ԲԱՆ ՁԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Աստուածածնի մաղթանքների հետ ընդունիր, ո՜վ բարեգութ,
Ե՛ւ աղերսագին խնդրանքներն, ահա, անմահ, լուսակերպ հրեշտակների,
Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
Հանապազօրեայ բարեխօսութեամբ:
Բարի են նրանք բարերարիցդ միշտ բարեգործուած,
Եւ ամէնիշխան Էիդ հրամանով ստեղծուած` յաւէտ անընդել չարին:
Նրանք բարձրեալիդ զօրքերն են հզօր խօսքիդ միշտ պատրաստ.
Սուրբ են ու մաքուր, անարատ, օրհնեալ,
Վայելուչ, յաղթող եւ անպարտելի,
Եւ արագաշարժ` մտքի տեսութեան ընթացքի նման:
Բարեխօսներ են նրանք, մատակարար եւ խնամակալ,-
Աշխարհիս այգում արմատաւորուած
Եւ երեք երկար ու ձիգ տարիներ դատարկ մնացած,
(Որ յաւերժական ժամանակն է պարունակում իր մէջ`
Անցեալը, ներկան ու ապառնին),
Այն թզենու, որ պտղազուրկ էր, պաճուճուած միայն սին սաղարթներով,
Որ ճիշտ պատկերն է թշուառ մարդկութեան:
Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ, կարեկցելով մեզ
Եւ ուզում են, որ լինենք բախտաւոր.
Եւ կենդանութեամբ յաւիտենական` աղօթում են մեր փրկութեան համար,
Այս խօսքն ասելով` "Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր դու":
Արդարեւ մերն է այս աղաչանքը,
Բարերար Աստծուդ կողմից մեզ համար` նրանց սահմանուած.
Զի նրանք ստեղծուած են խօսքով,
Իսկ մենք ձեռքով ենք ստեղծագործուած:
Նրանք հատուցման ահաւոր դատաստանին գալու են որպէս վկաներ`
Միածնիդ հետ` ճշմարտաբան դատախազներ լինելու երկրայիններիս յանցանքներին,
Եւ ահաւորի ատեանի առաջ` իրաւախնդիր`
Հաշուետու պիտի լինեն մեզ համար.
Թէեւ այնտեղ էլ մեզ կարեկցելով`
Հնչեցնեն պիտի իրենց մշտանուէր երգն հառաչաձայն.-
"Ողորմիր, ո՜վ Տէր, դո՛ւ ստեղծեցիր, դու մի՛ կորցնի":
Բ
Արդ, անմահների գոհաբանութեան խնդրանքների հետ
Մեր հեծութիւններն էլ հոտոտիր, արարի՛չ ամենայնի,
Որ քո գթութեամբ գերազանցում ես երկնայիններին եւ երկրայիններիս,
Զի դու ես բարերարում թէ՛ մեզ եւ թէ՛ նրանց:
Եւ արդ, անախտներն այդ ահա,
Հրակերպներն հրաշատեսիլ, մաքուրներն անխառն,
Անմեղներն ու բոցեղէնները, հոգեղէններն ու անյաղթները,
Շնորհիւ իրենց անարատ բարեզարդութեան,
Բարձր ազնւութեան ամենազարգացած առաւելութեամբ
Եւ գերափայլ ու ճոխ գիտութեամբ,
Որպէս ջերմեռանդ աստուածասիրութեան ինքնաբուն տապի
Անցուրտ ջերմութեամբ ջեռուցանողներ,
Իրենց պէս եւ մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են հրահրում յար,
Որպէսզի նրանք այրուեն անաղօտ`
Մեծախորհուրդ սուրբ սեղանի վրայ` այս խորանի մէջ,
Առանց նիրհելու եւ դանդաղելու, սպասելով միշտ
Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին,
Աստծուն միացած անբաժանելի` քերովբէական առաքինութեամբ:
Պետութիւններ են նրանք երկնաւոր,
Եւ զինուորներ են ահաւոր, անբիծ,
Երկնաւոր Աստծուդ պաշտօնեաներն են ազատազնեայ,
Լուսեղէն ամպիցդ շողերի ցոլքեր:
Գ
Ուստի հողեղէն մեղաւորիս էլ մարդասիրաբար ողորմիր, Յիսո՛ւս,
Աղաչանքներովն իմ հրեշտակի, դարձնելով ինձ, Տէ՛ր,
Դէպի քո բարի, լուսաւոր ճամփան,
Որպէսզի հոգուս աւանդը, որի պաշտպանութիւնը նրա տեսչութեանը վստահացար,
Որը նա քեզնից ընդունեց այստեղ, այս աշխարհում դեռ,
Ինձնով բերկրալից եւ ուրախ սրտով, քեզնից օրհնուած,
Անմեղադրելի, խնդալից դէմքով ու կենսազուարթ`
Քեզ` անհաս փառքով բարձր արքայիդ,
Հաւերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ խրախճանքներում
Ընծայաբերի, գովեա՜լ ողորմած:
Քեզ` անքննելուդ, Հօր եւ Հոգու հետ անհաս եւ անճառ
Վայելում են փառք, պատիւ, երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:

