ԿՅԱՆՔ
Անքնությունն ես՝ սրտիս ծանրացած,
Հացն իմ՝ բորբոսնած, զենքն իմ՝ փչացած,
Փակ շրթունքներիս՝ հսկա մի փականք,
Խաբուսիկ ճամփան՝ իմ մոլորության:
Ուսերիս բազմած անտանելի բեռ,
Անկարող ու հաշմ, թուլացած զույգ ձեռք,
Ժայռերից հյուսված անմատչելի լեռ,
Գլխիս ծանրացած յաթաղան անտեր:
Ախոյան անհաղթ, դուշման տմարդի,
Ընկեր միամիտ, բարեկամ՝ անմիտ,
Հոգսից անտեղյակ հարբած ամուսին,
«Մեղայի» չեկող անառակ որդի:
Բամբասող քույրիկ, եսասեր եղբայր,
Խորթացած ծնող, նախանձ հարևան,
Լոկ սիրելին իմ այդպես էլ չեղար՝
...Վիճակախաղում ինձ հասած՝ իմ կյանք...
Ռ.Խաստյան
***
Հիշում եմ տատիս
Մատնոցները հին,
Որոնք նա երբեք
Չեր օգտագործում
Կարելու պահին...
Հիշում եմ նրա
Մատները թավշյա,
Արդեն հաստլիկ,
Չորացած ու կոշտ...
Հիշում եմ, թե նա,
Սեզոնից սեզոն,
Ոնց էր բլանդում
Ծածկոցներն բրդյա,
Մորս ասելով,
Թե այ աղջիկ ջան,
Գնա հաց սարքի,
Մարդդ պիտի գա...
Ու թե ոնց փակվեց
Կողպեքը մեր տան...
Ու թե ոնց ստացվեց,
Որ տատս մնաց
Առանց մատնոցի...
Հիշում եմ նաև,
Թե մայրս ինչպես
Հեռավոր զանգից
Մեկնդմիշտ մնաց
Առանց ծնողի...
Հիմա երևի,
Կողպեքից այն կողմ
Մատնոցից բացի
Ուրիշ բան չկա
Ու երևի թե
Տատս լավ գիտեր,
Թե ինչի համար,
Երբեք չեր ուզում
Մատնոցով կարել
Ծածկոցներն բրդյա...
29.06.11