գլուխը տրորելով, արշտոտալով դուրս ու տուն էր անում, բուրվառ շինում, կամ էրեխեքանց գլխին խփում, որ հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին: Բազի անգամ էլ բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, ինքը քաշում, փռշտում, երեսին խաչ հանում յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու էլ ետ ծանր-ծանր գալիս, իր տեղը կանգնում կամ տերտերի հրամանը կատարում:

Ջահել, տան տղերքն էլ ամառվան պես խոտ հնձելու, կալ կալսելու, բաղ փորելու, էտելու, թաղելու, դարման կրելու դարդ չունենալով՝ ճմլկոտալով, աչքները ճմռեցին ու քնահարամ մտան գոմը, որ տավարին, ձիանոնցը խոտ տան, տակըները սրբեն, ջուրը տանին, ձիանը թիմարեն ու հետը խաղ ասելով էլ ետ կապեն ու գնան տուն: Հարգևոր հարսերը՝ ասղարույր գյուլաբաթնի օշմաղը մինչև քթըների կեսը խոր քցած, քող ու լաչակի ծերը աչքերի տակը խոր քաշած, որ էլ երեսները չէր երևում, մեկ դարայի կամ ղադաք մինթանա հաքըներին, մովի կամ կտավի շապկով զարդարած, մեկ մեծ գոտկով մեջքները չորս տակ, հինգ տակ կապած՝ ղշի պես կուփ-կուփ վեր թռան, երեսներին մի քիչ ջուր քսեցին, փեշով սրբեցին, ու որն սկսեց տունն ավելել, որը դուռը սրբիլ՛ որն էլ չախմախին տվեց, կրակ արեց, որ թունդիրը վառի ու տան թադարեքը տեսնի, պղնձները վրեն դնի ու կերակուրները էփի, հազիր անի: Տան ջահել աղջկերքն էլ գլխըները սանդրեցին, մազըները հուսած, քամակներին քցած, կարմրագագաթ պոպոզ մորթե գդակները գլխըներին, անկաջները կապեցին, դաստամալն ուսըներին քցեցին, կուժը վրեն դրին, բերանը կալան ու գնացին, որ տան համար ջուր բերեն, ու երկար ժամանակ ջրի վրա իրար հետ զրից տալուցը ետը՝ էլ ետ իրար հետ խոսալով, ծիծաղելով մեկն իրանց տունը գնաց, մյուսն` իրանց:

Արեգակի շողքն ընկավ տուն. բորյազը մեկ կողմից էր շվացնում, բզզում, հոսանը մյուս կողմից ֆստացնում, փստացնում, վզվզում, ձինը փանջարեքովը ու երդկովը ներս ածում, աչք ու անկաջ լցնում, ու էրեխեքն էլ քնաթաթախ վեր կացած, թունդրի չորս կողմովը բոլորված, շարված, ու դեռ անլվա՝ ոտըները քարին, գետնին էին ծեծում, մորըները խփում, որ հաց առնին, ուտեն: Աթարի սև, թանձր ծուխը դուռն ու երդիկը կալել, տունը մխի ծով էր շինել, էնպես որ մարդի աչքը առաջը չէ՛ր կարում ջոկի: էրեխեքանց սուգ ու շիվանը գլուխ էր տանում, քյալլա ծակում: Որն օրորոցումն էր լալիս, որը դեռ յորղանի տակին, աչք ու բերան ծխով լիքը՝ գոռում, հարայ տալիս, որն էլ տված հացովը հերիք չէր, էլի ժնգժնգում, ուզում էր, որ էլի տան, որ ձենը կտրի: Խեղճ տանտիկինը հո, չէ՛ր իմանում, թե ձեռը ո՛րի բերնին դնի, ո՛րի աչքը կշտացնի, ու իր բերանն ու աչքը հո, բաց ու խուփ անելով մեռել էր, հենց բռնի՛ր: է՛նքան ծուխ էր կուլ տվել, բռնոթի քաշել փռշտացել, հազացել, որ սիրտն էկել էր, բողազին դեմ առել: է՛նքան աչքերը տրորել էր ու աղի արտասունք թափել, որ աչքի լիսը թռել էր՛ է՛նքան կուզեկուզ, հավկրի պես ման էր էկել պուճախե-պուճախ ընկել, որ էլ մեջքը չէ՛ր կարում քաշիլ: Թունդիրն էլ քանի կենում էր, թեժանում էր: Պղնձները ղլթղլթալով եփ էին գալիս, ինքն էլ թունդրի չորս կողմը դուբարա ավել քսեց, սրբեց, կերակրների համը տեսավ, աղ քցեց ու մտիկ էր անում, որ ժամավորը տուն գա:

Աստուծո ողորմությունը հասավ. ծուխը ետ քաշվեցավ. քամին ետ առավ, ջրի գնացողները Էկան, տղերքն էլ հավաքվեցան. արեգակը մեկ ջիդաբոյ էկավ, բարձրացավ, բայց դեո Ողորմի աստծու ձեն չլսած, ժամավորները չէկած` ո՞վ էր կարող, որ բերանը նշխարք դնի: Առվոտա սհաթի ութը դեռ չէ՛ր ըլիլ, էս որ ասում եմ:

— Է՜հ, ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տո, — սկսեց տանուտեր 0հանեսի մեծ տղա Աղասին բերանը բաց անիլ ու ինքն իրան թոնթորալ, բարկանալ, որ իր բոզ ձին թամքել, հազիր էր արել, որ էսօր դուս գնա, ջիրիդ խաղա ու ուզում էր, մոնց որ ըլի, մեկ փոքր նհար անի, ձիու քամակն ընկնի ու գնա, իր թայդաշ (տոլ) տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի: — Տո՛, ձեր տունը չքանդվի, ախր ի՞նչ խաբար ա էսքան պոչը ձգել, երկարացնել: Մեկ-էրկու ծունր դի՛ր, երեսիդ մեկ-քանի խաչ հանի՛ր, պրծանք, գնաց. ժամի դուոը պաչ արա՛, էլ ետ արի՛, քո բանդ տե՛ս: Ի՞նչ ա, էսպես օրն էլ ժամի տուտը բռնիլ, ե՜րկար մտիկ անիլ, որ հա կա՛ց ու բերանդ բաց ու խուփ արա՛, թե Օրհնյալ եղերուքն ասեն, որ բերանդ հացի համ տեսնի: Խաչը գիտենա, էս հալևորներն ու պառավները քանի մեծանում են, խելքըներն էլ հետըները կորցնում: Կուզես բարկացի՛ր,կուզես սաոը ջուր խմի՛ր, որ մեռնիս էլ, Էնքան պետք է մտիկ անես, որ ժամավորները գան, Ողորմի աստված ասեն, որ բալքի թե աչքդ մի բան տեսնի: Մարդի աչքը ջուր ա կտրում, լերդը չորանում: Էսօր էլ հո մատաղ չե՞ ն մորթել ու ժամի դռանը բաժանում, որ հա թե մտիկ էլ անես, էլի աչքդ մի բան տեսնի, բերանդ մսի համ, քիթդ մսի հոտ առնի: Տերտերների գլուխն էլ հո Էսօր լավ տաքացած` ի՞նչ են մտիկ անում, թե գելը ոչխարը տարավ: էլ տուտը չե՛ն կտրում, լավ-օսալ մի քիչ ոտը բարձրացնում, որ աղունը շուտով վեր գա, ամեն մարդ իր տուն գնա: Էչ չե՛ն միտք անում, թե Էսօր ի՞նչ օր ա: Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ. նրա հորն ողորմի, ինքը հացի տեղ խոտ կըլի կերած, բա՜ս... Փորս վեց-վեց անում, ղլվլոց ա ընկել, էլի հա կա՛ց ու գյխիդ վայ տո՛ւր, թե ժամը պետք է արձակվի, որ արքայություն ըլի:

— Տո՛, խա՛նի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մի քիչ որ համբերես, լեզուդ քեզ անես, լավ չլի՞լ. Ի՞նչ ես առավոտ-առավոտ էլ բերնիդ կապը կտրել, հո կրակ չի՞ ընկել փորդ ու քեզ էրում, խորովում, — ասեց մերը բարկանալով, — հո աշխարքը տարան ո՛չ, դու մնացիր: Մենք ջա՞ն չունինք, մեզ աստված չի՞ ստեղծել, հողի՞ցը դուս Էկանք: Պա՛-պա՛, պա՛ — պա՛... էս ժանակիս տղերքը հենց սալթ գժվել, կապովի են դառել: Ո՛չ մեծի պատիվն են ճանաչում, ո՛չ հավատի գինը, ո՛չ ժամի, աղոթքի զորությունը, էս ա, որ աստված մեր գլխին բարկացել, ամեն կողմից մեզանից զուլումը պակաս չի ըլում, է՜: Ամենն էլ իրանց ձին են քշում: էրեկվան երեխեն էլ դեռ ոտը չի՛ էլած՝ ոտն ա բարձրացնում, հո աստված չի՛ վերցնիլ: Վեր կացար տեղիցդ, տո՛, մեկ հլա աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խաչ հանի՛ր, հոգիդ միտքդ բե՛ր ու ետո ուզածդ արա՛, է՛. հո ճաքեցիր ո՛չ: Տա՜, տա՜, տա՜... Աստված ազատի էս ժամանակվա երեխեքանց ձեռիցը. որ թողաս, աշխարք կքանդեն: Լավ ա, որ աստված Էսպես անօրեն բանին համբերում ա, ես ըլիմ, չե՛մ համբերիլ:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 10:29, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:32

Աղասին հնազանդ որդի էր: Ղորդ ա, մորը ո՛չինչ չասեց, լռվեց, բայց ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովը դուրս էլավ: Ոտի տակին կրակ էր վառվում-սիրտն ուզում էր բերնովը դուս գա: Գեղումը մեծացած ռամիկ տղա հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել, մեղի ձեն չէր լսել, կողքերն ու գլուխը չոլում, սարում հաստացրել: Մեկ զատկին, մեկ էլ ջրօրհներքին, սատանի աչքը քոռ, ղորդ ա, զանգակի ու պատարագի ձեն իմանում էր, բայց վա՜յ էն իմանալուն, ո՛չ սրտին էր քյար անում, ո՛չ ջանին: Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր. Ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը. ծունր դնելիս կամ չոքելիս էլ մեջքն ու ոտներն էին ցավում, ծալապատիկ նստում էր, բեզարում էր, ոտի վրա կանգնում էր, չէ՛ր կարում համբերի: Շատ անգամ ճարը կտրում էր, դուս էր գալիս ժամի հայաթը, մեկ գերեզմանաքարի վրա նստում, մեկ կուշտ քնում, էլ ետ ներս մտնում: Շատ անգամ էն վախտին էր ժամ գնում, որ ամեն բանը կերել պրծել, օրհնյալ եղերուքն էին ասում: Ո՛չինչ. Մեկ-էրկու խաչ էր հանում երեսին, ժամի դուռը պաչում, ետ դառնում:

Սաքի մենք է՞նպես չենք անում, կոպիտ գեղըցու վրա ի՞նչ ենք զարմանում կամ ծիծաղում: Գրի սևն ու սպիտակը հո, էսպես տեղը, տերտերներն էլ բռանց էին ջոկում. ավետարան կարդալիս հազար անգամ յա չեշմակը (գյոզլուկը) դզում, յա տիրացվի, մղդսու վրա բարկանում, յա գրակալը դոշըներին քաշում, յա գլուխ, երես գրքի միջումը կորցնում, մեկ պստիկ մոմ էլ ձեռներն առնում, յա մոնթի գլխին խփում, որ մոմը դուզ բռնի: Շատ անգամ էլ, որդիանց որդի, մեկ փիս, անմարս, դժար, ատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս, հենց գիտես, թե սատանի թամքը կորավ, շատ կռանալուցը, մոմը մոտ բռնելուցը յա գիրքն էր էրվում, յա նրա միրուքը: Ամա էսպես բառեր վարավուրդ էին արել, մոտանալիս կամ գլխովն էին պտտում, կամ մեկ գիրն ասում, մյուսը կուլ տալիս. յա թե չէ՛ սխ կարդալու տեղ՝ սոխ կամ սխտոր ասում, ղս ասելու տեղ ղսրախ, ու ժամ օրհնողն էլ յա չոռ էր ասում, յա չէ՛ լսում: Մեկ գիր պակաս ժամանակին հո, աստված հեռու տանի. ժամ ու ժողովուրդ, տերտեր, տիրացու իրար գլխով էին դիպչում. ամեն բերնից էնպես մեկ խոսք էր դուս գալիս, որ զուռնի փոխանակ դափ էին ածում, մմի տեղ ցխավելը յա քշոցը կարդացողի ձեռը տալիս, տպողին օրհնում, կազմողին գովում ու գեջդանգեջ, պրծնելիս, աստծուն էնքան իրանց հոգու համար շնորհակալություն չանում, որքան գրքից, ավետարանից ազատվելու խաթեր: Թե մեկ վարդապետ էլ պատահում էր էսպես վախտը, աստված հեռու տանի, էշը մնում էր ցխումը խրված, կարդացողի ոտն ու ձեռը դող էր ընկնում, լեզուն կապվում:

Չէ՛ զարմանալու, ի՞նչ անեն խեղճերը, գեղերումը վարժատուն չունին, քաղաքներումը` օրինավոր վարժապետ, ու շատի փորում, հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չե՛ս գտնիր է՛ն էլ շատ ա, որ իրանց ջուրը ջրամանիցը հանում են, իրանց բանը յոլա տանում, ժամի կարգը կատարում: Ամենս էլ լավ գիտենք, թե ո՞ւմ մեղքն ա, ամա հիմիկ խոսալու վախտը չի, հետո կասեմ, ի՞նչ ասեմ, իմացողն իմացավ ու անկաջի տակն էլ բալքի թե քորեց, բայց անկաջի տակը քորելով փոր չի՛ կշտանալ, լավ է մեկ օր առաջ իր բանը կարգին բռնիլ ու չասիլ` էգուց, էգուց: էգուց էլ էս օրվանից ա, ընչանք էգուց-էլօր կքցենք մեր բանը, գելը սուրուն կտանի. ով անկաջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի: Մեր Աղասին, բացի սրանից, ղորդ ա, տարին իրեք-չորս անգամ սրբություն էլ էր առնում, խոստովանվում, պաս ու ծում պահում, զատկի մատաղին ընկեր ըլում. խունկ ու մոմ վառում, իր մեղքը բոլոր տերտերի վիզը կապում, ինքը բերանը սրբում, ձեռները լվանում, ղրաղ կանգնում, բայց էս պարտքիցը պրծածին պես, քրդի ասածին պես՝ «էլմը զեն կիկոն» էր, «էլմը զեն կիկոն»: էլ էն ջուրը, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանը լազաթ առնում: Շատ անգամ ժամի ճամփեն էլ էր մաքիցը քցում, խունկն ու մոմն էլ: էս մեկ ադաթ էր. աչքը բաց էր արել, էնպես էր տեսել, թե հինգ նավակատյացը միս չպետք էր կերած, ժամ գնացած, ծում պահած, սրբություն առած, պատարագ արած, հոգո հաց տված, գերեզմաններն օրհնած, ուրիշներն անում էին, ինքն էլ էնպես էր անում, աղքատաց կերակրում, շատ անգամ քահանա, խալխ կանչում ու իրանց ննջեցելոց հոգիքը հիշում: Բոլոր, բոլոր հիանալի սովորություններ էին, աննման օրենք, սուրբ աստվածապաշտություն և մարդասիրություն: Աստված տա, ամեն ազգ էս բարեգործությունները ունենան, որ մեր ընտիր հայերն ունին, ամա Աղասու ջիգրը հենց էնդուր վրա էր շատ անգամ գալիս, որ ինչ անում էին, խելքումը չէին նստացնում, թե բանի զորությունն ի՞նչ ա: Հանդն էր դուս գալիս՝ իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած` տեղն ու տեղը մնում կանգնած, հենց իմանում էր, թե իրան դրախտը տարան: Ձեռները քցում, գլուխը բաց անում, երեսը մեկ երկինքը, մեկ երկրի վրա քցում, հոգոց հանում ու ցանկանում էր, որ ձեն տա:

— Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, յարադանիդ ղուրբան, աստված, որ Էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: Ա՜խ, ընչի՞ չե՛ս քո սուրբ երեսը մեկ օր մեզ ցույց տալիս, որ ոտներդ ընկնինք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք: Թե ասեմ` երկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղկներով, բուսով զարդարած, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում, գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու Էնպես, չադրի պես գլխիս վրա կանգնած` անձրև, արև տալիս, որ ես ապրիմ՝, որդիքս պահպանեմ, աշխարքի պետքը գամ, որ մեռնելիս էլ գան հողիս վրա, ինձ մեկ դարտակ ողորմի ասեն: Ա՜խ, երկնային թագավոր աստված, քանի աչքս բաց եմ անում, էս քո արարածը տեսնում, սիրտս կրակ է դառնում, աչքս ծով, բերանս լռվում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց ա՜խ, ո՛չ էս կրակն ա ինձ էրում, ո՛չ էս ջուրն ինձ խեղդում: Աչքս մոլորված` էս թփից Էն թուփ, էս սարից Էն սարն ա ընկնում, ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղվում, ջուր ա կտրում: Հենց գիտես` մեկ ձեն, մեկ թև, մեկ աներևույթ հոգի, տերևները խշշալիս, ղուշը թռչելիս, աղբյուրը քչքչալիս, բյուլբյուլը երգելիս, հովը փչելիս, շաղը երեսիս թափելիս, ամպը գռռալիս, անձրևը գալիս ինձ ձեն ըլի տալիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրա խնդում, թե վայելի՛ր Էստոնք, հողածին մարդ, բարի կա՛ց, բարություն արա՛, Արարչիդ մեծությունը ու խնամքը ճանաչի՛ր, ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես` հոտ, սարի պես՝ աղբյուր, դաշտի պես՝ մասիլ, երկրի պես՝ հաց, երկնքի պես լիս. վայելի՛ր աստուծո բարությունը, ուրըշին էլ փայ տո՛ւր. աղքատ տեսնելիս՝ կերցրո՛ւ, կշտացրո՛ւ, ղուշը վրովդ անց կենալիս կանչի՛ր, կուտ տո՛ւր, դու աոատ ձեռք ունեցիր, որ առատ առնիս ու բախտավոր ըլիս: Ա՛խ, բոլոր կանեմ, կյանքս ուզեն, չե՛մ խնայիլ, բայց ի՞նչ կըլի, որ, տեր իմ և աստված ջան, էս հոգին մեկ օր էլա մի ինձ երևի, որ Էսպես կարոտ չմնամ, չէրվիմ, չմաշվիմ նրա աննման սիրովը: Երազումն էլա որ մեկ նրա պատկերը տեսնեի, սրտումս դարդ չէր մնալ, էսքան չէի հասրաթ ըլիլ ու տանջվիլ: Թե դու ես նրան ուղարկում, ո՜վ տեր իմ և արարիչ, ինչի՞ չես հրամայում, որ մեկ օր, մեկ օր, ա՛խ, մեկ րոպե էլա, մեկ աչքս բաց ու խուփ անելիս էլա, նա մի աչքովս ընկնի, նրան տեսնիմ, սիրտս հովանա ու էլի նրա ասածն անեմ, բերնիս թիքեն հանեմ, ուրըշին ուտացնեմ, հաքիս շորը հանեմ, ուրըշի լաշը ծածկեմ, որ հորնըմորս սիրտն էլ ուրախանա, ասեն, թե «Աստված իրանց բարի զավակ ա պարգևել, որ իրանց խրատը գետինը չի՛ քցում, իրանց բարի ճամփին ա հետևում, իրանց ասածն անում»:

Հանդը դուս գալիս՝ մեր բիրտ Աղասին էսպես էր մտածում, ու սիրտն էրվում, ժամիցը գալիս` փառք էր տալիս աստուծո, որ շուտ արձակվեցավ, ինքը տուն էկավ, որ մի քիչ դինջանա ու գնա հանդը, որ էլի սիրտը բացվի, էլի Էն հիանալի ձենը լսի ու իր բանն անի: Շատ անգամ բարկացած՝ զալիս էր, տան պուճախումը կամ քուրսու տակին ոտները փռում, տրտնջում, թոնթորում, գանգատ անում, որ ժամումը, խոստովանվելիս, Էնպես բաներից էին խաբար առել, նրա սիրտը վիրավորել, որ նրա մտքովը ամենևին երազումն էլ չէին անց կացել:

— Ա՛խպեր, արածիս հլա մեկ ճար արա՛, հետո ուրիշ բաներից հարցըրու, է՛, — ասում էր շատ անգամ նեղանալով:

— Հենց քանի ասում ես, էլի երկու սհաթ չոքացնում, գլուխդ տանում են, թե՝ ասա՛, ասա՛: Ախր որ չեմ արել, ի՛նչ ասեմ, ի՞նչ: էնպես բան արա՛, որ սիրտս մի քիչ հովանա յա տաքանա, շատ խոսալուց ի՞նչ կշահվիս: Ասենք, թե խաթր եմ անում, լիս չե՛մ ընկնում, հենց պետք է ամեն բան բերանդ գալիս խոսի՞ս: Սիրտս սրսռում ա էդ հարցրած բաներիցդ, քար ըլի, էդ խոսքերը չի՛ տանիլ: Ախր ի՞նչպես են աստուծո սուրբ տաճարումը էնպես բաներից խաբար առնում, որ չոլումը չի՛ պետք է խոսացած, բալքի թե քամին իմանա, տանի, ուրըշի անկաջ քցի. տանը չի՛ պետք է ասած, որ չըլիմ չիմանամ, պատերը զարզանդին: Ես իմ կարճ խելքովս էնպես եմ իմանում, որ մարդ խոստովանվելիս ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, աստծուն խնդրի, որ իրան թողություն տա, որ էլ չանի, կարողություն տա, որ իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի, թե չէ՝ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով, անկաջը էսպես. բաներով լցնելով, սրտիցը ո՛չինչ խաբար չառնելով ի՞նչ կընկնի մարդի ձեռքը. ոչինչ: Հինգ օր էլ գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, որ սիրտդ թամուզ չի՛, ի՞նչ օգուտ: Թե ինձ վատություն ես արել, պետք է սրտով իմանաս, ինքդ փոշմանես, թե չէ ուրըշի ասելով դու հո քո ուզածը ու քո խորհուրդը չե՛ս թողալ: Տերտերի առաջին չոքելիս, մեղա տալիս էնպես պետք է վեր կենաս, որ խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ մտնի, թե չէ` սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ի՞նչ օգուտ: Խաթաբալա ա, է՛լի, մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չեն ուզում, թե պոկեն: Հաղորդության օրը որ գալիս ա. աստված գիտենա, ջանս դող ա ընկում: Ինչ աման-չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեինս քանդում, որ տեսնիմ, թե ի՞նչ եմ արել, որ ես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ: Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրըշի հացը ձեռիցը չե՛մ խլել, աստծուն իրան այան ա, գողություն, չարություն, անառակություն մտքովս էլ չի՛ անց կենում, Էնքան արևի, անձրևի տակին չոքըչոք եմ անում: Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդի ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, էլ մեղքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են, թե՝ հա, ասա, հա՛, ասա՛: Ես լավ գիտեմ՝ մեղքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք է հեսաբ պահանջել, մեզ վրա են բեռը բարձում, մեզ մեղավոր շինում: Ղորդ են ասել թե շատ կարդացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելքը չի՛ ըլիլ կամ թե չէ. Կթուրքանա: Աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարդացողիցն էլ պիտի քանդվի: Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի, սաղ-սաղ կուտեն մարդի: Ինչ ասես` նրանցից դուս ա գալիս: Ավետարանը իրանք են կարդում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում, թե մեր ասածն արեք, մեր գործքին մեք նայիլ: Ախր ի՞նչպես չնայեմ, հո քոռ չեմ, փաոք աստծու: Ինչ ճամփով որ դու գնում ես, ես էլ Էն ճամփովը պետք է հետդ գամ. Տո՛, դու դուզ գնա՛, որ ես էլ դուզ գնամ, է՜. Զոռի բան չի՛ հո: Տո՛, դու խեցգետնի պես ծուռն ես եռում, ինձանից պահանջում ես, թե ծուռը մի գնար: Առաջ դու արա՛, hետո ինձ խրատ տո՛ւր, է՜:

Ես էլ գիտեմ, որ աստված փիս բանը չի սիրիլ. ես որ հող տեղովս ատում եմ, նա ի՞նչպես կընդունի: Թե բան ունիս, է՛ն ասա, Էդով քարվան չի՛ կտրվիլ: Նստում են երկա՜ր, զուոնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, օխտը հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ: Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովրում, քանց սրանցից: Տո՛, փող էլ ուզես՝ կտամ, չունենամ, գլուխս կծախեմ, քեզ կպահեմ, թաք ըլի Էնպես բան ասես, որ խելքումս մտնի, իմ հավարին հասնիս, Էն ժամանակը հոգիս ուզես, քեզ թասիր չե՛մ անիլ, չե՛մ: Ամենը հո ամենը, իլահիմ մեր Տէր Մարկոսը. որ առավոտից մինչ րիգուն՝ փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, հողաթափը ծրփծրփացնելով կամ քոշերը քստքստացնելով, քուցին-քուցին անելով, մեկ դագանակ ձեռին, լոնդի տերողորմեն շխշխկացնելով, քուչեքը չափելով, մեկ մեռել կամ կնունք, շիլափլավ կամ մատաղ պատահելիս մեկ էլ Էն ես տեսնում, որ հազալով, փռշտալով, ոտին-գլխին անելով, դռները ջարդելով, կոտրատելով, ափալ-թափալ ներս ընկավ, հոգեառ հրեշտակի պես Էկավ, թունդրի ղրաղը կտրեց, իրան-իրան նստեց, արաղ, մազա ուզեց, ու հենց իմանաս, թե մեռելի կես հոգին ինքն ա ուզում հանի: Դեռ պատանը չկարած, չլվացրած, շուտով թաղումելեքն ու կողոպուտն ա ուզում, աստված հո չի՛ վերցնի: Տո՛, մեկ արի՛, ձեռս բռնի՛ր, հոր պես ինձ սիրտ դիր, ինձ անուշ լեզվով մխիթարի՛, ետո հոգիս էլ հանի, է՛.թե որ չտամ, պատժի գամ: Մեկ հացկերույթ ըլելիս՝ սափրի գլխին ինքն ա նստում, հինգ մարդի ղդար հաց ուտում, տկի հոտն առնելիս` փորը ղլվլոց ընկնում: Տո՛, քո տունը չքանդվի, քո տունը, հո սոված չմեռա՞ր, ա՛յ խանի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մարդի փորը հո դժոխք չի՞, որ իրան ուտի: Սար ու ձոր` տերտերի փորը. ի՞նչ ղորդ են ասել, է՜: Բերնին ղուրբան, ով էս խոսքն ասել ա: Ավետարանի կողքումը պետք է գրած, որ սրանք կարդան ու իմանան: Քիչ ա մնացել, որ մեզ սաղ-սաղ ուտեն: Երեխեքներս չոբան դառած ման են գալիս, նրանց դարդը չեն քաշում, որ մեկ այբբեն էլա, մեկ ճզի-բզի սովորցնեն, հենց իրանց ֆիքրն են քաշում: էդպես հո չի՞ ըլիլ: Ղորդ ա, կարդալ-մարթալ չե՛մ գիտում. Էշ կերել եմ, Էշ մեծացել: Ես ի՞նչ գիտեմ` տերտերն ի՞նչ ա, ժամն` ինչ: Էդպես բաները էս հաստ գլխումը, հազար տարի էլ ասեմ, մեռնիմ, կտրիմ, ոտներս քարեքար տամ, տուն չի՛ գնալ, տո՛ւն: Պարտականը նա ըլի, որ ինձ կարդալ չի սովորցրել, ամա բանը մենակ կարդալումը չի՛: Ինչ կուզե ասեն, ես իմ կոպիտ գլխովը էնպես եմ կարծում, նհախ տեղը` դատած մալը ուտիլը ու դարտակ քնիլը հարամ ա: Մարդ պետք է ինքն էլ աշխատի, որ կերածը հալալ ըլի:

Էս լսողն էնպես կիմանա, թե մեր Աղասին մեկ սարսաղ, անհոգի, անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի կարդացողներին էսպես քարկոծում, պախարակում էր ու էլ միտք չէ՛ր անում, թե նրա՛նք են Քրիստոսի կենարար մարմինն ու արինը ճաշակում, ծառա եմ նրանց սուրբ զորությանը: Նրա՛նք են մեր հոգու տերը, մեր մեղքը սրբող-մաքրողը: Նրա՛նց է տված երկնքի ու երկրի իշխանությունը, որ արքայության դուոը մեզ համար բանան կամ փակեն: Նրանք որ չըլին, մեր հոգին դժոխքումը հուրն-հավիտենական իսրի պուախումը հա՛ կտանջվեր, հա՛ կտանջվեր ու սատանեքանց փայ կըլեր: Մազե կարմնջովը՝ անց կենալիս՝ տեղը թե նրանք մեր ձեոը չի բռնեն, անդունդը կթափվինք, ու ամեն մեկ մեր թիքեն հազար սատանի ճանկը կընկներ: Ինչ ուզում ես՝ խոսի՛ր, արա՛, ձեռդ ո՞վ ա բռնում, ամեն մարդ իր գլխի տերն ա, ամա էսպես բանի վրա խոսողի ատամները պետք է ջարդած, որ խելքը գլուխը գա.

Ի՞նչ անես, Էշ գեղըցի ըլելով՝ գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ո՛ չ վարպետ էր տեսել, ո՛չ վարժատուն, ձիու տակը սրբելուցը, մաճը բռնելուցը, հանդը վարելուցը ու կատեպանությունից ավելի ո՛չին չ բան չէ՛ր գիտում: Ախր մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսըներով չոլումն ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես, ի՞նչ բեդամաղ ըլիս. նրա ասածը ո՞վ չվանի կդնի: Թեկուզ գեղըցին, թեկուզ յաբանի հայվանը, մի հեսաբ ա: Մեկ մարդ որ խաչ հանելիս չիմանա, թե ձեռը առաջ դո՞շին պետք է դրած, թե՞ ճակատին, ա՞ջու կողմը, թե՞ ձախու, սաղ տարին հինգ անգամ ժամի երես տեսնի, էլ ո՞վ նրա դնչին մտիկ կտա: Կըլի որ նրա բոլոր ան բավականության պատճառը բարիկենդանն էր ու ժամի երկարիլը: Բալքի միտք էր անում, թե իր թայդաշ տղերքը Էն սհաթին ձի ու ասպաբ հազրած՝ դուս ըլին Էկած, ու ինքը ետ մնա: Բալքի թե հենց է՛ստուր համար էր նա էնքան դատ-բեդատ անում, տրտնջում, բերանը ավերում, հոգին ապականում. թե չէ նրա ձենը մինչև է՛ն օրը իր հերնըմերն էլ չէին լսել: էս պատճաոով կարելի ա նրա գիժ խոսքերը մոռանալ, նրան ներել ու էսպես ափեղցփեղ, հայվարա խոսողի բերանը ցխել որ իր չափը ճանաչի:

Ուրեմն՝ լսողը թո՛ղ չբարկանա ու իսկույն ձեռք բարձրացնի, որ Աղա՛սու բերնին խփի: էսպես չար լեզու ուրիշ մարդիկ էլ ունին, բայց Աղասու բարի խասիաթը, բարի սիրտն ու հոգին քիչը կունենան: էս հասակը հասել էր, քսան տարին անց կացել, նա դեռ հորնըմոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը: Մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել. մեկ օր նրա բերնիցը մեկ թթո, խոսք չէ՛ր լսված. աչքը նրանց աչքին առնելիս` նա նրանց միտքը իսկույն իմանում ու գլուխը մահու էր տալիս, որ նրանց կամքը կատարի: Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին խնդում, նրա գլխովն օրթում ուտում: Ամենի աչքը նրա վրա է, նրան էր գովում, նրան էր օրհնում: Մեկին մեկ փորձանք դիպչելիս կամ մեկ դարդ ունենալիս նա իր գլուխը ետ էր դնում, նրա մուրազին հասնում: Բերնի թիքեն հանում էր, ուրըշին ուտացնում: էնքան իր ապրանքին, իր հանդին ու մալին չէ՛ր մուղայիթ, որքան իր հարևանների: Տանուտերի տղեն էր, աղքատի ու նաչարի ընկեր: Որբ էր նրա դուոը զալիս՝ սափրեն էր բաց անում կամ քիսեն. ում գութան չուներ, իրանցը բան տալիս, ում եզն ու հոտաղ չուներ, իրանցն ուղարկում. ում փող չուներ, որ մշակ բռնի, իզին էտի, փորի յա թաղի կամ թաղը ետ տա, ինքն էր առաջ ընկնում, գեղի տղերքը հավաքում ու գնում նրա բանն` առանց կանչելու, առանց խնդրելու անում, ու իգու տերը մեջը մանելիս` աչքը մնում սառած, նրան ումբր ու արև խնդրում, չունքի թե մեկ տարի վազն անթաղ մնա մեր աշխարքումն, իսպառ կչորանա: — Շատ հերնըմեր երանի էին տալիս նրա հորն ու մորը, որ էնպես բարի զավակ ունեին: Ինչ տեղ մեկ մեջլիս կամ մեկ սուփրա էր բաց ըլում, նա էր նրանց գլուխը, ուրախությունը ու քեֆ շհանց տվողը: Նրա սուրահի բոյը, նրա թուխ-թուխ աչքերը, նրա ղալամով քաշած ունքերը, նրա աննման, գեղեցիկ պատկերը, նրա անուշ լեզուն, քաղցր ձենը. նրա լեն թիկունքը, բարձր ճակատը ու ոսկեթել ճալվերը մարդի խելք էին տանում. տեսնողը մաթ էր մնամ, չէ՛ր կշտանում: Սազը ձեռն առածին պես՝ քարին, փետին շունչ, հոգի, լեզու էր տալիս: Ղորդ ա, արևն երեսն էրել գունը փախցրել էր, ամա ծիծաղելիս որ աչք ու ունքը չէ՛ր բաց անում, հենց իմանաս վարդ է բաց ըլում, երեսիցը լիս վեր թափում: Նրա թվանքի գյուլլեն դարտակ չէ՛ր անց կենալ: Սիրտն էնքան բարի էր, որ նհախ տեղը ղուշ էլ չէ՛ր սպանիլ. մռջիմը չէ՛ր կոխիլ, ամա հարամի թշնամու ձեռին տապակվելով գիշեր-ցերեկ, որ թե էնպես էր պատահում, որ թուրքերն էկել էին, բաղը լցվել, կամ իրան սպանիլ, կամ իր հարևանին, էն ժամանակը երկնքումն ըլեր, վեր կգար, գեղի էն կողմիցը ձեն տային, իսկույն ական թոթափել հազիր էր, ու թե բառով բանը չէ՛ր վերջանում, էն ժամանակը նա իրան թրի, թվանքի ու կռան հունարը էնպես էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած կամ նրա ձեռին, հնձանի տաքարին ղուրբան ըլում, որ թաղում, ծածկում էին, չունքի հազար անգամ էին փորձել, վարավուրդ արել, թե մինչև տաճկին չծեծես, քեզ բարեկամ չի՛ դառնալ:

էնքան ղվաթով էր, որ ձեռը մեկ տղամարդի գոտիկը որ չէ՛ր քցում, հավի ճուտի պես բարձրացնում, գլխի ծերն էր հանում, պտիտ տալիս, էլ ետ վեր բերում: Ձին նի ըլելիս որ ձեռը չէր բարձրացնում, ասլան ձին կզանում էր ու մեջքը դեմ անում: Հինգ մարդ վրա թափեին, բռանց ձեռը կոլորեին: Գոմշի կամ եզան բողազը մեկ թուր խփելով է՛նպես դուս կտրում, որ թրի ծերը գետինն էր խրվում: Շատ անգամ քսան հարամի հենց թրի ոռքով էր հետ ածում: Թուրքերը նրա անունը լսելիս լեղապատառ էին ըլում: Շատ անգամ, կռիվ քցած վախտը, հենց նրա ձենն իմանում էին թե չէ, ճանճի պես ցրվում, դես ու դեն էին կորչում, գյում ըլում: Ավելի անունը Ասլան բալասիհ էին դրել: Ձեռներն էլ կապած որ հարամու, թուլու մեջ բաց թողեիր, կարող էր, որ իր գլուխը պրծացներ:

Բայց է՛սքան զարմանալի հատկությունները ունենալով` էլի երեխի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ: Խանի, շահի առաջի էնպես էր կանգնում, ջուղաբ տալիս, որ, հենց իմանաս, թագավորի որդի ըլի: Ծիծաղն ու խնդությունը նրա երեսիցը պակաս չէ՛ր հարկիզ. է՛նքան պարզ էր նրա սիրտը, է՛նքան հանգիստ՝ նրա խղճմտանքը, է՛նքան արդար՝ նրա հոգին: Նրա ամեն մեկ խոսքը անգին ջավահիր էր:

Շատ մոր աչք մնացել էր կարոտ, որ նրան իր փեսա շինի, նրա գլխովը պտիտ գա: Ջահել աղջկերքը, նրա ձենը կամ անունը լսելիս, ուզում էին, որ հոգիները տան: Շատ անգամ, ջրի ճամփին կամ տան կտրներին կանգնած տեղը, որ Աղասուն անց կենալիս չէին տեսնում, էնպես էին կարծում, թե հրեշտակ է անց կենում, մնում էին քար դառած, մայիլ էլած: Նրա ձենը լսելիս, նրա բոյը տեսնելիս, սիրտըները կրակ էի ընկնում, խելքըները գնում. ուզում էին իրանց հոգին հանեն, նրան տան: Ջանգյուլում ասելիս կամ ֆալ քցելիս կամ թիզ բաց անելիս ամենն էլ իրանց մտքումը նրան էին դնում, երազում նրան տեսնում, վեր կենում նրա սիրուն ա՜խ, ո՜խ քաշում: Նրա ձեռի խնձորը կամ վարդը որ մեկի ձեռն էր ընկնում, որ փտում էլ էր կամ չորանում, էլի նա ծոցիցը չէ՛ր հեռացնում, քնելիս՝ բարձին դնում, զարթնելիս՝ դոշին, երեսին կամ քթին: Մեկ տեղ ղոնաղ ըլելիս, հազար տեղից պատի արանքից, դռի շեմից, տան պուճախից, հենց նրան էին մտիկ տալիս, ու շատը ուզում էր, թե հենց էն սհաթը յա Աղասու ձեռը նրա ձեռին դիպչի կամ շունչը՝ շնչին, յա թուրը սիրտը մտնի, որ շուտով նրա արևին մատաղ ըլի, որ Աղասին նրան թաղի, Աղասու սիրտը նրա համար մրմնջա, Աղասու աչքը նրա վրա լա, բայց ա՜խ, Աղասին վաղուց էր իր մուրազին հասել ու նրանց մուրազը փորըներումը թողել: Սաղ գեղը է՛նքան էր նրա սիրովը վառվել, որ մինչև նրա վրա խաղ էլ էին հանել՝ իրանք ասում, էրեխեքանցը սովորցնում:

Աղասի ջա՛ն, գլխիդ ղուրբան,
Դու ես մեր թագն ու պարծանքը.
Աշխարքս որ բոլոր ման գան,
Ո՞վ կլի հատդ, դու մեր կյանքը:
Գլխովդ միշտ պտիտ կըգանք,
Ա՛ռ մեր հոգին, դու մեր հրեշտակ.
Թե թաղես էլ մեզ, ձեն կտա՞նք,
Էլ քեզ կօրհնենք, քեզ դուրբան գնանք:
Երկնքին դու լիս ես տալիս,
Ծաղկերին՝ հոտ, համ ու հոգի.
Դաշտ, սար ու ձոր քեզ տեսնելիս՝
Գլուխ վեր բերում քո առաջի:

Բյուլբյուլն մեռած՝ սազիդ ձենին,
Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,
Ա՛խ են քաշում, տալիս գլխին,
Վա՜յ են ասում՝ դու մտիկ չտալիս:
Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,
Քո շվաքիդ տակին մնանք.
Ա՜խ, թե մեռնինք, մեր գերեզման
Էլ գաս, կոխես, որ դինջանանք:
Թագավորներ հասրաթդ քաշեն,
Որ ունենան քեզ պես որդի.
Քո անունը երբ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիք:
Արեգակն իր լիսն երեսիդ,
Ամպերն իրանց թևերը փռած՝
Քեզ են նայում, որ արևիդ
Ղուրբան ըլինք, մնում կանգնած:
Տանիցը որ դուս ես գալիս՝
Ամենիս աչքն վրեդ մայիլ.
Քաղցր լեզուդ մենք լսելիս՝
Ոտիդ տակին ուզում մեռնիլ:
Ղալամով աչքերդ ա քաշած,
Սուրահի բոյդ մեկ չինարի.
Աշխարքի աչքն քո վրեն մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի:

Բայց ինչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ հարսը: Ղորդ ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր: Շիրախանի բալանիքն ասես թե մառանի, մոր ջիբումն էր: Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան, որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ: Աղասու նշանածն էլ լավ ոտին-գլխին էր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը, ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս: Անաստված կեսուրը ո՛չ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չէ՛ր մռում: Ամեն բանը իր ձեռովն էր հազիր արել՝ արաղ, գինի, հավ, ձու, ոչխարի միս, բայց, ժամը չարձակված, վա՛յ նրան, որ էստոնց կշտովն անց կենար կամ մատը դներ վրեն:

էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին թամուզ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրսն ու տունն ավելել, չունքի որ գեղի քեդխուդեքը էսօր էստեղ էին կանչած, ու էսպես կարգով` օրը մեկ քեդխուդի տան, ինչպես որ միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք է անցկացնեին: Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր, որ տեսնի, թե ե՞րբ ժամը դուս կգա: Հենց կնանոնց սպիտակ չարսավը տեսավ թե չէ, նոքարը ափալ-թափալ տուն ընկավ ու նրան աչքալիս տվեց: էլի մերը իր ձին քշեց, իր ասածն արեց ու Աղասուն չթողաց, որ տեղից էնքան ժաժ գա, մինչև Սառախաթուն տատը տուն չէկավ, Սաղմոսն ու չարսավը չծալեց ու ամենին հավասարական Ողորմի աստված չասեց, նշխարք չբաժանեց:

— Աստված ձեր գլխին խոով չկենա, էսօր դուք հո հոգիս հանեցիք, իմը ինձ հասցրիք, — ասեց Աղասին քթի տակին, մեկ կտոր նշխարք բերանը քցեց ու ընչանք ղոնաղները տուն կգային, փասա-փուսեն հավաքեց, դուս թռավ, ծլկեցավ:

Անիրավ ձին էլ, հենց իմանաս, իրան փառք էր համարում, որ էնպես նստող ուներ վրեն: Ոտն օրզանգվին առավ թե չէ, մեջքը կռացրեց ո սկսեց գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, նալներին կրակ տալ, խրխնջալ, փռնչալ ու թև առնիլ, ոտները գետնիցը կտրիր: Աղասու ընկերքն էլ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր արել, իրանց մեծին սպասում ու դեռ չէին համարձակում, որ իրանց քեֆն սկսեն, չունքի պատվելի քեդխուդեքը եկեղեցուց դուս էկած՝ գեղամիջումը կանգնել, զրից էին անում, իրանց հոգսը հոգում:

— Մեկ կորչում էլ չե՛ն էս անատամ հալևորները, էս ծերերը, որ մենք դինջանանք, մեր քեֆին նայինք, — ասաց մեկը՝ ատամները կրճտացնելով, բարկանալով: — Իրանք ջանից ընկել են, իրանց ջահելությունը մոռացել, ու չե՛ն էլ ուզում, որ մենք էլա մեր օ՛րը քաշենք:

Բայց տանուտեր Օհանեսը էփված, փորձված մարդ ըլելով, միրուք ու մազեր հազար բանում սպիտակացրած, հազար չաթուչվան կտրած՝ ծանր, ուռած կանգնել, գզրին թամբահ էր անում, որ թուրք պատահելիս տանի, մեկ տեղ ղոնաղ տա, էն շանը լավ մտիկ անի, որ մարդի չկծի, ու տերտերն էլ մեջըները քցած քիչ-քիչ երիշ արին, տուն գնացին: Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց աստղը դուս էկավ:

— Քեդխուդեքը գալիս են, տո՛, տե՛ղ արեք, ղրա՛ղ կացեք, ճա՛մփա բաց արեք, — ձեն տվեց գզիր Կոտանը՝ մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայլը մնացել էր երեսի վրա ցից էլած, խճճված, կես փայն էլ բողազին, չանին կպել, չորացել, Էնքան խոսացել էր ու հարայ տվել:

Թագավորն էլ Էնպես ուռած-ուռած իր քոշք ա սարեն (պալատը) չէ՛ր մտնիլ ինչպես մեր գեղի իշխանքը՝ իրանց տաք գոմը, թեև շատի հաքին Էնքան շոր չկար, էրկու մանեթի գին ունենա: Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված հին յափունջում կոլոլված, որը մեկ հազար տեղ կարկատած, մաշված քրդի աբա Էնպես էր ուսերին քաշել, օր, ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը, գլուխդ ապրի՛, պատռտված քոբաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից Էնպես էին ճոլոլակ էլած ու քամու ձեռին եսիր մնացել, որ փչելիս՝ ուզում էր, թե իրանց էլ հետը տանի: Գլխըներին հո, էնպես գիտես, թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար ըլեր դրած: էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք էր ու, աստծու տվածիցը, շորի հոտ էր գալիս վրըներիցը: Սրանց ամեն բանն էլ կարգին էր. լաբչինը՝ թազա, մուգ մավի ղադաք փոխանի ղրաղները` ասղարուր, մավի քոբաչի շալ չուխա կամ եզդու ղադաք կապա, սիպտակ կտավե կամ շալի գոտիկ. շապկըների յախեն` որինը մով, որինը քաթան, արխալղները, ղորդ ա, կարկատած էր, ամա շատ որ ըլեր, մեկ տասը-քսան տեղ, ավելի չէ՛, էն էլ ռանգռանգ կտորներով` որը կարմիր, որը դեղին, որը զոլ-զոլ, էնպես որ շատի արխալուղը հեռըվանց, հենց իմանաս, չալ ղաջարի ըլեր կամ չալ կատվի պոչ: Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն էր. երեսը՝ կարմիր ներկած, ինչպես մեկ թուրքի հինա դրած ղաբա միրուք, երեսք չուներ, ջանումն էլ բաց տեղ չէ՛ր մնում, բոլոր ծածկում էր: Փեշերը ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսըներիցը կախ ընկած՝ գետինն էին հասնում ու դիպած տեղը թամուզ ավելում, հայլի շինում, ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ, բայց ա՜խ, շատ արևի ու անձրևի ձեռիցը է՛ն հալն էր ընկել, ներկն ու երեսի ջուրը գնացել, որ, հենց գիտես քոսոտ ձիու սաղրի ըլեր: Շատի վրա տասը տարվան թոզ ու կեղտ կար: Շատի ուսերն ու քամակը էնպես էր ծակվել, բուրդն ու մազը դուս թափել, որ տեսնողը հենց կիմանար, թե գարունքվան բրդըհան էլած ուղտի կաշի ըլեր: Բազընի փափախի մորթին էլ հո՛, էնպես էր չալ ընկել, ու ծերիցը բուրդը դուրս թափել, որ մեկ բարակ քամի կամ հով փչելիս էլ` ամեն մեկ մազը թև էր առնում ու գլխներին պար գալիս: Բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր տեսնելով, թե ի՛նչպես տանուտերն ու քեդխուդեքանց շատը գդակները կոտրել, աջու, ականջի վրա թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քեֆով մեկ էս ուսին էին քաշում, մեկ Էն, ու բազի անգամ զլխըները էլ հետը տրմբացնում էին, որ գդակները գիժություն չանեն, իրանց չափը ճանաչեն ու դուզ կանգնին: Բազի անգամ էլ իրար բռնոթի թավազա անելով կամ մեկը ձեռը մյուսի գոտիկը կամ ճտքովը քցած՝ իրանց էրեխությունը միտքըներն էին բերել ու շախա անում, իրար բոթբոթում, շվացնում, զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ էլ հրհռում, քրքռում, բրբռում, դրդռում. շատը հո, ծիծաղու, մեջքի իլիկը կոտրըվել էր, էնպես որ ժամիցը ընչանք տուն կգային, հենց բռնի՛ր, տարի քաշեց, էնքան էին էստեղ-էնտեղ կանգնել ու զրից արել:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 10:19, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:36

Ղորդ ա, ասացի, որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չունէր, որ ոտը ծածկեր, շատի չուխի վրա հարիր կարկատան կար, շատի ձեռների, երեսի, միրքի վրա տասը տարվան աղբ, կեղտ, թոզ ու մազ կար, շատը բերնումը երկու հատիկ ատամ էլա չուներ. Էնքան ծերացել էր, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն հազար բարությունով լիքը` տրաքում էին, ու աստուծո հոգի կար միջըներում, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը: Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը, կթի կովն ու գոմեշները` ֆորթ ու ձագը տակըներին, գոմումը կապած, քյահլան ձին` թավլումը, գութանը՝ դռանը լծած, մառանը՝ եմիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում, և մտնողին հոտը տեղն ու տեղը բռնում, շշմացնում էր: Նորահարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ որ գլուխը բարձին չէ՛ր դնում էս անմահական բարության մեջը, էնպես իմանում էր, թե դրախտումն ա աչքը խփում կամ բաց անում: Որը երկու, որը իրեք բաղ ուներ, նոքար, հոտաղ` դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում էր: Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարագ, մոթալներով պանիր, — ծո՜վ, ի՞նչ տուն: Տասը ղոնաղ որ Էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար, ու յաբանի յադն էլ նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կքաշեին, տուն կկանչեին, որ նրանց սուփրի համն առնի ու Էնպես ճամփա ընկնի: Շատ անգամ եկեղեցումը որ մեկ ղարիբ օքմին կտեսնեին, Սուրբ սուրբն ասածին պես շատը կերթար, եկեղեցու դուռը կկալներ, որ սֆթա ինքը նրան իր տունը տանի, ու շատ անգամ, երբ ուզողը շատ կըլեր, խոսքըմին կանեին, որ մեկ-երկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան քեֆ շհանց տան, ա բոլորն ի միասին, մեկ սրա տանը, մեկ օր` նրա, ուրախաթյուն անեն, ղարըբի սիրտն առնեն: Շատը սուրուով ոչխար էլ էին պահում: Էնպես մարդ կար, որ տարենը երկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում էր ու մեկ էնքան էլ աղքատի ու ճամփորդի ուտացնում յա գեղապետի հմար պահում, որ սարի աղքատ խալխը` թուրք, հայ, չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս` գան, տանին, ու իրանց թամարզու նաչարի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ էլ որ ըլի, նրա առաջին ու վերջին դեղը պտուղն ա: Պտուղ որ չըլի, ո՛չինչ բան նրան չի՛ փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի: Ամեն մարդ իր բաժակի գինին ալհադա ուներ պահած, որ համ իր եկեղեցուն էր տալիս, համ էլ գեղըցոնցը բաժանում, ուրտէղ բաղ չկար, որ նրա ննջեցելոց հոգին հիշեն: Ամեն նավակատյաց ոչխար ասես, կով ասես՝ մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում ու տանով-տեղով գնում, իրանց սիրելյաց գերեզմանները օրհնիլ էին տալիս ու աղքատներին կշտացնում: Մէկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց հաքնելու շորիցը. Էն էլ` կտավ, շապկացու, չուխացու, շատը հարսներն ու աղջկերքն էին նրանց համար մանում, գործում, կարում: Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար. խասի ու ղումաշի միջում կորած էին. բերնըներիցը կտրում էին, օղլուշաղի ոտն ու գլուխը թամուզ պահում. տղամարդը շատ օրը հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ. կինարմատը միշտ պետք է աբուռով հաքնի, աբուռով մաշի: Մեկը-մեկի ջգրու, շատ անգամ, իրանց օղլուշաղին էնպես էին ծաղկում, զարդարում, ինչպես գարնան վարդը: Սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, ղասաբ, ղրաղները գյուլաբաթնով արած փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա), զառ լաչակ, ղալամքար աբխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ ու բիլազիգ, քարգահարուր օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախա, ոսկե քամար, յախութ մատանիք, քահրըբար յա մարջան ճտի շարք` շատի միջումը ոսկիք, մանեթ, աբասի ծակած, անցկացրած, դոշի քորոց, ականջի օղ՝ Ո՛րը ոսկի, ո՛րը մարգարիտ. մինթանի ղրաղները՝ շատինը մարգարտաշար: Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար: Շատի ճակատին շարքով յալդուզ ոսկի շարած: Ամեն մեկի կնիկն ու աղջիկը, հենց իմանաս, խանզադա ու բեկզադա ըլեր: Շատը չորս-»հինգ հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս՝ ուզում էին գլխովը պտիտ գան ու ոտները ջուր անեն, խմեն: Գլուխն ու քամակը դեմ անելիս՝ հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն կամ քութութեն: Տրխները կամ լաբչըները հանելիս՝ ձեռն էր, որ բան էր ընկնում. Որը ոտն էր ճմռում, որը ջուրն էր տաքացնում, որը բերում, որ ոտն ու գլուխը լվանա, որը թևերը վեր քաշած ձեռին ջուր էր ածում, որը մահրամեն տալիս, որը թևն էր քաշում, որը շորերը դասում. որը տեղը քցում, քնացնում: Քնած վախտին էլ ե՞րբ կարեր մեկ ճանճ, որ նրա մոտովն անց կենա կամ երեսին նստի, էնքան աչքաբաց էին հարսն ու աղջկերքը: Մեկ ղոնաղ պատահածին պես էս պատիվը ղոնաղինն էր, ե՞րբ կարեին նրանք բաց աչքով նրա երեսին մտիկ տալ: Մեկ բան ուզելիս ոտի տեղ գլխի վրա էին գնում, որ նրա ասածն անեն ու ձեռըները դոշըներին դրած՝ աչքը կթած ունեին, որ տեսնեն, թե իրանց տերը կամ ղոնաղը ի՞նչ կհրամայի, որ կատարեն: Կեսուրը կամ կեսառը մեկ աչքը քցելիս՝ ուզում էին, որ տեղնուտեղը հալչին, էնքան հնազանդ էին:

— Բա՛խտ, բախտ էս ա. փողի բարաքյաթին էլ նալլաթ, նրա կտրողին էլ, — շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալիս,— ուտիլ չի՛ կարելի, հաքնիլ չի՛ կարելի: էսօր ջեբդ լցնես, էգուց պետք է մատդ լպստես: Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը՝ ղարարդ: Փորացավ ընկածի պես` մարդ չի իմանում, թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում: Փողը որ կա, ժանգ ա, ձեռի կեղտ, էսօր կա, էգուց աստուծով մխիթարիս: Մեռնիս՝ պետք է շներոց-գիլերոց ըլի: Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած, հեսաբը մեկ ա: Սարդարն էլ ա մեր դուռը գալիս, փողատերն էլ: Տաշտումը հաց ունենամ, կարասումը գինի, ջվալումն ալիր, հերն անիծած, որ չիփ-չփլախ էլ ըլիմ, դարդ անեմ: Օջախս լիքը ըլի, տանս` բարաքյաթ, որդիքս սաղ-սալամաթ, թո՛ղ օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոգում, հացն աստծուն ա, ես էլ հետը. ո՞վ հասնի, թո՛ղ ուտի: Տերին փառք, տեղը հլա շատ կա. տղերքըս սաղ ըլին, ջանս ապրի: Աստված իր ստեղծած բանդի ռզղը ի՞նչպես կկտրի: Գդակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ո՛վ թամբալ ա, թո՛ղ նա դարդ անի:

Չէ՛, չէ՛, փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ: Փող՝ հող, մին ա: Զարգար Պ. որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից մեկ թիզ բարձրացել ու լավ ա ապրո՞մ: Նրա քոռ աչքը գիտենա: Շատ ֆիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դաոել, քամակն էկել, փորին դեմ առել, ատամները ցից-ցից մնացել, աչքերը կուլ գնացել. մեկ որ փչես, հազար տեղ գունդ ու կծիկ կըլի. մեկ որ քթին հուպ տաս, հոգին էն սհաթը կտա: Տարենը որ հազար շուն, գել, թուրք, հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ հացս չուտեն, տանս չքնեն, գինիս չխմեն, իմ աչքը հեչ քո՞ւն կգա: Գյոռս էլ որ քանդեն, ձեն չե՛մ տալ: Իգուս մասըլի տուտը Թեհրան, Ստամբոլ ա հասել: Ում հադդն ա, որ մեկին չէ՛ ասի: Ինչ ուտում են, չեն ուտում, էնպես ասած ունիմ, որ հաբգա, խուրջին էլ լցնեն, որ տանեն իրանց տունը: Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղն ուտիլը աշխարք արժի: Նոր չե՛մ հաքնիլ, հին կհաքնեմ, ձեռս ո՞վ ա բռնում, ո՞վ ա գլխիս ծեծում, թե զառ ու ղումաշ հաքիր: Ե՞ս չեմ իմ գլխիս տերը: Քաղաքը որ մտնում են, հենց իմանաս, թե աշխարք սով ա ընկել. էլ ո՛չ խեր կա, ո՛չ բարաքյաթ: Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու առնում, էլ ու՞մ դուռը գնաս, ու՞մ ձեռդ դեմ անես: Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններումը կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համարելիս, էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս, էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա: Հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի: Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ոչ մեկ բուռ հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք՝ մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես: Թո՜ւհ, մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի: Հազար տարի էլ որ քո ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնիս, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ.

Էն մարդն էլ, որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա ա էլել, աչքը աչքիդ առնելիս, հենց գիտես, թե գյուլլով խփեցին: Ետևն ա քեզ դեմ անում ու աչքը քամակը քցում: Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղու՛ռումսաղ. ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չեմ ուզում, որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես՝ քթովդ դուս գա, խնդրել եմ աստվածանից՝ զահրըմար ըլի, էն դինումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով, աստուծո բարին է՞լ ա գլխիցդ ղհաթ էլել, որ դունչդ ցցում ես ու ետ փախչում: Մեկ բարի լիս, բարի օր էլա տո՛ւր, է՜, հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ինչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՛, ա՜յ փողակեր՝ հողակեր: Ասենք, թե չուխես մահուդ չի՛, հին, մաշված, բրդից ա, քոնը՝ նոր, կանաչ մահուդ, ձեռիցդ հո չե՞մ խլում: Քեզ պես հազար մահդամարդ իմ էս աղքատ չուխիս ղուրբան ըլի, որ առանց ղոնաղի հաց չի ուտում: Թե մեկ օր էլ ճանկս կընկնիսի՛ս, ես գիտեմ, թե ձիուդ գլուխը դվորը շուռ կտամ, հլա սաբր արա, հալբաթ էլի քամին կպտտի, քեզ մեր դեհը կքցի. Էն ժամանակը աչքդ բարին տեսնի: Ճոթ առնելիս հո՛, շատն ուզում ա, մեկ-երկու շահի փող ենք դատել էն էլ նա խլի, է՜յ գիտի ժամանակ, հա՛, ո՞վ էր տեսել կամ լսել ավալի սֆթա Էսպես բաներ, գառն ու գելն ի միասին արածում էին, հըմիկ կովը վեր են քաշում, որ տեսնեն, թե տակին երաբ ֆորթ կա՞, թե չէ: Սատկած ձիու նալնի են ման գալիս, էլ ո՞ւմ ասես ղարդդ: Հերը որդին չի՛ ճանաչում, որդին` հորը, ախպերն՝ ախպորը, լավ ա, որ քարը քարի վրա կանգնած մնում ա: Մարդ ինքը պետք է լավություն անի, որ աստված էլ նրա բանն, հաջողի: էլի աստված օրհնի՛ մեր հողը, մեր ջուրը, էլի թե հոգի կա, հավատ, մեզանում ա: Ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, իրար թասիբ քաշե՛նք, իրար արևով խնդա՛նք, մեկ օր կմեռնենք, որ ողորմի չտան, գյոռբեգյոռ հո չե՞ն անիլ: Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կգա: Լավություն կանես՝ լավություն կտեսնես, վատություն կանես՝ վատություն: Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա,. էլի Նրա ողորմին հա՛ կա, հա՛ կա: Թուրք ու հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում: Ճամփի վրի մենծ իգու անունը Հնդաստան ա հասել. Էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց, որ անց կենողը գնա, նրա բարությունը վայելի: Չորս կատեպան ամեն առավոտ, ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին, ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում: Էն մեշա իգուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին: Ի՞նչ պետք է տանինք էս փուչ աշխարքիցը. դարտակ էկել ենք, դարտակ կերթանք: Սաքի որ շատ էլ մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի պտի հողը մտնիմ: Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը: Լավ ըլիմ՝ լավ կասեն, վատ ըլիմ` վատ: — Տերտե՛ր ջան, քո ոտի հողն եմ, դրու՞ստ եմ ասում, թե ծուռը: Գրի սևն ու սպիտակը չե՛մ գիտում, . ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարքի բանը քննում: Ով չի՛ ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր գլխի տերն ա: Քեֆ սանն, քյանդ քյոխվանն (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը): Թուրքն անիծած ա, խոսքն` օրհնած: — Ի՞նչ կասես, տա՛նուտեր, թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկաջս քաշի՛, դու գիտես, որ քո չոռը ինձ համար ջան ա , քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ: Թե ճշմարիտը չե՛մ ասում, ասա՛. «Գլուխդ քարին ես տալիս»: Ես էլ ձենս կկտրեմ: Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա իմ ողորմածիկ, լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին: Ինչ որ խոսում էր, հենց իմանաս, թե ավետարանի կողքին գրած ըլի: Սաղ Աստվածաշունչը փորումն ուներ: Մեկ խոսք խոսալիս՝ հազար վկայություն էր բերում: Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո՛, ջրի պես գիտեր: Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր, բերանները կցխեր, ճամփու կդներ: Աշխարքի էն դինիցն էր խաբար տալիս: Մեկ ժողովքարար մեր գեղը գալիս պետք է տափ կենար, որ նրա ձեռը չընկնի, թե չէ՛, աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած ճամփեն ո՛րն ա: էս հմիկ որ լավ-օսալ գլխիցս դուս եմ տալիս, նրա հունարն ա, թե չէ՛ ես ո՞վ եմ, որ ինչ գիտենամ: Բանը է՛ն չի, որ մարդ, ծեգը տալիս, գնա ժամը, մեկ-երկու ծունդր դնի, դուս գա, մի քիչ գրին մտիկ անի, արշտոտա, քունը տանի, կակող բարձի վրա, ղույթուքի յորղան-դոշակում երկար ձգվի, ուտի, խմի, քեֆ անի, փորն ու գլուխը հաստացնի ու գա, մեր ջանին ընկնի, թե ինչ որ դատել եք, էն էլ մեզ տվեք, որ տանինք, լավ ուտենք, լավ հագնինք, լավ մաշենք, ձեզ համար աղոթք անենք: Ախպե՛ր, բաբա՛, ջա՛նմ, գյո՛զմ. աղոթք ունիս, քեզ համար պահի՛, քեզ համար արա՛, ի՛նչ ես տվել, որ մեզանից չե՛ս կարում ետ առնիլ: Ըսկի որ չըլի, կասեմ. «Աստված, քեզ համար մեկ պասորդ կանեմ»: Աստված բերնին չի նայում, սրտին ա մտիկ տալիս: Մեկ հաս ու չհաս պատահելիս հո՛, ուզում են, թե մեր տունը քանդեն: Տո՛, թե սուտը կարճ ա, չի՛ հասնիլ փո՞ղն ա երկարացնում: Բերաններս խփել ենք, ինչ որ ասում են, անկաջ ենք անում: Ասենք` մենք չենք խոսում, բաս աստված վերևիցը չի՞ նայում: էս ի՞նչ բան ա, թե փլավը ես ուտեմ, քո գլխին դմփեմ, մածունը ես լպստեմ, քեզ գող կատու կանչեմ: Ասենք, թե կարգավոր են, խաթրներիցը անց չենք կենում, չենք ուզում, որ անեծքի պատճառ դաոնանք, չունքի սևագլխի անեծքը քարին որ դիպչի, քարը կպատռի. իրանք էլ մի քիչ պետք է իրանց չափը ճանաչեն: Սևանու ճգնավորներն են լավ կարգավոր, ի՞նչ խոսք ունիմ, բաժակի, մսի համ չեն տեսնում, հաքածները բուրդ ա ու շալ, չոր գետնի վրա են քնում, երեսներիցը լիս ա վեր թափում. տաս՝ էլի կօրհնեն, չտաս՝ էլի կօրհնեն: Մոտը մտած ժամանակը աստուծո բան են խոսում՛ կնկա երես տեսնելիս հո՛, երկու վերստ ճամփա հեռու են փախչում: Չէ թե կնկանից, գինուց, փողից, ձիուց, էլ ի՛նչ գիտեմ, ինչ բանից խաբար տալիս: Քյահլան ձիու վրա իրանք են նստում, խաս ու ղումաշ իրանց հաքին ա, ղաբլու փլավ ու հազար տեսակ անոշ կերակրներ, խմիչք իրանք գործածում, բանըդ կուշտն ընկած վախտը ուզում են, թե գլուխդ վեր բերեն. Էս ո՛չ Քրիստոս ա արել, ո՛չ Մահմեդ:

Տո՛, հենց փող պետք է տամ, որ հոգիս դրախտը գնա՞: Տո՛, որ գործքըս լավ չըլի, ես անօրեն ըլիմ, աստված նրանց խոսքովը, իմ ոգուս պետք է թողություն տա՞: Տո, աստված փողն ի՞նչ ա անում, նրա յարադանին ղուրբան: Փողն աղքատին պետք է տված: Դեն քցես՝ լավ ա, քանց էն մարդին տաս, որ քեզ մեկ շնորհակալություն էլա չասի: Հազար օր նրանց տանդ պահի՛, պատիվ տո՛ւր, մեկ որ ոտդ մոտըներն ա ընկնում, մեկ սառը ջրի էլ լայաղ չե՛ն տեսնում, էս հո աստված չի՛ վերցնի: Մեզանից առնում են, իրանց բարեկամներին ու ազգականներին շենացնում, ետո մեզ վրա էլ մեծ-մեծ խոսում: Ասենք, թե ամեն բանի վրա լիս չե՛նք ընկնում, մեր աբուռը պահում ենք, որդի, երեխա իշի պես մենծանում են, նրանց հոգսը չե՛ն քաշում, վարժատուն չե՛ն բաց անում, չե՛ն կարդացնում, հենց ուզում են, թե մեր դատածը խլեն: Մի գնա մեչիդը, ամեն մի մոլլա, էն անհավատ տեղըներովը, քառսուն-հիսուն մեծ, պստիկ գլխին հավաքել, առավոտից մինչև մութը ուսումն ա տալիս, իր մասամբի բանը սովորցնում. մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում: Ո՞րի արածըն աստծուն դիր կգա, ձեզ եմ հարցնում: Ասում էլ ես, աղաչանք անում, անկաջըվեր են անում, մեր որդիքն էլ մեզ նման էշ ուտում, էշ մենծանում. Չենք գիտում, թե մենք սովորցնենք, գիտացողն էլ անկաջը կալել ա, ո՞ւմ ասես:

Թե սուտ եմ ասում, ա՜յ շամըհաթ, մատըներդ կոխեցե՛ք, աչքս հանեցե՛ք, թե չէ` ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ. քոռ գալիս ենք, քոռ գնում: Հա՛, լավ, հավն էլ ա օրը հարիր անգամ, ջուր խմելիս կամ կուտ ուտելիս, գլուխը ցածացնում, բարձրացնում, էստով ի՞նչ կդառնա: Ո՞վ չի՛ գիտի, թե երկնքումն աստված կա, մեզ համար՝ դատաստան: Ամա պետք է իմանանք էլ, թե երկրումը ի՞նչ պետք է անենք, որ էս դատաստանի տակը չընկնինք, է: Ախպե՛ր էսպես չի՞, դուք ասեցե՛ք. ես մեղա, գլուխս քարը: Տո՛, ետին թուրքն էլ ախր Ղուռանի շատ փայը անգիր գիտի, ես մեկ Հայր մեր չեմ գիտում, ախր ի՞նչ իմանամ, թե հոգիս ո՞ւր կերթա, մարմինս՝ ո՞ւր, ախր իմ խեղճ երեխեքն ինձանից ինչ պետք է սովորին: Շատ բան ասիլ չի՛ ըլում: Չի՛ ըլիլ, որ մարդ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով իր գլխին յա երեսին թակի. ամա ի՞նչ անեմ, սիրտս պատռում ա, որ մեր ողորմելությունը միտքս եմ բերում: Թո՛ղ ինձ կարդացնեն, որդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ, իրանց տամ. որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ:

— Ի՞նչ ասեցիր, հերիք ա, խնամի Հարություն, — ասեց տանուտերը,— ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն, մեր աստղը մեկ անգամ թեքվել ա. էսպես էկել ենք, էսպես կէրթանք, ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես: Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց: Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին հազար), ո՞ւմ գլուխը ծեծենք. ո՞վ կուզի, որ իր աչքը քոռ ըլի, ամա որ ասածդ տեղ չի՛ հասնում, ի՞նչ ես գլուխդ ցավացնում, բերանդ ափսո՛ս չի՞. քարին որ, հլա աստված սիրես, տասը տարի քարոզ էլ ասես, քյա՞ր կանի: Աստված մեր հորնըմոր հոգին լուսավորի՛, որ եկեղեցու դուռն ու ճամփեն էլա սովորցրել են, թե չէ հենց յաբանի հայվանի պես պտի մենծանայինք: էդպես բանի վրա տարով էլ որ խոսաս, տուտը չի՛ հատնիլ. գնա՛նք տուն, ու ինչ որ աստված տվել ա, վայելենք, մեր հորնըմոր ողորմաթասը խմենք, հալբաթ աստված մեկ օր իր ողորմո»թյան դուռը բաց կանի, էսպես հո չի՞ մնալ: Գնա՛նք, գնա՛նք, թե չէ շուտով մենծ պասը կգա. էն վախտը վա՜յ քո օրին՝ հա՛, կա՛ց ու թթու կե՛ր, գազար կրծի՛ր ու բերնիդ ու փորիդ հուպ տո՛ւր: Բարիկենդան ա, մեր քեֆն անենք հլա. ինչ աստծու կամքն ա, է՛ն ըլի: Փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ. լավության չեն անում, իրանք գիտեն, նրանց մեղքը հո մեզանից չե՞ն հարցնիլ, մեզանից չե՞ն ուզիլ. ո՞վ ա գիտում, թե էգուց գլխըներիս ի՞նչ կգա. մարդի միս են ուտում, արինը խմում, ո՞վ ճար ունի, իր գլխին ա անում, մերն էլ՝ աստված, էսպես չե՛նք մնալ, փիս բանը, փիս ճամփեն էսօր ա, էգուց լիս կընկնի, ու էն ժամանակը շատ մեր լաց կըլի: Ճամփեն որ ուղիղ ըլի, ինչքան երկար էլ ըլի, գնա՛, դուզ ճամփից մի՛ դուս գալ. թե չէ, որ սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա, գլխիդ փորձանք շատ կգա: Ցոլդան չխանն գյոզի չխար (ճամփից դուս Էկողի աչքը դուս կգա): Գնա՛նք, գնա՛նք տուն, տեսնենք, մեր խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել ու հենց չարխի պես գլխի վրա պտիտ էկել, դես ու դեն ընկել:

— Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնջ, թե նա չէ՛ր էլել էս մարդը մեր գլուխը հենց սալթ կտաներ,— էն կալմիցը մեկը բեղերն ոլորելով, քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով, գլուխը տմբացնելով ձեն տվեց: — Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել. ագռավներն էլ, որդիանց որ էլավ, հմիկ մեկ կտոր միս յա աղբ, յա ուրիշ զատ քթած, կերած կըլին. փորըներս ղլվլում ա, անկաջներս դժժում, ցուրտը մեկ դհիցը գափըներս տանում, սովը մեկ դհից զոռ անում, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա ու ոտը վեր կալած ջաղացի պես դանը վրա ածել, գլխիցը դուս տալիս: Քիչ էր մնացել, որ ասեի՝ քարվանը գնաց, պոչդ կարճացրու, դնգի ոտը ցածրացրո՛ւ, բերնիդ կապը կապի՛ր, լեզուդ քնացրո՛ւ. ու քամի ունիս, տա՛ր, ձեր տանը փչի՛ր. Էս քամին մեզ հերիք ա, որ ոտնուձեռ սառցնում, փետացնում ա: Կրակ, պատուհաս ա, էլի. Զրից ունիս, տա՛ր, ձեր քուրսու տակին արա՛, որ լսողի քունը տանի. Ի՞նչ ես չարչու մասալեքդ բացարել, գլխըներս տանում: Մենք էլ լավ գիտենք, թե կորած էշը ո՞ր գոմումն ա կապած, ամա ի՞նչ անես, որ մոտանողի շլինքը կոտրում են, իշի ոտն ու զլուխը խուզում. որ տերը տեսնելիս զռում էլ ա, ասում են, թե քոնը չի՛, ո՞ւմ գլուխը կտրես: Վաղի մասալեն չըլի, թե՝ Ուղտին հարցրին. ընչի՞ ա շլինքդ ծուռը, — ասեց, ի՞նչ տեղս ա դուզ, որ շլինքս ծուռը չըլի: Մեր բանն էս ա դառել, ասելով ո՞ւմ կապի կբերես. առաջ լուծն ու կամըդ պատրաստի՛ր, կալդ շինի՛ր, դեզդ դիզի՛ր, ետո գիժ մոզու անկաջիցը բռնի՛ր, է՜. հո հազար անգամ տեսել ես, որ կամն առնում ա, չոլերն ընկնում, էլ ի՞նչ ես նհախ տեղը բերանդ ցավացնում, մեզ էլ հացից քցում: Ցանք անողը առաջ պետք է գետինը վարի, փափկացնի, ետո սերմն ածի, թե չէ էլածն էլ ղուրդ ու ղուշ կուտի, կմնաս գլուխդ քորելով, մատդ լպստելով: Մեղրաճանճին մուխ տո՛ւր, որ փախչի, թե չէ երեսդ ես դեմ անում, հալբաթ որ կկծի, յարալու կանի: Ամեն մարդ հենց իր ձին ա քշում, էլ առաջը մտիկ չի՛ անում, թե ո՞վ ա կանգնած: Ճրագը իրան տակին ա լիս տալիս. աշխարքը՝ դմակ, մարդը՝ դանակ, ո՞վ ա հարցնում: Բարդին կռացնես, քեզ վրա կընկնի, գլուխդ կջարդի: Ուրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում: Ջուրն իր ձկանը պահում, հավն իր ճուտին մուղայիթ կենում. սաքի որ ամպի պես էլ գոռաս, լսողն ո՞վ ա: Դեղ ունիս, քո գլխին արա՛. եղ ունիս, ձեր բղղումը պահի՛ր: Ինչ կուզես` արա՛ յա ասա՛, ջուրն իր ճամփեն կքթնի: Հենց դու կմնաս միջումը փսամարդի: Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի, չե՞ս լսել: Ով ասես՝ գլխին կխփի ու բուրդը քամուն կտա: Ի՞նչ բանդ ա, փորդ հո բերնիցդ բարձր չի՛: Շունչդ փորիցդ ա դուս գալիս, պահի՛ր, տազ արա՛. քեզ ո՞վ ա ասում, թե արի, մեր կալը չափի՛ր, որ չանաղդ քեզ ու քեզ դեմ ես անում: Թե մեկ բան էլ գիտես, ձեր տան պատերին էլ մավա մի՛ գնալ, հողին էլ մի ասիլ. ձեն կտան, դու կմնաս միջումը մեղավոր: Ախր ի՞նչ անես, որ լսող չկա. հո չե՞ս կարող քեզ սպանիլ: Հոտաղ կերել եմ, հոտաղ մենծացել, պարտական մնա, որ ինձ մեկ լավ ճամփա ցույց չի տվեց, ո՞ւմ զլուխը կտրես յա՛ աչքը հանես: Ղիամաթումը սառչում ենք, սա հենց ի՛ր զուռնեն ա փչում. տո՛, զուռնեն է՛ն տեղ փչիր, որ պար Էկող էլ ըլի, է՜, աղբաթի խեր. թե չէ՛, էս չոլումը որ փչում ես, քեզ ո՞վ շաբաշ կտա, ո՞վ բարաքյալլա կասի:

Տանուտե՛ր, տունդ շնորհավոր: Խնամի Հարությո՛ւն, ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի. համեցե՛ք, խռովել ես, սառը ջուր խմի՛ր, սիրտդ հովանա, համեցե՛ք, քո գլուխը որ կա, սար ա. անձրև, ձին, կարկուտ, կայծակ թո՛ղ դիպչի էլ, գա էլ, ի՞նչ վեճդ ա: Մենք էլ լավ գիտենք, որ. դրուստն ես ասում, ամա ի՞նչ անես, որ գեղըցու խոսքը չվանի չե՛ն դնում, քաղաքացին էլ տեղը տաքացրել, տազ արել, իր չայը խմում, ո՞ւմ դարդն ա, թե քարը քարի վրա չի՛ կանգնիլ.ամեն մարդ իր գդակն ա դզում, իր գլուխը քորում. բերանդ բաց անելիս՝ հող են ածում, աչքդ բաց անելիս՝ թոզ. շունը տերը չի՛ ճանաչում, ո՞ւմ ասես, ո՞ւմ: Կուտ ունիս, քո հավի առաջն ածի՛ր. դան ունիս, քո ջաղացը տա՛ր: Դու էլ, թե ձեռիցդ գալիս ա, դանակդ սրի՛ր, մեկ կողմիցը վրա թռի՛ր, աշխարքս թալան-թալան ա, նամարդը իշի փալան ա: Հա կա՛ց ու քեֆ արա: Բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, ետո ես կգամ, առաջ դու գնա:

Անջախ մի անջախ իրար բոթբոթելով, համեցեք անելով. կռնից, թևից քաշելով տուն ընկան:

Օրհնյալ է աստված,
Փառք հավիտյանս ՝չամիչ.
Սրտըներն ընկավ տեղը,
Մատըներն ընկավ եղը.
Աքլորին բարձեցին գեղը
Ու կուզըկուզ անելով՝
Մտան տաք տեղը:
Նամարդ ըլի, ով չասի՝
Աստված վերջը խեր անի:


Արի՛, հմիկ գոմի դռանը կանգնի՛նք ու մեր քեդխուդեքանց քեֆին թամաշ անե՛նք: Բայց ի՞նչ անես, որ չե՛ն թողում. Հազար յադ ու այլազգի էլ որ ըլիս, սրանց սովորությունն Էնպես ա, որ աոանց քեզ թիքա չեն բերանները դնիլ. չգնաս՝ կխռովին, ու ամեն մարդ իր տունը կերթա. Գնա՛նք, ի՞նչ կա որ, հո մեզ չե՞ն ուտիլ: Տարով մեջըներումը մնաս, քեզ տնետուն ման կածեն, քեֆ շհանց կտան: Բարիկենդան օրը հո, որ քարվան մտնի գեղը, ճամփից ետ կդարձնեն. քեզ էլ կպահեն, նոքարներիդ էլ, ձիանոնցդ էլ, իրանք քո հոգսը կհոգան, քեզ քնից, տեղից չեն ժաժ տալ, Էնքան ղոնաղասեր են:

Հա՛յ դե, ջու՛ր տու՛, քշի՛,
Ձիդ ներս քաշի՛:
Մտնինք գոմը,
Տեսնինք համը,
Ուտենք փլավը,
Մարսենք չլավը.
Ամա աղլուխդ դի՛ր քթիդ,
Որ հոտը չդիպչի սրտիդ:


Լսեցի՞ր, նստեցի՞ր, չէ՞. Կանգնի՛ր, իմացի՛ր, բանը բանի նման չի՛. ա՛ռ քեզ տրաքոց, Շփոթ ա խաշիլ ա, որ հմիկ իրար կխառնվի, Թե ճար ունիս, փեշդ ձեռիդ պահի՛ր, գդակդ գլխիդ, թե չէ՛, գլխաբաց որ դուս գաս, խարփուխ կընկնիս, թե ասածս չանես, պարտական ըլիս: Գոմի սարան էնպես էր տաքացել, ինչպես համամ, Աթարի կրակի մարմանդ գոլը մեկ կողմից, եղի, կովի, ձիու հոտը՝ մյուսիցը, մարդի Քյալլա էին ծակում: Փորները՝ սոված, գլխըները՝ դարտակ, ձեռք ու ոտք մրսած, գոմի ծանրացած բուղն ու կրակի սև ծուխն էլ որքըթըներին չդիպավ, մաղձ ու աղիք իրար գլխով տվեց: Որը բերնին էր հուպ տալիս, որը աչքին, որը փորին, որը քթին, որն էլ թաքուն էր քաշում, որ բալքի թե էն զահրմար հոտը մի քիչ կտրվի: Որը փռշտում էր, որը հազում, որն էլ էնպես էր զկռտում, որ սիրտ ու թոք հետը դուս էին գալիս: Ամեն մեկ քիթ նաղրախանա էր դառել, ամեն մեկ բողազ զոռոտոտո, ամեն մեկ փոր՝ դավ ու դարյա, հազալիս երես ու միրուք էր, որ ներկվում էր: Փռշտալս, հենց գիտես, անձրև էր գալիս, քթի ցելթուկը ինչ տեղ ասես հասնում էր. երես, բերան, աչք, ունք էլ չէր ասում, թե աստված ա ստեղծել: Շատը աղլուխ չունենալով՝ կամ փեշով էր սրբում քիթը, կամ ձեռը պատին քսում, կամ թե չէ քիթն է՛նպես էր սաստիկ վեր քաշում, որ մեկ բուռը ծուխ ասես, բուղ ասես, գոմի հոտ աս՜ես, թոզ ասես՝ քոզաքալա բարձրանում, բեին էին համբարձվում: Էս միջոցումը խեղճ տանդրոջ կնիկն էլ փեշերը վեր քաշելով, քիթը սրբելով գլուխը քարը չի տվեց, ուզեցավ, որ ներս մտնի ու ղոնաղներին բարի լիս ասի ու գալըները շնորհավորի՛ հազի, փռշտոցի ձենը լսելով քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց, որ մի քիչ հոտն ա ծուխը դուս գնա: Բայց երանի, թե ձեռը կոտրըվել էր, չէ՛ր բաց արել: Հենց դռան ճռռոցն իմացան թե չէ, աշխարքն իրար գլխով դիպավ, ու որն անգդակ, որն քուրքը քաշ տալով, աչք ու քիթ բռնած էնպես քոռըքոռ հենց ուզեցան, որ դուս թողին, երեսները մի քիչ հովին տան, էլ չկարողացան առաջներին մտիկ անիլ, չունքի տունը ծուխը խավարացրել էր, բուղը ամպի պես կալել. իրար գլխով ընկան, հենց իմացան, թե քամին դուռը բաց արեց, ու մեր խեղճ տանդրոջ կնկա չանը իրան հասցրին, ոտի տակ տվին: Հարայ բոցը որ իմացան, ետ դարձան, աչքդ բարին տեսնի, չէին իմանում՝ ծիծաղա՞ն, թե սուգ անեն, յա վրա հասնին, քոմակ անեն, չունքի տանդրոջ խաթունը էնպես էր ծանրագոգոթ խրվել գոմի կպրե կաբասումը, որ էլ ո՛չ քիթ, ո՛չ երես, ո՛չ լաչակ, ո՛չ մինթանա (ղերիա), դարտակ տեղ չէր մնացել, բոլոր ռուսվա էր էլել վարդահոտումը: Էս ղուլմա-ղալամը ողորմելին հենց իմացավ, թե ձեռները թամուզ են, հենց մատները բերանը տարավ, որ օշմաղը մի քիչ բաց անի ու շունչը քաշի, քո դուշմանի գլուխը չի՛ գա, ինչ նրա գլուխն էկավ. Մեկ դուրում տաք-տաք, կովի էր թե գոմշի, չգիտեմ, մազա էլ էս վախտը բերանն ընկավ ու սրբություն, խաչ, ավետարան աչքիցն ընկավ: էլ թուք ասես, վատ խոսք ասես՝ նա էր, որ կվաթաթախ բերնով տալիս էր ու ասում, ծանրագլուխ տանուտերը ընչանք հմիկ Էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապըները կտրել, իրար գլխով ընկել, ու տանտիկինն ուզում էր, որ տուն անի. աչքը ցցեց դռան մեջը թե չէ, տունը գլխին փուլ էկավ: Մերու արջի պես բղղալով, ճղղալով, էստուր-էնդուր գլխին բամբաչելով որ վրա չի՛ հասավ, որ իր խաթունին էս դժոխքիցն ազատի, սատանի աչքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, գլխի վրա որ մաղալաղ չտվեց՝ շրը՛փ, չը՛խպ, ինչ նա տեսավ, քո դուշմանի գլխին չգա. երեսի վրա էնպես խրվեց էս կվի մեղրի կճուճումը, որ աչք, ունք, բերան, քիթ, միրուք էնպես ներկվեցին, որ հազար ուստա քիսաքսող էլ որ էլել էր, էնպես ադաթին, լազաթին՝ հինա չէ՛ր կարող իր օրումը քսիլ:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 10:21, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:39

Դարդիմանդ տանտիկինը մարգի խայտառակությունը տեսավ թե չէ, իր ցավը մոռացավ ու տեղիցը ժաժ էկավ, որ իր հալևորին մի քիչ քոմակ անի. հալևորն էլ հենց է՛ն էր ուզում, որ գլուխը էս անոշ բարձիցը բարձրացնի ու իր խաթունի՛ն էս ռուսվայությունիցը ազատի, ձեռըները իրար չի հասան, քամակ-քամակի դիպավ, ա՛ռ քեզ տրաքոց, էլ ետ դուբարա իրանց վարդահոտի մեջը էնպես խրվեցան, որ երկու լուծ գոմեշը անջախ կարող էր նրանց էստեղանց հանի:

— Տո՛, ջրատա՛ր, տո՛, գլուխդ հողեմ, ախր ի՞նչ բանըդ էր կտրվել, որ դու էլ էկար, էստեղ ընկար: Ես քիչ ռուսվա էլա, դու էլ ուզեցար, որ հետս ընկեր դառնա՞ս: էս հո խուրմա չէ՛ր, որ մենակ ուտեի, քեզ չտայի, ի՞նչ էր սիրտդ պատռում: Կրեմ էդ գլուխդ, որ դու ես: էդ հունարիդ տերն ես, որ մեկ էշ բզիլ չե՛ս իմանում: Ժամն էլ գլխիդ խռով կենա՛, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ: Մենք մեր բարիկենդանն արինք, հըմիկ որ ջհանդամը գնում են, թո՛ղ գնան դրանք: Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխեր էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ. գեղի, աշխարքի միջում խայտառակ էլանք: Մերը մեզ հասավ: Թե մենք, թե մեր գզիր Կոտանը: Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի:

— Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթր փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա՛-բալա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս: էս խոսքումը ղոնաղներն, Էն ա, Էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն Էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աղ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեո հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ: էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: էս հարայ-հրոցը որ ընկավ` «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմ ակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին»,-հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել պտիտ գալիս:

— Վա՜յ, իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ, ես դժոխքի փայ ըլիմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, էդ ի՞նչ ա քո հալը, գլխիդ մեռնիմ, մկամ քո Կոտանը մեռել, կորել ա, որ դու էդ օրն ես ընկել, — ասեց խեղճ գզիրն ու աչքը կեռացրած, մեկ դհի վրա թեքված՝ վրա թռավ, որ նրա գլուխը լա, նրա ցավին մեկ դարման անի:

Հենց քիչ էր մնացել, որ տանուտերը սիլեն ետ քաշի ու նրա մեկ քոռ աչքն էլ դզի, ատամները փորն ածի, որ իր տերն էնպես թողել, իր քեֆի ետևիցն էր ընկել, դովթալաբ գզիրը էլ սիլամիլին մտիկ չտվեց, ղաստ արեց, որ իր ծուռը դզի, աղի խաթրն առնի, ու էրկու ձեռով որ կճուճը շուռ չտվեց տանդրոջ գլխին, աստված ազատի, ինչ նրան հանդիպեց: Մեկ եքա կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ էնպես անկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված յա լսված: Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ: Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ ու գող շան պես վրվրթալով, սրսրթալով, հեթեթալով ետ թռավ գոմի պուճախն ու մնաց քար կտրած, սառած: Մեկ մկան բունը որ հազար թումանի տվել էին, կառներ, մեջը կմտներ, որ իր սև օրը լա ու տանդրոջ ձեռիցը պրծնի: Քու դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա հալն էր. Տանդրոջը հո, աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ: Միրուք, բերան, քամակ, ծոց, քուրք-մուրք՝ հոտած բազկաթանի մեջը չխչխպում, ծլծլում էին: Ջեբ, լաբչին՝ բոլոր լցվել էին, տուտը պճեղն էր հասել: Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էին, թե ուզում էլ էր, որ ժաժ գա չէ, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս դափի, զուռնի ձեն էին հանում, չփչփում:

Էս շան հալին էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեոները դես ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի: Քոռ հավի պես մնացել էր պատի տակին կանգնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս.

— Թողե՛ք, թողե՛ք, դրա քոռ աչքն անիծած, թողե՛ք, դրան սպանեմ, շնսատակ անեմ, դա՞ էր մնացել, որ իմ գլխիս օյին գա՞: Դրան է՛ն օրը քցեմ, որ մեծ թիքեն անկաջը մնա:

Ընչանք ջուր կբերեին, ամենին իրանցը իրանց էր հասել, շատը նվաղել, քամակի վրա վեր էր ընկել: էլ ի՞նչ կանեին իրար երեսի ալիր փչիլ յա մածուն քսիլ, որ շատ անգամ, ուրախ վախտներն, անում էին: էս բավական ալիր էլ էր, մածուն էլ: էս ղալմաղալումը տանդրոջ կնիկը ճրրալով, թոնթորալով դուս էր գնացել, որ իր գլուխը լա, իր մեղքիցը ազատվի: Խալխը տանդրոջ բնությունը լավ գիտելով, որ բարկացած ժամանակին հրեշտակ էլ ձեռն ընկներ, չէ՛ր խնայիլ, ո՞ւր մնաց գզիր Կոտանը, տերտերին աչքով արին, որ նա, քանի աչքը բաց չի՛ արել, մուննաթ անի, որ բալքի խղճին մեկ ճար ըլի, ու էլ ետ գզրին բերեն, տանդրոջ ձեռը պաչիլ տան: Հենց իմանում էին, թե կարգավորի պատիվն էլա կպահի:

— Բարիկենդան օրեր ա, խնամի Օհանես, խելքըներս կորել ա, տնա՛շեն,— բերանը բաց արեց ծանրագոգոթ մեր փառավոր տերտերը, որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր, որ բալքի հաշտություն քցի միջըները ու էրկուսին էլ բարըշացնի: — Աշխարք ա, է՛դպես կըլի. հո աղջիկ չե՛ս որ խասդ ու վարաղդ գնա. հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի՛ խարաբ. Մոմ չե՛ս, որ հալչիս. Մի քիչ սիրտդ լե՛ն պահի, ի՞նչ էլավ քեզ: Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումը գրում ա, ամենիդ մուրազն էլ տա, թե՝ երանի՛ խաղաղարարաց, կամ թե՝ թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի՛... ռը՜... ղռ՜... րե՜ս... Վա՛յ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ, քո օխտը, պորտին նալլաթ, քեզ բարի օր ասողին, բարի լիս տվողի շլինքը հախ միսն տերը կոտրի:

Էս ի՞նչ ա իմ հալը, — տերտերը բուխարուց ձեն տվեց՝ գլուխը քորելով, միրուքը թափ տալով:

— Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ Էկանք էսօր, տո՛, հենց ամեն բանն էլ թարս ա գալիս: Հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ խաթա-բալի մեջ ընկանք, է՛լի: էս ի՞նչ կրակ ա, որ մեզ էրում ա:

Իրավ որ ողորմելի կարգավորը կրակի մեջ էր ընկել: Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոջ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում, թե նրա արինն ու հերսը աչք ու միտք կալել, քոռացրել էին: Անաստված տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա (մուշտի) տվեց էս քո խեղճ տերտերի դոշին, որ փիլոնը մի տեղ ընկավ, գդակը՝ մի, ու ինքն էլ չոքըչոք անելով` գլուխն էնպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ երես — մերես բոլոր խանձվեցավ: Խեղճի բերանը մրով, մոխրով լցվել էր, միրքի կեսը հո, կես տարի անջախ դուս կգար, էնպես էր քոքիցը խանձվել պլոկվել: էստեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը տալիս, որ մեկ դութմի էլա ինքը չի՛ դիմացավ ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, մեղրաթաթախ, վարդահոտ տանուտերին ճամփու բերի:

— Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի՛, գոմումն էլ են ուզում իշխանություն բանացնեն, ախր ի՞նչպես մարդ համբերի, — վրա բերեց տանուտերը: — Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ, նալլաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս-ետ գնում:

էլի երկար էսպես քթի տակին մռթմռթում էր տանուտերը, որ գզրին վախցրին, պահեցին: Աստված բարի ճամփա տա, որ Էնպես ղալաթ բան մյուս անգամ չբռնի՛, և մեր գրի սև ու սպիտակը ճանաչողներին էլ խելք, իմաստություն տա, որ Էսպես տեղը իրանց պատիվը չկորցնեն:

Տանուտերը գեգջանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախն ընկավ, որ իր սիրտը մի քիչ հովացնի, բայց գզիրը թռել էր: Քեդխուդեքը մեկ կողմից, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան, տանդրոջ սիրտն առան, տերտերին էլ բարշացրին, տանդրոջն էլ, գզիրն էլ Էկավ, չոքըչոք ոտներն ընկավ, մեղա ասեց, ձեոը պաչեց, մեկ թաս արաղ էլ կոնծեց. ծուխն էլ քիչ-քիչ պակսեց, բուղն էլ, ամեն բան սկսեց իր կարգն ընկնիլ: Տերտերը «Պահպանիչն» ասեց, քեդխուդի մեկը` «Եվ ևս խաղաղությունը», տանտիկինը «Ամեն» ձեն տվեց, տանուտերը՝ «Մեղա Աստուծո», «Հայր սուրբ, զքեզ ունիմ միջնորդը» ու վերջապես արաղ-մազեն էլ որ տուն չբերին, ամենի սիրտն էլ տեղն ընկավ: Ինչ անց էր կացել, քամուն տվին, խունկ ծխեցին, երդիկ ու դուռը բաց արին, հոտը-մոտը քաշվեցավ, կատարները տաքացավ, ու մեր պարոն քեդխուդեքը հացի նստեցին, սուփրեն քաշեցին, մեկ գլխին տերտերը բազմեց, մյուս գլխին՝ տանուտերը, մեկելներն էլ պատի տակին Էնպես սրով բազմեցին ու ոտըները ծալեցին, որ սուփրի մեջը էկող-գնացողի, անց ու, դարձ անողի համար րաց էր մնացել:

Նոքարը որ արաղը չածեց, ավալի սֆթա տերտերին դեմ արեց, սա էլ խաչակնքեց, օրհնեց, տվողին խմացրեց, որ մեր գզիրն էր, ու ետո ինքն առավ թասը ձեոը ու օրհնության տուտը սկսեց:

— Աստված աշխարքիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛: Ընչանք մեռնինք ո՛չ, որ մեկ օր էլ էսպես՝ էլով, գյունով, ռուսի ձեռի տակին նստինք, քեֆ անենք:

— Ամե՛ն, ամե՛ն,— ձեն տվին ամենն էլ:

— Տունդ շե՛ն կենա, տունդ, տա՛նուտեր, որդիքդ ապրի՛ն: Աստված օջախդ հաստատ պահի՛, նամարդի մուհդաջ չանի՛, մեր գլխի թագն ես, մեր աչքի ծաղիկը, Հայր Աբրահամի օրհնությունը քեզ վրա, Սիմեոն ծերունի պես քո ըմբրի խերը տեսնիս: Քեզ ծուռը մտիկ անողի աչքը քոռանա, ո՛ւմ սրտումը մեկ խեթ կա, աստված բարին կատարի՛: Ինչ էլավ`աստված վերջը բարի անի՛, քաշած զահմաթդ ապաշխարանք համարի՛. Էսօր` քեզ, Էգուց` մեզ. մենք էլ քո ջրերն ընկանք: Ով խռով ա, սառը ջուր խմի՛: Իմ գլխիս ջաղաց էլ աղան, թաք ըլի տեղս տաք ըլի, ձեռիս` թաս, սիրտս` ուրախ: Տո՛, քեֆ արե՛ք, տո՛, դուշմանի աչքը հանեցե՛ք: Շնորհավոր բարիկենդան. աստված զատկին էլ մեզ արժանի անի. քանի կարանք, մեր օրը վայելենք. Էգուց ո՛չ էլօր մեծ պասը ոտները երդկիցը ճոլոլակ կանի, հա կա՛ց ու բազկաթթու կե՛ր: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ,— Տեր աստված, քեզ փառք. մեր երեսը քո ոտիդ տակը: Քո ստեղծվածն ենք, մեզ չի՛ կորցնես: Տե՛ր աստված, դու մեր Ռուս թագավորի սիրտը ռահմ քցես, որ գա, մեզ ազատի. ընչանք մահ մի՛ տար մեզ, մինչև նրանց երեսը տեսնինք: Կենդանություն, — ասեց ու արաղի թասը շպռտեց:

— Կենդանի մնաս, սա՛ղ ըլիս. Կարգիդ` հաստատ, տե՛րտեր ջան. Անո՛շ, խմածդ անո՛շ, հենց իմացանք՝ մե՛ր սրտովը գնաց,— ձեն տվին ամենն էլ, ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված յա խաշլամա, լոշում փաթաթած, թավազա արին: Տերտերն էլ առաջ ձեռը տվողի բթի վրա դրեց, թիքեն առավ, բերնին, ճակատին դրեց, «Հա՜յ, ձեռդ ապրի, հա՜յ զորանաս» ասելով, ձգվելով, օրհնելով, գովելով` թիքեն ծամեց, կուլ տվեց ու ինքը մյուսների օրհնանքին անկաջ դրեց, անո՜շ ասեց:

Էսպես` արաղի թասն սկսեց պտիտ գալ, ձեռնեձեռ ընկնիլ ու ամեն մեկի ձեռին մեկ սհաթ տանջվիլ, չխմողին տանջիլ, չունքի ամենն էլ մեկ եքա պարկ օրհնություն բերնըներումը հազիր ունին, ու ում լեզվումը, մի քիչ հունար կա, սուփրի ու գինու կամ արաղի թասի վրա ա փորձում: Բայց ամենի խոսքի տուտն է՛ս էր.

— Օրհնյա՛ ի տեր, աստված կարգիդ հաստատ պահի՛: Քո աղոթքը մեր գլխիցն անպակա՛ս ըլի: Տա՛նուտեր, սաղ ըլիս. տանուտեր, քո շվաքը մեզ վրա ղայիմ-ղադըմի ըլի: Մի՛րզամ, աստված որդիքդ պահի՛: Ավետի՛ք, քո որդու կարմիրը կապե՛նք: Խնա՛մի, աչքի լիս ես, աստված քեզ մեկ ղոչ որդի տա՛: Հավասարական սաղ ըլի՛ք, ուրա՛խ: Տե՛ր աստված, վերջըներս բարի անես: Կենդանություն:

Էսպես` ամեն մեկ խմող ամենին ջոկ-ջոկ մեկ բան պտի ասեր ու Էն էլ ամեն թասի վրա: Թեկուզ քսա՛ն թաս էլ մեկ մարդ խմի, քսա՛ն մարդ էլ նստած, ամեն թաս խմելուն ամենին էլ հատուկ-հատուկ մեկ բան որ չասի, թասը կուլ չի գնալ, բկումը կմնա: Շատն էլ թասը մեկ սհաթ քիմի ձեռին բռնում ա, որ վրեն մի տաղ յա մի խաղ ասեն ու իրան անունի շարականը վրա բերեն: Հայտնի բան ա, որ տերտերից յա տիրացվից գյուման շարական ասող` գեղ տեղն ո՞վ կա: Ամա սրանք էլ խեղճ շարականի բուրդը շատ անգամ էնպես են գզում, որ աստված հեռու տանի: Լսողը մինչև Երուսաղեմ մին կփախչի: Բայց ի՞նչ կանես, բախտըներիցը հազար շուն կա, հազար գել, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն: Լավն էլ էս ա, շատ գլուխ չի՛ ցավիլ:

Մեր երկրումը առաջ ձեռըները լվանում, սրբում (Էն էլ նստած տեղն ա նոքարը՝ փեշկիրն ուսին, ավթաֆա լագանը ձեռին, ամեն մեկի առաջին կռանում յա չոքում, ձեռին ջուր ածում), ետո են սուփրեն քաշում, աղամանը, պանրամանը, ձկնամանը մեջտեղը շարում, ապա հացը քաշում, ամենի առաջին կիտում, բազի վախտ կանաչի էլ ա ըլում: Գդալ, չանգալ-դանակի ոտը դեռ մեր աշխարքը չի մտել: Մատներն էլած տեղը ի՞նչ հարկավոր ա չանգալ-դանակ: Կերակրներն էլ մեկ սինով (պոթնոս) ներս են բերում, ու մեկ նոքար փեշն ու թևերը վեր քաշած, ուսին քցած, կուզըկուզ անելով` երկուսի առաջին մեկ աման ա դնում: Հացից ետը էլի ջրով որ ձեռք ու բերան չողողեն, չլվանան, կերածը հարամ կըլի: Գդակ վերցնիլ սեղանի վրա յա գլուխ տալ ադաթ չի՛: Երկրի ծեսն էսպես ա, Եվրոպա չի, որ կովը վեր քաշեն, տեսնեն՝ տակին հորթ կա, թե՛ չէ:

Հենց մի քիչ աղի կողակ ու պանիր որ անոշ չարին, գելը կատաղեցավ:

— Տո՛, լերդս կպավ, է՜, բերանս հո ցամաքեցավ. Էդ զահրըմարը մի ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի, է՜, ա՜յ տնաշեն: Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ, մեզ հո սպանելու չե՞ք բերել էստեղ,— ձեն տվին էս տեղանց, էն տեղանց քեդխուդեքը, որ գինին շուտով ածեն:

Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման, հենց էն ա, գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան կամ, ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ՝ ցխում, վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս: Աստված մի՛ արասցե, էս պակասությունը չունին, նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու Էշ կերել, Էշ մենծացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված` երկինքը համբառնան: Չէ՛, չէ՛, նրանք շատ բռի են ու էլած-չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դաոնում, գլխըները` նաղրախանա, լեզվըները՝ բլբլի, սիրտըները՝ ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո օրումը հարբած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի: Մա՜շալա, տղեն սրան կասեմ, ա՜յ թե մարդ ա, ուրիշն էլ էս բանը կանի:

Հաց քցող տղեն էրկու ստաքանանոց տոլուն էլի տերտերին դեմ արեց. նա էլ օրհնությունը տվեց ու ճամփու քցեց: Ետո մեկելներին տվեց. Էսպես` բոլոր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր ածում իր գինին. էս նոքարի ու ղուլուղ անողի գործն ա. որ քսան մարդ էլ որ ըլին, հենց մեկ թասից պտի խմեն, էնպես որ, ընչանք թասը պտիտ կգա ու վերջին մարդին կհասնի, սրա բողազն ա ցամաքում, վերի նստողի՝ թուքը: Կենաց-մենաց խմիլն Երևանումն էնքան ադաթ չի, ամա մարդ իր լեզվի հունարը ձեռաց պետք է չթողա, ամեն թասի, վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի՝ ըլի, հաջաթ չի. բեինդ տաքացած ժամանակը ինչ կուզես, ասա՛, վատ խոսք էլ որ ասես, լավի տեղ անց կկենա: Սովորական կերակրներն էլ մեր երկրի սրանք են` բոզբաշ կամ քուֆթա, կամ խաշ, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, գառան մսով փլավ, խաշած հավ ու ոչխարի խորոված, որ հենց էնտեղ ևեթ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով, տաք-տաք իրար թավազա անում. Բազի անգամ էլ տոլուչին պետք է բերանը բաց անի, որ մեկ թիքա խորոված իրանց ձեռովը բերանը դնեն կամ մեկ թաս գինի կոնծիլ տան:

Էսպես` մեկ քանի տոլու մաքրազարդեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց: Կրչոնց Վիրապն էլ հո՛ էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազը կողքին հազիր ուներ. Անկաջ պտեր, որ նրա ձենին հայիլ-մայիլ մնար: Հենց ջուրն իր ճամփեն քթավ թե չէ, սա էլ իր սազը քոքեց, ճնգճնգացրեց. Հա՛ կաց ու քեֆ արա՛: Պատերը դրմբում էին, գետինը զրնգզրնգում, օճորքը տեղըհան ըլում, նրա ձենը մարդի քյալլին ցցվում: էնպես զոռբա ձեն ուներ Վիրապը, որ հինգ սհաթվա ճամփից լսվում էր.

— Փի՛ր օլսան, փի՛ր, ջանմ սան, ջանմ. ի՞նչ կըլեր, որ քո մերն քեզ նման մեկ հինգն էլ էր բերել, որ աշխարքի միջումը մի հատ չըլեիր: Ասա՛, բերանիդ ղուրբան, ասա՛, բերանդ ապրի, ըմբրով կշտանաս, — հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տրմբացնելով, անոշ-անոշ զկռտալով:

Շատի բերնի ջուրը հետը գնում էր: Շատ անգամ, քեֆը քոք ժամանակին, տերտերն էլ ի՛ր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրապի հետ էր բաս մտնում, գոռում, կամ թե չէ «Երևեցավ խնկաբերիցն» ասում, խալխի թասըները վեր դնիլ տալիս, կամ ձեռըներին բանդ անում. ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի, քացախած ձենով, որ մարդի գլուխը տեղիցը պոկ էր գալիս: Քեդխուդեքը հո, մաջալ չէին տալիս. Ինչ բերանները գալիս էր, հենց է՛ն էին քյոնդալանա ասում, զռում, էնպես, որ խեղճ սազանդարի ասածը բերնումը հարամ էր ըլում:

Ամենը հո ամենը, իլլահիմ մեր մեղրաբերան տանուտերը, անատամ ռեխը որ բաց չէ՛ր անում, պատերը դողում էին, կատվըները մլավում, հավերը բակումը իրանց տիրոջ ձենը լսելով՝ շարքով կանգնում, կռկռում յա կչկչում: Ֆորթ, եզը, ձի, տավար ուզում էին, որ ուրախությունիցը կապըները կտրեն: Էշը զռում էր, գոմեշը տրլնգում, Էծը մկկում, կովը բառանչում, ֆորթը բղավում, որը ֆշտացնում, որը փստացնում, որը վզզացնում, որը բզզացնում: Մյուս բաները չեմ ասում, ամոթ ա: Գարի, դարման կերած՝ տավար, հայտնի բան ա, որ ինչ ասես, նրանցից դուս կգար: Խուլասա, ի՞նչ գլուխ ցավացնեմ. Էսպես նաղրախանի ու մուզիկի ձեն շահի դռանն էլ, չէր լսված: Բայց գինու տակռին դալար մնա: Էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը մեկին էլա քյար չէ՛ր անում: Շատի, հենց բռնես, քեֆը գալիս էր: Բայց ամեն սհաթ հո մեկ չի՛ ըլիլ, ու ում ուժն ասես՝ տերտերին յա գզրին ա հաղթում: Սրանց մեկը էս ալեկոծության ժամանակին հենց շարքյասեն առավ, օրհնեց, պրծավ ու պռնկին դրեց, որ մաքրազարդի թե չէ, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքացրեց, որ էլած-չէլած խելքը գլխիցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափեցավ, ու հենց ուզում էր, որ թասն էլա չի՛ կոտրի, ու բեղաֆիլ ձախու ձեոը որ չի՛ վրա բերեց, սատանի աչքը քոռանա, էնպես սաստիկ խփեց տանդրոջ գլխին, որ փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, հատիկ ատամների մեկն էլ բերնիցը վազեց, փորը գնաց, որ գլուխը պրծացնի: Թե ուրիշ վախտ էր էլել, ես գիտեմ, թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին-մին կպոկեր, բերանը կըտեր, ամա էս սհաթին, որ քար էլ աղային գլխին, ձեն չէ՛ր տալ:

— Լավ հարաքյաթ ես անում, հա՛: է՜հ, ի՞նչ անենք. բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, դու սաղ ըլիս: Ա՜յ տղա, ածա՛, լցրո՛ւ: Վիրա՛պ ջան, մեկ լավ զլի՛. խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա խաբար, թե էգուց գլխըներիս ի՞նչ ա գալացուկ: Գյոռն չաթլասն, տերտե՛ր ջան, գյոռն. էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտս կշտանա. կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա,— ասում էր ու տերտերի ուսերին լավ բաբաթ վեր հատում. սա էլ պարտքի տակին չէ՛ր մնում ու մեկի տեղակ հինգն էլա ետ տալիս:

էսպես՝ դինջ, տանստանու, ինչպես հեր ու որդի, քեֆ էին անում մեր պարոն քեդխուդեքը, հանաք անում, իրար սիրտ շահում ու հազար բաբաթ նաղլ, մասալա, առակ, շախա ասում, անում, լսողի սիրտը բանում, իրանց օրը անց կացնում: Վաղուց էին կշտացել, էլ հո հաց չէին ուտում, մազա էին անում, գինի խմում. բազինն էլ վեր էր կենում, պար գալիս: Տերտերը մեկ թաս գինի մեկին դեմ անելիս հո, հազար տեղ գլխի վրա կունդկի էր տալիս, որ նրա սուրբ ձեոիցը բաժակն առնի, ձեռը պաչի: Էսպես` վախտին էին մտիկ տալիս, որ դուս գան, գնան, ջահել տղերքանց ջիրիդին թամաշա անեն: 5

Արեգակն էկել, երկնքի մեջտեղը բռնել էր. օրվան փուշը մի քիչ կոտրըվել, տաքացել էր: Սար ու ձոր արծաթի պես փլփլում, պլպլում էին: էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմանար, թե երկնքիցը մեկ ավետյաց ձեն ա էկել, աշխարքս արքայություն ա դառել, մարդի աչքն էլ ցավ, կսկիծ չի պետք է տեսնի, և Քանաքռու խարաբեքն էլ էին թև առել, ծափ տալիս, թե էլ էնպես չեն մնալ, թե իրանց մեջն էլ շունչ կմըտնի շեն կընկնի, էնքան տղամարդ, ջահել տղերք, էրեխեք էին տներիցը դուս էկել, քուչեքումն ու կտրներին քեֆ անում: Օտար մարդը հենց կիմանար, թե էս գեղըցիք աշխարքի տերն են. ո՛չ դարդ ունեն, ո՛չ ղասավաթ. Ամեն մեկը հազար թումանի տեր են: Ռհաթ խալխը՝ որը ձեռնաբռնուկ էին արել, պար գալիս, որը բոլորեշուրջ նստել, քեֆ էին անում, որը խաղ էր ասում, որը դամ քաշում: Էստեղ զուռնեն էր փչում, Էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղը փահլևաններն էին կոխ պրծնում, յա ղարաչիքը ֆալ բաց անում: Մանր տղերքն էլ յա ձնաթոփի էին խաղում, յա աչքակապուկ, յա սալդաթի պես կռվում: Դաբխփի (դհոլ), զուռնի ձենն ու հարայ հրոցը աշխարք էին վեր կալել:

Աղասին էլ քեֆն արել, պրծել, իր դաստեն ետևին քցած՝ էկավ մեկ տասը ձիավորով, գեղի միջովն անց կացավ, որ գնա, կալերի դզումը, ջաղացների մոտին իր հունարը նշանց տա, ջիրիդ խաղա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա: Հենց իմանաս` մեկ թագավորի որդի ա գալիս: Յարաղ-ասպաբը կապած, թվանքն ուսին, թուրը կողքիցը կախ, ջուխտ փշտովն ու ղամեն գոտկումը, կանաչ մով շալվարը, զառ կապեն հաքին, գյուլբանգի աղլուխը ճտին. նուղայի թուխ գդակը գլխին կոտրել, աջու անկաջի վրա էր քցել. ոսկեթել թուխ-թուխ մազերը ձախու կողմիցը քամու հետ խաղում` յա ազնիվ երեսին էր դիպչում, յա բկի տակովն ընկնում: Բեղերն ապրշումի պես ոլորել, էնպես էր թշի վրովը դուս տարել, որ ամեն մեկի մեկ ծերը անկաջներին էին դիպչում: Մտիկ անողի խելքը գնում էր: Գեղըցիք հենց նրան տեսան թե չէ, ծափ տվին, պար էկան, ձեն-ձենի տվին ու սկսեցին նրա խաղն ասիլ, նրա գովքն ածիլ:

— Աղասի՛ ջան, գլխիդ ղուրբան, էս թասը խմե՛նք քո արևսադաղին, արևիդ մեռնիմ. մեր գլխիցը ո՛չ պակսիս, գնա՛, մենք էլ էս ա, կգանք, — ամեն կողմից ձեն տվին ու Աղասու թասը խմեցին:

Ազնիվ երիտասարդն էլ, ով որ իրան էսպես պատիվ էր տալիս, գդակով էր անում, քաղցր երեսով գլուխ տալիս ու անց կենում:

Հեռըվանց երևում է, թե ի՞նչ ղիամաթ էր անում իգիթը: Ձիու անկաջը մտած՝ էնպե՜ս էր քաշում, կրակին տալիս, որ, հենց իմանաս, թևավոր ղուշ ըլի: Շատ անգամ ջրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս` ձիու վրիցը բռնում էր, էլ ետ քցում: Շատ անգամ հենց էնպես դուզ շպրտում էր ու կրակի պես ետևիցը հասնում, կալնում, էլ ետ ծուլ անում: Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրացնում, որ ջիրիդն առաջին դողում էր: Ընկերտանց վրա էլ որ վախտ-վախտ ջիրիդ չէ՛ր քցում, է՛նպես էր նշանում, որ գդակների ծերին էր դիպչում կամ գդակը հետը տանում, որ իմանան, թե նա նրանց ղիմիշ չի՛ անում: Շատ անգամ թամքի միջին ջուխտ ոտի վրա կանգնում, էնպես էր ձին չափ քցում: Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար:

— Ջանմ սան, ջանմ, Աղա՛սի. մերդ մեկ հատ ա քեզանից բերել, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլա չի՛ բհամ տալ,— ասում էին թամաշավորքն ու խնդում, ուրախանում, ծափ տալիս: Հանկարծ էս քեֆի միջումը, հենց բռնես, մեկ ամպ տրաքեց, երկիրը շարժեց, յա թոփի, թոփխանի ձեն էկավ, յա երկինքը փուլ էկավ:

— Տարա՜ն... տարա՜ն... աստվածասե՛րք, մոտ էկե՛ք... քոմակ արե՛ք, գլուխս լացե՛ք: Տունս կոխեցի՜ն, օջախս, քանդեցի՜ն… աչքիս լիսը հանում ե՜ն, սիրտս դուս են ճոթռում, տո՛, մեկ հասե՜ք, ի՞նչ կըլի: Ա՛ստված, երկի՛նք, ծո՛վ, ցամա՛ք... Էս ի՞նչ կրակ ա, էս ի՞նչ զուլում ա... Վա՜յ, օրս ու ումբրս խավարի, էս ի՞նչ եմ տեսնում: Ձեր թուրը կոտրվի, ձեր Էկած ճամփեն փուշ ու տատասկ դաոնա... Վա՜յ իմ ըմբրիս, արևիս... ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ր ջհանդամը գնամ... Գետինն էլա չի՛ պատռվում, որ ինձ մեջը տանի, աչքս հանի. էլ ի՞նչ աչքով իմ սև օրս լաց ըլիմ... էրեխիս տարա՜ն... քոմակ արե՛ք... Աստվա՛ծ, յարադանդ քոռանա, էս ի՞նչ կրակ ա, որ մեր գլխին ես ածում, մեզ էրում, փոթոթում: Ա՛ո, ա՛ռ քո տված հոգին, էլ չի՛ հարկավոր. հոգի, չե՛ս տվել, կրակ ես տվել, որ էրվի, ինքը չիմանա, մեր ջանը փոթոթի... Ամա՜ն... հարա՜յ... դա՜տ... մադա՜թ... Ե՛րկինք, մեկ փուլ արի՛, ինձ տակովդ արա՛, ի՞նչ կըլի... Ձեր փափախը ձեռ գլխին խռով կենա, ի՞նչ տղամարդիկ եք, տո՛, մեկ ձեռն էլա հասցըրե՛ք, է՜, ի՞նչ եք քարացել, փետացել: Թագուհի ջան, գլխիդ մատաղ գնամ... Թա՛գուհի... Անումիդ մեռնիմ... երեսս ոտիդ տակը. Թ՛ագուհի ջան... էդ չախմուր աչքերիդ ղուրբան ըլիմ, ազիզ ջան: Աչքիս լսի պես մեծացրի, որ է՞դ տեղն ընկնիս... Թո՛ղ ինձ սպանեն... էդ թուրը թո՛ղ իմ սիրտս խրեն… թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ... թո՛ղ ես հողը մտնիմ... էն վախտին ուր տանում են քեզ, թո՛ղ տանին: Թո՛ղ քո նեղ օրը չտեսնիմ, ո՞ր դժոխքն ուզում ա, թո՛ղ ինձ ներս տանի...

էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն ասում, հարբա էր գալիս, որ ձենը կտրի:

— Ձենդ կտրի՛, ղանջղ, ղարաչի... Հենց էս սհաթին փորդ վեր կածեմ. ջինգյանությունն ի՞նչ պետք ա. սարդարի հրամանն ա, պետք է ձեր աղջիկը քաշենք, տանինք. ի՞նչ խոսք ունիք, ի՞նչ կարողություն, սարդարի հրամանին սարը չի՛ դիմանալ, դուք ի՞նչ կարաք անիլ:

Խալխի գլխին ջուր մաղվեցավ: Ամենն էլ իմացան, թե ի՞նչ խաբար ա: Սարդարի ֆառաշներն (ծառայք) Էկել էին, որ աղջիկ քաշեն, ո՞վ հադդ ուներ, որ ծպտա: Բարիկենդանը սուգ դառավ: Երեխեքը լալով, դողալով տուն փախան. կնանիքը դռները կողպեցին ու շիրախանի կարասների տակը մտան, կամ վերնատներումը տափ կացան, կամ դարմանի ու խոտի խրձերի մեջը մտան: Գեղը, հենց բռնես, բիրադի քանդվեցավ: Տղամարդկերանց, որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ. որը որ մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, չէ՛, այլ թե տեսնի, ի՞նչպես մարդիկ են էկողները, ի՞նչպես են տանում խեղճ ջրատար աղջկանը: Ռանգ-մռանգները թռած, սփրթնած՝ էկան մեռելի պես ու տան բաշին շարվեցան: Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել էր: Շատի լերդն ու թոքը ջուր էր կտրըվել: Շատի պռոշները ահու ճաքել` արինը շռռալով գնում էր: Լավ ուզում էին, որ քոմակ անեն, լավ ուզում էին իրանց էլած-չէլածը տան, որ խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար: Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի: Թե մեկ ծպտոն էլ հանել էին, Էն սհաթը տուն, տեղ կրակ կտային ու իրանց էլ թոփի բերնին կդնեին, կքցեին: Աստված ո՛չ շհանց տա: Անօրենի ձեռը դուշմանս չի՛ ընկնի: Մարդ ո՞ր հողը տա գլխին. ինչ ուզում են, է՛ն են անում: Դատաստան չկա՛, իրավունք չկա՛, ու հայ ազգն էլ Էնքան Էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խոսքըմին չէ՛ր ըլում, որ իր գլուխն ազատի: Աղջիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, էրում, նահատակում: Ո՛չ տունն էր իրանը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը: Զարմանալուն էս ա, որ էսպես կրակի, զուլումի մեջը էլի նրանց աչքը ուրախություն, նրանց երեսը ծիծաղ էր գալիս: էսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա էին թափել, ձեռըները ծոցըներումը դրել ու պատի ծերիցը մտիկ էին տալիս: Սուգ ու շիվանն աշխարքն առել էր: Ֆառաշները կատաղել, փրփրում էին. շատ անգամ թվանքները դեմ էին անում, որ խալխին խփեն, վեր քցեն, որ բալքի ռադ ըլին, կորչին. բայց էլի հուշտ էլած ոչխարի պես ետ էին դառնում, էլ ետ՝ ետ փախչում, էլ ետ՝ ետ գալիս, մտիկ տալիս:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:43

Ի՛նչ խեղճ, ողորմելի մերն էր անում, աստված հեռու տանի, քար չէ՛ր մնացել, որ զլխին չի խփի. հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի: Ձագը կորած հավի պես մեկ դես էր վազում, մեկ՝ դեն, մեկ գլխին տալիս, մեկ՝ ոտին: է՛նքան էր ծնկներին, գլխին խփել հարայ տվել, լաց էլել մազերը պռճոկել, երեսը չանգռել, կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս կար, ոչ ջանումը` թաղաթ, ո՛չ բերնումը՝ լեզու: էնպես, հենց ձենը փորն ընկած, շունչը կտրված՝ ոտին-գլխին էր անում, ինքն իրան ջարդում, գլուխը քարեքար տալիս, յա սուրութմիշ ըլելով, գետինը լիզելով` ֆառաշների ոտներն ընկնում յա ձեռըները բռնում, որ թուրը խլի, իր սիրտը խրի, յա թե չէ, սրանք էլ որ դոշին չէին խփում յա քացով տալիս, դեն քցում, ընկնում էր ջուխտ ձեռով աղջկա վրա յա ճտովը ու էլ, թեկուզ քացով էին խփում գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), թեկուզ ղամշով յա թվանքի դուռթմով, էլ պոկ չէր գալիս, էլ չէ՛ր իմանում: Ուզում էր, որ փորը ճղի ու իր հոգու սիրելին էլ ետ ներս տանի:

— Թա՛գուհի ջան, էս ի՞նչ ա, քո հարսանիքի պա՞րն եմ գալիս. փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս: Հինեն ի՞նչ տեղ ա, բերեք որ աղջկանս ձեռները կարմրացնեմ: Դափ ու զուռնեն ընչի՞ չեն ածում: Ա՜յ, ղոնաղներ, ի՞նչ եք էդպես պարապ, կտրի ծերին կանգնած մնացել ձեռըներդ ծոցըներդ դրել... Ինձ չե՞ք սիրում... Պար էկե՛ք, է՜... հարսանքավորն էդպես բաշիբոշ կկանգնի ու թամաշա կանի՞... Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի գնում. կերե՛ք, քեֆ արե՛ք, իմ որդուս արևն օրհնեցե՛ք: Մեկ աղջիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չե՛մ փոխիլ, նրա խաթրն էլա չունիք, որ մեկ ուրախություն անեք, սիրտս հովանա: Հա՞... քնա՞ծ եմ, թե՞ զարթուն, թե գլուխս վրես չի՛... Բաժինքը հազիր ա... Չէ՛, չէ՛… փեսեն հո Թիֆլիզ գնաց, էսպես թեզ չէ՛ր կարալ ետ դառնալ... Սրանք ո՞ւր են էկել… Թուրքը հո հայի հացը չի՛ ուտիլ... Հա՛, հա՛, հմիկ իմացա. մեր ճանանչներն են, էկել են, որ երեխիս հարսանքի ուրախությունը տեսնին... Լաց մի ըլիլ, երեսիդ մեռնիմ... Թագուհի ջան, ջանս ու հոգիս քեզ մատաղ, քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հադդ ունի, որ քո մեկ մազին դիպչի… Մազերդ ոսկեթել, թա՛գուհի ջան. ունքերդ վարաղով քաշած, ո՛րդի ջան. օրորոցիդ մատաղ գնամ, Թագուհի ջան... Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փընջված, իմ ա՛րև, իմ կյա՛նք, իմ թա՛գ ու պարծանք որդի ջան... Աչքերդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ. բերանդ բա՛ց արա, էդ աննման, վարդահոտ բերնիդ մեռնիմ... Քո խեղճ, պառավ մորն է՛դպես ես սիրում... է՛դպես ես իմ սիրտը շահում... Թե ամաչում ես, ասեմ, որ էս կանգնողները հեռանան: Ա՜յ մարդիկ, հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղջկա աչքին մե՛ք երևալ: Բան ու գործ չունի՞ք, գնացե՛ք ձեր տունը. Ի՞նչ եք էստեղ կիտվել: Ի՞նչ անամոթ մարդիկ եք, տո՛, ձեզ չե՞մ ասում, քոռացե՞լ եք... Արի՛, գնա՛նք բաղը, թա՛գուհի ջան, անումիդ մեռնիմ. ծառերը ծաղկել են, քո ծաղիկ երեսին ղուրբա՛ն: Դաշտերը կանաչել են, քո կանաչ արևին մատաղ գնամ: Ուր ենք մնացել էստեղ, գնա՛նք, տեսնի՛նք, ուրախանա՛նք...

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ. մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում: Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով ետ պատմիլ: Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէր իմանում, թե ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում: Թուրքերն էլ, որ տասը հատ էին թվով, է՛ն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էսպես մորմոքվիլը տեսնելով՝ սիրտըները մի քիչ գութ ընկավ: Իրանք էլ էին գիտում, որ մոր համար հեշտ չի որդի մեծացնիլ, ետո էսպես բիրադի կորցնիլ: Հավն իր ձագը կորցնելիս` կյանքը հետը տալիս ա, ուր մնա բանական մարդը. իրանք էլ մնացել էին մոլորված, ամա Սարդարի հրամանն էր, չանեին, չտանեին, իրանց գլուխը կթռչեր յա աչքը դուս կգար: Ճարըները կտրվեց, խոսքըմին արին, որ մորն էլ աղջկա հետ տանին բերդը, Սարդարի դուռը, իրանց պարտքի տակիցը դուս գան, ետո ինչ կուզենան, անեն: Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն, յարաղ-ասպաբ քցեցին, թուրըները կապեցին ու կամաց-կամաց մոտ էկան, որ մորն էլ, աղջկանն էլ վերցնեն, տանին:

Թագուհի՛ն, Թագուհի՛ն, աշխարքի աչք Թագուհի՛ն, երկնքի տակին, գետնի երեսին անթառամ ծաղիկ Թագուհի՛ն, դրախտ, մանիշակ, անգին, անհատ, աննման Թագուհի՛ն, ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի, ի՞նչ աչք, որ նրա տեսքն ու կերպարանքը մեկ բանի նմանացնի: Շարմաղ, լուսաթաթախ երեսը, որ արեգակի պես լիս էր տալիս ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան, սառել, սփրթնել: էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էին, ընկել էին խոր, փակվել, կուլ գնացել: Թագուհի՛ն, ջիվան Թագուհի՛ն, մորը մեկ Թագուհի՛ն, որ հրեշտակի նման ում որ մեկ մտիկ էր տալիս, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փետացել, անշունչ, անլեզու մնացել էր գետնի վրա ընկած, երեսը երկինքը քցած. հենց գիտես, թե էլ էս աշխարքումը չի՛, հրեշտակաց մեջն ա համբարձել դրախտումն ըլի իր անմեղությունը վայելում: Նրա թուխ-թուխ ունքերը, նրա չալ-չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ-բարակ, ղալամ քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմար, նուրբ քիթը, նրա բլբյուլի լեզուն, նրա ոսկեցնցուղ բուկը՝ բոլոր-բոլոր սառել, քարացել, պապանձվել էր: Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ա՜խն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց, ու մինչև դռան շեմը կբերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց, ու ձենը փորն ընկավ: Շլինքը ծռվել, թուլացել, գլուխը շեմի էս կողմն էր մնացել կախ էլած, մարմինը՝ է՛ն կողմն ընկած: Ոսկեթել մազերի կեսը մնացել էր բարձր, որ նրա անմեղ երեսն ու դոշը ծածկի, կեսը էնպես խճճված՝ գետնի վրա փռվել, քաշ էր ընկել: Նազուկ ձեոների մեկը սրտի վրա էր թուլացած ընկած, մյուսը՝ հողի վրա, չորացած տարածված: Դամարը ցամաքել, շունչը կտրվել, հոգին երկինքն էր վերացել:

Բաս ի՞նչ կըլեր, որ Էսպես չէ՛ր էլել: Մինչև էն հադաղը նրա անկաջը մեկ թթու խոսք չէ՛ր լսել. նրա աչքը մեկ դառը օր չէ՛ր տեսել, նրա երեսը մեկ կոշտ զրից չէ՛ր էկել: Վարդի պես ծաղկել, մանիշակի պես մեծացել էր: Դեռ ոտը քարի չէ՛ր դիպել, դեռ մատը մեկ փուշ չէ՛ր մտել: Տասնըհինգ տարին անց էր կացել, դեռ նրա անմեղ հոգին աշխարքիցս մեկ բան չէ՛ր խաբար: Նրա ընկեր աղջըկերքը դռներին, կտրներին էին ման գալիս, օր անցկացնում, նա ծունկը մոր ծնկանը կպցրած՝ յա կար էր անում, յա քարգահ, յա իրանց տանն ու դռանն էր մտիկ տալիս, յա իրանց մալին, ապրանքին աչք ածում: Ղուշը գլխի վրովը թռչելիս՝ կարմրտակած, շունչը կտրած, լեղապատառ տուն էր ընկնում, որ իր շվաքն էլա մեկ օքմին չտեսնի: Մոր մեկ մատը փուշ ըլելիս յա մեկ տեղը ցավելիս՝ ուզում էր հոգին հանի, իրան տա. էլ քար, էլ խոտ չէր մնում, որ նա վրեն չի՛ չոքի ու աստծու ողորմաթյունը խնդրի: Աղքատ տեսնելիս՝ բերնի թիքեն հանում, իրան էր տալիս, որ նրան օրհնի, նրանց արևշատություն խնդրի: Բաղն էլ է՛ն ժամանակն էր գնում, որ լիսն ու մութը դեռ չէ՛ր բաժանված ըլում: Բաղիցն էլ է՛ն վախտն էր տուն գալիս, որ մութը գետինն առած, ոտը քաշված, խաղաղված էր ըլում: Ով ուզենար նրան տեսնի, յա ծառի, յա պատի տակի պետք էր տափ կենար, որ նրա սուրբ երեսը տեսներ, նրա աչքի լսովը հայիլ-մայիլ մնար: Ծաղկըներն էլ, հենց իմանաս, նրա ոտի ձենն առնելիս՝ ուրախանում, ցնծում, բացվում, փչչում էին: Ղշերն էլ նրա երեսը տեսնելիս, հենց բռնիր, նո՛ր հոգի էին առնում, գլխըները թևըների տակիցը բարձրացնում, ճխում, ճչում, ծլվըլում, թևերին խփում, ծափ տալիս: Ձեռը գառան գլուխը քսելիս յա շփելիս, հենց գիտես, թե է՛ս անմեղ հայվանն էլ էր իմանում, որ հրեշտակի ձեռք ա իրան դիպչում և ո՛չ մարդի: Մի քիչ մոտիցը պակսելիս՝ ձենը աշխարք էր վերցնում, մարդի սիրտ էրում, է՛նպես էր բղղում, քար ու քոլ ընկնում: Շատ անգամ նրա փափուկ ծնկան վրա էր քնում, նրա անուշահոտ, ազիզ ձեռիցն էր խոտ ուտում:

Չայիր-չիմանի, մանիշակի վրա, վարդի, թթենու տակին յա քչքչան առվի մոտ որ բազի վախտ քնած չէր ըլում, հենց իմանաս, երկնքիցը լիս ա վեր էկել, ափնիքը հայլի դառել: էսպես քնած վախտին էր ըլում, որ մերը ուսուլով մոտանում էր՝ յա երեսն էրեսին դնում, յա գլուխը իր գոգը դնում, յա վրեն շոր քցում ու խաչակնքում, որ քունն առնի, դինջանա, յա թե չէ, որ վախտը գալիս էր, երեսին հով էր տալիս, նանիկ էր ասում, որ վեր կենա, իրիկնահովը, արեգակի մեր մտնիլը տեսնի, ու միասին պտուղ, ծաղիկ հավաքեն, գնան տուն: Շատ անգամ վարդի փունջը մեկ ձեռին, մանիշակինը՝ մեկել, աչքը որ չէ՛ր բաց անում, հենց գիտես, սար, ձոր, ծառ, թուփ, խոտ, ծաղիկ նրան էին մաթ մնացել, նրա շունչն ըլեին ուզում, որ քաշեն, ծծեն, զորանան, դալարին:

Հովը մազերի վրա սլսլալիս, երեսին դիպչելիս էլ չէ՛ր ուզում, որ առաջ խաղա յա ետ գնա, հենց նրա գլխո՛վն էր պտտում, հենց նրա մազերի՛ խաղում: Վարդի վրա երեսը կռացնելիս, ուզում էր, որ բարձրանա, նրա շունչը քաշի, նրա պատկերի գունը գողանա, որ դհա ավելի գեղեցիկ, դհա անուշահոտ երևի: Բլբյուլը նրա հոտն առնելիս իր վարդը մոռանում, նրան էր գովում, նրա վրեն էր իր սերը թափում, նրա հասրաթովն էրվում, խորովվում: Շատ անգամ, ինքը ձեն հանելիս, յա ինքն իրան խաղ ասելիս, հենց իմանում էր, թե հրեշտակներն են իր հետ խոսում, իրան ձեն տալիս յա ձենը քաշում: Առավոտյան ցողը, իրիկվան վերջի լիսը՝ մեկը նրան տեսնելիս ցնծալով վեր էր գալիս, որ նրա սուրբ երեսին նստի, մեկը ցավելով երեսն իրան էր քաշում, աչքը խփում, որ նա շուտով քուն մտնի, գիշերն անց կենա, որ առավոտն էլի գա, նրա տեսության արժանանա, նրա լուսովը հոգի առնի ու զվարճանա: Քունը նրա աչքերին է՛նպես էր մոտանում, ինչպես մեկ սրբի՝ երկնային հրեշտակը: Թևերն երեսին փռում, անմահական երազով նրան գրկում, գգվում, արթնացնում, էլ ետ իր գիրկը դնում:

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. նրա ամեն մեկ շարժմունքը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ մտիկ տալը, ամեն մեկ աչքի ու պռոշի ժաժ գալը հրաշք էր: էն լուսակոլոլ աչքերը, էն խնկան ծաղիկ շրթունքը որ չէ՛ր բաց անում, մարդ ուզում էր ո՛չ ուտի, ո՛չ խմի, հենց նրան մտիկ տա, նրա սուրահի բոյին թամաշ անի, նրա ոտի տակին հոգին տա, նրա ձեռիցն իր մահն առնի՛: է՛ս երկնային հրեշտակը, է՛ս անմեղ գառն էր էս հադաղին է՛ն գազանների ձեռին. ի՞նչ քարացած, ապառաժ սիրտ պետք է ըլի, որ նրան տեսնելիս կամ նրա պատմությունը լսելիս գլխին կրակ չի՛ վառվի: Ո՞ր մեր էս հադաղին թուրը չէ՛ր աոնիլ ու իր ջիգյարը ցցիլ: Ո՞ր հարևան կամ անցվորական նրա էն լուսեղեն երեսին նայելիս՝ աչքին չէ՛ր հուպ տալ, որ լացը գա, ու սիրտը հովանա: Ամա մեր գեղական խեղճ խալխը էնքան էսպես բաներ տեսել ու լսել էին, որ արտասունքներն էլ էր ցամաքել, աչքըների լիսն էլ էր հատել:

Հենց էն ա, ֆառաշները տեսնելով, որ մեր ու աղջիկ դարդի ձեռիցը նղղեցան ու էլ ձեն, շունչ չէին տալիս, լավ համարեցին, որ էսպես թուլացած՝ վերցնեն, էրկուսին էլ տանին, որ էլ շատ ինջըմիշ չըլին, չչարչարվին: Երկուսը ձիու վրա նստել, էն ա, տեղ էին բաց անում, որ մեկը մորը խտտի, մյուսը աղջկանը առաջն առնի ու, էն ա, խաթրջամ էլած` միտք էին անում, թե իրանց բանը լավ գլուխ բերին, մեկ թուր պսպղաց. . ֆառաշների մեկի գլուխը գետնի վրա ընկավ ու սկսեց ղլվլացնիլ, բլբլացնիլ ու պար գալ: Դեռ սա ձենը չէ՛ր կտրել, որ մյուս ընկերինն էլ սրա հացը կերավ, սրա մոտ գնաց:

— Աղասի՛ ջան, մեր տունը քանդեցիր: Աղասի՛, ձեռդ քեզ քաշի՛, քո խեղճ, հալևոր հորը խնայի՛. որդով, տանով տեղով եսիր կէերթանք, մի՛ անիր, մի՛ ըլիր, ջա՛նմ, գյո՛զմ. քո ջիվան ջանիդ էլա ղադր արա՛, տո՛, բեմուրվաթ: Աստված, էս ի՞նչ զուլում էր, որ մեր գլխին էկավ: Ո՜վ զինավոր սուրբ Գեորգ, ո՜վ սուրբ Կարապետ, դուք մեզ քոմակ արեք: Տղերք, կորե՛ք, կորե՛ք, որ ձեր իզն ու թոզը ըստեղ չէրևա: Տո՛, մեկդ ու մեկդ հասե՛ք տանդրոջ մոտ, անկաջաբռնուկ տվե՛ք, ա՜յ նրա տունը չքանդվի, ինչ քանդվեց. գինին գլխին զահրըմար ըլի. աշխարքս արինը բռնել, ծով ա դառել, մեր ախմախ քեդխուդեքը նստել, քեֆ են անում, ա՜յ թե մարդ են, հա՛: Տո՛, քեֆն էլ գլխըներին խռով կենա, խաչն ու ավետարանն էլ: Տնաքանդնե՛ր, տո՛, մի աշխարքի դարդիցն էլ խաբար առե՛ք, է՜. ախր ի՞նչ եք տան չորս պատը ու գինու գավն ու թասը բռնել, լակում, տրաքում: Տո՛, Վա՛թո, հասի՛, հասի՛, վազի՛, թև ա՛ռ, թռի՛. մարաքեն քանի կենում ա, չաղանում ա. հենց էս սհաթը կգան, մեզ կտանին, բերդը կածեն: Աղասի՛ , Աղասի՛, քառանաս ո՛չ, Աղասի՛. փախի՛ր, փախի՛ր, էդ շներիցը գլուխդ ա՛ռ, կորի՛ր էդ ի՞նչ արիր, տնով քանդված, մեր դուռը շարեցիր, մեր տան հիմքը տակըվեր արիր, տո՛, բե՛մուրվաթ:

Բայց թոփ էլ տրաքեր, նաղրախանա էլ ածեին, Աղասին չէ՛ր իմանալ. ղորդ որ քառացել էր. էլ ո՛չ անկաջն էր իրանը, ո՛չ ջանը, ո՛չ աչքը, բայց խելքն ու ձեռը լավ իմանում էին, թե ի՞նչ բանի վրա են: Արինը աչքերը կոխած` ռաշիդ երիտասարդը հենց էսպես բանի էր ման գալիս, որ իր ձեռի ղվաթը, իր թրի հունարը շհանց տա: Ախր էլ ո՞ր օրվան համար են թուր կապում: Ջիրիդատեղիցը վարավուրդ էր արել, որ աշխարքն իրարոցով դիպավ ու ձենը կտրեց:

— Տղե՛րք, էստում մեկ բան կա, գնա՛նք, մեր բարիկենդանը հարամ էլավ, — ասեց ու թռավ:

Հենց տեսան նրան գալիս, բնությունը իմանալով` հարիր տեղից ձեն տվին, ձեռով, գդակով արին, որ հեռանա, բայց շունչը բերնին դեմ էր առել, էնպես ձին չափ էր քցել. էլ մաջալ չէ՛ր անում, որ տեսնի` թվանքը լիքն ա երա՞բ, թե դարտակ: Առյուծի պես ներս ընկավ հսկա երիտասարդը. ճամփին անկաջովն էր ընկել, թե ի՞նչ խաբար ա: Երկուսի գլուխը սրբելեն ետև, մյուսներն ուզեցան, որ թուր հանեն, բայց քաջն Աղասի որ բերանը բաց չի՛ արեց: Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ:

Որ չասեց ու մեկի էլ ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, Էն վեցը տեսան, որ ճար չկա, ձիանը նի էլան ու ընչանք բերդը մեկ գնացին: — Արի՛, երեսիդ մեռնիմ, Թա՛գուհի ջան, աչքդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան. Աղասին մեռած, ոսկորները փտած, հող դառած պետք է ըլեին, որ քո սիրուն մազին մեկն էլա մատով տար: Վա՜յ իմ աչքին, իմ արևին, ինչպես փետացել, սառել ա: Թա՛գուհի ջան, քո ջանին ղուրբան, ա՛ռ, հոգիս ա՛ռ, թո՛ղ ես մեռնիմ, դու կենդանացի՛ր և քո խեղճ մոր սիրտը մի՛ դուս կտրիր, մի՛ դուս ճոթռիր, երեսս ոտիդ տակը, — ասում էր քնքուշ, երիտասարդը, լալիս, գլխին տալիս: Արտասունքը աչքերիցը քուլա-քուլա էր վեր թափում:

Գնացին ջուր բերելու: Նա ձեռները խաչել, ինքն էլ փետացել, մնացել էր կանգնած: Մոտանար, սիրտ չէ՛ր անում, խտտել, ձեռները ճմռել, անկաջումը ձեն տալ, երեսին ձեռը խփել, բոլո՛ր, բոլոր չէ՛ր կարելի, չունքի Թագուհին դեռ կույս էր, ուրիշ մարդի աղջիկ: Մորն էր մտիկ անում, մերը ձեն չէ՛ր տալիս. դուրսն էր նայում, սատկած լաշերի դժոխային կերպարանքն էին աչքովն ընկնում: էլ ինս, ջինս, իսան, ադամաորդի չէր երևում, ամենն էլ փախել, սարերով-ձորերով էին ընկել, որ իրանց գլուխը պրծացնեն: Շների վնգվնգալն ու յա կոնձկոնձալը, աքլորի ու հավի կռկռալը, հենց իմանաս, թե նրան ասում ըլեին ցավելով.

— Ինչ արի՛ր, արի՛ր. գլուխդ ա՛ռ, կորի՛, գնա՛ Փամբակ, Թիֆլիզ, ռսի հողը: էս երկրումը քո արևը մեր մտավ, քո օրը խավարեցավ, քո ճրագը հանգավ: Թոփի բերանն ա՝ քո ջանը: Քանի ոտքը խաղաղ ա, քանի ջիլավդ ձեռիդ ա, քանի բերնումդ շունչ կա, ոտումդ՝ թաղաթ, փախի՛ր, գլխիդ ճարը տե՛ս: Մնաս էլ, ձեր տունը բոլոր սուրը կքաշեն, գնաս էլ` էն բաբաթ. քեզ էլա ճա՛ր արա: Քո հերը քեզանից ղայրու էլ զավակ չունի. նրա օջախի ծուխը մի՛ կտրիր, ձեռներդ արնոտ արիր. սարդարի ֆառաշներին ես սպանել, տո՛, ա՛նիրավ, մեկ միտք արա՛ է՛լ: Դրանց արինը քեզանից կուզեն. դրանց տերերը հիմիկ կատաղել, փրփրել իրանց միսն ուտում կըլին, ի՞նչ ես փետացել, կանգնել. էլ ո՞ր օրին ես մտիկ տալիս: Քյահլան ձին՝ տակիդ, չարազ-ասպաբը՝ վրեդ. մեկ կտոր հաց ո՞րտեղ ըլի, որ չճարես:

Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել: Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժընգժընգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա-թիքա անեն, իրանց փայ շինեն: Հազար կպրե կարաս, հազար օձ, կարիճ` բերանները բաց, նրան ըլեին սպասում, որ քրքրեն, կուլ տան, մարսեն: Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած` էնպես էր երևում նրան, թե սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած՝ գալիս էին, որ իրան տանին: Թոփչին թոփն էր սրբում, հազրում. Գյուլլաչին գյուլլեն ջոկում, մոտ բերում: Հեր, մեր, ազգական, էրլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, հարայ ըլեին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարդվում, իրան անունը տալիս ու սուգ ըլեին անում:

— Ա՛ղասի ջան, մեկ թուր էլ ի՛նձ խփի, ի՛նձ... Վա՜յ իմ օրիս, արևիս, վա՜յ… Տունս բրիշակ էլավ... Բալա ջա՛ն... հոգի ջա՛ն... իմ երկի՛նք, իմ գետի՛նք… իմ հրեշտա՛կ... վա՜յ... ամա՜ն… աչքս դուս էկա՛վ... պտուղս խավարեցա՛վ... Թո՛ղ քո ձեռն ինձ սպանի... որդի ջա՛ն... թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ... ախպեր ջա՛ն... թո՛ղ քո՛ ձեռիցը մահս առնիմ... ջա՛նըմ ջան... Սիպտակ մազս քեզ փիանդազ, Ա՛ղասի ջան. քանի աչքումս լիս կա, քանի բերնումս՝ շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրի՛ր. տո՛ւր ինձ մահ, տո՛ւր, թո՛ղ գնա մ, կորչի՛մ, հետո ինչ կուզես, է՛ն արա, աչքիս լիսը հանի՛ր... ի՛մ երկնքի բարեբար որդի, ի՛մ սար... ի՛մ աստված..

է՛սպես էր մեկ ծեր մարդ ընկել Աղասու ոտքը, գլուխը գետնին ծեծում, մազերը ճպռում ու վախտ-վախտ Աղասու ոտներովը փաթաթվում: Սի՛րելի կարդացողք, էլ ի՞նչ ասիլ հարկավոր ա: Դուք էլ իմանում եք, որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր: Հենց խաբար տանողը որ լեղապատառ, լեզուն կպած տուն չընկավ ու գլուխը ծեծելով ձեն չի՛ տվեց՝

— Տո , ձեր տունը չքանդվի, գեղը կոխեցին, տարան. Աթոյենց աղջիկը քաշեցին. Աղասին՝ արնի միջումը ծլծլում, ֆառաշները կրակ են քցել խալխն էրում:

Ինչպես որ մեկ ամպի տրաքոց կամ սաստիկ թոփի ձեն մեկ ձորի խփում, քարափները դղրդում, թնդում, մարդի անկաջները խլանում, մի քիչ ժամանակ շշմում ա, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում, լեզուդ կպչում ա, էլ չէ՛ս իմանում, թե ո՞ւր ես՝ երկրո՞ւմը, թե դժոխքումը, է՛ս հանգին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ս հանգին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած ու աչքերը չռած՝ քցեց է՛ս կողմն, է՛ն կողմը: Ծերությունը ջանն առած՝ մի ոտը հողի երեսին, մյուսը՝ գերեզմանումը, աշխարքի վրա է՛ն մեկ պտուղն ուներ, է՛ն մեկ զավակը: Նրան մտիկ տալիս հենց իմանում էր, թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ: Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր, թե ոտը գետնից կտրվել ա, թև առել, թռչում. ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ արքայությունն էլ: է՛նպես էր կարծում, թե նո՛ր ա ծնվել, ու ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին-գլխին էր անում ու, ինչպես ութ տարեկան երեխա, խնդում, ծիծաղում: Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի: Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս՝ հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար` ծաղիկ: Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս` նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի:

Էս հասակը հասել էր նա, նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէ՛ր էլ ասել, թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ: Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան, գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր: Խանի, բեկի մոտ գնալիս` նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած: Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրիճությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը: Շատ անգամ, ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում: Փահլևանները հո, նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում: Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր անում: Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտենա: Բերդումը շատ անգամ, հանաքըվեր, ոչխարի տեղ եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի, ու մնա ամոթով, բայց քաջ երիաասարդը մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը է՛ս կողմն էր թռչում, լաշն՝ է՛ն:

— Հայի՛ֆ, հայի՛ֆ, որ հայ ես,— ասում էր սարդարը շատ անգամ, գլուխը պտտելով,— թե որ թուրք էիր էլել, խանություն պետք էր քեզ տված:

Կռվի միջումը, էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին, նետի պես արձակվում, ընկնում էր ղոնշունի գյուռ տեղը, ասլանի պես որին էս կողմը, որին էն կողմը քցում, ջախըբուրդ, թիքա-թիքա անում ու օսմանցվի մազերիցը բռնած, քաշ-քաշ անելով՝ հետը սուրութմիշ բերում, սարդարի առաջին կանգնացնում:

— Ասլա՛ն Բալասի (առյուծի ճուտ),— սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում,— ի՞նչ կըլեր, որ քեզանից մեկ տասն էլ ունենայի. քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞ չէր քեզանից մեկ չորսն էլ բերում. աֆա՛րիմ, բա՛րաքյալլա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՜տ ունենամ:

Ֆորս գնալիս` առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր: Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած: Շատ անգամ, հանաքըվեր, խոսք էին քցում, թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան: Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դովլաթ, աղջիկ էին ասում` կտանք. Բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել, որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դովլաթին թամահ անի:

— Իմ ցամաք հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը: Իմ տերտերի մեկ մուռտառ մազը հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ: Գութան վարեմ իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ լա՛վ ա, քանց խան, բեկ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ: Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը՝ Ջավաթ խանը, ձին՝ Նաղի խանը: Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել: Ա՜խ, ո՞րն ասեմ. մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան. Ո՛վ ասես նրա անունովն էր օրթում ուտում, ո՛վ ասես` նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա:

— Էս ո՞ւր եմ... քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ. Օ՜հ, օ՜հ, օ՜հ... արյան ծովն է՞ս ա, որ ասում են,— սկսեց ողորմելի ծերունին Էսպես իրան-իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թըմբրություն էկավ վրեն: — Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են... Իսրի պուճախն է՞ն ա... Վա՜յ ինձ, վա՜յ ինձ… վա՜յ ինձ... Միսս սրսռում ա... աչքս խավարում ա... չանգալ ա, որ հազրում են... մանգաղ ա, որ սրում... շիշ ա, որ կայծակին ա տալիս... Ա՛ստված, քո փառքդ շա՜տ էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր... որ էս կրակի մեջը պետք է էրեիր... Երանի՜ նրան, որ մոր փորիցը դուս չի՛ էկել... էս ի՞նչ եմ տեսնում, արա՛րիչ աստված… Հրե՛ն, խորովում են... հրե՛ն, միսը կտրատում են... Ամա՜ն... ամա՜ն... ամա՜ն... Գլուխ առե՛ք, կորե՛ք... Շատ գինի խմողի փորն են ճղում… փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի... տուն քանդողի լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում... Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա, որ կրակիցը հանում են, կպցնում... Կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս... Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում... տաքացրած շամփրներ սրտները կոխում ու էրում, փոթոթում... Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում... Մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում... Մեկի էրեսիցը քրտնքի տեղ կայծակ ա վեր թափում... մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում…Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից գոռում... երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են… էնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն կրակած թուր ա, մյուսի ձեռը՝ օձ. մեկի աչքիցը կրակ ա թափում, մեկի քթիցըն ծուխ վեր ըլում... Ա՛ստված, էս ո՞ւր տարան ինձ... էս ով բերեց ինձ էստեղ... Աշխարքի վերջը հո չի՞ հասել... էրեկ չէ՞ր, որ էլով, գյունով նստած՝ քեֆ էինք անում... Քոմակ արե՛ք, օգտեցե՛ք, աստծու խաթեր, ի սե՛րը Քրիստոսի. հրես գալիս են, որ ինձ էլ տանին... Աղա՛սի ջան, ո՞ւր ես, էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ, է՜, անումի՛դ մեռնիմ... էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես...

Որդու անունը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց. ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ, որ բոլորը մտաց ցնորք էր. ո՛ չ դժոխք կար, ո՛չ կրակ. էլի էն սուփրեն էր էլի Էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն Խաչ հանում ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում:

— Տե՛րտեր ջա՛ն, դո՞ւ ես. ձեռդ մի տո՛ւր, համբուրեմ, աջի՛դ մատաղ գնամ: Ուխա՜յ... Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունիմ, որ քո աղոթքովն ապրիմ: Էս ի՞նչ էր, տո՛... ուզում էին ինձ սաղ-սաղ դժոխքը տանին... Դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված ո՞ւր կէրթամ... Տղերքն ո՞ւր են, Վիրապն ո՞ւր ա, խի՜ստ եք ձենըներդ կտրել հա՜յ յա՛սսարներ. էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել իրանք դուս գնացել որ յալլի տան (պար գան): Տեսնո՞ւմ ես, էն հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլո՞ւխը: Ասենք՝ ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնե՞մ, ծա՞փ կտամ, հետըները քե՞ֆ կանեմ: Ծերության երեսին նալլաթ. ո՛վ ասես՝ ծերի դնչին էլ չի՛ մտիկ տալիս: Գինի ածա՛, խմե՜նք, տերտեր ջա՛ն: Դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ, մենք, քանի աչքըներումս լիս կա, քեֆ անենք:

Ծեր մարդը, ղորդ ա, ցավի է՛նքան չի՛ դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ է՛ն սիրտը չունի, ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի՛, միտքն էն կարողությունը չո՛ւնի, որ բանը երկար պահի: Աոաջի բոցն որ անց կացավ, թմբրությունիցը զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել: Հենց իմանում էր, թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի տաքությունը գլխին դիպել քնացրել: Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի երազն էլ, որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին, թե նո՛ր ա Էկել աշխարք, նո՛ր ա ծնել ուզում էր, որ ինչ ունի-չունի տա՛, թաք ըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի:

Էնպես, ինչպես որ մեկ մարդ մեկ սարսափելի երազ տեսնի` իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած, որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛ր կթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան-դոշակի միջին պառկած, է՛ս հանգին էր հենց նրա հալը: Ուզում էր, որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս, էրեխա, դոստ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են, իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն, որ էլ Էն աշխարքումը մուրազները պակաս չմնա, էլ աչքըները էս կողմը չունենան: Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դովլաթ, ծառ, ծաղիկ՝ որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր, թե էլի իր ձեռին են, էլի բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում, ուզում էր որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ: Ուզում էր բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի: Իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը էնպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանած, տերտերի ձեռն էնպես տաք-տաք չէ՛ր համբուրած, երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավ»որված, ինչպես էս սհաթին: Հենց գիտում էր, թե աշխարքս դրախտ ա, մարդիկը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել: էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն. բոլորը, բոլորը ջնջվել, փչացել էին: Հիմիկ էր իմանում, թե ժամ գնալն ի՞նչ ա, աղոթքն` ընչի՞ համար, պատարագի զորությանն` ի՞նչ:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 10:55, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 00:47

Արա՛րիչ իմ, մարդ որ մտածի, թե քանի՞ օր, քանի՞ տարի կյանք ունինք, թե աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք, թե մեր աչքն ա՝ մեկ բուոը հողը, մեր տեղն ա՝ երկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը, թե մեր աոաջին էլ կա էն օրը, որ է՛ս հիանալի երկնքի պայծառ դեմը, է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը մեր աչքիցը պետք է փակվին, խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս՝ որդունք, ոսկորներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե ո՞ր աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ, ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում: Որ մտածենք, թե է՛ս անկաջը, որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա, է՛ս աչքը, որ չի՛ ուզում, թե ուրշի աչքումն էլ փոքր լիս տեսնի, մեկ պետք է քոռանա, կիրանա, փչվի, է՛ս լեզուն, որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բա՛ս էլ չարություն մեր մտքովն ա՞նց կկենա: Բաս չե՞նք ուզենալ, որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք:

Աչքըներս սովորել ա, սիրտըներս սառել, մտքըներս քարացել: Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք, թե, էն ա, ամեն բանից պրծանք, պարտքըներս տվինք, որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասըներս բաց արինք, սրբություն առանք: Ինչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի՛ ազդում, չունքի մեր սրտի բառը չի՛, մեր լեզվի խոսքը: Ուրըշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքըներս ցցած լսենք-չլսենք, տեսնինք-չտեսնինք, ե՞րբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ իմանանք, թե էս ի՞նչ հրաշք ա՞, որ աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՞նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանությունը, ծունրը, երկրպագությունը աստծու սուրբ առաջին ի՞նչ ըլի: Պետք է մտածենք՝ ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք. ո՞վ ա հիվանդ, որ նրան մխիթարենք. Ո՞ւմ են զրկում, գնանք, նրան թափենք: Ո՞ւմ սիրտը նեղացրինք, գնանք, էլ ետ հաշտվինք: Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս. էլ ի՞նչ օգուտ մեզ: Հենց պետք է մե՞ռնինք, որ սիրտըներս թամուզանա՞, հենց պետք է դժոխքի էրեսը տե՞սնինք, որ աշխարքիս համն իմանա՞նք, հենց պետք է հո՞ղը մտնինք, որ ձեռն ածենք, թե երա՛բ, մեկ իսան կքթնվի՞, որ էրեսը տեսնինք, լեզվըներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա՞:

Ա՜խ, մտածի՛ր, թե որ հնար ըլեր՝ մեռած վախտդ գերեզմանիդ տակիցը դուս գայիր, էլի է՛ն խելքը, է՛ն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս, չէի՞ր ուզիլ էն մարդի ոտը համբուրիլ, որ գերեզմանիդ մոտովն անց կացավ: Չէ՞իր ուզիլ Էն մարդին խտտես, արտասընքով էրեսը լվանաս, էրեսն էրեսիդ կպցնես, բերանը՝ բերնին, փարվիս, էլ դոշիցը պոկ չի՛ գաս, որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի՛» ասեց կամ գերեզմանիդ վրեն մոմ վառեց: Չէ՞իր ուզիլ, որ է՛ն հողն էլ ջուր անես, խմես, որ քո սիրուն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել, քո անույշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել, է՛ն քարն էլ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ: Բաս հըմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ` վրեդ, սիրտդ փորումդ, միտքդ` գլխիդ. Էդպես բաներ չե՞ս մտածում: Ա՜խ, սիրելի, երանի թե էս սհաթին իմ սրտումը ըլեիր ու իմանայիր, թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս սրտիս միջումը: Ձեր էրեսներիցը մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սի՛րելիք, բա՛րեկամք, սի՛րեկանք, դո՛ստ, ը՛նկերք, իմ բոլոր պատկերակից մարդիկ: Դուք ինձ գերեզմանը կդնեք, դուք իմ հոգուս ողորմի կտաք, դուք իմ էրեսիս հող կքցեք, կըլի, թե բազընի սիրտը մրմնջա, կըլի, թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի. բայց, ա՜խ, լեզուս պապանձվում ա, որ միտք եմ անում, ձեռներս թուլանում… Ա՜խ, մեկ դարտակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չե՛ք կարող լսիլ: էլ ի՞նչ եմ անում դժոխքը: Քանց էս էլ մեծ դժոխք ո՞րը կըլի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ:

Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել: Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի, էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը իր ծոցն էր տանում յա բերնին էր դնում ու հոտ քաշում: Նաչար քահանեն մնացել էր մաթալ. թե աչքին էր հուպ տալիս, բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս, թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում: Ասեր, ինչ անց էր կացե՛լ... վախում էր, թե ողորմելի ծերը գնա, էլ ետ չի՛ գա. թե չէ՛ր ասում, ի՞նչպես կմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր: Բալքի թե որդին մեռներ, ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի: Ի՞նչ աներ, աչքը մնացել էր դռանը. ինքը ղիմիշ չէ՛ր անում, որ ջրատար հալևորի էլած հոգին իր ձեռին դուս գա. սիրտը քրքրվում էր, աղքըները կտրատվում էին, մնացել էր էրկու սրի արանքում. դվորը շարժում էր, իրան էր կտրում:

— Օհանե՛ս ջան, ո՛րդի, վե՛ր կաց, մի քիչ գնանք դուս, մա՛ն գանք, էրեսներիս հով դիպչի, ինչ ենք տան պուճախը բռնել նստել: Օրը տաքացել ա, հավեն կոտրել. գնա՛նք, աստծու էրեսն էլ մի տեսնինք, — գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով աստվածահոգի քահանեն ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝ ուզում էր մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս` ձենն անկաջն ընկնի, չիմանա, թե ի՞նչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա, իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն ուրիշ, ու քանի ցավը հեռու ա, ավելի ա քյար անում, բայց երբ առաջներիս ա, մնում ենք թմբրած, մինչև յարեն իրան-իրան սկսում ա կամաց-կամաց սզլթալ, մրմնջալ ու ետո սաղանալ:

— Էս մեկ թասն էլ խմե՛նք, տերտեր ջա ն, ետո ո՞ւր տանում ես, տա՛ր ինձ. այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ. որ գլուխս կոխես էլ, ձեն չե՛մ տալ: Ախր Աղասուն էլ էսօր, սաղ օրը չե՛մ տեսել, առավոտը տանիցը դուս ա, գնացել, չի՛ էկել. բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտի պաչ անեմ: Առանց նրան կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ: Գնա՛նք, ա՛չքիս վրա, կենդանություն, աստված կարգիդ հաստատ պահի:

Հենց ասեց` «Աղա՛սի ջան, գյո՛զ բալասի (աչքի որդի), էս խմում եմ քո արևսադաղին, արևի՛ մեռնիմ... », հենց բռնես մեկ թոփի գյուլլա տրաքեց, դուռն ու փանջարեն ջախըբուրդ արեց, դուզ ճակատի մեջտեղին դիպավ, ղուղն ու բեինը տաղըթմիշ արավ, է՛նպես քամակի վրա գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը-սասը կտրած, ընկած հենց է՛ն սհաթին, որ վեր էր կացել, գդակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա:

— Աղասին ո՞ւր ա... Աղա՛ ջան..— Աղասուն տարա՛ն... գլխի՛ս տեր…տններս քանդեցի՛ն... Աղա՛ ջան... օջա՛խդ խավարացրի՛ն... իմ սա՛ր ջան... դո՛ւռդ փակեցին, ի՛մ գլուխ... Աղա՛... ղա... ղա... սի.. Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի... հրես էկա՜ն, հրես տանո ւմ են... ձեռները կապեցին... ոտները բխով դրին... վա՛յ... վա՛յ... վա՜յ... աչքս փորեցին… ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ... Գնացե՛ք, հասե՛ք, էն սուրահի բոյին մտիկ արե՛ք... Տեսե՛ք, ի՞նչպես ա ջիրիդ խաղում... Գալիս եմ, գալիս, Աղա՛սի ջան... սաբր արա՛, որ մեկ չարսավս քցեմ, գլուխս կապեմ… Տո՛, տնաքանդի աղջիկ... մեկ ձեռներդ էլա բարձրացրու՛... ի՞նչ ես փետացել, էդտեղ կաղնել... Հա՜յ... վա՜յ... վա՛յ... ամա՜ն, էրվեցի՜, խորովեցի՜... Չորանա՛ք դուք, ա՜յ ձեռներ... Խավարի՛ք դուք, ա՜յ այքեր... Հարսի ջան, խաղա՛, է՜: Տո՛, մեկ կռներդ բարձրացրո՛ւ, է՜հ. Վարդի՛թեր ջան, ի՛մ մանիշակ, ի՛մ սմբուլ, ի՛մ ալվան լալա՛զար, ի՛մ խնկան ծաղիկ... աչքերի՛դ մեռնիմ... էրեսի՛դ մատաղ գնամ... ի՞նչ ես ձեռներդ խաչել... ի՞նչ ես քեզ ջարդում... սպանում... Զանգուն մոտիկ ա, մի քիչ կա՛ց, Աղասուն ճամփու դնե՛նք... Դեռ նրա հոգին երկինքը չի՛ հասած... մենք նրանից առաջ կէրթանք էնտեղ: Դարդ մի՛ անիլ... Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ...

Աղասի՜ ջա՛ն, գըլ...խի՛դ... ղու՜ր...բա՜ն...
Դու... ես... մեր... թա՜գն... ու... պարծա՜նքը...
Թա՜գն է՜լ գնա՜ց... պարծա՜նքն է՜լ...
Թո՜ւրն է՜լ գնա՜ց... թվա՜նքն է՜լ...
Տո՜ւնս է՜լ քանդվե՜ց... պուճա՜խս է՜լ...
Ա՜չքս է՜լ փորվե՜ց... ումբրը՜ս է՜լ:

Աղասի՜ ջան, Աղասի՜... Տո , ջրատա՜ր... քանի՞ քնիս, լա՜վ ա, լա՜վ…Գնա՜... որդուդ տարա՛ն... գնա՜, ջուրն ընկի... մենք էլ էս ա, գալիս ենք:

Էս սհաթին էր, որ ողորմելի հերը տասն անգամ գնաց է՛ն դինեն, էլի ետ Էկավ... Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս, էլի թաքրար խփում, նրան անդունդն էին տանում... Ջահել, քսան տարեկան հարսը մեկ կողմն էր գլուխը ծեծում, ջարդում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը` մյուս: էլ հաքըներին շոր չէ՛ր մնացել, էլ էրեսներին սաղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին. Արինը լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ շիլի պես ներկել էր: Ինչ պստի հարսն էր անում, աստված ո՛չ շհանց տա: Բարձր ձենով լար՝ ամոթ էր... Էս պատճառով սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում... ուզում էր դոշը պոկի, գնա, բաշնըվեր ընկնի... Առաջին խաբարն որ իմացել էին, նրանք էլ հենց, խելքը թռցրածի պես, հացատանը, որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մյուսումն: Նրանց տեսած էրազներն էլ պակաս սարսափելի չէին... Մորը՝ ջիրիդ խաղալիս էնպես էր էրևում, թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ. հենց էն ա, վրա վազեց, որ որդուն խտտի, վեր թռավ: Հարսի աչքին երևում էր, թէ հարսանիք էր, հարամիք վրա տվին, Աղասին մեկ բոզ ձիու վրա նըստած՝ նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ: Իր թայդաշ հարսներն ուզում էին, որ իրան բռնեն, փեշը թափ տվեց, ուզում էր, որ նրա ետևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ. աչքը բաց արեց, տեսավ, որ տունը գլխին պտտում ա: Անց կացած բաները որ միտքը չէկավ, էնպես մեկ ծվաց, ծղրտաց, որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդա՛ցին: էս ձենի վրա կեսուրն էլ, հենց բռնիր, հինգ գազ ծուլ էլավ, հենց բռնես, մեկ թուր ջիգյարը խրեցին. հարայ տալով, մազերը պոկելով հարսնի կռնիցը բռնեց, դուս թռավ ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում ու նոր մորթած հավի պես, որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու էրեսը քարերին էր ծեծում, ինչպես որ տեսանք: Ա՜խ, ես չե՛մ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածն լսողի սիրտը կէրեն, կփոթոթեն:

էս ձենի վրա էր, ինչպես ասեցի, որ մեր անբախտ ծերունին բիրադի վե՛ր թռավ, էլ ո՛չ գդակ, էլ ո՛չ քուրք հարցրեց, տանիցը բղղալով, գլուխը ծեծելով, միրուքը պոկելով դուս ընկավ ու հոգին բերնին հասած՝ գլորվելով, տրորվելով իր որդու ոտի տակին գետնին դիպավ ու թրպըրտում էր: Ընչանք Էն տեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել, գլխումն ու ջանումն էլ սաղ տեղ չէ՛ր մնացել, հազար քարի էր դիպել ու յարալու-փարալու էլել, ձնի նման սպիտակ միրուքը արնի մեջը սառել, չանին էր կպել, ու հմիկ էլ որդու ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի:

Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա,
Վա՜յ է՛ն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա:
Ո՛վ որ սարեր կէրթա իրան ֆորսն անի,
Ո՛վ որ կուզի տեղը նստած մուլք դատի,
Անտեր ազգին նրա գյուլլեն կդիպչի,
Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի:
Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն
Հողի, քարի հետ կքսվին, կփչանան,
Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն
Իրան-իրան կտա, կմնա անվարան:
Կատաղած ծովն ի՞նչ կհարցնի լաց, շիվան,
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի
Թե ճար ունիս, մի՛ տար նավիդ զլուխն իրան,
Աչքդ թեքեցիր՝ ծովի տակին կբացվի:
Դառած արջը՝ փնչացնելով դուս պրծավ,
Սարեր, ձորեր սասանում են ձենիցը.
Անմե՛ղ գառը, ո՞ւր ես կանգնել դու անցավ,
Քեզ կքրքրի՛, փախի՛ր նրա ձեռիցը:
Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում,
Ամպի գոռոցն աշխարքն իրար գլխով տալիս.
Ա՛նցվորական, ի՞նչ ես ճամփիդ մղկտում,
Գնա՛ էլա մեկ քարի տակ, որ պրծնիս:
Ա՛խ, արեգա՛կ, բարի՛ հրեշտակ, մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել.
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի.
Դարդ չի՛ անիլ: Վաղուց է նրա աստղը թեքվել:
Թախտ, ապարանք, զենք, զարդարանք փչացան,
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան,
էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կգա.
Մեկ թշնամու սրտումն մըգամ աստված կա՞:
Բա՛զի վախտ, որ մարդ մեկ քանդված տեղի
Վրա կանգնում ա ու ինքն իր մտքի
Հետ ա ընկնում ա անց կացած բաները
Ֆիքր անում, տխրում, աչքերը,
էնպես գիտես, թե է՛ն անբան քարերն
Մեզ ասում ըլին, որ մենք մեր օրերն
Լանք ու զգաստանանք, չունքի էս աշխարհ
Չի՛ մնալ մեզ համար ղադմի մուղարար:
Հենց իմանաս, թե լեզու են առել
Պատերն, ուզում են մեզ լալով ասել.
«Ա՜յ ադամորդի, տե՛ս, քո վերջն է՛ս ա.
էստե՛ղ էլ կային նորահարս, փեսա,
էստե՛ղ էլ կային ծնող, երեխա,
Հարուստ, մեծատուն, իշխան համեշա:
Բայց ո՞ւր են նրանք՝ հողի հավասար.
Բայղուշն ա նստում նրանց գլխին անճար»:
Բայց ա՜խ, թե մեկ տեղ արին ա թափել,
Աշխարհ կործանվել, ազգեր փչացել,
Գազան բուն դրել, ավազակ բնակել,
Մարդի լերդն ու թոքն կրակ է ընկնում,
Միսը սրսռում, աչքը սևանում:
էս ցավն ա հայի սրտում բհամ գալիս,
Երևանու բերդն, Զանգին տեսնելիս:


ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ


Լե՛ռ քարափի վրա ցից գլուխը բարձրացընում, թամաշա ա անում հանդարտ, հազար գլխանի դևի պես, Երևանու հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, բրջերով ղայիմացրած, սուր-սուր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հարավ բաց արած, չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փեշերը երկրումը փռած, անամոթ երեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած՝ անմազ, անլեզու, մարդակեր բերդը ու դեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, ու միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձեն, անսաս կուլ տա, փչացնի:

Պարսիկ նրան շինեց՝ խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը գրեց՝ կատաղի, անհաշտ, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ: Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի՛ գիտի, չի՛ լսել. բայց հազարավոր ժամանակավ՝ անահ, անվախ, պինդ երեսը լիրբ գազանի պես դեմ տված, որքան թոփի, թոփխանի գյուլլեք էլ նրա կոշտ քամակին, նրա կակող դոշին, նրա բաց գլխին դիպան, ո՛չինչ չի՛ ազդեց, քյար չարեց: Կորցրած թևերն էլ ետ սաղացրած, ջարդած ոսկորներն էլ ետ պնդացրած՝ գլուխը վեր քաշեց, էլ ետ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց, ուսերը դզեց, ոլորեց, սարքեց ու էլ ետ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թողության, փոքրոգության, անզորության ու հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով պպին կանգնեց, մատը ցցեց էս հողաշեն, այլ ո՛չ քարաշեն բերդը ու խենեշ դիմոք, իր կոտրած ոտները Զանգվի բերանը խցկելով` մնաց տեղը նստած, Զանգվի, որ գիշեր — ցերեկ անքուն, անղարար, գժված, կատաղած՝ նրա բաց դոշին, նրա անիրավ սրտին իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրագովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով, թե չի՛ կարում, ջիգր հանիլ, վրեժն առնիլ նրան քանդիլ, գոռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ-քիչ ձենը փորը քցում ու մունջ-մունջ երեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած՝ տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդյունք տալով, բաշխելով ճամփեն մոլորում, կորչում ու չի՛ կարում իր սիրուն քվորն էլա՝ Արազին, մեկ խաբար տանի, չունքի Երևանու թամարզու, կարոտ բնակիչքը նրա ճամփեն բռնում, նրան սիրով խտտում, իրանց մեջը, իրանց հանդն են տանում, որ նրա սուրբ, կաթնահամ ջրովը իրանց էրված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն:

Երևանու բերդն, Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած՝ դառել էր գողի ու ավազակի բնակարան... Է՛ն հողը, է՛ն հիանալի աշխարհը, ուրտեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ աստված, բոլոր աշխարհը ջրհեղեղովը երբ որ կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, որ Նոյան տապանը նստի, ու Հայոց երկրիցը էլ ետ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինություն քցեն: Է՛ն սուրբ հողը, ուր որ անպարտելին Հայկ` անաստված Բելա չար մտքին չհավանելով, իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, Էկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսույն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասսա ու Ալագյազի երկնանման գլուխը. Սևանա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով` իր մզրախը ցցեց ու իր սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բելա անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց: Է՛ն սուրբ տեղը, ուր որ Շամիրամ՝ աշխարհ տիրելով, ո՛չինչ տեղ Էն պատկերը չճարեց, որը որ իր սիրտն ուզում էր, ու մեր հրեշտականման Արայի սիրուն երեսին կարոտ՝ զորք ժողովեց, Էկավ, որ թե նրա սուրբ սիրտը լալով, սիրով չգրավի, զոռով նրան գերի անի, որ բալքի նրա սուրբ շունչը իր երեսին դիպչի, ու մեռած ժամանակն էլ նրա մարմինը առաջին դրած՝ գիշեր-ցերեկ սուգ էր անում, որ կամ նա կենդանանա, կամ ինքը նրա ոտի տակին հոգին տա: է՛ն աշխարհը, ուր որ Զարմայր՝ Աքիլեսի հետ Հեկտորի դեհն ուղեցավ պահի, Պարույր՝ Արբակի հետ Սարդանաբաղին էրեց, Տիգրան՝ կյուրոսի հետ Աժդահակա հոգին առավ, Վահե Դարեհ Կոդոմանի հետ Ալեքսանդրի ճամփեն ուզեցավ բռնի, Վաղարշակ Պարթևն՝ իր եղբայր Արշակա ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց, նախարարներ հաստատեց, Տիգրան՝ արքա արքայից, Ասորոց աշխարհն իր ձեռի տակը բերեց ու կարթագինացոց հսկային Աննիբալ զորապետին, իր մոտ հրավիրեց: «Է՛ն աշխարհ», ուր որ քաջահաղթն Տրդատ` Հռովմ իր քաջությունովը ու իմաստությունովը զարմացնելեն հետո, էկավ, իր հայրենական հողին տիրեց ու ալանաց, պարսից շունչն ու ոտը կտրեց. ուր որ որդին աստուծո երևեցավ ու սուրբ Լուսավորչու՝ Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց: է՛ն տեղը, որ Վարդան Մամիկոնյան, Վահան՝ ընտիր եղբայր նորա, անօրինակ քաջությամբ, որ աշխարհ դեռ չի տեսել, իրանց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվը արընով գնեցին: է՛ն տեղը, որ Վռամշապուհ բոլոր աշխարհի լուսավորությունն ու իմաստությունը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց: է՛ն ընտիր աշխարհը, ուր Ռուբինյանք, Բագրատունյանք՝ իրանց՝ հազար թշնամու ձեռի անտեր մնացած Հայրենիքը (վաթանը) էլ ետ գերեզմանից հանեցին, էլ ետ նո՛ր հոգի տվին: է՛ն օրհնյալ հողը, ուր ասորիք, պարսիկք, հոնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուրտեղ որ սար չի՛ մնացել, որ արին չտեսնի, քար չի՛ մնացել, որ մարդ տակով չանի, ու հարիր մեր հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էսօր ո՛չ նրանց շունչը կա, ո՛չ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անհաղթելի Հայկա որդիքը իրանց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելեն ետև որ տեսան, թե է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին, որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա թե Ասիա, Հայոց հողովը պետք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գլխըները գոգները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից սիրտ-սրտի տված, հոգի-հոգու կպցրած, մինչև էսօր էլ իրա՛նց գլուխը, իրա՛նց սուրբ հավատը, իրա՛նց սուրբ օրենքը է՛ն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի, է՛ն աշխարհը, է՛ն անօրինակ ազգն էր էս վերքին ժամանակը, շունչը բերանը հասած՝ աչքը երկինքը կթել, որ ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի: Քսան տարու միջում լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացոց ոտը ողորմելի Ամերիկա էնպես քանդեց, ջնջեց, հողի հետ հավասարեց, որ հինգ-վեց միլիոն ազգերիցը էսօր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած՝ վայրենի գազանների պես են իրանց սև օրը լալիս ու կոտորվում, բաս ի՞նչ աներ հայոց խեղճ ազգը, որ Նոյան գեսը, վեց հազար տարի, ո՛չ թե քրիստոնեի կամ լուսավորյալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, մահմեդականի, անօրենի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քյալլա տալիս ու շատին, շատ անգամ, իր ոտի տակը քցում, բայց կարո՞ղ է վարդը ծովի միջում զորանալ, մանիշակը՝ կրակի առաջին դիմանալ. Կարո՞ղ է կարող ցորենի հասկը է՛ն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր յա դիմացել:

Հայոց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ, Հայո՛ց աշխարհ. Էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, է՛ն ո՞ր մեջքը ձեզ բերեց, է՛ն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, է՛ն ո՜ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք է՛ս հոգին ունենաք, է՛ս սիրտը ձեր միջումն ըլի, է՛ս հրաշքը դուք աշխարքին ցույց տաք: է՛ն ի՞նչ աչք պետք է ըլի, որ քոռանա, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանա. է՛ն ի՞նչ բերան պետք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի. Է՛ն ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտա: Օրհնեցե՛ք ռսի ոտը, ջան-ջանի տվե՛ք, իրար սիրեցե՛ք, դուք է՛ն աշխարքի ծնունդն եք, է՛ն ազգի զավակը, որ աշխարհ ամենայն զարմացրել են ու կզարմացնեն: Դո՛ւք, դո՛ւք իրար պահեցե՛ք, ինչպես ձեր նախնիքը, դո՛ւք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք, ես ետ եմ դառնում էլի իմ պատմությունն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս՝ ձենի, ձեր ջանին ղուրբան, չթողա՛ք, որ էս մուրազը հետս գերեզմանս տանիմ, ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ, թե ձեր սերը պակսել ա, ձեր բարեկամությունը ցամաքել:

Գնա՛նք Երևանու բերդը, օրը մթնում ա, խավարը բռնում, աչքերս սևանում, սիրտս տրորվում, ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս՝ դանակ: Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում. փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երևանա բերդի հողի ու ջրի շատ փայը, հե՛նց բռնիր, հայի արընով ա շաղախած, ի՞նչպես անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, որ սիրտս հովանա, յա մեռնիմ, պրծնիմ, ու էս դարդերը ինձ սաղ-սաղ չուտեն, չսպանեն:

Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ուր որ, քանի Հայոց թագավորությունը իր աշխարքիցը ձեռք վերցրեց, ու քրիստոնեությունը դառավ Հայոց ազգի հույսն ու ապավենը, ու երկնից արքայությունը, ու պարսիկ, օսմանցիք հռովմայեցոց գլուխը Եվրոպա ուտելով, հունաց ազգը Էնտեղ տանջելով, ասորոց, բաբիլոնացոցը՝ Ասիա վերջացնելով, թուրըները սրած, կատաղած ասլան-ղափլանի պես, մեկն էս դհից, մյուսն՝ Էն, մեր ազգի արնին էին ծարավել, որ իրանց անկուշտ վարին մատաղ անեն, ու մեկը ծամում էր, մյուսին տալիս, մյուսը արինը խմում, մեկի չանգը քցում, — մնացել էր հարիր հիսուն տարուց հառաջ օսմանցոց ձեռին, որ Նադր շահը դուս Էկավ ու Հնդստան, Արաբստան ոտի տակը տալուց ետև երեսը ետ դարձրեց Երևանու վրա: Սար ու ձոր նրան գլուխ էին վեր բերում, մեկ բուռը հողը ու լենաշալվար օսմանցին ո՞վ էր, որ աոաջին դիմանա: Հենց Մուրադ թափի գլխին, Քանաքռուց մի քիչ բարձր, նրա չադրի ծերն էրևաց, ղաջար Հասան Ալի խանը օսմանցվին ընչանք Ղարս մին քշեց, ու կտրիճ զորապետը Էնքան թուրն ածել, օսմանցվի գլուխ էր թռցրել յա ուս վեր բերել, որ ձեռը փետացել էր, թուրը գուլացել, ու ինչ ժամանակ ետ դառավ ու Նադր շահի չադրի առաջին որ մզրախը չշպրտեց, մզրախը դողալով գետնումը ցցվեց, բայց քաջի արած տղամարդկությունը շահի աչքումը տնկվեց, ու պատվի, փառքի փոխանակ՝ ողորմելի խանի աչքերը իսկույն հանել տվեց, որ արեգակի աոաջին լուսինը չերևի, ու իրան անունը չկոտրվի: Էս կույր ողորմելին էր, որ օսմանցվից հետո Երևանու խանությունը ստացավ, ու էլի պարսից անիծած ոտը մեր աշխարհը մտավ: Սրանից հետո իր ախպեր Հուսեին Ալի խանն սկսեց նստիլ, որ է՛նքան աջիզ, խեղճ էր, մինչև վրաց Հերակլ թագավորն Էկավ վրեն, ջարդեց ու 3000 թուման էլ հարկ դրեց ուսին: Սրա որդի Մահմադ խանն էլ որ նստեց, Աղա Մահմադ խանն, որ ավելի անունն Ախտա շահ էին կանչում, դուս Էկավ, Նադրի պես սար ու ձոր ջարդելով՝ ինքը դեպի Ղարաբաղ ու Թիֆլիզ երըմիշ էլավ, իր ախպեր Ալի Ղուլի խանին Երևանու վրա ղրկեց: Բայց մինչև Թիֆլիզու գերին Երևան չհասավ, ՄաՀմադ խանը երկրի խալխը գլխին, բերդումը թոփ արած՝ իր ջիլավը թշնամու ձեռը չի տվեց, որ Երևանու բերդի չորս կողմը կտրել, նստել էր, բայց կռիվ չէ՛ր տալիս, չունքի խանն ասում էր.

— Երբ Թիֆլիզ կառնիք, ես ձերն եմ ու ձերը:

Թիֆլիզ առան, էրեցին, եսրի տուտը Երևան հասավ թե չէ, խանի մեջքը կոտրվեցավ: Ալի Ղուլի խանը մտավ բերդը, Մահմադ խանին ղոնաղ արեց ու, հացի վրա հենց, ոտն ու ձեռը կապիլ տվեց ու Պարսկաստան ուղարկեց:

Պատմում են, թե բոլոր խաների միջին սրանից լավը չէ՛ր նստել: Մեկ քանի օր որ անց ա կենում, մեկ գիշեր հանկարծ մելիք Աբրահամին կանչիլ ա տալիս: Ողորմելու արինը ջուր ա դառնում, բայց հենց կուշտն ա գալիս, սրան բարկացած հարցնում ա, թե ինքը լսել ա, որ հայերը առանց զանգակի ժամ չեն գնալ, ի՞նչպես ա, որ զանգակի ձեն չի լսում: Մելիքը որ դողալով չի՛ ասում, թե նրա ահու չե՛ն տալիս, իսկույն բարկանում, հրամայում ա, որ գնա, հայերին ասի, թե նա էկել ա, որ խալխին պահի, նրանց տիրություն անի, նրանց ցավին հասնի ու ո՛չ նրանց նեղացնի: Ու էս արժանահիշատակ խանն ա, որ խալխի խարջը, կոոը բաշխում, շատ ումուդ, շաֆաղաթ ա տալիս, բայց թուրը երկար չի՛ կտրում: Ախպորը որ Դարաբաղումը Սադըղ խանը չի՛ սպանում, Երևանու հայ, թուրք բերդը բռնում, սրան զոռով դուրս են անում, որ ղաջարի անունը իրանց վրա չըլի, էնպես որ ողորմելին հազար մուննաթով ու աղաչանքով, բռանց ա գլուխը պրծացնում ու էլ ետ իր երկիրը քաշվում: Փոքր վախտ սրանից հետո Մակվա խանն ա գալիս, Երևան նստում, չունքի որ Մահմադ խանի ազգականն ա ըլում: Ֆաթ Ալի շահը որ նստում ա, ՄաՀմադ Խանը շահի մորը մեջ ա քցում, մինչև 10 000 թուման Երևանու փող ռուշվաթ (կաշառ) խոստանում ու էլ ետ գալիս, իր տեղը բոնում:

Էս միջումն ա ըլում, որ Նախչվանու քոռ Քյալբալի խանը Ղարսա վրա կռիվ ա դուս գնում, փաշին ջարդում, երկիրը ոտնատակ տալիս, ու ռուսն էլ նոր Փամբակ առած Էնտեղ մեկ մայոր ա ըլում, ավելի անունը Ղարա (սև): Խանը ետ դառնալիս ուզում ա, որ Փամբակ էլ մեկ ատամին խփի, ու որ լսում չի՛ թե Ղարա մայորը մեկ քանի հարիր մարդից ավելի ո՛չինչ չունի, հրամայում ա, որ գնան, նրան սաղ-սաղ բռնեն: Բայց ռսի սալդաթի ու թոփի հունարը դեռ չեն տեսած ըլում ողորմելիքը: Իրեք-չորս անգամ Էնքան ղոնշունը վրա է տալիս, բայց տեսնելով, թե ռուսը պատի պես կանգնած` գյուլլից էլ չի երես ետ դարձնում, փոխանը կատու ընկած ձիու գլուխը շուռ ա տալիս ու իր հողը գալիս:

էլի էս միջոցումն ա ըլում, որ անիրավ Մահմադ խանը շահի հետ խոսքը մին ա անում ու քաջահաղթ Ցիցիանովին խաբնով իր մոտ ա կանչում, որ բերդը ռսին տա: 3000 մարդով որ նա Երևան չի՛ մտնում ու տեսնում, իր խորամանկ պարսիկը կամեցել ա նրան ականաթի մեջ քցի, մտնում ա թուշ Երևանու մեչիդը, ու իրեք ամիս էս քաջ հսկայն, առանց հացի, առանց օգնության, Էն շոգ ժամանակին, որ մարդի գլխին կրակ ա վեր թափում, Էն թանկությունն ա ըլում, որ աղի լիտրը մեկ մանեթով ճարվելիս չի՛ ըլում, ու շահն էլ անթիվ, անհամար զորքով գալիս, սար ու ձոր բռնում ա, ու ռսի ղոնշունի շատն էլ որը սովն ա սպանում, որը շոգը, ու հայերն են ըլում հաց տվողը, ռսի քոմակը, մանավանդ կենդանի նահատակ Հովհաննես եպիսկոպոսը, որ Էջմիածնա ամբարները դարտակում ա, որ բալքի թե էնպես բան ըլի, որ ռուսն Երևան մնա, բայց աստուծո հրամանը չի՛ ըլում, Ցիցիանովը էնքան գազանի ռխից իր մեկ բուոը ղոնշունը ու հայերին հավաքում, էն վախտն ա քաղաքը մտնում, որ սաղ Վրաստանը, Կավկազը դռնմիշ էլած՝ մեկ-մեկու ուտելիս են ըլում: Մինչև Ղազախ ղզլբաշի ղոնշունը նրա աղաքն ու քամակը բռնած՝ կռվելով գալիս են, բայց էլի գլխըները քորելով ետ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղությունը մեկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ հսկայն: Հալվաբարու հայերը որ կան, Էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Հովհաննես ուզբաշու ձեռի տակին՝ գալիս, քաղաքը մտնում: Ռուսը որ ետ ա դաոնում, Մահմադ խանին բռնում, Պարսկաստան են տանում, ու նրա տեղը Թավաքյալ խանն ա գալիս, նստում, որ Գուդովիչի հետ կռիվ ա տալիս: Սրան էլ փոխում են, Հուսեին խան սարդարը ու իր ախպեր Հասան խանն են Երևան ղրկում, որ մեկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու օսմանցվին կատու էին շինել: Կարելի ա, թե Երևան Էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարհաշեն մարդ չէ՛ր տեսել, ինչպես որ սարդարն էր. բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս` սար ու ձոր դողում էին: Նրա համար հո՛ մարդի, հո՛ սոխի գլուխը, բոլորը մեկ էր:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 10:57, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:24

էս էր, որ աստված գլխին բարկացավ, էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ հայերի էրված, խորովված սիրտը անջախ մի անջախ հովացրեց, ու էսօր խաչն ա նրանց պահում, ու ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում:

Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց: Բայց թե մինչև էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գյուլլեք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել քանի՜, քանի՜ անգամ են քոչել տնըհան, տեղըհան էլել, քանի՜, քանի՜ իշխանք՝ որը կրակով, որը փետի տակին, իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գա, գնա՛նք էլ ետ Երևան: Թո՛ղ լսողը չի՛ իմանա, թե ես Երևանու ծնունդ ըլելով՝ նրա հողի ու ջրի սերն ա էնքան սիրտս քաշում, տանում. չէ՛, գիտե աստված: Երեխա եմ էլել, որ էնտեղանց դուս եմ էկել, ամա էսօր էլ, որ մտածում եմ, թե Զանգվի կարմնջի վրովը յա բազարի մեյդանովն անց կենալիս ինչպես էր իմ լուսահոգի հերը ինձ ոտով-ձեռով անում, չունքի լեզվով խոսալն էլ Ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թե քանի՜, քանի՜ անգամ, հենց մեր այգումը, յա մենք ենք ղզլբաշ յարալու արել, յա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում: Դեռ ռսին չտեսած՝ մեկ էլ մտնինք Երևան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղ կացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք ռսի ղադրը ու մեր բախտավորության գինը, ով ուզում ա՝ գա:

Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ա՜խ, որ առավոտը բացվելիս նրա էն լաչար գլուխը մարդի աչքով չէ՛ր ընկնում, հենց իմանաս, թե դժոխքն ա իր բերանը բաց անում, ատամները ղրճտացնում ու իր ապականյալ, թունավոր, դառը շունչը չորս կողմը փրփրալով փչում, ցրվում, փռնչացնում, որ կարենա իր հոտած աղքների կերած, լափած արդար ջանը մարսի, էլի չանգերը ղուբարա քցի, էլի հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա, իր անկուշտ փորին մատաղ անի: Արեգակը մտնելիս հո, հենց իմանաս, թե Սադայելի որդիքն ու զավակները, նրա զորքն ու զորապետներն ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում, ու բրջերի գլխին մեկ կտրած գլուխ էստեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր-կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում: Ճաշվա ժամանակին, հենց իմանաս, մեկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած՝ փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը, ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա, չի՛ կա, տակովն անի, լափի: Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը ոսկորով, շամդաքով յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես, հենց իմանաս, ծանրացել, փորըներն էլ չէին կարում քաշել, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր-կտոր ըլին:

Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շողքը դիպչելիս, պլպըլալիս, հենց իմանաս, էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված՝ ուզում ըլեին աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը, որ երկրին խաղաղություն, դինջություն տա, սոդոմական կրակն ըլեին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն: Հայի թշնամի մոլլեն, որ գիշեր-ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեության անունը վերանա, յա Հայ ազգի, մինարեն որ չէ՛ր նի ըլում, որ ազան տա, ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան, իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն դինումը դժողքի փայ չըլին, ձեռն անկաջին որ չէ՛ր դնում ու ծվում, հենց իմանաս, հայի համար սադայելյան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, մեկ քանի շահի ձեռք քցի, որ տանի, իր քյուլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, է՛նքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ չունքի բեղաֆիլ մեկ թուրքի շորի դիպած, մուռտառած էր ըլում:

Աշխարքի գլխին, հենց գիտես, կրակ պետք էր վեր գար, է՛նպես էր ամեն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի: Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ. կըլի, որ ի՛սկ սադայելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի աստուծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս՝ մարդ չէ՛ր իմանում թե երաբ առավոտը կհասնի՞, լիսը բացվելիս՝ ումուդ չո՛ւներ, թե սաղ-սալամաթ, մթանն աչքը խփի՞, էնպես ահում, դողում էին երկրի խալխը:

Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, ա՜խ, աչքս դուս գա, քանի՜, քանի՜ ողորմելի հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփջի տանելուց, համբերելուց ետը կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կրծելով, աչքերը դուս տրաքելով, ղովում, ղարդաշ, իրավորի, ազգականի, իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքի՛ցը, էն կատաղի գազանների ձեռիցը: Քանի՜, քանի՜ ջահել երիտասարդ` մեկ սաղ օջախի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին կամ սաղ-սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ, որ շուտով խմի ու բալքի կշտանա:

Սի՛րելի կարղացող, իմ ա՛չքի լույս հայ, էս քո հավատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում, քեզ հետ մեկ ավազանից ծնվել, քեզ հետ մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, երա՜բ, որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ՝ ի՞նչ: Գիտեմ, որ ասում կըլիս մտքումըդ՝ էսպես օրը գնա, ո՛չ ետ գա, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի: Գիտեմ, որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես, որ էս անիրավ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս՝ գլուխդ առնիս, կորչիս, բայց հավատացի՛ր ինձ, մեղավորը նրանք չեն, մենք ենք: Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա, մեզ տակով չի՛ կարալ անել, ինչ թե օսմանցին յա պարսիկը: Մեզ ամենաբարի արարիչը է՛ն հոգին, է՛ն խելքը, է՛ն շնորհքը չի՛ տվել, որ նամարդի մուհտաճ մնանք: Աստված հիմիկ մեզ լիս ա բաց արել, ռուսաց թրին սարերը չե՛ն դիմանալ, որ ջանք անենք, մեկզմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին Էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր երջանիկ նախնիքը, հավատացի՛ր ինձ, աստված էլ կսիրի մեզ, մարդ էլ:

Լավ չի՛ սկսած բանը թողալ ու Էսպես քարոզ ասիլ, ես էլ գիտեմ, ամա սիրտս չի՛ դիմանում, ի՞նչ անեմ: էլի մեր գեղըցոնց ասածն ա միտքս գալիս: Խալխի մեղքը չի՛, որ ճամփից դուս են Էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած: Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի սևն ու սպիտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք, չալ-չալ մանեթները ջեբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք: Շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին անոշ-անոշ խմիլը, կառեթով, դրոշկով փառավոր, ուռած-ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլ-մաշիլը, նոքար-բեքարի՝ ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլոխ զարդարիլը մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չե՛ն տանիլ, հարկիզ: էդ երեխեքն էլ գիտեն, կասես ինձ, բայց ի՞նչ անես, բանը գիտենալը չի՛ բանն անիլն ա: Ես ինձ վրա եմ ասում, թո՛ղ ուրըշի սիրտը չնեղանա: Ընչանք փողը չեմ առնում, ո՛չ գիրք եմ տալիս, ո՛չ աշակերտ կարդացնում: Լազգին ու թուրքի մոլլեքը էնպես չեն անում, անփող են իրանց ազգի երեխեքը կարդացնում, էլի աստված նրանց ռզղը հասցնում ա: Հենց մե՞զ պտի սոված սպանի: Ամեն մեչըդի հայաթում, գեղ տեղարենքն էլ, մեկ մեծ վարժատուն կա, ուրտեղ երկու-երեք լեզու են սովրում, մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի՛ դնիլ, բաս ի՞նչ կըլի, որ ազգի սիրտն էլ քիչ-քիչ չի՛ հովանալ:

Ով թուր չի՛ առել ձեռքը, թրի ղադրն ի՞նչ կիմանա, ով թվանք չի՛ քցել իր օրումը, ֆորս ի՞նչպես կարա անիլ: Քրդին հազար տարի ասա՛, թե հնդուհավի միսը, ղաբլու փլավը հիանալի կերակուր ա, տո՛, որ նա իր օրումը նրանց համը չի՛ առել, իր սոխն ու մածունը, թանն ու ճաթը կթողա, քո ասածի՞ն անկաջ կանի, խելքդ ի՞նչ ա կտրում: Ասենք՝ ես չասեմ, սաքի դու չե՛ս գիտել, որ երեխի ընչանք ատամները դուս չի՛ գան կոշտ բան չի՛ պետք է տվա՞ծ: Դու ուզում ես անհիմքը տուն շինիլ, կրակ չի՛ վառած՝ հաց թխիլ. մմի ծերը թողել ես, մատդ ես կրակին դեմ անում. առանց պատրուգի ուզում ես ճրագուն ինքն իրան քեզ լիս տա՞: Կացինը, դնում ես ծառի քոքին, դու քնում յա ձեռներդ խաչում, ղրաղին կանգնում ծառն ինքն իրան քեզ ցախ կդառնա՞, խելքդ ո՞ւր ա: Խմորն առանց թխտըմորի չի՛ գալ, չի՛, նհախ տեղը ոտներդ գետնին մի՛ ծեծիր: Անբանացնիլ թուրը կժանգոտի. նամ տեղի ցորենը կբորբոսի: Անվարիլ հողը թե ցանեցիր, ղուրդ ու ղուշ կուտի սերմդ: Առաջ մեկ վարի՛ր, հիմքը քցի՛ր, մեկ ազգի աչքը բաց արա՛, դուզ ճամփեն որն ա, Էն ճամփովը տա՛ր, սար ու ձոր մի՛ քցիլ, դու նրան քո սերը ցույց տո՛ւր, տեսնիմ, թե նա քեզ չի՞ սիրիլ: Ուրըշները մեզ բամբասում են, հերիք չի՛, մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո բան չի՞ դառնալ: Հայոց ազգի ջանին ղուրբան, մեկ նրա երեխին ուսումն տո՛ւր, նրա էն լուսաթաթախ հոգին կրթի՛ր, կրթիլ եմ ասում, թուղթ խաղալ, ֆրանցուզերեն խոսիլ, անգիր բերան անիլ, գլխիցը դուս տալ չեմ ասում, ու շարական, փոխ յա շիլափլավ ուտիլ սովորցնիլ, որ մեզ էս տեղն ա քցել, տեսնիմ, թե ջան կտա՞ քեզ, թե չէ՛:

Մինչև գարունքը չգա, ծառը չի՛ ծաղկիլ, առանց ամառի պտուղ չի՛ հասնիլ, դու ուզում ես, որ ձմեռվան էն սաստիկ ցուրտ, սառած ժամանակին վարդի հոտ առնիս քո բաղումը, հասած պտուղ քաղես քո բաղչումը, էդ էլա՞ծ բան ա կամ կըլի ըսկի՞: Պինդ ոսկորն էլ, որ շատ ծալած մնում ա, թմբրում ա, ճում ա ընկնում, երկու օր որ թեք ես ընկնում, քամակդ ցավում ա, ոտներդ ման գալիս բեզարում. Տո՛, ախր հազար տարի ա էս բեռը մեզ վրա, էս բխովը մեր ոտումն ա էլել, ախր որ ասում ես` վազի՛ր, բաս ի՞նչ կանեմ, որ գլխիս վրա վեր չեմ ընկնիլ: Շաբթով սոված մարդին մի՞ս կուտացնեն, ցուրտը տարած տեղը կրակի՞ն դեմ կանեն: Անձողի հոտը դիպած գլուխը ձնո՞ւմը կդնեն, թե՞ կրակումը: Խեղճ ազգի հոգին մինչև էսօր քաղել են, հազար տարվա յարա ունի սրտումը, որ դեռ չի՛ սաղացել: էնքան դառն արտասունք ա կուլ տվել, որ ո՛չ աչքումը լիս կա, ո՛չ բերնումը համ, ո՛չ սրտումը եղ. դու հենց ուզում ես որ էստոնք մեկ սհաթումն անց կենա, ի՞նչպես կըլի: Տո՛, որ մեկ գերեզմանատան համար, մեկ դարտակ ողորմի տալու խաթեր քո ազգի պատվական իշխանքը՝ պարոն Զավրովն, Խերեդինովը, Դավիթ Թամամշովը, Մովսես Տեր-Գրիգորովը, հազար մանեթներով կխարջեն, իրանք իրանց՝ տեղ կբաշխեն, ժամ կշինեն, խալխը ինքն իրան կերթա, իրան հացովը մշակություն կանի անփող, բաս խելքդ ի՞նչ տեղ ա, էսպես ընտիր իշխանքը, էսպես բարեսիրտ ազգը վարժատուն շինելուց, մեկզմեկու օգնելուց կփախչի՞ն, որ մեկ համն առնին: Ջուրը դարիդուս չի՛ գնալ, սիրելի՛, չի՛: Ճամփեն գտի՛ր, առուն սրբի՛ր, քար ու քոլ դեն ածա՛, տեսնիմ, թե ջուրն ինքն իրան կգա՞, թե չէ՛: Բանը երկարացավ, լսողը չի՛ նեղանա, էլի գնա՛նք մեր դժոխքը:

Հե՛րիք ա, հերիք, ասող կըլի ինձ, ձե՛ռք վերցրու էդ դժոխքիցը, ի՞նչ էլավ քեզ: Ա՜խ, ինչպես ձեռք վերցնեմ, բաս ո՞ւր թողանք մեր ազգի էն սիրուն-սիրուն, լուսաշաղախ աղջըկերքը, բաս մեկ ողորմի էլա չի՛ պետք է ասե՞նք, որ երեսների վրա, քարի, ավազի, փշի, տատասկի վրով՝ մազըներիցը բռնած, քարքաշան անելով, գլխըներին խփելով, մեջքըներին ղամշելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, տրորելով, թվանքի ոռքով, լաբչընի նալչով տալով յա կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հարիր վերստ տեղից, հերնըմերն ետևներիցը ընկած, քիր, ախպեր՝ բոբիկ ոտով յա գլխաբաց, քեռի, փեսա, ազգական՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին տալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին, բերդն ածում, որ իրանց արդար իմամներին փայ շինեն, հարսնացնեն, թուրքացնեն: Շատը հենց տանն էր հոգին տալիս, շատը ճամփին, հորն ու մոր աչքի առաջին, էն կյանքը գնում, ուր ցավ, ուր վիշտ էլ չկա: Շատի սիրտն էլ որ մի քիչ պինդ էր ըլում, ընչանք ա, բերդն էր հասնում, հաջի, մոլլա, քյալբալայի, սուխտա, խան, բեկ, ախունդ, սեիդ վրա էին թափում, որ յա խաբնով հավատից հանեն, յա պատժով, բայց տեսնելով, որ նրանք ո՛չ փառքից են խաբվում, ո՛չ պատժից վախում, ո՛չ խանզադության թամահ անում, ո՛չ մահից ահ քաշում ու ուզում էին` Քրիստոսի հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց դասը դասակվին, իրանց սուրբ հավատը չէին ուրանում, պատիժ, պատուհաս, սուր, հուր, բոց, կրակ, սով, մահ, մեկն էլա աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորնըմորը տալիս, որի լուսաթաթախ լաշը, որի ձեռն ու ոտը: Աղջիկ, ու էսքան սի՞րտ… քար ըլեր՝ կպատռեր: Աստված նրանց հոգին լուսավորի:

էս սիրտը, է՛ս հավատը, է՛ս հոգին, է՛ս սերն ուներ Հայ ազգը, որ թշնամու, գազանի ձեռի, երկիր, աշխարհ, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր, բոլոր կորցրեց, իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, գերություն, ղարիբություն, տանջանք, չարչարանք, սով, մահ հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լիս լուսավորչադավան օրենքը ամուր, հաստատ ու անխախտ պահի: է՛ս ա հսկայություն, սրտապնդություն, մեծահոգություն, քաջություն, կամաց հաստատություն, հոգու կարողություն ու զորություն, որ աշխարքիս վրա, ջրհեղեղիցը դեսը, մեկ ազգ էլա մինչև Էսօր չի՛ կարաց ու չի՛ էլ կարող ցույց տալ: Սար ըլեր՝ փուլ կգար, երկաթ ըլեր՝ կհալչեր, կմաշվեր, ծով ըլեր` կպակսեր, կցամաքեր, բայց աստվածասեր Հայ ազգը մինչև Էսօր գերօրինակ հսկայությամբ տարավ բոլոր ու իր անունը պահեց: Թողա՞նք էն խեղճ, քոթրոմած, աչքից, ձեռից, ոտից ընկած, էն սիրուն տղամարդ երիտասարդ հայերը, որ էսօր էլ Երևանումը, որը ջուխտ, աչքով քոռացավ՝ ա՜խ, ո՜խ քաշելով մաշված ա իր հարսի, օղլուշաղի երեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա հաց կարում ուտիլ, ո՛չ ձեռով, ուրիշը պետք է, երեխի պես, թիքեն բերանը դնի, չունքի ո՛չ պռոշներ ունի, ձեռներն էլ ուսաբերնիցն են կտրել, — որը քոթրոմացել, անդամալույծ ա դառել, սելով են ման ածում, որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում, խնդում ա, երեխեքը լալիս յա ծիծաղում են, բալքի թե մեկ ազար, մեկ մուրազ ունի սրտումը, լալի (մունջ) պես, մանուկ օրորոցկանի պես ոտին-գլխին պետք է անի, որ միտքը հասկանան, բայց ինքն ուրիշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասիլ, ո՛չ մեկ ջան: Քանդվի՛ էսպես տերությունը, հաստատ մնա Ռսի թագավորությունը, որ մեր ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը բերեց ու հոր պես մեզ խնամում, պահպանում ա: էն ի՞նչ լեզու, էն ի՞նչ աչք պետք է ըլի, որ ամեն մեկ երկինքը տեսնելիս փառք չտա աստծո, երեսը գետինը չքսի ու մեր ամենողորմած կայսերը կյանք, առողջություն, զորություն, նրա արքայազն որդոցը ու զավակացը` կենդանություն, բարեբախտություն, ու հզոր տերությանը` հաստատություն, պայծառություն, մշտական տևողություն չխնդրի, չաղաչի: էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվիլ, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց: էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ: Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի: Ասենք՝ բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխոբին), սիրամարգին աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել: Ասենք` վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի, շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անոշ ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՛ դուս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք՝ ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք՝ հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռդ որ չի՛ հասնի, պետք է որ քո հացն է՞լ դեն քցես:

Ա՛խ, լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՛ պետք է ընկնի՞: Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ Էն: Էնպես մարդ կա՝ տասը-տասնըհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա: Ախր որ ասեմ ես՝ փրոքուլիվաթսա արի, սքուչնա եմ, օփիժաթսա էլա, փրոշենի տվի, սանյաթիե շատ ունիմ, գլուխս քրուժիթսա էլավ, փեզչեսթնի մարդ ա, րազփոյնիք ա, յափեթնիք օքմին ես, գնանք քուփաթսա ըլինք, սոփրանիեմեն եմ գալիս, փրոիգրաթսա արին, ճամփին ֆսեթքի ութոփնո ա, շատ խլափոթ սլուչիթսա չի՛ ըլում և այլն: Ա՛չքիս լիս, մի մտածի՛ր, թե լսողն ի՞նչ կասի: Իսկ գիտուն, լուսավորյալ մարդը նա է, որ ամեն լեզու, քանի կարա, իստակ խոսա: Դու քո լեզուն որ իստակ խոսաս, ի՞նչ վնաս ունի, հենց գիտում ես խելքդ ձեռիցդ կառնե՞ն, թե՞ սովորած իմաստությունդ ջուրը կթափի, կամ թե չէ, տերության սիրտն ես ուզում շահի՞լ: Բարեխնամ տերությունը ե՞րբ կուզի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր ազգիցը հեռանա: Բաս էլ ո՞ւր են էսքան վարձատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիվ տալիս: Ֆրանցուզ, նեմեց, ինգլիզ որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պետք է սիրես ու գովես: Քեզանից չեմ նեղանում, ա՛չքի լույս, մեր բախտիցը ժամանակն էնպես ծռվել էր մինչև հիմա, որ մարդ իր գլուխը չէ՛ր կարում պահիլ, ո՞ւր մնա՝ լեզվի դարդը քաշիլ: էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը թուրքի ու պարսից բառ ա: Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ-քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ-քիչ հասկանա: էս էլ հերիք ա, որ թուրքի լեզուն, որ իրանք թուրքերը չեն գրում, միմիայն խոսում են, ու մեզանից որքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա, նրանց լեզվի համն ընկել մեր ազգի բերանը, որ խաղ, հեքաթ, առակ թուրքերեն են ասում, իրանց լեզուն թողում, պատճա՞ռ. չունքի սովորություն ա ընկել: Ազգին անհավատ են կանչում, լեզուն սիրում, զարմանալու չէ՞: Ախր ո՞վ ա լսել, թե ծծմոր կաթը մոր կաթիցը լավ ըլի: էսքան խառը լեզվի հետ դու էլ որ քո իրոքուլիվաթսան, մրոքուլիվաթսան ես խառնում, ախր դրանից ի՞նչ համ դուս կգա: էլ ավետարան, գիրք, ժամասացություն ի՞նչ կհասկանաս:

Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք: Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ: Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ: Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ: Ռուսաց լեզուն մեր տերությանն ա, պետք է ամենից առավել համարինք, հետո մեր լեզուն ձեռք բերենք: Բաս ձեր սիրտը չի՞ ուզիլ, որ դուք էլ ոտանավոր գրեք, ձեր միտքը, ձեր խորհուրդը հայտնեք, որ այլազգք իմանան, թե մեր միջումն էլ ա էլել երևելի գրող, ու մեր լեզուն դհա ավելի սիրե՞ն: Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են: Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան: Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ:

Ընչանք Երևան գնալը մեկ քանի ամիս ժամանակ ունեի, էնդուր համար էսպես ճամփես ծռեցի: Ձմեռն անց ա կացել, ամառն էկել, վա ՜յ նրան, որ էս շոգին գնա էնտեղ: Ես պետք է գնամ, ո՞վ կուզի՝ հետս գա:

Ճաշվա շոգն անց էր կացել: Սար ու ձոր գլխըներն էլ ետ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին: Արեգակը Մասսա քամակիցը հանդարտ աչքը բաց էր արել, մունջ-մունջ Երևանու բերդին մտիկ էր տալիս ու էն ա, ուզում էր, որ կամաց-կամաց մեր մտնի: Թանձր խավարը, սև դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի երեսը բռնել, օդը ծանրացրել, կալել էր: Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա, հավը բնիցը գլուխը հանի: Ամեն տեղից ոտքը խաղաղվել, ամեն տեղից ձենըձոր լռվել, պապանձվել, փասափուսեն քաշվել էր: Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել՝ քնած մնացել, վար ու ցանք անողը՝ հանդումը, բաղմանչին իր ծառի տակին, շվաքումը քուն մտել, դինջացել: Մարդ, ինս, ջինս՝ գեղերումը էլ չէին երևում: Բազի կոնդի (բլուր) ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում, երեսի՛ քամակի վրա շուռ գալիս, էլ ետ գլուխը դզում, օրզանգուն ու ղանթարղեն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս յա ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի, թեզ տեղ հասնի: Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած՝ տխուր, բարակ ձենով մեկ բայաթի էր քոքել, քթի տակին, ձիու ջիլավը գլխին քցած` ինքն իրան բզզում, գնում էր, որ տուն հասնի ու իր բեզարած, ջարդված ջանը կամ մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, իր օղլուշաղի երեսը, քանի որ դեռ մութը վրա չէ՛ր հասել, տեսնի, ու սիրտը բաց ըլի: Հոտաղներն (մեխրե) էլ իրանց գութանի տավարը բաց էին թողել, լուծը ետ արել ու մեկ քոլգի տակի գութանը մեկ կողմը, եզըները՝ մյուս, ջրերի ղրաղին վեր էին թափել, քաղցր քուն մտել: Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն՝ մյուս, շվաք տեղը նստել, չանեն չանի էին քսում, փընչացնում, արոճ անում: Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած նղղել, աչքը կպցրել էր, որ շոգը քաշվածին պես վեր կենա, սուրուն իրիկնահովին մեկ լավ խոտավետ տեղ տանի, արածացնի: Օյաղ շների մեկը է՛ս ցցի վրա, մեկը մյո՛ւս թափի ծերին, յա չոբանի ոտի տակին, գլուխը դրել, նոթերը կիտել, մարաղ էր մտել, որ թե գող, գել կամ գազան սիրտ անի, մոտենա, բիրդանբիր վրա թռչի, թիքա-թիքա անի, իր տիրոնջ ոչխարները պահի: Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ կամ մեկ ծաղիկ մեկ տեղ էլա չէր երևում, որ մարդ հոտն առնի կամ երեսին մտիկ տա, սիրտը բացվի ու ճամփի երկարությունը մոռանա, կամ շոգի ձեռիցն էրված, խորոված ջանին հովություն տա, էնպես էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել: Միմիայն խոտերի չոփերն ու քոլերի սուր-սուր ծերերն էին էստեղ-էնտեղ ցից-ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում մոլորված, պաշարված կանգնել, մնացել: Սև-սև ջանդաքակեր ագռավները յա վախլուկ տուլաշներն էին հենց մենակ մնացել, որ էստեղ-էնտեղ, մեկ քարափի ծերի յա մեկ բրջի գլխի, յա թե չէ, մեկ ճամփի միջում, իրար գլխի հավաքվել էին, նստել կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թևերից քաշում, որ մեկի, գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան կամ հետըները տանին: Օձ, կարիճ, խլեզ, բզեզ ու ինչ կերպ ջանավար ասես՝ մորէխ մժեղ, մեյդան էին բաց արել: Որը մեկ քոլի տակիցը, որը մեկ քարափի բաշիցը, որը խոտերի միջին, կամաց-կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով կամ ծլունգ ըլելով, էլ ետ տազ անելով կամ գետնի ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով ծղրտալով` ոտն էին էլել, ուզում էին իրանց արևի ձենն ածեն: Որն էլ իր բնի առաջին արևկող անելով՝ գլխըները հանել, մունջ-մունջ անկաջ էին դրել սուր-սուր աչքըները ցցել, պելացել, շլացել` էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն իրանց քեֆն անեն, իրանց ռզղը ճանկեն, էլ ետ իրանց բունը մտնին, էլ ետ գնան, քնին, դինջանան:

Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ մեկ նաչար բայղուշ (բու)` գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սև օրը լաց ըլում: Հավի թշնամի ուրուրն էլ (ձերեն) թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դոշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դոշի տակին քաշ քցած՝ սուր աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի, մեկ լղպոր ճտի գլխի, — որ իր մոր թևերի տակին կամ մոր գլուխը քորելով, թևը քաշելով, ծվծվալով, կտկտալով կամ կտուց-կտցի տալով, մոր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով սուս-փուս նստում էին իրար հետ կամ քուջուջ էին անում, — կամ մեկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով` վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի: Ահա՛ գեղեցիկ, անզույգ օրինակ անսիրտ, բարբարոս Պարսից` ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկա զավակաց:

էսպես մեռել, լռվել էր բնությունը, ու մեկ շփլթու էլա մեկ տեղից չէր լսվում: Միմիայն հեռու տեղից մեկ բարակ քամի բազի-բազի վախտ փչում, ծառերի տերևները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ-գոլ՝ մարդի երեսին, բերնին ձեռը նազուկ քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում: Ինչպես ծխի մեջը խրված` հեռու տեղից դաշտի գեղերը, հանդերը, փոսերը մթնած, լռված, ինչպես սև ամպի կտորներ կամ էրված, խանձված տեղեր, էս տեղից, էն տեղից, սևին էին տալիս ու խառնիխուռն երևում: Արազը, ինչպես մեկ նետ օձ կամ էրծաթի գոտի, արևմտյան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր, լուսափայլ ճակատն ու գլուխը բաց էր արել ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս, Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով, ձենըձոր անելով, գլուխը պտտելով՝ գնում. Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով հեռանում քվերտանց հետ ու պոունկ-պռնկի, դոշ-դոշի, քամակ-քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված` քուն մտնում: էս տխուր մեյդանի չորեքշուրջը, աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ բազի վախտ երկինքն ամպակալած՝ ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տա, Ալագյազա, Մասսա ու մյուս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետնի, խցկի, որ համարձակում են իրանց գագաթը էնպես բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով՝ իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա-քուլա դիզվում ու էնպես իրար վրա նստում, որ շատը տեղ չունենալով՝ մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում: էս հադաղին էր, որ մեկ սև ղարալթու բարակ օձի պես կամաց-կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր — «ծանր» մտիկ տալով, մեկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պես ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրա թեքեց ու ճլերք ընկած հիվանդի պես սկսեց ձենը ծոր քցել և, ինչպես մեկ խոր ձորից, կանչել. Սլլա՜հու՜-ալաքբա՜-րո՜ւ... (բարձրելոյն աստուծոյ):
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:01, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:38

Էս ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց, ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով՝ քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ-քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ: Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափառ մահմեդականքը. Որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սփրթնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, խորասանու սև մորթի երկար գդակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած, երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած, մեկ սև կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջա՝ անյախա, անկոճակ, ուսերին քցած, փեշերը ղայիմ բռնած, երկուտակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած, անթիվ դուգմեքով (կոճակ) թև, դոշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձև, սիպտակ յախեն, ինչպես մեկ ղաշղա եզան ճակատի խալ, թամուզ դուս թողած, բկին կպցրած, որը թիրմա շալի կամ սիպտակ կտավի մեկ բեռը գոտիկ, ինչպես մեկ մարգի (կվալի) թումբ կամ մեկ բոչքի կապ մեջքովն ոլորած, պիրկ կապած, մեկ ոսկորագլուխ, ծուռը խանչալ կամ մեկ հաստ, սրած կոլոլ թուղթ թեք մեջը խրած, կապած, մեկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով մանր-մանր կտրած, լեն, կարմիր ղասաբ կամ մուգ մավի սադա փոխանն ու շորերի փեշերը գաբերին (լուլա) տալով, քարերին խփելով, հող ու թոզ սրբելով, քամու առաջին, ոտների արանքին դես ու դեն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորտի բերանի նման սաղրի քոշերը` ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը սուր, բարձր, երկաթով նալչած, ոտի տակին քստքստացնելով, ծլփծլփացնելով, չալ, ճիտը կարճ, բրդի հաստ գյուլբեքանց հետ, սև, բաց-բաց գաբերի հետ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ-անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ-հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով: Որը մեկ փալան սիպտակ կտավե չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ անկաջները պրծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոստ կատարին կպցրած, որը մեկ գելի քուրք ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի՝ կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գըզգըզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոպրակի պես ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրեն, երեսին ու միրքին հազար տարվա կեղտ, աղբ տարթ դառած, նստած՝ թարաքյամա, յա ղարփափախ, մեկ չաթու ճտին, մեկ մոթալ փափախ գլխին, տոպրակն էլ հո յափունջին էր,— դուս թափել, գնում են:

Մե՛ր տղա, չծիծաղաս, լավ չեն ասիլ, ամոթ ա. կարելի ա մեկ քացախած ճամփորդի քեֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տա, հետո տուրուդմբոց քո գլխին գա: Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկա, կուզես ծիծաղի, կուզես պա՛ր արի, չունքի հանաք-մասխարություն չի՛ էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ո՛չինչ չասիլ կամ սուս ու փուս կշտովն անց կենալ: Հմիկ դու գիտես: էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, աստվածապաշտ, նամազասեր, այլ ո՛չ քրիստոնասեր մոլլեքը, ախունդները, հաջի, թաջիր, արախլու, ղզլբաշ թարաքյամա, ղարափափախ, մսկլլու, չոբան, քուրդ, պարսիկ, բեկ, խան սարից ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, առից, տրից, ինչ ունին-չունին, վեր ածած՝ գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը նախրումը, ջուր, վար, ցանք տեղնուտեղը երեսի վրա թողած, ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, իրար գլխով դիպչելով` Երևան էին թափում: Մեկը ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկը իշի քամակին բազմած՝ չո՜շ, չո՜շ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՜հ, դա՜հ անելով, մեկը գոմշի մեջքին՝ հա՛ տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՜, հո՜ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին՝ բզելով, ը՜մ, ե՜րի գոռալով, մեկը արաբում, մեկը քեջավում՝ հազար տեսակ ձենով իր ուլախին քշելով. որը քյահլան ձիու վրա նստած, յարաղ-ասպաբը կապած, զարդարված, թվանքն ուսին դրած՝ ծվծվացնելով, օրզանգուն զնգզնգացնելով, որը ոչխարի, իծի սուրուն առաջին, որը մեկ գառն ուսին քցած, որը մեկ գիլի պարկ վզաքոքին կապած յա թվանքը միջովն անցկացրած, որը մեկ արջի մորթի շուռ տված, հաքած, մե՛ր տղա, տե՛ս ու քե՛ֆ արա, էս թամաշեն թանկ աժի, որը գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ առըխ թազի ձիու կողքին կապած, որը մեկ գոմփոռ շուն սելի ականը թոկած՝ Էնքան վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը, որ լեզվըները մեկ գազ կախ էր ընկել, աչքըները դուս պրծել: Որի արաբումն խնոցի, օրորոց, աման-չաման, ամա բոլորը դարտակ. որն իր լակոտը քամակին ղազլով կամ փալասով կապած, չունքի շատի հաքին Էնքան շոր չի կա, որ երկու աբասով առնես, Էն էլ կեղտով, ծխով սևացած, մուր դառած: Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր, հազար տարվան, ժանգոտած, բորբոսնած, քարացած ճաթ (այսինքն` կորեկի հաց), որը քթոցով յա քաղալագով` հավ, ճիվ, ձագ, թուխսը, ձագեր, ճուտեր, չալ-չալ վառկըներ մեջն արած:

Հիմիկ ով մարդ ա, չծիծաղի, բարաքյալլա կասեմ, չունքի էս լավ, հնազանդ անասունքն ու թռչունքը իրանց տիրոջ տվածը կամելով էլ ետ տալ, հեսաբը դրստիլ՝ գոգ ասես թե ջեբ, խուրջին, սուփրա, աման, մարթաբա, միրուք, երես էլ չէին խնայում, չունքի տերերի շատը շոգի ձեռիցը անոշ-անոշ քնած ա սելումը ու երազ ա տեսնում:

էսպես՝ մեկի ձեռին ղամշի, մյուսի՝ դագանակ. մեկի ուսին մանգաղ կամ երկար ձողի` չադրի համար, մեկի գդակի արանքումն ղազիլ ու մախաթ կամ թալսման կարած, սուրբ մոլլի բաշխած. որը մեկ ֆորթի թոկ, որը մեկ շան բհիր, որը մեկ ձիու նոխտա, որը ձիու կամ իշի փալանը, քամակին դրած, շատ տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, խոռը վեր ածելով, բաշը ցրվելով, տնքալով, ճրրալով, ննջելով, բուղուրմիշ ըլելով, բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի զլելով, մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ. որը վնգվնգում էր, որը տրլնգում, որը բղղում, որը խրխնջում, անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան, հենց էշը զռաց, շունը մռռաց, փառք հավիտյանս ամեն, մոլլա Մասրադնի առակը տեղն էկավ, մեր ուխտավորքն էլ վեր էկան, որ ոտ ու ձեռք լվանան, հետո մտնին Երևան, չունքի էսօր նրանց Մհառլամն էր:

— Ալլա՜-հո՜ւ, բս՜-մլլա՜հ... ըլ ռա՜հ-մա՜ն... ըլ ռա՜-հի՜մ... չախսե՛-վախսե՛ ... Հասա՜ն, Հո՜ւ... սեյն, աղա՜մ... վա՜... Յա՛ Ալի՜... չախսե՛-վախսե՛ ...

— Հերի՛ք ա, հերի՛ք, նամազ հո չի՛ պիտի անենք, — ինձ ասող կըլի: Ո՞վ ա ասում, թե նամազ անենք, միտքս Էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը:

Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես. Էս ձենը — ձորը Էնտեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն Էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք կառնին, մեզ էլ եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, Էստուր համար էսօր որտեղ որ մեկ հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուգ ու շիվանն անց կենա, Հասան — Հուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ու ոտիդ-գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում: Ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա:

— Սվանղուլի խանը, յա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տերս, իմ աղեն, — մեկ երևանցի հայ ասում ա քեզ, — գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:

Ի՞նչ անես, մարդի փիրն աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդեսը տեսնինք, թե չէ ժամանակն անց կկենա: Աչքդ սառչի ո՛չ. Սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են: էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում. դու ո՛չ մեռնիս.— սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մինը բողազը դուս ճոթռում, մյուսը միրուքն ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոոում, բղավում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պես գլուխը խփում: Ախր ընչի՞ ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հո չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տոհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել. մի քիչ ձենդ փորդ արա՛, հետո կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:

Վա՜յ քո տղիս — տղա, էս ի՞նչ բան ա. տո՛, մի մտիկ արա՛, տո՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացքար չի՛ կապած: էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքյա ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո քանի զորությունն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:

Մեկ հաստափոր թուրք մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո, աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի՛ տեսել, — մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսե՛-վախսե՛ ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած` կտմըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչև Մեքքա մեկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, Էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա գլուխը ետ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թՈզ ու դուման անում, աչքըները հող ածում:

— Չրխ՛կ, թրխ՛կ…

Մեր տղա, հեռու կանգնի՛ր, մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա, աչքդ հո ձենով չի՛ ընկել ա՜յ տնաշեն: Տո՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ի՞նչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ` ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թե կարաս, տեսնիմ, արին դուս կգա՞, թե՞ մեկ անկաջ էլ կավելանա:

Տո՛, էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դեն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց... Տո՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա: Տան դարդը թողանք, քանդվեց, է՛լ կշինեն. բանն էս ա, որ մեկ ուխտավոր էլ մեկ հորից ա իր սև օրը լաց ըլում: Անջախ մի անջախ խալխը ետ քաշվեցին. հավատը սուրբ ա, աղոթքը` զորավոր, ո՛վ չհավատա, նա մնա պարտավոր, էլի մեր աղոթքի պարկը տեղիցը վեր կացավ թե չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով` չուլ ու փալասը հավաքում, քափ ու քրտինք՝ երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մեկ կողմը, չալմեն մյուսը ցխակոլոլ ընկած, տլոտ քոշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով՝ իր կոտրած ձողին էլ ետ պաչում, սրբում ու էն հալին էլ ետ ճամփա ընկնում:

Քո տունը չքանդվի, էս ի՞նչ անսիրտ մարդիկ են, տո՛. գլուխ առնի՛նք, կորչի՛նք: Տո՛, մեկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել, փառք են տալիս աստուծո, որ իրանց կարդացողը էս փաոքին հասավ, էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի: Խաչը տերը զորավոր կանի, բան չի՛ կա. մոտանաս ո՛չ, թե չէ մեծ թիքեդ անկաջդ կմնա: Իր հավատին պինդ մարդը գլխին քար էլ աղա, հենց կիմանա, թե դափ ու զուոնա ես ածում: Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշի՛ր. Վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը՝ բարակ:

Տո՛, ճանճերն էլ են էսօր գժվել, կատաղել, էսպես հրա՞շք կըլի: Շները հո, էլ ճամփա չեն տալիս, ընչի՞. — ո՛սկոր կա, ոսկո՛ր, խա՛նի խարաբ: Ճզվզոցն ընկել ա դուքան, բազար: Խորովածի, խաշլամի, փլավի, սանգակի (հաց) հոտը աշխարհ ա բռնել: Հլա մեկ մտիկ արա՛, քո աստվածը կսիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մեկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մեկ թիքա ջիլ միս, կիսաեփ, էնպես ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը՝ միրքին. փորը նեքսևիցն ա ձեն տալիս, ղլվլացնում, բողազը մեկ կողմիցն ա իր գլուխը լալիս, բաց ու խուփ ըլում, աչքերումը հո, էլ լիս չի՛ մնաց, ամա նա հենց զոո ա անում ու թիքեն դարիվեր բոթում: Աստված բարի ճանապարհ տա՛ թե կերթա նեքսև. ես գիտեմ, թե ո՛ր էշը նախրումը կզռա: Տո՛, զռաց էլ, պրծավ էլ: Մհառլամ-բայրամը կերան, գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք: Ձիուդ ղամշի՛ր, ղո՛ջա բաբա, ալլա՛հ սախլասն: Տո՛, նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռռալ, գնա՛նք:

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս են ուտում, պետք է մոտիկ տների կամ մոլլեքանց օթախների կտրներիցը, խալխի հետ խառնվիլ ու հեռըվանց թամաշ անել: Լավ սիրտ պետք է, որ դիմանա, լավ աչք, որ տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղոթարանի առաջին մեծ բազմություն կա թոփ էլած. թե՛ նրանք, թե՛ մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս, թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած՝ է՛նպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում: Նրա առաջին մեկ քանի ջահել աղջըկերք` մազըները ցրված, խճճած, կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած, մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուգ են անում: Մեկ քանի ջահել տղա էլ աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուգն են ետ ասում: Մեկ քանի ձիավոր էլ` թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա, թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել: Օրինակի խաթեր, մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՞նչպես են մեր համշարիքն իրանց սուգն ասում:

ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈԻԳԸ


Առաջին բոթաբեր


Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:
էլ ի՞նչ եք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ.
Ճար ունիք՝ տեսե՛ք, ի՞նչ եք շվարած,
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ:
Էզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին.
Զորքն Էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է, տալիս մեզ չար հարամին:
Մեր քաջ արաբի ագգի էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանգն ընկավ:
երկրորդ գուժկան
Հարա՜յ, մադա՜թ, վա՜յ թուր խփի սրտիս.
Ամա՜ն, Ֆաթմա ջան, քո գլխիդ ղուրբան.
Հասան, Հուսեյն վա՜յ, վա՜յ իմ արևիս,
Հասան, Հուսեյն վա՜յ... վա՜յ... վա՜յ, վա՜յ, ա՜խ, ջան:
Աչքըս դուս գա, վա՜յ... խանում ջան, վա՜յ...
Երեսիդ մեռնիմ, օ՜խ... ըմբրիդ ղուրբան, ա՜խ...
Երկի՛նք, քանդվիք, վա՜յ... մեր գլուխը տարան, վա՜յ...
Գլխիդ ճարը տե՛ս, ա՜խ... իմամին տարա՛ն,
աստված ջան...
Վա՜յ, ես քոռանամ, վա՜յ... վա՜յ, ջանս դուս
գա, վա՜յ...
Վա՜յ, օրս խավարի, վա՜յ... վա՜յ, գետին,
Պատռվի՛ր, վա՜յ…
Վա՜յ... ամա՜ն... մադա՜թ... հարա՜յ... ջան, ղուրբան...
Մերն ու դստերքը
Մերը
Ա՜խ, ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ եք պատմում,
Կրակ եք բերել, որ օջախս էրեք.
Լռվի էդ լեզուն, չորանա բերնումն.
Տունըս քանդեցին, ջիվա՛ն երեխեք:
Հոդ ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ, իմ անցկացրած, իմ սև օրերիս.
Վա՜յ, ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ,
Ո՞ւմ դռանը մնամ, ո՞ւմ ձեռին նայիմ.
Յարադանդ խռով, իմ բա՛խտ անիրավ.
Ոտս ընչի՛ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում.
Ա՛խ, իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ,
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն:
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան, վա՜յ...
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ, ամա՜ն...
Արդար պատկերիդ, ա՜խ, ես մեռնիմ, ջան…
Ջանս քեզ ղուրբան, աղա ջան...
Երեսս ոտիդ տակ փիանդազ, մադա՜թ...
Եթմներիդ գլխովն պտիտ կտամ, աղա՛ ջան...
Հասան, Հուսեյն՝ իմ սա՛ր, իմ գլուխ, ա՜խ...
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ, ջա՛նմ ջան, վա՜յ...
Ախր էս ի՞նչ բերիր Էսօր մեր գլխին, ա՛զիզ ջա՜ն...
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թա՛ռլան ջան...
Ի՞նչ կըլեր, մեկ ձենդ էլա լսեի, ա՜խ...
Ի՞նչ կըլեր, մեկ երեսս երեսիդ դնեի,
ա՜յ իմ օրս խավարի:
Ի՞նչ կըլեր, հոգիս ոտիդ տակին՝
Քո հոտն աոնեի, շունչս փչեի:
Ա՜յ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագավոր, աստուծո՛ սիրելի.
Մեկ թևդ երկնքումն, մեկ թևդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում:
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր ջամհաթ, օլքյա ձեռիդ տակը բերիր.
Ոտդ փոխելիս՝ դող էին ընկնում
Սարերն ու իրանց գլուխն քեզ ցածացնում:
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձենն առան,
Իրանց ոտովն, ա՜խ, քո դուռը էկան:
Աչքդ քցելիս՝ ամպերն Էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում.
Ոտդ թափ տալիս՝ գետինն իր տակին
Լերդը պատռում էր, սասանած մնում:
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց,
Երկինքն քեզ համար ծոցը բաց արեց,
Ամպերով տարավ ու մեզ որբ թողեց:
Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան:
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, Էդ ձեռիդ ղուրբան:
Քյաբ ու Մեքեն մեր գլխները ծեծում,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուգն են անում,
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են,
Անունդ հիշելիս՝ մաշվում, տոչորվում:
Քո եթմների պետք է ձեռը բռնած՝
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտեր մնացինք՝ սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ:
Իմ տե՛ր, թագավոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ.
Ամենն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սև օրը, ա՜խ, միշտ լաց ըլի:
Թե թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սոսնց կաթ կտա, ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին:

Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
Շատ սգալուցը ջիգյարս խորովվեց.
Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ մեկ երեսդ տեսնեի,
Հետո հազար թուր սիրտըս խրեի:
Ընկե՛ք իմ գլխիս, սարեր ու ձորեր,
Ինձ տակով արե՛ք, կերե՛ք, մաշեցե՛ք.
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր:
Ջա՛ն, դո՛ւս արի, ջա՛ն, դժոխք, ինձ կերե՛ք;
Անհեր իմ եթիմ դստե՛րք, խղճալի,
Ձեզ ո՞վ էլ դոշին, գոգումն կդնի,
Ա՜խ, ո՞վ էլ սիրով, ձեր խաթրն առնելով.
Ձեր դարդը կքաշի՝ ղուրբան ասելով:
Ո՞ւր ա Էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում.
Ո՞ւր, ա՜խ, էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում:
Ձեր ծովն հավիտյան ցամաքեցավ, վա՜յ...
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առավ, վա՜յ...
Ո՞ւր ա ձեր հերը, ո՞ւր էլ նրան ման գամ:
Սիրտս յարալու, կրակ է ընկել,
Ո՞ւր ա ձեր տերը, քա՛ղցր բալեք ջան.
Թախտը փուլ էկավ, ո՞ւր կտեսնիք էլ,
Որ քաղցր լեզվով ձեզ մեկ բարով տան:
Հուսեյն աղամ ջա՛ն, ջանս քեզ ղուրբան.
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր.
Ո՞վ մեզ ճար կանի, գլխովդ տամ ման,
Ո՞ւմ դուռը գնանք, մեզ էլ տանեի՜ր...
Ադջկերք (դստերք)
Աթա՛մ, անա՛մ, վա՜յ... բաբա՛մ, ջա՛նմ, վա՜յ...
Հերներս ո՞ւր ա, վա՜յ... նա ե՞րբ կգա, վա՜յ...
Ո՞ւր է գնացել, վա՜յ... էլ ետ չի՛ զալ, վա՜յ...
Աթա՛մ, ջա՛նմ, վա՜յ... նանա՛մ, գյո՛զմ, վա՜յ...
Ա՜խ, լաց մի՛ ըլիլ, վա՜յ... Աչքիդ մեռնիմ, վա՜յ...
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր, վա՜յ...
Րիգունը կգա, օրը կբացվի,
Մեր դուռն բաց անող, ա՜խ, էլ ո՞վ կըլի,
Մեզ բարով տվող, ա՜խ, էլ ո՞վ կըլի:
Բաբա՛ ջան, վա՜յ... աղա՛ ջան, վա՜յ, վա՜յ...
Անա՛ ջան, վա՜յ... գյո՛զմ, ջա՛նմ վա՜յ...
Մեր ադեն, խալիֆեն էլ չի՜ գա՜լ...
Մեզ բարով, ա՜խ, սիրով էլ չի՜ տա՜լ...
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ...
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ...
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասեց...
Ախր ի՞նչ արինք, որ մեզ դեն քցեց:
Մեր աչքը հանեիր, ախր ի՞նչ կըլեր,
Մեզ սաղ մորթեիր, քեզ ո՞վ բան կասեր.
Ղրղի ու ագռավ թո՛ղ մեր միսն ուտեր.
Մեզ սուր քաշեին, մեզ կրակ քցեին:
Ախր ի՞նչ կըլեր, դու Էն չար մարդին
Մեզ տայիր, որ, ա՜խ, տարավ մեր աղին.
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ,
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ,
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցավիլ,
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ,
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ:
Որդիքը, աղջկերքը ի միասին
Ախր ի՞նչ արինք նրան, որ Էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն, որ մեզ թողեց.
Էլի որ վազինք, ետևիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փեշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք՝ կմեռնինք, թե տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի՛, էլ տուն մի՛ ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի ,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք:
Բաս նրա սիրտը, ա՜խ, գութ չի՞ ընկնիլ.
Բաս մեր սուգն ու լացն նրան քյա՞ր չանիլ:
Կասենք՝ հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռավ, բաս դու ցավում չե՞ս.
Բաս ետ չի՞ դառնալ, սիրտը չի՞ ցավիլ,
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշի՞լ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնի՞լ, դոշին կպցնի՞»լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրի՞լ, ասի՞լ.
«Գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ, քո չարը տանիմ.
Աղեն նոքարդ ա, քեզ ղուրբան ըլիմ,
Սիրտը քեզ կուտա, անումիդ ղուրբան.
Դուք որ լաց եք ըլում, ձեզ մատա՛ղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլի»:
Բաս մեզ աղեն էլ չի՞ գալ... վա՜յ...
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ... վա՜յ...
Բաս ձեն տալիս՝ ջա՞ն չասիլ... վա՜յ...
Մեռնում ըլինք, լաց չի՞ ըլիլ... վա՜յ...
Սոված ըլինք, դա՞րդ չանիլ... վա՜յ...
Անումը տանք, տուն չի՞ գալ... վա՜յ...
Հետը վազինք, ետ չի՞ գալ... ա՜խ...
Բաս մեր աղեն ո՞վ կրլի... ա՜խ...
Բաս մեր տունը ո՞վ կպահի... ա՜խ...
Ո՞վ մեր դարդին դարման կըլի… ա՜խ...
Մեր հավարին ո՞վ կհասնի... ա՜խ...
Մեզ որ տանին, ո՞վ կփրկի... վա՜յ...
Չէ՛, մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կգա...
Նրա ջիգյարն ազիզ ա,
Նրա սիրտը մեզ վրա ա:
Նա մեզ աչքից ավելի
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,
Մի՛ դարդ անիր, ջան ա՛նա.
Քո ցավը տանինք, ա՜խ, ա՛նա,
Մեզ մի՛ սպանիր, մատաղ գնամ.
Մեզ տա՛ր, թաղի՛ր, քեզ ղուրբան,
Ա՜խ, անա ջան, շա՛նմ ջան:
Մենք ո՞ւր կորչինք, ա՛զիզ ջան,
Ո՞ւմ ասենք՝ լաց մի՛ ըլիլ.
Քեզ ղուրբան, հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք:
Ձենդ թո՛ղ չլսենք,
Լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չգտնինք:
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր.
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Հետո դու մեր կշտին,
Մեզ վրա լաց ըլի՛ր:
Անա՛ ջան, վա՜յ... հրես էկան, վա՜յ...
Մեզ կտանին, կսպանե՛ն... վա՜յ...

— Տարե՛ք, տարե՛ք, անա՛ ջան, բաբա՛ ջան, բա՛ջմ ջան, ղովո՛ւմ ջան... ալլա՜հ, ալլա՜հ... վա՜յ... ա՜խ... վա՜խ... մեռա՜... հասի՛ր, հասի՛ր… հարա՜յ... դա՜տ... բեդա՜տ... վա՜յ... վա՜յ... հը՜-հա՜, հը՜-հա՜. Հը՜-հը՜, հը՜-հը՜, հո՜... հը՜... հո՜ւ...

— Սասն քյա՛ս, վե՛ր ջանն, իմա՛մ ուշաղի, սանն նա՞ հադդն վար քի դհա ուզըն բիզդան դոնդարիսան, աղլիրսան, բաղրիրսան. Դո՛ւրն, դո՛ւրն, գեդա՜խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տո՛ւր, իմա՛մի որդի, քո ի՞նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձեն տալիս):

Հենց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ, ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հենց իմանայիր, թե նրանք զու են բռնել, որ գան Երևան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս՝ սուր գդակների ծերերը բռանց էին երևում: էնպես գիտես, թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս՝ ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում: էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հենց ձիանը բաց էին թողել ու իրար ետևից դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թե ի՞նչպես են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը: Ամենն էլ ուզում էին իմանալ, թե էս զարմանալի ճամփորդները ո՞վ պետք է ըլեին: Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հենց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել:

Կես սհաթ չքաշեց, Գյոռխանեքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ Էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից Էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ-լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի սարդարի, խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպես ետ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, հետո, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրեք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս: Ցավն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանեին:

Քյահլան ձիանոնց վրա նստած մեր փառահեղ հոգևորականքը` փոքրավոր, տիրացու, թվանքչի ետևներին քցած, մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները` որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս իսկույն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տերտերներն էլ, որ տիրացըվերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք-փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամեն անց կենող մեկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանգով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում, որը դունչը ծռում, ձեն տալիս.

— Քեշիշ, բելա ի՞շ (տերտերն ու էսպես գո՞րծ):
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:03, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:43

Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հո, աստվա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած՝ էնպես մեկ խորթ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: էս էր, որ հենց էսօր էլ Երևանումը, շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել տե՛ս թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր: Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի:

Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին, գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր-ծանր խաչակնքեց ու հետո, առոք-փառոք, շարական ասելով, երեսները դեպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությունը կա, որ նվիրակին յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած, բեզարած, էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծո, որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով` մեկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ա անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մեկ քանի աղքատ-ուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր` աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դոշներին, առաջին կանգնած` իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում: Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս` իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր, թե նրանց հոգին սրանց ձեռին ա:

— Հլա գալուստդ շնհավոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստված ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա. աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի, — սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով` բերանը բաց անիլ: — Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնջ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի ա, թե ոտից-ձեռից ընկել ա: Աստված նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կա, աստված մեր ռզղը միշտ կհասցնի: Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնջ կյանքը երկար անի: Ինչ ունինք՝ ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր ուղուրին կծախենք, թա՛ք ըլի՝ ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի:

Օրհնյալ լինիք, աստված ձեր հավատն օրհնի, աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի, — պատասխանեց եպիսկոպոսը, — դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներն եք, հալբաթ որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը՝ կթենք, ձեր բուրդը՝ խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա, էն սև քարը, ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք: Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք: Վաճառականություն ասես թե ռաչպարություն, ջուլհակություն թե բաղմանչություն, դուք էլ գիտեք, որ մեր ձեոիցը չի՛ գալ: Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս, օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամեջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կտաք՝ աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը աստված կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք:

— Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի, — էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն տվեց ու փափախը դզեց: — Մենք էլ լավ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողությունն ու շարականը, հայի մեռոնն ու Հավատամքը մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո, վա՜յ քո օրին, արևին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս: Ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում: Չի՞լում, որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հո օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես, որ մեկ պստիկ ասեղ էլ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին, ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխի՞ցը չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել, թե աստված պետականը որ մեր սուրը Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառա եմ նրա սուրբ զորությունին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությունը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ, երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին՝ թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել: Տերտերն «երն» էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում, նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մեկ ջուղաբ տո՛ւր, է՜, ա՛ջիդ ղուրբան գնամ, ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք` սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչ հանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք՝ մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ: Ասում ա` մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մեկ հայ, տեղն ընկած վախտը, լավ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հենց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մեկ բան ըլելիս յա ղոնշուն դուս գնալիս` մեր մի հայը մեկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը ա՛ստված օրհնի: Ամա ի՞նչ անենք, մեզ հրաման չկա թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ հայ քրիստոնեն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնէի թուրը աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը՝ դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում՝ չըլի «ն» լեզուն քրքրվի ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում, աշխարքն Էսպես ա, ի՞նչ կարաս անիլ: Տու՛ր Էն աջը, որ բռնի Էն խաչը: Աղոթքն իր տեղը, թուրն` իրը: Աստված ղշին, հայվանին էլ յա՛ չանգ ա տվել, յա՛ պոզ, յա՛ ատամ, որ չանգռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի: Ես մեղա աստծու: Սիրտս էրվում ա, Էնդուր համար եմ ասում, թե չէ` ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՛խ քաշելով` հողը մտել, ես էլ նրանց մեկը. թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողություն արա՛, ծառա եմ սուրբ աջիդ, գիտում եմ, որ դուք էլ կցավիք, Էնդուր համար եմ ասում, թե չէ՝ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվիմ. մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:

— Լա՛վ ես հրամայում, լա՛վ, ա՛ղա Պետրոս, — պատասխանեց սրբազանը, — ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք և ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի: Քրիստոս Տերն մեր, սի՛րելիք (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի արարիչը, եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր: Ամա չէ՛, Ադամա մեղքը մնացել էր մեր վրա. մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք, սուրբ ավազանի՝ որդիքը. էդպես մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետևիցը ման ա գալիս: Ինքն՝ Տերն մեր, էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինը առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:

Ավետարանն ինքն ա ասում, «Որ ո՛չ առնու զխաչ և ո՛չ եկեսցէ, զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի եւ թէ՝ յարիցեն ագգ յազգի վերայ և թագավորութին ի թագավորութեան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է: Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին» և այլն: Տեսե՛ք, սի՛րելիք, էս էլ ավետարանի խոսքը. ինչ գրվածն ա, պտի կատարենք: Առաքյալք, մարգարեք, մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծո աջակողմյան դասումը նստած՝ իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք: էդ ո՞ր գիժը կանի: «Փառք աշխարհիս, իբրև զծաղիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւն ցամաքի»: Մեզ պես մեղավոր, անարժան մարդիկը պետք է աստծուն ընդիմանա՞նք: էդպես սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենա, ո՞ւր մնա՝ բերան բերեք յա լեզվով էլ ասեք: Ինչ աստուծո կամքն ա, էն պտի ըլի: Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «Հնազանդ լերուք թագավորաց, զի՛յ Աստուծոյ են կարգեալ»: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա, որ ասենք, ձերը՝ որ լսեք: Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:

Բաս թե իմանաք` մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք: Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս՝ մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրա. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հո, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են մեր գլխին թոփ ըլում: Քչիցը — քչիցը, ամեն մեկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետևիցն ընկած՝ տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած՝ գալիս են, մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը, շոգում, անձրևում, թոզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրեք — չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանությունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ. տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պետք է զառ ճոթից, ղումաշից, Խասից փիանդազ քցած, որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպես՝ գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցեր, Ղազարապատ` էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում: Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ: Խոզերին հո, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում, ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով` իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր յախիցը կպչում:

Էսպես` մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար, սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոո տալիս, որը գլխին, որ էս անիրավի սիրտը շահի: Գինի խմիլն էլ հո, նո՛ր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս: Աստված ո՛չ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշըներիս սաղ գիշերը նրանց առաջին յա պետք է չոքինք, յա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի: Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, յարալու ըլում: էսպես՝ ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում:

Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն: Պտի համբերենք, համբերությունը կյանք ա: Կարելի ա, որ մեկ օր աստուծո ողորմության դուռը բացվի, յա Էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու աստուծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ՝ մեկ ճար կըլի մեզ: Քրիստոնեն սրով չի՛ պետք է իր բանը յոլա տանի, նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: էսպես արեց մեր էն էշ գեղըցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու նրա հալևոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը քոթկումը չորանում, մաշվում են, ու աստված գիտի, թե վերջըները, ի՞նչ կըլի: Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կըտրում ու իր թշվառ օրը Էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց-գիլերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տաղ անի: ՉԷ՛, չէ՛ սի՛րելիք. քանի կարանք, մեր գլուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք, «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք, կասեն՝ նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք, մինչև, տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ռսներն էկել, Ապարան են հասել, ո՞վ ա խաբար. բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, աստոծո բանն անքննելի ա: Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի, էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկավոր չի՛: Ցիցիանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք. վերջըներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին: Իրիկնաժամի զանգակը տվին, գնա՛ նք ժամ, աղոթք անե՛նք, հլա շատ կխոսանք: Ա՛յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիկս դի՛ր, ժամիցը ետը գիշերն՝ երկար, մենք` պարապ, էնքան խոսանք, որ քուններդ տանի:

Աստված բարի ճամփա տա՛, հա՛յր սուրբ, էդ բերանդ լիս դառնա. Է՛դպես պետք է քարոզել խալխին: Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի, անապա՛տը պետք է գնացած, անապա՛տը, որ աստված երկնքիցն ուրախանա, երկիրս քիչ-քիչ քանդվի, սատանեն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Ազգն ի՞նչ ա, աշխարքն` ի՞նչ: Բոլոր սուտ բան ա: Ամեն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի: Քանի կարաս՝ օր առաջ թադարեքդ տե՛ս, որ ետ չընկնիս:

Տիրացուն իսկույն վեղարը տվեց, ֆարաջեն հաքցրեց, վարդապետը մաշիկը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու աբա ուսըներին քաշելով, գդակները դզելով ետ կանգնեցին, ու սրբազանը դուս էկավ: Նրանք էլ ետևիցը մեկ-մեկ ճամփա ընկան, քոշըները հաքան, որ դռանը թողել էին. մեկ սարկավագ փիլոնը վերցրեց, մեկ վարդապետ գավազանը, ու դռանը ձեռը տվեց, տերտերները հո, փիլոնները ուսըներին, դռանը Էնքան կանգնել, վրվրթացել դողացել էին, որ դատաստանի օրն էլ Էն մահվան քրտինքը չեն տեսնիլ: Եպիսկոպոսը դուս Էկավ թե չէ, երկու կարգ դառան, փիլոնները քցեցին ու եպիսկոպոսին հանդիսով, տիրացու, սարկավագ, վարդապետ, իշխան, թվանքչի քամակիցն ընկած` տարան ժամը: Ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ մեկ խալիչա ծալած, ձեռին բռնած՝ հենց եպիսկոպոսը ժամը մտավ, սեղանի առաջը հասավ, մեկ քանի խաչ հանեց երեսին, մեկ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, ետ կանգնեցավ. եպիսկոպոսը մեկ քանի խոսք իր մտքումն ասեց, սուրբ սեղանին գլուխ, երկրպագություն տվեց ու փառահեղ կերպով գնաց, ձախու դասումը, իր աթոռումը բազմեց, ժամն օրհնեց, Հայր մերն ասեց, ժամը կանգնեց:

ժամը դեռ կես չէ՛ր էլել` հարայ-հրոցն աշխարքս բռնեց. սար ու ձոր իրարոցով ընկան: Թուրք, սարվազ, արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց: էլ մեծի, պստկի չի՛ մտիկ արին, ով ոտումը հարաքաթ ուներ ու ջանումը` ղվաթ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ, ով` չէ, տեղնուտեղը մնաց քարացած, սառած: Գլուխ ասես, որ պատռվում էր, ատամ ասես, որ ջարդվում էր: Անիրավ արախլուն ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարդի. թվանքի ոռթով ամեն մեկին մեկ պատի կպցրին, վրա թռան, եկեղեցու ինչ զարդ, զինզինաթ, խաչ, ավետարան կար, դես ու դեն դաղթմիշ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ էրծաթի նշան էր երևում, բոլոր քանդում, ջախըբուրդ էին անում, վերցնում, ոտի տակ տալիս: Մեկ քանիսն էլ եկեղեցու դուռն ու շեմը բռնեցին, որ դուս գնացողին ձեռք քցեն, թալանեն: Էսպես՝ ում վրա մեկ նոր շոր էլ որ տեսան, հանեցին, զավթեցին: Ինչ կնանոնց հալն էր, աստված ո՛չ շհանց տա. երեսի ոսկի ասես, ձեոի մատանիք, դոշի շարք ու քորոց, զառ մինթանա (լեհին), դիբա արխալուղ, սամուր քուրք, ինչ կար չկար. բռնցքելով, ոտի տակ տալով էին հաքըներիցը հանում: Ծերունի եպիսկոպոսը մեջ ընկավ, որ մեկ քոմակ անի, բռնեցին, կռները կապեցին. Տերտեր «ներ»ն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին, ու ով կար չկար, ոչխարի պես թրի առաջն արած դուս քշեցին, հետ ածեցին:

Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար, հենց իմանաս, քյամանչի, սազի ձեն ըլեր: Եկեղեցուցը դուս Էկան թե չէ՛, աչքդ ո՛չ տեսնի էն օրը: Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան-Հուսեյնինն էլ. սար ու ձոր ոտն էր առել, փախչում էր, աչք առել, լալիս էր: Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը որ ասեղ քցեիր, գետինը չէ՛ր հասնիլ. էնքան արախլու, ղարափափախ, քուրդ, սարվազ էին լցվել, որ գետինը սևացել էր: Բերդի չորս կողմն է՛լ տեղ չկար, դուքան էր, որ թարաշ էին տալիս. տուն էր, որ թալանում, կրակ տալիս ու տանտիրոնջը չիփչիփլախ, իր ողորմելի օղլուշաղի ձեռը բռնած, դառ ու դարտակ դուս խռկում, թրի, թվանքի առաջն անում: Ով շուտով մեկ բան տեսել, թաղել էր, յա հացի, ալրի ջվալում մեկ բան թաքցրել, էն մնաց իրան: Քուչեքանց միջին երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձենը քարերը մղկտացնում էր, լացացնում: Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում. շատին երեսի վրա էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու ետևիցը սարաթմիշ անում, քարեքար տալիս: էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ Երևանի հալն էր:

Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թե ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա: Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորներով խլխլում էր: Մեկի տեղակ հազարն էին դուս թափել, որ գնան, խեղճ գեղցոնց էլ էս դառն ավետիքը տան: Ղուշը գլխըներովն անց կենալիս` վեր էին քցում, թեբռում, պլոկում, մարդ չէ՛ր կարում տեղիցը եռա: էսպես՝ որը ունևոր էր ու ջահել, շոր ու փալաս, բարգ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին, որը հալևոր էր ու աղքատ, օրվան հացի կարոտ` ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հենց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան մյուս գեղցոնց հետ խառնվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, ռուսը գալիս էր: Երանի՜ նրան, որ մեկ սել ձի, կով, եզը կամ մեկ էշ էլա ուներ: էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր յա չալթուկ հետըները վերցրին, որ անձրևի ու արևի տակին, սովի ձեոիցը չմեռնին: Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո, սկի լսված չի՛: Անիրավ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս, որ էստոնք էլա վերցնեն: Ինչ ուտելիք կար՝ ձուկն ասես, եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը, կամ ջարդում էին, դեն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետումիս անում, որ շուտով ճամփա ընկնին, քոչին: Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնկների վրա բաց կանգնած: Տանող-տանո՛ղի էր, քաշող-քաշողի, շունը տեր չէ՛ր ճանաչում, հերը որդուն ուրացել էր: էս սարսափելի ձևովն ընկան գեջդանգեջ ճամփա. օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլավ:

Շատ ողորմելի, երկու հոգիս մեր կինարմատ՝ շունչը բերնին դեմ առած, մեկ քոռփա ծծին ուներ բռնած, մեկը` քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած՝ հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա ու իր սև սհաթիցը պրծնի: Չէ՛ր գիտում` ի՞ր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձեն կտրի, որ սոված, ծարավ, շոգի ձեռիցը թուլացած, ոտները յարալու-փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մոր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց յա մեկ պուտ ջուր հասցնի: Շատ հեր՝ երեխեն ուսին յա շալակին, խալիչա, խուրջին քամակին, դեմը գնում, դեմը լալիս, հենց որ ուզում էր մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենա, վազի, որ ետ չմնա: Որի հերն էր մերձիմահ՝ տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պառկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն՝ օրորոցումը: Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղա, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ: Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան: Անբան, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրա, քանց բանական մարդիկը: Ա՜խ, ո՞վ կարա է՛ն ողբը, է՛ն կսկիծը, է՛ն սուգն ու արտասունքը պատմիլ ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում: Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք-գետինք մեկ փուլ էլ չէին գալիս, որ նրանց տակով անեն, մեկ չէին էլա ճաքում, սիրտըները բաց անում, որ նրանց կուլ տան, պրծացնեն:

Ինչ որ գեղցոնց հալն էր, աստված հեռու տանի: Շատի տավարը հանդումը մնաց, մալը՝ չոլումը, ոչխարը՝ սարումը: Ում ձեռը հասավ, էնքան արեց, արաբեն լծեց, երեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս-փուլուս էլ վրեն քցեց ու լալով, աղի արտասնքով ճամփա ընկավ: Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին աստուծո ապով: Որդին հորն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղըցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխա, բարգ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տիրություն անում, չունքի լավ-օսալ, էլի գրաստ, ուտելիք, տավար սրանք ունեին, նրանց ո՞վ կտար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց:

Շատ ողորմելի հերնըմեր, հենց ճամփին, մեկ սովամահ, ծծկեր երեխա` էրկու-իրեք օր ձեռըներին պահում, ուզում էին, որ մեկ էնպես տե՛ղ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք՝ էլի ետ գան, իրանց ջրատար մեռելի ոսկորները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփա ընկնում: Շատ հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ, անաստված ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր, կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում կամ` սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:05, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:44

Շատ հալևոր կամ ոտից-ձեռից ընկած պառավ, որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մեկ քարի տակի նստում էին, որ բալքի թե գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփա, բարով մնա ասում ու ձեռաց գնում, յա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողա, հենց խոսքը բերնըներումն էին թրախորով ըլում` ո՛չ որդու ձեն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում: Շատ որդի՝ իր հալևոր հորնըմոր, շատ փեսա՝ իր նշանածի կամ նորահարսի, շատ ախպեր իր քվոր, աներ-զոքանչի հալը տեսնելով, որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան` էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ յա իրանք էլ մեռնին, յա նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը շլընքներով շոռալով ծոր ընկավ, գետինը ժաժ էկավ, իրանց գլխըները աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, դժժաց: Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զոռը ցույց տալիս, իր սիրելու հետ տանում, պրծացնում: Բայց ա՛խ, իրանք, ղորդ ա, պրծնում էին, բաս իրանց քոռփա մանուկների, էրեխեքանց ցավն ու հոգսը ո՞վ պետք էր քաշեր, ո՞վ նրանց մեկ պուտ ջուր, մեկ կտոր հաց տար, սովից, մահից ազատեր: Վա՜յ նրանց օրին, յա անիրավ արախլուն էր նրանց զավթում, յա սովը իր ճանկը քցում:

Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները՝ արեգակը էրում, փոթոթում: Շատ մոր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր-կտոր անում, որ երգին գնա: Ո՞վ. երկինքը՝ աչքը բաց, հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը` բերանը փակ, անկաջ էր դնում. ում տալիս էին էնպես անմեղ քոռփին, դեն էր քցում, մեկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում: Վա՜յ նրան, որ կամ սելի ակն էր կոտրվում յա ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը ծարավի, շոգի ձեռիցը թուլանում, վեր ընկնում. կամ տիրոնջն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխեք միջումը վեր ընկած յա քնած թողում ու տիրոնջը թրածեծ անելով առաջ քշում, հետ ածում. Շատը, զորդ ա, վազում, գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա:

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ, սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում: Երանի՜ նրան, որ էսպես բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կտեսնի, կլսի, բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել: Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արնով ներկած չըլի: Դո՛ւ էլ սրանց հետ գնացիր, սի՛րելի եղբայր իմ Մոսի, իմ գառնուկ ախպեր: Ա՜խ, հենց մանուկ երեսիդ էի կարոտ, էն էլ չտեսա: Մորս ծոցին, իրեք տարեկան, սովը քեզ տարավ, էդ լիս երեսիդ ղուրբան: Գերեզմանդ ի՞նչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի ցեղ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ:

Ա՜խ, սի՛րելի հայ, էս բաները լսելիս, ինչ ունիս-չունիս տո՛ւր, որ քո ազգը քիչ-քիչ մեկ լավ օր քաշի: Սրանք են, որ դռնեդուռ ման են գալիս, ողորմություն խնդրում, որ գնան, իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ մյուսներին պահեն: Որդուդ նայի՛ր, աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են: Ա՜խ, քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր: Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված, սոված, ծարավ` քե՛զ են ապավինել: Մի՛ ասիր, թե թամբալ են, բանից փախչում են, սրանց ամեն մեկի սրտումը հազար թուր կա ցցված:

Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տավարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպես ժամանակին: Մեկ արտ ռաստ գալիս կամ մեկ խարաբա գեղ տեսնելիս՝ հենց իմանում էին, թե դրախտն են գնում, չունքի լավօսալ, էլի մեկ բուռը ցորեն յա մեկ պտղունց գարի ճարում էին ու հենց էնպես բովում, աղանձում, հատիկ անում, աղը հո ղհաթ էր: Էսպես էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը. չունքի ղզլբաշն իմացել էր, կամ ինքն էր ուզում ռսի հետ կռիվ բաց անի, ուզում էր, որ թե երկիրն առնեն, խալխն էլա չի՛ կորցնի, որ տանին Թեհրան, իրանց ծաոա շինեն՝ յա թուրքացնեն, յա հողի հետ հավասար անեն:

Ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի:

Էսպես տասը-տասնըհինգ օր քաշեց, որ Երևանու էլլիգը կեսվեկես էլած, ծեծված, ջարդված, կոտորված՝ որը քրդի, որը ղարափափախի ձեռը եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտավ, կեսն էլ Մասսա սարի էն կողմն անցկացավ, Բայազիդ գնաց, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, աստված ո՛չ գիտե: էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան: Առաջին եպիսկոպոսքը` Եփրեմ, Բարսեղ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը ու այլք, վանքի զարդն առան, էկան բերդը: Հինգ-վեց օր էլ է՛ս քաշեց, ընչանք թուրքի մհասիլը նրանց կցրվեր: Գրքատուն, ամբար՝ որը դարտակեցին, որը փակեցին: էրկու «հարյուր» ջանիցը հինգն էլա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն, էն էլ ծերացած, ոտից-ձեռից ընկած հաբեղա, վարդապետ էին, որ լավ համարեցին իրանց չոր գլուխը է՛նտեղ վեր դնեն, ուրտեղ որ էնքան տարի ծառայություն էին արել, քանց աշխարքե աշխարք ընկնին կամ ճամփին մեռնին:

Բազի խեղճ մարդ էլ է՛սքան հեռու տեղիցն ու է՛նքան վտանգավոր ճամփերով՝ գլուխը փեշն էր դնում, օղլուշաղն ուրշի յա աստծուն պահ տալիս, ետ դառնում, գալիս, որ համ իր բաղերին ու հանդին, համ իր հարևանների մլքին օրոն անի, ջրի, պահի, որ չի՛ չորանան: էս խեղճերն էլ ցերեկը փշերի տակին, քոլերի միջումն յա քարափներումն էին տափ կացած, ու գիշերը՝ մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթու կտրվելիս, մահվան դողով ու քրտնքով դուս էին գալիս, իրանց բաղերը, հանդերը ջրում, իրանք էստեղ հալվում, մաշվում ա՜խ ու վա՜խ քաշելով, իրանց ողորմելի օղլուշաղն՝ էն ղարիբ երկրներումը: Շատը հենց իմանալով, թե ոտը խաղաղվել ա, որ դուս չէին գալիս, իսկույն հարամին բկին չոքում, գլուխը կտրում, հոգին առնում էր: Գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ, ինչպես որ ասում են: Սար ու ձոր հարամով, գողով, ավազակով լցվել էին. ղուշը երկնքիցը վեր էին բերում: Օդը ապականվել էր ջամդաքի հոտով, ու հարամի ղշերը, որ աշխարքի տակիցն ասես, թռել, էստեղ էին հավաքվել, որ իրանց փորը կշտացնեն: Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ, քար չկար, որ արինաթաթախ չըլեր էլած: Երկինքը պելացել, մտիկ էր անում, որ տեսնի, թե ի՞նչքան չարություն մարդ կարա անիլ, որ էնըգյորա նրա պատիժը տա:

Էս ժամանակին էր, հունսի…ին 1825-ին, որ արինակեր Հասան խանը՝ սարդարի փոքր ախպերը, որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ ավերել, Ղարս ու Բայազիդ հինգ-վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումա սարասկյարին խղճացրել՝ աշխարհ ձեռին զվիրն էր բերել, ոտը բարձրացրեց, որ գնա, Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նաղի խանին, որ իր ղարափափախները ու մսկլուն վերցնի, գնա, Դազախու բերանը բռնի. Քրդերի գլխավոր Օքյուզ աղին էլ ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան, որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պես, ոուսի սահմանը անց կենա: Բերդերը բոլոր ղայիմացրին, Երևանումն ու Սարդարաբադումը, որքան հարկավոր էր, զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետըները վերցրին:

Ո՛վ էս սհաթը Երևան էր մտել, հենց կիմանար, թե ջրհեղեղը նոր ա էկել աշխարհս քանդել: Ապարան դառել էր մարդի ղասաբխանա: Օր չէ՛ր ըլում, որ սարից, չոլից մարդ չի՛ բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն: Ամեն գլուխ բերող նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել: Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէ՛ր կպցնում: Տեղիցը վեր կենալիս, նամազը պրծածին պես, առաջին գործն էն էր, որ ջրատար, մոլորած եսըրների, որ էստեղ-էնտեղ ճանկում, բերում էին, կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխիլ տա, որ արինը կտրվի, կամ նրանց սաղ-սաղ փառչալամիշ անի: Նաղի խանի ու Օքյուզի ղոչաղ ծառեքը հրաշք էին գործում:

Բոլոր Ղազախ-Բոռչալու դոնմիշ էր էլել, շատ էսիր սրանք էին բըռնում իրանց միջիցը ու ղզլբաշի ձեռը տալիս: Ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ հայերի տունն ու տեղը թալանում: Շատ անգամ էն մարդի, որի հետ որ աթադան, բաբադան, մուղարար, տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա, օրը ճաշին տունը կտրում, ունեցած չունեցածը վերցնում ու հետն էլ ասում, որ`

— Մենք տանինք լավ ա, քանց թշնամին, մենք ձեր դոստն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա, կտանի:

Է՛սքան բանն անց էր կացել, խորամանկ պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ո՛չինչ խաբար չկար: էսպես անօրենություն շա՜տ էր պատահում: Շատ տարի, Ղարսա կամ Բայազդու վրա, գնալիս, էս օրը հազիր էր: Ապարանը ամեն տարի էր դուս գալիս սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում, թե ռուսը քանց նրան էլ մեծ բարեկամ չունի: էս էր պատճաոը, որ Փամբկու իշխող մեծավոր իշխանն և զորապետն՝ Սավարզամիրզա, ո՛չինչ կասկած չէ՛ր տանում: Ղորդ ա, էստեղ-էնտեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը էսօր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ-Բոռչալուն: էսօր էլ են մարդ սպանում, թալնում, կոտորում, նրանց բան ու գործն է՛ս ա միշտ: էստուր համար զարմանք չի՛, որ ո՛չ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում, թե Երևանը քոչում էր. նրանք հավատացնում էին, թե սարդարը ուզում ա գնա Արզրումու վրա: Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել, որ ինչպես ուզում էին, էնպես էին շուռ տալիս: Բազի հայ էլ, որ Երևանիցը, իր բարեկամներիցը գիր էր ստանում ու գիտեր, թե բանի զորությունն ի՞նչ ա, ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ հայ կանչում: Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել, որ մեկ հայի չէին էլ թողում, որ շունչն էլա հանի:

էլի Փամբակու հայերը պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել: Համամլու, Պարնի գեղը, Գյումրի, որը բերդ ուներ, պատերը շինել, մեջն էին մտել. Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով՝ սելեր ու գութան իրար վրա էր դրել, սանգար կապել. — ունեցած-չունեցած էնտեղ «էին» ղայիմացրել, գեղարենքն էլ իրանց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին, հավաքել, տղամարդիկը գիշեր-ցերեկ ասպաբավորած՝ օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը տավարն ա, գիշեր-ցերեկ ղարավուլ էին քաշում, հանդն էլ բազմությունով էին գնում, ճամփեքը համարյա՛ թե փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խոսքին չէ՛ին մտիկ անում, մեկ թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում, չունքի յայլաղի ժամանակն էլ էր:

Թուրքերը լավ էին իմանում, թե էշը ո՞րտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին, որ իրանց գազանությունը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի, թե քիչ, թե շատ, էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազդի հայերը սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էսօր էլ իրանց սոպռության հետ էն քաջ տղամարդության հոգին էլ ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը է՛լ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէ՛ր վախացնում, թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան, ու մատը բարձրացնողի սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի` գլուխը թռցնում: էս էր պատճառը, որ թուրքերը էսօր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախենում ու գետի կատաղությունիցը, որքան քարափների բերնիցը, որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գյուլլեն, կամ մեկ լդրանի թուրը անցկենողի գլուխը սոխի պես էին թռցնում ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում:

Մենակ դսեղեցի Մեհրաբյան-Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին: Սարերի, ձորերի միջում մեծացած՝ գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկորները հաստացել: Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել. հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել. նրա գլուխը մեկ օր չէր ցավել: Կերածը մեղր ու կարագ էր, հագածը՝ շալ, կոխածը՝ ծաղիկ ու չիման, աղբրների վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչք բաց արել: Նրան ի՞նչ կդիմանար: Աժդհա՛, ու ո՛չ տղամարդ: Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես՝ թիկունքի լենությունը, դոշը՝ ապառաժի պես հաստ, ամեն մեկ ձեռը՝ մեկ սնի ղդար, ամեն մեկ ոտքը՝ մեղ կաղնու ճուղքը, շլինքը՝ մեկ ծառի քոքի հաստությունով, երեսը մազն էկել, կոխել, երկու թիզ ճակատի տակին սև-սև ունքերն է՛նպես էին բռնել ու նրա արծվի աչքերն ու քիթը կոխել, ինչպես կարկտախառ ամպը՝ գիշերվան աստղերը: Քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել, ինչպես մեկ ապառաժ քար՝ ջանջալի թփի միջումն: Ութ ախպեր ուներ, մեկը քանց մեկը աժդահա, ամեն մեկը հինգ-վեց որդի ունեին, շատի չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացել առաջներին խաղում, սարն էին գնում: Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը, առավոտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը մթանը՝ նրանց օճորքի տակին քնում, ու նրանց հարյուր տարեկան հեր Մեհրաբը դեռ երեկվան երեխի պես բեղերն օլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս` պար գալի, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպաբը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին՝ պարզիկա գիշերը որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին-հին բաներից, լազգուց, թուրքից հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ՝ թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած, որ անբան քարն էլ իմանա, թե ո՞վ ա իրան տակին թաղած:

Էն Հովակիմը, որ մեկ օր լեղանալիս մեջիցը հանկարծ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն էլ կամաց-կամաց ջրիցն ա դուս գալիս որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ: Լազգիքը սովորաբար մարդ չեն սպանիլ, սաղ-սաղ կբռնեն, որ տանին, ծախեն: Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժդհեն, որ կանգնին, ու ասում, որ տղամարդկությունն էն չի՛, որ տասնըհինգ մարդ մեկի վրա թափին, բռնեն. թե սիրտ ունին, իրանք մեկ կողմը կանգնին, ու ինքը մեն մենակ՝ մյուս, թե որ հաղթեն, թո՛ղ էն ժամանակը բռնեն, տանին: Լազգիքն էլ իրանը գլուխը էնքան ցած չհամարելով՝ համաձայնում են: Ասլան Հովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մեկ ա անում: էս ղզղուն վախտը էլ գյուլլի չի՛մտիկ անում, թուրը հանում ա, մեջըներն ընկնում. թշնամին երեսը ետ ա շուռ տալիս: Տասնըչորսին էստեղ-էնտեղ, որը թրով, որը փշտովով սպանում, աղցան ա անում: Վերջին տասնըհինգերորդն էլ որ էսրի պես չոքում, գլուխը դեմ չի անում քաջին, նա թևիցը բռնում, վեր ա կացնում ու ասում.

— Քեզ քո կյանքը կբաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան, թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն, թե Լոռու Դսեղ գեղումը էսպես, ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն: Ամա՛ հայ քրիստոնեին մեղք ա էսպես բանը, մեր օրենքը չի՛ հրամայում:

է՛ս Հովակիմը, է՛ս Լոոու ձորերի աստվածը, է՛ս սարերի արծիվը, է՛ս մեշեքանց ասլանը մենակ հերիք էր, որ մեկ քարի քամակից ձեն տալիս կամ մեկ չոլում ռաստ գալիս՝ հարյուր թուրքի լեղին ջուր կտրի, աչքերը սևանա: էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած ունքերի տակիցը որ աչքը չէ՛ր ընկնում մարդի երեսի, էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում, ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում աոաջին կանգնած: Քանի՜, քանի՜ էսպես ղոչաղ տղերք քամակին քցած, գիշեր-ցերեկ, էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում ու ձիավորի ոտի իզը բռնած՝ ձորեձոր ընկնում, ֆորսի քամակիցը հասնում ու տասը ձիավորով հարյուր ձիավորի մեջը ճղում, ջախըբուրդ անում ու էլի, թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս, մեկն էլա չէ՛ր սիրտ անում, որ աչքն էլա խեթի: Ինչպես ինքն էր մեծացել, էնպես էլ իր բոլոր ընկերքը, ամեն մեկ տան հինգ-վեց տղամարդ կար, զարթնե մեծն ու պստիկը, ու սարի չայիր-չիմանը, ծաղիկն, աղբյուրը, ձորի քարն ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կյանքը:

Տաք յորղան-դոշակում, բուխարու առաջի, շկոլում կամ եկեղեցում չէին մեծացել, որ նրանց սիրտ կամ ահ ունենա, կամ թուլություն: Շատ անգամ, անձրև, կարկուտ գալիս էլ, նրանք չոլումը կամ սարումը, քնած տեղը գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի: Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մեջտեղն էր, ուրտեղ որ երկու-իրեք ահագին ծառ իրար վրա քցած՝ առավոտից մինչև մութը էրվում ա, ու իրանք էլ դռները բաց, շատ անգամ շապկանց, գլխաբաց, կրակի չորս կողմը կըտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց էն ուտում ու իրանց ձորերի պատմությունն անում, ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած՝ անմեղ գառի պես բոլորեշուրջը վեր թափում, քնում: Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների, էրերի մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մոտ գա: Հազար գազ բարձր, սուր քարափների դոշին, որ մարդ մտիկ անելիս աչքը սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը օձի պես էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում: Տավար, ոչխար, իլխի՝ մեշեքն էին քշում, ու իրանք, թվանքները ուսըներին, սար ու ձոր ոտի տակ տալիս:

Ա՜խ, ի՞նչ տեղ են կենում, որ էսպես չանեն, էս սիրտը չունենան: Վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով, թույլ լեզվով լսել, թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ: Ամեն քար նրանց համար գիրք ա, ամեն ապառաժ` նրանց համար պատմություն, ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ: Ամեն գերեզման, ամեն արձան` նրանց համար կենդանի վկա ու պատմագիր: Լոռվա անառիկ բերդը, Սանահնա և Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները՝ նրանց համար վարժատուն: Իրանք, ղորդ ա, կարդալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված, թե էս է՛ն սուրբ հողերն են, է՛ն սուրբ դաշտերն են, ուր մեծն Շահն-շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ..., Զաքարե Սպասալար, Արղությանց-Երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու հրեղեն սերովբեի ու քերովբեի պես թուրը ձեռ առած` երկրումս Օմարի, հոնաց, Ջինգիզ խանի, Թամուրլանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին:

Նրանց ծնկները՝ սրանց գերեզմանի վրա չոքում, նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում. նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում. Նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում: Նրանց սերմը՝ սրանց հողիցն դուս գալիս, իրանց պահում: Նրանց տան հիմքը՝ սրանց գերեզմանի վրա շինած: Նրանց մեռելը՝ սրանց միջումը պառկած:

Քնից են վեր կենում, սրանց գերեզմանը տեսնում,
Թե՛ քուն են մտնում, սրանց երազում տեսնում,
Թե՛ օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թե՛ ճամփա գնում, նրանց աղոթքն հիշում,
Թե՛ կռիվ անում, նրանց հիշում, հաշտվում:
Ո՛վ սուրբ լերինք, ձորք, Հախպատ, Սանահին.
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին
Հազար արձաններ անմռունչ կանգնին,
Կենդանի լեզվով՝ խեղճ անցավորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին.
«Լա՛ց քո տարաբախտ արևդ ու օրերդ,
Լա՛ց քո խեղճ գլուխը, բա՛ց էդ ձեոներդ.
Տո՛ւր հոգիդ անտեր, ողորմելի հայ,
էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վա՜յ:
Կա՛ց, մեռի՛ր էստեղ, թո՛ղ քո ոսկերքն էլ
էս սուրբ հողումը կարենաս թաղել,
Որ մարմինդ էլա էս աշխարքումը,
Քո թագավորաց հետ ու միջումը
էստեղ դինջանա, չունքի քո աչքը
Կարոտ մնաց, տեսնի քո ազգի փառքը:
Նրանց սուրբ հողն էլա թո՛ղ երեսդ ծածկի
Նրանց կոխած թուփը քո գլխիդ ծաղկի»:
Թողե՛ք, սրբազան նախնիք մեր հզոր,
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մեկ օր.
Ա՜խ, շունչս քաշելիս կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանալիս
Ա՜խ ու ո՜խն ա լաց ամպի պես խառնվում,
Էրում, խորովում, օրս խավարացնում:
Ա՜խ, ի՞նչ օգուտ, որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում.
Ընչի՞ ձեր թևի տակին չծնեցի,
Ընչի՞ ձեր շունչը ես էլ չլսեցի,
Որ վեհ Շահն-շահն կամ Մեծն Սմբատ
Ինձ էլ ասեր, թե՝ «Որդի հարազատ,
Տե՛ս, է՛ս հողումը ես քեզ պահեցի,
Տե ս, է՛ս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգի՛դ, բա՛յց քո հայրենիք
Մի՛ տար թշնամյաց, ու անաշխարհիկ
Ընկնիլ սարեսար, լինիլ չարաչար,
Ծառա օտարաց կամ գերի անճար»:
Փակի՛ր երեսդ, աստվածասեր հա՛յ.
Վա՜յ մեր խեղճ օրին, մեր արևին վա՜յ.
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում, լալիս:
Էլ ի՞նչ ես կանգել ձեռդ ծոցումդ,
Մնացել շվարած՝ շունչդ բերնումդ:
Փախի՛ր, ա՜խ, գլուխդ ա՛ռ, կորի՛, որ պրծնիս,
Էս հեղեղին դու ի՞նչպես դեմ կընկնիս.
Ա՜խ, ի՞նչպես էսօր դու գլուխ բարձրացրիր,
Բարի՛ արեգակ, երեսդ հանեցիր.
Ա՜խ, ի՞նչպես սիրուն աչքդ չխփեցիր,
Ու էդպես հանդարտ էկար, կանգնեցիր,
Որ վկա լինիս անիրավ գործքի,
Որ լիս տաս խավար, անողորմ սրտի
Ու խեղճ հայերի արինն ու ջանը,
էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիվանը
Լսես, տեսնիս, գնաս էլ ետ քո բանը:
Անողո՛րմ երկինք, ի՞նչպես դուք թողիք.
Ո՞ւր ձեր ամպը, կայծակն էսօր պահեցիք.
Չարի սուրը տեսած՝ դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք, ձեր տակով չարիք:
Ապառա՛ժ գետին, անկո՛ւշտ հողի փոր,
Հենց անմե՞ղ արին կուզեիր էսօր.
Հենց անշո՛ւնչ մեռել ծոցդ կտանիս,
Ծնողաց սուգ, շիվան ո՛չինչ համարիս:
Աչքերդ կխփես, բերանդ կբանաս,
Թշվա՛ռ դու գազան, որ ո՛չ կշտանաս:
Ի՞նչ կըլեր էսօր մեկ գութ շարժեիր,
Անմեղի լացն, սուգն դու մեկ լսեիր,
Քո չար որդիքը հրով խրատեիր,
Բարի որդիքդ սիրով պահեիր,
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր,
Ու հազար անմեղ հոգի գառնի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես:
Ետ դա՛ռ, անցավոր, ա՜խ, ո՞ւր ես գնում,
Մի՞թե արյան ծովն առաջիդ չտեսնում.
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած,
Արինաշաղախ հողումը քցած՝
Մանուկն մոր սրտին, հարսը փեսային,
Որդին հոր դոշին, աղջիկն մոր ծծին,
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին,
Արյուն, արտասուք, մազ ու հող, երես՝
Իրար շաղախված, հնձած ծաղկի պես,
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել,
Քար ու դաշտ ու հող արնով լվացել,
Քեզ ձեն են տալիս, թե որ անց կենաս,
Խլղարաքիլսեն մտնես կամ դուս գաս,
Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛,
Աղլուխն ա՛ռ ձեռդ, սրբի՛ր ու մեկ լա՛.
Չոքի՛ր Էն հողի, է՛ն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լա՛ց, սուգ արա՛,
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թե մեկ ազգ իրան, որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան աչքից կըքցի:


— Տղե՛րք, օյաղ կացե ք, թվանքներդ հազրեցեք, երեխեք, օղլուշաղ բերե՛ք, մեր տունն ածեցե՛ք, — ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն աղա Սարգիսը, — փառք աստուծո, տունս հացով լիքն ա, գոմեշներս` կթի. ինչ ունիմ ձերն ա. ձեր տավարն էլ, որքան կարեք, գեղին մոտացրե՛ք. Սիրտըներդ պինդ պահեցե՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա: Մենք քրդերի ու օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանա: Երկինքն էլ որ թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չե՛ն կարող դիպչիլ: Մեր ոսկորները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դեմ կենան: Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ: Լավ նայեցե՛ք, որ սելերը ղայիմ ըլին: Մեկ դաստեդ գնա գեղի էն կողմը, մեկ` էս կողմը. թե կարաք, մեծ ու պստիկ խառը կանգնեցե՛ք, որ թշնամին հենց իմանա, թե մենք շատվոր ենք, ու սիրտ չի՛ անի, մոտանա: Ես իմ դաստովը ճամփի առաջը կկտրեմ. առաջի դուս էկողի ճակատը էս գյուլլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ:

Ղորդ ա, շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարգիսն երևաց, ծաոա եմ նրա սուրբ զորությունին, ու ինձ ասեց, որ մեր գլխի թադարեքը տեսնինք: Սուրբ Սարգսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը, որտեղ որ ա, կբացվի: Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք: Հայ չե՞նք, հայի արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա: էլ վախտ մե՛ք կորցնիլ. կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք: Վարդանա թոռները չե՞նք, Տրդատա արինը չի՞ մեր սրտումը, Տիգրանի շունչը չի՞ մեր բերնումը: Սար ըլեր` կհալչեր, էլի մենք՝ հայերս չե՞նք, որ ամեն տեղ անուն ունինք, մեր հավատը ամեն տեղ գոված ա. Մեռնի՛մ ձեր արևին, Էնպես մեկ քաջություն անենք Էսօր, որ աշխարհ ամենայն իմանա: Դե՛, էլե՛ք, Սմբա՛տ, Աշո՛տ, Տի՛գրան, էլե՛ք, ձեր խոքուն (հոգուն) ղուրբան, տեսնիմ, թե ի՞նչպես էսօր ձեր անունի լայաղ ձեր հունարը նշանց կտաք: էդպես անուն ունեցողը, սար ըլի առաջին, պտի վրովը թռչի. ծով ըլի, պտի ոտնակոխ տա, ո՞ւր մնա էս քյամալսզ, թուլ աջամը, որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք: Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի: Մեր ձեռը որ թուլանա, աստուծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, է՛նքան ա մեր հավատի զորությունը:

Տե՛րտեր ջան, վեր կա՛ց, ամենին էլ սրբություն տո՛ւր. դրա զորությունին ղուրբան. մեռնի՛նք, հոգու փրկություն ա, ապրի՛նք՝ մարմնի առողջություն: Խոստովանության վախտը չի՛. աստված ինքը գիտի, որ մեր սիրտն արդար ա: Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք ու էս ջիվան որդուս պահեցե՛ք: Հինգ որդի ունիմ, իրեք՝ ախպեր, վեց-օխտը՝ ախպոր զավակներ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել: Ամենից ավելի սրան եմ ուզել, սիրել: Ա՜խ, թե գիտենաք՝ սա ի՞նչ ցեղից ա:

Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք: Սա մեր քաջ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի արնիցն ա: Երեխա էր, որ հերնըմերը մեռան, ես սրան վեր առա, ինձ որդի շինեցի, ու ինձ որդուց ավելի համ տվեց: Ջուրը որ քցեի, կընկներ. կրակը քցեի, երեսը ետ չէ՛ր դարձնիլ: Տեսնո՞ւմ եք է՛ս լեն ճակատը, է՛ս պարթև բոյը, է՛ս արծվի աչքերը, է՛ս գեղեցիկ պատկերը. լսե՞լ եք սրա անուշ լեզուն: Եկեղեցին մտնելիս, հենց իմանաս, հրեշտակ ա մտնում մեր մեջը, դուս գալիս, հենց բռնես՝ արեգակ ա ծագում: Ա՜խ, ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս՝ Էնպես եմ իմացել, թե սուրբ Վարդանն ա առաջիս կանգնած: Տե՛րտեր ջան, սրան օրհնի՛ր, ձեռդ դի՛ր գլխին. Ո՞վ ա խաբար, աղոթարանը բացվում ա արնով լցված. սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա:

Վա՛րդիկ ջան, արևի՛դ մեռնիմ. քանի շունչս վրես ա, արի՛, մեկ քեզ համբուրեմ, արի՛, էդ սուրբ երեսիդ ղուրբան ըլիմ: Թե հողն էլ մտնիմ, էդ արդար ձեռովդ իմ աչքս խփի՛ր իմ հողը դու՛ քցիր, իմ մեծ որդին դո՛ւ ըլի՛ր, իմ տեղը դո՛ւ բռնիր, իմ տունը դո՛ւ հովվիր: Քանի ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան: Արի՛, երեսիդ մեռնիմ, իմ երկրո՛րդ Վարդան, իմ ազի՛զ Վարդան. գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս, երեսս կոխես, հենց կիմանամ հրեշտակ ա թևերն վրես փռել: Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը, բալքի թե է՛ս ձեոը, որ հիմիկ քեզ խտտում ա, է՛ս աչքը, որ սուրբ երեսդ տեսնում, է՛ս լեզուն, որ հետդ խոսում, էսօր բոլորն էլ լռվին, ու մարմինս քո աոաջին անշունչ, անլեզու ընկած ըլի: Լաս՝ ես չլսեմ, սգաս՝ ես չտեսնիմ, չիմանամ: Վարդանի՛ աստված, Վահանի՛ աստված, ո՛վ սուրբ Լուսավորիչ. թե էս ծերացած գլուխը էլ ջեր օր չի՛ պտի տեսնի, թո՛ղ սրա ոտի տակին մեռնիմ: Թե էս հալևոր աչքը էլ արեգակի լիս չի՛ պտի տեսնի, ա՜խ, աստված, քո հողն եմ ու մոխիրը, թո՛ղ սրա ձեռն իմ երեսիս մեկ բուոը հող քցի:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:09, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в Վեպեր