Harutin » 17 апр 2011, 20:21
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թևերս մտած` ինձ դահլիճ բերեցին,
Խոսի’ր, ասացին, ձեռքդ դի’ր քո սրտին:
Նստած էր մայրս դահլիճում առանձին,
Աչքն ինձ էր հառել նա` իմ միակ որդին:
Ես պապանձվեցի, սակայն շեմը անցա,
Եվ դատավորն էր մթան մեջ անկյունի:
Պատին ամրացված քարտեզին մոտեցա,-
Բայց ես չգտա տեղը Կարթագենի:
Գուցե չի եղել, ասացի ինքս ինձ,
Եվ ժամանակը - սոսկ բառ է վերամբարձ,
Բայց հանկարծ տեսա, այն հոսում էր նորից,-
Եվ անակնկալ ես բացվեցի հանկարծ:
Եվ ակնկալմամբ ու զորությամբ գրի
Այստեղ կորուստի շապիկը իմ հագին`
Ես վկայության իմ խոսքերը դրի
Իմ ձեռքը տված այս գրատախտակին:
Ինչո՞ւ թաքցնել, որ այս մեր կողմերում
Շահույթը բեռն է ջրասույզ լաստերի,
Եվ արդեն կնքված հաշվեմատյաններում
Իրականը լոկ թիվն է կորուստների:
Վաճառականը հիացումով անմար
Մետաքսն է կրում Սինան մեծ աշխարհի
Եվ թաքուն լալիս այն կերպասի համար,
Որը նա երբեք այլևս չի ճարի:
(Թեև ես հասկացա, որ խոսք չէ ընդունայն,-
Ինչը եկել է, պարտավոր է գնալ,-
Եվ որ իրերին անմեռություն միայն`
Միայն բառերը այստեղ կարող են տալ,-
Բայց թե մի կողմ քաշված հարց տվեցի ես ինձ,
Թե մեզ և իրերին - մենք ինչո՞ւ տանջեցինք:-
Այո, մենք այստեղ բառերից և լեզվից
Անպատում բաներ - իզուր պահանջեցինք):
Իմ խնջույքներին հեռավոր ծովերով
Փողհարներն իջան և փողեր փչեցին,
Բոլորը եկան անգին ընծաներով
Եվ մոտեցան ինձ և ողջագուրվեցին:-
Մուրացիկ, արքա, իշխան և մեծամեծ,
Եվ ի~նչ երդումներ, խոստումներ և համբույր,
Բայց աչքս շեղվեց և այն տեղին գամվեց,
Որը այդպես էլ այնտեղ մնաց թափուր:
Ամառը արդար իր մրգերը լցրեց,
Դրված էր սեղանին գինի և մեղրահաց,
Բայց իմ որսորդի լացը սիրտս խոցեց
Այն լորի համար, որը նա չըորսաց:
Ես գոհ մնացի. դաշտում իմ հուրհրան
Յոթը խումբ կին էր աշխատում գլխահակ,
Բայց վերակացուս էլի գովեց նրան`
Փոքրիկ մահվանը այն բամբակահավաք:
Ես վկայում եմ, որ բերքի մեջ այս ծով
Մի բուռ ցորեն միշտ պակասեց իմ կալին:
Ես վկայում եմ սպասումն այն, որով
Հայելին է միշտ սպասում մեռյալին:
Ես վկայում եմ, որ ժամանակն այստեղ
Քար-քարի անխոնջ դնելով շարեշար`
Բարձրացնում է տունը իր փառահեղ`
Մեր դեմ մի զարկով այն քանդելու համար:
Ես վկայում եմ, որ զուր էր այս ամառ
Ծեր այգեպանին երկտողն իմ ուղարկած,-
Մի թզենու և մամխի թփի համար
Արժե՞ր նորոգել ցանկապատս պառկած:
Իմ նախիրն անթիվ - արոտները գնաց,
Իմ հոտը ծածկեց լանջերը մեր սարի,
Բայց իմ ունկերում մղկտոցը մնաց
Անցյալ մայիսին կորցրած իմ գառի:
Ես վկայում եմ (ինձ չի քսվել թեև)
Յոթ քամիներից անդին մի զով քամի,
Ես այն ջրհորն եմ ձեզ վկայում նաև,
Որի պաղ ջուրը - մենք երբեք չենք խմի:
Եթե անցորդը, կանգնած ջրերի դեմ,
Ունկը պարզել է նվագներին մահի
Եվ հագել է իր սանդալները արդեն,-
Դուք նրան այստեղ այլևս չեք պահի:
Եվ ամենախոր հետքերը նրանք չե՞ն,
Որոնք ջնջել են անձրևները խորին,
Եվ որոնք միայն - մենք կարող ենք տեսնել
Անհետացումի բարեբեր հողերին:
Գրատախտակն եմ ես իմ ձեռքին պահում`
Ի վկայություն և ի լուր ամենքին,
Ես մի մանուկ եմ նաև ձեզ վկայում,
Որ մոտենում է` իր ջնջոցը ձեռքին: