ԴԵՊԻ ՏՈՒՆ
Նա մաշված էր խիստ, թոքերում կեզ հևոց:
Կյանքը մայրամուտ էր: Եվ օրն էր մայրամուտ,
նա իր դժնատես հողում չորոսկոր
սպանվելով ծառի փոսեր էր փորում:
Հողից դուրս կորզած քարերը մեծ ու փոքր,
խմբված մի կողմ ինչպես գերիների կույտ,
նայում էին թշնամու մութ հայացքով
մեռելի հանգիստ կյանքից իրենց զրկած մարդուն:
Իսկ փոսերը նայում էին նրան կնոջ սիրով,
գինեվետ կրքով կանչում էին՝ ներս մտնել-
և նա՝ բացված այդ փոքրիկ անդունդներով
շտապում էր տուն՝ քանի դեռ օրը չէր մթնել: