ՆԱԽԱԲԱՆ
1915 p. հունիսի 30-ին գերմանական բանակի թնդանոթները կրակ բացեցին այգաբացից երկու ժամ առաջ։ Փարիզից մոտ հարյուր հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նեվիլ-Սենտ-Վաաստի ֆրանսիական դիրքերը հրետակոծվում էին։ Զինվորները, որոնց հաջողվել էր քնել խրամատներում անտեսելով հարմարությունների բացակայությունը, արթնացան։ Այդ հրետակոծությունն ազդարարում էր գերմանացիների հակահարձակումը, որոնք հետ էին մղվել ընդամենը մի քանի կիլոմետրով, գեներալ Ֆոշի բանակի երկամսյա մարտերից հետո։ Դրանք տասնյակ հազարավոր մարդկային կյանքերի գնով նվաճված խղճուկ հեկտարներ էին՝ պատված արկերի պայթյուններից գոյացած ձագարներով և լցոնված մարդկային մարմիններով։
Այս պատերազմը մարդիկ սկսել էին երգը շուրթերին, կարծես թե կարճատև ճամփորդության նախապատրաստվեին։ Սակայն ցեխոտ խրամատներում անցկացրած մեկ ձմեռը ոգեշնչումը ընդարմացման էր վերածել։ Սա անծանոթ մի բան էր, երբևէ եղած ամենաանմարդկային պատերազմը։ Մարդկային ուժն ու քաջությունն անզոր էին երկնքից տեղացող հրի ու երկաթի դեմ։ Մարդն անզոր էր թոքերն այրող գազի դեմ։ Ի չիք դարձան գեղեցիկ համազգեստները, մեծաքանակ բանակների զորաշարժերը, հեծելազորի տպավորիչ հարձակումները։ Ցեխոտ զինվորները փորձում էին ձուլվել հողին, խլուրդների պես փոսեր էին փորում, թաքնվում էին այնտեղ, սողում։
Նրանց թվում Էր, թե ողջ աշխարհը հրի ճարակ էր դարձել։ Եվ միգուցե նրանք իրավացի Էին։ Եվրոպայի գրեթե բոլոր երկրները իրենց գաղութների հետ միասին ներքաշված էին այդ պատերազմի մեջ։ Մի կողմից Եռյակ միությունն էր՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, որոնց միացել էին Բելգիան, Ճապոնիան, Իտալիան և Սերբիան։ Նրանց հակառակորդներն էին Կենտրոնական կայսրությունները՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ ուշ, թե շուտ դեռևս չեզոք տերությունները կամա, թե ակամա ստիպված էին լինելու որևէ մեկի կողմը բռնել։
Նեվիլ-Սենտ-Վաաստից երեք հազար կիլոմետր այն կողմ, Միջերկրական ծովի արևելյան ծայրամասում՝ Օսմանյան կայսրությունում արևն էր ծագում։ Դարդանելի նեղուցի մուտքի մոտ գտնվող Գալիպոլի թերակղզում անգլիական և ֆրանսիական ռազմանավերը հրետակոծում էին թուրքական բանակի դիրքերը։ Հակառակորդի հրետանու արկերը չէին հասնում նավերին և պայթում էին ծովափին, ուր դաշնակիցները հենակետ ունեին, իսկ ցամաք նոր զորամասեր տեղափոխող ռազմանավերը շրջապատված էին ջրի շատրվաններով։
Նրանց թիվն արդեն անցնում էր հարյուր հազարից. ֆրանսիացիներ, բրիտանացիներ, գաղութների ներկայացուցիչներ՝ ավստրալացիներ, կանադացիներ, հյուսիսաֆրիկացիներ՝ անգլիացի գեներալ Համիլտոնի հրամանատարության ներքո, իսկ համալրում բերող նավերը շարունակում էին ժամանել։ Ապրիլին սկիզբ առած զորքի դեսանտից ի վեր էքսպեդիցիոն զորագունդը շրջափակված էր ցամաքի նեղ շերտում և չէր կարողանում խորանալ երկրի ներքին շրջանները, ուր օսմանյան զորքը՝ դիրքավորված լեռներում, համառորեն պաշտպանում էր իր տարածքը և թույլ չէր տալիս դաշնակիցներին շարժվել դեպի կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Փետրվարին Կոստանդնուպոլիս հասնելու նպատակով ֆրանս-բրիտանական նավատորմիղը ապարդյուն կերպով փորձել էր բռնանցնել Դարդանելի նեղուցը, որը երիզված էր պաշտպանական ամրոցներով։
Արկերը և խոշոր տրամաչափի թնդանոթները, որոնք, ի դեպ, գործի էին դնում գերմանացի հրետանավորները, լուրջ վնասներ էին հասցրել ռազմանավերին։
Բոսֆորի նեղուցի եվրոպական և ասիական ափամերձ բլուրներին սփռված հազարամյա քաղաքը հպարտությամբ ցուցադրում էր իր մարմարյա գմբեթներն ու մինարեթները։ Չնայած պատերազմին՝ անտիկ Բյուզանդիոնը, որը հետագայում Կոստանդնուպոլիս էր անվանվել առաջին քրիստոնյա կայսեր Կոստանդնի պատվին, եռուզեռի մեջ էր։ Ո՛չ անցած հարյուրամյակները, ո՛չ էլ նվաճողները արմատապես չէին փոխել քաղաքը, որը պահպանում էր անցյալի ժառանգությունը։ Այսպես, Աթմեյդանը՝ Ձիահրապարակը, զբաղեցնում էր հռոմեական ձիարշավարանի տեղը և պահպանել էր նրա հատակագիծը։ 1453 թ. Օսմանյանների կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից հետո Սուրբ Իմաստնության հին քրիստոնեական եկեղեցին չորս մինարեթների հավելումով վերածվել էր Սուրբ Սոֆիայի մզկիթի։ Այդ պահին Մեհմեդ V սուլթանը իշխում էր մեծ կայսրության մնացորդների վրա։ Վերջին հարյուրամյակի ընթացքում Օսմանյանների ժառանգությունը մասնատվել էր։ Բալկաններում՝ Հունաստանը, Ռումինիան, Ալբանիան, Բուլղարիան, Սերբիան և Չեռնոգորիան անկախացել էին։ Աֆրիկայում՝ Ալժիրը, Լիբիան, Թունիսը և Եգիպտոսը անցել էին եվրոպական տերությունների հովանավորության ներքո։ Սուլթանին մնացել էր միայն արևելյան Թրակիան, Անատոլիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբական թերակղզին։ Բացի դրանից, նրա իշխանությունը ձևական էր։ Եթե նա գոռոզանում էր հավատացյալների Առաջնորդի իր տիտղոսով, ապա Անատոլիայի սահմաններից դուրս ապրող հավատացյալները նրան որպես այդպիսին այլևս չէին ընկալում։ Եվ վերջապես, այն պահից ի վեր, երբ 1909 թ. երիտթուրքերը գահընկեց էին արել Աբդուլ Համիդ II-ին՝ նրան փոխարինելով Մեհմեդ V-ով, սուլթանի ամբողջատիրությանը վերջ էր տրվել։ Սկզբունքորեն երկիրը կառավարվում էր խորհրդարանի կողմից, սակայն իրականում իշխանությունը իրականացնում էին երեք հոգի՝ Էնվերը, Թալեաթը և Ջեմալը։ Այս եռյակն էր, որ 1914 թ. հոկտեմբերի սկզբին ներքաշել էր երկիրը պատերազմի մեջ, դաշնակցելով Գերմանիային։
Այժմ կայսրությունը շրջապատված էր բոլոր կողմերից։ Թեժ մարտեր էին մղվում Անատոլիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, ուր ռուսներն անցել էին սահմանը և գրավել Վանը։ Ռազմամթերքի պակասի պատճառով նրանք նահանջում էին, սակայն դա արվում Էր, անկասկած, էլ ավելի հուժկու հարված հասցնելու նպատակով։ Հարավում բրիտանացիները տիրացել Էին Բասրային՝ Միջագետքում, որը տեղադրված էր Տիգրիսի և Եփրատի գետաբերանում։ Դրանից դեպի արևմուտք՝ Սինայի թերակղզում բրիտանական մեծաքանակ զորախմբի կողմից պահպանվող Սուեզի ջրանցքը գրավելու անհաջող փորձից հետո օսմանյան բանակը նահանջում Էր։ Կար նաև Գալիպոլին, որը գրեթե Կոստանդնուպոլսի մատույցներում էր, և ֆրանսիական ու բրիտանական նավատորմիղները, որոնք վերահսկում Էին Միջերկրական ծովը։ Այս ամենը ամենևին չէր խաթարում օսմանյան ղեկավարների լավատեսությունը։ Դարդանելի նեղուցի ճակատամարտը նրանց ինքնավստահություն էր ներշնչում. առաջին անգամ էր, երբ բրիտանական ամբարտավան նավատորմիղը ստիպված էր իր պարտությունը խոստովանել։ Իսկ դա թուրքերի կատարած սխրագործությունն էր։ Եվ վերջապես, Օսմանյան կայսրությունը ազատվել էր Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի, Իտալիայի շուրջ մեկ հարյուրամյակ իրականացվող ճնշող խնամակալությունից։ Անատոլիայում, հատկապես Կոստանդնուպոլիս-Բաղդադ երկաթգծի վրա, խոշոր ներդրումներ իրականացրած Գերմանիայի օգնությամբ Էնվեր փաշայի կառավարությունը կկարողանար կառավարել երկիրն այնպես, ինչպես հարկ կհամարեր։
Նորին գերազանցություն Հենրի Մորգենթաուն, որը 1913 թ. ի վեր ԱՄՆ դեսպանն էր Կոստանդնուպոլսում, տնային զգեստով նստեց իր գրասեղանի աոջև։ Նա սիրում էր առավոտյան անդորրը և ամեն օր իրեն մենության մի պահ էր պարգևում պաշտոնական պարտականություններին անցնելուց առաջ։ Դրանց ծավալը զգալիորեն մեծացել էր այն պահից, երբ նա ստանձնել էր Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի և Բելգիայի շահերի պաշտպանությունը օսմանյան կառավարության առջև։ Այդ կեսժամյա դադարը նա օգտագործում էր մի քանի տող գրելու համար։ Անձնական մտքեր, տպավորություններ, նոթեր տարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Այդ գրառումները օգնում էին նրան կարգի բերել ցրիվ մտքերը, ինչպես նաև հիմքն էին ապագայում գրվելիք ինքնակենսագրության։
Նրա բարակ, սակայն ցցուն քիթը և փոքր-ինչ մեծ ականջները համաչափ էին թվում նեղ և երկարավուն դեմքի վրա, որի այդ առանձնահատկությունն ընդգծում էին ճաղատացող քունքերը և սրածայր կարճ մորուքը։ Կանայք նրան գեղեցիկ էին համարում։ Պենսնեն և բեղերը նրան խիստ տեսք էին տալիս, սակայն չէին թաքցնում աչքերում արտացոլվող բարությունը։ Այդ սովորաբար հանգիստ և հարթ դեմքին երկու ծալք կար, որոնք, սկիզբ առնելով հոնքերից, բարձրանում էին դեպի ճակատը և ճյուղավորվելով՝ հորիզոնական կնճիռներ էին կազմում։ Ամերիկայի դեսպանը մտահոգ էր։
Նրան չափազանց մտահոգում էր Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, ճակատագիրը։ Մոտ երկու միլիոն հայ ապրում էին Անատոլիայի արևելյան վեց վիլայեթներում՝ պատմական Հայաստանի տարածքի մի մասում, որը հասնում էր մինչև Կովկասյան լեռները՝ մասամբ գտնվելով Ռուսաստանի գերիշխանության տակ։ Բացի դրանից, հայերը նշանակալից փոքրամասնություն էին կազմում կայսրության այլ քաղաքներում, մայրաքաղաքը ներառյալ։ Կառավարությունը ծրագիր էր մշակել տեղահանելու բոլոր այդ մարդկանց և քշելու դեպի Սիրիական անապատը այն պատճառաբանությամբ, որ նրանք կարող էին աջակցել ռուսական զորքին, որը նույնպես քրիստոնյաներից էր կազմված։
Հենրի Մորգենթաուի համար պարզորոշ էր դարձել, որ կայսրության ղեկավարներն այլ նպատակ էին հետապնդում։ Նրանք ուզում Էին մաքրել Անատոլիան ոչ մահմեդական ազգաբնակչությունից։ Այդ տարվա ապրիլի 24-ին մայրաքաղաքի ավելի քան երկու հարյուր մտավորականների և աչքի ընկնող քաղաքացիների բանտարկությունը ավելի քան պերճախոս էր։ Իսկ այժմ, չնայած որ երկրի տարածքով ազատ տեղաշարժը սահմանափակված էր, իսկ նամակները գրաքննության էին ենթարկվում, մայրաքաղաք լուրեր էին հասնում հայկական ջարդերի մասին։ Թեև Մորգենթաուն այլևս իրավունք չուներ օգտվելու ծածկագրից երկրի ներսում գործող հյուպատոսարանների հետ կապվելու համար, այդուհանդերձ նա երբեմն նրանցից նամակներ էր ստանում միսիոներների միջոցով։ Այդ մարդիկ՝ ամերիկացիներ, կանադացիներ, նույնիսկ գերմանացիներ, գալիս էին և նրան պատմում էին այն դաժանությունների մասին, որոնց ականատեսն էին եղել։
Նրանք կարծում էին, որ միայն Միացյալ Նահանգներն էր ի զnրու ճնշում գործադրել օսմանյան կառավարության վրա։ Գերմանացի միսիոներները ցավով նշում էին, որ Կայզերը չէր ցանկանում անդրադառնալ այդ հարցին և ընդհարվել իր դաշնակցի հետ։ Հենրի Մորգենթաուն շատ բան անել չէր կարող, նա միայն բողոքում էր, իսկ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան նրան պատասխանում էր, որ Միացյալ Նահանգները իրավունք չուներ խառնվելու կայսրության ներքին գործերին։ Եվ ըստ միջազգային դիվանագիտության կանոնների Թալեաթն իրավացի էր։
Դեսպանը դադարեց շոյել իր մորուքը, ուղղեց պենսնեն, վերցրեց գրիչը Թալեաթի հետ իր զրույցը գրանցելու համար։ Նախօրեին երկու միսիոներ այցելել էին իրեն և պատմել Կոնիայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին։ Նրանց պատմածը լսելուց հետո նա առանց հապաղելու գնացել էր Թալեաթի մոտ։ Նախարարը չափից ավելի անտրամադիր էր։ Արդեն մի քանի ամիս էր, ինչ նա փորձում էր ազատագրել իր երկու բարեկամներին՝ Այուբ Սաբրիին և Զինունին, որոնց անգլիացիները բանտարկել էին Մալթայում։ Այդ հարցը լուծելու անկարողությունն ընկճում և բարկացնում էր Թալեաթին։ Նա անդադար խոսում էր այդ խնդրի մասին և Մորգենթաուից պահանջում էր միջամտել այդ գործին։
Նրանց ազատ արձակելուն ուղղված հերթական փորձը անհաջողության էր մատնվել և Թալեաթը վրդովված էր։ Նա ջանում էր հանդարտ և քաղաքավարի լինել ամերիկացի դիվանագետի հետ, սակայն նրա կարճ ու հատու նախադասությունները և կատաղի դեմքր վկայում էին, որ պահը հարմար չէր մարդասիրության մասին խոսելու համար։ Հետևաբար Մորգենթաուն խոսեց նախ կանադացի միսիոներ դոկտոր Մակ Նոգտի մասին, որի հետ անարդարացի Էին վարվել։
— Այդ մարդը Անգլիայի գործակալն է,— պատասխանեց Թալեաթը,— և մենք դրա ապացույցն ունենք։
— Ներկայացրեք ինձ ապացույցները,— պահանջեց Հենրի Մորգենթաուն։
Քանի որ նախարարը չէր կարող դրանք ներկայացնել, ապա գերադասեց վրդովված ճառ արտասանել անգլիացիների դեմ։ Ակնհայտ էր, որ նա պատրաստ էր օգտագործել իր տրամադրության տակ հայտնված Անգլիայի ցանկացած հպատակի իր բարեկամներին ազատագրելու համար։ Զրույցի այդպիսի սկիզբը բարենպաստ չէր հայերի հարցը քննարկելու համար, և երբ դեսպանը անցավ այդ հարցին, Թալեաթը բռնկվեց։
— Հայերին չի կարելի վստահել։ Ավելին, նրանց նկատմամբ մեր գործելակերպը չի վերաբերում Միացյալ Նահանգներին։
Մորգենթաուն պատասխանեց, որ ինքը հայերի բարեկամը լինելով՝ վրդովված է նրանց պատուհասած դժբախտությունից։ Փաշան գլուխը թափ տվեց և հրաժարվեց խոսել դրա մասին։ Իբրև բարի կամքի դրսևորում, նա համաձայնեց ազատ արձակել կանադացի միսիոներին։ Դեսպանը գգաց, որ արդյունքի չէր հասնի, եթե պնդեր հայերի հետ կապված հարցի քննարկման վրա։ Բարեբախտաբար Թալեաթի տրամադրությանը փոփոխվում էր մանկական անհետևողականությամբ. այսօր նա կոպիտ էր և համառ, իսկ հաջորդ օրը՝ բարեհոգի և խանդավառ։ Հետևաբար, զգուշությունից դրդված` պետք էր սպասել բարեհոգության պահի և ապա շոշափել այն թեմաները, որոնց մասին նա չէր սիրում խոսել։ Հենրի Մորգենթաուն վայր դրեց գրիչը և աչքերը հառեց դեպի արևելք նայող լուսամատին։ Այդ կողմում էր գտնվում Ռուսաստանի սահմանը, ավելի քան 1200 կմ հեռավորության վրա։ Անպտուղ դաշտավայրերի և մերկ լեռների այդ երկրում, ուր գետահովիտները միակ կանաչ օազիսներն էին, հայերը մատնված էին ճակատագրի քմահաճույքին։
Անատոլիայի հենց սրտում` Հալիս գետի հովտում գտնվում էր Սվասի վիլայեթի կենտրոն Սվաս քաղաքը։ Հասունացող ցորենի արտերը ոսկեզօծում էին դաշտավայրը։ Հյուսիսից և հարավից դաշտավայրը շրջափակող դեղին լեռները կարծես միանային հեռվում, և այնպիսի պատրանք էր ստեղծվում, որ քաղաքը գտնվում էր աշխարհի մեկուսացած գոգավորության մեջ։ Մինչդեռ սա միջանցք էր, որտեղով անցնում էր Կոստանդնուպոլսից Պարսկաստան տանող ճանապարհը։ Անատոլիայի բարձրավանդակը, որն ընկած էր Միջերկրական և Սև ծովերի արանքում միշտ էլ կամուրջ էր եղել Արևելքի և Արևմուտքի միջև, անցում, որն ընտրում էին նվաճողները, առևտրականները և քոչվոր ցեղերը։ Իսկ Սվասն էլ իր հերթին կարևորագույն հանգրվան է եղել քարավանների համար, որոնք մետաքս և համեմունք էին բերում Կենտրոնական Ասիայից։
Մ.թ.ա VII դ. ի վեր այդտեղ հաստատված հայ ժողովուրդը տարել էր խեթերի և պարսիկների գերիշխանությունը։ Հետագայամ այդ տարածքով էին անցել Ալեքսանդր Մակեդոնացու բանակը, Կեսարի լեգեոնները, բյուզանդացիները, արաբ նվաճոդները և մոնղոլական հորդաները։ Սելջուկյան թուրքերը եկան ասիական տափաստաններից, իսկ խաչակիրներն անցան երկիրը, ուղևորվելով դեպի Երուասղեմ։ Եվ վերջապես XV դարում օսմանյան թուրքերը տիրացան երկրին, իսկ հետո իրենց գերիշխանությունը տարածեցին մինչև Աֆրիկա և Եվրոպա։
Չնայած պատերազմներին և ջարդերին՝ հայերին հաջողվել էր վերապրել և բարգավաճել։ Գործունյա և ճարպիկ լինելով, նրանք հաճախ միջնորդի դեր էին կատարում հարևան ժողովուրդների համար։ Իրենց պատմության քսանհինգ դարերի ընթացքում նրանք հինգ տարբեր թագավորաթյուններ էին հիմնադրել, որոնք միասին գոյատևել էին մեկ հազարամյակ։ Միջթագավորությունների ընթացքում նրանք հայտնվում էին որևէ նվաճողի լծի տակ։ Մ.թ ա. I դ. Տիգրան Մեծի թագավորությունը տարածվում էր Սև ծովից մինչև Կասպից ծովը, Կովկասյան լեռներից մինչև Միջերկրական ծովի ափը։ Հայոց վերջին թագավորությունը՝ խաչակիրների դաշնակիցը, գտնվում էր Կիլիկիայում և գոյատևել էր մինչև 1375 թ.։ Հետագայում Հայաստանը, ուր Նոյյան տապանի հանգրվան Արարատ լեռն Է, բաժանվել է Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։
Բազմադարյան մշակութային ավանդույթներ, սեփական հավատք, լեզու, գիր ունենալով, հայերը դիմադրում էին ձուլման ցանկացած փորձին։ Չնայած հայերը շրջապատված են եղել մահմեդականներով, նրանք համառորեն պահպանել են իրենց դավանանքը, որն ըստ ավանդության Հայաստանում քարոզել են Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը։ Հայերը հպարտանում էին, որ 301 թ Տրդատ Մեծ արքան հռչակել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդպիսով հիմնադրել առաջին քրիստոնեական պետությանը։ Դավանափոխության եզակի դեպքեր էին անցնումը կաթողիկե և բողոքական եկեղեցիների գիրկը, որոնց միսիոներները ակտիվ գործունեություններ էին ծավալել Անատոլիայում 19-րդ դարում։ Սակայն հայերի մեծ մասը հավատարիմ էր մնացել Հայոց Առաքելական եկեղեցուն, որը նրանց համար մարմնավորում էր ազգային ինքնուրյունը և կապը անցյալի հետ։
Սվասում, ինչպես և Անատոլիայի մնացած վիլայեթներում, մահմեդականները և հայերը լավ, թե վատ գոյակցում էին չորս դար շարունակ և քաղաքի տեղագրությունը վկայում էր այդ փոխադարձ կախվածության, մասին ուր փոխադարձ հարգանքը չէր բացառում նաև որոշակի փոխադարձ անվստահություն։ Բազմաթիվ մատուռներ, վանքեր ու դպրոցներ ունեցող հայկական թադաղամասը փռված էր սարի լանջին։ Վերին քաղաքը, իր հարուստ առանձնատներով, որոնք շրջապատված էին այգիներով ու ցանկապատերով, տեղադրված էր ավելի համեստ, տափակ տանիքներով և կրով սպիտակեցրած պատերով տների զանգվածի վերևում։ Այս՝ ներքին թաղի տների միջև գոյանում էր նեղ փողոցների և նրբանցքների լաբիրինթոսը։
Ավելի ցած ընկած քաղաքապետարանը, շուկայի հրապարակը և կառավարական շենքերը սահման Էին հանդիսանում։ Դրանցից այն կողմ ծավալվում էր Կավալը, ուր ապրում էր մահմեդական ազգաբնակչությունը` թուրքեր, չերքեզներ և քրդեր։ Այնտեղ արևի տակ փայլփլում էին հին հոգևոր դպրոցի՝ երկնագույն ֆայանսով պատված գմբեթը, և տասնյակ մինարեթներ էին խոյանում տափակ տանիքների կողքին։ Վաճառատները, պաշտոնական նստավայրերը շարված էին կողք կողքի` խանդավառ խառնաշփոթի մեջ...
ԳԼՈՒԽ 1
Մաս 1
Վարդան Պալյանն ամբողջ գիշեր չէր կարողացել քնել։ Ժամը հինգին նա վեր կացավ` ջանալով չարթնացնել կնոջը՝ Մարոյին։ Տնային զգեստը հագնելով, նա գնաց իր աշխատասենյակը։
Նախօրեին սուրհանդակը հրապարակել էր Սվասի հայերի տեղահանության հրամանը։ Վարդանը, որ աշխատում էր քաղաքից դուրս գտնվող հոսպիտալում, չէր լսել սուրհանդակին, սակայն աշխատանքից տուն վերադառնալիս տեսել էր խաչմերուկներում փակցված հայտարարությունները։ Ոչ մի ժամկետ նշված չէր։ Հայերը պետք է նախապատրաստվեին հեռանալուն և սպասեին։ Այդ ընթացքում նրանք իրավունք չունեին առևտրով զբաղվելու, և նրանց արգելվում էր վաճառել իրենց ունեցվածքը։ Քանի որ Վարդանը ծառայում էր օսմանյան բանակում որպես պահեստազորի բժիշկ-սպա և ուներ մայորի աստիճան, ապա պաշտոնյաների կողմից «տեղահանություն» կոչված միջոցառումը չէր կարող տարածվել նրա և նրա ընտանիքի վրա։ Սակայն իր ժողովրդի պատմությունը հարուստ էր այնպիսի դեպքերով, որոնք Վարդանին դրդում էին զգուշանալու։
Բազմաթիվ նախանշաններ կային, որոնք ստիպում էին Վարդանին մտածելու վատթարագույնի մասին։ Նախ, օսմանյան բանակի հայ զինվորներին զինաթափել էին, նրանք խրամատներ էին փորում կամ զինամթերք տեղափոխում, բացի դրանից բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հանձնել իրենց զենքը իշխանություններին՝ նույնիսկ որսորդական հրացանները։ Հիմա էլ տեղահանություն դեպի ռազմական գործողություններից հեռու ընկած շրջաններ... Մինչդեռ ռուսական ճակատը մոտ չէր, մի քանի հարյուր կիլոմետր։ Վարդանը շատ լավ էր ճանաչում Կոստանդնուպոլսի կառավարության անդամներին և գիտեր, թե ինչ կարելի էր սպասել նրանցից։ Եվ հենց դրանից էլ կորցրել էր քունը։
Սենյակը, որի պատերին քարտեզներ էին փակցված, ուր կանգնած էին քիմիական նյութեր պարունակող պահարաններ և գրքերով ծանրաբեռնված գրադարակներ, թաղված էր մթության մեջ։ Փեղկերի արանքից ներս թափանցող արևի ճառագայթը, որի մեջ պարում էին փոշու հատիկները, ընկնում էր դրվագանախշ գրասեղանի վրա։ Վարդանը բացեց փեղկերը և աչքերը, կկոցեց։ Տան ճակատով մագլցող վարդերի բուրմունքին խառնվել էր աթարի հոտը։ Սվասի յուրաքանչյուր տուն գոմ ուներ, ուր պահում էին մեկ կամ երկու կով, այծեր կամ էլ ավանակ։ Հարուստ բնակիչները՝ նաև ձիեր։ Ուստի ութսուն հազար շունչ ունեցող բնակավայրի վրա միշտ տարածվում էր գյուղի բուրմունքը, հասնելով մինչև վերին քաղաքը, ուր գտնվում էր Պալյանների տունը։
Զեփյուռը ճոճում էր շագանակենու սաղարթը, և այնտեղից լսվում էր տատրակների երգը։ Վարդանը հենվեց լուսամուտի գոգին, և զեփյուռը հովացրեց նրա մարմինը։ Գիշերը խոնավ էր և տոթ, իսկ տագնապն ու անքնությունը էլ ավելի էին սրել շոգի գգացողությունը։ Ձնհալին հետևող բուսականության գարթոնքի կարճատև ժամանակաշրջանն ավարտվել էր, և Անատոլիայում սկսվել էր սովորական երաշտը։ Բացառությամբ կարճատև և հորդառատ անձրևների՝ մինչև աշուն այլևս տեղումներ չէին լինելու։ Արևը խանձելու էր բուսականությունը, չորացնելու էր հողը և դժվարացնելու էր մարդկանց ու կենդանիների կյանքը։
Վարդանը երեսունութ տարեկան էր, սակայն իր տարիքից երիտասարդ էր երևում։ Նրա առնական դեմքը բոլորվում էր ուղղահայաց փոսիկով կամային կզակով։ Դեմքը հարթ էր և միայն աչքերի անկյուններում նշմարվում էին մանր կնճիռներ, որոնք գոյացել էին աչքերը կկոցելու սովորությունից։ Նրա քունքերին հատ ու կենտ ճերմակած մազեր կային, որոնց մասին գիտեր միայն նրա կինը, քանի որ նա վարպետորեն դրանք թաքցնում էր սանրվելիս։ Վարդանը խնամված արտաքին ուներ, միշտ սափրված էր, իսկ բարակ բեղերը կոկիկ հարդարված էին։ Նա բարձրահասակ էր՝ հարյուր ութսուներկու սանտիմետր, իսկ դա ավելի էր, քան անատոլիացի տղամարդկանց միջին հասակը։ Նրա մարզված մարմինը ուշադրություն էր գրավում ամբոխի մեջ, մանավանդ որ կրում էր եվրոպական հագուստ և ազնվատոհմ պարոնի կեցվածք ուներ։ Այս երկրում ինքնավստահությունը հարգանք էր ներշնչում, իսկ Վարդանը դրա պակասը չէր զգում։
Մինարեթների կատարներից սրբազան կանչն արտաբերող մուեզզինների ձայները միմյանց էին խառնվում։ Մահմեդականների ամենօրյա հինգ աղոթքներից առաջինը սկսելու կանչը, արձագանքելով, ներդաշնակ երգ էր դառնում։ Մուեզզինների կանչին հետևած լռությունը երկար չտևեց, քանի որ հայկական վանքի զանգերն ազդարարեցին առավոտյան ժամերգությունը։ Սվասն անկասկած վերջին բնակավայրն էր Անատոլիայում, ուր մահմեդականներն ու քրիստոնյաները միաժամանակ ծնկի էին իջնում Աստծուն աղոթելու համար։ Այլուր զանգերը լռել էին, և հնչում էր միայն մահվան ղողանջը։
Մոտակայքում լսվեց բացվող փեղկերի աղմուկը։ Այդ գիշեր Սվասում և մերձակայքում ապրող հայերից քչերն էին կարողացել քնել։ Ծերերը հիշում էին 1894թ. Աբդուլ Համիդ II սուլթանի կազմակերպած ջարդերը։ Ասում էին, որ ջարդերին զոհ Էր գնացել մոտ երեք հարյուր հազար մարդ և դա էր պատճառը, որ սուլթանին տվել էին «Կարմիր սուլթան» մականունը։ Վարդանն այդ ժամանակ տասնյոթ տարեկան Էր։ Պալյանների ընտանիքը չէր տուժել, սակայն պաշարման այն զգացողությունը, որի մեջ նրանք ապրում էին, խորը տպավորություն էր թողել Վարդանի վրա, և այդ իրադարձությունները փոխել էին նրա կյանքի ընթացքը։ Նրա հայրը՝ Թովմասը, որն իր արտաքինով, իսկ երբեմն նաև վարքագծով ցուլի էր նմանվում, արդար և մեծահոգի մարդ էր, և նրան հարգում էին նրա մահմեդական հարևանները։ Նա միևնույն ժամանակ շատ զգուշավոր էր։ Դեռևս այն ժամանակ, երբ ոչինչ չէր կանխագուշակում Անատոլիայի սրտում տեղադրված Աֆիոն-Կարահիսարում տեղի ունենալիք իրադարձությունները, նա իր ընտանեկան կալվածքը, որտեղ ափիոն էին մշակում, իսկական ամրոց էր դարձրել։ Նա վարձել էր շուրջ վաթսուն քուրդ բանվոր, հատկացրել մի հողակտոր, ուր նրանք ապրում էին ընտանիքներով իրենց վրաններում, ինչպես ապրում էին քոչվոր եղած ժամանակ։ Այդ մարդիկ գերազանց ձիավորներ էին և լավ զինվորներ ու պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել Թովմաս Պալյանի համար, որին «Աղա» էին անվանում։ Երկու տարի տևած ջարդերի ընթացքում բանվորներն ապրել էին առանց զենքը վայր դնելու և պատրաստ էին պաշտպանել իրենց Աղային, նրա ընտանիքը և ունեցվածքը։
Վարդանը սիրում էր այդ պարզ և կենսուրախ մարդկանց, որոնք կարծես միշտ երջանիկ էին։ Նրանց կանայք, ի տարբերություն թրքուհիների, չէին ծածկում իրենց դեմքը և ազատորեն խոսում էին օտարների հետ։ Վարդանն ավագ եղբոր՝ Նուբարի հետ հաճախ էր լինում նրանց ճամբարում։ Իրենց ողջ մանկության ընթացքում նրանք խաղացել էին այդ բանվորների երեխաների հետ, աշխատել էին նրանց կողքին ափիոնի դաշտերում։ Տղամարդիկ հողն էին վարում և կակաչը ցանում, սակայն երբ գալիս էր բերքահավաքի ժամանակը, բոլորը պետք է գործի անցնեին։ Այդ աշխատանքը համբերություն և ջանասիրության էր պահանջում։ Կակաչի ծաղկաթերթերը թափվելուն պես, նրանք կանաչ սերմնատուփերի վրա կտրվածքներ էին անում, որտեղից կաթնագույն հյութ էր դուրս հոսում և մգանալով թանձրանում։ Հաջորդ օրը նրանք հատուկ գդալներով քերում էին սերմնատուփերը և ափիոն էին ստանում։ Սերմնատուփերը քերելիս դրանցից նոր հնձված խոտի հոտ էր գափս։ Մեկ կիլոգրամ ափիոն ստանալու համար հազարավոր կակաչներ էին անհրաժեշտ, իսկ Պալյանները տոննաներով ափիոն էին արտահանում Եվրոպա և Միացյալ Նահանգներ, ուր դրանից բնափիոն էին ստանում բժշկական նպատակներով։
Մինչև ջարդերը Վարդանն ապրել էր բարեկեցիկ ընտանիքի երեխայի անհոգությամբ առանց մտածելու ապագայի մասին։ Նա սիրում էր գրականություն, երաժշտություն, աղջիկներ և նժույգներ։ Նրա մայրը, որը լավ երաժիշտ էր, քաջալերում էր նրա արվեստասիրությունը։ Հայրը ցանկանում էր, որ իր որդին ավելի առնական զբաղմունք ունենար, և նրան սովորեցնում էր մարդկանց կառավարել, զենք բանեցնել և ձիավարել։ Տասնվեց տարեկան հասակում Վարդանն արդեն ֆիզիկապես ձևավորվել էր որպես տղամարդ, հոյակապ ձիավարում էր և այդ գործում հավասարը չուներ իր շրջապատում։ Չնայած ձիարշավը վտանգավոր էր, հայրը նրան թույլ էր տալիս մասնակցելու այն խաղերին, որ կազմակերպում էին քրդերը աշխատանքից հետո։ Եվ չնկատելու էր տալիս աղախինների հետ իր որդու ունեցած արկածները։
1894 թ. իրադարձությունները դաժան հարված հասցրեցին պատանի Վարդանին։ Նա հասկացավ, որ բարի համարումը և հարստությունը չէին կարող երաշխավորել անվտանգությունը։ Ազնվությունն ու մեծահոգությունը չէին պաշտպանում անարդարությունից։ Գերագույն մի ատյան տնօրինում էր մարդկային կյանքերը, և այդ ատյանը Աստվածը չէր, այլ քաղաքականությունը։ Վարդանը սկսում էր գիտակցել, որ բոլոր հայերը իր պես բարեկեցիկ և անհոգ կյանքով չէին ապրում, որ անարդարացի օրենքները նրանց դարձնում էին Օսմանյան կայսրության խորթ զավակները։ Նրանք հատուկ հարկեր էին վճարում, նրանց արգելվում էր վարչական պաշտոններ վարել և ծառայել բանակում։ Կար հին մի օրենք, մահմեդականն իրավունք ուներ իր թիր սրությունը ստուգել քրիստոնյայի պարանոցի վրա։ Այդ օրենքը ցուցադրում էր այն նվաստացուցիչ վերաբերմունքը, որը գոյություն ուներ սուլթանի ոչ մահմեդական հպատակների՝ գյաուրների նկատմամբ։ Բացառությամբ խոշոր քաղաքների, ուր օրենքն ինչ-որ չափով գործում էր, այլուր հայերը ենթարկվում էին պաշտոնյաների քմահաճույքներին և շորթանքներին, զրկվում էին ունեցվածքից և, չկարողանալով արդարությունը վերականգնել, հայտնվում էին ճորտի կարգավիճակում։
Վարդանի կյանքում նոր նախասիրություն հայտնվեց, դա քաղաքականությունն էր, որով նա տարվեց իրեն հատուկ կրքոտությամբ։ Տասնինը տարեկանում նա դարձել էր Օսմանյան կայսրության պատմության ու քաղաքականության, արտաքին աշխարհի, հատկապես եվրոպական տերությունների հետ նրա հարաբերությունների իսկական գիտակ։ Նա վճռել էր, որ իրավաբան էր դառնալու, ստանձնելու էր իր ժողովրդի պաշտպանությունը և փոխելու էր իրավիճակը կայսրությունում։ Թովմաս Պալյանը այլ ծրագրեր ուներ որդու ապագայի վերաբերյալ. Վարդանը պետք է դեղագործ քիմիկոս դառնար, և դա բխում էր ընտանեկան գործի շահերից։ Հայրը երազում էր ափիոնը որպես հումք վաճառելու փոխարեն դրանից բնափիոն ստանալ տեղում։ Դա շատ եկամտաբեր կլիներ և հնարավորություն կտար վերամշակել նաև այլ ագարակատերերի արտադրանքը։
Բուռն վիճաբանություններից հետո Վարդանը ստիպված եղավ ենթարկվել հոր կամքին և մեկնեց մայրաքաղաք՝ Հայկական կենտրոնական վարժարանում, իսկ հետո էլ Ռոբերտ Քոլերում՝ Կոստանդնուպոլսի ամերիկյան վարժարանում սովորելու, ուր կրթություն էին ստանում հայերի, հույների և հրեաների զավակները։ Նա ապրում էր իր քեռու՝ Մեսրոպ Մեսրոպյանի տանը, որը տպարան ուներ։ Նրա ավագ որդին՝ Պարգևը, ապրում Էր Նյու Յորքում, ուր նա ղեկավարում էր Պալյանների ափիոնի վաճառքի գրասենյակը։ Կրտսերը՝ Տիրանը, Վարդանի հասակակիցն Էր, և նրանք իրար հետ կապվեցին այնպես, կարծես երկվորյակ լինեին։ Տիրանը նույնպես նախորդ տարիների իրադարձությունների ազդեցության ներքո հակվել էր դեպի քաղաքական գործունեությունը։ Սակայն, ի տարբերություն Վարդանի, որը երազում էր սահմանադրական փոփոխությունների և հայերին բազմիցս խոստացված բարեփոխումների իրականացման մասին, Տիրանը զինված պայքարի ջատագովն էր։ Այդ հակասությունը չէր խանգարել նրանց ներգրավվելու նույն հայկական հեղափոխական խմբակների մեջ և մտերմանալու երիտթուրքերի շարժման իդեալիստ անդամների հետ։ Տիրանի ազդեցության տակ Վարդանը դադարեց բանաստեղծություններ գրել և նվիրվեց քաղաքական լրագրությանը։
Վարդանն ուսանում էր համալսարանում, երբ հայրը մահացավ տիֆից։ Մայրը՝ Թագուհին, մահացավ ամուսնու վախճանից երեք ամիս անց, և բժիշկը չկարողացավ ախտորոշել նրա հիվանդությունը, որդիները կռահեցին, որ մայրը մահացել էր սիրուց։ Վարդանն այլևս ստիպված չէր վերադառնալ Աֆիոն-Կարահիսար և ափիոնը բնափիոնի վերափոխել։ Նրա եղբայր Նուբարը համաձայն էր կառավարել ընտանեկան կալվածքը։ Ինչպես և Վարդանը, նա բնափիոնի մասին առանձնապես չէր էլ մտածում։ Նա իր երազանքն ուներ, որին նույնպես հայրը հակադրվել էր։ Դա իրենց հողերում բխող հանքային ջրի շշալցումն էր և վաճառքը Փոքր Ասիայի տարածքում։ Վարդանն ավարտեց ուսումը և դեղագործի պաշտոն ստանձնեց Կոստանդնուպոլսի Եդիկալեի հայկական հիվանդանոցում։ Նա բավականաչափ ազատ ժամանակ ուներ գրելու և քաղաքական հավաքներին մասնակցելու համար։ Քիչ անց նա իր դեղատունը բացեց Բերայի կենտրոնական փողոցում՝ շարունակելով լրագրությամբ զբաղվել։
Հազիվ քսան տարեկան էր, երբ արտասահմանում հրապարակվեցին նրա հոդվածները, որոնց նամակով արձագանքեց Անատոլ Ֆրանսը, և Վարդանը այդ ժամանակից ի վեր նրա հետ նամակագրական կապ էր պահպանում։ Ֆրանսիացի գրողի վերջին նամակը, ինչպես նաև անգլիական և ամերիկյան պարբերականների՝ «Հայկական հարցին» վերաբերող հոդվածների պատվերները դրված էին նրա գրասեղանին, սակայն Վարդանը չէր կարող պատասխանել նամակին և գրել այդ հոդվածները առանց թշնամիների հետ համագործակցության մեջ մեղադրվելու։ Արդեն մի քանի ամիս նրա գրողի և լրագրողի գործունեությունը կասեցված էր, և նա իրեն անկարող էր զգում օգնելու հայերին այդ ճակատագրական պահին։
Հեռվում զռում էր ավանակը։ Աքաղաղները ձայն ձայնի էին տվել քաղաքի չորս ծայրերում։ Մետաղապատ անիվները ճռնչացին փողոցի սալահատակին։ Սվասում կյանքն ընթանում էր իր հունով։ Խոհանոցից աշխատասենյակ էին հասնում կաթսաների զնգզնգոցը և զրույցի մեղմ ձայները։ Լսվեց աստիճանների ճռռոցը և ոտնաձայններ՝ աղախիններից մեկը ամանով տաք ջուր թողեց տանտիրոջ դռան մոտ։
Վարդանը մոտեցավ լուսամուտի ձախ կողմում դրված գրադարակներին և մատն անցկացրեց երեք գրքերի կռնակներով։ Այդ գրքերը նա հրատարակել էր Ժնևում, քանի որ դրանց հրատարակությունը Կոստանդնուպոլսում կարգելվեր։ Երեքն էլ թարգմանվել էին ֆրանսերեն և անգլերեն։ «Քրիստոնյաների ճակատագիրը Օսմանյան կայսրությունում», «Հայկական հարց. անարդարության հիսուն տարի»։ Ինչ վերաբերում է վերջինին՝ «Ազգերի կայսրություն» գրքին, ապա այն քարոզում էր կայսրության փլուզումը և դրա փոխակերպումը ինքնավար պետությունների արդի դաշնության՝ Պաղեստին, Սիրիա, Արաբիա, Թուրքիա, Քրդստան և, իհարկե, Հայաստան։ Այս աշխատությանն որոշակի արձագանք էր ունեցել քաղաքական շրջանակներում, նույնիսկ Միացյալ Նահանգներում և Ռուսաստանամ։ Այս գրքի պատճառով Վարդանի անունը հայտնվել էր սուլթանի ոստիկանության վտանգավոր հեղափոխականների ցուցակներում։ Երիտթուրքերի Իթթիհատ՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեին անդամակցելու և իր քաղաքական հոդվածների պատճառով Վարդանը կասկածելի տարր համարվեց և շուրջ մեկ տարի ստիպված էր թաքնվել, ապրելով ընկերների մոտ և հաճախակի փոխելով հասցեն։ Այդ ժամանակ նա երեսուն տարեկան էր և նոր էր ամուսնացել։ Մարոն անտրտունջ կիսում էր նրա ճակատագիրը։ Նա ողջունում էր Վարդանի գործունեությունը և համամիտ էր, որ անհրաժեշտ էին սոցիալական փոփոխություններ։
Հետագայում, 1908 թ. երիտթուրքերի հեղափոխությունը իշխանությունից հեռացրեց Աբդուլ Համիդ II բռնակալ սուլթանին, և Վարդանը դուրս եկավ ընդհատակից։ Փոքր Ասիայում այդպիսի երջանիկ պահ երբեք չէր եղել։ Մարդիկ պարում էին Կոստանդնուպոլսի փողոցներում։ Հրեաները, թուրքերը, հույները, հայերը և մնացած բոլորը համբուրվում էին։ Բոսֆորի ափին կառուցված քաղաքի վրա նոր արշալույս էր բացվում։ Հավասարություն, եղբայրություն, հանդուրժողականություն։ Որպես Իթթիհատի անդամ՝ մի շարժում, որն ըմբոստացել էր սուլթանի դեմ խորհրդարանական կարգեր հաստատելու համար, Վարդանն ընդգրկվեց նոր կառավարության մեջ։ Ինչպես և բազմաթիվ այլ հայեր, որոնք իրավունք չունեին զինվորական կարիերա ընտրել, Վարդանը մտել էր պահեստազորի շարքերը՝ նոր իշխանությունների նկատմամբ իր վստահությունը վկայելու համար։ Եվ այդ պատճառով նա այսօր ծառայում էր օսմանյան բանակում։
Դա 1908 թ. հուլիսին էր։ Շատ շուտ վեճեր ծայր առան, տարաձայնություններ, որոնց հետևանքով երկու ճամբար գոյացան։ Մի կողմից արդիականներն էին, որոնք եվրոպականացված էին ու ազատական, և նրանց առաջնորդն էր Վարդանը, իսկ մյուս կողմից պահպանողականներն էին, որոնք բացահայտեցին օտարատյացների իրենց իրական դեմքը։ Վերջիններս Էնվերի, Թալեաթի և Ջեմալի ղեկավարությամբ պանթուրանիզմ էին քարոզում, որի նպատակն էր բոլոր քաղաքացիների թրքացումը և կայսրության տարածումը մինչև Կենտրոնական Ասիայի հարթավայրերը, ուր թուրքական ցեղեր էին ապրում։
Մի քանի ամիս տևած ներքին պայքարից հեստ ազգայնամոլները սկսեցին վերահսկել կառավարությունը, և երիտթուրքերի շարժումը վերածվեց ցուցանակի, որը քողարկում էր բռնապետության հաստատումը։ Կառավարությունից իրեն հեռացնելուց առաջ Վարդանը հրաժարական էր ներկայացրել և, զգուշությունից դրդված, լքել էր մայրաքաղաքը։ 1909 թ. ապրիլին Կիլիկիայում հարյուր հազարավոր հայերի ջարդերը ազդարարում էին նոր քաղաքականության ծնունդը։
Վարդանը մի լուսանկար հանեց քարտարանի առաջին դարակից. կառավարության խմբակային լուսանկարն էր, որի անդամն էր նաև ինքը։ Նա մոտեցավ լուսամուտին՝ դեմքերն ավելի լավ տեսնելու համար։ Առաջադիմականներից շատերն առեղծվածային կերպով անհայտացել էին, իսկ չափավորները, որոնց շարքերում էր Վարդանի բարեկամ Հալիթը, որը լուսանկարում ձեռքը դրել էր նրա ուսին, հեռացվել էին իշխանությունից։ Բանակ վերադառնալով Հալիթը հասել էր գեներալի կոչման։ Հնարավո՞ր էր, որ նա հրաժարված լիներ արդարության իր գաղափարներից։
Միայն այն միտքը, որ էնվերն ու Թալեաթն այսօր գլխավորում էին կառավարությունը, վրդովում էր Վարդանին։ Նա հշեց, թե ինչպես էր ինքը դիմադրում նրանց վերելքին։ Նա հատկապես հիշեց Թալեաթի կեղծավորությունը, իրականությունն ու փաստերը խեղաթյուրելու կարողությունը։ Այժմ նա վարչակարգի ամենաազդեցիկ մարդկանցից էր, և հայերի տեղահանությունը նրա ձեռքի գործն էր։ Վարդանը պատառոտեց ուսանկարը և գցեց մոխրամանի մեջ։ Հայացքը պտտելով սենյակով մեկ, նա մտածեց, որ ճիշտ կլիներ, եթե ոչնչացներ իր նամակագրությունը, հատկապես իր քեռորդի Տիրանի հետ, և արտասահմանյան ամսագրերում տպագրված իր հոդվածների օրինակները։
Մաս 2
Վարդանը դռան տակից վերցրեց արդեն սառած ջրի կուժը և սենյակ մտավ։ Մարոն դեռ քնած էր։ Նա ամբողջովին մերկ էր, ծածկոցը վայր էր ընկել պղնձյա ճաղերով լայն մահճակալից։ Կողքի պառկած, ծնկները ծալած, նա մեջքն արել էր դռանը։ Նրա շագանակագույն խիտ վարսերը արձակվել էին և ծածկել էին բարձն ու նրա նուրբ և սլացիկ պարանոցը։ Առավոտյան ցրված լույսն ընդգծում էր նրա բոլորակ ուսերը, լիքը կոնքը։ Նրա մեջքը ստվերում էր և այդ պատճառով ավելի բարակ էր թվում։ Կոնքը լիքն էր, ազդրերը՝ նրբագեղ, իսկ սրունքները հիասքանչ բոլորկություն ունեին։ Վարդանը հուզվեց տեսնելով այդ կատարյալ ուրվագիծը, որը չէին խաթարել երկու հղիությունները, որոնցից երկրորդն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ուներ և ավարտվել էր վիժումով։ Բարակ և նիհար մատներով նուրբ ծեռքը հանգչում էր սավանի վրա։
Երբ իրենք ամուսնացան՝ ութ տարի առաջ, Մարոն քսան տարեկան Էր։ Այդ պահից ի վեր նրանք կատարյալ երջանկություն էին վայելում, և Վարդանի սերն ու տենչանքը բազմապատկվում էին ժամանակի ընթացքում։ Սերը Մարոյի հանդեպ նրա հիշողությունից ջնջել էր բոլոր նրանց, ում նա սիրել էր։ Վարդանը, որ կնասերի համբավ ուներ և հաճախ միաժամանակ երկու սիրուհի էր պահել, այժմ, ի զարմանս հենց իրեն, շատ հավատարիմ ամուսին էր։ Դա նրա արժանիքը չէր, քանի որ պարզապես նա այլևս ուշադրություն չէր դարձնում այլ կանանց վրա և նույնիսկ չէր էլ նկատում, որ նրանցից ոմանք ջանում էին գրավել իր ուշադրությունը։
Վարդանը վայր դրեց կապույտ ճենապակյա սափորը նույն գույնի թասի մոտ և կռացավ Մարոյի վրա։ Մի կողմ տանելով նրա մազերը, Վարդանը շրթունքները հպեց նրա տաք ծոծրակին։ Կինը մեղմ տնքաց և առանց արթնանալու մեջքի շրջվեց։ Նա արտակարգ գեղեցիկ էր, և շատերը համարում էին, որ Մարոն Սվասի ամենագեղեցիկ կինն էր։ Գունատ մաշկը և վճիտ դիմագծերը նրան ազնվաշուք տեսք էին տալիս, իսկ խոշոր սև աչքերը և լիքը շուրթերը բացահայտում էին նրա գգայնականությունը։ Նայելով ինքնամոռաց կերպով քնած կնոջը, Վարդանը նրա դեմքին մանկության հետքեր հայտնաբերեց՝ յոթ տարեկանում արված նրա լուսանկարում առկա անմեղությունն ու պարզությունը։ Մարոն Վարդանին շատ նուրբ թվաց, և նա նրան իր գիրկն առավ։ Մարոն հանկարծ բացեց աչքերը, և կարծես վախեցած լիներ։ Հետո ժպտաց, սակայն նույնիսկ ժպիտը մինչև վերջ չջնջեց վախի այդ արտահայտությունը։ Նա իր շուրթերը պարգևեց Վարդանին և նրանք երկար համբուրվեցին, հետո նա գլուխը դրեց ամուսնու կրծքին։ Վարդանը նրան գրկեց, կարծես ուզում էր պաշտպանել նրան։
— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— մրմնջաց Մարոն։
Վարդանը լռում էր՝ ձևանալով, թե չէր լսել հարցը, սակայն նրա մկանները լարվեցին։ Հենց այդ հարցն էր նրան տանջել ողջ գիշեր։ Նա մեղմորեն ազատվեց Մարոյի գրկից, մոտեցավ հայելուն և սկսեց սրել իր ածելին կաշվե գոտու վրա։
— Ի՞նչ է լինելու մեզ հետ,— կրկնեց Մարոն այս անգամ ավելի բարձրաձայն և մտահոգ ձայնով։
Վարդանը շրջվեց և պատասխանեց վստահ ձայնով.
— Այս միջոցառումը չի վերաբերում զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին, ես դա քեզ արդեն ասել եմ։
— Իսկ մեր բարեկամնե՞րը։ Մեր հարևանե՞րը։ Սվասի հայությո՞ւնը։
— Դեռևս ոչինչ չի պատահել, Մարո։ Օսմանյան կայսրությունում առաջին անգամ չէ, որ հրահանգը թղթի վրա է մնում։ Պետք չէ հուսահատվել։
Մարոն դեմ չէր, որ իրեն համոզեին, սակայն Վարդանի ձայնի մեջ նա անվստահություն էր զգում և չէր կարողանում խաբվել։ Վարդանի վստահությունն ընդամենը դիմակ էր։ Ի դեպ, ինքն էլ նույն կերպ էր վարվում իր սիրած մարդկանց չահաբեկելու համար։ Նա նույնքան տեղյակ էր քաղաքական իրավիճակին, որքան ամուսինը։ Վերցնելով իր օրագիրը մահճակալի կողքին դրված մահճասեղանի դարակից, նա թիկնեց բարձին՝ գրելու համար։ Միտքը ոչինչ չէր գալիս, ավելի շուտ նրա գլխում խառնվել էին հարյուրավոր մտքեր։ Նա վայր դրեց մատիտը և հարցրեց.
— Մենք ոչինչ չե՞նք կարող անել։ Չգիտեմ... միգուցե ճնշում գործադրվի բանակի շտաբի, գավառապետի վրա... Մումթազ բեյը միշտ արդարացի է եղել հայերի նկատմամբ։
— Հրամանը Պոլսից է եկել։ Այն ստորագրել է անձամբ ներքին գործերի նախարարը։
Մարոն գլուխը կախեց։ Հենց այդ Թալեաթի և նրա կողմնակիցների պատճառով նրանք ստիպված եղան թողնել մայրաքաղաքը և ապաստանել այս գավառական քաղաքում այն պահին, երբ ինքը պետք է ծննդաբերեր։ Նա հիշեց դեպի Սվաս կատարած իրենց ճանապարհորդությունը։
— Ես չեմ կարողանում պատկերացնել այդ տեղահանությունը։ Ինչպե՞ս են նրանք այդքան մարդ տեղափոխելու։
Վարդանը նույնպես չէր պատկերացնում, թե ինչպես կարելի էր իրականացնել այդ ծրագիրը մի երկրում, ուր չկար երկաթուղի, իսկ ճանապարհներն արժանի չէին իրենց անվանմանը։ Երեսուն հազար հայ միայն Սվասում կար։ Միգուցե երկու միլիոն՝ ամբողջ Անատոլիայում։ Ինչպե՞ս պետք է համակարգեին նրանց և նրանց ունեցվածքի տեղափոխությունը։ Վարչակազմը չէր կարողանում կարգավորել բանակի համար նախատեսված պարենի առաքումը։ Նրան մտահոգում էր ոչ միայն տեղահանությունը, այլև դրա իրականացման պայմանները։ Այդ միջոցառման հետևանքը կարող էր լինել միայն քաոսը, որը բազում հանցագործությունների պատճառ կդառնար։ Վարդանն իր մտահոգությունը չկիսեց Մարոյի հետ։
— Հարցդ տեղին է, Մարո։ Ես կարծում եմ, որ դա անհնարին է և որ կառավարությունն այդ բանը շուտ կգիտակցի։ Զինվորականները կհիշեցնեն քաղաքական գործիչներին, որ երկրի բոլոր ռեսուրսները պետք է ծառայեն ռազմական գործողություններին։
Նա օճառը փրփրեցրեց և քսեց դեմքին։ Մարոն լուռ նրան էր նայում և նրանց հայացքները երբեմն խաչաձևվում էին հայելում։ Վարդանի ձախ աչքի ներքևի կոպի խալը ինչ-որ տարօրինակություն էր հաղորդում նրա անթափանցելի հայացքին։ Անթափանցելի՝ օտարների համար, սակայն բազմաթիվ նշաններ կային, որոնցով Մարոն կռահում էր նրա հոգեվիճակը։ Վարդանի մարզված և միևնույն ժամանակ սլացիկ մարմինը, աշխույժ և փայլուն աչքերը, թեթևակիորեն դուրս ցցված այտոսկրերը և կամային կզակը հանդարտ ուժի տպավորություն էին թողնում, որն ընդգծվում էր սափրվելիս նրա շարժումների ճշգրտությամբ։ Մարոն դողաց։ Նա ուզում էր, որ Վարդանն իրեն գրկեր և ցրեր իր հոգու վրա ծանրացած տագնապը։
— 1909 թ. մենք պետք է հեռանայինք երկրից։
Նա այդ բառերն արտասանեց առանց չարության կամ կշտամբանքի, ավելի շուտ չեզոք տոնով, որպես փաստի արձանագրում։
Վարդանը Մարոյին նայեց հայելու մեջ ածելին այտին սեղմած և ասաց.
— Եվրոպայում այսօր մենք ստիպված կլինեինք դիմակայել պատերազմի դժվարություններին։
Մարոն չասաց, որ կար նաև Նյու Յորքը, ուր Վարդանը կարող էր ներկայացնել Պալյանների շահերը իր քեռորդի Պարգևի փոխարեն։ Ամուսնության տարիներին նրանց միջև ծագած միակ վեճը վերաբերում էր նրանց բնակության վայրին Կոստանդնուպոլսից հեռանալուց հետո։ Աֆիոն-Կարահիսարը մերժվել էր հենց սկզբից մայրաքաղաքին շատ մոտ լինելու պատճառով։ Մարոյին, որը ծնվել էր մայրաքաղաքում, չէին գրավում Անատոլիայի գավառները, և նա պատրաստ էր հեռանալ կայսրությունից։ Նա գերադասում էր հաստատվել որևէ մեծ քաղաքում, ուր կլիներ խոշոր հայկական համայնք, կարևոր չէր Փարիզում, Մարսելում, Ժնևում, թե Լոնդոնում։ Միայն թե այնտեղ կամայականությունը չգերիշխեր։ Սակայն Վարդանը, չնայած իր արևմտյան կրթությանը, անկեղծորեն կապված էր Փոքր Ասիայի՝ իր ժողովրդի հայրենիքի և մեծ քաղաքակրթությունների օրրանի հետ։ Նա սիրում էր այդ երկրի բնակիչներին, բնությունը, նույնիսկ այդ երկրի քարերը, որոնք նա սկսել էր հավաքել մանուկ հասակից։ Եվ, բացի դրանից, այդ ժամանակաշրջանում նա հույս էր փայփայում քաղաքական ապագա ունենալ Անատոլիայում։ Նա դեռևս չէր հրաժարվել անկախ Հայաստանի գաղափարից։
Մարոն անհանգիստ էր և եղունգն էր կրծում.
— Իսկ ի՞նչ կլինի քո եղբայր Նուբարի, Պոլսի մեր ազգականների հետ։ Մենք նրանցից լուր չունենք շուրջ երկու ամիս։
Մայիս ամսին նրանք նամակ էին ստացել Արփինե մորաքույրից, որը հաղորդում էր, թե Տիրանին հաջողվել էր խույս տալ ապրիլի 24-ի բանտարկություններից։ Հարյուրավոր հայ մտավորականներ, գրողներ և աչքի ընկնող քաղաքացիներ ձերբակալվել և տարվել էին երկրի խորքը։ Նրանց հարազատները դեռևս չգիտեին, որ նրանցից մեծ մասին կտտանքների էին ենթարկել և սպանել։ Վարդանը պատասխանեց.
—Ես կարծում եմ, որ մեր ազգականներին վտանգ չի սպառնում, քանի որ մայրաքաղաքում դիվանագետներ և օտար լրագրողներ կան։ Ինչ վերաբերում Է Նուբարին, ապա նա ժառանգել է մեր հոր գրեթե հիվանդագին զգուշավորությունը։ Չեմ զարմանա, եթե նա Կոստանդնուպոլիս՝ Մեսրոպյանների մոտ մեկնած լինի։ Մարոն մտովի իր հայրենի քաղաքը տեղափոխվեց։ Հիշեց Մեսրոպ քեռու և Արփինե մորաքրոջ բնակարանը, Բերայի կենտրոնական փողոցը, Ոսկեղջյուրը, Ղալաթիայի նավահանգիստը.
— Իսկ մենք չե՞նք կարող Պոլիս վերադառնալ։
— Այս պահին դա անհնար է, և դու շատ լավ դա գիտես։ Ես զորակոչված եմ և Սվաս եմ նշանակված։
— Դու դեռևս բարձրաստիճան թուրք բարեկամներ ունես։ Հալիթը գեներալ չէ՞։ Վարդան, ես վախենում եմ։
Վարդանը դեմքն էր չորացնում և հանկարծ անշարժացավ։ Նրա հայացքը սառեց, և Մարոն հասկացավ, որ նրա գլխում ինչ-որ գաղափար ծագեց։ Նա գլուխը թափ տվեց և ասաց՝ ինքն իրեն պատասխանելով.
— Եթե իհարկե...
Նրա խոսքը կտրեց դռան թակոցը։ Դժվար չէր կռահել, թե ով էր դա։ Ձայնը բարձրացնելով, որպեսզի որդին իրեն լսի, Վարդանը հարցրեց.
— Ի՞նչ է պատահել։
— Կարո՞ղ եմ մտնել,— հնչեց բարակ մի ձայն։
— Ոչ, Թովմաս։ Մենք հագնվում ենք։
— Հա՜... Իսկ ես կարո՞ղ եմ հարդարել Հուր Կրակին, հայրիկ։
— Ես քեզ արգելում եմ։ Նա շատ նյարդային է։ Դու ինձ կօգնես նրան թամբել։
— Եղավ,— պատասխանեց երեխան հիսաթափված ձայնով։— Ես Զեյնաբի հետ կգնամ ջուր բերելու։
Թովմասը, որ եկել էր մատների ծայրերին, աղմկոտ հեռացավ։ Վարդանը համազգեստն էր հագնում։
— Ի՞նչ էիր ուզում ասել,— հարցրեց Մարոն, որը պատրաստ էր կառչելու ամենաաննշան հույսից։
— Դա դեռ շատ աղոտ է, և ես պետք է լավ մտածեմ։ Մենք կխոսենք դրա մասին երեկոյան։
Պնդելն անիմաստ էր։ Վարդանը հարցերը քննարկամ էր միայն այն ժամանակ, երբ համոզված Էր, որ իրավացի էր և երբ նրա հղացած միտքը վերջնականապես ձևավորվել էր։ Մարոն հառաչեց.
— Ես հրավիրել էի նավապետ Արմենին և Արաքսիին մասնակցելու Թովմասի տարեդարձին։ Բայց հիմա...
Նրանք լուռ միմյանց նայեցին։ Երկուսն էլ մտածում էին իրենց որդու մասին, որի վեց տարին լրանում էր հունիսի 30-ին։ Մարոյի դեմքն էլ ավելի մռայլվեց, և Վարդանը, ժպտալու ճիգ անելով, համբուրեց նրան։
— Ոչինչ, որոշումդ մի փոխիր, կանենք այնպես, ինչպես նախատեսել էինք։
— Այո,— հառաչեց Մարոն,— թող նա լավ հիշողություն պահպանի։ Ո՜վ գիտի, երբ մենք կկարողանանք...
— Հույսդ մի կտրիր, սիրելիս։
Մարոն գլխով արեց՝ առանց առանձնապես համոզված լինելու։