ԲԱՆ ԿԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ ինչո՞ւ համար պիտի մէջ բերեմ եւ իմ տաւիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խօսքերն այն բոլոր,
Որոնք իմ դէմ են միշտ եւ շարունակ, որպէս նախատինք եւ որպէս նզովք:
Ինչպէ՞ս կարող եմ շուքը երջանկի յարմարեցնել ինձ դատապարտուածիս,
Այսպէս ասելով նրա հետ մէկտեղ, թէ` նենգամիտը ինձ չմօտեցաւ:
Եւ ինչպէ՞ս դարձեալ զարհուրեցուցիչ, յաջորդ տողերում կարգով թուարկուած`
Բարեմասնութիւններն այն բոլոր, որոնք հին օրէնքի թագաւորի, զինուորական մարգարէի
Եւ մարմնական հրամանատարի նկարագրի գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի` կրկնեմ եւ կեանքից չյուսահատուեմ,
Ես, որ նոր օրէնքի աւետարանիչ եւ շնորհների աշակերտ լինելով հանդերձ
Այդ երկնահաճոյ արժանիքներից անմասն եմ իսպառ:
Ըստ իրաւախոհ արդարի` ինչպէ՞ս պիտի զինուեմ մեղաւորների դէմ,
Պատրաստ լինելով առաւօտեան վաղ արթնացածի պէս
Սպանել նրանց, ըստ առակողի:
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի:
Ի՞նչպէս արդ մեծի արիութիւնը օրինակելով`
Կարենամ ջնջել անօրէններին Տիրոջ քաղաքից,
Երբ իմ հոգու մէջ բուսած մեղքերն իսկչմեռցրի ես:
Ինչպէ՞ս սուտ խօսեմ նրա մօտ, որին ծածկուածները յայտնի են, արդէն,
Ասելով` "Մոխիրն իբրեւ հաց կերա".
Ես, որ Երգողի աղբերակների յստակ արցունքին
Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի,
Ի՞նչպէս նրա հետ կարող եմ ասել`
"Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով
Եւ անկողինս արցունքներով թրջեցի":
Եւ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ` մեղքերով մահացեալիս,
Երբ աստուածասէրն ի բոլոր սրտէ նախնեաց յանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպէս.-
"Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք եւ յանցանք գործեցինք",
Եւ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք
Իրաւամբ ինձ են յարմար աւելի, քան Իսրայէլին:
Ինչո՞վ արժանի լինեմ դասուելու բարիների հետ,
Երբ չգտնուեց իմ մէջ այն դեղն իսկ, որ յարգուեց որպէս մարդկային մի գիւտ,
Այսինքն գարշելով կերակուրներից`մահու չափ քաղցել,
Եւ երկարատեւ ճգնութիւններով` հոգով նուաղել,
Ըստ տարակրօն հրեաների եւ հեթանոսների երբեմնի սովորութեան:
Արդարութիւնն իմ ինչպէ՞ս կարող է մնալ յաւիտեան, որը ես երբէք ի գործ չդրի:
Բ
Բայց, որպէսզի երկարաբանութեամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խօսքս համառօտել:
Ի՞նչ կարող ես ասել այն խօսքերի տեղ,
Որոնք նուագեց օրհներգ ու Դաւթի ձայնն աստուածաշունչ,
Թէ` "Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի":
Ի՞նչպէս սրա հետ ասեմ աւելին,
Թէ` "Ամէն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի":
Ի՞նչպէս սրա հետ ասեմ աւելին,
Թէ` "Իմ սրտի մէջ պահեցի խօսքերդ, որպէսզի քո դէմ չմեղանչեմ":
Ի՞նչպէս ունայնութիւններս որպէս կատարելութիւններ ճառեմ մաքուրների հետ,
Թէ` "Քո պատուէրներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների":
Ի՞նչպէս ես հեզի ճշմարտութիւնը` իմ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ, ուխտելով հաւատարմի հետ,
Թէ` "Հաստատապէս երդուեցի պահել դատաստանդ արդար":
Ի՞նչպէս կրկնեմ ես այն պատգամը, թէ`
"Փրկութիւնը հեռու է մեղաւորներից":
Որը իմ վերջին վճռի մահագոյժ հրեշտակն է:
Ի՞նչպէս չարս իրօք, բարիների պէս,-
Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն արդար,
Հեղեղելով այս տողը ասեմ, թէ`
"Տէրը բարիք կանի ուղղամիտներին":
Ի՞նչպէս այն անաչառ եւ կտրուկ փոխատրութիւնը մոլորեալիս,
Թէ` "Սխալուածներին հափշտակելով կտանի նրանց հետ, ովքեր գործում են անօրէնութիւն":
Ինչպէ՞ս պարծանքը Աստուածազգեստի պատուաստեմ ես ինձ ամօթահարիս,
Նրա խօսքն ասելով. "Չբարձրացաւ սիրտս, Տէր,
Եւ աչքերս երբէք չզվարճացան":
Ինչպէ՞ս ընդունեմ մարմնականից վեր խօսքն անճառելի,
Որպէս քաջալեր յուսահատուածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստծոյ հոգով օծեալի հետ,
"Առաջուց տեսար, որ լեզուիս վրայ նենգութիւն չկա",
Եւ սաղմոսի այս մարգարէական գլխի սկզբից մինչեւ վերջ գրուած խօսքերը բոլոր:
Եւ ի՞նչպէս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց եւ դասակից նրանց,
Ես, որդիս մահով ջնջուելու արժան` բարեշնորհի խօսքը բարբառեմ.-
"Չէ որ, ահա, Տէ՛ր, քեզ ատողներին ես ատեցի",-
Եւ մնացածներն ապա այս կարգի:
Ի՞նչպէս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամէնէն աշխարելին ես,
Տօնելի Վեհի վստահութեամբ
Չստուգուած հոգիդ առաջ մղելով, պանծաս ինքնագով պսակուածի հետ,
Թէ` "Փորձիր ինձ, Տէր, եւ տես` կա՞ միթե անօրէնութիւն իմ ձեռքերի մէջ",
Դրա հետ նաեւ յաւելուածները:
Չար լինելով ես` ինչպէ՞ս չարերից ազատուել մաղթեմ,
Իրենց յոյսն Աստծոյ վրայ դրածներին ձայնակցելով,
Թէ` "Պահիր ինձ, Տէր, մեղաւոր եւ չար մարդու ձեռքերից":
Ի՞նչպէս վեր կենամ` փառաւորեալի հետ աղօթելու Աստծուն,
Թէ` "Դու ես իմ յոյսն ու բաժինը կենդանեաց երկրում":
Ի՞նչպէս, իբրեւ թէ ճգնաւորի հետ մրցման դուրս եկած,
Յաղթանակի մրցանակը թագաւորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղօթքն անեմ ես աղերսագին.-
"Արդարներդ պիտի սպասեն, մինչեւ դու հատուցես ինձ":
Գ
Բարեբանեալ է նաեւ հոգեւոր այս միտքը,
Որով ամէն ինչ արհամարհելով,
Արարածների սկզբնապատճառին է ընտրում միայն ասելով`
"Երանի՛ այն ժողովրդին, որի տէրը` իր Աստուածն է".
Եւ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին յանդիմանեց նրա անպատկառութեան համար:
Մեծ է նաեւ այն շնորհը երանութեամբ լի համարձակութիւնն այն երկիւղած,
Թէ` "Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ":
Ըղձալի է նաեւ հոգեւոր հաղորդութեան ընտանութիւնն այն մտերիմ,
Որով մարդ իր յոյսը դնում է միայն
Աստծոյ վրայ
Եւ նրա մէջ էլ մնում հաստատուն սաղմոսի խօսքերով քաջալերական,
Թէ` "Տէրը կատարում է իր երկիւղածների կամքը",
Եւ ապա թէ` "Տէրը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան,
Եւ ջնջում բոլոր մեղաւորներին":
Պատգամներ տխուր եւ ուրախական սաղմոսարանի վերջին գլուխների մէջ,
Որոնք ցոյց են տալիս արդարների ու մեղաւորների վերջին հատուցման օրինակները:
Իմաստով միմեանց հաղորդակից են եւ ա՛յն երգուածները,
Թէ` "Տէրն հեզերին իր մօտ կընդունի
Եւ մինչեւ գետին կխոնարհեցնի ամբարտաւաններին":-
Ուրեմն ո՜րքան եղկութիւններ կան իմ առաջ:
Իսկ եթե` "Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եւ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց",-
Յապա ես զուրկս արժանիքներից` ի՞նչ յոյսով ամրանամ:
Իսկ եթէ Աստուած սրբերից է օրհնւում իսկապէս,
Յապա ես օտարս մաքրութիւնից` որո՞նց կարգը դասուեմ:
Իսկ եթէ սրանց մօտ դնեմ իբրեւ յանդիմանութեան յիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թէ`
"Սիրեցէք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղութիւն է ուզում նա եւ կրկնակի կպատժի գոռոզներին",-
Յապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրաւուած` գաղտնի մեղքերի գիւտարար չարին:
Դ
Քանզի, ինչպէս որ կտատանուեն տագնապով տերեւները եղեւնու դալար տունկերի
Ու շարժուելով ուժգին հողմերից` կթափուեն գետին,-
Այդպէս էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճիւղերն` ի վեր բարձրացած,
Եւ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին յօրինուած,
Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր ամուր
Նո՛ր անապական պտղաւորութեամբ զարդարելով այն
Քո խնամատար կամքին յանձնուած` կեանքի անդաստանում,
Ամենապարգեւ թագաւոր Քրիստոս, օրհնեա՛լ յաւիտեան. ամէն:

