СТАНЬ VIP
Проект "Перекресток мира" означает, что должны быть разблокированы коммуникации и с Турцией - премьер АрменииАрмения участвует в СНГ из-за Алма-Атинской декларации - СимонянСогласовано 13 пунктов, готов подписать в ближайшее время: Пашинян - о мирном договоре с АзербайджаномСпикер парламента Армении допустил вывод пограничников России с границ с Ираном и ТурциейАрмения передала Азербайджану полностью согласованный текст мирного договора и ждет ответной реакции - МирзоянПолиция спасла похищенную в Армении женщину, за которую требовали выкуп в $4 млн. (видео)

Հայ ժողովրդական հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:14

ՄԱՏՆԻՔԻ ԱԿԸ

Текст:
Մի խեղճ պառավ կնիկ ա լինում, սրան ունենում ա մի տղա։ Շատ աղքատ են ապրում։ Տղեն ամեն օր գնում ա անտառ, շալակով փետ ա բերում, ծախում, հացի փող շինում, դրանով յոլա դնում։

Մերը տղին փոքրուց միշտ խրատում ա, որ մարդու չվնասի, կենդանի ու հավք չսպանի։

Մի օր էս տղեն տեսնում ա, որ գեղի էրեխեքը մի կատու են բռնել, ծեծում են, չարչարում։ Անլեզու կատվի աղեկտուր մլավոցը բռնել ա աշխարքը։ Պառավի տղի սիրտը մղկտում ա.

— Էրեխեք,— ասում ա,— բաց թողեք էդ կատվին, մեղք ա, խեղճ ա։

— Դե, որ էդքան խղճում ես, հանի մեզ փող տուր, կատվին թողնենք։

Կատուն էնպես ա մլավում, ասես լաց ա լինում։ Էս տղի սիրտը փուլ ա գալիս, էդ օրվա ծախած փետի գինը տալիս ա էրեխանցը, կատվին ազատում, հետը տանում տուն։ Էդ իրիկունը մեր ու տղա սոված են մնում։

Մեկել օրը տղեն որ գնաց փետ անելու, կատուն էլ հետը գնաց։ Էն օրվա բերած փետը ծախեց քառասուն մանեթի, քսանը տվեց հացի, քսանը ձեռին տուն էր գալիս, տեսավ գեղի էրեխեքը հիմի էլ մի շուն են բռնել կապ-կապել, չարչարում։ Նրա կլանչոցի ու ոռնոցի վրա ծիծաղում, հռհռում։ Պառավի տղեն ձեռի մնացած քսան փարեն տվեց շանը ազատեց, բերեց տուն։

Էն մեկել օրը տղեն, Շունն ու Կատուն, իրեքով են գնում փետի։ Էդ օրվա արած փետը ծախում են վաթսուն մանեթի։ Քսանը տալիս ա տղեն ու մոր համար հաց առնում, քսանով էլ շանն ու կատվին կերակրում, մնացած քսանը ձեռին տուն ա գնում։ Մին էլ տեսնում ա, որ գեղի էրեխեքը հիմի էլ
օձ են բռնել, տանջում, չարչարում են։ Պառավի տղեն մնացած քսան մանեթը տալիս ա օձին ազատում, բերում տուն։

Էգսի օրն էլ չորսով են գնում անտառ փետի։ Պառավի տղեն, Շունը, Կատուն, Օձն էլ մի պուլիկի մեջ դրած։ Որ գալիս են անտառը, բարեսիրտ տղեն օձը պուլիկիցը հանում ա, որ ազատ բաց թողնի, ամա օձր չի հեռանում նրանից։ Կես օրվա հացին նստում են մի սառն աղբրի գլխին, տղեն իր հացն ա ուտում, Շունն ու Կատուն իրանց բաժինը։ Պառավի տղեն մի կտոր հաց էլ իրա ձեռովը դնում ա Օձի բերանը։ Ու էստեղ, մին էլ ի՞նչ ա տեսնում՝ փառքդ շատ լինի տեր աստված, մի արմանալի ու զարմանալի, մի չտեսնված բան, Օձը իր կաշվիցը դուրս սողաց, կանգնեց տեղումը մի սիրուն, ջահել տղա։ Մեր պառավի տղեն, շունը, կատուն մնացին զարմացած, բերանները բաց։ Էստեղ օձի շապկիցը դուրս էկած տղեն ասավ.

— Մի զարմանաք, ես էս՝ երկրի թագավորի տղեն եմ։ Չար կախարդները թշնամացել էին հորս հետ, նրանք ինձ գողացան, օձ դարձրեցին ու ասեցին, թե ես նորից տղա կդառնամ, եթե մի մարդ իր ձեռքովը ինձ հաց տա։ Ես հենց դրա համար էի մարդամեջ եկել, որ բալի մեկը ինձ իր ձեռովը հաց տար։ Դու ինձ ազատեցիր չար էրեխանց ձեռիցը, դու քանդեցիր կախարդանքը։ Հիմի ինչքան էլ լավություն անեմ քեզ, մինչև մահ հավիտյան քու պարտքիցը չեմ կարա դուրս գա։

Նոր էս տղեն գնաց իր թագավոր հոր մոտ ու.

— Բա չե՞ս ասի, այ հեր,— ասեց,— էսենց, էսենց, էսենց բան։— Ու պատմեց հորը, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Թագավորը կանչեց պառավի տղին, ճակատը պաչեց, շատ սիրեց, շատ պատվեց, ասեց.

— Դու փրկել ես իմ որդուն, իմ աչքի լուս, իմ հույս ու թագաժառանգ տղին, ասա ինչ որ սիրտդ կուզի, ինչ որ լեզուդ ասի, էն րոպեին կստանաս։

— Թագավորն ապրած կենա,— ասեց պառավի տղեն,— բան էլ ա չեմ ուզի դու ողջ ու առողջ լինես։

Վերջը, թագավորը որ շատ զոռեց, պառավի տղեն ասեց,— ուրիշ բան չեմ ուզի, մատիդ էդ մատնիքը տու ինձ։

Էդ էլ թագավորի տղի սովորացրածն էր, ամա թագավորը ի՞նչ իմանար։

— Վա՜յ, քու սովորացնողի վիզը կոտրվի,— ասեց թագավորը, ամա էլ ուր, հո ետ չէր կանգնի իր խոսքիցը, հանեց մատիցը ավեց տղին։ Հետն էլ հրամայեց՝ մի խուրջին ոսկի, մի խուրջին արծաթ տան։

Բարի պառավն ու նրա բարեսիրտ տղեն հիմի թագավորից պակաս չէին հարուստ։ Տղեն էլ հասակն առել էր, կարգվելու ժամանակն էր։ Պառավն ասեց,

— Այ որդի, ես գնամ թագավորի աղջիկը քեզ համար ուզեմ, ի՞նչ կասես։

— Դու գիտես, այ մեր, ոնց որ հարմար կտեսնես՝ էնպես արա։ Պառավը վեր կացավ գնաց նստեց թագավորի խնամաքարին։ Թագավորն էլավ ասեց,

— Ի՞նչ ա ուզածդ, այ պառավ։

— Թագավորն ապրած կենա, — ասեց պառավը, — էկել եմ, որ խնամի դառնանք, աստծու հրամանով քու աղջիկը ուզում եմ իմ տղի համար, պետք ա, որ տաս։

— Կտամ,— ասեց թագավորը,— թե որ կարենաս իմ ուզածը տալ։ Քեզանից կուզեմ խազինա, կուզեմ իմ պալատների պես տուն ու տեղ, կուզեմ իմ տնից մինչև քու տունը էրկու շարք ծառեր տնկած, մեջտեղը գլխե-գլուխ խալի փռած, երկու կողմերից սպիտակ ձիավոր կանգնած։

— Հա՜յ, հա՜յ,— ասեց պառավը,— թող քու ասածն լինի։ Էկավ պատմեց տղին թագավորի ուզածը։ Տղեն չէ՞ որ գիտեր մատնիքի զորությունը, ակը շուռ տվեց թե չէ՝ երկու արաբ կանգնեցին տղի առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա շինե՞նք, թե քանդենք։

— Շինեք,— ասեց պառավի տղեն,— հրամայեց, որ կատարեն թագավորի պահանջածը։ Առավոտը վեր կացան տեսան ամեն ինչ շինած պատրաստ ա։ Հարկ ու հարսանիք կապեցին։ Թագավորի աղջիկը դառավ պառավի համար խելոք, համեստ հարս, պառավի տղի համար՝ սիրուն, հավատարիմ ամուսին։ Ուրախ սրտով, լիացած աչքով մտան իրանց պալատը ու քաղցր ապրեցին, իրանց աստծուն փառք տալով ու իրարով ուրախանալով։

Անց կացավ մի առ ժամանակ։ Պառավը մնացած իր ումբրը որդուն տվեց, օրշնեց տղին ու հարսին, մեռավ։ Մորը տարան պատվով թաղեցին, տղեն իր գործերով դուրս էլավ տանից։ Կնիկը մնաց տանը մենակ։

Հենց էդ վախտը, մի ակնավաճառ, որ գիտեր մատնիքի զորությունը, էկավ սրանց տուն, իբր թե մատնիքներ ա ծախում.

— Այ լավ մատնիք, այ լավ ուլունք, այ լավ ականջի օղ։ Թագավորի աղջիկ, վեր կալ, որը ուզում ես։

Թագավորի աղջիկը ջոկեց իրեք մատնիք, միտք էր անում, թե դրանցից որը վերցնի։ Ակնավաճառն ասեց.

— Էդ իրեքն էլ թող քեզ լինեն։ Քու չարը տանեն։ Քու սիրունությանը սազական են։ Դրանց տեղակ ինձ տուր էն մի մատնիքը, ես մի տեսնեմ էդ ի՞նչ շենքի մատնիք ա։

Թագավորի աղջիկը միամիտ, մատնիքը մեկնեց ակնավաճառին։ Սա վերցրեց ու ակը շուռ տվեց, երկու արաբ կանգնեցին սրա առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա.— շինե՞նք, թե՞ քանդենք։ Ակնավաճառը ասեց.

— Էս պալատները, մենք էլ մեջը, հասցրեք յոթը ծովի կղզու մեջտեղը։ Տղեն որ ետ եկավ տուն, տեսավ, ոչ պալատ կա, ոչ թագավորի աղջիկը, իրա հին ու աղքատ տնակն՝ ա մնացել։ Ինքը մնաց մեն-մենակ, ոչ մեր, ոչ կնիկ։ Սևը սիրտը պատեց, ընկավ սար ու ձոր իր օրը վայ տալով։

Շունն ու կատուն շատ ցավեցին իրանց բարերարի համար։ Խոսքը մեկ արին, որ գնան, ընկնեն ծով ու ցամաք, մատնիքը գտնեն՝ բերեն։ Գնացին, գնացին, վերջը հասան Մկների թագավորությունը։

Սահմանի գլուխ պահող ու պահպանող զորքերը, ահ ու սարսափով փախան, թաքնվեցին։ Կատվի գալը հայտնի ելավ թագավորության չորս կողմը։ Մկնաց թագավորը մեծ ժողովք հավաքեց, հրամայեց, որ բերդերը ամրացնեն, թոփ ու թվանքը պատրաստ պահեն։ Գիր գրեց Կրիաստան, Կրիայի թագավորին, որ մի քանի հազար զրահապատ զորք ղրկի, որ ծովի կողմից Կատվին պաշարեն, առաջն առնեն։ Հետո գրեց Ոզնիստանի թագավոր Ոզնուն, որ մի քանի հազար տեգավոր զորք էլ նա ղրկի։ Պայման դրեցին, որ եթե նրանց քաջությամբ փրկվեն Կատվի ձեռիցը, Մկնաց ազգը տասը տարի խարջ տա Կրիայի ու Ոզնու թագավորներին։

Դեռ պայմանը չգրված, չկնքված, Մկնաց թագավորի դուռը հասավ Շունը, երկու թաթը դոշին դրեց՝ պատիվ բռնեց, գլուխ տվեց ու ասաց.

— Մկնաց թագավորը ապրած կենա, ես Անհաղթ Կատվի կողմից պատգամավոր եմ էկել. Եթե կուզեք, որ ամենազոր Կատուն ձեր ազգը չջնջի հրամայեք, որ մի քանի հայտնի լողորդ՝ իշխանազուն մկներ, քու որդու հրամանի տակ մեզ տանեն հասցնեն կղզիները։

Թագավորը ջոկեց յոթը փառավոր իշխան ու կտրիճ լողորդ։ Շունն ասեց,

— Էդքանը մեզ հերիք ա։

Մկները լող տվին առաջից, Կատուն էլ թռավ Շան շալակը, գնացին, ծովե-ծով կտրեցին անցան, մինչև որ հասան Յոթ ծովի մեջտեղի Կղզին, տեսան՝ հրեն պալատը երևաց։

Կատուն մռռաց, բաշի մազերը կանգնեցին սուր-սուր, աջու թաթը բարձրացրեց ու զարզանդ ազդող ձենով մլավեց.

— Մկներ, շուտ արեք, ներս մտեք, ակնավաճառի ձեռիցը մատանիքը բերեք։

Մութ զարզանդ գիշեր ա, խավարը պատել ա երկինք ու երկիր, մատդ որ մարդի աչքը կոխես՝ չի տեսնի, ամա դե Կատուներն ու Մկները մութ տեղն էլ են տեսնում, ոնց որ ցերեկը։

Մկները պատը ծակեցին, ներս մտան, տեսան ակնավաճառը քնած ա, դես դեն ման էկան, ամեն քունջ ու պուճախ նայեցին՝ չկա ու չկա։ Մկների մեծ իշխանը, որ շատ փորձված ու ամեն տեսակ նեղ տեղից ազատված էր, ասեց.

— Կա-չկա, ակնավաճառը մատնիքը բերանն ա դրել, որ գողացող չլինի։ Բաց արեց ակնավաճառի կողքին դրած բռնոթու ղութիկը, կանչեց իր որդուն, ասեց,— պոչդ թաթախի բռնոթու միջին, տար կոխի ակնավաճառի քիթը: Հը՞, էդ ինչի՞ ուշացրիր, վախու՞մ ես մարդուցը, իշխան մուկը վախլուկ չի լի, իմ ջահել ժամանակը, ես պատահել ա, քնած մարդու ականջը կծել եմ: Վախիլ մի, ես էստեղ եմ, դու գնա։
Իշխանազուն մուկը բռնոթոտ պոչը որ կոխեց ակնավաճառի քիթը, ակնավաճառը հենց փռշտաց, ասես թոփ կրակեցին։ Մատնիքը վեր ընկավ բերնիցը, Շունն ու Կատուն մատնիքը վեր կալան։ Մկները սրանց հասցրին ցամաքը։ Նոր էստեղ Կատուն ազատություն տվեց էս մկներին։

Շունն ու Կատուն էկան հասան իրանց տունը, մատնիքը դրին պառավի տղի առաջ, էնպես ուրախանաք դուք, ձեր որդիքն ու թոռները, ինչ նա ուրախացավ։ Մատնիքի ակը շուռ տվեց, էն երկու արաբը կանգնեցին տեղնուտեղը առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա, շինե՞նք, թե՞ քանդենք։

Ասեց.

— Ամեն ինչ առաջվա պես լինի։ Հենց էդ ասելն էր՝ պալատները կանգնեցին իրանց տեղումը, թագավորի աղջիկն էլ մեջը։ Ակնավաճառը որ տեսավ պառավի տղին, ահ ու սարսափից տեղն ու տեղը փետացավ` մեռավ։

Մնացին մարդն ու կինը, իրանց հավատարիմ, բարին չմոռացող, չարը խափանող Շունն ու Կատուն։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:51, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:15

ԻՐԵՔ ՏԻԿՆԻԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Текст:
Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Էս թագավորը պսակվում ա, մի ջահել, սիրուն կնիկ ա առնում։

Անց ա կենում ինն ամիս, ինն սհաթ, ինն րոպե, թագուհին ծունկը գետին ա տալիս բերում մի սիրուն տղա։ Կնիկը որ տղա բերի, տան պատերն էլ են խնդում, ուրախանում։

Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում, համ էլ միտք ա անում, ոնց պետք ա մեծացնի իր որդուն։ Հավաքում ա իրա նազիր-վեզիրներին, պալատականներին, ասում ա.

— Իմ թագաժառանգի համար էնպես մի խաղալիք ճարեք, որ համ ոսկեղեն լինի, համ էրեխու նման լինի, համ էլ իրա էրեխա տեղովը՝ իմ էրեխուն խելք սովորացնի։

Նազիր-վեզիրը, պալատականները աշխարհով մեկ ման են գալի, թագավորի ուզածը չեն կարում գտնեն։ Ոսկերիչները ասում են.

— Խաղալիքը ոսկուց ա ուզու՞մ թագավորը, էդ մեր փեշակն ա կանենք, էդ մեկը` լավ։ Ասենք թե, խաղալիքը լինի էրեխու նման, շատ լավ, էդ վրա երկուսն էլ արեցինք։ Բայց, թե ո՞նց անենք, որ ոսկուց շինած էրեխեն թագաժառանգին խելք սովորացնի, էդ մեր խելքը չի կտրում։ Չենք կարալ։

— Տո, տնաքանդներ,— ասում են պալատականները,— բա էս քամբախ երկրումը մի խելքը գլխին ոսկերիչ չգտնվի՞, որ թագավորի հրամանը կատարի` համ մեր էրեսը պարզ անի, համ ինքն ուզածի չափ փող ստանա իր կատարած գործի համար։

— Դե, ի՞նչ անենք,— ասում են,— մեր մեծ ուստեն կարելի ա աներ էդ գործը, ամա ո՜ւ ր՝ շատ ա ծերացել, ձեռ ու ոտից ընկել։

— Նա արհեստանոց չունի,–— ասում են,— տանը մլուլ ա տալի, մանդր-մունդր բաներ շինում։

— Բա, որտե՞ղ ա ձեր մեծ ուստեն։

— Էսքան չարչարվեցինք, ման էկանք,— ասում են պալատականները,— էս մեկն էլ փորձենք, բալի մեր բախտը բանում ա։

Գալիս են էս մեծ ուստի դուռը կտրում, էրկու ոտը մի փաբուջի մեջ դնում, թե.

— Թագավորի հրամանն ա, պետք ա մի ճար անես, թե չէ, որ թագավորը չարացավ` ոսկերիչներիդ քոքը կկտրի։

— Դե, որ էդպես ա,— ասում ա մեծ ուստեն,— իրեք օր ինձ ժամանակ տվեք, կարելի ա ձեր ուզածը կատարեմ։

Էս պալատականները իրեք օր, վայ էն համբերելուն, համբերում են։ Չորրորդ օրը, լուսը նոր բացված՝ գալիս են մեծ ուստի մոտ.

— Հը՞, ի՞նչ էլավ, մի բան արիր, թե՞ չէ։

Ուստաբաշին հանում ա դարակիցը իրեք հատ մի չափի, մի քաշի, մի շենքի, իրար նման ոսկե տիկնիկ, դնում նրանց առաջին։

Պալատականները ասում են.

— Էրկու պահանջը կատարված ա՝ համ ոսկեղեն են, համ էլ էրեխու նման։ Բա վրա իրե՞քը, սրանք ոնց են խելք սովորացնելու թագաժառանգին։

— Լավ մտիկ արի՞ք էդ տիկնիկները,— հարցնում ա մեծ ուստեն։

— Էլ ի՞նչ մտիկ անենք, իրեքն էլ մի տեսակ են, էլի։

— Դե, որ մի տեսակ են,— ասում ա մեծ ուստեն,— ինձ տարեք թագավորի պալատը, բալի նա մի բան հասկանա։

Սրան բերում են թագավորի պալատը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— հրես քու ուզածը բերել եմ։

Թագավորը վեր ա ունում տիկնիկները, դես ա շուռ տալի, դեն ա շուռ տալի, բան չի հասկանում, իրեքն էլ ոսկուց, մի չափի, մի քաշի, մի շենքի։ Ասում ա.

— Այ մարդ, խաղալիքը ոսկուց ա՝ էդ լավ։ Մեկի տեղը իրեքն ես շինել՝ էդ էլ լավ, չունքի էրեխու ձեռին էրկուսը թե կորչի, մեկն էլ ա կմնա, որ խաղա։ Դու էն ասա, սրանք ո՞նց են խելք սովորացնելու իմ որդուն։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— թե սրանք չսովորացնեն, ուրիշ սովորացնող չի ճարվի։ Սրանք թանկագին սովորացնողներ են, սրանց գինն էլ տարբեր ա։ Լավ մտիկ արա տիկնիկներին,— ասում ա,— էս մեկի գինը դու նշանակի, էս մեկելը սրանից ավելի թանկ ա, ամա ամենաթանկը էս ա, որ կա։ Ուրեմն, ասում ես, լավ տնտղեցի՞ր էդ տիկնիկները։

— Քու տունը շեն,— ասում ա թագավորը,— էստեղ ի՞նչ կա տնտղելու։ Հրես՝ էս մեկի աջ ու ձախ ականջներն էլ ծակ են, ամա էն երկուսինը՝ մի ականջն ա ծակ։

— Հա՞, օղորմի հորդ,— ասում ա մեծ ուստեն,— որ էդքան սուր աչք ունես, քեզ հետ խոսելը հեշտ ա։ Դե, վեր կալ,— ասում ա,— էս ծղոտը մտցրու առաջին տիկնիկի աջ ականջը։ Ի՞նչ էղավ։

— Պահո՜,— զարմացավ թագավորը,— դուրս էկավ ձախ ականջիցը։

— Հրամանք ես,— ասեց մեծ ուստեն,— ուրեմն էս տիկնիկը նման ա էն մարդուն, որ ինչ էլ անես, չի կարում մտքումը պահի, գլխումը խելք չկա։ Ինչ որ մի ականջիցը մտնում ա, մեկելիցը դուրս ա գալի։

— Դե, հիմի,— ասեց,— ծղնոտը կոխի մեկել տիկնիկի ականջը։ Ի՞նչ էղավ։

— Պույ,— ասեց թագավորը,— հրես բերնովը դուրս էլավ։

— Հրամանք ես,— ասեց ուստա բաշին,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որի բերնումը լոբի չի թրջվի: Մի բան որ լսեց, տասն էլ վրան ավելացրած, սուտն ու դրուստը իրար խառնած, փորը կծակի՝ մինչև սրան-նրան չասի, մարդկանց իրարից խռովացնի, կռվացնի։

— Լիս գա հորդ հոգուն, մեծ ուստա, շատ արդար ես,— ասում ա թագավորը,— էլ ո՞ւր ես հեռու գնում, հրես առաջիդ կանգնած պալատականների գործը բա ի՞նչ ա, էդ ա, էլի։

— Դե, հիմի թագավորն ապրած կենա, ծղոտը մտցրու սրա ականջը,— ասում ա մեծ ուստեն։

— Վայ, էս ի՞նչ պատահեց, մեծ ծղոտը գնաց վեր, մտավ գլու՞խը։

— Հրամանք ես, — ասեց մեծ ուստեն,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որ լսածը մտքին պահում ա, լավն ու վատը ջոկում, չարը՝ խափանում, լավին պաշտպան կանգնում։ Քու որդուն խելք սովորացնողը սա պետք ա լինի։

Էն Էրկու տիկնիկի վրա, թող քու որդին ծիծաղի, նրանց ծաղր ու ծանակ անի։ Ամա էս տիկնիկը, թող օրինակ դառնա որդուդ՝ թե ուզում ա խելոք ու արդար թագավոր լինի, թող միշտ ժողովրդի ասածին ականջ դնի, նրա ասածը հասկանա։ Ինքը բախտավոր կլինի, ժողովուրդն էլ՝ գոհ:

Թագավորր խորը մտածմունքի մեջ ա ընկնում։

— Իմաստուն մարդ ես,— ասում ա,— վարպետ ոսկերիչ։ Մինչև իմ որդու խելքի գալը, հրես ինձ սովորացրին քու տիկնիկները։ Դատարկագլուխ ու բերան պատռած պալատականների խոսքը լսելով ես ի՞նչ հասկանամ ժողովրդի դարդ ու ցավից։ Հիմի, ես իմ անելիքը դիտեմ։

* * *

Պապս հեքիաթը որ թամամացրեց, ասեց.

— Տեսա՞ք, ոսկերիչը ո՞նց խելոքացրեց էն թագավորին։ Տատս, ասած կլինեմ ձեզ, շատ խելոք կնիկ էր։

— Ալևոր,— ասեց,— թագավորի խելոքանալը ո՞րն ա։ Չես իմանու՞մ, որ թագավորի միրուքը պալատականների ու հարուստների ձեռքին ա՞։ Որ կուռն ուզեն, էն կուռը շուռ կտան։

— Ուրեմն հեքիաթն էլ չասե՞մ,— նեղացավ պապս։

— Չէ,— ասեց տատս,— իսչի չէ, հեքիաթը դաս ա լսողներին, ամա թագավորի խելոքանալը լինելու բան չի։

— Դու էլ ես արդար, այ կնիկ,— ասեց պապս։

Իհարկե` արդար ա։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:32, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:16

ՊՍԱԿՎՈՂ ՏՂԵՆ

Текст:
Մի ջահել տղա ա լինում։ Սա սիրելիս ա լինում մի սիրուն աղջկա, ամա թարսի պես էդ աղջկա մորը ոչ ով չի սիրում, չի հարգում, էդ մերը փիս անուն ա ունենում, մարդամիջում հայտնի ա լինում իր փիս վարքովը։

Էս ջահել պսակվող տղեն տարակուսում ա.— Բա, որ աղջիկը մոր ճամփովը գնա, էդ հո տնաքանդություն կլինի։ Շատ մտածելուց հետո ասում ա.— Մի հլա փորձեմ էդ աղջկան, տեսնեմ սա ի՞նչ խելքի, ի՞նչ վարքի ա։

Աղջիկը որ կուժը վեր ա ունում գնում ջուրը, էս տղեն նստում ա մի ձիու քուռակի, գալիս ա ախպրի կշտի ծառի տակին կանգնում, քուռակին ծեծում, չարչարում, որ քուռակը ծառը բարձրանա։

Աղջիկը էս որ տեսնում ա, շատ ա զարմանում։

— էդ ի՞նչ ես անում,— ասում ա,— ինչի՞ ես ծեծում ու տանջում էդ անմեղ քուռակին։

— Ուզում եմ,— ասում ա տղեն,— որ քուռակը էս ծառը բարձրանա։

— Էդ ձիու մերը,— հարցնում ա աղջիկը,— իր օրումը մի անգամ ծառ բարձրացած կա՞։

— Բա ո՞նց չէ,— ասում ա տղեն,— սրա մերը շատ անգամ ա ծառը բարձրացել։

— Դե, որ էդպես ա,–– ասում ա աղջիկը, — ծեծի, ջարդի էդ քուռակին, մերը որ բարձրացած կա՝ ինքն էլ անկարելի ա, որ չբարձրանա։ Սա մորիցը ավելի վեր, ճղներին կհասնի՝ ծիլը պտուղիցն ա լինում։ Պտուղը ծառիցը հեռու չի ընկնի։

Տղեն հասկանում ա, որ էս աղջիկը պսակից հետո իրա մորը պետք ա նմանի։ Թողնում ա էդ աղջկան, գնում ա մի ուրիշ էնպես աղջկա հետ ա պսակվում, որի հերն ու մերը անուն ու պատիվ ունեն մարդամիջում։

* * *

Թե որ կտեսնես պսակվող տղեն ծեծում ա ձիուն, որ ծառը բարձրացնի, իմացիր, որ էդ խեղճ տղեն սիրում ա իր հարսնացուին, ամա նրանց նշանդրեքին չար լեզուներ են խառնվել։

Աղջիկն անարատ ա։

Ամա նրա մոր մասին մեկը մի բան ա ասել, մեկելը՝ հարևանների մեջ կպատահի մի ուրիշ բան։

Խեղճ տղեն մնացել ա երկու կրակի մեջտեղը։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:36, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:17

ՏԱՆ ԴՈՎԼԱԹԸ

Текст:
Ժամանակով մի շատ լավ ու բարի մարդ ա լինում։ Սրան ունենում ա իրեք տղա։ Տղերանց ժամանակը որ հասնում ա, բերում ա սրանց պսակում, իրեք հարս բերում տուն։

Սրա հարսները յոլա չեն գնում իրար հետ՝ տան կռիվն ու ղալմաղալը անպակաս ա լինում։ Տղերանց ամեն մեկն իրա կնկա փեշիցը կպած, նրա կողմն ա պահում։ Չէ՞ հայտնի ա մեր պապերի ասած խոսքը. «Մի հարսնանի տունը՝ շեն, էրկուսն էլավ՝ կիսաշեն, իրեքը՝ թող ու փախի մեջեն»։

Դե, որ տան կնանիքը խառնակչություն անեն, էն տան օրը ի՞նչ կլինի։ Շատ ժամանակ չի անց կենում, էս տղերքը կնանոնցն խելքին ընկած՝ էնպես են թշնամանում իրար հետ, որ ուզում են իրար արուն խմեն։

Հերը դարդից վեր ա ընկնում մեռնում։

Տղերքը իրար ինադու հոր թողածը էնենց են ուտում, փչացնում, որ հասնում են աղքատության դուռը։ Սրա-նրա տանը նոքարություն անում։

Մեծ ախպերը գալիս ա մի ջրաղացպանի նոքար դառնում, ամա նրա քոռ բախտիցը, ջուրը բարակում ա, քարերը պտիտ չեն գալի։ Ջաղացպանը դուրս ա անում տղին։

— Իմ ջաղացը լավ էր բանում,— ասում ա,— էկար-չեկար գործս խափանվեց, ոտդ չար էր, գնա, կորի էստեղից։

Տղին որ դուրս ա անում ջաղացից, քարերը սկսում են պտտվել։
Էդ տղեն դես ա ընկնում, դեն ա ընկնում, գալիս մի բաղատիրոջ մոտ բաղմանչի ա դառնում։

Բաղաքաղը, որ հասնում ա, էս տղի քոռ բախտիցը, բաղը չորանում ա, բերք չի տալիս։

— Դու ի՞նչ տեսակ մարդ ես,— ասում ա բաղատերը,— ոտդ կոտրվեր՝ չմտնեիր իմ բաղը, աստծու անեծք կա վրե՞դ, որ ուր գնաս, չարիք բերես հե՞տդ։

Բռնում ա սրան դուրս անում՝ վարձն էլ չի տալիս։

Սոված, ծարավ, հալից ընկած, էս տղեն ում դուռը ծեծում ա՝ դուրս են անում.

— Դու էն մարդը չե՛ս, որ ջաղացը գնացիր՝ կանգնեց, բաղը գնացիր՝ չորացավ։

Ասում են ու դուռը էրեսին փակում։

Աշունքը անց ա կենում, մոտենում ա ձմեռը։ Տղեն մնում ա վիզը ծուռը, ձեռը ծոցին։

Մի օր էլ մի պատվական, բարի մարդու ա հանդիպում։ Ընկնում ա նրա ոտները, աղաչում, պաղատում.

— Էս ձմեռ մի փոր հացի ինձ պահի,— ասում ա,— ինչ ասես կանեմ։

— Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,— հարցնում ա տղին։

Տղեն մին-մին պատմում ա իր գլխին էկածները պսակվելուց սկսած մինչև էդ օրը։

— Էդպես ա,— ասում ա էն պատվական մարդը,— էդպես ա. կնիկ կա՝ տուն կշինի, կնիկ կա՝ տուն կքանդի։ Ձեր տունը քանդվեց էն օրը, որ իրար օգնելու տեղ, իրեք ախպերով թշնամացաք։ Չար ու փչացած մարդուն ծառն էլ պտուղ չի տա, քարն էլ չի ծառայի նրա գործին։ Մինչև էդքանը չհասկանաս, բախտը միշտ էրեսը շուռ կտա քեզանից։ Արի,— ասում ա,— իմ տավարը պահի մինչև զատիկ, փող էլ կտամ՝ մեղք ես։

Էս տղեն իրեք ամիս դրա տավարը պահում ա, մինչև մեծ պասը։ Կովերից մեկը ծնելու վրա էր։ Տերն՝ ասում ա.

— Չքնես, զգուշ կմնաս, ծնելու վախտը հորթը չխեղդվի։

Գիշերը հանկարծ տղի քունը տարել էր, որ զարթնեց, տեսավ կովը ծնել ա, հորթն էլ ա էնտեղ, կողքին էլ մի ալևոր ա կանգնած.

— Պապի, դու ո՞վ ես,— հարցրեց։

— Դու ինձ չես ճանաչի,— ասեց ալևորը,— ինձ դովլաթ կասեն։ Էս բարի մարթու տանը ինչ նեղություն լինի, ես հասնում եմ փորձանքից ազատում։ Ես, որ չհասնեի, հորթը խեղդվելու էր, տերդ էլ քեզ դուրս էր անելու տանից։ Ես էս տան դովլաթն եմ։

— Պապի,— ասեց տղեն,— վերև աստված, ներքև դու։ Ես էլ եմ հարուստ մարդ էլել, հիմի աղքատացել, էս օրն եմ ընկել։ Դու կիմանաս, ո՞ւր ա գնացել իմ դովլաթը, ասա՝ գնամ բերեմ։

— Քու դովլաթը,— ասում ա ալևորը,— էն օրվանից ա փախել ձեր տանիցը, որ օրը որ չար լեզուն անհամություն ու կռիվ գցեց ձեր օջախը։ Հրեն քու դովլաթը Ալագյազա սարումը, քարանձավի մեջ ա։ Գնա, թե կարաս բեր։

Ալևորը էս ասեց ու աներևույթացավ։

Էքսի օրը տղեն էկավ տիրոջ կուշտը.

— Աղա ջան,— ասեց,— հոգաչափ շնորհակալ եմ քեզանից, ամա ես պիտի գնամ, ինձ ճանապարհ գցիր։

— Որդի – ասեց տերը, — մի գնա, կաց զատկվա գառը մի տեղ ուտենք։ Բայց որ տեսավ տղեն շատ ա խնդրում, հանեց, նրա վարձը մեկին մեկ ավել տվեց, մի խուրջին էլ ճամփու պաշար ոլւսին գցեց.

— Գնա,— ասեց,– որդի, ճամփեդ բարի։

Էս տղեն գնաց հասավ Ալագյազա սարի քարայրը, տեսավ դովլաթը հրեն քնած։ Էն օրվանից, ինչ փախել ա դրանց տանիցը, քնած ա, չի զարթնել։ Քուրքի վրան մի թիզ հող ա նստել։ Հողը, որ թափ տվեց տղեն, դովլաթը զարթնեց, նայեց տղի էրեսին,

— Կորի, լիրբ,— ասեց,— ձեր էրեսից եմ փախել, էլի էկար գտա՞ր։ Որտեղով եկել ես, էնտեղով էլ գնա, կորի։

— Ճար չկա, պապի,— ասեց տղեն,— քեզ պիտի տանեմ, սոված կոտորվում ենք։ Ես լավ հասկացա, մեր արարքիցն ենք էս օրին հասել։ Մեղա կգանք, էլ չենք անի։

Դովլաթը տեսնում ա, որ սա խելքի ա էկել.

— Որ շատ աղաչում ես,— ասում ա,— առ էս էրկու պոպոքն, առ ու գնա։ Ես կգամ։

Տղեն պոպոքներն առավ ու ուրախ սրտով ճամփա ընկավ։ Էկավ մի գեղի մոտ, տեսավ, հրեն էրկու էրեխա կռվում են, իրար տալիս.

— Այ որդի, ինչի՞ եք կռվում։

— Էս քարը ջրի միջիցն ենք գտել,— ասին,— հիմի կռվում ենք, ես ասում եմ՝ իմն ա , նա ասում ա իմն ա։

Էս տղեն ասեց, արի մի բարի գործ էլ ես անեմ, որ սրանք չկռվեն իրար հետ։

— Սպասի,— ասեց,— էդ քարը տվեք ինձ, ես մի պոպոք քեզ կտամ, մի պոպոք՝ նրան։ Հիմի լավ էլա՞վ։

Էրեխեքր ուրախացան, առան պոպոքներն ու թռչկոտելով փախան, գնացին։

Էս տղեն, մտքերի հետ ընկած, էն քարը ջեբը գցեց, էկավ հասավ իրանց տուն։ Մութը կոխել էր, ամա տանը ճրագալիս էլ չկար։ Ախպերները մթնումն էին նստած։ Որ տեսան մեծ ախպորը, փաթաթվեցին, լաց էլան։ Աշխարքիս բանն էդպես ա՝ քանի մի տեղ էին՝ իրար միս էին ուտում, հիմի կարոտից լաց էին լինում։

Մեծ ախպերը խուրջինը ուսից վեր դրեց, շերերի եղածը հանեց, դրեց պատուհանին, էն քարը ճրագի պես լիս տվեց տանը մեջ։

— Էս լավ էլավ,— ասին,— մեզ էլ ճրագ էր պետք։ նստեցին հաց կերան։ Ամեն մեկն իր գլխի էկածը պատմեց։

— Հո միտներդ ա,— ասեց մեծ ախպերր,— որ մեր դովլաթը ամենից շատ էր։ Էն էլ լավ գիտեք, թե ի՞նչն էր պատճառը, որ էս օրն ընկանք։ Մենք, որ համերաշխ ապրենք, իրար օգնենք, աստված էլի էն դովլաթը մեզ կտա։ Տեսաք հո, ինչ է թե իրարով ուրախացանք, իրար փաթաթվեցինք, պաչեցինք, էն քարն էլ, իրա քար տեղովը լիս տվեց մեզ...

Ախպրտինքը խելքի էին էկել։ Մեծ ախպոր ձեռի տակին սկսեցին վար ու ցանք անիլ, տան հոգսը հոգալ։

Հիմի սրանց թողանք էստեղ, գանք խաբարը տանք ումի՞ց, խաբարը տանք մի հարուստ վաճառականից։ Վաճառականը գիշերով հասնում ա էստեղ, տեսնում ա ամենի ճրագը հանգավ, էն մի տան ճրագը չի հանգչում։
Լիսը բացվեց թե չէ, վաճառականը ասեց.

— Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ ի՞նչ տուն ա։ Գնաց տեսավ՝ չորս պատն ա, բան չկա, մի քար ա դրած պատուհանին, իրան՝ իրան լիս ա տալիս։

— Ախպեր, էս քարը չեք ծախի։

— Չէ, ծախենք ի՞նչ անենք,— ասեց մեծ ախպերը,— մենք ճրագ չունենք։

— Էնքան փող կտամ,— ասեց վաճառականը,— ճրագ էլ կառնեք, ամեն բան էլ։

— Ի՞նչ պիտի տաս, որ ծախենք։

— Հազար մանեթ կտամ,— ասեց վաճառականը։ Ախպերը հենց իմացավ իրան ձեռ ա առնում, ասաց.

— Իմ վրա ծիծաղում ե՞ս։

Վաճառականն էլ կարծեց, թե քիչ ա ասել, ասեց,

— Էրկու հազար մանեթ կտամ։

— Իմ վրա մի ծիծաղի,— միամիտ ասեց ախպերը։

— Ինչի եմ ծիծաղում, այ մարդ։ Իրեք հազար մանեթ եմ տալիս։ Էլ մի երկարացնի, հը՞, հինգ հազար տվի, տո՛ւր, ես ճամփի վրա եմ, գնում եմ։

Վաճառականը հինգ հազար մանեթը տվեց ախպորը, քարն առավ ու դուրս վազեց, որ չլինի էն մարդը միտքը փոխի, ետ ուզի։

Էս իմ ասածի վրա անց կացավ էրկու տարի։ Վաճառականը իր բանը լավ գիտեր՝ հինգ հազարի առած անգին քարը ծախել էր վաթսուն հազարի։

Մին էլ, որ էն կողմերը ընկավ, ասավ.

— Գնամ էն մարդուն տենամ՝ ասեմ, որ նրանից հինգ հազարով առածը՝ ծախել եմ վաթսուն հազարի։ Տենաս ի՞նչ ա անելու, վայ թե խելքը կորցնի։

Էկավ, մտավ տուն.

— Հը՞,— ասեց,— ո՞նց ես, ո՞նց չես, ինչի՞ չես հարցնում, թե քանիսի եմ ծախել քեզանից առած քարը։

— Քու ապրանքն ա,— ասում ա տղեն,— քանիսի ծախել ես՝ ծախել։ Իմ ի՞նչ բանն ա։

— Գոնե իմանաս էլի։

— Լավ, ասա, տեսնեմ։

— Վաթսուն հազարի,— ասում ա վաճառականը, ու աչքերը չռած, սպասում, թե ի՞նչ ա պատահելու էն միամիտ մարդուն։

— Ը՛, քու տունը չքանդվի,— ասում ա տղեն,— ես էն անգին քարը էրկու պոպոքի էի առել։

Վաճառականը էս որ իմացավ, էրկու ձեռով իր գլխին խփեց.

— Վաթսուն հազարանոց բանն էլ երկու պոպոքի առնեն։ Ես պիտի պատահած լինեի էն լակոտներին գլխներին բամփեի, ձեռներիցը առնեի։ Սրան տված հինգ հազարն էլ ջեբիս կմնար։

Իրա ագահությունիցը սիրտը տրաքեց, վեր ընկավ՝ մեռավ։

* * *

Պապս, որ հեքիաթը թամամացրեց, ասեց,

— Ագահ ու աչքածակ մարդու վերջը էդ ա։ Հայտնի բան ա՝ մարդս մահկանացու ա, բայց մահ էլ կա, մահ էլ։ Մարդ կա` մարդավարի ա մեռնում, մարդ էլ կա սատկում ա շան պես։
— Ալևոր,— ասեց տատս,— չէ՞, մարդս մի բերան ունի, մի փոր, լավ, թող, որ մեզ նման էլ, մի տուն լիքը երեխեք ունենա։ Որ հալալ աշխատանք անեն, դե էն ա, ամենն էլ կուշտ կլինեն, բանի կարիք էլ չեն ունենա։ Բա, ո՞նց ա, որ ագահ մարդու աչքը իսկի չի կշտանում։

— Կշտանում ա,— ասեց պապս, այ, լսեք, պատմեմ ձեզ։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:36, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:18

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ ՄԵՆԱԿ ՀՈՂԸ ԿԿՇՏԱՑՆԻ

Текст:
Լինում ա, չի լինում մի թագավոր։ Արի տես, որ թագավորի խազինիցը նրա ամենասիրած ու անգին քարը կորչում ա։ Սաղ պալատը տակն՝ ու վրա են անում, քանի անմեղ մարդու տուն քարուքանդ անում, ման գալիս չեն կարում գտնեն։

Թագավորը ոտը գետնովն ա տալի։

— Թե իմ սիրած անգին քարը չգտնեք՝ սաղ քաղաքը սրի կքաշեմ։ Էստեղ, պալատն՝ ա մտնում մի դերվիշ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— մթամ, որ սաղ քաղաքը սրի քաշեցիր, մեռածները քեզ անգին քար կդառնա՞ն։ Ես քու կորուստը կգըտնեմ, ամա ինչ ուզեմ, պիտի տաս ինձ,— ասում ա,— խոստանում ե՞ս։

— Խոստացա,— ասում ա թագավորը,— ինչ ուզես, կտամ։ Ասա քարի տեղը։

— Մորթեք վեզրի սև ղազը,— ասում ա դերվիշը։— Քարը սև ղազի փորումն ա։

Մորթում են, տեսնում քարը հրեն վեզրի սև ղազի փորումը։

Բռնում են վեզրին, թե՝ անգին քարը ի՞նչ գործ ունի քու սև ղազի փորումը։ Ինչ անում են, չեն անում, վեզիրը հանձն չի առնում։

— Կապեք վեզրի ձեռն ու ոտը,— ասում ա դերվիշը,— կախ տվեք դրան անտակ հորը, օձերին ու կարիճներին կեր՝ լիզուն կբացվի։

— Ամա՜ն,– լղապատառ ա լինում վեզիրը,— ազատեցեք ինձ, ես ճիշտը կասեմ։

Վեզրին վեր են քաշում հորիցը։

Դու մի ասի, քարը վեզիրն ա գողացել, մտցրել ղազի բերանը, որ հետո մորթի, քարը հանի տանի ուրիշ աշխարքի թագավորի վրա ծախի։

— Դերվիշ,— ասում ա թագավորը,— դու խելոք մարդ ես, սրան ի՞նչ պատիժ կհասնի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա դերվիշը,— քանի որ դա աչքածակ մարդ ա, դրա մի աչքը հանի, մեկելով թող տեսնի, թե ինչքան մարդու տուն ա քանդել։

Թագավորական դահիճը պալատ ա մտնում, միլը տալի վեզրի աչքին, աչքը հանում, գցում։ Դերվիշը վեր ա ունում էն աչքն ու ջեբն ա դնում։

Ուշք գնացած վեզրի թևերն են մտնում, տանում տուն։ նոր, էստեղ դերվիշը ասում ա,— թագավորն ապրած կենա,— ասում ա,— դու թագավորական խոսք ես տվել, որ ինչ ուզեմ, տաս։

— Ի՞նչ ա ուզածդ տվեցի։

— Էդ մարդու աչքի քաշովը մին ոսկի տու ինձ։

Բերում են ոսկու կշեռքը։ Դերվիշը, ջիբիցը հանում ա մարդու աչքը, դնում մի կողմ, մեկել կողմը լցնում են ոսկով, ամա աչքի կողմը տեղիցը չի բարձրանում։
Ճարները կտրում ա, բերում են մեծ կշեռքի վրա կշռում, մի կողմում աչքը դնում, մի կողմում լիքը ոսկի, ամա աչքի թայը տեղիցը չի շարժվում։

Այ քեզ օյի ն, էս ի՞նչ բան ա։

Ղանթարի մեծ կշեռք են բերում, մի թայը ոսկով լցնում, ամա էն թայը, որին աչքն ա դրած՝ ոնց որ գետնին կպած լինի։

Թագավորը կատաղում ա, փրփրում.

— էդ դերվիշը դիտմամբ ա անում,— ասում ա,— որ ինձ խաբի, էդ հո աչքակապություն ա։

Դահիճին կանչում ա, որ դերվիշի գլուխը կտրի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա դերվիշը,— իմ գլուխը կտրելով բան չես հասկանա, դու համբերի։

Վեր ա ունում մի բուռը հող, ածում էն աչքի վրա, կշեռքի նժարը, անմիջապես վեր ա թռնում, բարձրանում։

— Էս ի՞նչ բան էր,— զարմանում ա թագավորը,— էս ի՞նչ օյին էր։

— Օյին չէր,— ասում ա դերվիշը,— էս էն աչքածակ վեզրիդ աչքն էր։ Դու ինձանից լավ գիտես, թե ինչքան փիս մարդ էր վեզիրդ, թե ինչի՞ էիր դրան պահում, էդ քո գիտնալիքն ա, ամա հայտնի ա ամենին, որ սաղ աշխարքը գռփեց, կերավ էլ չդադարեց, էնքան անկուշտ, էնքան աչքածակն ա։ Աչքածակ մարդու աչքը,— ասավ դերվիշը,— մենակ հողից կկշտանա։ Հողը, որ ածեցի վրեն, աչքը կշտացավ։ Հիմի նրա իսկական քաշը մի քանի մսխալից ավել չի։

Պատահում ա, որ աչքածակ մարդը մեռնում ա, աչքերը բաց են մնում, փակելու ճար չի լինում, մինչև գերեզմանի հողը չածեն աչքերին։

— Դերվիշ-բաբա,— ասում ա թագավորը,— քու իսկական վարձը քաշովդ մին ոսկին ա։ Կանգնի կշեռքի մի թային, թող մեկելին ոսկի լցնեն։

— Թագավորն ապրած կենա,– ասում ա դերվիշը,— ոսկին իմ ինչի՞ն ա պետք։ Իմ օրվա հացը մարդիկ ինձ տալիս են, նրանց բարի բան սորվացնելու համար։ Ես ուզեցի, որ դու էլ քու նազիր-վեզիրների բանն իմանաս, իմանաս, թե ո՞նց են նրանք ժողովրդին գռփում ու թալանում...

Հեքիաթը, որ թամամեց.

— Ալևոր,— ասեց տատս,— էդքան էլ աչքածակ ու ագահ մարդ կլինի՞ աշխարքիս էրեսին, դու տեսած կա՞ս։

— Հերիքնազ,— ասեց պապս,— տեսած կամ։ Մեր գեղական քոխվեքն ու քեդխուդեքը էլ էն վեզիրնե՞րը չեն։ Ինչ շան օր քաշեցի ես դրանց դռներին մինչև մի կտոր հողի տեր դառա ու տուն դրեցի։ Բա միտդ չի՞...

Ամա աչքածակ մարդը շատ անգամ իր ագահության զոհն ա դառնում,— շարունակեց պապս,– էրկու էդպես աչքածակ մարդ են լինում։ Թագավորը դրանց ամեն ուզածը կատարում ա՝ ինչքան պահանջում են` մեկին երկուս են ստանում, ամա օր ու գիշեր տնքում են ու գանգատվում՝ էս ա պակաս, էն ա պակաս։

Թագավորի ճարը որ կտրվում ա, կանչում ա պալատ, ասում,— ինչ որ ուզեք, կտամ, մենակ թե ձեր գանգատները չհասնեն ականջիս։ Ինչքան որ ձեզանից մեկը ուզի` մեկելին էրկու անգամ ավել եմ տալու։

Ագահները մնում են շվարած, վերջը դրանցից մեկն ասում ա.– Թագավորն ապրած կենա, ես կուզեմ, որ իմ ընկերոջ մի աչքը հանես։

— Շատ լավ,— ասում ա թագավորը,— դրա մեկ աչքը որ հանիլ տամ, քու էլ էրկու աչքը պետք ա հանեմ։ Մեր պայմանն էդպես ա։

Ձեն ա տալիս դահիճին՝ առաջինի էրկու աչքն ա հանել տալիս, էն մեկելի՝ մի աչքը։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:37, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:19

ՄԱՐԴ ԻՐԱ ԿՅԱՆՔՈՎԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ

Текст:
Աստվածը եդեմական բաղ ու բաղչի ծաղիկների միջին թինկը տված, կյանք ա բաժանելիս լինում իրա ստեղծած շունչ արարածներին։ Կանչում ա մարդուն.

— Մարդ արարած,— ասում ա,— քեզ տալիս եմ քսան տարվա կյանք։ Գնա,— ասում ա,— քեզ համար ազատ, ուրախ, անդարդ մարդավարի ապրի։

Մարդը` դե, ագահ, աչքը ծակ, սիրտը նեղ խռովում ա աստծուց, թե քիչ ա կյանք տվել իրեն, ունքերը կիտում, մի կողմ քաշվում նստում։

— Շուն-արարած,— ասում ա աստվածը,— դե, հիմի դու մոտ արի։ Դու շատ հավատարիմ կենդանի ես, ես քեզ տալիս եմ քառասուն տարվա կյանք։ Գնա, քու շան օրը քաշի։

— Տեր աստված,— ասում ա շունը,— ես քառասուն տարի էս մարդի դռանը հաչա՞մ, ոսկոր կրծե՞մ։ Ինձ քսան տարին էլ բոլ-բոլ ա։ Մնացած քսան տարին էլ ավելացրու հրեն, նեղացած տիրոջս կյանքին, գուցե աչքը կշտանա։

Աստված տեսնում ա, որ շունը խելքի մոտիկ բան ա ասում, վեր ա ուն ում շան քսան տարին, տալիս ա մարդուն։ Մարդը դառնում ա քառասուն տարեկան։

Շունը վեր ա կենում, աստծու ձեռը լիզում, գնում իր բանին։ Ամա անկուշտ մարդը, էլի վիզը ծռած նստած ա էնդեղ։ Չի հեռանում։

Շանից հետո աստված էշին ա կանչում։

— Էշ արարած,— ասում ա,— Քեզ էլ եմ քառասուն տարվա կյանք տալիս։ Գնա,— ասում ա,— էշավարի՝ ապրի։ Կուզես մոխրումը թավալ տու, կուզես,— ասում ա,— ինչքան կուզես զռա, փառք տու քու ստեղծողին։

Դե, էշը՝ էշ ա էլի։ Ի՞նչ հասկանա թե աստված նրա լավն ա ուզում։

— Տեր աստված,— ասում ա,— իհարկե, որ քու միրուքի մի մազը ավել խելք ունի, քան իմ էս եքա գլուխը։ Ամա թե,— ասում ա,— ես ո՞նց քառասուն տարի, սրա-նրա դռանը քարշ գամ, բեռները կրեմ, դագանակի ծեծ ուտեմ։ Ինձ քսան տարին էլ բոլ-բոլ ա։ Էն մնացած քսանը էդ անկուշտ մարդին տուր գուցե աչքը կշտանա։

— Սա, ճիշտ որ էշ ա,— մտածում ա աստված,— իսկական ավանակ։ Շունչ արարածը ավել կյանքից կհրաժարվի՞։

Խլում ա էշի քսան տարին՝ տալիս մարդուն։ Մարդը դառնում ա վաթսուն տարեկան։

Էշը, ուրախությունիցը տրճկի տալով զռում ա, աստծուն փառք ա տալիս, գնում, փալանն առնում մեջքին, ամա մարդը՝ սոված, անկուշտ, աղքատի նման վիզը ծռած, նստած ա էնտեղ, չի հեռանում։

Էշից հետո, աստվածը կանչում ա կապիկին։

— Արի, արի,— ասում ա,— արի, այ մեյմուն, արի քեզ տամ մի քառասուն տարի։ Գնա մեյմունություն արա։

Մեյմունը ահիցը դես ա թռչում, դեն ա թռչում, բարձրանում ծառին, պոչը ոլորում ծառի ճղիցը, գլխիվեր կախ ընկնում։

— Տեր աստված,— ասում ա,— իմ մեղքը ի՞նչ ա, որ ես քառասուն տարի ուրիշի տնազ անողը լինեմ։ Մեծ ու պստիկին ինձ վրա ծիծաղեցնող լինեմ։ Քսան տարին ինձ էլ ա բոլ, իմ պապերին էլ։ Հրեն էն մարդու սիրտը էնքան կոտրած ա, որ ինձ վրա էլ չի ծիծաղում։ Իմ մնացած քսան տարին նրան տուր, գուցե աչքը կշտանա՝ մի հետ էլա ծիծաղի։

Ասում ա մեյմունը, լիզուն հանում ա, շանց տալիս մարդուն, դունչը ծռմռում, հետո ծառի կոտրած ճյուղը ձեռնափետի պես թաթն ա առնում, կուզեկուզ գնում։ Մին էլ շուռ ա գալի, պոչը վեր քաշում, քամակը շանց տալի աստծուն, փախչում, գնում։

— Այ, սատկես ոչ, մեյմուն,— ասում ա աստված,— ծիծաղու սպանեցիր ինձ։ Դե, լավ, թող քու ասածը լինի։

Վռազ վեր ա ունում մեյմունի մնացած քսան տարին, ավելացնում մարդու վաթսուն տարուն։ Մարդը դառնում ա ութսուն տարեկան։

* * *

Պապս էս հեքիաթը որ թամամացրեց.

— Էս ամենը,— ասեց,— մարդու վրա ա ասված։ Իրա իսկական կյանքով մարդս քսան տարի ա ապրում։ Քսան ու մեկից մինչի քառասունը՝ շան կյանքով, յանի թե՝ շնություն ա անում։ Քառասուն ու մեկից մինչև վաթսունը՝ իշի կյանքով, յանի թե՝ շատ ա աշխատում, չարչարվում։ Հազարիցը մեկ ա վախտ գտնում թավալ տալու՝ հանգստանալու։ Հազարից մեկ էլ՝ ձենով երգելու, ուրախանալու։ Վաթսունից ութսունը մարդու մեջքը ծռվում ա, փետը ձեռին կռացած ա ման գալի։

Ամա ծերությունն էլ,— ասեց պապս,— իր համն ու լազաթն աւնի։ Խելք բաժանելու վախտը աստված մարդուն չի մոռացել, մարդն ինչքան էլ մեծանա, ինչքան էլ ալևոր դառնա՝ ապրած տարիքն ու կյանքի փորձը նրան ավելի իմաստուն են դարձնում։ Սրա համար ա, որ մեծի պատիվը շատ ա մեր ժողուվրդի մեջ։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:40, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:20

ՄԱՐՏԻՐՈՍ ԲԻՁՈԻ ՈԻԶԱԾԸ

Текст:
Հայտնի բան ա, որ տարիքի բեռը ծանր ա գալիս մարդ արարածի վրա։ Ամեն մարդ չի կարենում դիմանա էդ բեռին։

Մարտիրոս բիձեն, որ ութսունվեց տարեկան դառավ, գլխացավից էր գանգատվում, ասում էր՝ ականջներս դժժում են, ոտներս թուլացել են, դողում են, ասում էր։

— Բան չկա, պապի,— ասում էին,— ծերությունից ա:

— Հրես, կերածս չեմ կարում ծամեմ, աչքերս էլ շաղվում են, բան էլա չեմ տեսնում։

— Էդ էլ,— ասին,— ծերությունիցն ա։ Մարտիրոս բիձեն նեղացավ։

— Բա ինչի՞ հրոխպորս տղա Հաբեթը, որ ինձանից մի քանի տարով մեծ ա, ասում ա, որ իրա ամեն բանը կարգին ա։

— Մարտիրոս բիձա,— ծիծաղեցին հարևանն՛երը,— Հաբեթը ասո՞ւմ ա, դե դու էլ ասա, որ լավ լինի։

Մարտիրոս բիձեն դառնացած գլուխը տարուբերեց.

— Ձեզ համար ի՞նչ կա,— ասեց,— ձերն էնա, որ սեպներդ բաց անեք, մարդի վրա ծիծաղեք։ Դուք գիտե՞ք,— ասեց,— որ հեռ լսողաց, ինձ չեմ կարում պահեմ, գիշերները տակս թրջում եմ։

— Այ տղա, Մարտիրոս,— ձեն տվեց նրա մանկության ընկերներից մեկը,— օրորոցը միտդ ա ընկե՞լ։

Էս խոսքի վրա ջահելները ծիծաղեցին, ամա մի ուրիշ տարիքով մարդ (չէ՞ տարիքովը խելոք կլինի)— ձեններդ կտրեք,— ասեց,— Մարտիրոս հեչ դարդ մի անի,— ասեց,— հրեն Քոթակլի գեղումը մի հայտնի գիր անող կա, քանի-֊քանի մարդ ա սաղացրե, բերեք էստե, թող գա, գիր անի։

Կանչեցին էդ գրբացին, էկավ գիր արեց, ամա արի տես, որ գիրը շատ զոռ էր արել, խեղճ Մարտիրոսի վիճակը ավելի վատացավ։

Բանը հասավ տերտերին,

— Մարտիրոս,— ասեց,— օրշնյալ, ժամ ու պատարագ, աղոթք ու աստծու անունը մտահան ես արել։ Վեր կաց, արի ժամը, մատաղ արա, խունկ ու մոմ վառի, գիշեր-ցերեկ աղոթի աստծուն, որ ցավերից ու տանջանքներից ազատվես։

Ու Մարտիրոս բիձեն սկսեց աղոթել, օր ու գիշեր էն էր խնդրում աստծանից, որ հոգին առնի, ազատվի ցավերից։

Մարտիրոս բիձու աղոթքը հասավ երկինք։ Աստված տեղն ու տեղը Գափրել հրեշտակին ուղարկեց ներքև։

Մարտիրոս բիձեն աչքը բաց ա անում՝ Գափրել Հրեշտակը հրեն գլխավերևը կանգնած։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— աստված լսել ա քու աղոթքը, հրես ուղարկել ա ինձ, որ հոգիդ առնեմ։

— Գափրել հրեշտակ,— կմկմում ա Մարտիրոս բիձեն,— ես հո չասի, որ հենց էս սհաթին ուղարկի հոգիս առնելու։ Էդ ինչի՞ ա էդքան վռազել աստված։ Խոսք էր ասեցի էլի։ Ամեն ասածի, որ ուշ դնես, էդ ո՞ւր կհասնի։ Ես փորձել եմ աստծուն, մեռնեմ նրա զորութենին, ես գիտեմ, որ նա իմ խնդիրը կատարողը չի։ Հազար անգամ ժամ եմ գնացել, մոմ եմ վառել, խունկ եմ ծխել, արտասուք եմ թափել, աղաչել-պաղատել մի հետ էլա ուզածս չի կատարել։ Հենց հիմի՞ ա վռազ ուղարկել, որ հոգիս առնե՞ս։

— Մարտիրոս բիձա,— ասում ա Գափրել հրեշտակը,— վերնային աստվածը գիտի իրա անելիքը։ Հիմի քանի՞ կոպեկ արժի քու էդ խոսքերը։

— Մեռնեմ նրա զուրութենին,— էրեսը խաչ ա հանում Մարտիրոս բիձեն,— ամա դե ասում էի՝ թոռներիս մեծանալը տեսա, ծոռներիս մեծանալն էլ տեսնեի, նոր գայիր հոգիս առնեիր։

— Քանի տարի ես ուզում էլի ապրես,— հարցնում ա Գափրել հրեշտակը։

Մարտիրոս բիձեն սուս ա արել։ Ձեն չի հանում։

— Բավականն ա քեզ մի քսան-երեսուն տարի,— հարցնում ա Գափրել հրեշտակը։
Մարտիրոս բիձեն էլի սուս ա կացել։

— Դե, ասա, ինչքա՞ն ես ուզում։

Մարտիրոս բիձեն ասես պապանձվել, լիզուն կուլ ա տվել։

Գափրել հրեշտակը, որ տեսնում ա ալևորին էդպես խեղճացած, նեղն ընկած, սիրտը ճմլվում ա, արտասուք ա գալիս աչքերիցը։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— մենք էլ ժամանակին մարդ ենք էլել մեզ համար։ Մարդահաշիվ էինք, մինչև որ աստված, մեռնեմ նրա զորութենին, իրա վերնային հրամանով ինձ կարգեց հոգեառների գլխավոր նաչալնիկը։ Հիմի խիղճս միտս ա էկել։ Ես քեզ կօգնեմ։ Տեսնում ե՞ս դռանը կանգնած ուղտը։ Վեր կաց տեղիցդ, բութ մատդ դիր ուղտի մարմնի որ տեղին կուզես։ Ինչքան մատիդ տակին մազ լինի, հաշվենք, էնքան տարի էլ ապրես։

Մարտիրոս բիձեն վեր ա թռչում տեղիցը, սաղ իր ջանով, փորով, պորտով, կպչում ա ուղտի մարմնին, պոկ չի գալիս։

Գափրել հրեշտակը մնում ա շվարած, չի իմանում ի՞նչ անի։ Գալիս ա տեսածը աստծուն պատմում։

— Տեր աստված,— ասում ա,— վերնային արդար ու իմաստուն դատավորը դու ես,— ասում ա,— հիմա ո՞նց կհրամայես։ Ես նրան խոսք եմ տվել, որ մազի համբարքի չափ տարի էլի ապրի։

— Գլուխդ մեծ քարովն ես տվել, որ էդ տեսակ խոսք ես տվել։ Դու քանի՞ գլխանի ես, որ ուզում ես ինձանից ավել իրավունք բանացնես։

Էս րոպեին գնա, էդ Մարտիրոսի հոգին առ, բեր տուր իմ ձեռը, ես դրա դատաստանը կանեմ։ Մեղավորը ես եմ։ Շատ էրես տվի մարդ-արարածին, ասի ինձ նման ստեղծեմ, որ բալի լավ ըլնի, ամա տեսնում եմ, քիչ էլ որ մնա՝ անմահություն կպահանջի ինձանից։

Աստված էս խոսքր վերևում ասում ա թե չէ, Մարտիրոս բիձեն ներքևումը իր մնացած արևը ձեզ ա բախշում՝ հոգին փչում։

* * *

Պապս հեքիաթը որ թամամացրեց, մեր տան պուճուր հարսը ասեց.

— Աստված տեղին ա չարացել, Մարտիրոս բիձու ապրածը իրան բոլ ու բոլ էր։ Էլ ինչի՞ էր ուզում ավել ապրի։

— Ջահել ես, հարսի ջան,— ասաց պապս,— կյանքը որ կա՝ ամենաքաղցր բանն ա աշխարքիս էրեսին, նրանից կշտանալ չկա։ Ինչքան էլ մարդ բեզարի կյանքից, ինչքան էլ ձեն տա, կանչի մահին՝ խոսքով կասի, ամա տեղն ընկած վախտը՝ մեռնիլ չի ուզում։ Բա ձեզ չեմ պատմե՞լ։

Մի ալևոր անտառումը ցախ հավաքելիս շատ բեզարած վախտը, նստում ա ծառի քոքին.

— Տեր աստված,— ասում ա,— էս ի՞նչ շան կյանք ա, որ ես քաշում եմ, էն լավ կլինի մահը միանգամից ինձ տանի։

Էս խոսքը դեռ թամամ ասած-չասած մահը գալիս ա ալևորի գլխավերևը կանգնում.— կանչել էի՞ր,— ասում ա,— հրես էկել եմ, արի տանեմ։

— Ո՞ւր տանես,— ասում ա ալևորը,— ես գալու ժամանակ ունե՞մ, որ գամ։ Հրեն մեր տանը անտեր ու սոված իմ պառավն ու թոռները սպասում են, որ էս ցախը ծախեմ, հաց տանեմ տուն, համ էլ մի քիչ կրակ անեմ, տաքանան։ Հորդ օղորմի, Մահ ախպեր, մի օգնի ինձ, էս ցախի կապոցը շալակիս դիր, հենց դրա համար էի քեզ կանչում։

— Հա, դե որ էտենց ա, հմի քեզ չեմ տանի, գնա քու բանին։ Ամա մեկ էլ որ ձեն ես տվել, կգամ հոգիդ կառնեմ։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:41, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:22

ԱԴԱՄՈՐԴՈԻ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Ծառը որ պտուղ ա տալիս, էդ պտուղի կորիզիցը կամ սերմիցը էլ ետ թազա ծառ ա մեծանում։ Էս ծառն էլ պտուղ ա տալիս, պտուղի սերմն էլ մի թազա ծառ։

Էսպես էլ մարդ արարածը՝ ծնողը որդի ա ունենում, որդին՝ թոռ, թոռն էլ ծոռն ա ծնում։ Մարդու մեռնելու վախտը որ հասնում ա, մարդը հանգիստ մեռնում ա, քանի որ գիտի՝ իր անունն ու գործը ժառանգները կենդանի կպահեն աշխարքի մեջ։

Ամա վայն էկել ա տարել անպտուղ, անզավակ, առանց ընտանիքի ու ազգականների մնացած մենակ մարդուն։

Մի էդ տեսակ մենակ հարուստ մարդ ա լինում։ Ջահել վախտը իսկի չի մտածում, թե, որ ապրիլ կա՝ մեռնիլ կա, դե, էդպես ա էլի, էն ո՞ր ջահելն ա որ մտածում ա մահվան մասին։ Ամա էս մարդը տարիքը որ առնում ա, ընկնում ա ծանր մտքերի մեջ, ո՞նց անի, ի՞նչ անի, մահին խաբի, որ չմեռնի։ Չէ՞ որ մահից վախեցողի ապրածն էլ մեռածի հաշիվ ա։

— Վեր կենամ,— ասում ա,— գնամ մի էն տեսակ տեղ, մի էն տեսակ երկիր, որ մահ չլինի։

Շատ ա միտք անում, վերջը որոշում ա, որ էդ տեսակ տեղը իրանց երկրին նման չի լինի, էդ տեսակ տեղը,— ասում ա,— կարող ա աշխարքի վերջումը լինի։

Էհ, ինքը հարուստ մարդ, ի՞նչն ա պակաս։ Քարավանը բարձում ա բեռ ու բարձով, ծառա-նոքարներով ճամփա ա ընկնում, գնում ա ու գնում, շատն ու քիչը աստված գիտի, վերջը հասնում ա մի անծանոթ երկիր, որ իսկի իր երկրի նման չի։ Հարցնում ա, թե.

— Բարով, խերով լինի ձեր երկիրը, ի՞նչ ա ձեր երկրի անունը։ Ասում են՝

— Էս աշխարքի վերջի երկիրն ա։

Էս մարդու սիրտը ուրախությունից թպրտում ա։

— Էս ա, իմ ուզածն ա։ Մին էլ ա հարցնում.— Բա սրանից դենը երկիր չկա՞։

— Չէ, ասում են, էնա վերջն ա էլի՛։

Էս մարդը ուրախանում ա, ասում ա, թամամ, որ վերջի երկիրն ա, էստեղ ամեն ինչ ուրիշ տեսակ ա, էստեղ մարդը չի մեռնի։ Մին էլ սար ու ձոր ձեն են առնում, ձեն տալի.

— Կմեռնի, ադամորդի, կմեռնի։

— Ո՞նց թե` կմեռեի,— փշաքաղվում ա մարդը։

— Կմեռնի,— աներևույթ ձեն են տալի ծառերն ու ջրերը, հավքն ու թռչունքը, գազանն ու սողունը,— կմեռնի ադամորդի, կմեռնի, մահը մարդու մեջն ա, իր ծնվելու օրիցը։ Հիմի էլ քու մահը հետդ բերել, հասցրել ես էստեղ։

Էս մարդը քոռ ու փոշման ուզում ա ետ փախչի, ամա ոտները թուլանում են, ալքերը մթնում, վեր ա ընկնում էստեղ մեռնում...

* * *

Պապիս հեքիաթները լսելու հավաքվում էին գեղի մեծն ու պստիկը։

— Էդպես ա, մահին խաբել լի լինի,— ձեն տվին մեր տարիքավոր հարևանները,— էն ո՞վ ա նրա ձեռիցը պրծել, որ էն միամիտ մարդը պրծներ։

Խոսքը պտիտ էկավ, էկավ հասավ տատիս, սա թե.

— Որ մահին խաբել լի լինի, դրա մի հեքիաթ էլ ես գիտեմ։ Ի՞նչ կասես ալևոր, սազական կլինի, որ ասեմ էդ հեքիաթը։

— Ասա, Հերիքնազ,— ասեց պապս,— շատ սազական կլինի։

— Նանի ջան,— ձեն տվին տան տղերքն ու հարսները,— ասա լսենք։

— Տատի ջան, դե ասա էլի, որ մենք էլ իմանանք,— տեղներիցը վեր թռան էրեխեքը` տատի վզովն ընկնելով ու նրա թևն ու փեշը քաշքշելով։

Տատս նստած տեղումը հարմարվեց, մութաքան քաշեց իրեն, քաղցր աչքով մտիկ արեց մեզ, իր շուրջը նստածներին։ Հանդարտ, մարմանդ, խոսքը ծոր տալով ու իր ասած խոսքին ականջ դնելով, սկսեց պատմել։
Последний раз редактировалось Vard 10 апр 2010, 20:42, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:54

ՄԱՀԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Текст:
Լինում ա լի լինում մի գեղացի մարդ ա լինում։ Էս գեղացին տարին տասներկու ամիս արին քրտինք ա թափում, օր ու գիշեր աշխատում, ամա իրա օրումը մի կուշտ փոր հաց կերած չի լինում` դատածը տանող-տանողի ա լինում։ Ինքը սոված, էրեխեքը սոված։

Ձեռները մեկնում ա երկինք, թե.

— Այ աստված, բա մի կուշտ փորով հաց ե՞րբ պետք ա ուտեմ։

Էհ, աստծու շատ պետքն ա՞, թե էդ խեղճ մարդը տանով-տեղով հացի կարոտ ա։

Էս մարդը տեսնում ա, որ ասածներից խեր չկա, ճարը կտրում ա, հարուստի մառանիցը մի շալակ հաց ա գողանում, մտնում մի էրի մեջ, որ մի կուշտ հաց ուտի։ Էն ա բրդուճը տանում ա բերնին, մին էլ, ըհը՛, մի մարդ ա մտնում էրը։ Գեղացին վռազ հացը պահում ա մեջքի ետևը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Բարին վրեդ,— ասում ա գեղացին։

— Բա, էստեղ ի՞նչ բանի ես։ Թե.

— Հեչ, հով տեղ ա, ասի՝ մի քիչ դինջանամ։

— Ուտելու բան-ման կա՞։

— Չէ, ղուրբան, չկա։

— Բա էդ ձեռիդ բրդուճն ի՞նչ ա:

Մարդու սուտը բռնվում ա։

— Ճիշտ ա,— ասում ա,— կա, համա մի կուշտ փոր պետք ա ուտեմ, համ էլ էրեխանցս պետք ա տանեմ։ Քեզ ինչի՞ եմ տալի։

— Հանի մի բրդուճ։

— Չեմ տա։

— Որ ասեմ թե ով եմ՝ կտաս։

— Լավ, հալա մի ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես քու ստեղծող աստվածն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜, աստվա՞ծն ես։ Դու էն չե՞ս, որ հարուստ ու աղքատ ես ստեղծել։ Դու էն չե՞ս, որ հարուստներին օղորմում, աղքատներին իսկի մտիկ չես անում։ Դու էն չե՞ս, որ ինձպեսներին մինչև օրս մի կուշտ փոր հաց չես տվել։ Էկել ես, հերիք չի, հլա զոռ էլ ես բանեցնում, ինձ վախեցնո՞ւմ։ Որ մեռնեմ՝ չեմ տա։

Աստված տեսնում ա, որ էս գեղացին քարից էլ պինդ ա, սրանից մի շան մազ էլ չի կարա պոկի, թողնում ա՝ գնում։

Մարդը նոր շունչ ա քաշում, ուզում ա բրդուճը բերանը տանի, մին էլ, ըհը՛, մի ուրիշը մտավ էրը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Աստծու խերն ու բարին։

— Ճամփորդ եմ,— ասում ա եկվորը,— սարի գելի պես սոված եմ, ուտելու բան-ման կա՞ կշտիդ։

— Կար, համա կերա՝ պրծա։

— Բա էն բրդուճը, որ ձեռքիդ ա՞։

— Հենց էն ա ու էն։

— Սուտ ես ասում, որ իմանաս ո՞վ եմ, կտաս։

— Դե ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես Քրիստոսն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜։ Ես աստվածից չվախեցա, քեզանից պետք ա վախենա՞մ։ Դու, որ լավ, կարգին մարդ լինեիր, քեզ չէին բռնի, չէին խաչի ու չարչարի։ Որ ճամփովն էկար, էն ճամփավն էլ ետ գնա։ Տեղովդ մեկ սուտ ես։ Էնքան բան խոստացար քյասիբ-քյուսուբին, մինն էլա չկատարեցիր։

Քրիստոսը տեսնում ա, որ էս անհավատիցը օգուտ չկա, թողնում ա, գնում։ Էս խեղճ գեղացին սոված, թուքը կուլ տալով, բրդուճը բերանն ա կոխում, մին էլ, ըհը մի ուրիշն էլա գալի։

— Բարի օր։

— Թող բարի լինի, թե որ կարենամ էս մի թիքեն կուլ տամ։ Տո, ձեր տունը քանդվի, դուք, ինչ ա, ոչ խիղճ ունեք, ոչ նամո՞ւս։ Հրես սովիցը մեռնում եմ, գողություն եմ արել, թե ինչ ա կյանքումս մի հետ էլա կուշտ փոր հաց ուտեմ, էս մի թիքեն էլ եք հարամ անում գլխիս։

— Շատ լիզվիդ մի տա,— ասում ա անծանոթը, գիտեմ, որ հաց ունես, տուր։

— Միանգամից ասա տեսնենք ո՞վ ես, ինչի՞ տամ։

— Ինձ Մահ կասեն,— ասում ա անծանոթը։

— Հա, որ դու Մահն ես, ի՞նչ եմ ասել, հիմի որ կտամ։ Դու աստծանից էլ զորավոր ես, Քրիստոսից էլ։ Քեզանից արդարը չկա։ Քու աչքին մեկ են հարուստն ու աղքատը, ջահելն ու պառավը, տեղացին ու էկվորը։ Դու մարդկանց մեջ խտրություն չես դնում։ Առ, ախպեր, թող քեզ հալալ լինի քու բաժինը։ Առ, համեցեք։

— Հացը ինձ պետք չի,— ասում ա Մահը,— ես կուշտ եմ, ես միշտ կուշտ եմ, պատահում ա, որ շատ կերածից տանջվում եմ, ամա ի՞նչ արած, գործիս անունն էդ ա։ Ես ուզում էի քեզ փորձեմ։ Հիմի տեսնում եմ, որ մինչև կյանքիդ վերջը անարատ ու արդար ես մնացել։ Էլ ապրելու ու տանջվելու ուժ չի մնացել ջանումդ։ Հասել ա քու վերջին օրը։ Հիմի ես քեզ կքնացնեմ ու էդպես, առանց մահվան տանջանքի, քաղցր էրազների մեջ ճամփու կգցեմ արքայություն։ Գնա, ախպեր, բարի ճամփա քեզ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:55

ՈՐՍԿԱՆՆ ՈԻ ԿԱՔԱՎԸ

Текст:
Օրվա մի օր որսորդը գնում ա անտառն ու հանդը, որ որս անի, բերի իր տունն ու էրեխանցը կառավարի։ Էնա, որ մտնում ա հանդը, սրան մի կաքավ ա ռաստ գալի։

— Որսկան ախպեր,— ասում ա կաքավյը,— ես գիտեմ, որ դու եթե որս չանես, էրեխեքդ սոված կմնան։ Թե կուզես, հրես, արի ինձ խփի, մենակ թե հանուն քու որդկերանցը, որ ճուտս քեզ պատահի, նրան չխփես։

— Լավ, կաքավ քույրիկ,— ասում ա որսկանը,— բա ես ո՞նց իմանամ, թե քու ճուտը ո՞րն ա։

— Ձեռդ դալար մնա, որսկան ախպեր, բա դու ճանաչ չե՞ս։ Ղշերի միջին իմ ճուտը ամենասիրունն ա, իմ ճուտը, որ ման ա գալի, ոտը ոտի առաջին ա գնում, տեսնողը հայիլ մայիլ ա լինում։ Բա, որ նրա ձենը լսես, խելքդ կգնա, էնքան անուշ, էնքան քաղցր ա կղկղում։

— Լավ,— ասում ա որսկանը,— խոսք եմ տալիս, որ քու ճուտը թվանքիս բերնին չքաշեմ։

Իրիկունը որսկանը, որ տուն ա գալի, կաքաւվն ասում ա.

— Բա, չէ՞ ես քեզ աղաչեցի, որ դու իմ ճուտին չխփես։

— Կաքավ-քույրիկ,— ասում ա որսկանը,— հրես ինքդ մտիկ արա, սա քու ասած սիրուն, հայիլ-մայիլ գալու ճուտը չի։ Սա տեղովը մեկ մոխրագույն ա...

Սաղ գիշերը կաքավը լաց ա լինում։

* * *

— Փառքդ շատ լինի, տեր աստված,— խոր հոգոց քաշեց մեր հարևանի կնիկը, մոր սիրտը սիրտ ա, թեկուզ իսանի սիրտ լինի, թեկուզ թռչունքի։ Մոր սրտի դարդ ու ցավին սարերը չեն դիմանա։ Զավակի վիշտն ու կսկիծը կրակի շապիկ ա մոր հագին։

Էս որ ձեզ կպատմեմ՝ իսկական էլած բան ա։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ