Մի օր օվկիանոսի ափին
Անխոս նայում եմ հայելուն Աստծո և, թվում է, կռահում եմ գաղտնիքները կյանքի:
Հաճախ սկսում է գլուխս ցավել, երբ չեմ կարողանում տնտղել ինձ բաժին ընկած հանելուկային իրականությունը և գտնել չարիքի մեջ թաքնված բարիքը:
Կանգնել ու անխոս նայում եմ և մի պահ կարծում, թե տեսնում եմ կյանքի մնացած կեսը` հայելուց այն կողմ թաքնված…
Կարծում եմ…Եվ մի պահ նմանվում այն խեղճ գիտնականին, ով իր ողջ կյանքում փորձում է գտնել ատոմների ճշգրիտ միացման ռեակցիան…
Իսկ կյանքն անցնում է` կիսատ մնալով հայելուց այն կողմ:
Մատներս դառնում են մի տեսակ հիվանդ և կոլիբրի թռչնի թևեր դարձած` ջրի մեջ անհանգիստ փնտրում երկնքից ընկած պատահականությունները, որոնք այնքան կիսատ են, որ օրվա վերջում դառնում են հստակ նախադասություն. կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում…
Պառկում եմ Նրա հայելու կողքին ու սպիտակ ամպերին հետևելով` պատահականություններին սպասում, որ հավատալով, թե կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում` հավատամ նաև, որ գիտեմ Կյանք կոչվող փողոցով ճիշտ երթևեկելու կանոնները բոլոր:
Կյանքում պատահականություններ չեն լինում… Կրկնում են երազանքներս` աչքերիս կողքով անցնելիս:
Հաճախ աչքերս մրմռում են, երբ օվկիանոսը գոլորշացած կուտակվում է զգայարաններիս մեջ կծկված: Աչքերս մրմռում են, իսկ աշխարհը ծածկվում թափանցիկ ու լպրծուն շղարշով…
Աչքերս սկսում են փակվել, երբ սպիտակ ամպերը կորչում են երկնքի խորքում, և լռում է իրականությունը նորից:
Ալիքների մեջ նստում ու նայում եմ երկնքին. գուցե ՆԱ իրեն հայելու մեջ նայելիս` կտեսնի նաև ինձ`մեղավորիս…
Կժպտամ նրան ու վերջապես կասեմ` կարոտել եմ: Այո, կժպտամ ու կասեմ…
Կժպտամ…
Կարոտում եմ` կասեմ:
Քունս տանում է, երբ աչքերս սառչում են երկնքի վրա անշարժ:
Արևի դեղին սկավառակը հայելուց այն կողմ դառնում է սպիտակ ու վառում փակ աչքերս: Տհաճ շոգից մարմինս շուռումուռ է գալիս թաց ավազի վրա: Ալարկոտ սողում եմ կապույտ հովանոցի տակ: Անհավես բացում եմ աչքերս և նորից փորձում գտնել այն բառերը, որոնք պիտի վերջապես կարողանան արտահայտել հուզմունքից տեղ-տեղ կարմրած աչքերիս վրա գրված նախադասությունը, բայց նորից լռություն են շշնջում շուրթերս, և հասկանում եմ պատճառը բառերի պակասի. հայելուց այն կողմ բառեր չկան, լռությունն է խոսում, միայն լռությունը…
Կողքիս նստած սպիտակ ճայը մրթմրթում է քթի տակ, թե ինչ ես նստել ու փիլիսոփայում, մտածիր` ինչպես ձուկ բռնես, որ չկորես այս աշխարհում: Կտուցը լայն բացում ու մի լավ հռհռալով վրաս` թռչում է, գնում…
Իսկ ես մտածում եմ. տեսնես այսօր երբ է արթնանալու ՆԱ, որ մոտենա հայելուն ու մազերը շտկելով` վերջապես տեսնի ինձ…
Իսկ ես կժպտամ ու կասեմ, թե որքան եմ կարոտում իրեն …
Բայց արևի սկավառակը կամաց-կամաց սահում է անխոս երկնքից ու փորձում անհոգ գլորվել հայելուց այն կողմ:
Շունչս կտրվում է, երբ անհուսությունից ցատկում եմ կապույտ հովանոցի տակից ու ափով վազում մեկ այս կողմ, մեկ` այն` փորձելով ոտնահետքերս դաջել հայելու կողքին, որ երբ առավոտյան Աստված իրեն հայելու մեջ նայի, տեսնի ոտնահետքերս և հասկանա, որ եկել էի իրեն տեսակցելու և հասկանա նաև, թե որքան եմ կարոտում իրեն…
Շունչս կտրվում է…
Ավտոմեքենայի պատուհանից թաց աչքերով նայում եմ կատաղի ալիքներին, որոնք անխղճորեն մաքրում են ոտնահետքերս թաց ավազի վրայից:
Դանդաղ սկսում է թորվել օվկիանոսը իմ միջով և մտածում եմ, թե արդյո՞ք պատահականություն է, որ արցունքներն աղի են ինչպես ջուրն օվկիանոսի…
Լռում եմ, լռում, և քանի դեռ լռելու եմ այսպես, ամեն օր պիտի այցելեմ հայելուն Աստծո, գուցե մի օր իր մազերը շտկելիս կտեսնի ինձ ու ժպտալով, որպես սկիզբ, նրան կլռեմ թաց աչքերով:
Գիտես` կարոտում եմ ես քեզ…
Աչքերս` տրոփյունից հիվանդ, փակվում են անկողնուս մեջ` լռության մեջ կախված…