ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ ԵՎ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Վերցնում եմ բառերը`
իբրև կափարիչներ լռության, և լսում ձա՜յնը
Անհունի:
Ինձ շրջանցելով` ես շրջանցում եմ հեռուն
տիեզերքի: Ես բա՞ռն եմ,
թե՞ ոգին Անհայտի: Գուցե իմ մեջ
հասունանո՞ւմ է հորիզոնը,
ինչպես միրգ: Տարեցտարի
հասնո՞ւմ եմ ոգուն տարածության,
թե՞ ինքս եմ դառնում բառ, խաչքար, ճանապարհ,
դառնում անհայտ մի բան. առեղծվածի
շնչառություն, տողի համբերություն, երազանքի
ափ, հիշողության մեխ, որով ամրացվո՜ւմ են
ավանդները: Ինքս ինձանից
կորզում եմ մի բառ, որ ասպարե՜զն է ոգու
որտեղ կեղևաթափվում է պատկերը, ձայնը
դառնում արմատ, հայացքը` ինքնահաղթահարմա՜ն
դուռ...
Այսպես շարունակ և` առաջի՜ն անգամ...
Անճանապարհ հեռուներում
գլորվո՜ւմ է դեռ
կափարիչը լռության...