ՀՈՐԻՆՎԱ՜ԾՔ... ԵՐԱ՜Զ...
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կան հուռթ արշալույսներ,
Ու մեղմի՜կ, թուխծամ երեկոներ կան:
Ես հավատում եմ...
Չգիտեմ ինչու դու մի ցերեկ ես ինձ համար դարձել,
Եվ քո հարազատ ու պարզ ջերմությամբ
Հոգիս ես լցրել:
Իսկ ես... շատ տրտում գիշեր եմ ինձ զգում...
Մթածի՜ր զգացում...
Առանց արևի, մութ ծանրաշուքից
Սարսուռ եմ շաղում:
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կա անգութ ժամանակ,
Կա տարածություն,
Անցյալի սահման:
Ես հավատում եմ...
Դու էլ հավատա, թեկուզ մեկ վայրկյան,
Ինչը կլինի նվեր իսկական:
Դե՞…..
…Ամեն անգամ, երբ որ նայում ենք
Մենք դաշնամուրի շատ մոտ, հարազատ ստեղնաշարին,
Տեսնում ենք գողտրիկ այդ հանդիպումը,
Այդ հանդիպումը... գիշեր - ցերեկվա:
Դե, ասա, տեսա՞ր...
Սպիտակ գույնը մասնատել սևը`
Թրթիռ է, կարծես, թանձրահունչ հույզին,
Եվ ձեռքի թեթև քո մի հպումը
Կյանքն է պատկերում գիշեր - ցերեկին:
Գիշերն զգում է, որ ինչ - որ ճեղքվածք
Լուռ ներս է թողել ցերեկվա լույսը...
Ցերեկն էլ հուզված, կարծես, ձայնադարձ,
Մեղեդո՜վ շոյում ծաղկագեղ հույսը:
…Ես քեզ պատմում եմ մի բարի երազ,
Որը անմեղ է, շատ թո՜ւյլ, նվաղկո՜տ,
Թեև լավ գիտեմ` գիշերն արձագանքն
Ցերեկվա լույսի` երազ թևավոր,
Բայց նորից, նորից նույն հարցն եմ տալիս...
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար….
Այս երազի մեջ ես հավատում եմ,
Ու համոզված եմ, որ թեկուզ անցնի,
Հավիտենություն, թեկուզ հարյուր կյանք,
Մեկ է, իմ երազն անմահ կմնա,
Ինչպես անմահ է երաժշտությունը,
Մեղեդի փնջող նուրբ վեհությունը,
Սու՜րբ վեհությունը...
Երբ նորից քեզ մոտ գիշերն է տիրում,
Ինձ մոտ ցերեկն է իր կյանքով ապրում...
Ու թեպետ գիտեմ, որ չեն հանդիպում ցերեկ ու գիշեր,
Բայց սրտիս խորքում ես ինքնագրում եմ,
Որ չհանդիպած այս միացումը
Կապրի՜ չապրված, նորածին հույզեր:
Ու հաստատ գիտեմ,
Որ եթե հանկարծ դու անհետանաս...
(Աստվա՜ծ իմ...
Չեմ ուզում, որ դառնաս երազ...)
Ես կկորցնեմ նորից ինքս ինձ,
Չէ որ դու ես եմ ,
Մի կորցնի ինձ:
Ու ես չգիտեմ, սա էությո ՞ւնն է,
Թե՞ իմ կողմից մի երազ հորինված …
Սա ծաղկափթիթ ի ՛մ իսկությունն է,
Որտեղ որ դու կաս այսքան հարազատ:
Հորինվա՜ծք... երա՜զ...
Ու եթե հանկարծ,
Չսնես քեզնով իմ այս երազը,
Ես կամա ՜ց - կամա ՜ց - կամա ՜ց կհալվեմ...
Գիտե՞ս, ասում են ամեն ինչ մեռնում,
Լոկ ժամանակն է հավերժում ճախրում,
Բայց երբ դու չկաս, իմ ժամանակը
Ինձ հետ միասին մարում է, հանգչում,
Ու էլ չի շնչում...
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կան հուռթ արշալույսներ,
Ու մեղմիկ, թուխծամ երեկոներ կան:
Ես հավատում եմ...
Ու ամեն գիշեր, երբ ես նայում եմ
Աստղերով լեցուն մութ այս անհունին,
Տեսնում եմ իմ մեջ
( դե, ես գիշերն եմ )
Որ երկինքը մութ լուսավորված է
Քո ցայլկտումով` լուսնի վերածված ,
Տեղ - տեղ մասնատված քո ապրումները
Աստղիկներ դարձրած:
Տես, ես ժպտո՜ւմ եմ...
Հանգստանո՜ւմ եմ,
Խաղաղվո՜ւմ հանկարծ,
Զգալով շունչդ զեփյուռից կախված...
Ու մոլորվում եմ իմ խենթ երազում,
Որտեղ ես գիշեր,
Իսկ դու լուսին ես ու չքնաղ աստղեր:
Ու նորից, նորից ես հավատում եմ
Սուրբ հանդիպմանը գիշեր- ցերեկվա:
Մենք շղթայված ենք իրար այսուհետ,
Ինչպես գիշերն է իր լույսերի հետ
Բոցկլտացող հույս անվերջ տարածում
Երկնքի մթնած երկնակամարում,
Այնպես այս շղթան արքայավայել իր գործն է անում`
Երկու մոտ հոգի
Մաս առ մաս հավերժ իրար միացնում`
Մի երանությո՜ւն.......
Այդ շղթան հիմա կայծեր է ցայում,
Ամոքելով այն ճեղքվածքը հոգուս,
Որ լուռ ներս թողեց ցերեկվա լույսը,
Ուր գիշերում է ցերեկվա հույսը:
Ու վախենում եմ նորից արթնանալ,
Կորցնել հանկարծ այս ցգացումը...
Որ եթե հանկարծ դու մի օր չգաս,
Ես կմեռնեմ լուռ,
Արդեն մեռնում եմ, երբ չկա մի լուր...
Ու գիտե՞ս...
Եթե դու չես հավատում,
Ես զարմանում եմ...
Թե՞ հավատում ես...
Երբ իմ գիշերն ես այցելում արդեն
Դարեր շարունակ,
Դառնալով լուսին, նազագեղ աստղեր,
Պահապա՜ն հրեշտակ,
Ես քո ցերեկն եմ այցելում:
Գիտե՞ս:
Չէ, դու մի կարծիր, թե կատակում եմ:
Նայիր ստվերիդ….
Քո կիսաթափանց, հալուն ցերեկում
Քեզ հետևո՜ւմ եմ:
Քո այդ ցերեկում ես էլ եմ ապրում,
Քո ստվերն եմ ես,
Իմ լինելության թարմ վկայություն...
Ուզե՜ս, թե չուզե՜ս...
Երբ դու տեսնում ես ծորածո ստվերդ,
Խոսիր նրա հետ,
Ու լավ իմացիր...
Ես քեզ լսո՜ւմ եմ...
Ու եթե մի օր հանկարծ չխոսես,
Ես լո՜ւռ կմեռնեմ:
2009
© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞