ԲԱՆ ԺԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ, ես հետինս դաւանողների, բարիքներից ունայն`
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ եղելութեան,
Որը տեղի ունեցաւ Արարչի ձեռքով, անէութիւնից,- հաւատում եմ լիայոյս,
Թէ Յիսուս Քրիստոս կարող է անել, ինչ որ կամենայ:
Քանզի հաւատացի, ուստի եւ խօսեցի,
Պօղոսից խրատուած եւ սովորած` Դաւթից.
Ուրեմն այժմ թող նրանց կենդանի աղօթքն ինձ օգնի`
Հաւատքով ճանաչել նրան ճշմարտապէս
Եւ նրա յարութեան զօրութեանն, ըստ առաքեալի,
Հաղորդակից լինել նրա չարչարանքներին,
Եւ այն բոլորը, որոնք յիշւում են յաջորդ տողերով:
Կցորդ է սրան եւ յոյժ նմանատիպ`
Հաւատալն իսկապէս եւ այն նոր փոփոխութեան,
Որով մեղաւորը դուրս է գալիս քաւուած,
Չարագործն` արդարացած եւ անմաքուրը` սրբուած,
Եւ անքաւելի մահացու մեղքով յանցաւորըս ես` անդատապարտելի երանութեան
Եւ ստրկական կապանքներից զերծ`
Երկնաւոր ազատութեան տիրացած:
Բ
Եւ ի՞նչ կայ արդեօք աւելի չքնաղ, քան սիրտն այն մեղաւորի,
Որն իր միտքը գտած տարակուսանքի թանձր խաւարից,
Եւ Աստծոյ օգնութիւնն ստացած,
Երբ մի կողմից մարմնապէս ծիծաղում է, միւս կողմից հեծում հոգեպէս:
Այդպիսին թէպէտ գերագոյն բարձրութիւնից,
Նորագիւտ եւ անհերքելի մեղքերով ծանրաբեռնուած
Սուզուած է խորը` կործանման գուբի անդունդն անյատակ,
Սակայն փրկաւետ կեանքին մօտեցնող նշխարը ունի,
Որպէս լուսեղէն մի կայծ իր մտքում եւ հոգում պահած.
Ինչպէս թանձրամած հուրն այն նշանաւոր եւ զարմանալի`
Հրամանով Վեհի մակարդած հրաշքով`
Խորունկ յատակում նիրհող ջրհորի:
Ուստի եւ ահա թախծալից իսպառ մեղաւորը հեգ,
Որ կորցրել է բարին գտնելու ակնկալութիւնն
Ու զրկուել շնորհի համարձակութիւնից,-
Կարող է յուսալ, թէ կրկին անգամ հասնելու է նա
Նախապէս իրեն պարգեւուած փառքի զարդարանքներին:
Զի Աստծոյ կողմից է պատրաստւում նաեւ այս, որ գործադրուի սոյնի վերաբերմամբ,
Քանի որ սա ամենահնար տուողի զօրութիւնն է աւետարանում,
Որով հաճելի խունկ է հոտոտում Աստուած,
Քան ամենաանուշ բոյրերը բոլոր,
Քան խունկն այն, որ մանր աղալով, երբեմն խորանի համար էին պատրաստում.
Ի՛սկը համակերպ այն հոգիներին,
Որոնք զղջումով խոնարհուել են վար,
Նոյն նմանութեամբ իրար միանալու:
Ըստ որում եւ փրկիչը բոլորի` կոյրերից ոմանց հարցնելով,
Թէ` "Հաւատո՞ւմ էք, որ ես կարող եմ ձեր աչքը բանալ",
Լոյս չպարգեւեց նրանց աչքերին,
Մինչեւ նրանցից հաստատ հաւատքի գրաւական չառաւ:
Ի՞նչն է մեզ համար աւելի անյոյս, քան թէ հաւատալ,
Թէ չորս օրուայ մեռելը կարող է կրկին կենդանանալ:
Եւ սակայն կանայք, հաւատքով լցուած,
Որոնք ընկան ոտքերն Արարչի,
Տեսան անյապաղ Աստծոյ փառքի ապացոյցը պարզ,
Երբ նրանց եղբայրը կենդանացաւ:
Գ
Իսկ այն մասին, մեղանչումից վերջն էլ մնում է շնորհն անկապտելի`
Կան հզօրագոյն վկաներ.
Նախ Ենովքն ու Ահարոնն, ապա
Նրանցից յետոյ Դաւիթը եւ Պետրոսը դարձեալ,
Որոնց հետ նաեւ Եղիազարը կրտսեր,
Որ ողորմութիւն գտնելով մեծն Աստծոյ կողմից`
Վկայ հանդիսացաւ մեծագոյններին:
Աւելորդ է առ այն յիշել, ե՛ւ առակը անառակ որդու:
Թողնում եմ պոռնիկին, որ Տիրոջից գովուեց,
Եւ մաքսաւորին, որ բարեգործից յիշատակուեց,
Նաեւ երջանիկ այն աւազակին,
Որը վերջին շնչում պսակուեց շնորհիւ իր հաւատքի.
Եւ նոյնիսկ նրանք, որոնք մասնակից եղան
Արարչի սպանմանը,
Որ յանցանքների ամէնէն անքաւելին է:
Դրանցից էր ինքը` Պօղոսն ընտրեալ,
Որ առաջինն էր անօրէնների մէջ մի ժամանակ:
Սրանցից ոմանք, որոնք օրէնքի ճանաչողութեամբ հանդերձ գլորուեցին,
Քան օրէնքից առաջ ապրողների առաւելութիւնը,
Կանգնեցին կրկին նախկին կեանքն իրենց հազարապատիկ գերազանցութեամբ:
Իսկ նա, որ նախքան օրինակի տրուելը` աւանդութիւնն էր պահել հայրենի
Եւ աւելի մօտ է եղել հաւատքի սկզբնահօր պատուիրանին,
Եւ նախամարդու մեղապարտութիւնն իրենը համարելով`
Տուժել էր այն իր տաժանագին տառապանքներով,-
Քաւութիւն գտաւ ոչ թէ հողի տակ թաղուելով,
Այլ հզօրապէս յաղթահարած բռնութիւնը մահուան`
Իր չարչարելի մարմնով դէպի երկինք փոխադրուելով,
Հանդիսանալով բանականներին կեանքի Կարապետ:
Դ
Իսկ ոմանք դեռ խակ` տհաս հասակից չարութեամբ տարուած,
Երբ տարիքն իրենց առան կատարեալ,
Ոչ թէ թափուեցին բարձրութիւնից վար,
Այլ աշխարհային կեանքի դժնդակ թշուառութիւնից`
Բարձրացան դէպի կամարն երկնքի:
Եւ եթէ կանխապէս կարելի եղաւ չարերին դարձի բերել վերստին
Եւ մեր հողանիւթ գոյացութիւնը փոխել ոսկեղէնի,
Պատկերն արքունի` կերպարանքին մեր ի պատիւ`
Նկարուած խորքը մեր հոգու քանդակումով արքայական,
Մեր բնութիւնն անկորուստ եւ անփոփոխ
Եւ դաւադրութեան դէմ անպարտելի,-
Ապա, առաւել յուսալի է այժմ անողոք եւ անծածկոյթ
Շնորհաց յայտնութիւնը, ուխտուած մեր տէր Քրիստոսով,
Ինքը լինելով հաշտարար միջնորդ
Եւ երկնային անմահ, կենդանի ու մշտնջենաւոր բարեխօս,
Որով հաստատուն կմնայ մեր մէջ Տիրոջ խօսքը միշտ, ըստ մարգարէի.-
"Ուխտ խաղաղութեան եւ կնիք հաստատութեան":
Ուրեմն եւ ես այս ճշմարտագոյն Կանոնի, անփոփոխ վճռի
Եւ արարչաւանդ պայմանի համաձայն, ահա,
Հաւատաւորի իմ շրթունքներով համբուրում եմ ճշմարտութիւնն այս խօսքի
Եւ յոյս ունեմ` փառքի շնորհին արժանանալու.
Քանզի, արդարեւ, երբ Աստուած ինքն է մեզ արդարացնում,
Ոչ ոք չի կարող մեզ դատապարտել, ըստ հաստատ խօսքի առաքելական:
Ե
Այս պայծառ գծագրուած վստահութեանն ապաւինած, ահա,
Կանգուն եմ կործանեալս դարձեալ, եւ թշուառացեալս` յաղթող,
Մոլորեալս կգամ կենարար դարձի,
Ամենաթշուառ չարագործս` դէպի յոյս,
Մահուան մատնուածս` դէպի կեանք,
Ապականութեամբ վաճառուածս` դէպի շնորհ,
Դժոխային գործերով տարուածս` դէպի լոյս,
Երկրասէր անասնակենցաղս` դէպի երկինք,
Կրկնակի մոլորեալս` դէպի փրկութիւն,
Մեղքերով կապկապեալս` դէպի հանգստեան խոստում,
Անբժշկելի վէրքերով վարանածս` դէպի դեղն անմահական,
Ստամբակեալս վայրագաբար` դէպի սանձ զսպողական,
Հեռացեալս վարատական` դէպի կոչում,
Դժնդակ կամակորս` դէպի հեզութիւն,
Ընդդիմախօս հայհոյողս` դէպի ներումն,
Եւ այս բոլորը շնորհիւ Յիսուս Քրիստոսի
Եւ նրա Հօր հզօր եւ ահաւոր
Եւ ճշմարտութեան Հոգու անունով ու բարի կամքով,
Որոնց օրհնաբանուած իսկութեանը եւ մի աստուածութեանը
Ե՛ւ զօրութիւն, եւ՛ արքայութիւն, եւ՛ մեծութիւն, եւ՛ փառք
Յաւիտեանս. ամէն: