СТАНЬ VIP
Семилетний мальчик застрелил своего 2-летнего брата из пистолета, найденного в бардачке семейного грузовикаЛавров прокомментировал решение Армении выйти из ОДКБСловакия заявила, что хочет сохранить существующие транзитные коридоры для транспортировки нефти и газа из РоссииСМИ: Баку отказался от встречи глав МИД Армении и Азербайджана на МальтеПашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будет«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждение

Հայ ժողովրդական հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Vard » 10 апр 2010, 19:58

ԱՌԱՋԱԲԱՆ

Текст:
Ո՞վ կարող է ասել, թե ե՞րբ է ծնվել հեքիաթը։

Երևի մարդ արարածի բառ ու բանի հետ, նրա աշխարահայեցողության, նրա մտքի ու երևակայության, ձգտումների ու երազանքների հետ միասին։

Ժողովրդի սիրտը, միտքը, փիլիսոփայությունը, միով բանիվ՝ ժողովրդի հանճարը արտացոլվում է նրա ստեղծած հեքիաթների մեջ։ Քանի որ հեքիաթ ստեղծող ժողովուրդը անմահ է, հեքիաթն էլ մնում է նրա հետ անմահ։ Ի՞նչ խոսք, որ հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի, իր ժամանակի կնիքն է կրում։

Որ շատ չիջնենք հազարամյակների խորքը, հիշենք թեկուղ՝ «Ի սկզբանե էր բանն, և բանն էր առ աստված, և աստված էր առ բանն»։ Այս սքանչելի հեքիաթը իրապես գովերգն է ոչ թե աստծո, այլ բառ ու բանի։ Բիբլիական առասպելներից սկսած մինչև մեր օրերը ավանդը, առասպելը, հեքիաթը կենդանի են ժողովրդի մեջ։

Հեքիաթն էլ ունի իր «կյանքի պատմությունը». ի՞նչ պայմաններում է ծնվել, ի՞նչ առիթով է կրկնվել, ո՞րն է նրա կենսական, այժմեական նշանակությունը ու ազդեցությունը։ Հին հեքիաթը բերնեբերան անցնելով կարող է հղկվել, նոր լիցք ստանալ, և՝ ընդհակառակը։ Որակը կախված է այն «բերաններից», որոնք կամ ըմբոշխնում են հեքիաթը կամ էլ ծամում-ծամծմում։

«Երեկոյան հեքիաթներ եմ լսում, դրանով վարձահատույց լինում անիծյալ դաստիարակությանս պակասին, ի՜նչ հիանալի են այդ հեքիաթները»—գրել է Պուշկինը իր եղբորը։

Բիբլիական «Երգ-երգոցը» սնել ու ծնունդ է տվել նոր ու նոր երգերի՝ համայն աշխարհին քնարերգության մեջ։

«Ոդիսականը» իր գրի առնման երեք հազար տարվա ընթացքում ծնել է նոր ու նոր, բյուր ու հազար վերանայված ու վերափոխված գործեր։

Երրորդ դարում սկիզբ առած «Հազար ու մի գիշերներից» բեղմնավորված ու ծնված ստեղծագործությունները անթիվ ու անհամար են։

Վերցնենք մեր Վարդան Այգեկցուն. նրա միջնադարյան մի քանի տողանոց «Կաթիլ մեղրը» Հովհ. Թումանյանի գրչի տակ դարձել է սոցիալական պամֆլետի մի փայլուն օրինակ։

Թե՛ «Ոդիսականը», թե՛ «Հազար ու մի գիշերները», թե՛ Այգեկցու առակները տպագրվել են, բայց տպագիր գրքերի հետ մեկտեղ շարունակում են իրենց գոյությունը որպես կենդանի բանահյուսություն։ Անմեռ մնացող ու դարեդար նոր «ժառանգներ» տվող հեղինակների թիվը դժվար է հաշվել։

Մեկ այլ առիթով արդեն ասել եմ, որ տատիս պատմածները մեծ ազդեցություն են գործել ինձ վրա, բայց պատմողը տատս էր, լսողը՝ իր փոքրիկ թոռնիկը։ Ու եղավ մի օր, ես արդեն դերասան էի, երբ առիթ ստեղծվեց գիշերելու մեր հեռու-մոտիկ ազգականներից՝ Մաշակար Կարոյի տանը։ Բոլորը նրան ճանաչում էին որպես Մաշակար Կարո։ Մյուս մեր ազգականներից մեկին՝ դալլաք Սիմոնին, հարցրի Կարոյի ազգանունը, դժվարացավ պատասխանել, «դե ի՞նչ ասեմ, Սուրեն ջան, քանի աչքս բաց եմ արել, «Մաշակար» եմ լսել, հեռու ազգականներ ենք մենք, համա նրա հեքիաթներին հեքիաթ չի հասնիլ»...

Մաշակար Կարոն ընթրիքից հետո սկսեց ու մինչև լույս՝ «խաթերս համա» հեքիաթներ էր պատմում։ Ինձ թվում էր, թե նրա պատմած հեքիաթները ՄԵԿ հեքիաթ էր: Դրանք մեկը-մեկից շարունակվելով, կազմում էին մի ամբողջություն։

«Հազար ու մի գիշերների» վրա աշխատելիս ես սիրով ու հուզմունքով հիշում էի մեր Մաշակար Կարոյին՝ տուրք տալով նրա պատմելակերպին ու հիշողությանը, չէի դադարում հիանալուց նրա հեքիաթաշար կազմելու հունարից։

Ինձ համար հայտնություն եղան ակադեմիկոս Արամ Ղանալանյանի «Առածանին», ապա և նրա «Ավանդապատումը»։ Ես առիթ ունեցա մի քանի անգամ հանդիպել ու զրուցել նրա հետ։ «Ավանդապատումից», ինչպես և ինձ ուղարկած նրա դեռևս անտիպ էջերից օգտագործեցի մի քանիսը, մտցրի կատարածս Հայ ժողովրդական հեքիաթների կոնցերտների մեջ, արժանացա այդ աշխատանքի համար Հայաստանի Պետական մրցանակի։

Մեր տանը մնացել էին ութսունականներին Տփխիսում լույս տեսած Տիգրան Նավասարդյանցի «Հեքիաթների» երեք լղարիկ գրքույկները, նաև Գարեգին Սրվանձտյանի «Համով-հոտովը», հետագայում ձեռք բերեցի Գ. Աղեքսանդրյանի «Թիֆլիսեցոնց մտավոր կյանքը», ապա մի օր էլ մի փառավոր նվեր ստացա, այն է՝ «Էմինյան ազգագրական ժողովածուներից» չորս հատոր։

Արդեն 1959-ից սկսվեց տպագրվել Հնագիտության և ազգագրական ինստիտուտի «Հայ ժողովրդական հեքիաթների» առաջին տասը հատորը։ Ինստիտուտում կուտակված հարստությունը երևի լրացնի «Հեքիաթների» հետևյալ տասը հատորները։

Այսպես խելացի մտածված «Հեքիաթների բազմահատորները աշխարհագրականից բացի՝ համահայկական նշանակություն են ստանում, նեցուկ դառնում ազգի, ժողովրդի միավորման մեր դարավոր հույսերին։ Այս հատորները թերթողը մտածում է. ուրեմն մենք այսքան բարբառներով ենք խոսում, ուրեմն մեր հեքիաթներն արտահայտում են մեր ժողովրդի տարբեր հատվածների հույզերը, սիրտն ու միտքը։ Եթե մեր լեզուն, մեր բարբառներն էլ հասկանալի լինեին բոլորիս՝ մեր կյանքը, մեր մշակույթը, մեր հոգեկան աշխարհը ավելի կհարստանային։

Այսպիսով՝ տարբեր բարբառների փոխադարձաբար հասկանալի դարձնելու խնդիրը համազգային նշանակություն ունեցող խնդիրներից մեկն է դառնում։

Չի կարելի Պարոնյանի գործերը Սունդուկյանի լեզվով ասել, բայց այլ են բանահյուսության օրենքները։ Ձևն ու բովանդակությունը անբաժան են, սակայն «թափառականի» օրենքին ենթակա մշեցու պատմած հեքիաթը կարելի է ղարաբաղցու լեզվով պատմել, գյումրեցու պատմածը՝ երևանցու լեզվով։ «Եկվորը» ենթարկվում է ասացողի բարբառին և ընկալվում է, որպես «տեղացի»։

Թափառական սյուժեների ուժը հենց նրանումն է, որ բանահյուսության ծնունդ լինելով՝ հեշտ համակերպվում են տարբեր երկրների, տարբեր ժողովրդների, տարբեր բարբառների հետ։ Մինչև Հայկական հեքիաթներն է հասել ու տեղ գտել և Հոմերոսի միակնյա մարդակեր Պոլիթեմոսը, և XII դարի փիլիսոփա-առակախոս Աբդուլ-Ֆառաջ-Բառ-Էբրէի ասածները, և էլի շատ ուրիշները։ Հայկական հեքիաթները հարուստ են շատ տարբեր ու բազմակողմանի հատկանիշներով՝ դրամատիկականից մինչև ողբերգականը, թեթև հումորից մինչև լիաթոք քրքիջ հարուցողները։ Ու մտածում ես, թե խելոք, ուժեղ ու պայծառ մտքի տեր պիտի լինի էն ժողովուրդը, որ կարենա ծիծաղել ու ծաղրել իր պակասավոր կողմերը։

Ասողին՝ լսող պիտի, լավ հեքիաթ ասողին՝ շնորհալի բանահավաք։ Ցավոք՝ միշտ չէ, որ համընկնում է լավը լավին։ Տեսեք, թե ինչպիսի վարպետությամբ են գրի առնված ու գրեթե արդեն խմբավորված Բենսեի, Սրվանձտյանի հեքիաթները, պարզ տեսնում ես, որ գեղագետի ձեռքով է արված աշխատանքը։

Հայոց լեզուն պետություն ունենալուց և պետական լեզու դառնալուց հետո է, որ հնարավորություն է ստանում զարգանալու վերածնված հայրենիքում։ Մայր երկրում և մասամբ էլ Սփյուռքում որոշ փորձեր են արվում արևմտահայ և արևելահայ լեզուների մերձեցման և երկուստեք դյուրընթեռնելի և դյուրըմբռնելի դարձնելու ուղղությամբ։ Ռուբեն Զարյանն իր հուշերում մեջբերում է Կոստան Զարյանի խոսքերը, «...միացրել եմ արևմտահայ և արևելահայ լեզուները... Ինչ ուզեց, բայց չկարողացավ Շանթը՝ արի ես»։

Այստեղ շատ ավելին եղավ երախտավոր Վահրամ Փափազյանի վաստակը, իմ կարծիքով այս հարցում իր լուման է ներդրել նաև Սիլվա Կապուտիկյանը։

Դեռևս Խաչատուր Աբովյանն է դղրդացրել իր սուրբ խոսքը. «Ամեն ազգի պահողը, իրար հետ միացնողը՝ լեզուն ա»։ Մեր պետական լեզվի հիմքը արարատյան բարբառն է։ Գրական հայերենի կողքին լիաթոք շնչում է դրա խոսակցական տարբերակը։ Տասնյակ տարիներ ես ապրել եմ Հայկական հեքիաթների երազանքով, նրանց բեմից հնչեցնելու հույսով։

Ես արդեն ունեի մի փորձ, իմ «Վերք Հայաստանին» գտավ ջերմ ընդունելություն։ Ես պարգևատրվեցի Աբովյանի մեդալով, որին արժանանում են Մեծ Քանաքեռցուն նվիրված հատուկ աշխատությունները։

Հեքիաթների մի նոր աշխարհ էր բացված իմ առաջ, սրանց ավելացան «Հայ ազգագրության և բանահյուսության» հատորները։ Մի պահ ինձ թվաց, թե խաբուսիկ է մեր ժողովրդի հատված-հատված, կոտորակ-կոտորակ աշխարհով մեկ ցրված լինելը։ Ես ինձ զգացի ընդհանուր զանգվածի մի մասը՝ մի հայ, որի աշխարհը շատ լայնացավ։

Հին ու նոր քարտեզները կենդանացան մարդկային ժխորով, թեպետ բոլորը խոսում, զրուցում էին միմյանց հետ, բայց... դժվար էին հասկանում իրար։ Դե, էլ ինչ ազգակից, որի լեզուն չես հասկանում։

Սկսեցի լրջորեն ուսումնասիրել առջևս ծավալված հեքիաթների ծովը։ Հեքիաթը հեքիաթ է դառնում՝ հեքիաթ պատմողի վերաբերմունքով։ Հայտնի հեքիաթասանները հռչակված են ո՛չ թե շատ հեքիաթ գիտենալով, ո՛չ թե սյուժեն հիշելով, այլ այն բովանդակությամբ, որը հաղորդում են իրենց հեքիաթին։ Այդ բովանդակությունը, այդ իմաստը տալու համար անհրաժեշտ է կյանքի փորձ ունենալ և աստծուց շնորհված տաղանդ։

Հովհ. Թումանյանի կատարածը մեր լեզվի զարգացման գործում կարելի է նմանեցնել Պուշկինի կատարածին՝ ռուսերենում։ Ամենայն հայոց պատկանող Հովհ. Թումանյանը գրել է, թե ազգային գրականությունը չի կարոդ գոյություն ունենալ և զարգանալ առանց ժողովրդական ստեղծագործության և հենց ինքն էլ փայլուն օրինակներ է ցույց տայիս իր գրվածքներում։

«Հեքիաթը՝ գերագույն արարքն է,— գրել է Հովհ. Թումանյանը,— անգամ հանճարը անկարող է հեքիաթ ստեղծել, թեպետն միշտ ձգտել է դրան»։ (Հ. Թ., հ. 5, էջ 472):

Հեքիաթի ստեղծողը բովանդակ ժողովուրդն է։ Դարեդար, սերնդե-սերունդ այն մշակվում, կատարելագործվում է, հարստանում, դառնում մի Հեքիաթ-Արև, որի ճառագայթները անմար են ու անմեռ։

«Անհատ հանճարը չի տվել ո՛չ մի ընդհանրացում, որի հիմքում եղած չլինի ժողովրդական ստեղծագործություն, չի տվել ո՛չ մի համաշխարհային նշանակություն ունեցող տիպար, որը արդեն չի եղել ժողովրդական հեքիաթներում ու առասպելներում», գրել է Մաքսիմ Դորկին (Մ. Գ., Գրականության մասին, էջ 49):

Ո՞ւր եք դուք՝ մեր շնորհալի պոետներդ ու արձակագիրներդ։ Ինչո՞ւ տեր չեք կանգնում մեր հեքիաթային ժառանգությանը։ Ինչո՞ւ չեք մշակում մեր հեքիաթը։ Հովհ. Թումանյանը գրել է. «Ամբողջ իմաստությունը կայանում է նրանում, որ գիտենալ թե ի՞նչը փոխարինել, ի՞նչը դեն ձգել, ի՞նչը թողնել, ինչ լեզվով և ինչպես պատմել, որ լինի գեղարվեստական և չկորցնի իր առանձնահատկությունն ու հմայքը»։ (Հ. Թ., հ. 4, էջ 96, Երևան, 1951)։

Առաջին անգամ ես բանահյուսության ասմունքով զբաղվեցի «Վագրենավորի» առիթով։ Ռուսթավելին գրում է, թե իր պոեմի նյութը վերցրել է պարսկական հեքիաթից, ուրեմն պոեմի հիմքում բանահյուսությունն է։ Երկու տարի աշխատեցի «Վագրենավորի» վրա, կոմպոզիցիան գտավ Վրաստանի գիտությունների ակադեմիայի՝ Մառի անվան ինստիտուտի հավանությունը։ Մինչև այսօր էլ կատարում եմ այդ ծրագիրը, որ վաղուց նկարահանված է և ցուցադրված հեռուստատեսությամբ։

Շատ երկար տևեցին «Սասունցի Դավթի» հազարամյակի հետ կապված նախապատրաստական աշխատանքներս։ Ուզում եմ հիշեցնել ասածս. «Երկար ժամանակ չէի կարողանում ձեռնամուխ լինել գործին, մինչև որ չհանգեցի առաջին հայացքից գուցե հանդուգն թվացող, բայց ըստ էության բնական մտքին, ինչո՞ւ ես չեմ կարող լինել բազմաթիվ ասացողներից մեկը, ես էլ իմ ժողովրդի զավակն եմ, ես էլ նրանց պես ծանոթ եմ էպոսի տարբերակներին։ «Դավթի» կոմպոզիցիան կարդացի գիտությունների ակադեմիայի բանահյուսության ինստիտուտի մի նիստում՝ ակադեմիկոս Ի. Ի. Մեշչանինովի նախագահությամբ և ակադեմիկոս Հովսհփ Օրբելու ներածական խոսքից հետո։ Արժանի գնահատական ստացավ աշխատությունս և առանձին տպագրվեց։ Մինչև օրս էլ «Դավիթը» կարդում եմ ողջ սովետական երկրով մեկ։

«Դավթից» հետո եկան «Հազար ու մի գիշերները», Շեքսպիրի «Հանուն հայրենիքին», «Վերք Հայաստանին», Տոլստոյի «Կրեյցերյան սոնատը», Հոմերոսի «Ոդիսականը»...

Հինգ տասնյակ տարիների դերասանական փորձով զինված, երեսունհինգ գրական կոմպոզիցիաների հեղինակ լինելուց հետո է, որ վերջապես ձեռնարկեցի տարբեր տարիների կատարած և ձայնագրած հեքիաթներս գրի առնել, այսինքն ցանկացա մի հեքիաթասան էլ ես դառնամ։

Հեքիաթների ընտրությունը կախված է նախ բանահավաքի կարողությունից, ապա խմբագրողի շնորհքից և վերջապես՝ կատարողի ընտրությունից։

Տարբեր բարբառներով ասված հեքիաթները ես ջանում եմ հասկանալի դարձնել հայատառ կարդացողներին։ Մեր պետական լեզուն գիտնալը պարտադիր է, ավելի հեշտ կարող է ընկալվել լեզվի ժողովրդական խոսակցական ձևը, որով և գրել եմ այս գիրքը։

Իմ հեքիաթները տարբեր չափով ու ձևով են մշակման ու փոփոխման ենթարկված՝ ճիշտ այնպես, ինչպես կտակել է Հովհաննես Թումանյանը, երբեմն էլ տեղ-տեղ Մաշակար Կարոյի նման միմյանց հետ կապված հեքիաթներ եմ շարում, որոնց շաղկապողը ինքը՝ հեքիաթասանն է։

Հովհ. Թումանյանի հատորներում բանահյուսությանը վերաբերվող շատ անգին մտքեր կան։ Ի մի բերված նրանք մեծ տպավորություն են գործում Ի. Սաֆրազբեկյանի վերին աստիճանի արժեքավոր աշխատության մեջ, այն է՝ «Թումանյանը և համաշխարհային գրականությունը»։ Այս գործը Թումանյանագիտության նոր ու կարևոր էջ է բաց անում։

Մի անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ինձ թև ու թիկունք տված գիտնականներ Արամ Ղանալանյանին և Արտաշես Նազինյանին, ինչպես և ինձ այդ հեքիաթների համար Պետական մրցանակի հասցնողներին։

Ողորմի ձեր անցավորաց, սիրելի կարդացող, ողորմի իմ ոսկեբերան պապին։ Նրա հեքիաթներից պակաս չէր նրա մեղրի համբավը՝ էլած-չելածը մի երկու փեթակ էր, ամա նրա մեղրը թագավորին վայել մեղր էր։

Գնացել էի պապիս տես։ Լավ գարնանային օրերից մեկն էր, երբ փեթակների մեղուները բնությունից հարբած դուրս են թռչում ու արևի շողերի տակ էնպես մի հարսանիք են կազմում, որ տեսնողը մնում է զմայլված։

Մեղվի բզզոցը դուրեկան ա, բայց որ բոլորը միասին են բզզում, ձայները պես-պես փոխում են, մեկ ուժեղացնում, մեկ նվազեցնում, ամեն մեղուն առանձին իր սերն ա երգում, բոլորը միասին՝ հարսանիքի ուրախությունը։

Մեղուների հարսանեկան բզզոցը միշտ ականջիս ա, երբ հիշում եմ լսած ու կարդացածս հեքիաթները։ Մեր տատերի ասած խոսքն ա՝ «Մեղրիկ՝ մատիկ–մատիկ, չամչիկ՝ հատիկ-հատիկ»։ Էնպես կուտես, որ չես իմանա, թե երբ կերար, բայց ամեն ինչի չափը կա, որ անց կենաս՝ կվնասի։

Հեքիաթների բզզոցն ու ղժժոցր հանգիստ չի տալիս ինձ, գիշերները չեմ քնում (պապս կասեր. «Սատանեն աչքերդ լիզել ա»): Մտածում եմ, թե ինչպե՞ս ասեմ, ինչը՝ ինչի ետևից, որտե՞ղ շունչ առնեմ, որ դու էլ, սիրելի կարդացող, ինձ հետ շունչ առնես՝ հանգստանաս։ Պապս կասեր. «Որ մեղվների մեջ ընկար՝ ձեռով-ոտով չանես, թե չէ կկծեն, սուս ու փուս կանգնիր նրանց միջին»։

Դե հմի սուսուփուս առաջիդ կանգնած եմ, սիրելի կարդացող։ Կյանքի փեթակից հավաքած մեղրումը քաղցրի հետ դառն էլ ա պատահում, բոլորը հո մեր Ստեփանավանի ծաղկափթիթ դաշտերի բուրմունքը չունե՞ն։ Ես շատ եմ սիրում մեր ժողովրդական հեքիաթները։

Ուզում եմ, որ դու էլ սիրես։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:44, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:00

ԽԵԼՔԻ ԵՄ ԵԿԵԼ

Текст:
Լինում ա չի լինում մի հարուստ մարդ ա լինում։ Էս հարուստ մարդը հազարներով տավար ու ոչխար, մալ ու դոլվաթ, տուն ու տեղ ա ունենում։ Համա ի՞նչ օգուտ, որ մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ ա լինում, որ կոպեկի համար հոգի ա տալի։ Ոչ տանը, ոչ դուրսը մի մարդ էլա նրանից ոչ մի խեր ու բարիք, ոչ էլ մի պատիվ ու ուրախություն տեսած չի լինում։

Արի տես, որ օրեն մի օր, էս հարուստը գլխացավի ա բռնվում։ Շատ էլ չի ուզում բժշկի ու դեղի փող ծախսի, ամա ճարը կտրած գալիս ա բժշկի դուռը, թե՝ այ բժիշկ, ախր ես մեռա, ինձ մի ճար արա լավանամ։

Բժիշկը սրան, թե՝ քու գլխացավի դեղը ոչխարի գլխի միջին ա։ Մի քանի ոչխար մորթի, գլխների ուղեղը կեր, տեղնուտեղը կլավանաս, թե հու չէ, քեզ ուրիշ ճար չկա։

Հարուստը միտք ա անում, թե ինչի եմ իմ ոչխարներին մորթում, հազիր գնամ միս ծախողիցը ոչխարի գլուխ առնեմ, ուտեմ։ Ձի ա նստում, գնում միս ծախողի մոտ, թե, այ ախպեր, ոչխարի գլուխ ունե՞ս ծախու։

Միս ծախողը, թե բա իմ բանի անունը ի՞նչ ա։ Հրես գլուխ էլ ունեմ, ոտ էլ ունեմ։ Գլխի հատը՝ երեսուն կոպեկ։ Էս հարուստը, թե՝ վա՜յ քու տունը շեն, ես ինչի տեր եմ, որ ոչխարի գլուխը առնեմ երեսուն կոպեկով։ Էդ հո տնաքանդություն ա։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա,— ասում ա միս ծախողը,— էժանն էլ կա, հրեն մեր հարևան գեղումը ոչխարի գլուխը քսան կոպեկ են ծախում։

Հարուստը ձին քշում ա, գալի էս գեղը, տենում ա հրեն միս ծախողը կռները քշտած, ոչխար ա մաշկում։

— Բարի աջողում, ախպերացու,— ասում ա հարուստը,— ոչխարի գլուխը քանիսով ես ծախում։

Սա թե.

— Աստծու բարին, ախպերացու, ոչխարի գլխի հատը քսան կոպեկով եմ ծախում։

— Վայ քու տունը շեն,— ասում ա հարուստը,— էս ի՞նչ ա ես մի բռան չափ գլուխը, որ սրան քսան կոպեկ տամ։ Չէ, ես չեմ կարա։ Շատ թանկ ա։

— Դե, որ թանկ ա,— ասում ա միս ծախողը,— սրանից էժանը, մեր մոտիկ քաղաքումը մեծ ղասաբխանա կա, էնդեղ ոչխարի գլուխը հատը տասը կոպեկ են ծախում։

Դե, էլ գլխներդ ի՞նչ ցավացնեմ, հարուստը հասնում ա էդ ղասաբ-խանեն, տասը կոպեկով մի ոչխարի գլուխ ա առնում գցում խուրջինի մեջը, խուրջինը գցում ձիուն, ինքը նստում ձիու վրա։ Ամա մինչև դես ու դենը՝ օրը մթնում ա։ Տեսնում ա, որ չի կարա իրանց տուն հասնի, գիշերով մի դուռ ա ծեծում, ղոնախ ա ընկնում մի հարուստ կնկա տուն։

Մին էլ դուռը բացվում ա, տուն ա մտնում մի սիրուն, բոյ ու բուսաթով ջահել տղա։ Բարով ա տալի, բարով առնում, նստում էդ կնկա կշտին։

Ըստե, կնիկը հարցնում ա ջահել տղին, թե.

— Թակենք նոր ուտենք, թե ուտե՞նք նոր թակենք։

Հարուստի լեղին ճաքում ա` վայ թե ինձ են ուզում թակեն...

Ջահել տղեն ասում ա, «Թակենք նոր ուտենք»։

Սա որ էս ասեց, կնիկը էն րոպեին գնաց կողքի օթախիցը մի խուրջին բերեց, խուրջինի միջից հանեց, ի՜նչ հանեց, հանեց մի գլուխ, մի տղամարդի գլուխ։ Կնիկն ու տղեն, մի մի ճիպոտ վեր կալած լավ, լազաթին թակեցին էդ խուրջնիցը հանած մարդի գլուխը։ Համ ծեծում էին, համ էլ անպատիվ ուշունց տալի։ Կնիկը հո, յաման էր ծեծում ու թքում։ Վերջը գլուխը էլ ետ գցեցին խուրջինը, տարան կողքի օթախը։

Կնիկը մի սեղան բաց արեց, որ աչքդ էն բարին տեսնի, սուփրեն մեկ, միջինը հազար, էլ ինչ ուտելիքներ, ինչ խմելիքներ։ Նոր սրանք հանգիստ նստեցին սեղան, կերան, խմեցին, ջան ասեցին ջան լսեցին, երգ ու խաղ ասեցին...

Հարուստը մնացել էր բերանը բաց, չէր իմանում ի՞նչ էր իրա տեսածը. երա՞զ էր բալի...

— Այ քույրիկ,— հարցրեց կնկանը,— էս ի՞նչ բան էր, որ տեսա, էն ում գլուխն էր, որ էնպես ծեծում, թքում ու մրում էիք։

Էս կնիկը, թե՝ էս տուն ու տեղը, որ տեսնում ես, իմ մարդուն էր պատկանում, շատ մեծ հարստության տեր էր, էլ ոչխար, էլ տավար, էլ, էլ, էլ ի՞նչ ասեմ ամեն բան ուներ, ամա աստված նրան անիծել էր, թե սատանեն տամարն էր մտել, մի չտեսնված գծուծ, ժլատ մարդ էր անխիղճը, կոպեկի համար դողդողում ու հոգի էր տալի։ Օր ու գիշեր իր մալի ու ոչխարի մոտ էր անց կացնում։ Ոչ նրա երեսն էի տեսնում, ոչ էլ մի քաղցր խոսք լսում նրա բերանիցը։

Դե, ես էլ տեսա, որ նրան ոչ տուն ա պետք, ոչ կնիկ ու սեր, էս ջահելին առա ինձ սիրեկան ու սրա հետ էի տանը կյանք վայելում, չունքի չուտողի մալը՝ ուտողին հալալ ա։ Վերջը մարդս հիվանդացավ, մեռավ։ Նրա մահից հետո էր, որ ես նոր մի լավ օր ու կյանք տեսա։ Սաղ հարստությունը մնաց ինձ։ Սիրեկանիս հետ օրինավոր պսակվեցի։ Հիմի ուտում, խմում ենք նրա հարստությունը, գլուխն էլ կտրած պահում ենք ու ամեն սեղան նստելուց առաջ մի լավ թակում ենք նրա համար, որ իմ կյանքն էլ իրանի նման սև էր անց կացնում, քանի սաղ էր։ Ի՞նչի չէր շուտ սատկում, որ իմ ջանն էլ ազատվեր նրա ձեռիցը...

Էս որ լսում ա հարուստը, մատը կծում ա։ Գլխի ցավը տեղն ու տեղը կտրում ա։

Հենց որ լիսը բացվեց, բարին բացվի ձեր գլխին, ձեր որդկերանց գլխին, էս հարուստը ձին դուրս քաշեց գոմիցը ու յալլա դբա իրանց գեղը։ Տասը կոպեկանոց ոչխարի գլուխը հանեց խուրջինիցը, դեն շպրտեց, «Այ քու էսենցն ու էնենցը,— ինքն իրան ուշունց տվեց,— էլի ժլատություն կանե՞ս։

Հասավ տուն, կանչեց իր գլխավոր չոբանին, թե` էս րոպեին իրեք հատ լավ ղոչ ջոկիր, որ մորթենք։

— Վա՜յ, աման, տունս քանդեց,— ծղրտաց հարուստի կնիկը,— քեզ ի՞նչ էլավ, այ մարդ, հիվանդ հո, գժվե՞լ ես։ Էսքան տարի մենք մարդ ու կնիկ ենք, էսքան հարստության տեր, մի անգամ էլա էսպես բան չես արած դու։ Մեր կերածը էն ա էլել, որ դու ամիսը մի հետ բազարիցը մի գրվանքա միս ես առել։

Մարդը թե`

— Վախիլ մի, կնիկ ջան, հեչ վախիլ մի։ Ոչ թե գժվել, լափ խելքի եմ էկել։ Ժլատ մարդը շուտ կմեռնի, հետևիցն էլ ուշունց կտան, էսենց ու էնենց խոսք կհիշեն գերեզմանին...

— Այ մարդ, յանի դո՞ւզ ես ասում, թե սուտ,— հարցնում ա կնիկը։

— Սուտ ասողի հերը, մերը... սուտ ասողը խավար-խասին մնա, սուտ ասողը խորով-խորով լինի, աչքը տրաքի, ղարաչի դառնա... Սուտ ասողի... հը, բերանս ինչ ա գալի...
Ասում ա պրծնում, կնկանը խտտում, պաչպչում։

— Վա՜յ, այ մարդ, մեռնեմ արևիդ,— ձեն ա տալի կնիկը,— հիմի որ տեսնում եմ՝ խելքի ես եկել։— Ինքն էլ ա մարդուն խտտում, պաչպչորում, թե իմ ջան ու ջիգյարն ես, թե իմ բռթոտ շունս ես յանի թե՝ քեզ շատ եմ սիրում։

Դե դրուստ ա էլի՝ ուզում ես շուն ասա, ուզում ես գել ասա, մենակ թե խոսքի տակին սեր ըլնի։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:45, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:02

ԴԱՐԴՈՏԱԾ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Текст:
Ողորմի ձեր անցավորանց՝ ողորմի իմ պապին՝ էս նրա պատմած հեքիաթն ա...

Լինում ա չի լինում մի վաճառական։

Սրան ունենում ա մի կնիկ։ Սրանք շատ հարուստ են լինում ու շատ էլ սիրով են ապրում։

Ամա, օրվա մի օրը էս վաճառականը, որ էլի իրա գործերով ուրիշ քաղաք ա գնում, ետ ա գալի տուն՝ իմանում ա, որ կնիկը սիրեկան ա պահել։

—Իմ կնիկը էդ բանը չի անի,— ասում ա,— Լինելու բան չի։ Էստեղ չար լիզու ա խառը։

Համա էլ ու՜ր։ Պապս կասեր՝ աչքի տեսածը հաստատ ա, քանց ականջի լսածը։ Իրա աչքովը տեսնում ա, որ կնիկը սիրեկան ունի։

Դե, ինքը անունով, պատվով մարդ, ո՞նց դիմանար։ Կնկանը դուրս ա անում տանից։

Անց ա կենում մի առ ժամանակ, էս վաճառականը տեսնում ա, որ տունը՝ առանց տանտիրուհու՝ տուն չի։ Ամեն բանի համն ու լազաթը կորել ա։ Ի՞նչ անի։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։ Համ էլ ասված ա՝ մենակությունը աստծուն կվայելի։ Միտք ա անում, միտք, նորից մի ուրիշ կնիկ ա առնում՝ հետը պսակվում։

Ամա արի տես, որ էս վաճառականի բախտը իրա հետ ա լինում։ Էս թազա կնիկն էլ ա հարամ դուրս գալի։ Ուզած-չուզած սրան էլա տանից դուրս անում։

Խեղճ վաճառականը ընկնում ա դարդի ծովը։ Դարդից ու ամոթից ուզում ա թե խեղդվի, մարդու էրես չի ուզում տեսնի։

Օրվա մի օր տուն ա մտնում սրա չքավոր հարևանը։

— Այ մարդ,— ասում ա,— ի՞նչ ա էլել քեզ: Ռանգդ գցած, ունքերդ կիտած, մտքերիդ հետ ընկած, ուրբաթախոս ես դառել։ Աստված դարդը որ տալիս ա՝ դարմանն էլ հետը։

Վաճառականը սիրտը բաց ա անում, պատմում ա իր դարդը։ Համ պատմում ա, համ էլ հանկարծ միտն ա բերում, որ էդ հարևանի կնիկը էրկու-հոգիս ա, ասում ա՝

— Իմ դարդի դարմանն էն ա, որ համաձայնվես քեզ հետ մի պայման կապենք։ Էս ա կնիկդ էրեխով ա,— ասում ա,— էսօր էգուց ազատվելու ա։ Թե որ տղա բերեց, էդ հո քու բախտիցը։ Թե որ իմ բախտիցը աղջիկ բերեց, արի, էդ վեց ամսական աղջիկը ծծից կտրած ինձ տուր, ես պահեմ, իմ գիդեցածով մեծացնեմ ինձ համար։ Ինչքան փող կուզես՝ կտամ, աղջկադ էլ առոք-փառոք, աչքիս լսի պես կպահեմ։

Շատ երկար չասենք։ Չքավոր հարևանին շատ որ զոռում, մեծ փող ա խոստանում վաճառականը, վերջը պայման են կապում։

Հարևանի կնիկը, իրա ժամանակին ծունկը գետինն ա տալիս, բերում մի սիրուն աղջիկ։
Վեց ամիսը թամամած, ծծից կտրում, էդ աղջիկ էրեխուն բերում են տալիս վաճառականին։

Դե, էս վաճառականն էլ, ի՞նչ ասել կուզի, աշխարհի պետք էլածը ճարում ա, ամեն մի հարմարություն ստեղծում, որ էրեխուն թաքուն մեծացնի, օտար աչքից հեռու։

Կարճ կտրենք՝ անց ա կենում տասնվեց տարի, աղջիկը մնում ա՝ անարատ աղջիկ։
Վաճառականը մին էլ որ գնում ա ուրիշ քաղաք առուտուրի, հասած աղջիկը մնում ա տանը փակված...

Աղջկա աչքը ընկնում ա երդիկին, ասում ա տենաս դուրսը ի՞նչ կա։

Իրար վրա բաներ դնելով, բարձրանալով, հասնում ա երդիկին, երդիկովը դուրս գալի կտուրը, կտրանը նստում։ Անմեղ արարած՝ իրա համար խաղում ա կտրան կանաչի, քար ու հողի հետ, քար ու հող ա շպրտում դես ու դեն։

Մին էլ որ քար ա գցում, քարը գնում դիպչում ա մի ջահել տղի։ Աղջիկը միամիտ ա՝ ամա տղեն ասում ա. «Հալբաթ ինձ սիրում ա՝ դրա համար ա քարով տալի»։

Վեր ա ունում աղջկան, մտնում սրա հետ տուն։

Դե, էլ ի՞նչ ասեմ... Սրանք ապրում են իրար հետ։ Ապրում են, յոթանասուն ու ութ օր։

Վրա յոթանասուն ու իննը օրը, վաճառականը, իր գործը պրծած, գալիս ա տուն, դուռը բաց անում... Տղեն աղջկա ծոցիցը փախչում ա, թաքնվում, ամա դե վաճառականը տեղն ու տեղը գլխի ա ընկնում թե՝ ինչը-ինչոց ա. աղջիկը էլ աղջիկ չի։

Մի բան էլա չի ասում, մտիկ ա տալի աղջկա աչք-ունքին, ախ ա քաշում, ասում ա, գլուխս առնեմ, գնամ կորչեմ, որ էսքան անբախտ եմ ես։ Դուռը ետ ա դնում՝ ընկնում ճամփա, գնում։

Գնում ա, գնում շատն ու քիչը աստված գիտի, արևամուտին հասնում ա մի աղբրի։ Էն զուլալ սառը ջրիցը մի լավ կուշտ խմում ա, սիրտը հովացնում, ուզում ա թե պառկի՝ հանգստանա, մինել միտք ա անում, թե գետնին հազար տեսակ սողուն ու կարիճ կլինի՝ բարձրանում ա ծառին՝ որ քնի։

Ամա օձը կծածին քուն կգա՝ նրա աչքերին քուն չի գալիս։

Մին էլ տեսնում ա, հրես մի մարդ էկավ, ախպրիցը ջուր խմեց։ Հետո նստեց, ջեբիցը մի աղլուխ հանեց փռեց, վրեն հաց ու պանիր դրեց։ Էն մեկել ջեբիցն էլ հանեց մի կարմիր խնձոր։

Էս խնձորը ձեռների մեջին ոլորեց-պոլորեց, էնքան մինչև էդ կարմիր խնձորը դառավ մի շահել սիրուն կնիկ։

Սրանք հաց կերան պրծան։ Դեսից-դենից խոսացին։ Մարդը գլուխը դրեց կնկա ծնկանն ու քնեց։ Մարդը որ քնեց, էս կնիկը մարդու գլուխը դրեց գետին, ծոցիցը հանեց մի ասեղ, ձեռների միջին էնքան ոլորեց-պոլորեց, որ ասեղը դառավ... մի ջահել, սիրուն տղա, էս կնկանը սեր տվեց, սեր առավ։

Մարդու զարթնելու վախտը որ էկավ, էս կնիկը էդ ջահել տղին էնպես ոլորեց-պոլորեց, որ էլի ասեղ շինեց, դրեց ծոցը, մարդու գլուխը էլ ետ դրեց իր ծնկանը, դառավ մի անմեղ հրեշտակ։

Մարդը զարթնեց, պաչեց կնկանը, ոլորեց-պոլորեց, էլ ետ շինեց մի կարմիր խնձոր, ջեբը դրեց ու ճամփա ընկավ։

Վաճառականը իրան մի լավ կմշտեց՝ էս էրա՞զ էր, թե տեսիլք, ամա տեսավ որ քնած չի, զարթուն ա, էլի։

Վեր էկավ ծառիցը, գնաց մարդու հետևից, հասավ սրան, հարցրեց.

— Ու՞ր ես գնում, ախպեր, ճամփեդ բարի։

— Չեմ գիդում,— ասավ մարդը,— գնում եմ էլի։

— Դե որ էդպես ա,— ասավ վաճառականը,— մեկ չլինենք՝ էրկու լինենք, դառնանք ընկեր, ի՞նչ կասես։

— Լավ, ի՞նչ եմ ասել, դառնանք ընկեր։

Սրանք ճամփա են ընկնում, ամենը իր դարդիցն ա խոսում, վերջը վաճառականը թե`

— Ազնիվ ընկերը ընկերոջիցը բան չի թաքցնի, էդ ի՞նչ կարմիր խնձոր էր, որ ջեբիցդ հանեցիր, ոլորեցիր-պոլորեցիր՝ կնիկ դարձավ։ Ախար ես ծառին նստած՝ ամենը տեսա։

Ընկեր թե.

— Քեզանից թաքցնեմ, աստվածանից ոնց թաքցնեմ։ Որ տեսա կնիկս հարամություն ա անում, ընկա մի դերվիշի ոտը աղաչեցի, պաղատեցի, ինձ սորվացրեց, թե ոնց անեմ կնկանս խնձոր դարձնեմ, որ միշտ ջեբիս լինի, հարամություն չանի։

— Հայտնի բան ա,— ասում ա վաճառականը,— ջեբիդ միջին էլ ո՞նց կարա դավաճանի քեզ։ Բա էդ դերվիշի տեղը չե՞ս գիտի։

— Չէ, որդի՞ան, մի քանի տարի առաջ Հնդստանից էկել էր մեր կողմը։ Ետ գնաց իրանց երկիրը։

Վաճառականը մտքումը ծիծաղում ա միամիտ ընկերոջ վրա, ամա էլ ոչինչ չի ասում նրան։ Բերում, հասցնում ա իրանց շենը՝

— Դու էստեղ կաց,— ասում ա,— սպասի ինձ։ Ես մի ծանոթ տուն ունեմ, գնամ ետ գամ, գիշերն էնտեղ մնանք։

Գալիս ա, իրա տան դուռը ծեծում։

Էդ վախտն էլ աղջիկն ու տղեն սեր են անելիս լինում։ Տղեն մտնում ա թախտի տակը, թաքնվում։

Վաճառականը տուն ա մտնում, հրամայում ա աղջկան, որ վռազ ուտելիք ու խմիչք պատրաստի վեց հոգու համար, ինքը գնում ա ընկերոջը տուն բերում։

Նստում են հացի։ Աղջիկն ասում ա թե՝

— Բա ու՞ր են մեկել ընկերներդ։

— Նստի, կգան,— ասում ա վաճառականը,— էն տղին էլ նստացրու, նա էլ սոված կլի, թող նստի մեզ հետ հաց ուտի։

— Ի՞նչ տղա, ի՞նչ ես ասում,— լաց ա լինում աղջիկը,— մեռոնը ճակատիս ա։ Ինչի՞ ես էդ ծանր խոսքը ինձ ասում։

— Շուտ արա, բեր էդ տղին, թե չէ էս ա գլուխդ կպոկեմ։

— Ամա՜ն,— ճչում ա աղջիկը,— այ տղա դուրս արի, նստի էստեղ։

Տղեն դուրս ա գալի, նստում։

— Դե հիմի դու,— ասում ա վաճառականը ընկերոջը,— ջեբիդ էն բանը հանի։ Մեղք ա, նա էլ սոված կլի։

Ընկերը հանում ա խնձորը, ոլորում-պոլորում, դառնում ա սիրուն կնիկ՝ էնտեղ նստում։

Էնա ուզում են հաց ուտեն, վաճառականը դառնում ա ընկերոջ կնոջը՝

— Դոշիդ ասեղը հանի,— ասում ա,— սոված կլի, թող նա էլ հաց ուտի մեզ հետ։

— Էն ի՞նչ ասեղ ա, ի՞նչ բան ա,— զարմանում ա ընկերը,— հանի, թե չէ էս ա սպանեցի քեզ։

Էս կնիկը, ճարը կտրած, հանում ա դոշիցը ասեղը, ոլորում-պոլորում, շինում ա մի ջահել սիրուն տղա, կողքին նստեցնում։

— Պա-հո՜,– ասում ա ընկերը, — էս ի՞նչ բան էր։ Այ վիզդ կոտրվի, այ դերվիշ, ուրեմն կնկանս էլ ես սովորացրել։ Վայ ձեր ջինսը կարվի, կնանիք, վայ ձեր յոթ պորտը անիծվի, վա՜յ ձեր... Մեղա, մեղա, բերանս ինչ ա գալի...

— Վեր կալեք բաժակներդ,— ասում ա վաճառականը,— էս էլ խմենք՝ որտեղ միամիտ մարդ կա նրա կենացը։ Ինչ արինք՝ չարինք՝ բախտ չունեցանք։ Ձուկը ձկանն ասավ. «Դենը պառկի։ —Ու՞ր պառկեմ,— ասեց,— էրկուսս էլ մի թավումն ենք տապակվում»։ Վեր կաց, բախտակից ընկեր, թող սրանք էստեղ մնան, մենք վեր կենանք գնանք էս փուչ աշխարքիցը։

Սրանց թողնում են էստեղ, իրանք գնում։ Թե ու՞ր, իրենք էլ չեն իմանում...

* * *

Պապս որ հեքիաթը թամամացրեց՝ տատս շատ նեղացավ նրա վրա։

— Ալևոր,— ասեց,— էլ բան չգտար պատմելու, որ էդ պատմեցիր։

Գլխիդ ես հավաքել հարսն ու աղջիկ, ազապ տղա ու տան էրեխա։ Քարոզ էս կարդում գլխներին, որ սրանք էլ ոչ քիր ու մեր ճանաչեն, ոչ հարսն ու աղջիկ։ Քու հեքիաթին մտիկ տված, ուրեմն բոլոր կնանիք ղալբ ու հարամ ե՞ն։ Բա էդ ասելու բան ա՞։ Բա էդ պատմելու հեքիաթ ա՞։ Տեսնում եմ՝ քանի տարիքդ երկարում՝ խելքդ կարճանում ա։

Պապս մի թեթև ծիծաղեց, հետո դառավ տատիս՝

— Հերիքնազ,— ասեց,— էդ ձեզ, կնանոցդ համար ա ասած՝ «Մազը՝ երկար, խելքը՝ կարճ»։ Հիմի դու ո՞ւր ես ինձ վրա շուռ տալի։ Ես ե՞րբ ասի թե բոլոր կնանիքն են ղալբ ու դավաճան։ Ես հո խելքս հացի հետ չեմ կերել, որ էղպիսի շաշ բան ասեմ։ Հեքիաթը նրա համար ա ասվում, որ ջահելները իմանան աշխարքիս լավն ու վատը, խերն ու շառը։ Առակ ասողին՝ լսող պիտի։ Դե, դու հիմի տազ արա, ես մի հեքիաթ էլ պատմեմ, լսի՝ նոր վրես խոսա...

Էս հեքիաթը իմ հերը պապիցս ա լսել, պապս էլ՝ իրա հորիցը։

Ժամանակով մի ջահել տղա ա լինում— մի ջահել սիրուն աղջիկ։ Սրանք շատ սիրելիս են լինում իրար։ Տղի հերն ու մերն էլ են հավան կենում աղջկան։

Բերում, նշանում են սրանց, մնում ա պսակն ու հարսանիքը։

Ամա, էրկու երանի մի տեղ չի լինի...

Էս տղեն նշանդրեքի գիշերը մի էրազ ա տեսնում, դուշմանս տեսնի էդ տեսակ երազ։ Էրազում տեսնում ա, որ ինքը նշանածին կարոտով համբուրելու ժամանակ հանկարծ մահը էկավ առաջին կանգնեց, ձեն տվեց.

— Քու պսակի օրը,— ասեց,— դու պիտի մեռնես։

Էս տղեն մի ճչում ա ու զարթնում, սառը քրտինքը կտրած։ Ահ ու զարզանգի բռնված, սա առավոտը էլ ոչովի բան չի ասում, տանից դուրս ա գալի, ընկնում սար ու ձոր։ Շատն ու քիչը՝ տերն ինքը գիտի։ Մին էլ տեսնում ա, հրես մի ոսկեղեն աթոռ, էս աթոռին բազմած երկար սպիտակ միրուքավոր մի ալևոր, ձեռին մի գավազան։ Երեսն էնքան պարզ ու հանդարտ ա, ասես աշխարքիս դարդն ու ցավը, խաղն ու պարը իսկի վեջը չի.

— Այ տղա,— ասում ա ալևորը,— էդ ինչի՞ ես ռանգդ գցել՝ դեղնել։ Էդ ու՞ր ես գնում։

— Մահիցս եմ փախչում, պապի,— ասում ա տղեն,— ու պատմում ա՝ էսենց, էսենց, էսենց, բանս բուրդ ա։

— Ճիշտ ա,— ասում ա ալևորը,— Մահի ձեռից փախչող չի լինի, ամա,— ասում ա,— Մահի միրուքը իմ ձեռում ա, ես եմ հրամայում Մահին՝ ֆլան մարդու հոգին առ։ Ֆլան մարդը թող երկար ապրի, ֆլան մարդը՝ կարճ։

— Պապի, բա դու ո՞վ ես,— զարմանք կտրած հարցնում ա տղեն։

— Ինձ ժամանակ կասեն,— ասում ա ալևորը։

— Այ պապի,— աղաչում ա տղեն,— բա որ էդ չափ զորություն ունես, ոտդ եմ պաչում, ինձ ազատի նրա ձեռիցը։ Ջահել տղա եմ, մուրազի տեր, ինչի ա ուզում հոգիս առնի, ես ի՞նչ մեղք ունեմ արած։

Ալևորը տեսնում ա, որ էս տղեն անարատ հոգի ունի, մաքուր սեր ունի սրտում։ Խղճում ա սրան։

— Էդ ինչքան ես վախեցել նրանից, որ փախստական ես դառել։ Մահն ի՞նչ ա, որ մարդ վախենա նրանից։ Հրես իմ կողքի զուլալ աղբրիցը խմի՝ համ վախդ կկորչի, համ համբերություն կգա վրեդ։

Տղեն ալևորի ձեռն ու ոտը պաչում, շնորհակալ ա լինում, խմում ա էն զուլալ աղբրիցը, վախը կտրում, համբերություն ա գալիս վրեն, ճամփա ա ընկնում։

Ճամփա ա ընկնում, գնում ա ղարիբություն, որ աշխատանք անի, մի քիչ բան վաստակի, նոր գա տուն՝ պսակվի։ Չէ՞ ղարիբի համար, մի օրը մի տարի ա։ Տանջանքի մեջ էս տղի համար անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ասենք՝ հինգ տարի։ Էս տղեն վաստակն առած ետ ա դառնում իրանց տունը։

Էնենց իմ որդիքն ու թոռներս ուրախանան՝ ինչ ուրախանում են տղի հերն ու մերը, նրա նշանածը։ Ուրախանում են՝ աշխարքով մին լինում։ Հարսանիքի թադարեք են տեսնում։ Պսակի օրը նշանակում։

Հենց էդ իրա պսակի օրը, Մահը գալիս ա, տղի առաջին կանգնում։

— Փախել էիր, հա՞,— ասում ա,— էդ ո՞վ ա կարացել իմ ձեռիցը պրծնի որ դու պրծնես։ Հոգիդ տուր։

Էստեղ, էս տղի մերը ընկնում ա Մահի ոտները՝

— Իմ ջահել-ջիվան տղին ինչի՞ ես մեռցնում, հոգի ունես առնելու ,— ասում ա,— հրես իմ հոգին առ։

— Դե, որ էտենց ա,— ասում ա Մահը,— արի, առնեմ։

Մահը որ չի քաշում դրա հոգին՝ ոտներից մինչև բուկը, մերը չի դիմանում՝

— Ամա՜ն,— ասում ա,— իմ հոգին մի առնի։

Էստեղ, տղի հերն ա մեջտեղ ընկնում.

— Իմ մինուճար,— ասում ա,— իմ տան սյուն ու ճրագ որդուն մի մեռցնի,— ասում ա,— ուժդ կնկա վրա՞ յա զոռում, հոգի ունես առնելու՞, հրես, իմ հոգին առ։

— Դե, արի,— ասում ա Մահը,— արի առնեմ։

Մահը որ դրա հոգին չի քաշում՝ չոքերից մինչև լեզվի ծերը, հերը չի դիմանում

— Ամա՜ն,— ասում ա,— իմ հոգին մի առնի։

Էստեղ առաջ ա վազում տղի նշանածը։ Կասես Մահը էնտեղ կանգնած չլինի, փաթաթվում ա տղին, պաչում պաչպչորում, էնպես ա փաթաթվում տղին, ասես մի շունչ ու մի մարմին լինեն։

— Դե, պրծեք,— ասում ա Մահը,— էլ ժամանակ չունեմ, մենակ դուք հո չե՞ք։ Հիմի ի՞նչ եք ասում։

— Առ,— ասում ա նշանածը,— առ, իմ սիրած տղի հոգու տեղակ, հրես իմ հոգին առ։

Մահը վռազ քաշում ա նշանածի հոգին, քաշում ա ոտի եղնգներիցը սկսած մինչև գլխի մազերի ծերը։

— Ւնչի՞ ես ինձ իզուր տեղը տանջում,— ասում ա նշանածը,— միանգամից առ հոգիս ու պրծի, մենակ թե,— ասում ա,— թող մի հատ էլ նրան պաչեմ, կարոտս առնեմ, նոր անելիքդ արա, որ էդքան վռազ ես։

Մահը մնում ա զարմացած՝ քար կտրած։ Մտիկ ա տալի էս աղջկան, էն տղին։

— Ես դրանց հոգին ո՞նց առնեմ,— ասում ա,— կարող ա ալևոր ժամանակը էս անգամ սխալմունքո՞վ ա ինձ ղրկել։ Կամ ուզեցել ա փորձել սրանց սերը։ Ես սրանց հոգին չեմ առնի։ Թող ապրեն՝ իրենց բախտին ձեն տան։

Թողնում ա սրանց, վռազ գնում։

* * *

Էս հեքիաթը թամամացնելով, պապս հարցնում ա՝

— Իմացա՞ր , թե ո՞ւր ա վռազում Մահը։ Մահը վռազում ա, գնա, որ առաջի պատմած հեքիաթիս էն հարամ կաթնակերներ կնանոց հոգին առնի, նրանց հոգին առնի, որ աշխարքիս ղալբն ու հարամը քչանա, լավն ու ազնիվը՝ շատանա։

Հանգած չիբուխին կրակ ա դնում, բուխարուցը մի էրկու նաբաս տալի, կորչում թութունի մխի միջին։

— Հերիքնազ,— ասում ա,— հիմի ի՞նչ ունես ասելու։

— Անունիդ մեռնեմ,— ասում ա տատս,— էլ ի՞նչ պետք ա ասեմ։ Շատ լավ հեքիաթ էր։ Դե, որ խելոք ես, էն ա խելոք ես, էլի։ Էն էլ ասեմ՝ որ խելոք չլէիր, ես հո շաշ չէ՞ի, քեզ առնեի։

— Տեսա՞ք,— ասեց պապս,— ո՞նց ուստավարի իր գլուխը գովեց։

— Մեր տատը որ կա, մի հատ ա,— ձեն տվինք մենք։

— Դե, լավ ա, որ էդքանը հասկանում եք,— ասեց պապս։— Ուշ ա, վեր կացեք՝ քնեք։

Նրա խոսքը՝ օրենք էր մեզ համար։ Սուս ու փուս մտանք տեղներս ու քնեցինք։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:46, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:04

ԱԳՌԱՎ ԽՆԱՄԱԽՈՍՆԵՐԸ

Текст:
Մի օր թագավորն ու նազիր-վեզիրը դուրս էկան ման գալու, տեսնեն՝ երկիրը ո՞նց ա կառավարվում, ժողովրդի հալը ի՞նչ ա։ Մի ամայի, անբնակ գեղամիջով անց կենալիս, տեսան մի դերվիշ նստած ա մի քանդած օջախի մոտ, գլուխը կախ գցած, դարդոտած։

— Դերվիշ բաբա,— ասեց թագավորը,— էդ ինչի ես էդպես դարդոտել։

— Թագավորն ապրած կենա,՝— ասեց դերվիշը,— տեսնում ե՞ս էն ծառի գլխին երկու պառավ ագռավ են նստած, նրանց խոսքակռվին եմ ականջ անում։

— Դու ի՞նչ ա, հասկանում ե՞ս թռչունի լեզուն։ Դե, ասա տեսնենք,— էդ ի՞նչ են կռկռոցը գցել։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,– ես գլխի եմ ընկնում, թե ի՞նչ ա նրանց խոսքակռիվը, ամա չեմ համարձակվում ասել քեզ։

— Համարձակվի, ասա։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,— երդվիր, որ չես պատժի ինձ, որ ասեմ։

— Երդվում եմ, ասա։

— Էն աջու կռանը նստած պառավ ագռավը՝ պսակվելու տղա ունի։ Էն ձախու կռանը՝ պսակվելու աղջիկ։

Աղջկա հեր ագռավն ասում ա.

— Իմ աղջկա բաժինքը էլած-չելած մենակ հարյուր հատ անբնակ քար ու քանդ արած գեղ ա, ուրիշ ոչինչ չունեմ։

— Կունենաս հոգեպահուստ,— ասում ա տղի մեր ագռավը,— ժլատություն մի անի աղջկադ համար։ Տվածդ՝ քիչ ա։

— Համբերիր մի քիչ, խնամի ջան,— ասում ա տղի հեր ագռավը,– եթե էս թագավորր առաջվա պես կառավարի երկիրը, ժողովուրդը սովի բերանը ընկած պետք ա գաղթի իր երկրիցը, փախչի ուրիշ երկրներ։ Մի տարուց հետո քեզ հարյուրի տեղ հազար անբնակ ու քարուքանդ գեղ կտամ բաժին։

— Դերվիշ բաբա,— ունքերը խոժոռում ա թագավորը,— քու ագռավին լսելով, իմ երկիրը ավերակի, սովի ու գաղթի երկիր ա՞։ Բա ինչի՞ պալատումս ես էդ բաները չեմ լսել։ Նազիր-վեզիր, ինչի՞ ես լիզուդ կուլ տվել, միշտ ասում էիր ամեն բան լավ ա։ Խոսի, է։

— Թագավորն ապրած կենա,— ասեց նազիր-վեզիրը,— ես ասել եմ, ասում եմ, էլի կասեմ, մեր ժողովուրդը աչքածակ, անբան ու թամբալ ժողովուրդ ա։ Չեն աշխատում, չեն ուզում քրտինք թափեն, ինչքան էլ տալիս ենք՝ մորեխի նման խժռում են ու էլի սոված նստում։ Չէ որ վերնային աստծանից ա կարգված՝ ինչ ա վայել ռանչպարին ու ռամիկին, ինչը՝ ազնվականին ու իշխանին, թե որ երկիրը պահելու համար մի նոր հարկ ու խարջ եմ նշանակում, տեղով-ընտանիքով փախչում են մեր երկրից, գաղթում ուրիշ աշխարհ

— Տեղին ա ասում նազիր-վեզիրը,— չարացավ թագավորը,— բա մարդ էլ իր երկիրը, իր հողն ու ջուրը, իր տուն ու տեղը կթողնի՞, կհեռանա՞, կգաղթի՞։

— Թագավորն ապրած կենա,— ասեց դերվիշը,— որ մարդու տեղը շատ նեղանա՝ կթողնի, կգաղթի։

Այ լսի պատմեմ քեզ։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:47, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:07

ԹԱԳԱՎՈՐԻ ՀԱՐԿԸ

Текст:
Մի անխիղճ ու անսիրտ թագավոր ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա ուտում իրա նազիր-վեզիրների, սինոդականների ու պալատականների հետ։ Թագավորական խազինեն դատարկվում ա։ Սա կանչում ա նազիր-վեզիրներին.

— Խազինեն լափ դար ու դատարկ ա։ Դե հիմի ո՞նց եք էշը ցեխիցը հանում։ Մի հնար գտեք,— ասում ա թագավորը։— Էկեք մի նոր հարկ դնենք։

— Լավ, դրեցինք, բա հարկի անունը ի՞նչ դնենք, որ հարկը կարենանք հավաքենք։

Պալատականների ու սինոդականների, նազիրների ու վեզիրների խորհուրդ են կանչում։ Թագավորը նստում ա թախտին, դահիճները կանգնում են թագավորական թախտի աջ ու ձախ կողմը.

— Դե, սկսեք սինոդական խորհուրդը, թե նոր հարկահավաքության միջոցը չգտանք, հրես դահիճները պատրաստ սպասում են, բոլորիդ գլխները կթռցնեմ։

Խոսքը վեր ա ունում ամենահասակով ու ամենափորձված սինոդապետը.

— Թագավորն ապրած կենա,— սկսում ա նա իր ճառը... Թագավորը նրա խոսքը կտրում ա.

— Քու տունը չքանդվի,— ասում ա,— ես էլ ո՞նց «ապրած» կենամ, որ խազինեն լափ դար ու դատարկ ա, դուք էլ մի խելքը գլխին բան չասեցիք, թե էս էշը ո՞նց ենք ցեխիցը հանում։

— Դե հենց իմ ուզածն էլ էն ա, որ իմ թագավորը ապրած կենա,— ասեց սինոդապետը,— դրա համար ա, որ խնդրում եմ իրավունք տաս խոսքս թամամացնեմ, թե հավան կացար հու լավ, թե հու չէ՝ գլուխս կտրիլ տու։

— Կարճ կտրի,— վրա բերեց թագավորը,— երկար ճառի աչքակապություն չանես, ասելիքդ պարզ ասա, որ էշի գլուխն էլ հասկանա, պոչն էլ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա սինոդապետը,— արի մի էս տեսակ կարճ ու, ոնց որ դու հրամայեցիր՝ էշի գլխին էլ, պոչին էլ հասկանալի հրաման գրի. ում անունը Մահմադ լինի՝ հինգ ոսկի տա։ Ում կնկա անունը Ֆաթմա լինի՝ հինգ ոսկի տա։ Ում մի էշ ունենա, նա էլ հինգ ոսկի տա։ Ով փինաչի լինի՝ նա էլ հինգ ոսկի տա։ Ով որ քաչալ ա` նա էլ։

— Ապրի մեր սինոդապետը,— ձեն տվին աջից ու ձախից,— նրա խելքը մեզ համար, ոնց որ արեգակը՝ մթնագիշերին։

— Հալբաթ որ,— ասեց թագավորը,— հալբաթ որ, երկրիս ու ժողովրդիս գլխին ես եմ բազմած, ամա հայտնի բան ա, որ իմ աջ ու ձախ ձեռներս իմ նազիրներն ու վեզիրներն են, իմ աջ ու ձախ տեսնող աչքերս՝ իմ պալատականներն ու սինոդականները։ Ապրի իմ սինոդապետը, էս անգամ էլ նա տերությանս էշը ցեխի միջիցը հանեց։ Դե, մինչև հրամանը կգրվի, էկեք մեր սինոդապետի պատվին մի չավ քեֆ անենք, նոր էգուցվանից թող հրամանը ուժի մեջ մտնի։

Նստում են քու հավանած քեֆն ու ուրախությունը անում, որ էս անգամ էլ կառավարության էշը ցեխիցը դուրս քաշեցին։

Էգսի օրը, հարկ հավաքողները ճամփա են ընկնում, ամենը երկրի մի կողմի վրա։ Մին էլ տեսնում են հրես մի փինաչի, ասում են.

— Էս քո՞ւ դուքանն ա։

Ասում ա.

— Հա։

Ասում են.

— Դու փինաչի՞ ես։

Ասում ա.

— Հա, էս ա հինգ տարի ա փինաչություն եմ անում։

Ասում են.

— Թագավորի հրամանն ա, ով որ փինաչի ա, պետք ա հինգ ոսկի հարկ տա։

Սա ղալմաղալ ա անում.

— Ես կարալ չեմ, որդիա՞ն տամ էդքանը։– Ամա որ տեղը նեղանում ա, սա կնկանը կանչում ա. —Ֆաթմա,- ասում ա,– գնա մի հինգ ոսկի բեր, տանք, սրանք ռադ լինեն՝ կորչեն։

Հարկ հավաքողը ասում ա.

— Էս ո՞վ ա։

Ասում ա.

— Իմ կնիկն ա, ո՞վ ա։

Հավաքողը թե.

— Մոլլեն կհաստատի՞, որ սա քու կնիկն ա։

— Ի՞նչ ես ձութի պես կպել ինձանից պոկ չես գալի, իմ կնիկն ա, բա հո քունը չի։

— Պա հո՜,— ասում ա հարկահավաքը,— թագավորի հրաման ա, ում կնկա անունը Ֆաթմա լինի, հինգ ոսկի էլ պետք ա նա տա։

Մարդը ձեն ա տալի թե

— Ֆաթմա ջան։

Կնիկը էն տեղից.

— Էս ա, Մահմադ ջան, հրես կբերեմ։

Ասում են.

— Անունդ Մահմադ ա՞։

Ասում ա.

— Հա։ Ասում են.

— Հինգ ոսկի էլ դրա համար տուր։

— Ֆաթմա ջան,— ասում ա կնկանը,— տասնհինգ ոսկի բեր։

— Մահմադ ջան,— ասում ա կնիկը,— կացի էշը կապեմ բերեմ։

Ասում են.

— Քո՞ւ էշն ա։

Ասում ա.

— Հա,

Ասում են.

— Թագավորի հրամանն ա՝ հինգ ոսկի էլ էշիդ համար տուր։

— Հարուստ մարդ ես,— ասում են,— այ մարդ, համ փինաչի ես, համ անունդ Մահմադ, համ կնկանդ անունը՝ Ֆաթմա, համ էշը դռանդ կապած՝ էլ ի՞նչ ես ուզում։
Մահմադի սիրտը քիչ ա մնում, թե տրաքի.

— Տո անհավատներ,— ասում ա,— բա դուք խիղճ ու նամուս չունե՞ք։ Դե որ եկել եք, էնա միանգամից ինձ մորթեք ու կաշիս մաշկեք տարեք, որ ձեր խազինեն հարստանա։ Թքած ձեր նամուսին,— ասում ա ու փափախը գետնովն ա տալի։

Սրանք տեսնում են, որ սա քաչալ ա, ասում են.

— Թամամ, որ բախտդ բերել ա, Մահմադ, մարդն էլ միանգամից հինգ հարկ կարենա տա ։

Նստացնում են փինաչուն իրա էշի վրա, քաղաքում ման ածում, հետն էլ ձեն տալի.

— Այ ժողովուրդ, թամաշ արեք էս պատվական մարդուն, սա իրա փինաչի տեղովը, միանգամից հինգ հարկ ա տալի, իրա ունեցած հինգի դիմաց քսանհինգ ոսկի ա տվել խազինին։

Կնիկը նստում ա ծնկներին խփում, մազերը փետում, էրեսը ճանկռոտում, վայ տալի իր գլուխը։

— Իրեք տարի, կես կուշտ, կես քաղցած, հավաքել էի, սև փողերից իրար գցել, ոսկի շինել, թե ինչ ա մի քիչ տակն ու վրաններս կարգի գցենք, բան-ման առնենք։ Վեր կաց, այ մարդ, գնանք էս մեր գեղիցը։

Մահմադն ու Ֆաթման հավաքում են իրանց ելած-չելածը, բարձում էշին ու փախչում։ Որ դուրս են գալիս գեղիցը, Ֆաթման ասում ա.

— Մահմադ, հլա մի համբերի, մի խոսք ունեմ ասելու թագավորին։

Այ թագավոր, աստվածանից եմ խնդրում, որ դու քո տանը լավ օր չտեսնես քու կնանոնցիցը...

Էստեղ փինաչու կնիկը մի զարհուրելի անեծք ա ղրկում թագավորի կնանոնց գլխին։ Քանի որ անիծողը հալալ կաթնակեր, չարքաշ մարդու կնիկ, մարդուն շատ սիրող ու հավատարիմ Ֆաթման ա լինում, աստվածը տեղն ու տեղը կատարում ա նրա խնդիրքը։

Թե ի՞նչ էր նրա անեծքը, էդ կիմանաք էս մի հեքիաթիցդ։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:48, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:08

ԻՐԵՔ ԿՆԿԱ ԽԱՍԻԱԹԸ

Текст:
Էն անխիղճ ու անսիրտ թագավորին աստված պատժում ա, իրեք կնիկ ա տալի, մեկը մեկելիցը բեթար։ Դրանցից ամեն մեկը մի ուրիշ տեսակ խասիաթ ա ունենում. մինը` գող, մինը, հեռ լսողանց, բոզ, էն մինն էլ` իրա ասած, լեզվանիկ, անամոթ, լիրբ ու այասզ։ Խեղճ թագավորը չի կարում ս րանց հախիցը գա։ «Էլ ի՞նչ թագավոր եմ,— ասում ա,— որ կնանիքս ինչ ուզում են, խաղում են գլխիս։ Ժողովրդին հարկերի տակ ճկռացնում եմ, չոքացնում, գլխներին պոպոք եմ ջարդում— ամեն տեղ խոսքս անց ա կենում, ամա էս իմ կնանոնց ձեռին կրակն եմ ընկել»։

Մի օր էս թագավորը գնում ա իրա հողերը ման գալու, տեսնում ա, որ իրա ռանչպարներից մեկը համ իր բանն ա անում, համ էլ հետը՝ հանդի էս ծերին էլ ա պար գալի, էն ծերին էլ։

Չէ՞ որ ամեն մարդ իրա դարդը լաց կլի, էս թագավորն էլ իրա դարդի հետ ընկած, ուզում ա իմանա, թե էս ռանչպարը ի՞նչ տեսակ կնիկ պետք ա ունենա, որ համ հանդի էս ծերին ա պար գալիս, համ էն ծերին։

Դերվիշի շորեր ա հագնում, գալիս էդ ռանչպարի տունը, կնիկը տանն ա լինում, թե.

— Ղոնախ չեք ընդունի՞։

— Ղոնախն աստծունն ա,— ասում ա կնիկը։

Թագավորը սպասում ա մինչև ռանչպարը գալիս ա տուն։ Նոր կնիկը պատրաստություն ա տեսնում։ Էս կնկանը ցորեն հաց թե չի ունենում, ցորեն լեզու ա ունենում։ Գնում ա ջուր ա բերում, էս դերվիշի ոտն ու ձեռը լվանում, հաց ա շինում, հաց տալի, պատվով ճամփու գցում։

Թագավորը գալիս ա իր պալատը, մեկ էլ առավոտը հրամայում ա իրա նազիր-վեզիրին.

— Գնա, էս սհաթիս էն ռանչպարին ու իրա կնկանը բեր ինձ մոտ։

— Թագավորն ո՞վ` ես ո՞վ,— ասում ա ռանչպարը,— ամա ինչ էլ որ լինի, պետք ա գնանք, թագավորի հրաման ա։

Էս ռանչպարը իրա կնկանը վեր ա ունում, նազիր-վեզիրի հետ գալիս կանգնում թագավորի առաջին։

Թագավորն ասում ա.

— Ես իրեք կնիկ ունեմ, դու՝ մինը, իմ իրեք կնիկը տալիս եմ քեզ, դու քու մինը ինձ պետք ա տաս։ Դրանց հետ ես քեզ բոլ-բոլ ոսկի կտամ, որ տանես քեզ համար տներ շինես, քու կնանոնց հետ մարդավարի ապրես։

Ռանչպարը մի քիչ չեմ ու չում ա անում, ամա թագավորի հրամանն ա, ի՞նչ կարա անի, վեր ա ունում էդ թազա իրեք կնկանը, ճամփա ա ընկնում, գալիս ա հասնում մի գետի։ Շորերը հանում ա, որ իրա կնանոնցը անց կացնի։ Առաջ շալակում ա գող կնկանը, գալիս ա կանգնում գետի մեջտեղը։

— Դու ի՞նչ փեշակի ես,— հարցնում ա ռանչպարը,— դուզն ասա, թե քեզանից խելքս բան կտրեց` անց կկացնեմ։

— Էս գլխից քեզ խոստովանեմ,— ասում ա կնիկը,— ես գող եմ. ինչքան ուզում եմ գողությունից ձեռ քաշեմ չեմ կարում։

— Հա՞-ա, չես կարո՞ւմ, վնաս չունի, գողին էլ ա ճար լինում, — ասում ա ռանչպարը, սրան թողում ա գետի էն էրեսին, հիմի գալիս ա շալակում հեռ լսողանց` բոզ կնկանը։

Հենց որ հասնում ա գետի մեջտեղը.

— Քու ցավիդ անունն ի՞նչ ա,— հարցնում ա ռանչպարը։

— Ես,— ասում ա կնիկը,— հեռ լսողանց՝ բոզ եմ, իմ փեշակը՝ բոզությունն ա, ինչքան ուզում եմ էդ բանը չանեմ՝ չեմ կարում, սիրտս ուզում ա։

— Հա՞-ա, չես կարո՞ւմ, սիրտդ ուզու՞մ ա, վնաս չունի, քեզ էլ մի ճար կլինի,— ասում ա ռանչպարը,— ու սրան էլ գետը անց կացնում։ Հիմի հերթը հասնում ա լեզվանիկին։

— Ասա տեսնեմ, դու ի՞նչ պտուղ ես,— գետի մեջտեղը կանգնած հարցնում ա ռանչպարը։

— Դե, որ գողն ու հեռ լսողանց՝ բոզը առանց ամաչելու ասեցին իրենց փեշակը, ես ի՞նչ ունեմ ամաչելու։ Ես մի անմեղ խասիաթի տեր եմ, այասզ եմ, լեզվանիկ, իսկական մկրատ եմ, ինչ որ ասեմ, դու էնպես պետք ա կատարես։

— Հա՞-ա,— ասում ա ռանչպարը,— դե որ դու այասզ ես, մկրատ, քեզ ճար չի լինի,— ասում ա ու էդ կնկանը գցում ա գետը։ Կնիկը էնա խեղդվում ա, ամա իրա խոսքից ետ չի կանգնում։ Ջրիցը հանում ա էրկու մատը, շանց ա տալիս, որ ինքը մկրատ ա, իրա խոսքիցր ետ չի կանգնի։

— Աստված քեզ հետ,— ասում ա ռանչպարը,— գնա, ամա մեղքս գալիս են էս գետի ձկները, ի՞նչ օրը կդնես դու նրանց։

Վեր ա ունում իրա երկու կնկանը՝ գալիս ա տուն, ուստեք ա կանչում, երկու կնկա համար էրկու ջոկ օթախ շինել տալի։

Գող կնկա համար ընենց օթախ, որ էրկու պատուհան ունենա, իսկ, հեռ լսողանց, բոզի համար՝ էրկու դուռ։ Գողը հարցնում ա.

— Այ մարդ, էս պատուհանները ինչի՞ համար ես շինել տվել։

— Նրա համար,— ասում ա մարդը,— որ եփ որ գողություն անես, գողացածդ մի պատուհանիցը մեկելը տանես, ես քու արածը չտեսնեմ։

Հմի էլ, հեռ լսողաց, բոզն ա հարցնում.

— Այ մարդ, էս էրկու դուռը ինչի՞ ես շինել տվել։

Մարդն ասում ա.

— Որ ուրիշ մարդ գա քու մոտ՝ մի դռնովը ընդունես, մեկելովը ճամփու դնես։ Աչքս արածդ տենա ոչ, թե չէ կռիվ-ղալմաղալ կընկնի։

Էս կնանիքը մարդու խոսքերը լսելուց հետո ասում են իրար.

— Հերիք ա, բոլ էլավ, լավն էն ա խելքի գանք, ուրիշ պատվական կնանոնց նման ապրենք մեր պատվական մարդու հետ։

Կնանոնցից մինը տան թադարեքն ա տեսնում, ամեն բան եփում-թափում, մեկելը՝ եզներն ու անասունը տեղավորում, գոմը ավլում, քերում, ջուր տաքացնում, մարդու ոտն ու գլուխը լվանում։

Ռանչպարը, առաջ թե մենակ հանդի էս ծերին ու էն ձերին էր պար գալիս, հիմի հանդի մեջտեղումն էլ ա պար գալիս։

Մի օր թագավորը մտածում ա՝ տենաս էն խեղճ ռանչպարը ի՞նչ օրումն ա էն իմ անիծված կնանոնց ձեռին։ Իրիկունը դերվիշի շորեր ա հագնում, մտնում ա ռանչպարի տուն.

— Ղոնախ չե՞ք ընդունի,— ասում ա։

— Ղոնախն աստծունն ա,— ասում են ռանչպարի կնանիքը, ամա թագավորին չեն ճանաչում։

Ռանչպարն էլ էնա տուն ա դալիս, էս ղերվիշ-թագավորս տեսնում ա, որ կնանիքը դուրս վազեցին, մինը եզներն ու անասունն ա տեղը քշում, մինը մարդին ծառայում, բերում առոք-փառոք թախտին նստացնում։

Հաց ուտելու վախտը դերվիշ-թագավորն ասում ա.

— Ռանչպար ախպեր, լսելով քեզ իրեք կնիկ ես ունեցել, բա հիմի ինչի՞ են էրկուսը։
Ռանչպարը գլխի ա ընկնում, որ սա թագավորն ա, ահ ու դող ընկած ասում ա.

— Թագավորն ապրած կենա, քեզանից թաքցնեմ, աստծուցն ո՞նց թաքցնեմ, էն մի կնիկը լաչառ-լեզվանիկ էր, գցեցի գետը, ջուրը տարավ կորցրեց։

— Շատ լավ ես արել, ռանչպար ախպեր,— ասում ա թագավորը,— էդ տեսակ կնիկը կարող ա մարդուն գժվացնի ու մարդասպան դարձնի։ Շատ լավ ես արել։ Հիմի, ռանչպար ախպեր, արի ծուռը նստենք՝ դուզ խոսենք։ Դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, որ կարեցար իմ գող ու հեռ լսողանց, բոզ կնանոնցը խելքի ու նամուսի բերել։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա ռանչպարը,— մեկ, որ խելոք մարդը կնկանը էրես չի տա՝ կնանիքը շատ էրես առած են էլել։ Մեկել, որ ոչ աշխատանքի համ են իմացել, ոչ էլ ջրի պես ծախսած փողի հաշիվն են գիդացել, թագավորական խազինեն ոնց որ քեֆները տվել ա՝ կերել են ու խարջել։ Վրա իրեքն էլ, կասեմ, էն տղամարդը, որ պսակվում ու կնիկ ա տուն բերում, կնկա հետ շատ համբերություն պետք ա ունենա։ Մեր պապերն ասել են. տան մեծի մի աչքը քոռ, մի ականջը՝ խուլ պետք ա լինի։ Հիմի, ես ու դու մեր տան մեծերն ենք. ամեն բան չպետք ա տեսնենք, ամեն բան չպետք ա լսենք։ Կնկա հետ զոռով ու զարբով չեն խոսիլ՝ սիրով ու խաթրով մեկի տեղը տասը անիլ կտաս։ Կնկանը որ հավատաս ու սիրես՝ նա էլ քեզ կսիրի ու հավատարիմ կլինի։

— Խելոք ես ասում, ռանչպար ախպեր, ես հենց գիտեի, որ թագավոր եմ, կհրամայեմ՝ ինձ կսիրեն։ Չէ, սերը սրտից պետք ա լինի։ Պարտական եմ քեզ, որ կնանոնցս խելքի ես բերել, նրանց հետ հիմի ես էլ խելոքացա։ Դե, արի, ռանչպար ախպեր, իմ ապրանքը՝ էրկու կնիկս, ետ տուր ինձ, ես քեզ ետ կտամ քունը։ Վախիլ մի, քու հալալ կաթնակեր կնիկը իմ պալատումը խարաբ չի էլել։

Դե, թագավորի հրամանն ա, կարա՞ս չկատարես, էն րոպեին գլուխդ կֆռռա։ Բա՜։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:48, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:09

ԹԱԳԱՎՈՐԸ, ԱՂՔԱՏՆ ՈԻ ՕՁԸ

Текст:
Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը էրազ ա տեսնում, որ երկնքիցը գելեր են թափվում։ Զարհուրած վեր ա թռչում տեղից, չի իմանում, թե ո՞նց հասկանա էս էրազը։ Հրաման ա տալիս, թե ով էս էրազը մեկնի, բացատրի, նրան հարիր ոսկի կտամ։

Մի աղքատ մարդ էդ որ լսում ա, բերնի ջուրը գնում ա։ Արտումը աշխատանք ա անում, ամա ուշք ու միտքը էն հարիր ոսկին ա։

Մին էլ տեսնում ա հրես իր բնիցը դուրս էկավ մի օձ, ասավ. «Մարդ-ախպեր, որ թագավորի էրազի միտքը քեզ ասեմ, հարիր ոսկին որ առնես, կբերես ինձ հետ կկիսե՞ս։

— Հա,— ասում ա աղքատը,— դու ասա՝ ես կկիսեմ։

— Գնա,— ասում ա օձը,— թագավորին ասա, որ նազիր-վեզիրները, փաշա-փուշեքը, մեծամեծները գել ու գազան դառած աշխարքը կերան, աղքատ ու չքավորներին հալից գցեցին։ Ժողովուրդը մեղք ա, մինչև էդ մեծամեծ-ների գյամը չքաշի, կարգի չբերի, աշխարքը չի խաղաղվի։

Աղքատը գնում ա թագավորի մոտ, նրա էրազը մեկնում, հարիր ոսկին ստանում, ետ գալի, ամա էնպիսի ճամփով, որ օձին չպատահի, նրա փայը չտա։

Անց ա կենում մի առ ժամանակ։ Էս թագավորը հիմի էլ էրազում տեսնում ա, որ երկնքից աղվեսներ են թափվում։ Կանչում ա աղքատին, թե բա չես ասիլ էսենց, էսենց էրազ եմ տեսել, որ էս էրազի միտքը չկարենաս հասկանալ գլուխդ կտրիլ կտամ։

Աղքատը մնում ա էրկու կրակի մեջտեղը, թե էրազը չկարենա բացատրի՝ գլուխը կկտրվի, օձի մոտ էլ սևերես ա մնացել։ Չի իմանում ի՞նչ անի։ Մին էլ տեսնում ա օձը սողաց, մոտեցավ ասեց.

— Գնա, ասա թագավորին, որ էս տարին ստի ու խաբեության տարի ա։ Ուշքդ վրեդ պահի, աչքդ՝ բաց։ Չհավատաս ոչ կնկանդ, ոչ որդկերանցդ, ոչ բարեկամներիդ ու ազգականներիդ։

Աղքատը գալիս ա թագավորի էրազը բացատրում, հարիր ոսկին ստանում գալիս ա տուն, էլ ետ օձի փայը չի տալիս։

Էս թագավորը վրա իրեք անգամն էլ ա էրազ տեսնում, հիմի էլ երկնքիցը գառներ են թափվում։ Աղքատին կանչում են, որ թագավորի էրազը հասկանա-մեկնի։ Աղքատը ժամանակ ա խնդրում, գնում ա օձի մոտ ասում.

— Ես արել եմ, դու մի անի, իմ էրեսը քու առաջ սև ա, էրկու անգամ քեզ խաբել եմ՝ էլ չեմ խաբի։ Թագավորը էս տեսակ էրազ ա տեսել։ Սրա միտքը ինձ հասկացրու՝ գնամ թագավորին ասեմ, թե գլուխս կտրիլ կտա, էրեխեքս կմնան անտեր անտիրական։
Օձը սովորացնում ա, մարդը գնում ա ու ասում.

— Գելերին որ ջարդես, աղվեսներին բնաջինջ անես, գառան պես կապրեն մարդիկ, էլ դարդ ու ցավ չեն ունենա։

Աղքատը շատ ոսկի ա ստանում, բերում ա դնում օձի առաջին թե՝

— Վեկալ, ինչքան քեֆդ տա։

Օձը ծիծաղում ա, ասում.

— Մարդ ախպեր, էն անգամ, որ իմ փայ ոսկին չտվիր, աշխարհի տերը գելերն էին, դու էլ նրանց նման իմ փայը կերար։ Աղվեսի աշխարհում, աղվեսի պես ինձ խաբեցիր, հիմի գառան ժամանակը դու էլ ես գառ դառել։ Էդ նրանից ա, որ մարդ արարածի մեջը գելն էլ կա, աղվեսն էլ ու գառն էլ կա։ Ոսկին որ բերել ես ինձ համար, ես ի՞նչ անեմ։ Տար, քու դարդերին դարման արա, ամա աշխատի, որ քու միջի գելն ու աղվեսը սատկեն ու միշտ գառը մնա կենդանի։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:49, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:10

ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:

— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։

Թե՝

— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։

— Բա, ի՞նչ արժի։

Թե՝

— Հիսուն ոսկի։

— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։

— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։

Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։

Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։

Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։

Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։

Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.

— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։

Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։

Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։

Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, գնում խելք ծախողի մոտ, մի հարիր ոսկի էլ նորից ա տալիս՝

— Ղորթ որ,— ասում ա,— այ մարդ, խելք ես ծախում։ Քո ծախած խելքը շատ մարդու կօգնի, շատ մարդ կփրկվի: Թող մարդիկը սովորեն ու մտներին լավ պահեն քու խոսքերը՝ բան անելուց առաջ մտածիր՝ նոր արա։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:49, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:11

ԼԱՎՈԻԹՅՈԻՆՆ ԱՐԱ ՈԻ ՋՈԻՐԸ ԳՑԻ

Текст:
Մի շատ աղքատ մարդ ա լինում։ Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում։ Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի։ Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա.

— Էդ ո՞ւր ես գնում։

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ։

Ասում ա.

— Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք։

Էս աղքատը դրա հետ գնում ա ձուկն են բռնում, էդ իրիկուն բոլ ձուկ ա բերում տուն, էրեխեքը լավ ուտում են։

Էգսի օրն էլ ետ իրար հետ գնում են ձուկ բռնելու։

Թոռչին ասում ա.

— Էրեգ տեսա՞ր ես ոնց թոռը գցեցի։

Ասում ա.

— Հա։

Ասում ա.

—- Դե առ էսօր էլ դու գցի, էսօր քու հերթն ա, մի օր դու գցի, մի օր ես։
Էս աղքատը թոռը գցում ա թե չէ, մի սիրուն, պուճուր ձուկն ա բռնում. «Էս պուճուր ձկան մալիաթը ի՞նչ ա։ Մեղք ա,— ասում ա,— բաց թողնեմ գնա, իր արևին ձեն տա«,— ասում ա ու ձուկը գցում ջուրը։

Թոռչին էս որ տեսնում ա՝ կատաղում ա.

— Էդ ինչի՞ ձկանը ետ ջուրը գցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնե՞ս, թե ձկների հետ խաղ անես։ Թոռը վեր դիր, կորի էս տեղից, էլ աչքիս չերևաս։

Էս աղքատը քոռ ու փոշման գնում ա թոռչու մոտիցը, բալի էլի մի աշխատանք ճարի։ Դարդակալած, գլուխը կախ գնալիս ա լինում, մին էլ տեսնում ա, (դուշմանս չտեսնի) մի ուշաբ մի կով առաջն արած, կանգնեց, ասում ա.
— Էս ո՞ւր ես գնում։

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, հինգ-վեց քորփա էրեխա ունեմ, հացի կարոտ եմ, գնում եմ մի գործ ճարեմ, աշխատանք անեմ, էրեխանցս մի հանգով պահեմ։

Ուշաբը ասում ա.

— Էս կովը օրեկան մի մեծ կովկիթ լիքը կաթն ա տալիս, առ տամ, կթի թող երեխեքդ ուտեն մինչև մի տարի։ Տարին որ թամամի, ես կգամ քեզ հարց կտամ, թե պատասխանը տվիր, կովը կթողնեմ քեզ, թե հու չէ, կուտեմ քեզ։

Էս մարդը ընկնում ա մտքի մեջ, տանի, թե՞ չտանի։ Մեկ էլ ասում ա. «Ջհանդամը, հլա մի տարի էրեխեքս լավ կապրեն, մինչև տարին թամամիլը կամ կովը կսատկի, կամ կովատերը։

Կովը բերում ա տուն, կնիկը, էրեխեքը ուրախանում են, կովի ճակատը պաչում-պաչպչում, կանաչ խոտ են քաղում, դնում կովի առաջին։ Մարդը կնկանը ասում ա.

— Ախչի, արի կովը կթի։

Կնիկը մի պղինձ ա բերում, կթում, պղինձը լցվում ա, համա կաթը գալիս ա ու գալիս։ Մարդը տանում ա պղինձը դարտակում, բերում կթում են, էլի ա լցվում։ Սրանք մնում են զարմացած. իրեք հետ պղինձը լցվում ա։ Էս կովը օրեկան իրեք պղինձ կաթն ա տալիս։

Էրեխեքը բոլ-բոլ կաթը, մածունը, կարագը ուտում են, ավելացածն էլ ծախում։

Թե ժամանակը ոնց ա անց կենում, իրենք էլ գլխի չեն ընկնում։ Տարին որ թամամում ա, մարդը կնկանը ասում ա.

— Բա իսկի միտք ես անում, որ ուշաբի գալու օրն ա էսօր։

Դրանք էդ օրը բոլորը սգի մեջ են լինում։ Յարաբ ուշաբը ի՞նչ տի հարցնի։ Ինքը ո՞նց կարա նրա պատասխանը տա։ Իրիկունը մի մարդ ա գալի դրանց տունը.

— Ղոնախ չեք ընդունի՞։

— Ղոնախն աստծունն ա,— ասում են,— ամա ախպեր ջան, էսենց, էսենց, էսենց բան ա պատահել, էսօր ուշաբը պետք ա գա մեզ կուլ տա, դու ինչի մեզ հետ գնաս` կորչես, գնա ոտիշ տեղ ղոնախ ընկի։

Էս մարդն ասում ա,

— Բան չկա, ինձ դռան տակին մի տեղ տվեք, ես նրա հարցերին կպատասխանեմ։

Էս մարդու հետ նստում, հաց են ուտում։ Քնելու վախտը ղոնախն ասում ա.

— Իմ տեղը դռան տակին գցեցեք։

Ասում են.

— Չէ ախպեր ջան, ղոնախ մարդ ես, ո՞նց կլի որ դռան տակին քնես։

Ասում ա.

— Չէ, դռան տակին գցեցեք, որ ուշաբը հարց տա թե չէ, ես շուտ լսեմ, ձեռաց պատասխանեմ։ Սրա տեղը դռան տակին գցում են՝ էնտեղ էլ քնում ա։

Գիշերվա մի վախտը ուշաբը գալիս ա դուռը թակում ա։

Ղոնախն ասում ա.

— Էդ ո՞վ ա։

Ասում ա.

— Ուշաբն եմ, էկել եմ։

Սա ասում ա.

— Ես էլ եմ էկել։

Ուշաբն ասում ա.

— Դու որտեղի՞ց ես էկել։

Ղոնախն ասում ա.

— Յոթ ծովի էն կողմիցն եմ էկել։

Ուշաբն ասում ա.

— Հալբաթ ծովը պուճուր էր։

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ պուճուր, տնաքանդ, արծիվը մի ամսումը հազիվ մի ծերիցը մեկել ծերը թռչի։

Ուշաբն ասում ա.

— Բալքի էդ արծիվը պուճուր ա էլել։

Ղոնախն ասում ա.

— Ա տնաքանդ, ի՞նչ պուճուր, ամեն մի թևը մի քաղաք կծածկի։

Ուշաբն ասում ա.

— Բալի քաղաքն ա պուճու՞ր էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, տնաշեն, մի լավ, քու հավան կացած ձին մի ամսումը հազիվ էդ քաղաքի չորս կողմը պտիտ գա։

Ուշաբն ասում ա.

— Բալի ձին քուռա՞կ ա էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ քուռակ, յոթ հարիր տղամարդ նրա սանձը չեն կարում բռնել։

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ էրեխե՞ք են էլել։

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ էրեխեք, աքլորը ոտների տակին որ կանչում ա, իրանք իմանում չեն։

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ քա՞ռ են էլել։

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ քառ, պախրեն քոլումը փռշտում ա, նրանք ձենը իմանում են։

Ուշաբը էլ չի կարում բան ասի, տեսնում ա, որ կոտր ընկավ, թողնում ա գնում, կովը մնում ա աղքատին։

Լիսանում ա թե չէ, ղոնախն ասում ա.

— Դե մնացեք բարի, ես գնացի։

Ասում ա.

— Ախպեր, դու ո՞վ ես, ասա, որ մենք քու լավութենի փոխը ետ տանք։

Ասում ա.

— Ես էն ձուկն եմ, որ բռնեցիր ու էլ ետ ջուրը գցեցիր... Դրա համար եմ ասել լավություն արա, գցի ջուրը, թե ջուրը չիմանա՝ ձուկը հո կիմանա։

* * *

... Տատի, — ասեց տան պուճուր թոռը,— Էդ հեքիաթը ես էլ գիտեմ, Հովհաննես Թումանյանի հեքիաթներիցն ա։ Թե կասես՝ սազական ա, գիրքս բերեմ՝ կարդամ։

— Շատ սազական կլներ բալիկ ջան, ամա հրեն պապդ պատմեց ինչ որ լսել էր իր պապիցը։ Հովհաննես Թումանյանն էլ, երբ որ քեզ նման փոքր ա էլել, լսել ա իր պապիցը, հետո որ մեծացել ա, հեքիաթ ա գրել, որ ուրիշներն էլ կարդան ու իմանան։ Դե էն ա հեքիաթը լսեցինք, մեկ էլ գրքիցը կարդալը էսօր սազական չի։

* * *

Մեր տան մեծն ու փոքրը միշտ մոր լեզվիցը լավն են լսել, լավը՝ սիրել, ամա դե մոր լեզու կա, որ մի բան ա սովորացնում, մոր լեզու էլ կա` մի ուրիշ բան։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:50, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:13

ՄՈՐ ԼԵԶՈԻՆ

Текст:
Մի հինգ-վեց տարեկան էրեխա ա լինում։ Սա, մի օր խաղ անելիս մտնում ա հարևանի հավաբունը, տեսնում ա էնտեղ հավը ձու ա դրել, ձուն վեր ա անում, բերում տուն։

Մերն ասում ա.

— Մենք հավ ու ձու չունենք, էդ որդիա՞ն ես գտել։

Էրեխեն, թե.

— Չեմ գտել, մեր հարևանի հավաբնիցն ա։ Տեսա մարդ չկա, վեր կալա բերի։

— Էդ ինչ լավ ես արել, բալա ջան,— ասում ա մերը,— թե կարաս էլի բեր։ Էդ ձուն տուր ինձ, հրես քեզ համար ձվածեղ անեմ՝ ուտես։

Էս էրեխեն ձվածեղը ուտում ա, համը մնում ա բերանին ու հիմի քանի կարենում ա, տեղն ընկած տեղը, ձու ա գողանում, բերում, տալիս մորը։

— Ապրի իմ բալեն,— ասում ա մերը,— դու բեր, քանի կարաս բեր, ամա տես, որ չբռնվես, տեսնող չլի, թե չէ շալվարդ կհանեն, բանջարով կծեծեն։

Էս էրեխեն էնպես ուստա գող ա դառնում, որ տասնմեկ-տասներկու տարեկանումը սրա-նրա հավաբնիցը հավ ու ձու ա, որ գողանում ա ու բերում տուն։ Մարդիկ գեղով մեկ չեն կարենում գողին բռնեն։ Տղի մերն էլ ուրախանում ա, որ որդին ճարպիկ ու հունարով ա։ Միշտ գովում ա տղին տուն բերածի համար։

Էս տղեն, որ դառնում ա տասնվեց-տասնյոթ տարեկան, հիմի էլ օրերով կորչում ա գեղիցը։ Մին-մին էլ մութ գիշերներով տուն ա գալիս, ոչխար բերում, մորթում օթախի միջին, որ տեսնող չլինի։

Մերն էլ չի հարցնում, թե էս որդիա՞ն ա։ Էնա գիտի, որ գողացած ա, էլի։ Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ։

Քսան-քսանհինգ տարեկանում էս տղեն դառնում ա շատ ճարպիկ, հայտնի ձիու գող։ Ամա գեղ ու քաղաքով ընկել են չեն կարենում սրան բռնեն։

Տղի օրն էլ մի օր չի։ Դատ ու դատաստանից փախած, անտուն ու անտեր, հենց մի քանի իր նման գող ավազակ ընկերների ու փչացած կնանոնց հետ ա ժամանակ անցկացնում։

Մի օր էլ, սրանց փողը, որ պակասում ա` չէ՞ որ քամու բերածը քամին կտանի, սրանք դուրս են գալի կողոպուտի, մարդկանց ճամփեն կտրում, որ թալանեն՝ ամա պատահած ճամփորդները ղոչաղ ու սրտոտ մարդիկ են լինում, թև ու թիկունք են տալի իրար, սրանց հետ կռվում։

Ընկերները փախչում են, իրանց գլուխն ազատում։ Տղեն մնում ա մենակ, չորս կողմիցը շրջապատված, վախից վրա ա ընկնում, խանչալը կոխում դիմացինի սիրտը։

Էլ ի՞նչ ասեմ։ Բռնում են, տալիս դատի։ Դատն էլ դատաստան ա կատարում։

— Քանի որ հարյուրավոր մարդի վնաս ա ավել էդ հերիք չէր, հիմի էլ մարդ ա սպանել, դա արժանի ա կախաղանի։

Բերում են քաղաքի մեյդանումը, ժողովրդի միջին, կախաղան կանգնացնում։

Դահիճը պարանը գցում ա տղի վզովը, սպասում ա հրամանին, որ կախ տա։

Էստեղ դատավորն ասում ա.

— Մահապարտյալ,— ասում ա,— իրավունք ունես հայտնելու քո վերջին կամքը։

— Իմ վերջին կամքը,— ասում ա տղեն,— էս ա։ Մուրազ ունեմ,— ասում ա,— որ մեռնելուցս առաջ մորս մի հետ էլ տեսնեմ։

Հայտնի բան ա՝ մահվան դատապարտվածի վերջին կամքը օրենք ա։ Վռազ մարդ են ղրկում մոր ետևից։

Դահիճը էնդեղ ա սառել կանգնած տեղումը, ժողովուրդը էնղեղ ա պապանձված քար կտրել։ Սպասում են մոր գալուն։

Մորը բերում են, տղի կախաղանի առաջին կանգնացնում։

— Այ ժողովուրդ, — ձեն ա տալի տղեն,— իրավունք ունի որդին մահվանից առաջ իր մորը պաչի։

— Իրավունք ունի, իրավունք ունի,— եռում ա ժողովուրդը,— կնանիքը սկսում են լաց ու կոծը։

— Մոտիկ գնա, մոտիկ գնա, այ անբախտ մեր, վերջի օրհնանքդ տուր որդուդ, թող որ քեզ պաչի, մուրազը փորումը չմնա։

Մերը խելքը կորցրածի պես մոտենում ա որդուն։

— Լեզուդ տուր,— ասում ա տղեն,— տուր լեզուդ, որ պաչեմ։ Անիծելու տեղը, քու լեզուն միշտ գովել ա ինձ գողությանս համար։ Մի՞տդ ա,— ասում ա,— որ ես դեռ թիզ ու կես մի լակոտ էի, որ հավի ձուն գողացա, բերի տվի քեզ, դու ինձ գովեցիր, ձվածեղ արիր, տվիր ինձ։ Ինձ սիրելով արիր էդ բանը։ Պարանը վզիս, մահվան դռանը կանգնած, նոր եմ հասկանում մեր պապենական խոսքը, թե.

«Ձվի գողը ձիու գող կդառնա»։

Էդ քու լեզվիցն էր, որ ես ձվի դող էլ դառա, ձիու գող էլ։ Հիմի էլ մարդասպան եմ դառել։ Դե հիմի արի պաչեմ քեզ։

Խտտում ա մորը, բերնիցը պաչում ու նրա լեզուն պինդ կծում։ Ոտի տակի քոթուկը դեն ա գցում, ինքն իրան կախ տալի։

Մոր սիրտը չի դիմանում, տրաքվում ա, վեր ա ընկնում մեռնում կախ ընկած որդու մոտ։

Ժողովուրդը սարսափած, շիվար ու մոլոր, իրանց տներն են քաշվում։

— Տեր աստոծ, էս ի՞նչ տեսանք մեր աչքովը, ի՞նչ լսեցինք մեր ականջովը։ Տերը թափի ու ազատի ծնողին էս տեսակ օրվանից։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, մեր հարսները ամեն կողմից ձեն տվին՝ վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, թամամ, որ տերը թափի ու ազատի ծնողին էն տեսակ օրվանից։

— Տերը գլուխը ո՞ր քարովը տա,— ձեն տվեց տատս։— Ոնց որ ծնողը կմեծացնի՝ էնպես էլ կմեծանա որդին։

— Շատ տեղին ասիր, այ կնիկ,— ասեց պապս,— ոնց որ ծնողը կմեծացնի, էնպես էլ կմեծանա որդին։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:50, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ