ԲԱՆ ԼԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ այսպէս ահա սաստկացրի ես ինձ անսփոփելի ցաւ պատճառող կրքերս,
Ողբալով երկար ե՛ւ հեծեծագին, ե՛ւ մեծահառաչ,
Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անյայտ ու ծածուկ մեղքերի խոստովանութեան,
Որդիդ կենդանի Աստծոյ, Տէր Յիսուս Քրիստոս,
Քաղցրությա՜մբ նայես քաւելու համար.
Արդարեւ կարող ես դու եւ ձեռնհաս ես ճշմարտապէս,
Եթէ կամենաս` հնարներ ունես դու.
Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,
Հարստանում ես դու մեծապէս` տալով, քան թէ առնելով,
Բազմանում են գանձերդ ցրուելով, քան թէ հաւաքելով,
Շատանում է ստացուածքդ սփռելով, քան թէ խնայելով,
Դիզւում են պաշարներդ տարածելով, քան թէ ամբարուելով,
Հաւատալով այսպէս այս բոլորին` յոյս ունեմ ես,
Թէ փրկութեան ե՜լք կգտնեմ քեզանով:
Հաւատում եմ անարգս պատուականի հետ,
Եւ յոյս ունեմ ես Աբրահամի հետ եւ Աննայի.
Զի մէկը հաւատաց քո խօսքին, եւ միւսը քահանայապետի ձայնին անսաց:
Ուստի եւ մէկը խոր ծերութեան մէջ դարձաւ անհամար որդիների հայր,
Յուսալով, թէ պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ`
Բազում ժողովուրդների, մարգարէների եւ ընտիր թագաւորների
Պտղածին եւ օրհնաբեր անդաստա՜ն տեսնել:
Իսկ միւսն` անմշակ երկիր - սենեակը իր որովայնի
Բարգաւաճեց եօթ զաւակներով,-
Թի՜ւ անհաշուելի, որ աստուածային յաւիտենութիւն է նշանակում,
Նրա յարակայութեան սահմանն անհետազօտելի,
Եւ աւազանի նորածին որդոց առատութիւն անսպառ:
Թիւն այս պանծալի, որ չունի իրեն զոյգը հաւասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,
Կուսութիւն է մի ուրոյն ընտրութեամբ միշտ նուիրական`
Որ անճառօրէն յաւիտենութեան դժուարմեկնելի խորհուրդն է խորին եւ մեր մտքից վեր:
Բ
Արդ, համարի՛ր դու փրկութիւնից յուսահատ հոգուս համար որպէս արդարացում
Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապէս հեծեծող սրտիս,
Իմ հաւատքի փոքր այս դաւանանքը խնդրագին
Վերոգրեալ երջանիկների հաւատքին հաւասար դասելով,
Որպէսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կեանքով,
Ամուր կառչելով քո շնորհներին, քան թէ գործերիս:
Մանաւանդ որ քո շնորհները բարձր են եւ կրկնակի փառաւոր
Եւ չեն կշռւում ու չափւում խօսքով,
Ու հաւատում եմ ես անտարակոյս, թէ հզօրապէս կարող են քաւել
Մեղքերս բոլոր` խաղաղեցնելով խռովութիւնն իմ:
Այդ շնորհներն են` քո ահաւոր արեան հետ միասին ե՛ւ մարմնաւոր ծնողդ խնկելի,
Առաքեալների խմբերը, դասը մարգարէների,
Եւ գնդերը ողջ` հեծեալ, հետեւակ եւ սպառազէն,
Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակեացների,
Բոյլքը ընտրեալ եւ բարեկրօն վանականների,
Հոյլքն երկրի վրայ ապրող երկնային հոգեղէնների,
Զինուորութիւններն մեզ կցորդակից վերնականների,
Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,
Ջահավառումներն ու բոյրը իւղով օծուած խունկերի,
Յաղթանակը փրկութեան նշանների,
Կառուցումներն աստուածաբնակ խորանների,
Եւ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների:
Գ
Այսպէս մեր ամէն մի շարժումի մէջ
Աստծուն ենք յիշում,-
Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,
Բարի գործերի համար գոհութիւն եւ գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.
Ընտանեկան զրոյցներում եւ հասարակաց խօսակցութեան միջոցին
Մեր բնական ձայնի, գործերի յաջողութեան եւ առաքինական ջերմեռանդութեան պահերին,
Գիշեր թէ ցերեկ, քնած ժամանակ եւ կամ արթմնի,
Քեզնով առաջնորդուած հոգեւորների օգտակար ընթացքում,
Ազգերի միջեւ պատերազմների եւ դեւերի հետ մղուող մարտերում,
Հերձուածողների հետ վիճաբանելիս,
Փոքրերի եւ մեծերի հետ վերաբերուելիս,
Ըմպելիքներ խմելու եւ կերակուրներ ճաշակելու միջոցին,
Մեզ համար հաճոյ եւ թէ վշտալից բոլոր դէպքերում,
Որոնցից առաջինների համար աղօթում ենք մենք, որ մնան այնպէս,
Եւ միւսները` որպէսզի դու զերծ պահես նրանցից`
Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապէս,
Քանզի ամէն ոք հաւատում է, թէ օգնելու պատրաստ` կարող ես դու միշտ,
Տակաւին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,
Վայրենաբարոյ մարդկանց եւ գոռոզ ստամբակներին:
Եւ թատերական տեսարանների մէջ մինչեւ անգամ,
Եւ խառնիճաղանջ բազմութիւնների խուռներամներում,
Եւ կամ հզօրիդ կամքին անհաճո կաքաւումների ու կայթերի մէջ
Դու չե՛ս մոռացուած:
Դ
Դո՛ւ ստեղծեցիր, բոլորին, եւ քո՛նն են բոլորը,
Եւ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.
Զի թէ մեղանչեն իսկ` քոնն են, քանզի քո հաշուի մէջ են,
Եւ գիտեն քո զօրութիւնը, ինչպէս առակողն է աղօթել,
Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խօսքերով,
Որպէս յանցաւոր հաստատելով այդ:
Հանդգնում եմ ասել, թէ նա, ով գովեստով է տալիս անունդ, հաւատալով, թէ կաս,
Եւ եթէ նոյնիսկ նա եօթնապատիկ անգամ յանցանքով վարակուած լինի,
Ինչպէս բերուած է որպէս ապացոյց-օրինակ` արդեօք քոնը չէ՞ դարձեալ:
Երբեմն արջնաթոյր ագռաւների մէջ
Սպիտականիշ աղաւնիների երամներ ենք տեսնում,
Եւ ձիերի մէջ խրոխտ, անմաքուր` որոջներ հանդարտաբարո,
Եւ գազանակերպ շների թւում` օրհնուած գառներ,
Խստութեան մէջ` հեզութիւն,
Թերութեան մէջ` կատարելութիւն,
Հանձնապաստանութեան մէջ` խոնարհութիւն,
Ստութեան մէջ` ճշմարտութիւն,
Խորամանկութեան մէջ` միամտութիւն,
Նենգամտութեան մէջ` անբծութիւն,
Չարագործութեան մէջ` բարութիւն,
Լկտիութեան մէջ` պարկեշտութիւն,
Անգթութեան մէջ` ողորմութիւն,
Անյուսութեան մէջ` ապաշաւութիւն,
Բարկութեան մէջ` քաղցրութիւն,
Թշնամութեան մէջ` հաշտութիւն,
Խածանողութեան մէջ` անոխակալութիւն,
Չարչարանքի մէջ` քաջալերութիւն,
Եւ նետաձգութեան մէջ` օրհնութիւն:
Ուստի անկարող եղայ ես դատել ճշգրիտ կերպով,
Թէ այն ո՞վ պիտի երկրածիններից կարենայ կանխել ժառանգելու քեզ,
Որ կշտամբում ես անաչառօրէն եւ արդարութեամբ
Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է կարծում
Եւ այն պոռնիկին, որ զղջացել է:
Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՜կ թագաւոր,
Օրհնեալ ի բարձունս, յաւիտեանս. ամէն:

